‘Զգույշ եղիր քո ուսուցման նկատմամբ’
«Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմոթէոս 4։16)։
1, 2. Ինչո՞ւ այսօր ժրաջան ուսուցիչների կարիք է զգացվում։
«ԳՆԱՑԷ՛Ք.... աշակերտ դարձրէք բոլոր ազգերին.... Ուսուցանեցէք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Անհրաժեշտ է, որ, Հիսուս Քրիստոսի տված այս հրամանի համաձայն, բոլոր քրիստոնյաները ջանքեր գործադրեն ուսուցիչներ դառնալու համար։ Ժրաջան ուսուցիչների կարիք է զգացվում, որպեսզի նրանք, քանի դեռ ուշ չէ, օգնեն ազնվասիրտ մարդկանց Աստծո մասին գիտելիքներ ձեռք բերել (Հռովմայեցիս 13։11)։ Պողոս առաքյալը հորդորում էր. «Քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ յայտարարիր այն, ժամանակին լինի, թէ տարաժամ» (Բ Տիմոթէոս 4։2)։ Սա նշանակում է ուսուցանել ինչպես ժողովի ներսում, այնպես էլ նրանից դուրս։ Ինչ խոսք, ուսուցանելու հանձնարարությունն իր մեջ ավելին է բովանդակում, քան պարզապես Աստծո պատգամը հայտարարելը։ Որպեսզի հետաքրքրվող անհատները աշակերտներ դառնան, արդյունավետ ուսուցում է պետք։
2 Մենք ապրում ենք «չար ժամանակներում» (Բ Տիմոթէոս 3։1)։ Մարդկանց ուղեղները լցված են աշխարհիկ փիլիսոփայություններով ու կեղծ ուսմունքներով։ Շատերը «խաւարուած են մտքով» և «անզգայացած» են (Եփեսացիս 4։18, 19, ԱԹ)։ Ոմանց կյանքը զգացական վերքեր է հասցրել։ Այո՛, մարդիկ իսկապես ‘հոգնած են և ցրված, ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեն’ (Մատթէոս 9։36)։ Բայց և այնպես, կիրառելով ուսուցանելու արվեստը՝ կարող ենք օգնել ազնվասիրտ մարդկանց, որպեսզի իրենց կյանքում հարկ եղած փոփոխություններ կատարեն։
Ուսուցանողներ ժողովի ներսում
3. ա) Հիսուսի տված ուսուցանելու հանձնարարությունն ի՞նչ է բովանդակում։ բ) Ժողովի ներսում ո՞ւմ վրա է դրված սովորեցնելու գլխավոր պատասխանատվությունը։
3 Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների միջոցով միլիոնավոր մարդիկ Աստծո Խոսքի անհատական ուսուցում են ստանում։ Սակայն նորահավատներին մկրտությունից հետո էլ է օգնություն անհրաժեշտ, որպեսզի «արմատաւորուած ու հաստատուած» լինեն (Եփեսացիս 3։17)։ Երբ մենք կատարում ենք Մատթէոս 28։19, 20 խոսքերում արձանագրված հանձնարարությունը և նոր մարդկանց առաջնորդում դեպի Եհովայի կազմակերպությունը, նրանք օգուտներ են քաղում անմիջապես ժողովի ներսում ստացած ուսուցումից։ Եփեսացիս 4։11—13 խոսքերի համաձայն՝ տղամարդիկ էին նշանակվել. ‘ոմանք առաքյալներ լինելու, ոմանք՝ մարգարեներ, ոմանք՝ ավետարանիչներ, ոմանք՝ հովիվներ և ուսուցիչներ, հաստատելու համար սրբերին իրենց պաշտոնի կատարման մեջ, ի շինություն Քրիստոսի մարմնի’։ Ուսուցանելու արվեստը երբեմն պահանջում է ‘հանդիմանել, սաստել, հորդորել՝ կատարյալ համբերատարությամբ’ (Բ Տիմոթէոս 4։2)։ Ուսուցիչների կատարած աշխատանքն այնքան կարևոր էր, որ կորնթացիներին ուղղված նամակում Պողոսը առաքյալներից ու մարգարեներից անմիջապես հետո ուսուցանողներին է նշում (Ա Կորնթացիս 12։28)։
4. Սովորեցնելու կարողությունն ինչպե՞ս է օգնում մեզ, որպեսզի հնազանդվենք Պողոսի՝ Եբրայեցիս 10։24, 25–ում արձանագրված հորդորին։
