Հոգնած, բայց ոչ ուժասպառ
«Եհովան երկրի ծայրերի ստեղծողը.... Նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում» (ԵՍԱՅԻԱ 40։28, 29)։
1, 2. ա) Ինչպիսի՞ ջերմ հրավեր է տրվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ մաքուր երկրպագության մեջ։ բ) Ի՞նչը կարող է մեծ վտանգի տակ դնել մեր հոգևոր վիճակը։
ՈՐՊԵՍ Հիսուսի աշակերտներ՝ մենք քաջատեղյակ ենք նրա այս ջերմ հրավերին. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ ....Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30)։ Նաև քրիստոնյաները հաճախ վայելում են «Տիրոջ երեսիցը [եկող] հանգստանալու ժամանակները» (Գործք 3։20)։ Անկասկած, դու անձամբ ես զգացել այն հանգստությունը, որ գալիս է աստվածաշնչյան ճշմարտությունները սովորելուց, ապագայի վառ հույսը ունենալուց և աստվածային սկզբունքները կյանքում կիրառելուց։
2 Սակայն Եհովայի ծառաներից ոմանք երբեմն էմոցիոնալ հոգնածություն են զգում։ Որոշ դեպքերում վհատվածության այդ վիճակը կարճատև է։ Բայց պատահում է, որ նրանց հոգնածությունը երկար է պահպանվում։ Ժամանակի ընթացքում ոմանք այնպիսի զգացում են ունենում, թե քրիստոնեական պարտականությունները ոչ թե հանգստացնող լուծ են, ինչպես խոստացել էր Հիսուսը, այլ ծանր բեռ։ Այս բացասական զգացմունքները կարող են խիստ վտանգել քրիստոնյայի փոխհարաբերությունները Եհովայի հետ։
3. Ինչո՞ւ Հիսուսն իր աշակերտներին ասաց այն քաջալերական խոսքերը, որ կարդում ենք Յովհաննէս 14։1–ում։
3 Ձերբակալվելուց և մահապատժի ենթարկվելուց առաջ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ձեր սիրտերը թող չ’խռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք» (Յովհաննէս 14։1)։ Այս խոսքերը Հիսուսն ասաց այն ժամանակ, երբ առաքյալներին ողբերգական իրադարձություններ էին սպասում։ Այդ իրադարձություններին անմիջապես հաջորդելու էին հալածանքները, և Հիսուսը գիտեր, որ իր առաքյալները կարող էին խիստ վհատվել (Յովհաննէս 16։1)։ Բարձիթողի արվելու դեպքում այդ խոր տխրությունը կարող էր հոգևոր վնաս հասցնել նրանց ու Եհովայի հանդեպ վստահությունը կորցնելու պատճառ դառնալ։ Նույնը կարելի է ասել նաև մեր օրերում ապրող քրիստոնյաների մասին։ Եթե վհատվածության վիճակը երկար է պահպանվում, ապա կարող է մեծ ցավ պատճառել և ծանրացնել մեր սիրտը (Երեմիա 8։18)։ Ներքուստ մենք կարող ենք թուլանալ։ Այդ ճնշման տակ մեր հոգևոր և էմոցիոնալ ուժերը կարող են ջլատվել։ Անգամ հնարավոր է, որ կորցնենք Եհովային երկրպագելու մեր ցանկությունը։
4. Ի՞նչը կօգնի, որ մեր այլաբանական սիրտը պաշտպանենք հոգնածությունից։
4 Որքա՜ն ճշմարիտ է Աստվածաշնչում տեղ գտած հետևյալ խորհուրդը. «Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը» (Առակաց 4։23)։ Աստծո Խոսքը գործնական խորհուրդներ է տալիս մեզ, որոնք օգնում են պաշտպանել մեր այլաբանական սիրտը վհատությունից և հոգևոր հոգնածությունից։ Սակայն նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե որն է մեր հոգնածության պատճառը։
