Շտապիր դեպի հասունություն. «Մոտ է Եհովայի մեծ օրը»
«Շտապենք դեպի հասունություն» (ԵԲՐ. 6։1)։
1, 2. Առաջին դարում «սարերը փախչելու» ի՞նչ հնարավորություն ստացան Երուսաղեմում և Հրեաստանում ապրող քրիստոնյաները։
ՀԻՍՈՒՍԻ աշակերտները մոտեցան նրան և հարցրին. «Ո՞րն է լինելու քո ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը»։ Պատասխանելով նրանց հարցին՝ Քրիստոսն ասաց մի մարգարեություն, որի նախնական կատարումը տեղի ունեցավ առաջին դարում։ Նա հիշատակեց արտասովոր իրադարձություններ, որոնք մատնանշելու էին իրերի համակարգի մոտալուտ վախճանը։ Տեսնելով այդ իրադարձությունների կատարումը՝ «նրանք, ովքեր Հրեաստանում էին, պետք է սարերը փախչեին» (Մատթ. 24։1–3, 15–22)։ Արդյոք Հիսուսի աշակերտները կճանաչեի՞ն այդ նշանը և կհետևեի՞ն նրա հրահանգներին։
2 Մոտ երեք տասնամյակ անց՝ 61թ.–ին, Պողոս առաքյալը մի ազդեցիկ ու սթափեցնող նամակ գրեց Երուսաղեմում և նրա շրջակայքում ապրող հրեա քրիստոնյաներին։ Պողոսը և նրա հավատակիցները չգիտեին, որ «մեծ նեղության» սկիզբն ազդարարող իրադարձությունները սկսվելու են ընդամենը հինգ տարի անց (Մատթ. 24։21)։ 66թ.–ին Կեստիոս Գալլոսը հռոմեական զորքերով եկավ Երուսաղեմի վրա։ Նա գրեթե հաջողության էր հասել, բայց անսպասելիորեն նահանջեց։ Վտանգի մեջ հայտնվածները փախչելու հնարավորություն ստացան։
3. Ի՞նչ հորդոր տվեց Պողոսը հրեա քրիստոնյաներին և ինչո՞ւ։
3 Ի՞նչ էր անհրաժեշտ այդ քրիստոնյաներին՝ հասկանալու համար, որ տեղի ունեցող դեպքերը համապատասխանում են Հիսուսի ասածներին, և որ իրենք պետք է փախչեն։ Խորաթափանցություն և հոգևոր հասկացողություն։ Այնինչ ոմանց «լսողությունը բթացել էր», և նրանք նման էին երեխաների, ովքեր կաթի կարիք ունեն (կարդա՛ Եբրայեցիներ 5։11–13)։ Նույնիսկ նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ ճշմարտության մեջ էին, սկսել էին հեռանալ «կենդանի Աստծուց» (Եբր. 3։12)։ Ոմանք էլ «սովորություն ունեին» բացակայելու քրիստոնեական հանդիպումներից, այն դեպքում երբ ահեղ «օրը մոտենում էր» (Եբր. 10։24, 25)։ Պողոսը նրանց ժամանակահարմար հորդոր տվեց՝ ասելով. «Քրիստոսի մասին սկզբնական ուսմունքները թողած լինելով՝ եկեք շտապենք դեպի հասունություն» (Եբր. 6։1)։
4. Ինչո՞ւ է կարևոր հոգևորապես զգոն մնալ, և ի՞նչը կօգնի այս հարցում։
4 Մենք ապրում ենք Հիսուսի ասած մարգարեության վերջնական կատարման ժամանակներում։ «Մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] մեծ օրը», օր, որը վերջ կտա Սատանայի ամբողջ համակարգին (Սոփ. 1։14)։ Մենք, ինչպես երբեք, պետք է եռանդուն և զգոն լինենք հոգևոր հարցերում (1 Պետ. 5։8)։ Այդպիսի՞ն ենք։ Հոգևոր հասունության ձգտելը կօգնի միշտ հիշելու, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում։
Ինչ է քրիստոնեական հասունությունը
5, 6. ա) Ի՞նչ է հոգևոր հասունությունը։ բ) Ո՞ր հարցերում պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի շտապենք դեպի հասունություն։
