Կենսագրություն
Տկար եմ, բայց զորավոր
Պատմում է Լեոպոլդ Էնգլայտները
Էսէսական սպան հանեց ատրճանակը, պահեց գլխիս ու հարցրեց. «Պատրա՞ստ ես մեռնելու։ Հիմա կկրակեմ, որովհետև քեզանից բան դուրս չի գալիս»։ Ջանալով թաքցնել հուզմունքս՝ պատասխանեցի. «Պատրաստ եմ»։ Ես հավաքեցի ողջ ուժերս, փակեցի աչքերս ու սպասեցի, որ նա ձգանը քաշի։ Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ։ «Դու այնքան հիմար ես, որ արժանի չես անգամ մեռնելու»,— բղավեց նա՝ զենքը հեռացնելով քունքիցս։ Ինչպե՞ս էի հայտնվել այդպիսի վտանգավոր վիճակում։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1905 թ. հուլիսի 23–ին ավստրիական Ալպերում ծվարած Այգեն Ֆոգլհուբ քաղաքում։ Հայրս աշխատում էր փայտասղոցման գործարանում, իսկ մայրս տեղացի ագարակատերերից մեկի դուստրն էր։ Ես նրանց ավագ որդին էի։ Ծնողներս աղքատ, բայց աշխատասեր մարդիկ էին։ Մանկությունս անցել է Զալցբուրգի մոտ գտնվող Բադ Իշլ քաղաքում՝ գեղատեսիլ լճերի ու հոգեպարար լեռնագագաթների հարևանությամբ։
Երեխա ժամանակ հաճախ էի մտածում կյանքում եղած անարդարությունների մասին։ Պատճառը միայն մեր ընտանիքի աղքատությունը չէր. ծնված օրվանից ողնաշարս ծուռ էր։ Մեջքի ցավից գրեթե չէի կարողանում ուղիղ կանգնել։ Դպրոցում ինձ արգելում էին ֆիզկուլտուրայի դասերին մասնակցել։ Այդ իսկ պատճառով համադասարանցիներս ծաղրում էին ինձ։
Առաջին համաշխարհային պատերազմի վերջում, երբ նոր էր լրացել տասնչորսս, որոշեցի, որ ժամանակն է աշխատանք փնտրել աղքատությանը վերջ տալու համար։ Քաղցածության տանջալից զգացումը մշտապես ուղեկցում էր ինձ։ Օրգանիզմս հյուծված էր, քանի որ ժամանակ առ ժամանակ բարձր ջերմություն էի ունենում «իսպանկա» հիվանդության պատճառով, որը միլիոնավոր մարդկանց ուղարկեց գերեզման։ «Ի՞նչ գործ կարող է անել քեզ նման վտիտը». ահա այսպես էին հիմնականում ինձ պատասխանում ագարակատերերը, երբ աշխատանքի հարցով նրանց էի դիմում։ Բայց մի բարի ագարակատեր վարձեց ինձ։
Ոգեշնչված եմ Աստծու սիրուց
Չնայած մայրս ջերմեռանդ կաթոլիկ էր, հազվադեպ էի գնում եկեղեցի, հիմնականում այն պատճառով, որ հայրս ազատախոհ էր կրոնի հարցում։ Մյուս կողմից՝ ինձ հուզում էր պատկերներ պաշտելու հարցը, իսկ այդ սովորությունը շատ տարածված էր Հռոմի կաթոլիկ եկեղեցում։
1931 թ. հոկտեմբերյան մի օր ընկերս առաջարկեց, որ միասին գնանք մի կրոնական հանդիպման, որը անց էր կացվելու Աստվածաշունչ ուսումնասիրողների կողմից (այն ժամանակ Եհովայի վկաները հայտնի էին այդ անունով)։ Այնտեղ ես ստացա աստվածաշնչային պատասխաններ այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ պատկեր պաշտելը հաճելի՞ է Աստծուն (Ելից 20։4, 5), գոյություն ունե՞ն դժոխքի կրակները (Ժողովող 9։5), մահացածները հարություն կառնե՞ն (Յովհաննէս 5։28, 29)։