Քրիստոնեությունը չի ճնշում
5. Առաջին հայացքից ի՞նչը կարող է հակասական թվալ Քրիստոսի աշակերտը լինելու կապակցությամբ։
5 Ինչ խոսք, քրիստոնյա լինելու համար մեծ ջանքեր են պահանջվում (Ղուկաս 13։24)։ Հիսուսը նույնիսկ ասել է. «Ով որ իր խաչը վեր չ’առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ» (Ղուկաս 14։27)։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս միտքը հակասում է Հիսուսի ասած խոսքերին, որ իր բեռը թեթև է ու թարմություն բերող։ Իրականում, սակայն, այստեղ հակասություն չկա։
6, 7. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մեր երկրպագությունը ուժասպառ չի անում մեզ։
6 Ծանր ու քրտնաջան աշխատանքը կարող է ֆիզիկապես հոգնեցնել։ Բայց եթե այն կատարում ենք լավ շարժառիթներով, ապա բավականություն և թարմություն ենք ստանում (Ժողովող 3։13, 22)։ Իսկ մի՞թե ավելի լավ շարժառիթ կարող է լինել, քան Աստվածաշնչի հրաշալի ճշմարտությունները մեր մերձավորներին պատմելը։ Ու թեև Աստծո բարձր բարոյական չափանիշներին ներդաշնակ ապրելու համար մեծ ջանքեր ենք թափում, այդ ջանքերը աննշան են այն օգուտների համեմատ, որ արդյունքում քաղում ենք (Առակաց 2։10–20)։ Նույնիսկ հալածանքների ենթարկվելիս պատիվ ենք համարում տառապանք կրել հանուն Աստծո Թագավորության (Ա Պետրոս 4։14)։
7 Հիսուսի լուծն իրոք հանգստություն է պատճառում, հատկապես երբ հաշվի ենք առնում, թե ինչպիսի հոգևոր խավարում են գտնվում այն մարդիկ, ովքեր կեղծ կրոնի կապանքների մեջ են։ Եհովան ջերմորեն սիրում է մեզ և անխոհեմ պահանջներ չի դնում մեր առջև։ Աստծո «պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Գրություններում ներկայացված ճշմարիտ քրիստոնեությունը չի ճնշում։ Պարզ է, ուրեմն, որ մեր երկրպագությունը չի կարող ուժասպառ անել մեզ կամ վհատվածություն պատճառել։
«Դէն գցենք ամեն ծանրութիւն»
8. Ի՞նչն է հաճախ հոգևոր հոգնածության պատճառ դառնում։
8 Հոգևոր հոգնածության պատճառ հաճախ կարող է լինել այն լրացուցիչ բեռը, որ դրվում է մեր ուսերին այս ապականված համակարգի կողմից։ Քանի որ ողջ աշխարհը Չարի իշխանության տակ է, մենք շրջապատված ենք բացասական ուժերով, որոնք կարող են հյուծել մեզ և մեր քրիստոնեական հավասարակշռվածությունը կորցնելու պատճառ դառնալ (Ա Յովհաննէս 5։19, ՆԱ)։ Եթե մեր առջև ոչ էական նպատակներ դնենք, դրանք կարող են բարդացնել մեր քրիստոնեական ճանապարհը՝ խանգարելով կատարել մեր պարտականությունները։ Նման լրացուցիչ բեռը կարող է հյուծել մեզ և նույնիսկ կոտրել մեր ոգին։ Ուստի տեղին է, որ Աստվածաշունչը քաջալերում է «դէն գցե[լ] ամեն ծանրութիւն» (Եբրայեցիս 12։1–3)։
9. Նյութական բնույթի նպատակները ինչպե՞ս կարող են հյուծել մեզ։