5 Հրեա քրիստոնյաներին Պողոսը ոչ միայն հորդորեց շտապել դեպի հասունություն, այլև բացատրեց, թե ինչ է այն (կարդա՛ Եբրայեցիներ 5։14)։ «Հասուն մարդիկ» չեն բավարարվում զուտ «կաթով»։ Նրանք սնվում են «պինդ կերակուրով», ուստի գիտեն ճշմարտության և՛ «տարրական բաները», և՛ «խորունկ բաները» (1 Կորնթ. 2։10)։ Բացի այդ, հասունների «ըմբռնողականությունը մարզված է գործի դնելու միջոցով», այսինքն՝ նրանք կիրառում են իրենց իմացածը, ինչի շնորհիվ կարողանում են զանազանել ճիշտն ու սխալը։ Երբ որևէ որոշում կայացնելու առաջ են կանգնում, ունակ են տեսնելու, թե ինչ սուրբգրային սկզբունքներ են առնչվում տվյալ հարցին, և առաջնորդվում են դրանցով։
6 Պողոսը գրեց. «Անհրաժեշտ է, որ մենք սովորականից առավել ուշադրություն դարձնենք այն ամենին, որ լսեցինք, որպեսզի մի կողմ չտարվենք» (Եբր. 2։1)։ «Մի կողմ տարվելը» կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան կհասցնենք դա գիտակցել։ Բայց մենք կարող ենք խուսափել դրանից, եթե աստվածաշնչյան ճշմարտությունների ուսումնասիրության ընթացքում սովորականից ավելի ուշադրություն դարձնենք քննարկվող նյութին։ Ուստի մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա. «Դեռևս տարրական բանե՞րն եմ ուսումնասիրում։ Մեխանիկորե՞ն եմ զբաղվում հոգևոր գործերով։ Սիրտս ամբողջովի՞ն է կապված ճշմարտությանը։ Ինչպե՞ս կարող եմ հոգևորապես աճել»։ Որպեսզի շտապենք դեպի հասունություն, պետք է ջանքեր գործադրենք առնվազն երկու հարցում. առաջին՝ գիտակ լինենք Աստծու Խոսքին, երկրորդ՝ սովորենք հնազանդվել։
Գիտակ եղիր Աստծու Խոսքին
7. Ինչո՞վ է օգտակար Աստծու Խոսքին գիտակ լինելը։
7 Պողոսը գրեց. «Ամեն ոք, ով կաթ է ուտում, անգիտակ է արդարության խոսքին, քանի որ մանուկ է» (Եբր. 5։13)։ Հոգևորապես հասունանալու համար պետք է գիտակ լինենք Աստծու Խոսքին, որը Եհովայի պատգամն է՝ ուղղված մեզ։ Ուստի պետք է ջանադրաբար ուսումնասիրենք ինչպես Աստվածաշունչը, այնպես էլ նրա վրա հիմնված գրականությունը, որ տալիս է «հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթ. 24։45–47)։ Սա հնարավորություն կտա յուրացնելու Աստծու մտածելակերպը, ինչն էլ իր հերթին կօգնի մեզ մարզելու մեր ըմբռնողականությունը։ Քննենք Օրքիդ անունով մի քրիստոնյա քրոջ օրինակըa։ Նա պատմում է. «Ինձ հատկապես օգնել են Աստվածաշունչը կանոնավորաբար կարդալու մասին հիշեցումները։ Ամբողջ Աստվածաշունչը կարդալու համար ինձնից պահանջվեց մոտ երկու տարի և այդ ընթացքում ինձ թվում էր, որ մինչ այդ չեմ ճանաչել իմ Արարչին։ Իմացա նրա ճանապարհները, թե ինչն է նրան դուր գալիս, ինչը՝ ոչ։ Նաև հասկացա, թե որքան զորեղ և իմաստուն է նա։ Կյանքումս եղել են ծանր պահեր, երբ հենց Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունն է ինձ ուժ տվել»։
8. Ի՞նչ ազդեցություն կարող է Աստծու Խոսքը թողնել մեզ վրա։
8 Եթե Աստծու «զորեղ» Խոսքը կանոնավորաբար կարդանք, այն կներգործի մեզ վրա (կարդա՛ Եբրայեցիներ 4։12)։ Ընթերցանությունը կնպաստի, որ նոր անձնավորությունը հագնենք և ավելի հաճելի դառնանք Եհովային։ Իսկ դու կարիք ունե՞ս Աստվածաշնչի ընթերցանությանը ավելի շատ ժամանակ հատկացնելու և կարդացածիդ շուրջ խորհրդածելու։
9, 10. Ի՞նչ է նշանակում գիտակ լինել Աստվածաշնչին։ Բացատրիր օրինակով։