Ինձ ամենաշատը տպավորեց այն, որ Աստված հավանություն չի տալիս մարդկանց արյունահեղ պատերազմներին, նույնիսկ եթե նրանց հավաստիացնում են, թե դրանք տեղի են ունենում հանուն Աստծու։ Իմացա, որ «Աստուած սէր է», և որ նա մի վեհ անուն ունի՝ Եհովա (Ա Յովհաննէս 4։8; Սաղմոս 83։18)։ Անչափ ոգեշնչված էի՝ լսելով, որ Եհովայի Թագավորության շնորհիվ մարդիկ կկարողանան երջանիկ կյանքով հավիտյան ապրել համերկրային դրախտում։ Նաև իմացա, որ որոշ անկատար մարդկանց համար կա չքնաղ հնարավորություն՝ Աստծու կողմից կանչվելու և նրա երկնային Թագավորությունում Քրիստոսի հետ բաժին ունենալու։ Պատրաստ էի ամեն ինչ տալ հանուն Թագավորության։ Ուստի 1932 թ. մայիս ամսին մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։ Այդ քայլն անելու համար քաջություն էր հարկավոր, քանի որ այն ժամանակվա կաթոլիկական Ավստրիայում կրոնական անհանդուրժողականություն էր տիրում։
Արհամարհանք և հակառակություն
Ծնողներս սարսափով ընդունեցին եկեղեցուց իմ հեռանալու լուրը, իսկ քահանան չհապաղեց այդ մասին հայտարարել եկեղեցու բեմից։ Հարևանները ինձ հանդիպելիս թքում էին գետնին, որպեսզի ցույց տային իրենց արհամարհանքը իմ նկատմամբ։ Այնուամենայնիվ, ես վճռել էի մտնել լիաժամ ծառայողների շարքերը, և 1934 թ. հունվարից ռահվիրայություն սկսեցի։
Քաղաքական իրադրությունը գնալով սրվում էր, քանի որ նացիստական կուսակցության ազդեցությունը մեր նահանգում ավելի ու ավելի էր ուժեղանում։ Ես ռահվիրայություն էի անում Էնս գետի հովտում (Շտիրիա նահանգ)։ Ոստիկանությունը կրնկակոխ հետապնդում էր ինձ, ու ես ստիպված էի օձի պես զգույշ լինել (Մատթէոս 10։16)։ 1934–1938թթ.-ին հետապնդումները իմ առօրյայի անբաժան մասն էին կազմում։ Թեև գործազուրկ էի, ինձ մերժեցին գործազրկության նպաստ տալ։ Բացի այդ, քարոզչական գործունեության պատճառով մի քանի անգամ դատապարտվեցի կարճաժամկետ, իսկ չորս անգամ համեմատաբար երկարատև բանտարկության։
Հիտլերյան զորքերը օկուպացնում են Ավստրիան
1938 թ. մարտին Հիտլերի զորքերը մտան Ավստրիա։ Ընդամենը մի քանի օրվա մեջ ավելի քան 90 000 մարդ՝ չափահաս բնակչության մոտ երկու տոկոսը, ձերբակալվեց և ուղարկվեց բանտեր ու համակենտրոնացման ճամբարներ. նրանք մեղադրվում էին նացիստական վարչակարգին ընդդիմանալու մեջ։ Եհովայի վկաները որոշ չափով պատրաստ էին գալիք փորձություններին։ 1937 թ. ամռանը իմ առաջին ժողովի անդամներից մի քանիսը հեծանիվով 350 կիլոմետր ճանապարհ էին անցել մինչև Պրահա, որպեսզի մասնակցեին միջազգային համաժողովի։ Այնտեղ նրանք տեղեկացել էին այն գազանությունների մասին, որոնց ենթարկվում էին մեր հավատակիցները Գերմանիայում։ Պարզ էր, որ այժմ հերթը մերն է։
