Տղամարդ և կին. յուրաքանչյուրն ունի իր արժանավայել դերը
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ սկզբում ստեղծեց Ադամին, այնուհետև՝ Եվային։ Նախքան Եվային ստեղծելը Ադամը կյանքի որոշ փորձ ձեռք բերեց։ Այդ ընթացքում Եհովան նրան մի շարք պատվերներ տվեց (Ծննդոց 2։15–20)։ Ծառայելով որպես Աստծու խոսնակ՝ Ադամը պետք է այդ ամենը փոխանցեր իր կնոջը։ Ուստի տրամաբանական է, որ բոլոր հարցերում, այդ թվում նաև երկրպագության հարցում նա պետք է առաջնորդություն վերցներ։
Նմանատիպ կառույց գոյություն ունի նաև քրիստոնեական ժողովում, և քննելով դա՝ մենք կարող ենք օգուտներ քաղել։ Պողոս առաքյալը գրել է. «Կնկան հրաման չեմ տալիս, որ.... մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։ Որովհետեւ Ադամն առաջ ստեղծուեցավ եւ յետոյ Եւան» (Ա Տիմոթէոս 2։12, 13)։ Սա չի նշանակում, որ կինը պետք է բացարձակ լուռ մնա ժողովի հանդիպումների ժամանակ։ Նա պետք է լուռ մնա այն իմաստով, որ տղամարդու հետ վիճաբանության մեջ չմտնի։ Կինը չպետք է նսեմացնի տղամարդու նշանակված դիրքը կամ չպետք է փորձի սովորեցնել ժողովում։ Տղամարդկանց տրված է ժողովում նախագահելու և սովորեցնելու նշանակում, իսկ կանայք շատ գործ են կատարում՝ տարբեր կերպերով իրենց մասնակցությունը բերելով ժողովի գործունեության մեջ։
Բացատրելով տղամարդկանց և կանանց համապատասխան դերը Աստծու կառույցում՝ Պողոս առաքյալը գրել է. «Ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը....։ Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ [ոչ էլ կարող են մեկը մյուսից անկախ լինել], Տէրումը։ Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մարդը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից» (Ա Կորնթացիս 11։8–12)։
Կանանց հրաշալի առանձնաշնորհումներ են տրված
Իսրայելին տրված Աստծու Օրենքի համաձայն՝ կանայք շատ առանձնաշնորհումներ ունեին և ազատ էին նախաձեռնություն վերցնելու։ Օրինակ՝ Առակաց 31։10–31 համարներում խոսվում է ‘առաքինի կնոջ’ մասին, որը գնում է որակյալ բուրդ և հիանալի հագուստներ է գործում իր ընտանիքի համար։ «Նա կտաւ է շինում եւ ծախում» (13, 21–24 համարները)։ «Վաճառականի նաւերի» նման՝ այս շնորհալի կինը ուտելիք է հայթայթում, նույնիսկ եթե ստիպված է լինում այն ձեռք բերել հեռու տեղերից (14–րդ համարը)։ Նա «արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում» և «այգի է տնկում» (16–րդ համարը)։ Քանի որ «իր աշխատանքը լաւ է», նրա գործունեությունը եկամտաբեր է (18–րդ համարը)։ Բացի այն, որ «նա մտիկ է անում իր տան ընթացքին», այս աշխատասեր և աստվածավախ կինը անշահախնդրորեն օգնում է նաև ուրիշներին (20 և 27–րդ համարները։) Ուստի զարմանալի չէ, որ նա գովասանքի է արժանանում (31–րդ համարը)։