9 Օրինակ՝ մեր մտածելակերպի վրա կարող է ազդել հեղինակության, հարստության, զվարճության, ճանապարհորդելու և նյութական այլ նպատակների հասնելու ձգտումը, որով տարված է այս աշխարհը (Ա Յովհաննէս 2։15–17)։ Առաջին դարում ապրած քրիստոնյաներից ոմանք, ձգտելով հարստության, խիստ բարդացրել էին իրենց կյանքը։ Պողոս առաքյալը գրում է. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։ Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։
10. Ի՞նչ կարող ենք սովորել հարստության մասին Հիսուսի պատմած սերմնացանի առակից։
10 Կարո՞ղ է պատահել, որ ծառայության մեջ մեր հոգնածության ու վհատության զգացումը առաջանա նյութական բնույթի նպատակներ դնելուց, որոնք խեղդում են մեր հոգևորը։ Այդ բանի հավանականությունը շատ մեծ է։ Դա երևում է սերմնացանի մասին Հիսուսի առակից։ «Աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները» Հիսուսը համեմատեց փշերի հետ, որոնք ներխուժում են մեր սիրտը և «խեղդում» այնտեղ ցանված Աստծո խոսքը (Մարկոս 4։18, 19)։ Այդ պատճառով Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս. «[Թող ձեր] վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13։5)։
11. Ինչպե՞ս ազատվել այն բաներից, որոնք կարող են հյուծել մեզ։
11 Երբեմն մեր կյանքը բարդանում է ոչ թե այն պատճառով, որ ձգտում ենք ավելի շատ իրեր ձեռք բերել, այլ նրանից, թե ինչ ենք անում արդեն ունեցած իրերի հետ։ Ոմանք կարող են էմոցիոնալ հոգնածություն ապրել առողջական լուրջ խնդիրների, հարազատների մահվան կամ վհատության մեջ գցող այլ դժվարությունների պատճառով։ Այդպիսի անհատները նկատում են, որ ժամանակ առ ժամանակ պետք է շտկեն իրենց մտածելակերպը։ Մի ամուսնական զույգ, օրինակ, որոշեց հրաժարվել որոշ նախասիրություններից և անկարևոր ծրագրերից։ Նրանք վերանայեցին այն ամենը, ինչ ունեին, և այդ ծրագրերի հետ կապված բոլոր իրերը բառի բուն իմաստով փաթեթեցին ու դրեցին աչքից հեռու։ Մեզ համար նույնպես օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ քննության ենթարկել մեր սովորությունները և զննել մեր իրերը՝ մի կողմ դնելով ցանկացած ոչ կարևոր ‘ծանրություն’։ Դա կօգնի չհուսալքվել ու չհոգնել։
Ողջամտությունն ու համեստությունը չափազանց կարևոր են
12. Ի՞նչ պետք է ընդունենք մեր սխալների առնչությամբ։
12 Մեր կյանքը կարող է բարդանալ նաև սխալներ գործելու հետևանքով, նույնիսկ եթե այդ սխալները չնչին են։ Որքա՜ն ճշմարիտ են Դավիթի խոսքերը. «Իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. ինչպէս մէծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ» (Սաղմոս 38։4)։ Մի քանի գործնական փոփոխություններ կատարելով՝ կկարողանանք ազատվել նման ծանր բեռից։
13. Ողջամտությունը ինչպե՞ս կարող է օգնել մեզ հավասարակշռված տեսակետ ունենալ մեր ծառայության հանդեպ։