Այն օրվանից, երբ հիտլերյան զորքերը ոտք դրեցին Ավստրիա, Եհովայի վկաների հանդիպումներն ու քարոզչական գործունեությունը անցան ընդհատակ։ Թեպետ աստվածաշնչային գրականությունը գաղտնի անցկացվում էր շվեյցարական սահմանով, այնուամենայնիվ չէր բավականացնում բոլորին։ Այդ իսկ պատճառով Վիեննայի մեր հավատակիցները գաղտնի գրականություն էին տպագրում։ Իմ միջոցով հաճախ են գրականությունը փոխանցել Վկաներին։
Ընկնում եմ համակենտրոնացման ճամբար
1939 թ. ապրիլի 4–ին, երբ Բադ Իշլում նշում էինք Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն, գեստապոն ձերբակալեց ինձ ու երեք ուրիշ քրիստոնյաների։ Մեզ բոլորիս ավտոմեքենայով տարան ոստիկանության գլխավոր վարչություն, որը գտնվում էր Լինցում։ Առաջին անգամ էի մեքենա նստում, բայց այնքան անհանգստացած էի, որ հաճույք չստացա դրանից։ Լինցում մի քանի անգամ տանջալից հարցաքննությունների ենթարկվեցի, բայց հավատս չուրացա։ Հինգ ամիս անց ինձ տարան Վերին Ավստրիա՝ հետաքննող դատավորի մոտ։ Քրեական հետապնդումներն անսպասելիորեն դադարեցվեցին։ Սակայն դրանով ծանր փորձություններս չավարտվեցին։ Այդ ընթացքում իմ երեք հավատակիցներին ուղարկեցին համակենտրոնացման ճամբար, որտեղ նրանք մահացան՝ մինչև վերջ պահելով իրենց հավատարմությունը։
Ես կալանքի տակ էի։ 1939 թ. հոկտեմբերի 5–ին ինձ ասացին, որ տանելու են Գերմանիայում գտնվող Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար։ Լինցի երկաթուղային կայարանում մեզ՝ բանտարկյալներիս, հատուկ գնացք էր սպասում։ Վագոններում երկտեղանոց խցեր էին պատրաստված։ Իմ խցակիցը ոչ այլ ոք էր, եթե ոչ Վերին Ավստրիայի նախկին ղեկավարը՝ դոկտոր Հայնրիխ Գլայսները։
Իմ ու դոկտոր Գլայսների միջև հետաքրքիր զրույց սկսվեց։ Նա անկեղծորեն հարցուփորձ արեց իմ կացության մասին և վշտացավ՝ իմանալով, որ նույնիսկ իր պաշտոնավարության ընթացքում Եհովայի վկաները իր նահանգում անհամար իրավական խնդիրներ են ունեցել։ Նա ափսոսանքով ասաց. «Պարո՛ն Էնգլայտներ, ես չեմ կարող ուղղել սխալը, բայց ցանկանում եմ ներողություն խնդրել։ Երևում է, որ մեր իշխանությունները մեղավոր էին արդարադատություն չիրականացնելու մեջ։ Եթե երբևէ օգնության կարիք զգաք, ես ավելի քան պատրաստ կլինեմ անելու հնարավոր ամեն ինչ»։ Մեր ճանապարհները դարձյալ հատվեցին պատերազմից հետո։ Նա օգնեց ինձ ստանալու նացիզմի զոհերի համար նախատեսված պետական թոշակը։
«Ես կսպանեմ քեզ»
Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար հասա 1939 թ. հոկտեմբերի 9–ին։ Շուտով բունկերի ծառայողը տեղեկացավ, որ նորեկների մեջ կա Եհովայի վկա, ու ես դարձա նրա թիրախը։ Նա անխղճորեն ծեծեց ինձ։ Հետո, հասկանալով, որ չի կարող ստիպել ինձ հրաժարվել հավատիցս, ասաց. «Ես կսպանեմ քեզ, Էնգլա՛յտներ։ Բայց նախքան դա թույլ եմ տալիս հրաժեշտի բացիկ ուղարկել ծնողներիդ»։ Ես մտածեցի, թե մխիթարանքի ինչ խոսքեր գրեմ հորս ու մորս, բայց ամեն անգամ, երբ գրիչը դնում էի թղթին, սպան խփում էր աջ արմունկիս, ու բառերը ծուռումուռ էին ստացվում։ Ապա նա ծաղրանքով վրա բերեց. «Հիմարի մեկը։ Չի կարողանում նույնիսկ երկու տող ուղիղ գրել, բայց Աստվածաշունչ է կարդում»։
Հետո սպան հանեց ատրճանակը, պահեց գլխիս ու ձևացրեց, թե քաշում է ձգանը, ինչպես որ պատմեցի սկզբում։ Այնուհետև նա գցեց ինձ մարդկանցով լեփ–լեցուն մի փոքրիկ բանտախուց։ Գիշերը կանգնած պետք է անցկացնեի։ Բայց եթե պառկելու հնարավորություն էլ ունենայի, միևնույն է, չէի կարող քնել, որովհետև ամբողջ մարմինս նվում էր։ «Քեզ պե՞տք է, որ մի հիմար կրոնի պատճառով մեռնես». սա էր այն միակ «մխիթարությունը», որ բանտակիցներս տալիս էին ինձ։ Դոկտոր Գլայսները կողքի խցում էր։ Նա իմացավ տեղի ունեցածի մասին և մտախոհ ասաց. «Քրիստոնյաների հալածանքը դարձյալ բարձրացնում է իր այլանդակ գլուխը»։
1940 թ. ամռանը բոլոր բանտարկյալներին կարգադրվեց կիրակի օրերին աշխատել քարհանքում (կիրակի օրը սովորաբար չէինք աշխատում)։ Այդ հրամանը պատժիչ միջոց էր մի քանի բանտարկյալների կատարած «հանցանքների» համար։ Մենք պետք է մեծ քարեր տանեինք հանքից ճամբար։ Երկու բանտարկյալներ մի կերպ մեջքիս մի հսկայական քար դրեցին, և ես ուր որ է ծանրության տակ տապալվելու էի։ Բայց Արտուր Ռյոդլը՝ սարսափազդու «լագերֆյուրերը» (ճամբարի պետը) անսպասելիորեն օգնության հասավ։ Տեսնելով, թե ինչպես եմ տառապում ծանրության տակ՝ նա ասաց. «Այդ քարը մեջքիդ՝ ճամբար չե՛ս հասնի։ Իսկույն գցի՛ր»։ Մեծ ուրախությամբ հնազանդվեցի այդ հրամանին։ Ռյոդլը մատնացույց արեց շատ ավելի փոքր քարի ու ասաց. «Վերցրո՛ւ այդ մեկը ու տա՛ր ճամբար։ Դա ավելի թեթև է»։ Ապա մեր հսկիչին կարգադրեց. «Թող Աստվածաշունչ ուսումնասիրողները վերադառնան բարաքները։ Մեկ օրվա համար նրանք արդեն բավական աշխատել են»։
Յուրաքանչյուր օրվա վերջում ես մեծ ուրախությամբ շփվում էի իմ հոգևոր ընտանիքի անդամների հետ։ Մենք որոշակի միջոցներ էինք ձեռնարկել հոգևոր սնունդը կարգավորված ձևով բաժանելու համար։ Եղբայրներից մեկը թղթի կտորի վրա գրում էր մի սուրբգրային խոսք ու այն փոխանցում մյուսներին։ Բացի այդ, մեզ հաջողվել էր գաղտնի ձևով Աստվածաշունչ անցկացնել ճամբար։ Այն բաժանել էինք առանձին մասերի՝ ըստ գրքերի։ Երեք ամիս ինձ վստահվել էր «Հոբ» գիրքը։ Ես այն պահում էի գուլպաներիս մեջ։ Այդ գիրքը օգնեց ինձ անսասան մնալ։
