ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 37
«Բոլոր ազգերը ես կցնցեմ»
«Բոլոր ազգերը ես կցնցեմ, ու բոլոր ազգերի ցանկալի գանձերը կգան» (ԱՆԳԵ 2։7)։
ԵՐԳ 24 Բարձրացեք Եհովայի լեռը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1–2. Ի՞նչ ցնցման մասին է կանխագուշակվել մեր օրերի համար։
«ՐՈՊԵՆԵՐԻ ընթացքում խանութներն ու հին շինությունները մեկը մյուսի հետևից փուլ եկան»։ «Ամենուր խուճապ էր.... Շատերն ասում էին, որ ցնցումները մոտ երկու րոպե են տևել։ Բայց ինձ համար դա մի ողջ հավիտենություն էր»։ Սրանք այն մարդկանց խոսքերն են, ովքեր վերապրել են 2015 թ.-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից։ Այո՛, նման ողբերգական դեպքերը հեշտ չեն մոռացվում։
2 Այսօր մենք ականատես ենք լինում մեկ այլ ցնցման։ Ցնցվում է ոչ թե մի քաղաք կամ մի երկիր, այլ բոլոր ազգերը, և արդեն տասնամյակներ է, ինչ դա տեղի է ունենում։ Այդ մասին կանխագուշակել էր Անգե մարգարեն։ Նա գրել է. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Եվս մեկ անգամ, և դա կլինի շուտով, ես կցնցեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը»» (Անգե 2։6)։
3. Ինչո՞վ է այս խորհրդանշական ցնցումը տարբերվում երկրաշարժից։
3 Անգեի նկարագրած ցնցումը բառացի երկրաշարժ չէ, որը միայն ավերածություններ է պատճառում։ Ընդհակառակը՝ այն լավ արդյունքներ է բերում։ Եհովան ասում է. «Բոլոր ազգերը ես կցնցեմ, ու բոլոր ազգերի ցանկալի գանձերը կգան, և այս տունը փառքով կլցնեմ» (Անգե 2։7)։ Ի՞նչ էր այս մարգարեությունը նշանակում Անգեի օրերում ապրող մարդկանց համար։ Իսկ ի՞նչ է այն նշանակում մեզ համար։ Այժմ կիմանանք այս հարցերի պատասխանները և կտեսնենք, թե մենք ինչ դեր ունենք ազգերը ցնցելու գործում։
ՈԳԵՇՆՉՈՂ ԼՈՒՐ՝ ԱՆԳԵԻ ՕՐԵՐՈՒՄ
4. Ինչո՞ւ Եհովան Անգե մարգարեին ուղարկեց իր ժողովրդի մոտ։
4 Անգե մարգարեն կարևոր հանձնարարություն ստացավ Եհովայից։ Նկատի առնենք, թե ինչ էր տեղի ունեցել մինչ այդ։ Անգեն այն մարդկանց թվում էր, ովքեր մ. թ. ա. 537 թ.-ին Բաբելոնի գերությունից վերադարձան Երուսաղեմ։ Վերադառնալուց շատ չանցած՝ այդ հավատարիմ հրեաները գցեցին Եհովայի տան՝ տաճարի հիմքը (Եզր. 3։8, 10)։ Բայց շուտով նրանք հակառակության բախվեցին, ինչը թևաթափ արեց նրանց, և շինարարությունը կանգ առավ (Եզր. 4։4; Անգե 1։1, 2)։ Այդ պատճառով մ. թ. ա. 520 թ.-ին Եհովան Անգեին հանձնարարեց կրկին բոցավառել հրեաների եռանդը և մղել նրանց ավարտին հասցնելու տաճարի շինարարությունը (Եզր. 6։14, 15)։b
5. Ինչո՞ւ Անգեի հայտնած լուրը պետք է որ քաջալերական լիներ Աստծու ժողովրդի համար։
5 Անգեի հայտնած լուրի նպատակն էր ամրացնել ժողովրդի հավատը Եհովայի հանդեպ։ Մարգարեն, քաջությամբ լցված, վհատված հրեաներին փոխանցեց հետևյալ խոսքերը. «Զորացի՛ր, երկրի ամբո՛ղջ ժողովուրդ,— ասում է Եհովան,— և գործի՛ անցիր։ Ես ձեզ հետ եմ,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (Անգե 2։4)։ «Զորքերի Տեր Եհովա» արտահայտությունը պետք է որ շատ քաջալերական լիներ նրանց համար։ Եհովան հրեշտակների մեծ բանակ ունի։ Ուստի հաջողության հասնելու համար հրեաները պետք է նրան ապավինեին։
6. Ի՞նչ էր լինելու Անգեի կանխագուշակած ցնցման արդյունքում։