Մովսեսի միջոցով տրված Եհովայի օրենքները կանանց մեծ հնարավորություն էին տալիս հոգևորապես աճելու։ Օրինակ՝ Յեսու 8։35–ում կարդում ենք. «Մովսէսի բոլոր պատուիրածներից բնաւ մի խօսք չ’մնաց, որ Յեսուն չ’կարդար Իսրայէլի բոլոր ժողովքի առաջին եւ կանանց եւ տղերանց եւ նորանց մէջ գնացող օտարականի առաջին»։ Իսկ Եզրաս քահանայի առնչությամբ Աստվածաշունչն ասում է. «[Նա] բերաւ օրէնքը ժողովքի առաջին, որ բաղկացած էր մարդից մինչեւ կին եւ ամեն հասկանալու կարողութիւն ունեցողներից՝ եօթներորդ ամսուայ առաջին օրը։ Եւ կարդաց նորանից այն հրապարակում որ Ջրի դռան առաջին է, առաւօտից մինչեւ կէսօր մարդկանց, կանանց եւ հասկացողների առաջին. եւ բոլոր ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին» (Նէեմիա 8։2, 3)։ Կանայք օգուտներ էին քաղում Օրենքի այսպիսի ընթերցանությունից։ Նրանք նաև կրոնական տոներին էին մասնակցում (Բ Օրինաց 12։12, 18; 16։11, 14)։ Եվ որ ամենակարևորն է, հին Իսրայելում ապրող կանայք կարող էին անձնական փոխհարաբերություններ ունենալ Եհովա Աստծու հետ և անհատապես նրան աղոթել (Ա Թագաւորաց 1։10)։
Մ.թ. առաջին դարում աստվածավախ կանայք Հիսուսին ծառայելու առանձնաշնորհումն ունեին (Ղուկաս 8։1–3)։ Բեթանիայում մի կին ընթրիքի ժամանակ յուղով օծեց Հիսուսի գլուխը և ոտքերը (Մատթէոս 26։6–13; Յովհաննէս 12։1–7)։ Կանայք այն մարդկանց թվում էին, որոնց Հիսուսը երևաց իր հարությունից հետո (Մատթէոս 28։1–10; Յովհաննէս 20։1–18)։ Հիսուսի երկինք համբարձվելուց հետո մոտավորապես 120 հոգուց բաղկացած մի խումբ մեկտեղ հավաքվեց. նրանց մեջ էին նաև ‘կանայք և Հիսուսի մայր Մարիամը’ (Գործք 1։3–15)։ Անկասկած, մ.թ. 33 թ. Պենտեկոստեին այս կանանցից շատերը կամ բոլորն էլ գտնվում էին Երուսաղեմում՝ վերին սենյակում, երբ սուրբ ոգին ուղարկվեց, և Հիսուսի աշակերտները հրաշքով սկսեցին տարբեր լեզուներով խոսել (Գործք 2։1–12)։
Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կային այն անհատների մեջ, որոնց վրա կատարվեց Յովէլ 2։28, 29–ում արձանագրված մարգարեությունը, ինչպես որ այդ մասին ասաց Պետրոս առաքյալը Պենտեկոստեի օրը. «[Ես՝ Եհովաս] իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կը մարգարէանան....։ Եւ իմ ծառաների վերայ եւ իմ աղախինների վերայ էլ այն օրերումն իմ Հոգուցը կ’թափեմ» (Գործք 2։13–18)։ Մ.թ. 33 թ. Պենտեկոստեից մի որոշ ժամանակ հետո քրիստոնյա կանանց սուրբ ոգու պարգևներ տրվեցին։ Նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով և մարգարեանալ՝ ոչ թե անպայման ինչ–որ բաներ նախագուշակելով, այլ սուրբգրային ճշմարտություններ հայտնելով։
Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը ջերմ խոսքեր է ասում «մեր Փիբէ» քրոջ մասին՝ նրա համար իր երաշխավորությունը տալով հռոմեացի քրիստոնյաներին։ Առաքյալը խոսում է նաև Տրիփանոսի և Տրիփոսի մասին՝ ասելով, որ նրանք «աշխատաւորներ են Տէրումը» (Հռովմայեցիս 16։1, 2, 12)։ Չնայած այս կանայք հատուկ նշանակումներ չունեին առաջին դարի քրիստոնեական ժողովում, սակայն ինչպես նրանք, այնպես էլ շատ ուրիշ կանայք առանձնաշնորհում ունեցան ընտրվելու Աստծու կողմից, որպեսզի նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ ծառայեին երկնային Թագավորության մեջ (Հռովմայեցիս 8։16, 17; Գաղատացիս 3։28, 29)։
