«Ցանկալիքը» լցնում է Եհովայի տունը
«Կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով» (ԱՆԳԷ 2։7)։
1. Վտանգի ժամանակ ինչո՞ւ ենք առաջին հերթին մտածում մեզ համար սիրելի մարդկանց մասին։
Ի՞ՆՉ ՑԱՆԿԱԼԻ բաներ են լցնում ձեր տունը. ունե՞ք շքեղ կահույք, ժամանակակից համակարգիչ, նոր ավտոմեքենա՝ ավտոտնակում։ Նույնիսկ եթե այս ամենը ունեք, մի՞թե չեք համաձայնվի, որ ամենաթանկագին բանը, որ կա ձեր տան մեջ, դա մարդիկ են՝ ձեր ընտանիքի անդամները։ Մի պահ պատկերացրեք, որ գիշերը արթնանում եք ծխի հոտից։ Տունն ամբողջովին կրակի բոցերի մեջ է, և ընդամենը մի քանի րոպե ունեք փախչելու համար։ Ինչի՞ մասին եք առաջին հերթին անհանգստանում. կահույքի՞, համակարգչի՞, թե՞ ավտոմեքենայի... Մի՞թե նախ և առաջ չեք մտածում տնեցիների մասին։ Ինչ խոսք, դա այդպես է, քանի որ մարդիկ իրերից անհամեմատ ավելի թանկ են։
2. Ի՞նչ է իր մեջ պարփակում Եհովայի արարչագործությունը, և նրա ստեղծածներից որի՞ հետ էր Հիսուսի ուրախությունը։
2 Այժմ խորհեցեք Եհովա Աստծո և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Եհովան արարել է «երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ» (Գործք 4։24)։ Նրա Որդին՝ «ճարտարապետը», այն օգնականն է, որի միջոցով Եհովան ստեղծել է ամեն բան (Առակաց 8։30, 31; Յովհաննէս 1։3; Կողոսացիս 1։15—17)։ Անկասկած, թե՛ Եհովան, թե՛ Հիսուսը գնահատում են իրենց ստեղծած բոլոր բաները (համեմատեք Ծննդոց 1։31)։ Սակայն, ի՞նչ եք կարծում, ստեղծագործություններից ո՛ր մեկն իրենց համար ավելի մեծ նշանակություն ուներ, մարդի՞կ, թե՞ մնացած բաները։ Իմաստության դերում անձնավորված Հիսուսն ասում է. «Իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր»։
3. Ի՞նչ է մարգարեացել Եհովան Անգեի միջոցով։
3 Անկասկած, Եհովան շատ բարձր է գնահատում մարդկանց։ Դրա մասին են վկայում մ.թ.ա. 520 թ.–ին Անգե մարգարեի միջոցով նրա հաղորդած խոսքերը. «Կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով.... այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը» (Անգէ 2։7, 9)։
4, 5. ա) Ինչո՞ւ սխալ կլինի եզրակացնել, որ «ցանկալիքը» վերաբերում է նյութական հարստությանը։ բ) Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «ցանկալիքը» և ինչո՞ւ։
4 Ի՞նչ «ցանկալիք» էր լցնելու Եհովայի տունը և այնպիսի փառք բերելու, ինչպիսին դեռ երբեք չէր եղել։ Դա շքեղ կահավորանքն ու հարուստ զարդարանքնե՞րն էին. ոսկին, արծաթն ու թանկարժեք քարե՞րը։ Հազիվ թե։ Հիշենք, որ նախկին տաճարը Ամբակումի օրերից շուրջ հինգ դար առաջ՝ իր հանդիսավոր բացման օրը, մի քանի միլիարդ դոլլարի արժողություն ուներ։a Վստահաբար, Եհովան չէր ակնկալում, որ այն՝ թվով համեմատաբար քիչ հայրենադարձ հրեաների կառուցած տաճարը նյութապես գերազանցեր Սողոմոնի կառուցած տաճարին։