4 Ճիշտ է, բոլոր քրիստոնյաները չեն, որ պիտի ծառայեն որպես երեցներ, այսինքն՝ վերակացուներ։ Այնուամենայնիվ, բոլորիս էլ հորդոր է տրվում, որպեսզի «հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբրայեցիս 10։24, 25)։ Ժողովներում հորդորելը նշանակում է լավ պատրաստվել և սրտանց պատասխաններ տալ, որոնք կամրացնեն ու կքաջալերեն մյուսներին։ Թագավորության փորձառու քարոզիչները կարող են նաև «բարի գործերի յորդորել»՝ իրենց գիտելիքներն ու փորձը կիսելով նորահավատների հետ, երբ նրանց հետ միասին քարոզում են՝ դաշտի ծառայության դուրս գալիս։ Նման և ուրիշ դեպքերում անգնահատելի ուսուցում կարող է տրվել։ Օրինակ՝ հասուն կանանց մասին ասվում է, որ պիտի «բարեխրատ» լինեն (Տիտոս 2։3)։
Նրանց օգնում են հավատալ
5, 6. ա) Ճշմարիտ քրիստոնեությունն ինչպե՞ս է հակադրվում կեղծ պաշտամունքին։ բ) Երեցներն ինչպե՞ս են օգնում նորահավատներին՝ իմաստուն որոշումներ կայացնելու։
5 Ճշմարիտ քրիստոնեությունը խիստ տարբերվում է կեղծ կրոններից, որոնցից շատերը փորձում են ազդեցություն բանեցնել իրենց անդամների մտածելակերպի վրա։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, կրոնական առաջնորդները բռնապետական, մարդակերտ ավանդույթների միջոցով, փաստորեն, փորձում էին ղեկավարել մարդկանց կյանքի յուրաքանչյուր բնագավառը (Ղուկաս 11։46)։ Քրիստոնեական աշխարհի հոգևորականությունը հաճախ է նման ձևով վարվել։
6 Սակայն ճշմարիտ երկրպագությունը «բանական պաշտամունք» է (Հռովմայեցիս 12։1)։ Եհովայի ծառաներին ‘օգնում են հավատալ’ (Բ Տիմոթէոս 3։14, ՆԱ)։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի առաջնորդություն վերցնող անհատները հրահանգներ տան ու քայլեր ձեռք առնեն ժողովի գործերի անխափան ընթացքն ապահովելու համար։ Երեցները, սակայն, չեն փորձում որոշումներ կայացնել հավատակիցների փոխարեն, այլ սովորեցնում են նրանց «բարին եւ չարը զանազանել» (Եբրայեցիս 5։14, ԱԹ)։ Նրանք այդ նպատակին հասնում են՝ հիմնականում սնելով ժողովին ‘հավատի խոսքերով և բարի վարդապետությամբ’ (Ա Տիմոթէոս 4։6)։
‘Զգո՛ւյշ եղեք ձեր ուսուցման նկատմամբ’
7, 8. ա) Համեստ կարողությունների տեր մարդիկ ինչպե՞ս կարող են ծառայել որպես ուսուցիչներ։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ արդյունավետ ուսուցիչներ դառնալու համար անձնական ջանքեր են պահանջվում։
7 Եկեք անդրադառնանք սովորեցնելու մեր գլխավոր հանձնարարությանը։ Արդյոք պահանջվո՞ւմ են առանձնահատուկ վարպետություն, կրթություն կամ ընդունակություններ այս գործում։ Պարտադիր չէ։ Ուսուցանելու համաշխարհային այս աշխատանքը մեծ մասամբ կատարվում է համեստ կարողությունների տեր, հասարակ մարդկանց կողմից (Ա Կորնթացիս 1։26—29)։ Պողոսը պարզաբանում է. «Այս գանձերն [ծառայությունը] ունենք կաւէ ամանների [անկատար մարմինների] մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից» (Բ Կորնթացիս 4։7)։ Թագավորության քարոզչության համաշխարհային գործունեության մեջ ձեռք բերված հսկայական հաջողությունները վկայում են Եհովայի սուրբ հոգու զորության մասին։