9 Աստծու Խոսքին գիտակ լինելն ավելին է նշանակում, քան պարզապես նրա բովանդակությանը ծանոթանալը։ Պողոսի օրերի՝ հոգևոր առումով երեխաները, իհարկե, որոշ չափով ծանոթ էին Աստծու Խոսքին։ Սակայն նրանք չէին կիրառում իրենց իմացածը, հետևաբար չէին տեսնում Աստծու Խոսքի իրական արժեքը։ Քանի որ Աստծու Խոսքին գիտակ չէին, չէին կարողանում իմաստուն որոշումներ կայացնել։
10 Աստծու Խոսքին գիտակ լինել նշանակում է իմանալ, թե ինչ է այն ասում, և կիրառել մեր իմացածը։ Կայլ անունով մի քրիստոնյա քրոջ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք դա անել։ Նա տարաձայնություն ուներ իր աշխատակցուհիներից մեկի հետ։ Ինչպե՞ս քույրը լուծեց խնդիրը։ Կայլն ասում է. «Անմիջապես հիշեցի Հռոմեացիներ 12։18 համարը, որտեղ ասվում է. «Որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»։ Ուստի աշխատակցուհուս առաջարկեցի գործից հետո զրուցել»։ Ամեն ինչ լավ անցավ։ Այդ կինը տպավորվել էր Կայլի մոտեցումից։ Քույրն ասում է. «Ես հասկացա, որ եթե միշտ կիրառենք Աստվածաշնչի սկզբունքները, երբեք չենք սխալվի»։
Սովորիր հնազանդվել
11. Ո՞ւմ օրինակն է ցույց տալիս, որ դժվար է հնազանդվել հատկապես ծանր հանգամանքներում։
11 Աստվածաշնչից սովորածը կիրառելը գուցե դժվար լինի, հատկապես ծանր հանգամանքներում։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ Եհովան Իսրայելի որդիներին ազատեց Եգիպտոսի լծից, նրանք սկսեցին «Մովսեսի հետ վիճել» և «փորձել Եհովային»։ Ո՞րն էր պատճառը։ Ջուր չկար (Ելից 17։1–4)։ Իսրայելացիները ուխտի մեջ էին մտել Աստծու հետ և համաձայնվել էին անել «Եհովայի բոլոր խօսքերը»։ Այնինչ դրանից երկու ամիս էլ չանցած՝ կռապաշտություն գործեցին՝ խախտելով Աստծու օրենքը (Ելից 24։3, 12–18; 32։1, 2, 7–9)։ Արդյո՞ք Մովսեսի երկարատև բացակայության պատճառով նրանք սկսել էին վախենալ (այդ ժամանակ նա գտնվում էր Քորեբ լեռան վրա և Եհովայից հրահանգներ էր ստանում)։ Գուցե նրանք մտածում էին, որ ամաղեկացիները նորի՞ց կհարձակվեն իրենց վրա, և իրենք ոչինչ չեն կարողանա անել առանց Մովսեսի, ով, ձեռքերը բարձրացնելով, նախկինում հաղթանակ էր բերել իրենց (Ելից 17։8–16)։ Հնարավոր է՝ այդպես եղած լինի, բայց, ամեն դեպքում, իսրայելացիները «չուզեցին հնազանդ լինել» (Գործ. 7։39–41)։ Պողոսը քրիստոնյաներին հորդորեց «ամեն ինչ անել», որ «չհետևեն անհնազանդության նույն օրինակին», անհնազանդություն, որը իսրայելացիները դրսևորեցին, երբ վախեցան մտնել Ավետյաց երկիր (Եբր. 4։3, 11)։
12. Ինչպե՞ս Հիսուսը հնազանդություն սովորեց, և ինչպե՞ս օրհնվեց իր հնազանդության համար։
12 Որպեսզի շտապենք դեպի հասունություն, պետք է ամեն ինչ անենք Եհովային հնազանդ լինելու համար։ Ինչպես երևում է Հիսուս Քրիստոսի օրինակից, անհատը հաճախ հնազանդություն է սովորում իր կրած չարչարանքներից (կարդա՛ Եբրայեցիներ 5։8, 9)։ Նախքան երկիր գալը Հիսուսը հնազանդ էր Հորը։ Երկրի վրա նա նույնպես հնազանդ եղավ նրան, բայց դրա համար պահանջվեց անցնել չարչարանքների ու հոգեկան տառապանքների միջով։ Ծանր ճնշումների ներքո դրսևորելով հնազանդություն՝ Հիսուսը «կատարյալ դարձվեց». նա արժանի դարձավ ստանձնելու Թագավորի և Քահանայապետի պաշտոնը, որն Աստված նախատեսել էր նրա համար։