5 Ուրեմն, ի՞նչն է այն «ցանկալիքը», որը պետք է լցներ Եհովայի տունը։ Պարզ է, որ այդ «ցանկալիքը» մարդիկ են։ Վերջապես, Եհովայի սիրտն ուրախացնում են ոչ թե ոսկին ու արծաթը, այլ մարդիկ, որոնք ծառայում են իրեն սիրուց մղված (Առակաց 27։11; Ա Կորնթացիս 10։26)։ Այո՛, այն տղամարդիկ, կանայք և երեխաները, որոնք Աստծուն ծառայում են իրեն հաճելի կերպով, գանձեր են նրա աչքում (Յովհաննէս 4։23, 24)։ Նրանք են այդ «ցանկալիքը» և շատ ավելի թանկ են Եհովայի համար, քան Սողոմոնի տաճարի ողջ պերճանքն ու հարստությունը։
6. Ի՞նչ նպատակի էր ծառայում Աստծո նախկին տաճարը։
6 Չնայած անդադար հակառակություններին՝ տաճարի վերաշինությունն իր ավարտին էր հասցվել մ.թ.ա. 515 թ.–ին։ Մինչև Հիսուսի կողմից իր կյանքը զոհաբերելը, Երուսաղեմի տաճարը մաքուր երկրպագության կենտրոնն էր շատ «ցանկալիքի» համար, որի մեջ էին մտնում բուն հրեաներն ու նորահավատ հեթանոսները։ Սակայն, ինչպես դեռ կտեսնենք, տաճարը շատ ավելի վեհ մի բան էր ներկայացնում։
Առաջին դարի կատարումը
7. ա) Ինչի՞ նախաշուքն էր հանդիսանում Երուսաղեմում գտնվող Աստծո նախկին տաճարը։ բ) Նկարագրեք, թե ի՞նչ էր անում քահանայապետը քավության օրը։
7 Երուսաղեմի տաճարը երկրպագության մի ավելի մեծ կարգադրության՝ Աստծո հոգևոր տաճարի նախաշուքն էր հանդիսանում, որը նա հաստատեց մ.թ. 29 թ.–ին և Հիսուսին կարգեց որպես քահանայապետ (Եբրայեցիս 5։4—10; 9։11, 12)։ Եկեք զուգահեռ անցկացնենք Իսրայելի քահանայապետի կողմից իր պարտականությունների կատարման և Հիսուսի կատարածի միջև։ Ամեն տարի՝ քավության օրը, քահանայապետը մոտենում էր տաճարի գավիթում տեղավորված զոհասեղանին և քահանաների մեղքերի քավության համար մատղաշ ցուլ (զվարակ) զոհաբերում։ Որից հետո, ցլիկի արյունը ձեռքին, մտնում էր տաճար, անցնում նախ՝ Սրբությունը գավիթից բաժանող դռներով, ապա՝ Սրբությունը Սրբությունների Սրբությունից բաժանող վարագույրների ետևը։ Սրբությունների Սրբությունում քահանայապետը արյունը շաղ էր տալիս ուխտի տապանակի վրա։ Այնուհետև, նույն կարգով նա այծերից մի նոխազ էր զոհաբերում Իսրայելի տասներկու ոչ քահանայական ցեղերի մեղքերի քավության համար (Ղեւտացոց 16։5—15)։ Ի՞նչ կապ ունի այս արարողությունը Աստծո հոգևոր տաճարի հետ։
8. ա) Ինչպե՞ս Հիսուսը որպես զոհ ներկայացվեց մ.թ. 29 թ. սկզբներին։ բ) Եհովայի հետ ի՞նչ յուրահատուկ փոխհարաբերության մեջ էր գտնվում Հիսուսը երկրի վրա իր ծառայության ողջ ընթացքում։
8 Հիսուսը, փաստորեն, որպես զոհ ներկայացվեց Աստծո կամքի «զոհասեղանի» վրա, երբ մ.թ. 29 թ.–ին մկրտվեց և օծվեց Աստծո սուրբ ոգով (Ղուկաս 3։21, 22)։ Իրականում, այդ իրադարձությամբ սկիզբ դրվեց Հիսուսի անձնազոհ կյանքի ուղուն, որը տևեց երեքուկես տարի (Եբրայեցիս 10։5—10)։ Այդ ժամանակի ընթացքում Հիսուսն Աստծո հետ այնպիսի սերտ փոխհարաբերություն էր վայելում, ինչպիսին ունեն միայն ոգուց ծնվածները։ Այս անզուգական դիրքը, որը Հիսուսն ուներ իր երկնային Հոր առջև, մարդկանցից ոչ մեկը չէր կարող լիովին ըմբռնել. կարծես նրանց աչքերը սքողված էին վարագույրով այնպես, ինչպես Սրբությունն էր ծածկված խորանի գավիթում գտնվողների աչքից (Ելից 40։28)։
