Ծնողնե՛ր, ի՞նչ է սովորեցնում ձեր օրինակը
«Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ, եւ ընթացէ՛ք սիրով» (Եփեսացիս 5։1, 2)։
1. Ի՞նչ առաջնորդության մասին է հոգացել Եհովան մարդկային առաջին զույգի համար։
ԵՀՈՎԱՆ ընտանեկան կարգադրության Հիմնադիրն է։ Աշխարհի բոլոր ընտանիքներն իրենց գոյությամբ նրան են պարտական, քանի որ նա է հիմնել առաջին ընտանիքը և սերունդ ունենալու կարողությամբ օժտել մարդկային առաջին զույգին (Եփեսացիս 3։14, 15)։ Եհովան Ադամին ու Եվային կարևոր հրահանգներ տվեց այն մասին, թե ինչ պատասխանատվություններ պետք է կրեին, և որպեսզի այդ ամենն ի կատար ածվեր, նաև իրենց սեփական նախաձեռնությունը դրսևորելու մեծ ազատություն շնորհեց նրանց (Ծննդոց 1։28—30; 2։6, 15—22)։ Ադամի ու Եվայի մեղանչելուց հետո առաջ եկավ չափազանց բարդ մի իրավիճակ, որը պետք է ընտանիքները դիմագրավեին։ Այնուհանդերձ, Եհովան շարունակեց սիրով առաջնորդությունն իր ձեռքը վերցնել, ինչն, անշուշտ, կօգներ իր ծառաներին հաղթահարել դժվարությունները։
2. ա) Եհովան ինչպե՞ս իր գրավոր խոսքն ամրացրեց բանավոր հրահանգներով։ բ) Ի՞նչ հարցի շուրջ պետք է խորհեն ծնողները։
2 Մեծ Ուսուցիչ Եհովան ավելին է արել, քան միայն գրավոր հրահանգներ տալը այն մասին, թե ի՛նչ պետք է անենք և ինչի՛ց պիտի խուսափենք։ Հնում, բացի այդ հրահանգներից, նա տվեց նաև բանավոր հրահանգներ՝ քահանաների, մարգարեների և ընտանիքի գլուխների միջոցով։ Իսկ ո՞ւմ միջոցով է նա մեր օրերում բանավոր ուսուցանում. քրիստոնյա երեցների և ծնողների միջոցով։ Եթե դուք էլ ծնող եք, անո՞ւմ եք արդյոք հնարավոր ամեն բան ձեր ընտանիքը Եհովայի շավիղների համաձայն կրթելու համար (Առակաց 6։20—23)։
3. Հաջողությամբ խրատելու համար ի՞նչ կարող են ընտանիքի գլուխները սովորել Եհովայից։
3 Ինչպե՞ս կարելի է ընտանիքն ապահովել այդ ուսուցմամբ։ Այս առումով Եհովան ինքն է որպես օրինակ ծառայում։ Նա հստակորեն ասում է, թե ի՛նչն է լավ և ի՛նչը՝ վատ, ու շարունակ հիշեցնում է այդ մասին (Ելից 20։4, 5; Բ Օրինաց 4։23, 24; 5։8, 9; 6։14, 15; Յեսու 24։19, 20)։ Նա դիպուկ հարցերի միջոցով անհատին մտածելու տեղիք է տալիս (Յոբ 38։4, 8, 31)։ Օրինակների և կյանքի իրական պատմությունների միջոցով Եհովան հասնում է մեր սրտերին և կերտում մեզ (Ծննդոց 15։5; Դանիէլ 3։1—29)։ Ծնողնե՛ր, դուք էլ ձեր երեխաներին խրատելիս փորձո՞ւմ եք հետևել այդ օրինակին։
4. Ի՞նչ ենք սովորում Եհովայից խրատի վերաբերյալ, և ինչո՞ւ է այն կարևոր։
4 Եհովան խիստ վճռական է արդարությանը վերաբերող հարցերում, բայց, միևնույն ժամանակ, նա հաշվի է առնում անկատարության հետևանքները։ Ուստի, նախքան պատժելը, նա խրատում է՝ կրկին ու կրկին անգամներ նախազգուշացումներ և հիշեցումներ տալով (Ծննդոց 19։15, 16; Երեմիա 7։23—26)։ Պատժելիս նա չի խախտում ողջամտության սահմանները (Սաղմոս 103։10, 11; Եսայիա 28։26—29)։ Եթե մենք էլ նման կերպով ենք վարվում մեր երեխաների հետ, ապա դա ցույց է տալիս, որ ճանաչում ենք Եհովային, հետևաբար, մեր երեխաների համար նույնպես հեշտ կլինի ճանաչել նրան (Երեմիա 22։16; Ա Յովհաննէս 4։8)։