13 Աստվածաշունչը քաջալերում է գործնական իմաստություն և խոհեմություն զարգացնել (Առակաց 3։21 ԱԱ, 22)։ Գրություններում ասվում է, որ վերին իմաստությունը ողջամիտ է (Յակոբոս 3։17, ՆԱ)։ Ոմանք իրենց պարտավորված են զգում քրիստոնեական ծառայության մեջ անել այնքան, որքան ուրիշները։ Սակայն Աստվածաշունչը այսպիսի խորհուրդ է տալիս. «Ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ [«ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով», ԷԹ]. որ ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ» (Գաղատացիս 6։4, 5)։ Ճիշտ է, մեր քրիստոնյա հավատակիցների լավ օրինակը կարող է քաջալերել մեզ ողջ սրտով ծառայել Եհովային, սակայն գործնական իմաստությունն ու ողջամտությունը կօգնեն, որ մեր առջև դնենք իրատեսական՝ մեր հանգամանքներին համապատասխանող նպատակներ։
14, 15. Ինչպե՞ս կարող ենք գործնական իմաստություն ցուցաբերել մեր ֆիզիկական և էմոցիոնալ կարիքների մասին հոգ տանելիս։
14 Ողջամտությունը, անգամ նվազ կարևոր թվացող ոլորտներում, կօգնի խուսափել հոգնածության զգացումից։ Արդյոք ջանք թափո՞ւմ ենք հավասարակշռված լինել մեր սովորություններում, ինչը նպաստում է առողջությանը։ Քննարկենք մի օրինակ. Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում աշխատող մի ամուսնական զույգ համոզվել է, թե որքան մեծ է գործնական իմաստության դերը հոգնածությունից խուսափելու հարցում։ Կինը ասում է. «Անկախ այն բանից, թե որքան շատ է մեր գործը՝ աշխատում ենք ամեն գիշեր մոտավորապես նույն ժամին պառկել քնելու։ Նաև կանոնավորապես զբաղվում ենք մարմնամարզությամբ։ Սա իսկապես օգնում է։ Մենք հասկացել ենք, թե որ հարցերում են մեր հնարավորությունները սահմանափակ, ուստի գործում ենք համապատասխանաբար։ Աշխատում ենք չհամեմատել մեզ նրանց հետ, ում եռանդը կարծես անսպառ է»։ Արդյոք ճի՞շտ ենք սնվում և բավականաչա՞փ ենք հանգստանում։ Ողջամտորեն հետևելով մեր առողջությանը՝ ընդհանուր առմամբ կարող ենք նվազեցնել մեր հոգևոր և էմոցիոնալ հոգնածության զգացումը։
15 Մեզանից ոմանք հատուկ կարիքներ ունեն։ Օրինակ՝ մի քրիստոնյա քույր մի քանի դժվար նշանակումներ է ունեցել իր լիաժամ ծառայության մեջ։ Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ թվում նաև քաղցկեղ։ Ի՞նչն է օգնում այդ քրոջը հաղթահարել սթրեսային իրավիճակները։ Նա ասում է. «Ինձ համար շատ կարևոր է, որ ժամանակ ունենամ խաղաղ միջավայրում մենակ մնալու։ Որքան ավելի մեծ սթրես ու հոգնածություն եմ զգում, այնքան ավելի շատ եմ ունենում հանգիստ միջավայրում առանձնանալու կարիքը, որտեղ կարող եմ կարդալ և հանգստանալ»։ Գործնական իմաստությունը և խոհեմությունը օգնում են մեզ հասկանալ և բավարարել մեր անհատական կարիքները, ինչի շնորհիվ կարող ենք խուսափել հոգևոր հոգնածությունից։
Եհովան զորացնում է մեզ
16, 17. ա) Ինչո՞ւ է խիստ կարևոր հոգ տանել մեր հոգևոր առողջության մասին։ բ) Ի՞նչ պետք է ներառենք մեր ամենօրյա սովորությունների մեջ։
16 Անկասկած, չափազանց կարևոր է հոգ տանել մեր հոգևոր առողջության մասին։ Եթե մտերիմ փոխհարաբերություններ ունենանք Եհովա Աստծո հետ, երբեք չենք հոգնի նրան երկրպագություն մատուցելուց, թեպետ ֆիզիկապես կարող է հոգնենք։ Եհովան է «յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում» (Եսայիա 40։28, 29)։ Պողոս առաքյալը, որն անձամբ զգացել է այս խոսքերի ճշմարտացիությունը, գրեց. «[Մենք] չենք թուլանում. այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է» (Բ Կորնթացիս 4։16)։