8 Այնուհանդերձ, անձնական ջանքեր պիտի ներդրվեն, որպեսզի ամեն մեկս դառնա ‘մի մշակ առանց ամոթի, ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարի’ (Բ Տիմոթէոս 2։15, ԱԹ)։ Պողոսը հորդորում էր Տիմոթեոսին. «Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմոթէոս 4։16)։ Իսկ անհատն ինչպե՞ս կարող է զգույշ լինել իր ուսուցման նկատմամբ թե՛ ժողովի ներսում, և թե՛ նրանից դուրս։ Մի՞թե դրա համար անհրաժեշտ են միայն վարպետությանը վերաբերող որոշ որակներն ու ուսուցանելու մեթոդները։
9. Մեր ընդունակություններից բացի ուրիշ էլ ի՞նչն է ավելի կարևոր։
9 Լեռան իր քարոզի մեջ Հիսուսը հանդես բերեց ուսուցման մեթոդներին արտակարգ տիրապետելու իր կարողությունը։ Երբ նա խոսելն ավարտեց, ‘ժողովուրդը զարմացավ նրա վարդապետության վրա’ (Մատթէոս 7։28)։ Իհարկե, մեզանից ոչ մեկը չի կարող Հիսուսի նման սովորեցնել։ Սակայն արդյունավետ ուսուցիչներ լինելու համար ճարտար հռետոր լինելու կարիքը չկա։ Չէ՞ որ Յոբ 12։7–ի համաձայն՝ նույնիսկ անասունները և «երկնքի թռչունները» կարող են լուռ սովորեցնել։ Մեր ունեցած որևէ ընդունակությունից կամ հմտությունից բացի՝ կարևոր է նաև այն, թե «ինչպիսի՜ մարդիկ» ենք մենք, այսինքն՝ ինչ հատկություններ ունենք, ու հոգևոր կյանքում մշակած մեր ո՞ր սովորությունները կարող են աշակերտներն ընդօրինակել (Բ Պետրոս 3։11; Ղուկաս 6։40)։
Աստծո Խոսքը քննողներ
10. Հիսուսը Աստծո Խոսքի ուսումնասիրության ի՞նչ հոյակապ օրինակ թողեց։
10 Հոգևոր ճշմարտությունների արդյունավետ ուսուցիչը պետք է Աստծո Խոսքը քննող լինի (Հռովմայեցիս 2։21)։ Այս հարցի հետ կապված՝ հրաշալի օրինակ է թողել Հիսուս Քրիստոսը։ Իր ծառայության ընթացքում նա վկայակոչում կամ ակնարկում էր այնպիսի մտքեր, որոնք արտահայտված էին Եբրայերեն գրությունների համարյա կեսում։a Աստծո Խոսքից նրա լավատեղյակ լինելն ի հայտ դարձավ 12 տարեկանում, երբ «վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս» (Ղուկաս 2։46)։ Չափահաս տարիքում էլ Հիսուսը սովորություն ուներ ժողովարան հաճախել, որտեղ ընթերցվում էր Աստծո Խոսքը (Ղուկաս 4։16)։
11. Ուսուցիչը ուսումնասիրական ի՞նչ լավ սովորություններ պիտի մշակի։
11 Դուք էլ Աստծո Խոսքի ջանասեր ընթերցո՞ղն եք։ Աստծո Խոսքի մեջ խորանալով է, որ ‘կհասկանաք Տիրոջ երկյուղը, և Աստծո գիտությունը կգտնեք’ (Առակաց 2։4, 5)։ Ուրեմն ուսումնասիրական լավ սովորություններ մշակեք։ Փորձեք ամեն օր Աստծո Խոսքից հատվածներ կարդալ (Սաղմոս 1։2)։ Սովորություն դարձրեք ընթերցել «Դիտարան» և «Արթնացե՛ք» հրատարակությունները անմիջապես դրանք ստանալուց հետո։ Ժողովների ընթացքում ուշադրությամբ լսեք։ Սովորեք մանրազնին փնտրտուքներ անել։ ‘Ստուգությամբ հետամուտ լինելով ամեն բանի’՝ ուսուցանելու ընթացքում դուք ի վիճակի կլինեք խուսափելու չափազանցությունների մեջ ընկնելուց ու սխալներ գործելուց (Ղուկաս 1։3)։
Սեր ու հարգանք ուսումնասիրողների հանդեպ
12. Ինչպիսի՞ն էր Հիսուսի վերաբերմունքն իր աշակերտների նկատմամբ։
12 Մյուս կարևոր հատկանիշը արժանավայել վերաբերմունք ունենալն է ուսումնասիրողների հանդեպ։ Փարիսեցիներն արհամարհում էին այն մարդկանց, ովքեր լսում էին Հիսուսին։ Նրանց աչքին այդպիսիները ոչ այլ ինչ էին, եթե ոչ «խաժամուժ ամբոխ, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է» (Յովհաննէս 7։49)։ Իսկ Հիսուսը խորապես սիրում ու հարգում էր իր աշակերտներին։ Նա ասաց. «Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ» (Յովհաննէս 15։15)։ Այս վերաբերմունքից պարզ է դառնում, թե աշակերտներն ինչպես պետք է կատարեին ուսուցանելու իրենց գործը։
