Հիսուսի եզակի դերը Աստծու նպատակի մեջ
«Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (ՀՈՎՀ. 14։6)։
1, 2. Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում, թե ինչ դեր ունի Հիսուսը Աստծու նպատակի մեջ։
ԴԱՐԵՐԻ ընթացքում եղել են շատ մարդիկ, ովքեր ամեն ինչ արել են, որ տարբերվեն մյուսներից, բայց քչերին է հաջողվել։ էլ ավելի քիչ են եղել նրանք, ովքեր կարող էին իրավամբ պնդել, որ եզակի անձնավորություն են։
2 Հիսուս Քրիստոսը՝ Աստծու Որդին, եզակի է շատ առումներով։ Իսկ ինչո՞ւ է դա մեզ հետաքրքրում։ Որովհետև հարցը վերաբերում է մեր երկնային Հոր՝ Եհովայի ու մեր փոխհարաբերություններին։ Հիսուսն ասել է. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. 14։6; 17։3)։ Քննելով, թե ինչով է Հիսուսը եզակի՝ մենք ավելի լավ կհասկանանք և ավելի շատ կգնահատենք այն դերը, որ նա ունի Աստծու նպատակի մեջ։
«Աստծու միածին Որդին»
3, 4. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը «իր տեսակի մեջ միակն» է։ բ) Ինչո՞վ է Հիսուսի դերը եզակի արարչագործության մեջ։
3 Հիսուսը պարզապես «Աստծու որդի» չէ, ինչպես նրան անվանեց Սատանան (Մատթ. 4։3, 6)։ Նա իրավամբ կոչվում է «Աստծու միածին Որդի» (Հովհ. 3։16, 18)։ Հունարեն բառը, որը թարգմանվել է «միածին», նշանակում է «իր տեսակի մեջ միակը, եզակի»։ Ինչո՞ւ է Հիսուսը «իր տեսակի մեջ միակը», այն դեպքում երբ Եհովան ունի հարյուր միլիոնավոր ոգեղեն որդիներ։
4 Հիսուսը եզակի է նրանով, որ անմիջականորեն ստեղծվել է իր Հոր կողմից։ Նա անդրանիկ Որդին է։ Այո՛, նա «ողջ ստեղծագործության մեջ անդրանիկն» է (Կող. 1։15)։ Հիսուսը «Աստծու ստեղծագործության սկիզբն» է (Հայտն. 3։14)։ Միածին Որդու դերը արարչագործության մեջ նույնպես եզակի է։ Նա Արարիչ չէ, բայց Եհովան նրա միջոցով է ստեղծել մնացած բոլոր բաները (կարդա՛ Հովհաննես 1։3)։ Պողոս առաքյալը գրեց. «Մեզ համար իրականում կա մե՛կ Աստված՝ Հայրը, որից են բոլոր բաները, և մենք էլ՝ նրա համար. և կա մե՛կ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով են բոլոր բաները, և մենք էլ՝ նրա միջոցով» (1 Կորնթ. 8։6)։
5. Ինչպե՞ս է Աստվածաշունչն ընդգծում Հիսուսի եզակի լինելը։
5 Հիսուսը եզակի է այլ առումներով ևս։ Աստվածաշնչում նա հանդես է գալիս բազմաթիվ տիտղոսներով և անվանումներով, որոնք ընդգծում են Աստծու նպատակի մեջ ունեցած նրա բացառիկ դերը։ Քննենք դրանցից հինգը, որ հանդիպում են Քրիստոնեական Հունարեն Գրություններումa։
«Խոսքը»
6. Ինչո՞ւ է տեղին, որ Հիսուսին տրվել է «Խոսք» տիտղոսը։
6 Կարդա՛ Հովհաննես 1։14։ Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում «Խոսքը», կամ՝ Լոգոսը։ Այս տիտղոսն ընդգծում է, թե ինչ դեր է նա ունեցել այն բանից հետո, երբ ստեղծվեցին ուրիշ բանական էակներ։ Եհովան Որդու միջոցով հրահանգներ ու տեղեկություններ է հաղորդել իր մյուս ոգեղեն որդիներին և նույն ձևով էլ պատգամներ է հայտնել մարդկանց։ Այն, որ Հիսուսը Խոսքն է՝ Աստծու Խոսնակը, երևում է հրեաներին ասած նրա խոսքերից. «Ինչ որ ես սովորեցնում եմ, իմը չէ, այլ նրանն է, ով ուղարկեց ինձ։ Եթե մեկը ցանկանում է Նրա կամքը կատարել, այս ուսմունքի մասին կիմանա՝ արդյոք այն Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձանից եմ խոսում» (Հովհ. 7։16, 17)։ Երկինք վերադառնալուց և փառավորվելուց հետո էլ Հիսուսը շարունակում է կրել «Աստծու Խոսք» տիտղոսը (Հայտն. 19։11, 13, 16)։
7. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը, որը նա դրսևորեց որպես «Խոսք»։
7 Խորհենք, թե ինչ է այս տիտղոսը նշանակում։ Թեև Հիսուսը բոլոր բանական էակներից ամենաիմաստունն է, նա չի ապավինում իր իմաստությանը։ Նա ասում է այն, ինչ իր Հայրն է սովորեցնում։ Հիսուսը ուրիշների ուշադրությունը միշտ հրավիրում է Եհովայի և ոչ թե իր վրա (Հովհ. 12։50)։ Անշուշտ, մենք պետք է հետևենք նրա օրինակին։ Մեզ մեծ առանձնաշնորհում է տրված, այն է՝ «բարի լուր հռչակել բարի բաների մասին» (Հռոմ. 10։15)։ Ընդօրինակելով Հիսուսի խոնարհությունը՝ մենք քարոզելիս չպետք է ասենք այնպիսի բաներ, որ չկան Աստվածաշնչում։ Աստծու Խոսքի փրկարար պատգամը հռչակելիս մենք «գրվածից այն կողմ չենք անցնի» (1 Կորնթ. 4։6)։
«Ամենը»
8, 9. ա) Ի՞նչ է նշանակում «ամեն» բառը, և ինչո՞ւ է Հիսուսը կոչվում «Ամենը»։ բ) Որպես «Ամեն»՝ ինչպե՞ս Հիսուսը կատարեց իր դերը։
8 Կարդա՛ Հայտնություն 3։14։ Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում «Ամեն»։ Եբրայերեն բառը, որ տառադարձվել է «ամեն», նշանակում է «թող այդպես լինի» կամ «անշուշտ»։ Այդ բառի արմատը նշանակում է «լինել հավատարիմ», «վստահելի»։ Այս նույն բառով նշվում է Եհովայի հավատարմությունը (Բ Օրին. 7։9; Ես. 49։7)։ Ինչո՞վ է Հիսուսը եզակի, որ կոչվում է «Ամեն»։ 2 Կորնթացիներ 1։19, 20 համարները պատասխանում են այս հարցին. «Աստծու Որդին՝ Քրիստոս Հիսուսը, որը քարոզվեց ձեր մեջ.... չեղավ «այո» և միևնույն ժամանակ՝ «ոչ», այլ նրա պարագայում «այո»–ն «այո» եղավ։ Քանի որ անկախ նրանից, թե ինչքան են Աստծու խոստումները՝ նրա միջոցով դրանք «այո» եղան։ Հետևաբար նրա միջոցով էլ Աստծուն «Ամեն» ենք ասում Նրա փառքի համար»։
9 Հիսուսը Աստծու բոլոր խոստումների «Ամենն» է։ Նա, երկրի վրա մինչև մահ անարատ մնալով, հաստատեց, որ Եհովա Աստծու բոլոր խոստումները կատարվելու են, ինչպես նաև հնարավոր դարձրեց դրանց իրականացումը։ Հավատարիմ մնալով՝ Հիսուսը նաև ապացուցեց, որ սուտ է Սատանայի այն պնդումը, թե Աստծու ծառաները զրկանքներ կրելիս, տառապելիս և փորձության ենթարկվելիս կթողնեն Նրան (Յոբ 1։6–12; 2։2–7)։ Բոլոր բանական էակներից միայն Հիսուսն էր կարող ամենից համոզիչ կերպով հերքել այդ պնդումը։ Իսկ որ ավելի կարևոր էր, Հիսուսը գերազանց կերպով թիկունք կանգնեց իր Հոր գերիշխանությանը։
10. Ինչպե՞ս կարող ենք նմանվել «Ամենին»։
10 Ինչպե՞ս կարող ենք նմանվել «Ամենին». Եհովային հավատարիմ մնալով և թիկունք կանգնելով նրա գերիշխանությանը։ Այդպիսով դրականորեն կարձագանքենք հետևյալ հորդորին. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակ. 27։11)։