6 Եհովայի ներշնչմամբ Անգեն մի լուր հայտնեց, համաձայն որի՝ Նա ցնցելու էր բոլոր ազգերը։ Այս հայտնությունը հավաստիացրեց տաճարը կառուցող վհատված ժողովրդին, որ Եհովան ցնցելու է Պարսկաստանը։ Այդ օրերում այն աշխարհակալ ուժ էր, որի կազմում բազմաթիվ ազգեր կային։ Իսկ ի՞նչ էր լինելու այդ ցնցման արդյունքում։ Նախ՝ Աստծու ժողովուրդը ավարտին էր հասցնելու տաճարի շինարարությունը։ Բացի այդ՝ նույնիսկ այլազգիներ էին միանալու հրեաներին վերականգնված տաճարում Եհովային երկրպագություն մատուցելու համար։ Ինչպիսի՜ ոգեշնչող լուր։ Այն պետք է որ շատ քաջալերական լիներ Աստծու ժողովրդի համար (Զաք. 8։9)։
ԱՇԽԱՐՀԸ ՑՆՑՈՂ ԳՈՐԾ՝ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
7. Ի՞նչ գործի ենք մասնակցում այսօր, որը ցնցում է ազգերը։ Բացատրիր։
7 Ի՞նչ է նշանակում Անգեի մարգարեությունը մեզ համար։ Այսօր նույնպես Եհովան ցնցում է բոլոր ազգերը, բայց այս անգամ մենք էլ ենք ներգրավված այդ գործում։ Նկատի առնենք հետևյալ փաստը։ 1914 թ.-ին Եհովան Հիսուս Քրիստոսին նշանակեց իր երկնային Թագավորության Թագավոր (Սաղ. 2։6)։ Դա վատ լուր էր աշխարհի թագավորների համար։ Այն նշանակում էր, որ «ազգերին սահմանված ժամանակները», այսինքն՝ այն ժամանակները, երբ երկրի վրա Եհովայի կողմից նշանակված Թագավոր չկար, լրացել, կամ՝ ավարտվել էին (Ղուկ. 21։24)։ Ընդունելով այդ փաստը՝ Եհովայի ժողովուրդը հատկապես 1919 թ.-ից սկսած՝ մարդկանց ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ Աստծու Թագավորությունը մարդկության միակ հույսն է։ «Թագավորության.... բարի լուրի» քարոզչությունը ցնցել է ողջ աշխարհը (Մատթ. 24։14)։
8. Ըստ Սաղմոս 2։1–3 համարների՝ ազգերի մեծամասնությունը ինչպե՞ս է արձագանքում բարի լուրին։
8 Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում բարի լուրին։ Մեծամասնությունը մերժում է այն (կարդա Սաղմոս 2։1–3)։ Ազգերը իրարանցման մեջ են ընկել և հրաժարվում են ընդունել Եհովայի կողմից նշանակված ղեկավարին։ Նրանք Թագավորության մասին լուրը «բարի լուր» չեն համարում։ Որոշ կառավարություններ նույնիսկ արգելքի տակ են դրել քարոզչական գործը։ Թեև շատ ղեկավարներ պնդում են, թե ծառայում են Աստծուն, բայց իրականում չեն ցանկանում հրաժարվել իրենց ունեցած իշխանությունից։ Ինչպես Հիսուսի օրերում, այնպես էլ այսօր մարդկային ղեկավարները հակառակվում են Եհովայի Օծյալին՝ հալածելով վերջինիս հավատարիմ հետևորդներին (Գործ. 4։25–28)։
9. Ի՞նչ է անում Եհովան, չնայած որ ազգերը բացասաբար են արձագանքում Թագավորության լուրին։
9 Ի՞նչ է անում Եհովան, չնայած որ ազգերը բացասաբար են արձագանքում Թագավորության լուրին։ Սաղմոս 2։10–12 համարներում ասվում է. «Հիմա, ո՛վ թագավորներ, հասկացողությա՛մբ վարվեք և ուղղե՛ք ձեր ճանապարհները, ո՛վ երկրի դատավորներ։ Ծառայե՛ք Եհովային վախով և ցնծացե՛ք դողալով։ Համբուրե՛ք որդուն, որ Նա չբարկանա, և որ դուք չկորչեք ճանապարհից, որովհետև նրա զայրույթը կարող է արագ բորբոքվել։ Երջանիկ են բոլոր նրանք, ում համար ապաստան է նա»։ Բարություն դրսևորելով՝ Եհովան հնարավորություն է տալիս ազգերին փոխելու իրենց տրամադրվածությունը և իր կողմը բռնելու։ Սակայն քիչ ժամանակ է մնացել։ Մենք ապրում ենք այս համակարգի «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1; Ես. 61։2)։ Այսօր առավել, քան երբևէ, հրատապ է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը և ճիշտ որոշում կայացնեն։
ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ
10. Ի՞նչ դրական արձագանքի մասին է նկարագրվում Անգե 2։7–9-ում։
10 Որոշ մարդիկ Անգեի կանխագուշակած խորհրդանշական ցնցմանը դրականորեն են արձագանքում։ Նա ասում է, որ ցնցման արդյունքում «բոլոր ազգերի ցանկալի գանձերը [ազնվասիրտ մարդիկ] կգան» ու կպաշտեն Եհովային (կարդա Անգե 2։7–9)։c «Վերջին օրերում» նման զարգացումներ էին կանխագուշակել նաև Եսայիա և Միքիա մարգարեները (Ես. 2։2–4; Միք. 4։1, 2)։
11. Ինչպե՞ս է մի եղբայր արձագանքել բարի լուրին, երբ լսել է այն։
11 Քննենք Քեն անունով մի եղբոր օրինակը, ով այժմ ծառայում է գլխավոր վարչությունում։ Նա ճշմարտությունը իմացել է մոտ 40 տարի առաջ, բայց մինչև հիմա հստակ հիշում է, թե ինչ մեծ ազդեցություն է այն ունեցել իր վրա։ Քենը պատմում է. «Երբ առաջին անգամ լսեցի բարի լուրը, անչափ ուրախացա՝ իմանալով, որ ապրում ենք այս համակարգի վերջին օրերում։ Հասկացա, որ Աստծու հավանությանը արժանանալու և հավիտենական կյանք ստանալու համար չպետք է այս անկայուն աշխարհի մի մասը լինեմ, այլ պետք է վճռականորեն Եհովայի կողմը բռնեմ։ Աղոթեցի և անմիջապես գործի անցա։ Թողեցի այս աշխարհը և ապահովություն գտա Աստծու Թագավորության ներքո, որը երբեք չի սասանվի»։
12. Ինչպե՞ս է Եհովայի հոգևոր տաճարը այս վերջին օրերում փառքով լցվել։
12 Հստակ է, որ Եհովան օրհնում է իր ժողովրդին։ Աստծուն պաշտողների թիվը այս վերջին օրերում զգալիորեն աճում է։ Նրանց թիվը 1914 թ.-ին ընդամենը մի քանի հազար էր։ Բայց այժմ ավելի քան ութ միլիոն մարդ պաշտում է Աստծուն, և միլիոնավոր այլ մարդիկ ամեն տարի նրանց հետ ներկա են լինում Հիշատակի երեկոյին։ Այդպիսով Եհովայի հոգևոր տաճարի, այսինքն՝ նրա հաստատած մաքուր երկրպագության երկրային գավիթները լցվել են «ազգերի ցանկալի գանձերով»։ Եհովայի անունը փառավորվում է նաև այն ժամանակ, երբ այդ անհատները փոփոխություններ են անում՝ հագնելով նոր անձնավորությունը (Եփես. 4։22–24)։
13. Այս տպավորիչ աճի արդյունքում ուրիշ ի՞նչ մարգարեություններ են կատարվում (տես ամսագրի շապիկի նկարը)։
13 Այս տպավորիչ աճի արդյունքում այլ մարգարեություններ էլ են կատարվում, ինչպես, օրինակ, Եսայիա 60-րդ գլխում արձանագրված մարգարեությունը։ 22-րդ համարում կարդում ենք. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին»։ Եհովային պաշտողների թվի աճի արդյունքում մի հիանալի բան է տեղի ունենում։ Այդ «ցանկալի գանձերը» տարբեր ունակություններ և հմտություններ ունեն, ինչպես նաև բարի լուրը քարոզելու պատրաստակամություն։ Միանալով Աստծու ժողովրդին՝ նրանք այդ ամենը օգտագործում են ի նպաստ Թագավորության շահերի։ Այդպիսով, ինչպես Եսայիան է ասել, Աստծու ժողովուրդը օգտվում է «ազգերի կաթից» (Ես. 60։5, 16)։ Այդ թանկագին տղամարդկանց ու կանանց օգնությամբ բարի լուրը քարոզվում է 240 երկրներում, և մեր գրականությունը հրատարակվում է ավելի քան 1 000 լեզուներով։
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
14. Ի՞նչ որոշում պետք է կայացնեն մարդիկ հիմա։