13. Պողոսն ի՞նչ էր զգում նրանց հանդեպ, ում սովորեցնում էր։
13 Օրինակ՝ Պողոսի վերաբերմունքը սառը, պաշտոնական չէր նրանց նկատմամբ, ում սովորեցնում էր։ Նա գրեց կորնթացիներին. «Թէպէտ եւ բիւր դաստիարակներ ունէք Քրիստոսով, բայց ոչ՝ բազում հայրեր. որովհետեւ Քրիստոս Յիսուսի Աւետարանով ե՛ս ծնեցի ձեզ» (Ա Կորնթացիս 4։15)։ Երբեմն Պողոսը նույնիսկ արցունքնե՜ր էր թափում, երբ խրատում էր նրանց, ում սովորեցնում էր (Գործք 20։31)։ Նա նաև զարմանալի համբերություն ու բարություն էր ցուցաբերում։ Ուստի կարող էր գրել թեսաղոնիկեցիներին. «Համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում» (Ա Թեսաղոնիկեցիս 2։7)։
14. Աստվածաշունչ ուսումնասիրողներով անհատապես հետաքրքրվելն ինչո՞ւ է այդքան կարևոր։ Բացատրե՛ք օրինակով։
14 Դուք էլ ընդօրինակո՞ւմ եք Հիսուսին և Պողոսին։ Անկեղծ սեր ցուցաբերելով ուսումնասիրողների հանդեպ՝ կլրացնենք մեր ընդունակությունների պակասը։ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատներն արդյոք զգո՞ւմ են, որ անկեղծորեն հետաքրքրվում եք իրենցով։ Ժամանակ տրամադրո՞ւմ եք նրանց ճանաչելու համար։ Մի քրիստոնյա քույր, որը դժվարանում էր օգնել աշակերտի հոգևոր առաջընթաց ունենալուն, ուղղակի բարյացակամորեն հարցրեց նրան. «Ձեզ ինչ–որ բա՞ն է անհանգստացնում»։ Կինը բացեց սիրտը՝ պատմելով իր բազում հոգսերի ու անհանգստությունների մասին։ Այդ սիրալիր զրույցը շրջադարձային կետ դարձավ կնոջ կյանքում։ Նման դեպքերում տեղին են սուրբգրային մտքերը, մխիթարական խոսքերն ու քաջալերանքը։ Այնուհանդերձ, պետք է զգույշ լինել. միգուցե ուսումնասիրող անհատն արագորեն առաջխաղացումներ կատարելու հետ մեկտեղ դեռևս քրիստոնյային ոչ վայել, հաղթահարելիք գծեր ունի։ Ուստի, իմաստուն չի լինի նրա հետ չափից ավելի մտերմանալը։ Հարկավոր է պահպանել քրիստոնեական սկզբունքներից բխող սահմանները (Ա Կորնթացիս 15։33)։
15. Ինչպե՞ս կարող ենք հարգանք ցուցաբերել ուսումնասիրողների հանդեպ։
15 Եթե հարգում ենք անհատին, ապա չենք փորձի հսկողություն սահմանել նրա կյանքի վրա (Ա Թեսաղոնիկեցիս 4։11)։ Ենթադրենք, թե ուսումնասիրություն ենք անցկացնում մի կնոջ հետ, որը համատեղ, անօրինական կապով ապրում է մի տղամարդու հետ։ Միգուցե նրանք երեխաներ ունեն։ Իսկ այժմ, Աստծո մասին ճշմարիտ գիտությունը ստանալով՝ այդ կինը ցանկանում է շտկել իր կյանքը (Եբրայեցիս 13։4)։ Ուրեմն ինչ, նա պետք է ամուսնանա՞ այդ անձնավորության հետ, թե՞ հեռանա նրանից։ Գուցե կարծում ենք, թե անբավարար հոգևոր հետաքրքրություններ ունեցող կամ բոլորովին չունեցող մարդու հետ ամուսնանալը հետագայում կխանգարի նրա առաջընթացին։ Իսկ մյուս կողմից, անհանգստանում ենք այդ կնոջ երեխաների բարօրության համար և գտնում ենք, որ նրա հետ ամուսնանալը ճիշտ կլիներ։ Ամեն դեպքում, մեր կողմից անհարգալից ու անսիրալիր քայլ կլիներ նրա կյանքին միջամտելը ու մեր կարծիքը նման հարցերում նրա վզին փաթաթելը։ Չէ՞ որ իր կայացրած որոշման հետևանքներն ինքն է կրելու։ Ուստի, ավելի ցանկալի չէ՞ր լինի վարժեցնել նրան օգտագործելու իր «զգայարանները», որպեսզի անձամբ որոշի, թե ինչպես է վարվելու (Եբրայեցիս 5։14)։
