Ընթերցողների հարցերը
Առնվազն քանի՞ տարեկան պետք է լինի եղբայրը, որպեսզի նշանակվի ծառայող օգնական։
Աստվածաշունչը կոնկրետ տարիք չի սահմանում։
Հին Իսրայելում Աստված որոշ դեպքերում իսկապես սահմանել է կոնկրետ տարիք։ Զինվորական ծառայություն կատարելու համար տղամարդու 20 տարին պետք է լրացած լիներ։ Ավելի ցածր տարիքի տղաները չէին ուղարկվում մարտի դաշտ, ինչի հակառակը մենք տեսնում ենք այսօր։ Ղևտական ծառայության մեջ տարիքը նույնպես դեր էր խաղում։ Կահաթյանները, որոնք ծառայում էին խորանում, պետք է լինեին 30–50 տարեկան։ Ինչո՞ւ։ Այս սահմանափակումը հիշատակվում է «վրանում.... ծանր աշխատանք կատարելու և բեռներ կրելու» հետ կապված (Թվեր 4։3, 47)։ Հավանաբար, ղևտացիները թեթև հանձնարարություններ կարող էին անել 25 տարեկանից սկսած։ Բայց միայն 30 տարեկանից հետո նրանք կարող էին մասնակցել խորանը քանդելու, տանելու և հավաքելու աշխատանքներին, ինչը լուրջ պատասխանատվություն էր (Թվեր 8։24–26)։ Հետագայում, երբ արդեն կառուցվեց տաճարը, նման ծանր աշխատանք անելու կարիք չկար, ուստի ղևտացիները ծառայությունը սկսում էին 20 տարեկանից (1 Տար. 23։24)։
Հետագայում Իսրայել ազգը դադարեց Եհովայի բարեհաճությունը վայելելուց։ Առաջ եկավ քրիստոնեական ժողովը։ Արդյո՞ք Եհովան նվազագույն տարիք սահմանեց ծառայող օգնականների (սարկավագների) նշանակման համար։
Ինչ-որ մեկը գուցե մտածի, որ այդպես է՝ հիմնվելով հետագա դարերի արձանագրությունների վրա։ Հռոմի կաթոլիկ եկեղեցում սարկավագը «ձեռնադրված ծառայող է՝ քահանայից անմիջապես առաջ, Աստծու կողմից Եկեղեցում հաստատված հիերարխիայի մեջ»։ Մի աշխատությունում գրված է. «Եպիսկոպոսներն ու պրեսբիտերները [երեցները] սովորաբար չէին կարող ձեռնադրվել որպես այդպիսին մինչև երեսուն տարեկան դառնալը, բայց սարկավագները կարող էին ձեռնադրվել քսանհինգ տարեկանում, բայց ոչ դրանից շուտ։ Սա հաստատված է և՛ քաղաքացիական և՛ եկեղեցական օրենքով.... Եկեղեցու պատմության մեջ շատ քիչ են դեպքերը, երբ սարկավագ են ձեռնադրել քսանհինգ տարեկանը չլրացած անձանց» (Bingham’s Antiquities of the Christian Church)։
Իսկ ի՞նչ չափանիշներ կան Աստվածաշնչում այս առնչությամբ։ 1 Տիմոթեոս 3:8–10, 12, 13 համարներում գրված է. «Ծառայող օգնականները պետք է լինեն լուրջ, չլինեն երկերեսանի, չափից շատ գինի խմող, շահամոլ, այլ մաքուր խղճով հավատի սրբազան գաղտնիքը պահեն։ Նրանք թող նաև փորձվեն և եթե զերծ լինեն մեղադրանքից, ապա թող ծառայեն։ Ծառայող օգնականները թող լինեն մեկ կնոջ ամուսին, լավ ղեկավարեն իրենց երեխաներին և իրենց տան անդամներին, որովհետև այն տղամարդիկ, ովքեր լավ են ծառայում, բարի համբավ են ձեռք բերում և կարող են մեծ ազատությամբ խոսել Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին»։
Տեսնում ենք, որ նվազագույն տարիք չի սահմանվում ծառայող օգնական նշանակելու համար։ Ուստի երբ երեցները հանդիպում են, որ քննարկեն ժողովի եղբայրների համապատասխանությունը աստվածաշնչյան չափանիշներին, նրանք կարող են հիշել, որ Աստվածաշունչը չի նշում, որ եղբայրը պետք է 20, 25 կամ 30 տարեկան լինի, որպեսզի ծառայող օգնականի նշանակում ստանա։ Վերոհիշյալ համարներում ծառայող օգնականների առնչությամբ օգտագործվում է «տղամարդիկ» բառը։ Ուստի դժվար թե եղբայրը ծառայող օգնական նշանակվի վաղ կամ միջին պատանեկան հասակում։ Այս միտքը հաստատվում է նաև նրանով, որ ծառայող օգնականները, ինչպես երևում է Պողոս առաքյալի վերոհիշյալ խոսքերից, գուցե ամուսնացած լինեն ու արդեն երեխաներ ունենան։
Բացի այդ, ծառայող օգնականի թեկնածուն պետք է «փորձվի» և փաստի, որ պատասխանատվության զգացում ունի։ Սա չի նշանակում, որ նա փորձաշրջան է անցնում։ Եղբայրը ողջամիտ ժամանակահատվածում (առնվազն մեկ տարի պետք է մկրտված լինի) պետք է քրիստոնեական հասունություն ցուցաբերի. նա պետք է ցույց տա, որ ինքը այնպիսի տղամարդ է, որը պատրաստ է և կարող է իրեն տրված հանձնարարությունները կատարել։ Եթե երիտասարդը դրսևորում է այս հատկությունները, «լուրջ» է, խոնարհ և համապատասխանում է մյուս չափանիշներին, երեցները կարող են նրա թեկնածությունը առաջադրել, նույնիսկ եթե եղբոր 20 տարին դեռ չի լրացել։ Ուրիշներն էլ գուցե ավելի մեծ տարիքում հստակորեն ցույց տան, որ համապատասխանում են ծառայող օգնականի չափանիշներին՝ «լավ ծառայելով, բարի համբավ ունենալով և կարողանալով մեծ ազատությամբ խոսել»։