14 Այս վերջին օրերում բարի լուրի քարոզչությունը, որը ցնցում է ազգերը, ստիպում է մարդկանց որոշում կայացնել. կա՛մ աջակցել Աստծու Թագավորությանը, կա՛մ հույսը դնել ներկայիս կառավարությունների վրա։ Վաղ թե ուշ բոլորն էլ պետք է որոշում կայացնեն։ Ճիշտ է, Աստծու ծառաները ենթարկվում են այն երկրի օրենքներին, որտեղ ապրում են, բայց լիովին չեզոք են մնում քաղաքական հարցերում (Հռոմ. 13։1–7)։ Նրանք գիտեն, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկության խնդիրները։ Իսկ այդ Թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ (Հովհ. 18։36, 37)։
15. Ըստ «Հայտնություն» գրքի՝ ինչպե՞ս է փորձվելու Աստծու ժողովրդի նվիրվածությունը։
15 «Հայտնություն» գրքից իմանում ենք, որ վերջին օրերում Աստծու ժողովրդի նվիրվածությունը փորձության է ենթարկվելու։ Այդ փորձության արդյունքում մենք բախվելու ենք ուժգին հակառակության ու հալածանքի։ Այս աշխարհի քաղաքական համակարգը պահանջելու է, որ իրեն երկրպագենք, և հալածելու է բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն թիկունք կանգնել իրեն (Հայտն. 13։12, 15)։ Այն հարկադրելու է, որ «բոլոր մարդկանց՝ փոքրերի ու մեծերի, հարուստների ու աղքատների, ազատների ու ծառաների.... աջ ձեռքին կամ նրանց ճակատներին» նշան դրվի (Հայտն. 13։16)։ Հին ժամանակներում ծառայի վրա նշան էր դրվում, որը ցույց էր տալիս, թե նա ում է պատկանում։ Նմանապես մեր օրերում կակնկալվի, որ բոլորը իրենց ձեռքին կամ ճակատին փոխաբերական նշան ունենան, այսինքն՝ նրանց մտքերն ու գործերը պետք է ցույց տան, որ նրանք հարում են քաղաքական համակարգին ու աջակցում են դրան։
16. Ինչո՞ւ է հրատապ, որ հիմա ամրացնենք Եհովային նվիրված մնալու մեր վճռականությունը։
16 Արդյո՞ք մենք էլ կընդունենք այդ փոխաբերական նշանը և թիկունք կկանգնենք քաղաքական ուժերին։ Նրանք, ովքեր այդպես չեն վարվի, դժվարություններ կունենան և վտանգի առաջ կկանգնեն։ «Հայտնություն» գիրքը շարունակում է. «Ոչ ոք չի կարողանա գնել կամ վաճառել՝ բացի նրանից, ով ունի նշանը, գազանի անունը կամ նրա անվան թիվը» (Հայտն. 13։17)։ Սակայն Աստծու ժողովուրդը գիտի, թե ինչպես է Աստված վարվելու նրանց հետ, ովքեր ունեն այդ նշանը (Հայտն. 14։9, 10)։ Այն կրելու փոխարեն՝ նրանք իրենց ձեռքերին ասես գրելու են. «Ես պատկանում եմ Եհովային» (Ես. 44։5)։ Հիմա է ժամանակը ամրացնելու Եհովային նվիրված մնալու մեր վճռականությունը։ Եթե այդպես վարվենք, Եհովան ուրախությամբ մեզ կհամարի իրենը։
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑՆՑՈՒՄ
17. Ի՞նչ պետք է հիշենք Եհովայի համբերատարության առնչությամբ։
17 Եհովան մեծ համբերատարություն է դրսևորում այս վերջին օրերում։ Նա չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի (2 Պետ. 3։9)։ Նա բոլորին հնարավորություն է տալիս զղջալու և ճիշտ որոշում կայացնելու։ Բայց Եհովայի համբերությունը սահմաններ ունի։ Նրանք, ովքեր հրաժարվում են այդ հնարավորությունից, կհայտնվեն այն նույն իրավիճակում, ինչ փարավոնը Մովսեսի օրերում։ Եհովան ասաց փարավոնին. «Ես վաղուց կարող էի մեկնել իմ ձեռքը և համաճարակով հարվածել քեզ ու քո ժողովրդին, որ բնաջինջ լինեիր երկրի վրայից։ Սակայն քեզ կենդանի թողեցի այն պատճառով, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ» (Ելք 9։15, 16)։ Բոլոր ազգերը ի վերջո կիմանան, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը (Եզեկ. 38։23)։ Իսկ ինչպե՞ս դա կլինի։