9. Ինչո՞ւ Հիսուսը չէր կարող երկինք մտնել որպես մարդ, և ինչպե՞ս հաղթահարվեց այդ արգելքը։
9 Չնայած որ Աստծո ոգուց ծնված Որդի էր, Հիսուսը՝ որպես մարդ, չէր կարող երկնային կյանք ստանալ։ Ինչո՞ւ. քանի որ միսն ու արյունը չեն կարող Աստծո երկնային Արքայությունը ժառանգել (Ա Կորնթացիս 15։44, 50)։ Հիսուսի մարդկային մարմինը արգելք էր հանդիսանում, և այն վառ կերպով խորհրդանշված էր Աստծո հին տաճարում Սրբությունը Սրբությունների Սրբությունից անջատող վարագույրով (Եբրայեցիս 10։20)։ Սակայն իր մահից երեք օր հետո Հիսուսը հարություն ստացավ Աստծո կողմից որպես ոգեղեն արարած (Ա Պետրոս 3։18)։ Եվ այդ ժամանակ արդեն նրա համար ճանապարհ բացվեց դեպի Աստծո հոգևոր տաճարի Սրբությունների Սրբությունը, այսինքն՝ երկինք։ Պողոսը գրում է. «Քրիստոս ոչ թէ ճշմարտութեան օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտաւ, այլ՝ բուն իսկ երկինքը, որպէսզի մեզ համար ներկայանայ Աստծու առաջ» (Եբրայեցիս 9։24)։
10. Ի՞նչ արեց Հիսուսը երկինք վերադառնալուց հետո։
10 Երկնքում Հիսուսն իր զոհաբերության ‘արյունը շաղ տվեց’ այն իմաստով, որ իր արյան քավիչ արժեքը ներկայացրեց Եհովային։ Սակայն Հիսուսը դրանից ավելին արեց։ Իր մահից որոշ ժամանակ առաջ նա ասել էր իր հետևորդներին. «Գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք» (Յովհաննէս 14։2, 3)։ Ուստի, Սրբությունների Սրբություն կամ երկինք մտնելու հնարավորություն ստանալով՝ Հիսուսը ուրիշների համար ևս ճանապարհ բացեց (Եբրայեցիս 6։19, 20)։ Այդ անհատները՝ թվով 144 000 հոգի, Աստծո հոգևոր տաճարում պետք է ծառայեին որպես քահանաներ (Յայտնութիւն 7։4; 14։1; 20։6)։ Ինչպես որ Իսրայելի քահանայապետն էր ցլիկի արյունը առաջին հերթին տանում Սրբությունների Սրբություն քահանաների մեղքերի քավության համար, այնպես էլ Հիսուսի թափված արյան արժեքն առաջին հերթին կիրառվեց այս 144 000 քահանաների համար։b
Մեր օրերի «ցանկալիքը»
11. Ո՞ւմ համար էր Իսրայելի քահանայապետը այծերից մի նոխազ մատուցում, և ի՞նչ էր այդ արարողությունը խորհրդանշում։
11 Ըստ երևույթին, 1935 թ.–ից ի վեր օծյալների ընդհանուր հավաքն ավարտվել է։c Սակայն Եհովան չէր վերջացրել իր տունը փառավորելը։ «Ցանկալիքը» դեռ լցնելու էր այն։ Չմոռանանք, որ Իսրայելում քահանայապետը երկու կենդանի էր զոհ մատուցում. ցուլ՝ քահանաների մեղքերի և նոխազ՝ ոչ քահանայական ցեղերի համար։ Եթե քահանաները ներկայացնում էին Հիսուսի հետ միասին երկնային Թագավորությունում իշխողներին, այդ դեպքում ո՞ւմ էին ներկայացնում ոչ քահանայական ցեղերը։ Պատասխանը ստանում