13. Ինչի՞ց է երևում՝ սովորել ենք հնազանդություն, թե՝ ոչ։
13 Իսկ մե՞նք։ Արդյոք վճռե՞լ ենք հնազանդվել Եհովային նույնիսկ դժվար հանգամանքներում (կարդա՛ 1 Պետրոս 1։6, 7)։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ խորհուրդներ է նա տալիս բարոյականության, ազնվության, մաքուր լեզվի, Աստվածաշնչի ընթերցանության ու անձնական ուսումնասիրության, քրիստոնեական հանդիպումներին ներկա լինելու և քարոզչական գործին մասնակցելու վերաբերյալ (Յեսու 1։8; Մատթ. 28։19, 20; Եփես. 4։25, 28, 29; 5։3–5; Եբր. 10։24, 25)։ Երբ ծանր իրավիճակում ենք, հնազանդվո՞ւմ ենք Եհովային այս հարցերում։ Եթե այո, ուրեմն հոգևորապես հասունացել ենք։
Ինչո՞վ է օգտակար քրիստոնեական հասունությունը
14. Օրինակով ցույց տուր, թե դեպի հասունություն շտապելը ինչպես կարող է պաշտպանություն լինել։
14 Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կորցրել է «բարոյականության հանդեպ ողջ զգացողությունը» (Եփես. 4։19)։ Ըմբռնողականությունը, որը մարզված է զանազանելու ճիշտն ու սխալը, իսկապես պաշտպանություն է մեզ համար։ Ջեյմս անունով մի եղբայր, որը կանոնավորաբար կարդում էր սուրբգրային գրականությունը և բարձր էր գնահատում այն, ընդունվեց աշխատանքի, որտեղ նրա բոլոր գործընկերները կանայք էին։ «Ակնհայտ էր, որ նրանցից շատերը կորցրել էին ամոթի զգացումը,— պատմում է Ջեյմսը։— Սակայն մեկը կարծես այդպիսին չէր և նույնիսկ հետաքրքրվեց ճշմարտությամբ։ Մի անգամ, երբ աշխատասենյակում երկուսով էինք մնացել, նա սկսեց անպատշաճ հետաքրքրություն ցույց տալ իմ հանդեպ։ Սկզբում թվաց՝ կատակում է։ Բայց տեսա, որ գնալով իրեն ավելի ազատ է պահում ու նրան գրեթե հնարավոր չէ կանգնեցնել։ Այդ պահին հիշեցի «Դիտարանում» տպագրված մի դեպք, թե ինչպես մի եղբայր աշխատավայրում նման խնդրի բախվեց։ Հոդվածում հիշատակվում էր նաև Հովսեփի օրինակը՝ կապված Պետափրեսի կնոջ հետb։ Անմիջապես հրեցի այդ աղջկան, ու նա փախավ» (Ծննդ. 39։7–12)։ Ջեյմսն ուրախ էր, որ ամեն ինչ այդքանով ավարտվեց, և որ իր խիղճը մաքուր մնաց (1 Տիմոթ. 1։5)։
15. Դեպի հասունություն շտապելը ինչպե՞ս կարող է ամրացնել մեր այլաբանական սիրտը։
15 Հոգևոր հասունությունը նպաստում է նաև, որ մեր այլաբանական սիրտը ամուր լինի, և օգնում է մեզ «չշեղվելու զանազան և օտար ուսմունքներով» (կարդա՛ Եբրայեցիներ 13։9)։ Երբ ջանում ենք հոգևորապես առաջադիմել, մեր միտքը կենտրոնացած է մնում «ավելի կարևոր բաների» վրա (Փիլիպ. 1։9, 10)։ Հոգևորապես հասունանալով՝ մենք Եհովայի հանդեպ ավելի մեծ երախտագիտությամբ ենք լցվում և շնորհակալ ենք լինում նրան այն ամենի համար, որ նա արել և անում է մեր օգտին (Հռոմ. 3։24)։ «Հասկանալու կարողության մեջ չափահաս» քրիստոնյայի սիրտը լի է նման երախտագիտության զգացումով, և նա լավ փոխհարաբերություններ է վայելում Եհովայի հետ (1 Կորնթ. 14։20)։
16. Ինչի՞ շնորհիվ Լուիզը «հաստատեց իր սիրտը»։