«Նոր ուխտի միջնորդ»
11, 12. Որպես Միջնորդ՝ ինչո՞վ է Հիսուսը եզակի։
11 Կարդա՛ 1 Տիմոթեոս 2։5, 6։ Հիսուսը «մեկ միջնորդ է Աստծու և մարդկանց միջև»։ Նա «նոր ուխտի միջնորդն» է (Եբր. 9։15; 12։24)։ Մովսեսի մասին նույնպես ասվում է, որ նա միջնորդ է՝ Օրենքի ուխտի միջնորդը (Գաղ. 3։19)։ Այդ դեպքում, ինչո՞վ է եզակի Հիսուսի դերը՝ որպես Միջնորդի։
12 Բնագրի՝ «միջնորդ» թարգմանված բառը իրավաբանական տերմին է։ Հիսուսը նոր ուխտի լիազորված Միջնորդն է։ Այդ ուխտը հնարավոր դարձրեց նոր ազգի՝ «Աստծու Իսրայելի» ծնունդը (Գաղ. 6։16)։ Այս ազգը բաղկացած է ոգով օծված քրիստոնյաներից, որոնք կազմում են երկնային «թագավորական քահանայություն» (1 Պետ. 2։9; Ելից 19։6)։ Օրենքի ուխտը, որի միջնորդը Մովսեսն էր, չէր կարող ծնունդ տալ նման ազգի։
13. Ի՞նչ է իրականացնում Հիսուսը որպես Միջնորդ։
13 Ո՞րն է Միջնորդի դերը։ Հիսուսի արյան արժեքը Եհովան կիրառում է նրանց նկատմամբ, ովքեր կանչվում են՝ մտնելու նոր ուխտի մեջ։ Այս կերպով Աստված նրանց արդար է հայտարարում (Հռոմ. 3։24; Եբր. 9։15)։ Դրանից հետո Եհովան նրանց ընդգրկում է նոր ուխտի մեջ՝ տալով երկնքում թագավորներ և քահանաներ լինելու հեռանկարը։ Լինելով նրանց Միջնորդը՝ Հիսուսը օգնում է այդ անհատներին, որ մաքուր լինեն Աստծու աչքում (Եբր. 2։16)։
14. Ինչո՞ւ պետք է բոլոր քրիստոնյաները, անկախ իրենց հույսից, գնահատեն Հիսուսի դերը՝ որպես Միջնորդի։
14 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր նոր ուխտի մեջ չեն և հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա, ոչ թե երկնքում։ Նրանք նոր ուխտի անդամներ չեն, բայց դրանից օգուտներ են քաղում։ Այդ մարդիկ ստանում են մեղքերի թողություն և արդար են հայտարարվում՝ որպես Աստծու ընկերներ (Հակ. 2։23; 1 Հովհ. 2։1, 2)։ Անկախ նրանից՝ մեր հույսը երկնային է, թե երկրային՝ յուրաքանչյուրս հիմնավոր պատճառ ունի գնահատելու Հիսուսի դերը՝ որպես նոր ուխտի Միջնորդի։
«Քահանայապետ»
15. Ինչո՞վ է Քահանայապետ Հիսուսը տարբերվում մյուս քահանայապետներից։
15 Անցյալում շատերն են ծառայել քահանայապետներ, սակայն Հիսուսը՝ որպես Քահանայապետ, եզակի է։ Ինչպե՞ս։ Պողոսը բացատրում է. «Հարկ չկա, որ նա ամեն օր, ինչպես որ մյուս քահանայապետներն են անում, զոհեր մատուցի նախ՝ իր սեփական մեղքերի համար և ապա՝ ժողովրդի մեղքերի (քանի որ նա արեց դա մեկ անգամ և ընդմիշտ, երբ ինքն իրեն զոհ մատուցեց). որովհետև Օրենքը քահանայապետներ է նշանակում մարդկանց, ովքեր թուլություններ ունեն, բայց երդման խոսքը, որ եկավ Օրենքից հետո, Որդուն է նշանակում, որը կատարյալ է դարձել հավիտյան» (Եբր. 7։27, 28)b։
16. Ինչո՞ւ է Հիսուսի զոհաբերությունը եզակի։