17 Ուշադրություն դարձնենք «օրէցօր» բառի վրա։ Այն ցույց է տալիս, որ մենք ամեն օր պետք է օգտվենք այն միջոցներից, որ Եհովան տրամադրում է մեզ։ Ահա մի օրինակ. մի քույր, որը 43 տարի հավատարմորեն ծառայել է որպես միսիոներ, երբեմն իրեն ֆիզիկապես հոգնած ու վհատված է զգացել։ Սակայն նա ուժասպառ չի եղել։ Քույրը պատմում է. «Ես սովորություն եմ դարձրել առավոտյան շուտ վեր կենալ, որպեսզի ինչ գործ էլ սկսելու լինեմ, նախ Եհովային աղոթելու և նրա Խոսքը կարդալու ժամանակ ունենամ։ Իմ այս սովորությունը, որին հետևում եմ ամեն օր, օգնել է ինձ տոկալ մինչև օրս»։ Մենք իսկապես կարող ենք ապավինել Եհովայի զորությանը, եթե կանոնավորապես՝ «օրէցօր» աղոթենք նրան և խորհրդածենք նրա խոստումների ու վեհ հատկությունների մասին։
18. Ի՞նչ մխիթարություն է տալիս Աստվածաշունչը այն հավատարիմ անհատներին, ովքեր տարեց են կամ վատառողջ։
18 Սա հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր վհատություն են զգում ծերանալու կամ վատառողջ լինելու պատճառով։ Նման անհատները կարող են ընկճվել ոչ թե այն բանից, որ իրենց համեմատում են ուրիշների հետ, այլ որ իրենց ներկա գործերը համեմատում են այն գործերի հետ, որ կատարել են ժամանակին։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան արժանապատվությամբ է վերաբերվում տարեց մարդկանց։ Աստվածաշունչն ասում է. «Փառաց պսակ է ալեւորութիւնը. [«եթէ», ԱԱ] արդարութեան ճանապարհում կ’գտնուի» (Առակաց 16։31)։ Եհովան գիտի մեր հնարավորությունները և բարձր է գնահատում այն ծառայությունը, որ, չնայած մեր տկարություններին, ի սրտե մատուցում ենք նրան։ Այն բարի գործերը, որ արդեն կատարել ենք, անջնջելիորեն դրոշմված են Աստծո հիշողության մեջ։ Գրությունները այսպիսի հավաստիացում են տալիս մեզ. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10)։ Որքան ուրախ ենք բոլորս, որ մեր մեջ կան այնպիսի անհատներ, ովքեր Եհովայի հանդեպ իրենց նվիրվածությունը փաստում են արդեն բազում տասնամյակներ։
Մի՛ հանձնվեք
19. Ի՞նչ օգուտ կարող ենք քաղել, եթե շարունակենք զբաղված լինել բարի գործեր կատարելով։
19 Շատերը հավատում են, որ ակտիվորեն և կանոնավորապես ֆիզիկական գործունեությամբ զբաղվելը կարող է մեղմել հոգնածությունը։ Կանոնավորապես հոգևոր գործունեությամբ զբաղվելը ևս կարող է օգնել ձերբազատվել հոգևոր և էմոցիոնալ հյուծվածությունից։ Աստվածաշունչը քաջալերում է. «Չը ձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք։ Ուրեմն քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղատացիս 6։9, 10)։ Ուշադրություն դարձնենք «բարին գործել» արտահայտության վրա։ Այն ցույց է տալիս, որ մեզանից ջանքեր են պահանջվում։ Ուրիշների համար բարի գործեր կատարելը իրոք կօգնի ուժասպառ չլինել Եհովային ծառայելիս։