16. Երեցներն ինչպե՞ս կարող են սեր ու հարգանք ցուցաբերել Աստծո հոտի նկատմամբ։
16 Հատկապես կարևոր է, որ երեցները հոտի հետ սիրով ու հարգանքով վերաբերվեն։ Պողոսը գրեց Փիլիմոնին. «Չնայած մեծ համարձակութիւն ունեմ Քրիստոսով հրամայելու քեզ անել, ինչ որ պէտք է, սակայն սէրը ստիպում է ինձ, որ աղաչեմ» (Փիլիմոն 8, 9)։ Երբեմն դառնացնող իրավիճակներ են առաջանում ժողովի ներսում։ Նույնիսկ կարող է հաստատակամության կարիք զգացվի։ Պողոսը հորդորեց Տիտոսին. «Նրանց [մոլորվածներին] խստագոյնս կշտամբի՛ր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ» (Տիտոս 1։13)։ Բայց անգամ այդ դեպքում վերակացուները պետք է զգուշանան ժողովի անդամների հետ կոպիտ խոսելուց։ Պողոսը գրեց. «Տիրոջ ծառան պէտք չէ, որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ» (Բ Տիմոթէոս 2։24; Սաղմոս 141։3)։
17. Մովսեսն ի՞նչ սխալ թույլ տվեց, և երեցներն ի՞նչ դաս կարող են քաղել դրանից։
17 Վերակացուները միշտ պիտի հիշեն, որ իրենք հովվում են «Աստծոյ հօտը» (Ա Պետրոս 5։2)։ Հեզ լինելով հանդերձ՝ Մովսեսը մի պահ մոռացավ այս մասին։ Իսրայելացիները «դառնացրին նորա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներովը» (Սաղմոս 106։33)։ Իր հոտի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը մեծ դժգոհություն պատճառեց Աստծուն, չնայած որ մեղավոր էր նաև ժողովուրդը (Թուոց 20։2—12)։ Այսօր երեցները, նման հանգամանքներ դիմագրավելիս, պետք է փորձեն նրբանկատորեն սովորեցնել ու դաստիարակել։ Մեր եղբայրները լավ են հակազդում, երբ նրանց հետ սիրալիր են վերաբերվում, և ոչ թե այնպես, ինչպես կվերաբերվեին անօգնական կամ անհույս կորած անհատի հետ։ Հարկավոր է, որ երեցները պահպանեն Պողոսի ունեցած հետևյալ դրական տեսակետը. «Վստահ ենք Տիրոջով ձեր վրայ, թէ, ինչ որ պատուիրեցինք ձեզ, ե՛ւ անում էք, ե՛ւ կ’անէք» (Բ Թեսաղոնիկեցիս 3։4)։
Հարմարվեք նրանց ընդունակություններին և պահանջներին
18, 19. ա) Ինչպե՞ս կարող ենք համակերպվել համեստ կարողությունների տեր ուսումնասիրողների հետ։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր որոշակի հարցերում դժվարությունների են հանդիպում։
18 Արդյունավետ ուսուցիչը պատրաստ է համակերպվելու իր աշակերտների կարողությունների և սահմանափակ հնարավորությունների հետ (համեմատեք Յովհաննէս 16։12)։ Հիսուսի պատմած քանքարների առակում տերը «յուրաքանչիւրին ըստ իր կարողութեան» տվեց (Մատթէոս 25։15)։ Մենք կարող ենք հետևել այս օրինակին, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում։ Իհարկե, ցանկալի է Աստվածաշնչի վրա հիմնված ձեռնարկն ուսումնասիրել համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Սակայն պետք է ընդունենք, որ բոլորը չեն, որ ունեն ընթերցելու լավ կարողություն կամ նոր գաղափարներն արագորեն յուրացնելու ընդունակություն։ Ուստի, եթե դրականորեն տրամադրված անհատները դժվարանում են հետևել այդ արագ տեմպին, ապա հարկավոր է կողմնորոշվել, թե ե՛րբ է անհրաժեշտ կանգ առնել որևէ հարցի վրա, և ե՛րբ՝ առաջ անցնել։ Նյութը արագորեն անցնելուց ավելի կարևոր է աշակերտին օգնել, որպեսզի հասկանա իր սովորածը (Մատթէոս 13։51)։