5. Ծնողները ի՞նչ կարող են Եհովայից սովորել ուշադրությամբ լսելու մասին։
5 Հրաշալի է, որ Եհովան լսում է մեզ ինչպես սիրալիր Հայրը՝ իր զավակին։ Նա սոսկ հրամաններ չի արձակում, այլ նաև հորդորում է բաց անել իր առաջ մեր սրտերը (Սաղմոս 62։8)։ Եթե մեր արտահայտած զգացումները չեն համընկնում նրա սպասումներին, ապա կշտամբանքով չի արձագանքում, այլ համբերատարությամբ սովորեցնում է մեզ։ Որքա՜ն տեղին է հնչում Պողոս առաքյալի խորհուրդը. «Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ» (Եփեսացիս 4։31—5։1)։ Ի՜նչ հրաշալի օրինակ է Եհովան ծառայում ծնողների համար երեխաներին խրատելու հարցում։ Այս օրինակը մեր սրտերն անտարբեր չի թողնում և Աստծո՝ կյանքի ճանապարհով քայլելու ցանկություն է մեր մեջ արթնացնում։
Օրինակի թողած ազդեցությունը
6. Ի՞նչ ազդեցություն են թողնում ծնողների վարքն ու օրինակը իրենց երեխաների վրա։
6 Բանավոր խրատներից բացի, կենդանի օրինակը իր խոր ազդեցությունն է թողնում երեխաների վրա։ Անկախ ծնողների կամքից՝ փոքրերն ընդօրինակում են նրանց։ Մի գեղեցիկ օր, երբ ծնողները լսում են, թե ինչպես են երեխաները կրկնում իրենց ասածները, նրանք կամ ուրախանում են, կամ էլ անակնկալի գալիս։ Ծնողների վարքը և հոգևորի հանդեպ դրսևորած նրանց ճիշտ վերաբերմունքը դրական ազդեցություն են թողնում երեխաների վրա (Առակաց 20։7)։
7. Որպես ծնող՝ Հեփթայեն ի՞նչ օրինակ թողեց իր դստեր համար, և արդյունքն ի՞նչ եղավ։
7 Թե ինչ ազդեցություն են ծնողները թողնում իրենց զավակների վրա, այդ մասին շատ լավ նկարագրվում է Աստվածաշնչում։ Հեփթայեն, որը Եհովայի օգնությամբ առաջնորդեց իսրայելացիներին ամորհացիների դեմ պատերազմի և հաղթանակ տարավ, նույնպես հայր էր։ Ամմոնի թագավորին ուղղված նրա խոսքերից պարզ երևում է, որ նա հաճախ էր կարդում իսրայելացիների պատմությունը և տեղյակ էր, թե ինչպես է Եհովան վերաբերվել նրանց հետ։ Այդ պատճառով նա կարողացավ անկաշկանդ ներկայացնել այդ պատմությունը և հետագայում ամուր հավատ դրսևորեց դեպի Եհովան։ Անկասկած, նրա օրինակն օգնեց իր դստերը հավատ զարգացնելու, ինչպես նաև անձնուրաց ոգի, որը երևում է նրա այն արարքից, երբ նա իր ողջ կյանքը նվիրեց Աստծուն ծառայելուն (Դատաւորաց 11։14—27, 34—40; համեմատեք Յեսու 1։8)։
8. ա) Ո՞ր հարցում էին Սամուելի ծնողներն անբասիր օրինակ թողել։ բ) Նրանց թողած օրինակը ինչպե՞ս օգնեց Սամուելին։
