Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ Պողոս առաքյալը քրիստոնյա կնոջ վերաբերյալ գրեց. «Որդեծնությամբ նա պաշտպանված կլինի» (Ա Տիմոթէոս 2։15, ՆԱ)։
Ինչպե՞ս է համատեքստն օգնում հասկանալ Պողոսի այս խոսքերի իմաստը։ Աստծու ներշնչմամբ առաքյալը խորհուրդ է տալիս ժողովում քրիստոնյա կնոջ դերի վերաբերյալ։ Նա գրում է. «[Կամենում եմ, որ] կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով [«համեստությամբ», ՆԱ] եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով» (Ա Տիմոթէոս 2։9, 10)։ Պողոսը իր քրիստոնյա քույրերին քաջալերում է համեստություն ցուցաբերել, արդուզարդի ընտրության հարցում հավասարակշռված լինել ու ‘զարդարվել’ բարի գործերով։
Ապա առաքյալը բացատրում է ժողովում գործող գլխավորության սկզբունքը. «Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ» (Ա Տիմոթէոս 2։12; Ա Կորնթացիս 11։3)։ Նա հիմնավորում է այս սկզբունքը՝ ասելով, որ ոչ թե Ադամը խաբվեց Սատանայի կողմից, այլ Եվան «խաբուելով մեղք գործեց»։ Ինչպե՞ս կարող էր քրիստոնյա կինը խուսափել Եվայի սխալը կրկնելուց։ Պողոսը պատասխանում է. «Սակայն որդեծնությամբ նա պաշտպանված կլինի, եթե հարատևի հավատի, սիրո և սրբության մեջ՝ ողջամտության հետ մեկտեղ» (Ա Տիմոթէոս 2։14, 15 ՆԱ)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը։
Որոշ թարգմանություններ այնպիսի միտք են հաղորդում, թե կնոջ փրկությունը կախված է երեխա ունենալուց։ Օրինակ՝ Արևմտահայերեն Աստվածաշնչում գրված է. «Պիտի փրկուի [կինը] որդեծնութեամբ»։ Սակայն Պողոսի այս խոսքերի նման թարգմանությունը ճշգրիտ չէ։ Աստվածաշնչի շատ համարներից երևում է, որ փրկվելու համար մարդ պետք է ճանաչի Եհովային, ընդունի Հիսուսին, հավատ ունենա և այն դրսևորի գործերով (Յովհաննէս 17։3; Գործք 16։30, 31; Հռովմայեցիս 10։10; Յակոբոս 2։26)։ Պողոսը նկատի չուներ նաև, թե հավատացյալ կնոջը ապահով ծննդաբերություն է երաշխավորված։ Կանայք բարեհաջող ծննդաբերում են՝ անկախ այն բանից՝ հավատացյալ են, թե ոչ։ Եվ ցավոք, ոմանք երեխա ունենալիս մահանում են՝ լինեն հավատացյալ, թե ոչ (Ծննդոց 35։16–18)։
Այս խոսքերի իմաստը պարզ է դառնում նույն նամակի հաջորդ մասերում գրված այն խորհուրդների օգնությամբ, որոնք Պողոսը տվել է կանանց վերաբերյալ։ Առաքյալը նախազգուշացնում է որոշ երիտասարդ այրի կանանց մասին, որոնք «անգործութեան են վարժւում՝ շրջելով տնից տուն. եւ ոչ միայն դատարկապորտներ են, այլեւ շատախօս [«բամբասող», ԱՆԹ] եւ աւելորդ հետաքրքրասէր. եւ խօսում են բաներ, որ պէտք չէ խօսել»։ Ի՞նչ է խորհուրդ տալիս Պողոսը։ Նա ասում է. «Կամենում եմ որ մատղաշ որբեւայրիներն ամուսնանան, որդիք ծնեն, տնաշէն լինեն [«տուն պահեն», ԱՆԹ]. եւ հակառակողին ոչ մի պատճառ չ’տան հայհոյանք անելու» (Ա Տիմոթէոս 5։13 ԷԹ, 14)։
Պողոսի խոսքերում շեշտվում է կնոջ դրական դերը ընտանեկան կառույցում։ Զբաղված լինելով այնպիսի գործերով, ինչպիսիք են զավակներ ունենալը և տան մասին հոգ տանելը՝ այն կինը, որը շարունակում է «պարկեշտութիւնով [կենալ] հաւատքի եւ սիրոյ ու սրբութեան մէջ», չի ձգտի անել այնպիսի բաներ, որոնք կերտիչ չեն։ Նրա հոգևոր վիճակը պահպանված, կամ՝ «պաշտպանված» կլինի (Ա Տիմոթէոս 2։15, ՆԱ)։ Այս կերպ վարվելով՝ շատ կանայք կխուսափեն Սատանայի ծուղակն ընկնելուց։
Պողոսի այս խոսքերը, որ ուղղված են Տիմոթեոսին, հիշեցնում են բոլորիս՝ կին թե տղամարդ, արդյունավետ կերպով օգտագործել մեր ժամանակը։ Աստծու Խոսքը խորհուրդ է տալիս բոլոր քրիստոնյաներին. «Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. ոչ թէ ինչպէս անխելքներ, այլ ինչպէս իմաստուններ» (Եփեսացիս 5։15, 16ա)։