16 Լուիզ անունով մի քույր խոստովանում է, որ մկրտությունից հետո մի որոշ ժամանակ իր գլխավոր մտահոգությունն այն էր, թե ինչ են մարդիկ մտածում իր մասին։ «Ճիշտ է, ես ոչ մի սխալ բան չէի անում,— ասում է նա,— բայց իմ սիրտը չէր վառվում Եհովային ծառայելու ցանկությամբ։ Գիտակցում էի, որ պետք է փոփոխություններ անեմ, եթե ուզում եմ զգալ, որ Եհովային տալիս եմ այն ամենը, ինչ կարող եմ։ Ամենամեծ փոփոխությունը, որ պետք է անեի, իմ ամբողջ սիրտը Եհովային նվիրելն էր»։ Փոփոխություններ անելով՝ Լուիզը «հաստատեց իր սիրտը», ինչը շատ օգնեց նրան, երբ լուրջ առողջական խնդիր ունեցավ (Հակ. 5։8)։ Լուիզը ասում է. «Ես հիվանդության դեմ մեծ պայքար մղեցի, բայց փոխարենը՝ մտերմացա Եհովայի հետ»։
«Ի սրտե հնազանդ եղիր»
17. Ինչո՞ւ առաջին դարում հնազանդությունը կենսական նշանակություն ունեցավ։
17 Պողոսի՝ «դեպի հասունություն շտապելու» մասին խորհուրդը կենսական նշանակություն ուներ Երուսաղեմում և Հրեաստանում ապրող վաղ քրիստոնյաների համար։ Այս խորհրդին ականջ դրած քրիստոնյաները ունեին խորաթափանցություն, որն անհրաժեշտ էր Հիսուսի տված նշանը ճանաչելու համար։ Երբ նրանք տեսան «ամայացում բերող պղծությունը.... կանգնած սուրբ վայրում», այսինքն՝ Երուսաղեմը շրջապատած հռոմեական զորքերը, որոնք փորձում էին մտնել քաղաք, հասկացան, որ փախչելու ժամանակն է (Մատթ. 24։15, 16)։ Ականջ դնելով Հիսուսի մարգարեական նախազգուշացմանը՝ քրիստոնյաները Երուսաղեմից փախան նախքան քաղաքի կործանումը։ Ըստ եկեղեցական պատմիչ Եվսեբիոսի՝ նրանք հաստատվեցին Պելլա քաղաքում, որը գտնվում էր Գաղաադի լեռնային շրջանում։ Այդպիսով քրիստոնյաները խուսափեցին ամբողջ պատմության ընթացքում Երուսաղեմին պատահած ամենամեծ աղետից։
18, 19. ա) Ինչո՞ւ է այսօր հնազանդվելը կենսական։ բ) Ինչի՞ մասին ենք խոսելու հաջորդ հոդվածում։
18 Հիսուսն ասաց, որ աննախադեպ մասշտաբների հասնող «մեծ նեղություն կլինի»։ Շուտով տեղի կունենա նրա այս մարգարեության հիմնական կատարումը, և այդժամ մեզ համար ևս կենսական նշանակություն կունենա այն հնազանդությունը, որ առաջ է գալիս դեպի հասունություն շտապելուց (Մատթ. 24։21)։ Կհնազանդվե՞նք ցանկացած հրահանգի, որ ապագայում գուցե ստանանք հավատարիմ տնտեսից (Ղուկ. 12։42)։ Որքա՜ն կարևոր է սովորել «ի սրտե հնազանդ լինել» (Հռոմ. 6։17)։
19 Հոգևոր հասունության հասնելու համար պետք է մարզենք մեր ըմբռնողականությունը։ Իսկ որպեսզի մարզենք այն, պետք է ջանանք գիտակ լինել Աստծու Խոսքին և սովորել հնազանդություն։ Քրիստոնեական հասունության ճանապարհին առանձնահատուկ դժվարությունների են բախվում երիտասարդները։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե նրանք ինչպես կարող են հաղթահարել այդ դժվարությունները։
[ծանոթագրություններ]
a Որոշ անուններ փոխված են։
b Տե՛ս «Դիտարան», 1999, հոկտեմբերի 1, էջ 28–31, ռուս.։
Ի՞նչ սովորեցիր
• Ի՞նչ է հոգևոր հասունությունը, և ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել այն։
• Ի՞նչ դեր ունի Աստծու Խոսքին գիտակ լինելը դեպի հասունություն շտապելու հարցում։
• Ինչպե՞ս ենք հնազանդություն սովորում։
• Ինչո՞վ է հոգևոր հասունությունը օգտակար։
[նկար 10–րդ էջի վրա]
Աստվածաշնչի խորհուրդները կիրառելով՝ հասուն մոտեցում կցուցաբերենք խնդիրները լուծելիս
[նկար 12–րդ և 13–րդ էջերի վրա]
Հիսուսի խորհրդին հետևելով՝ վաղ քրիստոնյաները փրկեցին իրենց կյանքը