ԴԱՍ 31
Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
Աստվածաշնչի գլխավոր թեման Աստծու Թագավորությունն է։ Այդ Թագավորության միջոցով Եհովան իրականացնելու է երկրի առնչությամբ իր սկզբնական նպատակը։ Իսկ ի՞նչ է այդ Թագավորությունը։ Որտեղի՞ց գիտենք, որ այն այժմ իշխում է։ Ի՞նչ է այն արդեն արել և ի՞նչ է իրականացնելու ապագայում։ Այս և հաջորդ երկու դասերում կգտնեք վերոհիշյալ հարցերի պատասխանները։
1. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը, և ո՞վ է այդ Թագավորության Թագավորը
Թագավորությունը Եհովա Աստծու կողմից հաստատված կառավարություն է, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Նա ղեկավարում է երկնքից (Մատթեոս 4։17; Հովհաննես 18։36)։ Աստվածաշնչում Հիսուսի մասին ասվում է. «Նա հավիտյան կթագավորի» (Ղուկաս 1։32, 33)։ Որպես Աստծու Թագավորության Թագավոր՝ Հիսուսը կղեկավարի ողջ երկիրը։
2. Ովքե՞ր են ղեկավարում Հիսուսի հետ
Հիսուսը մենակ չի ղեկավարում։ Նրա հետ «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» մարդիկ «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10)։ Իսկ ընդհանուր քանի՞ հոգի են թագավորելու Քրիստոսի հետ։ Հիսուսի՝ երկիր գալուց ի վեր միլիոնավոր մարդիկ են դարձել քրիստոնյա, սակայն նրանցից ընդամենը 144 000-ն են գնալու երկինք՝ նրա հետ թագավորելու համար (կարդա Հայտնություն 14։1–4)։ Իսկ մյուս բոլոր քրիստոնյաները կդառնան այդ Թագավորության քաղաքացիներ (Սաղմոս 37։29)։
3. Ի՞նչ առումով է Աստծու Թագավորությունը գերազանցում մարդկային կառավարություններին
Անգամ երբ մարդկային կառավարիչներն ուզում են լավ բան անել, նրանք միշտ չէ, որ ի զորու են լինում։ Նրանց փոխարինում են այնպիսի ղեկավարներ, որոնց չեն հետաքրքրում իրենց ենթակայության տակ եղողների շահերը։ Սակայն Աստծու Թագավորության Թագավորին՝ Հիսուսին, ոչ ոք չի փոխարինելու։ Աստված «մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դանիել 2։44)։ Հիսուսը ղեկավարելու է ողջ երկրի վրա և երբեք կողմնակալություն չի դրսևորելու։ Նա սիրառատ է, բարի ու արդար։ Հիսուսը մարդկանց սովորեցնելու է նույն կերպ վարվել միմյանց հետ՝ սիրով, բարությամբ ու արդարությամբ (կարդա Եսայիա 11։9)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչու է Աստծու Թագավորությունը ցանկացած մարդկային կառավարությունից ավելի լավը։
4. Երկրի վրա իշխելու է հզոր կառավարություն
Հիսուսը ավելի զորեղ է, քան ցանկացած մարդկային կառավարիչ։ Կարդացեք Մատթեոս 28։18 և քննարկեք հետևյալ հարցը։
Ո՞րն է Հիսուսի և մարդկային ղեկավարների տարբերությունը։
Մարդկային կառավարությունները հաճախ են փոխվում, և յուրաքանչյուրը իշխում է երկրագնդի միայն մեկ հատվածի վրա։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել Աստծու Թագավորության մասին։ Կարդացեք Դանիել 7։14, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ է ուրախալի այն փաստը, որ Աստծու Թագավորությունը «չի ավերվելու»։
Ինչո՞ւ է ուրախալի այն փաստը, որ այդ Թագավորությունը իշխելու է ամբողջ երկրի վրա։
5. Մարդկային կառավարությունները պետք է փոխարինվեն
Ինչո՞ւ պետք է Աստծու Թագավորությունը փոխարինի մարդկային իշխանություններին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
Ի՞նչ հետևանքների է հանգեցրել մարդկանց իշխանությունը։
Կարդացեք Ժողովող 8։9 և քննարկեք հետևյալ հարցերը։
Քո կարծիքով՝ կարիք կա՞, որ Աստծու Թագավորությունը փոխարինի մարդկային իշխանություններին։ Ինչո՞ւ։
6. Աստծու Թագավորության իշխանները հասկանում են մեզ
Քանի որ մեր Թագավորը՝ Հիսուսը, ապրել է որպես մարդ, նա կարող է «ցավակից լինել մեր թուլություններին» (Եբրայեցիներ 4։15)։ Իսկ Հիսուսի 144 000 իշխանակիցները ընտրվում են մարդկանց միջից՝ «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» (Հայտնություն 5։9)։
Քո կարծիքով՝ մխիթարակա՞ն է այն փաստը, որ Հիսուսն ու իր իշխանակիցները մարդիկ են եղել։ Ինչո՞ւ։
7. Աստծու Թագավորության օրենքները մարդկային օրենքներից շատ ավելի լավն են
Իրենց քաղաքացիների շահերի ու պաշտպանության համար կառավարությունները օրենքներ են սահմանում։ Աստծու Թագավորությունը նույնպես ունի օրենքներ, որոնց իր քաղաքացիները պետք է ենթարկվեն։ Կարդացեք 1 Կորնթացիներ 6։9–11 համարները, այնուհետև քննարկեք այս հարցերը։
Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն կլինի աշխարհը, եթե բոլոր մարդիկ հետևեն վարքագծի հետ կապված Աստծու սահմանած օրենքներին։a
Քո կարծիքով՝ Եհովան իրավունք ունի՞ պահանջելու, որ իր Թագավորության հպատակները հարգեն այս օրենքները։ Ինչո՞ւ։
Ի՞նչն է ցույց տալիս, որ այն մարդիկ, որոնք չեն հնազանդվում այս օրենքներին, կարող են փոխվել (տես 11-րդ համարը)։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը»։
Ի՞նչ կպատասխանեիր այս հարցին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որը երկնքից իշխելու է ողջ երկրի վրա։
Վերհիշենք
Ովքե՞ր են Աստծու Թագավորության ղեկավարները։
Ի՞նչ առումով է Աստծու Թագավորությունը գերազանցում մարդկային իշխանություններին։
Ի՞նչ է Եհովան ակնկալում իր Թագավորության հպատակներից։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Հիսուսն ինչ ասաց Թագավորության գտնվելու վայրի մասին։
Ինչո՞ւ են Եհովայի վկաները կարծում, որ առաջին հերթին պետք է Աստծու Թագավորությանը նվիրված լինել։
Քննիր, թե ինչ է Աստվածաշունչն ասում այն 144 000 մարդկանց մասին, ում Եհովան ընտրել է որպես Հիսուսի իշխանակիցներ։
Տես, թե ինչը համոզեց կալանավայրում գտնվող մի կնոջ, որ միայն Աստված կարող է արդարություն հաստատել աշխարհում։
«Հասկացա, թե ինչպես է վերջ դրվելու անարդարությանը» («Արթնացե՛ք», 2011 թ. նոյեմբեր)
a Վարքագծի որոշ կանոններ կքննարկվեն այս գրքի 3-րդ մասում։