8 Հաջորդը Սամուելն է, որը մանուկ հասակում օրինակելի երեխա էր և իր մնացած կյանքի ընթացքում Եհովայի հավատարիմ մարգարեն մնաց։ Չէի՞ք ցանկանա, որ ձեր երեխաներն էլ այսպիսի ճանապարհով ընթանային։ Իսկ ի՞նչ օրինակ էին թողել Սամուելի ծնողները՝ Եղկանան և Աննան։ Չնայած այն բանին, որ նրանց ընտանիքն ապրում էր նյութապես ոչ այնքան բարվոք պայմաններում, դա չէր խանգարում նրանց, որ կանոնավորաբար երկրպագության գնային Սելով, որտեղ գտնվում էր սուրբ տապանակը (Ա Թագաւորաց 1։3—8, 21)։ Նկատի առեք, թե որքա՜ն խորն էին Աննայի զգացումները, երբ նա աղոթքով դիմեց Աստծուն (Ա Թագաւորաց 1։9—13)։ Ուշադրություն դարձրեք, թե ինչքան կարևոր էր երկուսի համար էլ Աստծուն տված յուրաքանչյուր խոստումը կատարելը (Ա Թագաւորաց 1։22—28)։ Նրանց թողած անբասիր օրինակի շնորհիվ, ինչ խոսք, Սամուելի մեջ այնպիսի հատկություններ զարգացան, որոնք հնարավորություն տվեցին նրան արդար կյանք վարել, հակառակ այն բանին, որ իրեն շրջապատող մարդիկ, ձևականորեն պաշտելով Աստծուն, հարգանք չէին ցուցաբերում դեպի նրա ճանապարհները։ Ժամանակի ընթացքում Սամուելը Եհովայի կողմից ընտրվեց որպես մարգարե (Ա Թագաւորաց 2։11, 12; 3։1—21)։
9. ա) Ո՞ւմ թողած օրինակներն էին դրական ազդեցություն գործել Տիմոթեոսի վրա։ բ) Ինչպիսի՞ անձնավորություն ի վերջո դարձավ Տիմոթեոսը։
9 Կուզեի՞ք, որ ձեր որդին Տիմոթեոսի օրինակին հետևեր, որը դեռ երիտասարդ հասակում արդեն Պողոս առաքյալի գործակիցն էր։ Չնայած Տիմոթեոսի հայրը հավատացյալ չէր, սակայն նրա մայրն ու տատը հոգևորի հանդեպ գնահատանք տածելու հիանալի օրինակ էին թողել նրան։ Այս օրինակն, անկասկած, ամուր հիմք հանդիսացավ Տիմոթեոսի համար նրա հետագա քրիստոնեական կյանքի ընթացքում։ Աստվածաշնչից մենք իմանում ենք նրա մոր, Եվնիկեի և տատի՝ Լավոդեայի «անկեղծ հաւատի» մասին։ Նրանց քրիստոնեական կյանքը ձևական բնույթ չէր կրում. այս կանայք իսկապես ապրում էին իրենց տածած հավատի հետ ներդաշնակ և պատանի Տիմոթեոսին էլ նույնն էին սովորեցնում։ Իր գործերով Տիմոթեոսն ապացուցեց, որ վստահելի անձնավորություն է, և որ իսկապես սրտանց հետաքրքրվում է ուրիշների բարեկեցությամբ (Բ Տիմոթէոս 1։5; Փիլիպպեցիս 2։20—22)։
10. ա) Տանից դուրս ո՞ւմ թողած օրինակները կարող են ազդեցություն գործել մեր երեխաների վրա։ բ) Ինչպե՞ս է հարկավոր արձագանքել, երբ այդ ազդեցություններն ի հայտ են գալիս մեր երեխաների խոսքի և վարքի մեջ։
10 Հարկ է նշել, որ մեր երեխաները, բացի տան անդամներից, նաև շրջապատի մարդկանց թողած օրինակների ազդեցությանն էլ են ենթարկվում։ Նրանք դպրոց են հաճախում ուրիշ երեխաների հետ, դպրոցում առնչվում են ուսուցիչների հետ, որոնց աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի ձևավորեն կամ կերտեն երիտասարդ սերնդի մտածելակերպը. նրանց շրջապատում կան մարդիկ, որոնց կարծիքով յուրաքանչյուր անհատ պետք է ապրի տվյալ հասարակության կամ համայնքի մեջ արմատավորված սովորույթների համաձայն։ Իրենց թողած ազդեցությամբ չի կարելի անտեսել նաև սպորտի աստղերին, որոնք փառաբանվում են այդ ասպարեզում ունեցած իրենց հաջողությունների համար, հասարակական գործիչներին, որոնց գործունեության մասին մենք իմանում ենք մամուլից կամ օրվա նորություններից։ Միլիոնավոր երեխաներ նաև դաժան պատերազմների ազդեցությանն են ենթարկվում։ Պե՞տք է արդյոք մեզ զարմացնի այն իրողությունը, երբ այս ամենի թողած ազդեցությունն ի հայտ է գալիս մեր երեխաների խոսքում կամ նրանց վարքի մեջ։ Իսկ ինչպե՞ս ենք արձագանքում նման երևույթներ նկատելիս։ Լուծումը տեսնում ենք սուր կշտամբանքի՞ ու մռայլ քարոզների՞ մեջ։ Չշտապենք մեր երեխաներին կտրուկ խոսքեր ուղղել, դրա փոխարեն, եկեք ինքներս մեզ հարցնենք. «Կարո՞ղ ենք արդյոք հաղթահարել նման դժվարությունները, եթե հաշվի առնենք, թե Եհովա՛ն ինչպես է վարվում մեզ հետ» (համեմատեք Հռովմայեցիս 2։4)։
11. Ինչպե՞ս կարող են ծնողների թույլ տված սխալներն ազդել երեխաների վարքագծի վրա։
11 Իհարկե, անկատարության պատճառով միշտ չէ, որ ծնողները լավագույն կերպով են լուծում խնդիրները. երբեմն նրանք սխալներ են թույլ տալիս։ Այդ սխալները նկատելիս երեխաները դժվարանո՞ւմ են հարգել իրենց ծնողներին։ Թերևս. հատկապես այն դեպքերում, երբ ծնողները փորձում են քողարկել իրենց թերությունները՝ պատեհ և անպատեհ առիթներով շեշտելով իրենց ծնողական իշխանությունը։ Սակայն արդյունքում կարող է բոլորովին այլ պատկեր ստեղծվել, եթե ծնողները հեզ են ու հեշտությամբ ընդունում են իրենց սխալները։ Այս պարագայում նրանք անփոխարինելի օրինակ կարող են հանդիսանալ իրենց զավակների համար, որոնց անհրաժեշտ է սովորեցնել նույնը անել (Յակոբոս 4։6)։
Ի՞նչ կարող է սովորեցնել մեր անձնական օրինակը
12, 13. ա) Երեխաներին ի՞նչ է պետք սովորեցնել սիրո մասին, և ինչպե՞ս դա կարելի է անել ամենահաջող կերպով։ բ) Ինչո՞ւ է կարևոր, որ երեխաները սովորեն սիրո մասին։
12 Երեխաներին արժեքավոր դասեր տալու մեջ հաջողության հասնելու համար բանավոր խոսքը կարելի է զուգորդել բարի օրինակի հետ։ Քննարկենք մի քանի դեպքեր։
13 Անձնուրաց սեր։ Ամենակարևոր դասերից մեկը, որը հարկավոր է նրանց մեջ ամրացնել օրինակով, սիրո իմաստը բացատրելն է։ «Մենք զանիկա կը սիրենք, վասն զի ան [Աստված] առաջ մեզ սիրեց» (Ա Յովհաննէս 4։19, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Աստված է սիրո Աղբյուրը և նրա մեծագույն օրինակը։ Սկզբունքների վրա հիմնված սերը՝ «ագա՛պեն», Աստվածաշնչում հիշատակվում է ավելի քան 100 անգամ։ Այս սերը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող հատկություններից մեկն է (Յովհաննէս 13։35)։ Մարդիկ այն պետք է դրսևորեն Աստծո, Հիսուս Քրիստոսի և միմյանց հանդեպ։ Այդ սերը պետք է ցույց տանք նաև այն մարդկանց, որոնց նկատմամբ ինքնաբուխ համակրանք թերևս չենք տածում (Մատթէոս 5։44, 45; Ա Յովհաննէս 5։3)։ Մեր երեխաների մեջ այդ սիրո սերմերը ցանելուց առաջ, նախ այն պետք է մեր սրտերում