ենք Յովհաննէս 10։16–ում արձանագրված Հիսուսի խոսքերից. «Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ»։ Այսպիսով, Հիսուսի թափված արյունից օգուտ են քաղում մարդկանց երկու խմբեր. առաջինը՝ այն քրիստոնյաները, որոնք պետք է Հիսուսի հետ միասին իշխեն երկնքում, և երկրորդը՝ նրանք, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու երկրային դրախտում։ Ամենայն հավանականությամբ, հենց այս երկրորդ խմբին է մատնանշում Անգեի մարգարեության «ցանկալիքը» (Միքիա 4։1, 2; Ա Յովհաննէս 2։1, 2)։
12. Ինչպե՞ս է այսօր «ցանկալիքը» Աստծո տուն բերվում։
12 Այս «ցանկալիքը» շարունակում է լցնել Եհովայի տունը։ Վերջին տարիների ընթացքում Արևելյան Եվրոպայում, Աֆրիկյան մի շարք երկրներում և այլուր սահմանափակումները վերացվել են, ինչը հնարավորություն է տվել, որ Աստծո հաստատված Թագավորության բարի լուրը թափանցի մինչև այժմ անձեռնմխելի համարված տարածքները։ «Ցանկալիքը», մտնելով Աստծո «տաճար», իր հերթին սկսում է աշակերտներ պատրաստել՝ հնազանդվելով Հիսուսի պատվիրանին (Մատթէոս 28։19, 20)։ Իրենց ծառայության ընթացքում նրանք հանդիպում են տարբեր տարիքի մարդկանց, որոնք, հավանական է նույնպես դառնան Եհովայի տունը փառավորող «ցանկալիք»։ Նկատի առնենք մի քանի օրինակ։
13. Ինչպե՞ս է բոլիվիացի մի աղջնակ ցույց տալիս Թագավորության լուրը տարածելու իր եռանդը։
13 Բոլիվիայում հինգ տարեկան մի աղջիկ, որի ծնողները Վկաներ են, դպրոցում ուսուցչուհուց թույլտվություն է խնդրում շրջանային վերակացուի այցելության օրերը՝ մի շաբաթ, բացակայել դասերից։ Ինչո՞ւ։ Նա ուզում էր այդ առանձնահատուկ շաբաթվա ընթացքում ինքն էլ մասնակցել ծառայությանը։ Ծնողների համար դա անակնկալ էր, սակայն նրանք ուրախ էին իրենց աղջկա ցուցաբերած գովելի վերաբերմունքի համար։ Այդ աղջնակն այսօր Աստվածաշնչի հինգ տնային ուսումնասիրություն է վարում, և նրա «աշակերտներից» մի քանիսն արդեն հաճախում են ժողովի հանդիպումներին։ Նա Թագավորության սրահ է բերել նաև իր ուսուցչուհուն։ Շատ հավանական է, որ նրա հետ ներկայումս Աստվածաշունչն ուսումնասիրող անհատները լինեն այն «ցանկալիքից», որոնք փառավորելու են Եհովայի տունը։
14. Ինչպե՞ս է վարձատրվում կորեացի քրոջ հաստատակամությունը, երբ շարունակում է զրուցել առաջին հայացքից իր ասածով չհետաքրքրվող երիտասարդի հետ։
14 Կորեայում քրիստոնյա մի կին կայարանում գնացքին սպասելիս մոտենում է մի ուսանողի, որն ականջակալներով երաժշտություն էր լսում։ «Դուք պատկանո՞ւմ եք որևէ կրոնի»,— հարցնում է կինը։ «Ինձ ոչ մի կրոն չի հետաքրքրում»,— պատասխանում է երիտասարդը։ Պատասխանը չի շփոթեցնում քրոջը։ «Պատահում է,— շարունակում է նա,— որ ժամանակի ընթացքում մարդու մոտ կրոն ընտրելու ցանկություն է առաջանում։ Բայց եթե տվյալ անհատը ոչ մի տեղեկություն չունի կրոնի մասին, կարող է սխալ ընտրություն