1941 թ. մարտի 7–ին ինձ մի մեծ պահակախմբի հետ տեղափոխեցին Նիդերհագենի համակենտրոնացման ճամբար։ Օրեցօր վիճակս վատանում էր։ Մի օր երկու եղբոր և ինձ հանձնարարեցին գործիքներ հավաքել արկղի մեջ։ Գործն ավարտեցինք ու բանտարկյալների մի խմբի հետ վերադարձանք բարաքներ։ Էսէսականներից մեկը նկատեց, որ ետ եմ ընկնում, ու այնպես կատաղեց, որ դաժանորեն, առանց նախազգուշացնելու, ետևից աքացի տվեց՝ լուրջ վնասվածք հասցնելով ինձ։ Ցավն ուղղակի անտանելի էր։ Չնայած դրան՝ հաջորդ օրը աշխատանքի դուրս եկա։
Անսպասելի ազատում
1943 թ. ապրիլին Նիդերհագենի ճամբարը էվակուացվեց։ Ինձ տարան Ռավենսբրյուկի մահվան ճամբար։ Սակայն 1943 թ. հունիսին ինձ անսպասելի հնարավորություն ընձեռվեց համակենտրոնացման ճամբարից ազատ արձակվելու։ Բայց այս անգամ հավատից հրաժարվելու պայման չդրվեց իմ առջև։ Ընդամենը պետք է համաձայնվեի կյանքիս մնացած մասը հարկադիր աշխատանք կատարել ագարակում։ Ես պատրաստ էի դրան, որովհետև այդպես կարող էի խուսափել ճամբարի սարսափներից։ Գնացի ճամբարի բժշկի մոտ, որպեսզի վերջնական ստուգում անցնեմ։ Բժիշկը զարմացավ՝ ինձ տեսնելով։ «Դու դեռ Եհովայի վկա՜ ես»,— բացականչեց նա։ «Ճիշտ այդպես, պարո՛ն բժիշկ»,— պատասխանեցի ես։ «Այդ դեպքում ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է քեզ ազատենք։ Բայց, մյուս կողմից, վատ չէր լինի ազատվել քեզ նման ողորմելիից»։
Նրա խոսքերը չափազանցություն չէին։ Առողջությունս իսկապես ողորմելի վիճակում էր։ Մաշկս մասամբ կերել էին ոջիլները, ծեծերի պատճառով մի ականջս խլացել էր, ամբողջ մարմինս ծածկված էր թարախակալված վերքերով։ 46–ամսյա զրկանքներից, անվերջ սովահարությունից և հարկադիր աշխատանքներից հետո ես կշռում էի ընդամենը 28 կիլոգրամ։ Այսպիսի վիճակում 1943 թ. հուլիսի 15–ին ազատ արձակվեցի Ռավենսբրյուկի ճամբարից։
Ինձ գնացքով ուղարկեցին իմ հայրենի քաղաք՝ առանց զինվորական ուղեկցության։ Լինցում ներկայացա գեստապոյի գլխավոր վարչություն։ Գեստապոյական սպան տվեց իմ արձակման փաստաթղթերը ու նախազգուշացրեց. «Եթե կարծում ես, թե մենք քեզ ազատ ենք արձակում, որ շարունակես ընդհատակյա գործունեությունդ, ապա չարաչար սխալվում ես։ Տե՛ս, եթե քարոզելիս բռնենք, այն ժամանակ թող Աստված քեզ ազատի մեր ձեռքից»։
Վերջապես տա՛նն էի։ Մայրս իմ սենյակում ընդհանրապես ոչ մի փոփոխություն չէր արել այն բանից հետո, երբ 1939 թ. ապրիլի 4–ին առաջին անգամ ձերբակալվել էի։ Նույնիսկ Աստվածաշունչս բաց դրված էր անկողնուս կողքի սեղանին։ Ես ծնկի իջա ու սրտանց շնորհակալական աղոթք արեցի։