արմատանա և դրսևորվի մեր կյանքում։ Գործերը բարձր են հնչում խոսքերից։ Ընտանիքում երեխան պետք է տեսնի սեր և կապվածություն, այլապես, վերջիններիս բացակայության դեպքում, երեխայի ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ զարգացումը կանգ է առնում։ Երեխաները պետք է նաև ականատես լինեն, թե ծնողներն ինչպես են սեր ու կապվածություն ցույց տալիս ընտանիքից դուրս գտնվողների՝ իրենց քրիստոնյա հավատակիցների հանդեպ (Հռովմայեցիս 12։10; Ա Պետրոս 3։8)։
14. ա) Ինչպե՞ս կարելի է երեխաներին սովորեցնել աշխատանքն այնպես կատարել, որ նրանք մեծագույն բավականություն ստանան։ բ) Ինչպե՞ս կկիրառեք այս խորհուրդը ձեր ընտանիքում։
14 Սովորեցնել աշխատել։ Աշխատանքը կյանքի կարևորագույն բաղկացուցիչ մասն է։ Իր արժանիքը գիտակցելու՝ իրեն հարգելու համար մարդ պետք է սովորի լավ աշխատել (Ժողովող 2։24; Բ Թեսաղոնիկեցիս 3։10)։ Եթե ծնողը երեխային կշտամբում է տրված հանձնարարությունը վատ կատարելու համար, ընդ որում նա բավարար չափով չէր բացատրել, թե ինչպես այն կատարել, ապա երեխան դժվար թե երբևիցե սովորի ճիշտ ձևով այն անել։ Բայց եթե նա սովորում է ծնողների հետ կողք–կողքի աշխատելով և ընթացքում համապատասխան ցուցումներ է ստանում, այդ դեպքում ավելի մեծ կլինի սովորելու հավանականությունը՝ ինչպես կատարել այնպիսի աշխատանք, որից կարելի է բավականություն ստանալ։ Եթե ծնողներն օրինակ ծառայելու հետ մեկտեղ նաև բացատրում են, ապա երեխաները ոչ միայն կսովորեն, թե ինչպես անել տվյալ աշխատանքը, այլև կիմանան, թե ինչպես հաղթահարել ծագող խնդիրները, ինչպես համբերությամբ ավարտին հասցնել գործը և ինչպես ընթացքում կարողանալ զուգահեռ մտածել ու որոշումներ կայացնել։ Այդ հանգամանքներում նրանց կարելի է բացատրել, որ Եհովան նույնպես աշխատում է, որ նա բարի գործ է կատարում, և որ Հիսուսն ընդօրինակում է իր Հորը (Ծննդոց 1։31; Առակաց 8։27—31; Յովհաննէս 5։17)։ Եթե ընտանիքը հողագործությամբ կամ որևէ գործարքով է զբաղվում, ապա ընտանիքի անդամները կարող են աշխատել միասին։ Կամ, օրինակ՝ մայրը կարող է աղջկան կամ տղային սովորեցնել ճաշ եփել, ուտելուց հետո սեղանը հավաքել և մաքրել։ Տանից դուրս աշխատող հայրը կարող է իր օրն այնպես պլանավորել, որ հասցնի որևէ աշխատանք կատարել տանը՝ երեխաների հետ միասին։ Շատ օգտակար է, երբ ծնողները նպատակ են դնում ոչ միայն գործն արագ ավարտել, այլ նաև ընթացքում երեխաներին կյանքի համար նախապատրաստել։
15. Ինչպե՞ս կարելի է հավատին վերաբերող դասեր տալ։ Բերեք օրինակ։