Իսկ ի՞նչ կարևոր առանձնաշնորհում ունեն աստվածավախ կանայք այսօր։ Սաղմոս 68։11–ում ասվում է. «Տէրը տալիս է խօսքը. աւետարանողները [«ավետարանող կանայք», ՆԱ] մեծ բազմութիւն են»։ Այսպիսի կանայք գովասանքի են արժանի։ Օրինակ՝ Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների ժամանակ սովորեցնելու նրանց ունակությունները շատերին են օգնել ընդունելու Աստծուն հաճելի ճշմարիտ ուսմունքները։ Գովասանքի են արժանի նաև ամուսնացած քրիստոնյա կանայք, որոնք օգնում են իրենց երեխաներին դառնալու քրիստոնյաներ, ինչպես նաև աջակցում են իրենց ամուսիններին, որոնք շատ պարտականություններ ունեն ժողովում (Առակաց 31։10–12, 28)։ Ամուրի կանայք նույնպես ունեն իրենց արժանավայել տեղը Աստծու կազմակերպության մեջ, ուստի քրիստոնյա տղամարդկանց քաջալերվում է «յորդոր[ել].... պառաւներին մայրերի պէս, մատղաշ կանանցը՝ քոյրերի պէս բոլոր սրբութիւնով» (Ա Տիմոթէոս 5։1, 2)։
Տղամարդկանց տարբեր նշանակումները
Քրիստոնյա տղամարդը Աստծու կողմից նշանակված դեր ունի, և ակնկալվում է, որ նա կատարի այդ դերը։ Պողոսը նշում է. «Կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած» (Ա Կորնթացիս 11։3)։ Տղամարդը նույնպես գլուխ ունի, որը Քրիստոսն է։ Իրականում նա հաշվետու է Քրիստոսին և վերջին հաշվով հաշվետու է Աստծուն։ Աստված ակնկալում է, որ տղամարդը իր գլխավորությունը սիրով իրականացնի (Եփեսացիս 5։25)։ Դա այդպես էր՝ սկսած այն ժամանակվանից, երբ մարդիկ ստեղծվեցին։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված տղամարդուն նշանակումներ տվեց նրա ունեցած գլխավորությանը համապատասխան։ Օրինակ՝ Եհովան պատվիրեց Նոյին տապան կառուցել Ջրհեղեղի ժամանակ կյանքը պահպանելու համար (Ծննդոց 6։9–7։24)։ Աբրահամին խոստացվել էր, որ երկրի վրա ապրող բոլոր ընտանիքներն ու ազգերը նրա սերնդի միջոցով կօրհնվեն։ Այդ սերնդի գլխավոր մասը Հիսուս Քրիստոսն է (Ծննդոց 12։3; 22։18; Գաղատացիս 3։8–16)։ Աստված Մովսեսին նշանակեց որպես առաջնորդ՝ իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերելու համար (Ելից 3։9, 10, 12, 18)։ Մովսեսի միջոցով էր, որ Եհովան տվեց օրենսգիրքը, որը հայտնի է Օրենքի ուխտ, կամ՝ Մովսիսական օրենք անվանումով (Ելից 24։1–18)։ Առանց բացառության՝ Աստվածաշունչը գրի առնողները բոլորն էլ տղամարդիկ են եղել։
Լինելով քրիստոնեական ժողովի գլուխը՝ Հիսուսը «մարդկանց պարգեւներ տուաւ» (Եփեսացիս 1։22; 4։7–13)։ Պողոսը տղամարդկանց նկատի ուներ, երբ թվարկում էր, թե ինչ որակներ պետք է ունենան վերակացուները (Ա Տիմոթէոս 3։1–7; Տիտոս 1։5–9)։ Դա է պատճառը, որ քրիստոնեական ժողովում տղամարդիկ են ծառայում որպես վերակացուներ, կամ՝ երեցներ, նաև որպես ծառայող օգնականներ (Փիլիպպեցիս 1։1, 2; Ա Տիմոթէոս 3։8–10, 12)։ Միայն տղամարդիկ պետք է հովվեն քրիստոնեական ժողովը (Ա Պետրոս 5։1–4)։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվեց, Աստված հրաշալի առանձնաշնորհումներ է տվել կանանց։
Երջանիկ են իրենց նշանակված դերը կատարելիս
Թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց երջանկություն է պարգևում այն, որ նրանք կատարում են Աստծու կողմից ստացած իրենց դերը։ Ընտանիքները երջանիկ են, երբ ամուսինն ու կինը հետևում են Քրիստոսի և նրա ժողովի օրինակին։ Պողոսը գրել է. «Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար.... Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը» (Եփեսացիս 5։25–33)։ Ուստի ամուսինները պետք է իրականացնեն իրենց գլխավորությունը ոչ թե եսասիրաբար, այլ սիրով։ Քրիստոսի ժողովը կազմված չէ կատարյալ մարդկանցից։ Սակայն Հիսուսը սիրում է ժողովը և հոգ է տանում նրա մասին։ Նմանապես և քրիստոնյա ամուսինը պետք է սիրի և հոգ տանի իր կնոջը։