Շուտով ինձ ուղարկեցին աշխատելու լեռներում գտնվող մի ագարակում։ Ագարակատերը, որ մանկությանս ընկերն էր, նույնիսկ մի քիչ աշխատավարձ էր տալիս, թեև պարտավոր չէր։ Պատերազմից առաջ նա ինձ թույլ էր տվել աստվածաշնչային որոշ գրականություն թաքցնել իր տարածքում։ Անչափ ուրախ էի օգտվել գրականության այդ փոքրիկ պահեստից ու հոգևորապես զորանալ։ Իմ բոլոր կարիքները բավարարված էին, ու ես որոշեցի, որ ագարակում կմնամ մինչև պատերազմի ավարտը։
Թաքնվում եմ լեռներում
Ազատության այդ հանդարտ օրերը, սակայն, երկար չտևեցին։ 1943 թ. օգոստոսի կեսերին ինձ հրամայեցին ներկայանալ ռազմական բժշկին՝ ստուգումներ անցնելու համար։ Սկզբում բժիշկը հայտարարեց, որ ես հիվանդ մեջքիս պատճառով պիտանի չեմ զինվորական ծառայության կատարելու։ Բայց մեկ շաբաթ հետո նա վերանայեց իր եզրակացությունը ու գրեց. «Պիտանի է ռազմաճակատում զինվորական ծառայության համար»։ Որոշ ժամանակ զինվորականները կորցրեցին իմ հետքերը, բայց 1945 թ. ապրիլի 17–ին՝ պատերազմի ավարտից կարճ ժամանակ առաջ, կարողացան ինձ բռնել։ Ինձ պետք է ուղարկեին ռազմաճակատի գիծ։
Վերցնելով քիչ քանակությամբ սնունդ և հագուստ, ինչպես նաև Աստվածաշունչ՝ ես փախա մոտակա լեռները։ Սկզբում հնարավոր էր քնել բաց երկնքի տակ, բայց հետո եղանակը վատացավ, ու կես մետր ձյուն եկավ։ Մինչև ոսկորներս թրջվեցի։ Ես հասա մի տնակի, որը ծովի մակերևույթից բարձր էր մոտ 1 200 մետր։ Սարսռալով կրակ վառեցի կրակարանում. այժմ հնարավորություն ունեի տաքանալ ու շորերս չորացնել։ Ուժասպառ՝ պառկեցի կրակի դիմաց դրված նստարանին ու քնեցի։ Բայց կարճ ժամանակ անց ուժգին ցավից վեր թռա։ Ես կրակով էի բռնվել։ Սկսեցի գլորվել հատակին՝ կրակը հանգցնելու համար։ Մեջքս ամբողջությամբ պատվել էր այտուցներով։
Մեծ ռիսկի դիմելով՝ նախքան լուսաբացը գաղտագողի իջա լեռնային ագարակը, բայց ագարակատիրոջ կինն այնքան վախեցած էր, որ ինձ ետ ուղարկեց՝ ասելով, որ ինձ որոնում են։ Ես գնացի ծնողներիս տուն, բայց նույնիսկ նրանք սկզբում տատանվեցին ինձ ընդունել։ Վերջիվերջո, սակայն, ինձ թույլ տվեցին քնել խոտանոցում։ Մայրս մշակեց վերքերս։ Այնուամենայնիվ, ծնողներս այնքան անհանգիստ էին իրենց զգում, որ երկու օր անց ես որոշեցի դարձյալ բարձրանալ լեռները։
1945 թ. մայիսի 5–ին բարձր աղմուկից արթնացա։ Վեր նայեցի ու տեսա դաշնակիցների ոչ այնքան բարձր թռչող ինքնաթիռները։ Ես հասկացա, որ հիտլերյան վարչակարգը տապալվել է։ Եհովայի ոգին զորացրել էր ինձ՝ տոկալու աներևակայելիորեն ծանր փորձությունների ժամանակ։ Ես ինձ վրա զգացել էի Սաղմոս 55։22–ի խոսքերի ճշմարտացիությունը, որոնք այնքա՜ն մխիթարել էին ինձ փորձություններիս հենց սկզբից։ Ես ‘իմ հոգսը Աստծու վրա էի գցել’։ Ֆիզիկապես տկար լինելով հանդերձ՝ ես զորավոր էի, քանի որ նա ինձ նեցուկ էր կանգնել, երբ ‘գնում էի մահվան շուքի ձորով’ (Սաղմոս 23։4)։