15 Ամուր հավատ պահպանել փորձությունների ժամանակ։ Հավատը նույնպես մեր կյանքի կարևորագույն մասնիկն է։ Երբ ընտանեկան ուսումնասիրությունների ժամանակ խոսք է գնում հավատի մասին, երեխաներին հեշտ է դառնում ընկալել դրա իմաստը։ Նրանք նաև ծանոթանում են այն փաստերի հետ, որոնց շնորհիվ հավատն ամուր արմատներ է ձգում նրանց սրտերում։ Երեխաների հիշողության մեջ ընդմիշտ տպավորվում է հատկապես ծանր փորձությունների ժամանակ իրենց ծնողների ցուցաբերած անսասան հավատը։ Այս կապակցությամբ եկեք քննարկենք Պանամայում ապրող մի կնոջ օրինակը, որի ամուսինը, տեսնելով, որ կինը Աստվածաշունչ է ուսումնասիրում, սպառնում է, թե նրան կվտարի տնից, եթե չդադարեցնի Եհովային ծառայելը։ Չնայած սպառնալիքներին՝ իր չորս երեխաների հետ միասին այդ կինը շարունակում է կանոնավորաբար հաճախել Թագավորության սրահ, որտեղ հասնելու համար նախ՝ ոտքով տասնվեց կիլոմետր էր անցնում, ապա՝ ևս երեսուն կիլոմետր ավտոբուսով։ Նրա օրինակից ոգևորվելով՝ ընտանիքի քսան անդամներն ընդունում են ճշմարտությունը։
Օրինակ Աստվածաշնչի առօրյա ընթերցանության մեջ
16. Ինչո՞ւ է խորհուրդ տրվում ամեն օր ընտանիքով ընթերցել Աստվածաշունչը։
16 Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունն այն արժեքավոր սովորություններից մեկն է, որն ընտանիքը կարող է մտցնել իր առօրյայի մեջ, և որը մեծապես կպարգևատրի ծնողներին՝ օրինակ հանդիսանալով երեխաների համար։ Եթե հնարավոր է ամեն օր կարդալ Աստվածաշունչը, մի՛ զլացեք դա անել։ Սակայն կարևորն այն չէ, թե ընթերցելիս որքան նյութ եք ընդգրկում. առավել կարևոր է կանոնավորությունը և այն, թե ինչպես է դա արվում։ Աստվածաշնչի ընթերցանության հետ մեկտեղ երեխաների համար կարելի է ավելացնել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի ձայներիզը, եթե վերջինս մատչելի է ձեր լեզվով։ Ամեն օր Աստծո Խոսքն ընթերցելու շնորհիվ հնարավորություն եք ունենում Աստծո մտքերը միշտ պահել ձեր հիշողության մեջ։ Եվ լավ կլինի ոչ թե անհատապես, այլ՝ ամբողջ ընտանիքով ընթերցել, քանզի դա կօգնի ընտանիքի բոլո՛ր անդամներին ընթանալ Եհովայի ճանապարհներով։ Հենց այս մասին էր խորհուրդ տրվում վերջերս տեղի ունեցած «Աստվածահաճո կյանքի ուղին» անունը կրող համաժողովի դրամայում, որը կոչվում էր «Ընտանիքնե՛ր, թող Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը ձեզ համար սովորություն դառնա» (Սաղմոս 1։1—3)։
17. Ինչպե՞ս է ընտանիքի անդամների հետ Աստվածաշնչի ընթերցանությունը և հիմնական համարները մտապահելը օգնում կիրառել Եփեսացիս 6։4–ում ամփոփված խորհուրդը։
17 Ընտանիքով Աստվածաշունչն ընթերցելու սովորությունը ներդաշնակ է եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի խոսքերի հետ. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։4)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ «Ուսում» տալ բառը բառացի նշանակում է «միտք դնել», ուստի քրիստոնյա հայրերին հորդոր է տրվում Եհովա Աստծո միտքը «դնել» իրենց զավակների մեջ, այսինքն՝ օգնել նրանց հասկանալ Աստծո մտքերը։ Այդ գործին կնպաստի նաև այն, եթե քաջալերենք երեխաներին հնարավորին չափ մտապահել Աստվածաշնչի կարևոր համարները։ Վերջինիս նպատակն այն է, որ Եհովայի միտքը երեխաների մտածելակերպն առաջնորդի այնպես, որ նրանց ցանկությունների ու վարքի մեջ աստիճանաբար սկսեն արտացոլվել Աստծո չափանիշները՝ անկախ այն բանից՝ նրանց ծնողներն իրենց կողքին են, թե՝ ոչ։ Այդպիսի մտածելակերպի հիմքը կարող ենք գտնել Աստվածաշնչի խոսքերում (Բ Օրինաց 6։6, 7)։