Քրիստոնյա կինը «պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիս 5։33, ՆԱ)։ Նա կարող է տեսնել, թե այս առումով ինչպես է ժողովը օրինակ ծառայում։ Եփեսացիս 5։21–24-ում գրված է. «Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։ Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։ Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ»։ Երբեմն կնոջ համար թերևս դժվար լինի հնազանդվել իր ամուսնուն, սակայն այդպես վարվելը «կ’վայելէ [պատշաճ է] Տէրումը» (Կողոսացիս 3։18)։ Ամուսնուն հնազանդվելը ավելի հեշտ կլինի, եթե կինը հիշի, որ այդպիսով նա Տեր Հիսուս Քրիստոսին է հաճեցնում։
Նույնիսկ եթե ամուսինը քրիստոնյա չէ, կինը պետք է հնազանդվի նրա գլխավորությանը։ Պետրոս առաքյալը գրում է. «Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, Տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը» (Ա Պետրոս 3։1, 2)։ Սառան, որը հարգանք էր տածում իր ամուսնու՝ Աբրահամի նկատմամբ, առանձնաշնորհում ունեցավ ծնելու Իսահակին և դառնալու Հիսուս Քրիստոսի նախամայրը (Եբրայեցիս 11։11, 12; Ա Պետրոս 3։5, 6)։ Այն կանայք, ովքեր Սառայի նման են վարվում, կարող են վստահ լինել, որ կվարձատրվեն Աստծու կողմից։
Երբ տղամարդիկ և կանայք կատարում են Աստծուց ստացած իրենց դերը, խաղաղություն և ներդաշնակություն է տիրում։ Արդյունքում նրանք իրենց երջանիկ և բավարարված են զգում։ Ավելին, վարվելով սուրբգրային պահանջների համաձայն՝ նրանցից յուրաքանչյուրը արժանապատվությամբ իր պատվավոր տեղն է զբաղեցնում Աստծու կազմակերպության մեջ։
[շրջանակ 7–րդ էջի վրա]
Ինչպե՞ս են նրանք կատարում Աստծու կողմից ստացած իրենց դերը
Ինչպե՞ս են քրիստոնյա կանայք կատարում իրենց դերը։ Սյուզանը պատմում է. «Ամուսինս իր գլխավորությունը սիրալիր կերպով է իրականացնում։ Մենք հաճախ ենք որոշումներ կայացնում, և երբ նա որոշում է ինչ–որ բան անել կամ չանել, ես գիտեմ, որ դա մեր օգտի համար է։ Քրիստոնյա կանանց համար Եհովայի նախատեսած կառույցը իրոք որ ինձ երջանիկ է դարձնում, իսկ մեր ամուսնությունը՝ ամուր։ Մենք մտերիմ փոխհարաբերություններ ուենք իրար հետ և աշխատում ենք հոգևոր նպատակներին միասին հասնել»։
Մինդի անունով մի կին ասում է. «Այն, թե ինչ դեր է Եհովան տվել քրիստոնյա կանանց, խոսում է մեր նկատմամբ ունեցած նրա սիրո մասին։ Ես հասկանում եմ, որ ամուսնուս պատվելով և հարգելով, ինչպես նաև ժողովում ունեցած իր պարտականությունները կատարելիս նրան աջակցություն ցույց տալով՝ կարողանում եմ Եհովայի հանդեպ իմ երախտագիտությունն արտահայտել նրա հիմնադրած կառույցի համար»։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Նկատի առնելով տղամարդուն տրված գլխավորությունը՝ Աստված տարբեր նշանակումներ տվեց Նոյին, Աբրահամին և Մովսեսին
[նկար 7–րդ էջի վրա]
Ավետարանող կանայք մեծ բազմություն են