18. ա) Ի՞նչ ցնցման մասին է խոսվում Անգե 2։6, 20–22 համարներում։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Անգեի մարգարեությունը ապագայում է կատարվելու։
18 Անգեի ժամանակներից դարեր անց Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրեց, որ Անգե 2։6 և 20–22 համարներում գրված խոսքերը ապագայում են կատարվելու (կարդա)։ Պողոսը գրեց. «Բայց հիմա նա խոստացել է. «Եվս մեկ անգամ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը»։ «Եվս մեկ անգամ» արտահայտությունը ցույց է տալիս, որ սասանվող բաները, որոնք Աստծու կողմից ստեղծված չեն, հեռացվելու են, որպեսզի չսասանվող բաները մնան» (Եբր. 12։26, 27)։ Ի տարբերություն Անգե 2։7-ում նշված ցնցման՝ այս ցնցումը կործանում է նշանակելու նրանց համար, ովքեր փարավոնի պես հրաժարվում են ընդունել Եհովայի իշխելու իրավունքը։
19. Ի՞նչը չի ցնցվելու, և որտեղի՞ց գիտենք դա։
19 Ի՞նչը չի ցնցվելու, այսինքն՝ վերանալու։ Պողոսը գրում է. «Տեսնելով, որ ստանալու ենք մի անսասան թագավորություն՝ եկեք շարունակենք օգտվել անզուգական բարությունից, որի միջոցով կկարողանանք ընդունելի կերպով սուրբ ծառայություն մատուցել Աստծուն՝ աստվածավախությամբ և ակնածանքով» (Եբր. 12։28)։ Այո՛, երբ վերջին ցնցման բարձրացրած փոշին ցրվի, կտեսնենք, որ միայն Աստծու Թագավորությունն է կանգուն մնացել. այն երբե՛ք չի սասանվի (Սաղ. 110։5, 6; Դան. 2։44)։
20. Ի՞նչ ընտրության առաջ են կանգնած մարդիկ, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։
20 Ժամանակ չի մնացել։ Մարդիկ պետք է ընտրություն անեն. կա՛մ շարունակեն ապրել այս աշխարհի առաջարկած ձևով, որը կործանման է տանում, կա՛մ փոփոխություններ անեն իրենց կյանքում և ապրեն Աստծու կամքի համաձայն, որը հավիտենական կյանքի է տանում (Եբր. 12։25)։ Մասնակցելով քարոզչական գործին՝ մենք կարող ենք օգնել մարդկանց, որ այս կարևոր հարցում որոշում կայացնեն։ Եկեք հնարավորինս շատերին օգնենք, որ Աստծու Թագավորության կողմը բռնեն։ Թող որ միշտ հիշենք մեր Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։
ԵՐԳ 40 Ո՞ւմ ենք պատկանում
a Այս հոդվածում ճշգրտվում է Անգե 2։7-ի բացատրությունը։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք մասնակցել ոգևորիչ մի գործի, որը ցնցում է բոլոր ազգերը։ Նաև կտեսնենք, որ այդ գործին ոմանք դրականորեն են արձագանքում, իսկ ոմանք՝ բացասաբար։
b Մենք գիտենք, որ Անգեին հաջողվեց կատարել իր հանձնարարությունը, քանի որ մ. թ. ա. 515 թ.-ին տաճարի վերակառուցման աշխատանքներն ավարտվեցին։
c Այս համարի բացատրությունը ճշգրտվել է։ Նախկինում ասում էինք, որ ազնվասիրտ մարդիկ գալիս են դեպի ճշմարտությունը ոչ այն պատճառով, որ բոլոր ազգերը ցնցվում են։ Տես «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 2006 թ. մայիսի 15-ի համարում։
d ՆԿԱՐ։ Անգեն հորդորում է Աստծու ժողովրդին եռանդով լցվել և վերակառուցել տաճարը։ Աստծու ժամանակակից ծառաները եռանդով հռչակում են Թագավորության մասին լուրը։ Ամուսինները մասնակցում են աշխարհը ցնցող քարոզչական գործին և պատմում են վերջնական ցնցման մասին։