18. Աստվածաշունչն ընթերցելիս ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի ա) լավ հասկանանք կարդացածը, բ) օգուտ քաղենք համարում պարփակված խորհրդից, գ) արձագանքենք Եհովայի նպատակի մասին նրա պարունակած տեղեկությանը, դ) օգուտ քաղենք այն ամենից, ինչ ասվում է մարդկանց վերաբերմունքի և գործերի մասին։
18 Ի դեպ, որպեսզի Աստվածաշունչը ազդեցություն թողնի մեր կյանքում, պետք է հասկանանք, թե ի՛նչ է այն ասում։ Այդ պատճառով շատերը գուցե միևնույն հատվածը մի քանի անգամ ընթերցեն։ Որոշակի արտահայտությունների իմաստը հասկանալու համար թերևս անհրաժեշտ լինի դիմել բառարաններին կամ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանին (անգլ.)։ Իսկ եթե Աստվածաշնչի համարը որևէ խորհուրդ կամ պատվիրան է պարունակում, ժամանակ հատկացրեք խոսելու այն մասին, թե հատկապես ո՛ր իրավիճակներում կարելի է դա կիրառել։ Այնուհետև մտածեք. «Այս խորհուրդը կիրառելուց ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ» (Եսայիա 48։17, 18)։ Եթե այդ համարում խոսվում է Եհովայի նպատակի որոշ կողմերի մասին, հարցրեք. «Ի՞նչ կապ ունի այս հանգամանքը մեր կյանքի հետ»։ Ենթադրենք՝ որևէ պատմություն եք կարդում մարդկանց դրսևորած վերաբերմունքի ու գործերի մասին։ Ինչպիսի՞ դժվարություններ էին նրանք կրում և ինչպե՞ս էր նրանց հաջողվում հաղթահարել դրանք, ի՞նչ օգուտներ կարող ենք մենք քաղել այդ օրինակներից և այլն։ Միշտ ժամանակ հատկացրեք քննարկմանը՝ այն, թե ի՛նչ նշանակություն ունի տվյալ հաղորդագրությունը մեզ համար (Հռովմայեցիս 15։4; Ա Կորնթացիս 10։11)։
19. Աստծուն նմանվելով՝ ի՞նչ անելու հնարավորություն կտանք մեր երեխաներին։
19 Ի՜նչ հիանալի է, որ այս մեթոդներով Աստծո միտքն իր ազդեցությունը կգործի մեր մտքերի և սրտերի վրա։ Դրանք կիրառելով՝ մենք իրական օգնություն կստանանք ‘Աստծուն նմանվելու որպես սիրելի զավակներ’ (Եփեսացիս 5։1)։ Եվ օրինակ կծառայենք մեր երեխաներին. օրինակ, որն իրոք արժանի է ընդօրինակման։
Հիշո՞ւմ եք
◻ Ի՞նչ օգուտ կարող են ծնողները քաղել Եհովայի օրինակից։
◻ Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ բանավոր հրահանգների հետ զուգահեռ ծնողները նաև լավ օրինակ ծառայեն իրենց երեխաներին։
◻ Ծնողներն իրենց օրինակով ի՞նչ կարող են լավագույն կերպով սովորեցնել։
◻ Ինչպե՞ս կարելի է լիարժեք օգուտներ ստանալ ընտանիքով Աստվածաշունչ կարդալուց։
[նկարներ 20–րդ էջի վրա]
Շատերն ընտանիքով Աստվածաշունչ ընթերցելու սովորություն ունեն։