Եհովայի զորությունը ‘տկարության մեջ ամբողջական դարձավ’
Պատերազմից հետո կյանքը աստիճանաբար նորմալ հունի մեջ մտավ։ Սկզբնական շրջանում աշխատում էի իմ ընկերոջ լեռնային ագարակում։ Ցմահ գյուղատնտեսական աշխատանք կատարելու պարտավորվածությունից ազատվեցի միայն այն բանից հետո, երբ 1946 թ. ապրիլին ամերիկյան օկուպացիոն զորքերը մտան Ավստրիա։
Պատերազմի վերջում Բադ Իշլի ու շրջակա բնակավայրերի քրիստոնյա եղբայրները սկսեցին կանոնավորաբար հանդիպումներ անցկացնել և նոր թափով քարոզել։ Ինձ գործարանի գիշերային պահակի աշխատանք առաջարկեցին, ինչի շնորհիվ ի վիճակի էի շարունակել ռահվիրայական ծառայությունս։ Ի վերջո, հաստատվեցի Սանկտ Վոլֆգանգի շրջանում։ 1949 թ.–ին ամուսնացա Թերեզա Կուրցի հետ, որը աղջիկ ուներ նախկին ամուսնությունից։ Մենք միասին ապրեցինք 32 տարի, մինչև որ 1981 թ.–ին իմ սիրելի կինը հիվանդությունից մահացավ։ Ես նրան խնամել էի ավելի քան յոթ տարի։
Թերեզայի մահից հետո վերսկսեցի ռահվիրայությունը, և դա օգնեց ինձ հաղթահարել կորստի ծանր զգացումը։ Ներկայումս Բադ Իշլի ժողովում ծառայում եմ որպես ռահվիրա և երեց։ Քանի որ գամված եմ հաշմանդամի սայլակին, Բադ Իշլի զբոսայգում կամ էլ իմ տան դիմաց եմ աստվածաշնչային գրականություն առաջարկում մարդկանց և նրանց հետ զրուցում Թագավորության հույսի մասին։ Հիանալի աստվածաշնչային զրույցները ուրախության մեծ աղբյուր են ինձ համար։
Հետադարձ հայացք նետելով անցյալին՝ կարող եմ համոզված ասել, որ իմ կրած ահասարսուռ փորձությունները չարությամբ չեն լցրել ինձ։ Իհարկե, երբեմն դրանց պատճառով ծանր ապրումներ եմ ունեցել։ Բայցևայնպես, Եհովա Աստծու հետ ջերմ հարաբերություններս օգնել են ինձ հաղթահարելու կյանքիս այդ մռայլ պահերը։ Իմ դեպքում նույնպես ապացուցվել է այն խորհրդի ճշմարտացիությունը, որ Տերը տվել էր Պողոսին. «Իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ Այժմ, երբ գրեթե 100 տարեկան եմ, կարող եմ Պողոսի պես ասել. «Հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ» (Բ Կորնթացիս 12։9 ԷԹ, 10)։
[նկարներ 25–րդ էջի վրա]
Գեստապոն ինձ ձերբակալեց 1939 թ. ապրիլին
Գեստապոյի մեղադրական փաստաթուղթը, 1939 թ., մայիՍ՛ս
[թույլտվությամբ]
Both images: Privatarchiv; B. Rammerstorfer
[նկար 26–րդ էջի վրա]
Մոտակա լեռները ապաստան տվեցին ինձ
[թույլտվությամբ]
Foto Hofer, Bad Ischl, Austria