20. Ո՞ւմ ընկերակցությունից պետք է խուսափենք, որպեսզի կարողանանք ձերբազատվել վհատվածությունից։
20 Մյուս կողմից՝ Աստծո օրենքները չհարգող մարդկանց հետ շփվելն ու համագործակցելը կարող է հոգնեցուցիչ բեռ դառնալ։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է» (Առակաց 27։3)։ Վհատության ու հոգնածության զգացումից ձերբազատվելու համար մենք պետք է խուսափենք այնպիսի անհատների ընկերակցությունից, ովքեր բացասական մտքեր են արտահայտում և հակված են ուրիշների մեջ սխալներ գտնել ու քննադատել նրանց։
21. Քրիստոնեական հանդիպումների ժամանակ ինչպե՞ս կարող ենք քաջալերանքի աղբյուր լինել ուրիշների համար։
21 Քրիստոնեական հանդիպումները Եհովայի կողմից տրված միջոցներ են, որոնք կարող են հոգևոր լիցք հաղորդել մեզ։ Այդ հանդիպումների ժամանակ մենք գերազանց հնարավորություն ենք ունենում քաջալերելու իրար թարմացնող մտքերով և ընկերակցությամբ (Եբրայեցիս 10։25)։ Ժողովի բոլոր անդամները պետք է ջանք թափեն կերտել ուրիշներին, երբ հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ են տալիս կամ բեմից որևէ թեմա են ներկայացնում։ Այն եղբայրները, ովքեր առաջնորդություն են վերցնում որպես ուսուցիչներ, հատկապես պարտավոր են քաջալերանքի աղբյուր լինել ուրիշների համար (Եսայիա 32։1, 2)։ Նույնիսկ եթե որևէ մեկին նախազգուշացում տալու կամ հանդիմանելու կարիք է առաջանում, խորհուրդը հարկավոր է տալ այնպես, որ դա թարմություն ու հանգստություն պատճառի (Գաղատացիս 6։1, 2)։ Սերը ուրիշների հանդեպ անշուշտ կօգնի մեզ ուժասպառ չլինել Եհովային ծառայություն մատուցելիս (Սաղմոս 133։1; Յովհաննէս 13։35)։
22. Թեպետ անկատար ենք, ի՞նչ կարող ենք համարձակությամբ ասել։
22 Այս վերջին ժամանակներում Եհովային երկրպագություն մատուցելու համար ջանքեր են պահանջվում։ Քրիստոնյաները պաշտպանված չեն մտավոր հոգնածությունից, զգացական ցավից կամ սթրեսային իրավիճակներից։ Լինելով անկատար՝ մենք փխրուն ենք, ինչպես կավե ամանները։ «Բայց այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից»,— ասում է Աստվածաշունչը (Բ Կորնթացիս 4։7)։ Այո, հնարավոր է, որ մենք հոգնենք։ Սակայն թող որ երբեք ուժասպառ չլինենք և չհանձնվենք։ Ընդհակառակը՝ թող որ համարձակությամբ ասենք. «Տէրն է իմ օգնականը» (Եբրայեցիս 13։6)։
Համառոտակի վերհիշենք
• Ի՞նչ հյուծիչ ծանրություններ թերևս կարողանանք մի կողմ դնել։
• Ինչպե՞ս կարող ենք ‘բարի գործել’ մեր քրիստոնյա հավատակիցներին։
• Ինչպե՞ս է Եհովան նեցուկ լինում մեզ, երբ հոգնած ենք կամ վհատված։
[նկար 23–րդ էջի վրա]
Հիսուսը գիտեր, որ եթե առաքյալները վհատված վիճակում մնային երկար ժամանակ, ապա կարող էին խնդիրներ ունենալ
[նկար 24–րդ էջի վրա]
Ոմանք հրաժարվել են որոշ նախասիրություններից և անկարևոր ծրագրերից
[նկար 26–րդ էջի վրա]
Չնայած մեր սահմանափակումներին՝ Եհովան բարձր է գնահատում ողջ սրտով մատուցվող մեր երկրպագությունը