կատարել»։ Երիտասարդի դեմքի արտահայտությունն անմիջապես փոխվում է, և նա սկսում է հետաքրքրությամբ լսել։ Քույրը պատանուն առաջարկում է «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը և ավելացնում, որ այն կօգնի նրան, եթե վերջինս երբևէ ցանկանա կրոն ընտրել։ Երիտասարդը սիրով վերցնում է գիրքը։ Այդ հանդիպումից մի շաբաթ անց նա սկսում է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և այժմ հաճախում է ժողովի բոլոր հանդիպումներին։
15. Ինչպե՞ս է ճապոնացի մի աղջիկ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսում, և արդյունքում ի՞նչ վարձատրություն է ստացել իր ներդրած ջանքերի համար։
15 Ճապոնիայում ապրող տասներկուամյա Մագումիի համար դպրոցը քարոզելու և ուսումնասիրություններ անցկացնելու մի մեծ տարածք է։ Նա Աստվածաշնչի բազում ուսումնասիրություններ ունի. տեսնենք, թե ինչպես։ Քանի որ երկար դասամիջոցի ընթացքում նա սովորաբար Աստվածաշունչ է կարդում և պատրաստվում ժողովի հանդիպումներին, դասընկերները հաճախ են հարցնում, թե ինչով է նա զբաղված։ Ոմանց էլ հետաքրքրում է, թե ինչո՛ւ նա չի մասնակցում դպրոցում անցկացվող որոշ միջոցառումների։ Մագումին սիրով պատասխանում է նրանց հարցերին և հետն էլ հայտնում, որ Աստված անուն ունի։ Դա արթնացնում է լսողների հետաքրքրությունը։ Ապա նա առաջարկում է նրանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Այժմ Մագումին քսան հոգու հետ ուսումնասիրություն է անցկացնում, որից տասնութն իր դասընկերներն են։
16. Կամերունում ապրող մի եղբոր ինչպե՞ս է հաջողվել Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել իրեն ծաղրողներից մի քանիսի հետ։
16 Կամերունում միասին աշխատող մի խումբ մարդիկ (ութ հոգով) կանչում են մոտակայքում աստվածաշնչյան գրականություն բաժանող եղբորը։ Ծաղրելու մտադրություն ունենալով՝ նրանք սկսում են հարցեր տալ՝ ինչո՞ւ չի հավատում երրորդությանը, դժոխքի կրակին կամ էլ հոգու անմահությանը։ Աստվածաշնչի օգնությամբ եղբայրը պատասխանում է նրանց բոլոր հարցերին։ Վերջում այդ մարդկանցից երեքը համաձայնվում են, որ իրենց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի։ Նրանցից մեկը՝ Դանիելը, սկսում է հաճախել հանդիպումներին ու նույնիսկ վերացնում է ոգեհարցության հետ առնչություն ունեցող իր բոլոր իրերը (Յայտնութիւն 21։8)։ Մեկ տարի էլ չանցած՝ նա մկրտվում է։
17. Ինչպե՞ս եղբայրները Սալվադորում կարողացան իրենց հնարամտության շնորհիվ զրուցել մի մարդու հետ, որը սկզբում չէր ցանկանում լսել Թագավորության լուրը։