16 Հիսուսը կատարյալ մարդ էր՝ լիովին հավասար Ադամին, երբ վերջինս դեռ մեղք չէր գործել (1 Կորնթ. 15։45)։ Ուստի նա միակն էր, ով կարող էր կատարյալ, ամբողջական զոհ մատուցել. դա մի զոհաբերություն էր, որից հետո կարիք չկար այն կրկնելու։ Մովսիսական օրենքով պահանջվում էր զոհաբերություններ անել ամեն օր։ Բոլոր զոհաբերությունները և քահանայական ծառայությունները, սակայն, ընդամենը ստվերն էին այն բանի, ինչ Հիսուսն անելու էր (Եբր. 8։5; 10։1)։ Նրա դերը եզակի է, քանի որ նա՝ որպես Քահանայապետ, ավելի մեծ գործեր կարող է անել և միշտ ծառայելու է այդ նշանակման մեջ։
17. Ինչո՞ւ պետք է բարձր գնահատենք Հիսուսի դերը՝ որպես Քահանայապետի, և ինչպե՞ս կարող ենք դա ցույց տալ։
17 Մենք Քահանայապետ Հիսուսի ծառայության կարիքն ունենք Աստծու առաջ բարի անուն ձեռք բերելու համար։ Նա, իրոք, հրաշալի Քահանայապետ է։ Պողոսը գրեց. «Ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որը չի կարող ցավակից լինել մեր թուլություններին, այլ ունենք մի այնպիսի մեկին, որը մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց առանց մեղքի է» (Եբր. 4։15)։ Գնահատելով Հիսուսի այս դերը՝ մենք «այլևս ոչ թե մեզ համար կապրենք, այլ նրա համար, ով մահացավ մեզ համար և հարություն առավ» (2 Կորնթ. 5։14, 15; Ղուկ. 9։23)։
Կանխագուշակված «Սերունդը»
18. Ինչի՞ մասին մարգարեացավ Եհովան Ադամի մեղք գործելուց հետո, և հետագայում ի՞նչ մանրամասներ նա տվեց այդ մարգարեության վերաբերյալ։
18 Եդեմում, երբ մարդը կորցրեց ամեն ինչ՝ Աստծու հետ լավ փոխհարաբերությունները, հավիտենական կյանքը, երջանկությունը և Դրախտը, Եհովան կանխագուշակեց, որ մի Ազատարար է ի հայտ գալու։ Վերջինս կոչվեց «սերունդ» (Ծննդ. 3։15)։ Դարեր ի վեր աստվածաշնչյան բազմաթիվ մարգարեություններ են ասվել այդ առեղծվածային Սերնդի վերաբերյալ։ Նա գալու էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի տոհմից ու լինելու էր Դավիթ թագավորի հետնորդը (Ծննդ. 21։12; 22։16–18; 28։14; Բ Թագ. 7։12–16)։
19, 20. ա) Ո՞վ է խոստացյալ Սերունդը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ կանխագուշակված սերնդի մեջ ուրիշներ էլ են մտնում։
19 Ո՞վ էր խոստացյալ Սերունդը։ Պատասխանը գտնում ենք Գաղատացիներ 3։16–ում (կարդա՛)։ Սակայն այս նույն գլխում մեկ ուրիշ բան էլ ենք կարդում։ Պողոս առաքյալը օծյալ քրիստոնյաներին ասում է. «Դեռ ավելին, եթե պատկանում եք Քրիստոսին, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք և խոստման համաձայն՝ ժառանգներ» (Գաղ. 3։29)։ Ի՞նչն է փաստում, որ Քրիստոսն է խոստացված Սերունդը, և որ ուրիշներն էլ են մտնում Սերնդի մեջ։
20 Միլիոնավոր մարդիկ ասում են, որ իրենք Աբրահամից են ծագում։ Նրանցից մի քանիսն էլ նույնիսկ իրենց համարում են մարգարեներ։ Որոշ կրոններ մեծ շեշտ են դնում այն բանի վրա, թե իրենց մարգարեները սերում են Աբրահամից։ Բայց արդյո՞ք նրանք բոլորը խոստացյալ Սերունդն են։ Ո՛չ։ Ինչպես Պողոս առաքյալը ներշնչանքով գրեց, Աբրահամի ոչ բոլոր հետնորդները կարող են պնդել, որ խոստացյալ Սերունդն են։ Իսահակից էր գալու այն սերունդը, որի միջոցով Աստված օրհնելու էր մարդկանց։ Նա չէր օրհնելու Աբրահամի մյուս որդիների միջոցով (Եբր. 11։18)։ Սերնդի գլխավոր մասը միայն մեկ մարդ է՝ Հիսուս Քրիստոսը, ում տոհմաբանությունը՝ սկսած Աբրահամից, փաստագրվել է Աստվածաշնչումc։ Իսկ մյուս անհատները, քանի որ «պատկանում են Քրիստոսին», ավելի ուշ Աբրահամի սերնդի երկրորդական մաս դարձան։ Այո՛, Հիսուսի դերը այս մարգարեության կատարման մեջ իսկապես եզակի է։