19 Նույնը կարող ենք ասել նաև նրանց մասին, ովքեր դժվարությունների են հանդիպում այնպիսի հարցերում, ինչպիսին են երրորդության գաղափարը կամ կրոնական տոները։ Թեև հիմնականում կարիք չկա Աստվածաշնչի վրա հիմնված հավելյալ աղբյուրները ընդգրկել մեր ուսումնասիրության մեջ, սակայն կարող ենք ժամանակ առ ժամանակ այսպես անել, եթե դա իրոք օգուտներ կբերի։ Այս հարցում անհրաժեշտ է ողջամտություն ցուցաբերել կանխելու համար աշակերտի առաջադիմության ավելորդ դանդաղումը։
Եղեք խանդավառ
20. Ուսուցանելիս Պողոսը խանդավառություն և համոզվածություն ցուցաբերելու ի՞նչ օրինակ թողեց։
20 «Հոգով եռացէք»,— գրեց Պողոսը (Հռովմայեցիս 12։11)։ Այո՛, ինչպես Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս, այնպես էլ ժողովի հանդիպումներին առաջադրանքով հանդես գալու ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի եռանդով ու խանդավառությամբ լցված լինենք։ Պողոսը դիմեց թեսաղոնիկեցիներին. «Մեր աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ» (Ա Թեսաղոնիկեցիս 1։5)։ Այսպիսով՝ Պողոսն ու իր հավատակիցները տալիս էին «ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ [իրենց] անձը» (Ա Թեսաղոնիկեցիս 2։8)։
21. Ինչպե՞ս կարող ենք պահել մեր խանդավառությունը՝ ուսուցանելու հանձնարարությունները կատարելիս։
21 Իսկական խանդավառությունը բխում է հաստատապես համոզված լինելուց, որ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատները մեր ասելիքը լսելու կարիքն ունեն։ Եկեք ուսուցանելու որևէ հանձնարարություն չընդունենք որպես մեխանիկորեն կատարվելիք գործողություն։ Անկասկած, իր ուսուցման նկատմամբ այսպես զգուշորեն էր վարվում Եզրաս դպիրը։ Նա «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ եւ Իսրայէլի մեջ սովորեցնէ» (Եզրաս 7։10)։ Մենք էլ այդպես պիտի վարվենք՝ մանրամասն նախապատրաստվելով և նյութի կարևորության մասին խորհելով։ Եկեք աղոթենք Եհովային, որպեսզի մեզ լցնի հավատով ու համոզվածությամբ (Ղուկաս 17։5)։ Մեր խանդավառությամբ կկարողանանք Աստվածաշունչ ուսումնասիրող անհատների մեջ իսկական սեր զարգացնել ճշմարտության նկատմամբ։ Ինչ խոսք, մեր ուսուցմանը ուշադրություն դարձնելը երբեմն նաև սովորեցնելու հատուկ մեթոդներ է բովանդակում։ Դրանցից մի քանիսը կքննարկվեն մեր հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Գրությունների ըմբռնում», հատոր 2, էջ 1071, անգլ., հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Հիշո՞ւմ եք
◻ Ինչո՞ւ է այսօր հմուտ ուսուցիչների կարիք զգացվում։
◻ Ուսումնասիրական ի՞նչ լավ սովորություններ կարող ենք մշակել։
◻ Ինչո՞ւ է կարևոր սեր ու հարգանք ունենալ նրանց նկատմամբ, ում սովորեցնում ենք։
◻ Ինչպե՞ս կարող ենք հարմարվել Աստվածաշունչ ուսումնասիրողի կարիքներին։
◻ Ուրիշներին ուսուցանելիս՝ խանդավառությունն ու համոզվածությունն ինչո՞ւ են այդքան կարևոր։
[նկար 10–րդ էջի վրա]
Լավ ուսուցիչը Աստծո Խոսքը քննող է։
[նկար 13–րդ էջի վրա]
Աստվածաշունչ ուսումնասիրողների հանդեպ անհատական հետաքրքրություն ցույց տվեք։