17 Սալվադորում մի մարդ, ամեն անգամ, երբ տեսնում էր Եհովայի վկաներին, իր կատաղած շանը կապում էր դռան մոտ, սպասում մինչև նրանց հեռանալը ու հետո շանը տուն բերում։ Եղբայրներին ոչ մի կերպ չէր հաջողվում զրուցել նրա հետ։ Բայց մեկ անգամ նրանք որոշում են այլ կերպ վարվել։ Գիտենալով, որ այդ մարդը կլսի իրենց խոսակցությունը՝ որոշում են զրուցել նրա շան հետ։ Մոտենում են, ողջունում շանն ու իրենց ուրախությունը հայտնում, որ կարող են խոսել նրա հետ։ Նրանք շանը պատմում են երկրի վրա դրախտային պայմաններ հաստատվելու մասին, երբ ոչ ոք այլևս չարություն չի անի, ու նույնիսկ կենդանիները խաղաղարար կլինեն։ Ապա քաղաքավարի հրաժեշտ են տալիս շանը և շրջվում, որպեսզի հեռանան։ Անսպասելիորեն դուրս է գալիս տերը և ներողություն խնդրում, որ այդքան ժամանակ թույլ չի տվել Վկաներին զրուցել իր հետ։ Նա պարբերագրեր է վերցնում, իսկ հաջորդ այցելությանը նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն են սկսում։ Այդ մարդն այժմ մեր եղբայրն է, ու, ինչ խոսք, «ցանկալիքից» մեկը։
«Մի վախենաք»
18. Ի՞նչ դժվարությունների հետ են բախվում շատ քրիստոնյաներ, սակայն ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իր երկրպագուներին։
18 Իսկ դու մասնակցո՞ւմ ես Թագավորության քարոզչության ու աշակերտներ պատրաստելու լայնածավալ գործին։ Եթե այո, ապա մեծ առանձնաշնորհում ունես։ Հենց այդ աշխատանքի շնորհիվ է «ցանկալիքը» բերվում Եհովայի տուն (Յովհաննէս 6։44)։ Ճիշտ է, թերևս երբեմն փոքր–ինչ հոգնում ես կամ էլ հուսահատվում։ Պատահում է, երբ մարդիկ, նույնիսկ Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք, պայքարում են սեփական անձի թերարժեքության զգացումի դեմ։ Սակայն քաջալերվի՛ր. Եհովայի համար իր բոլոր երկրպագուներն էլ առանձին վերցրած «ցանկալիք» են, և նա անչափ հետաքրքրված է քո փրկությամբ (Բ Պետրոս 3։9)։
19. Ի՞նչ քաջալերանք է Եհովան մեզ տալիս Անգեի միջոցով, և ինչպե՞ս կարող են այդ խոսքերը մեզ համար զորության աղբյուր ծառայել։
19 Երբ մեզ հուսահատության զգացումն է պատում՝ լինի դա մեր դեմ ուղղված հակառակության կամ էլ ուրիշ տհաճ հանգամանքների պատճառով, ժամանակին հայրենադարձ հրեաներին ուղղված Եհովայի խոսքերը այսօր էլ մեզ համար կարող են զորության աղբյուր ծառայել։ Ահա թե ինչ ենք կարդում Անգէ 2։4—6 խոսքերում. «Հիմա զօրացիր, ով Զօրաբաբէլ, ասում է Տէրը, եւ զօրացիր դու, ով Յովսեդեկեան Յեսու՝ մեծ քահանայ։ Եւ զօրացիր, ով երկրի բոլոր ժողովուրդ, ասում է Տէրը, եւ աշխատեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ, ասում է Զօրաց Տէր Աստուածը։ Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս, իմ հոգին կենում է ձեր միջումը. մի վախենաք։ Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կ’շարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը»։ Նկատեցեք, որ Եհովան ոչ միայն հորդորում է ուժեղ լինել, այլև դրա համար անհրաժեշտ օգնությամբ է մեզ ապահովում։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս։ Պատասխանը հնչում է. «Ես ձեզ հետ եմ»։ Որքա՜ն է զորանում մեր հավատը միայն այն բանի գիտակցումից, որ, ինչպիսին էլ լինեն մեր առջև վեր խոյացող դժվարությունները, Եհովան մեզ հետ է (Հռովմայեցիս 8։31)։