21. Հիսուսի դերի վերաբերյալ մեր քննարկումից ի՞նչը քեզ առանձնապես տպավորեց։
21 Մենք համառոտ քննեցինք, թե ինչ եզակի դեր ունի Հիսուսը Եհովայի նպատակների մեջ։ Ի՞նչ ենք սովորում այս քննարկումից։ Աստծու միածին Որդին եզակի անձնավորություն է, իր տեսակի մեջ միակը։ Չնայած դրան՝ նա եկավ երկիր և միշտ խոնարհաբար հնազանդվում էր իր Հոր կամքին և իր համար փառք չէր որոնում (Հովհ. 5։41; 8։50)։ Ինչպիսի՜ օրինակ մեզ համար։ Հիսուսի պես՝ թող որ մեր նպատակը լինի «ամեն բան անել Աստծու փառքի համար» (1 Կորնթ. 10։31)։
[ծանոթագրություններ]
a Այդ տիտղոսներից մի քանիսը հանդիպում են որոշյալ հոդով։ Ըստ մի գիտնականի՝ դա ցույց է տալիս, որ տիտղոսը կրողը «միակն է իր տեսակի մեջ»։
b Ըստ մի աստվածաշնչագետի՝ «մեկ անգամ և ընդմիշտ» թարգմանված բառը արտահայտում է կարևոր աստվածաշնչային գաղափար, որը նշանակում է՝ «Քրիստոսի մահը հաստատ է, և նման ուրիշ մահ չի եղել»։
c Թեև առաջին դարում հրեաները կարծում էին, որ իրենք, լինելով Աբրահամի հետնորդներ, վայելում են Աստծու հավանությունը, սակայն նրանք սպասում էին մեկ անձնավորության, որը լինելու էր Մեսիան, կամ՝ Քրիստոսը (Հովհ. 1։25; 7։41, 42; 8։39–41)։
Հիշո՞ւմ եք
• Հիսուսի տիտղոսներից կամ անվանումներից ի՞նչ ես սովորում նրա եզակի դերի մասին (տե՛ս շրջանակը)։
• Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովայի անզուգական Որդուն։
[շրջանակ/նկար 15–րդ էջի վրա]
Մի քանի տիտղոսներ, որոնք բնորոշում են Հիսուսի եզակի դերը Աստծու նպատակի մեջ
◼ Միածին Որդի (Հովհ. 1։3)։ Հիսուսը միակն է, ով անմիջականորեն ստեղծվել է Աստծու կողմից։
◼ Խոսք (Հովհ. 1։14)։ Եհովան իր Որդու՝ իր Խոսնակի միջոցով տեղեկություններ և հրահանգներ է փոխանցել մյուս էակներին։
◼ Ամեն (Հայտն. 3։14)։ Հիսուսը, երկրի վրա մինչև մահ անարատ մնալով, հաստատեց, որ Եհովա Աստծու բոլոր խոստումները կատարվելու են, ինչպես նաև հնարավոր դարձրեց դրանց իրականացումը։
◼ Նոր ուխտի Միջնորդ (1 Տիմոթ. 2։5, 6)։ Լիազորված լինելով որպես Միջնորդ՝ Հիսուսը հնարավոր դարձրեց նոր ազգի՝ «Աստծու Իսրայելի» ծնունդը, որը բաղկացած է այն քրիստոնյաներից, ովքեր կազմելու են երկնային «թագավորական քահանայություն» (Գաղ. 6։16; 1 Պետ. 2։9)։
◼ Քահանայապետ (Եբր. 7։27, 28)։ Հիսուսը միակ մարդն էր, ով կարող էր կատարյալ զոհ մատուցել. դա մի զոհաբերություն էր, որից հետո կարիք չկար այն կրկնելու։ Նա կարող է մեզ մաքրել մեղքից և ազատել մահից։
◼ Խոստացված Սերունդ (Ծննդ. 3։15)։ Կանխագուշակված սերնդի գլխավոր մասը միայն մեկ մարդ է՝ Հիսուս Քրիստոսը։ Ավելի ուշ Աբրահամի սերնդի երկրորդական մաս դարձան այն անհատները, ովքեր «պատկանում են Քրիստոսին» (Գաղ. 3։29)։