20. Ինչպե՞ս է Եհովայի տունը լցվում չտեսնված փառքով։
20 Եհովան միշտ էլ փաստել է, որ իր ժողովրդի հետ է։ Իրականում նա անում է այն, ինչը հայտարարել էր Անգե մարգարեի միջոցով. «Այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը.... եւ այստեղումը խաղաղութիւն պիտի տամ» (Անգէ 2։9)։ Մեծագույն փառքն այսօր կարելի է գտնել Եհովայի հոգևոր տաճարում։ Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ են միանում ճշմարիտ երկրպագությանը։ Նրանք բոլորն էլ հոգևոր առատ սնունդ են ստանում, և, նույնիսկ այս անհանգիստ աշխարհում, նրանք այնպիսի խաղաղություն են վայելում, որին կգերազանցեն միայն Աստծո նոր աշխարհում տիրող խաղաղ պայմանները (Եսայիա 9։6, 7; Ղուկաս 12։42)։
21. Ի՞նչ անելու պետք է վճռականորեն տրամադրված լինենք։
21 Մոտ է այն ժամանակը, երբ Եհովան կշարժի բոլոր ազգերը Արմագեդոնին (Յայտնութիւն 16։14, 16)։ Եկե՛ք, ուրեմն, մնացած ժամանակն օգտագործենք այնպես, որպեսզի ավելի շատ անհատների օգնենք փրկվելու։ Եկե՛ք ամուր լինենք և ամբողջությամբ վստահենք Եհովային։ Եկե՛ք ողջ վճռականությամբ շարունակենք երկրպագել նրան իր փառահեղ հոգևոր տաճարում՝ լցնելով այն ավելի շատ «ցանկալիքով», մինչև այն պահը, երբ Եհովան կասի, որ մեր աշխատանքը հասել է իր ավարտին։
[ծանոթագրություններ]
a Սողոմոնի տաճարին նվիրաբերված գումարը դոլլարի վերածած կազմում է քառասուն միլիարդ ամերիկյան դոլլար։ Այն ամենը, ինչը չէր օգտագործվել շինարարության մեջ, դրվել էր տաճարի գանձարանում (Գ Թագաւորաց 7։51)։
b Ի տարբերություն Իսրայելի քահանայապետի, Հիսուսը մեղքեր չուներ, որոնց համար քավություն պահանջվեր։ Սակայն, ինչ վերաբերվում է նրա ծառայակից քահանաներին, ապա նրանք մեղավորներ էին, քանի որ գնված էին մեղավոր մարդկանց միջից (Յայտնութիւն 5։9, 10)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչն է Եհովայի համար նյութական բաներից շատ ավելի թանկ։
• Մարդկանց ո՞ր երկու խմբերին է Հիսուսի թափված արյունն օգուտներ բերում։
• Ովքե՞ր են այն «ցանկալիքը», որոնք լցնելու են Եհովայի տունը փառքով։
• Ինչպիսի՞ ապացույցներ գոյություն ունեն, որ Անգեի մարգարեությունն այսօր իր կատարումն է ունենում։
[գծագիր 10–րդ էջի վրա]
(Ամբոջղական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Գիտե՞ս, թե ինչումն է կայանում Եհովայի նախկին տաճարի այլաբանական նշանակությունը։
Վարագույր
Սրբություն
Զոհասեղան
Սրբությունների Սրբություն
Սրահ
Գավիթ
[նկար 11–րդ էջի վրա]
Քահանայապետը ցլիկ էր մատուցում քահանաների համար և այծերից մի նոխազ՝ Իսրայելի ոչ քահանայական ցեղերի համար։
[նկար 12–րդ էջի վրա]
Թագավորության լուրի աշխարհածավալ քարոզչությունը հազարավոր մարդկանց առաջնորդում է դեպի Եհովայի տունը։