Ընթերցողների հարցերը
Հաշվի առնելով այն, որ Եհովան քավիչ զոհաբերության հիման վրա պատրաստ է մեղքեր ներել՝ ինչո՞ւ է քրիստոնյային անհրաժեշտ խոստովանել իր մեղքը ժողովի երեցներին։
Ինչպես երևում է Դավիթի և Բերսաբեի դեպքից, քանի որ Դավիթը անկեղծորեն զղջաց, ապա, չնայած կատարված մեղքի ծանրությանը, Եհովան ներեց նրան։ Երբ Նաթան մարգարեն հանդիմանեց Դավիթին, վերջինս բացեիբաց խոստովանեց. «Մեղանչել եմ Տիրոջ դէմ» (Բ Թագաւորաց 12։13)։
Բայցևայնպես, Եհովան ոչ միայն ընդունում է մեղավորի անկեղծ խոստովանությունը և ներում նրան, այլև, սիրուց մղված, օգնում է սխալվածին, որպեսզի նրա հոգևոր վիճակը վերականգնվի։ Դավիթի պարագայում օգնությունը եկավ Նաթան մարգարեի ձեռքով։ Մեր ժամանակներում քրիստոնեական ժողովում կան հոգևորապես հասուն եղբայրներ՝ երեցներ։ Հակոբոս աշակերտը բացատրում է. «Հիւա՞նդ է [հոգևորապես] ձեզնից մէկը, թող կանչի եկեղեցու երէցներին, եւ նրանք նրա վրայ թող աղօթք անեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի։ Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի» (Յակոբոս 5։14, 15)։
Հմուտ երեցները շատ բան կարող են անել, որպեսզի զղջացողի սրտի ցավը թեթևացնեն։ Նման դեպքերում նրանք աշխատում են ընդօրինակել Եհովային։ Երեցները երբեք չեն ուզենա կոպտորեն խոսել նրա հետ, չնայած որ գուցե անհրաժեշտ է խիստ հանդիմանություն տալ։ Դրա փոխարեն՝ նրանք կարեկցաբար նկատի են առնում տվյալ մարդու անմիջական կարիքները։ Զինվելով համբերությամբ՝ նրանք ձգտում են Աստծո Խոսքի օգնությամբ ուղղել սխալվածի մտածողությունը (Գաղատացիս 6։1)։ Նույնիսկ եթե անհատը կամովին չի խոստովանում իր մեղքը, ապա նա, հավանական է, գնա այդ քայլին, երբ երեցները մոտենան նրան, ինչպես Նաթանը՝ Դավիթին։ Այսպիսով՝ երեցների աջակցությունը նպաստում է, որ սխալված անհատը խուսափի մեղքը կրկնելու վտանգից և արմատացած սովորության համաձայն մեղք գործող դառնալու լուրջ հետևանքներից (Եբրայեցիս 10։26–31)։
Անշուշտ, հեշտ չէ խոստովանել ուրիշներին մի բան, ինչի համար մարդն ամոթ է զգում, և ներում խնդրել։ Դրա համար ոգու արիություն է պահանջվում։ Սակայն մի պահ կարելի է խորհել հետևյալ դեպքի շուրջ։ Մի մարդ, որն իր կատարած լուրջ մեղքի մասին չէր հայտնել ժողովի երեցներին, ասաց. «Սրտումս անանցանելի ցավ էի զգում։ Ավելացրի ծառայությունս, բայց խղճի խայթոցներս չէին անցնում»։ Նա սխալմամբ կարծում էր, թե աղոթքով Աստծուն խոստովանելը բավական է, քանի որ նույն զգացումներն ուներ, ինչ որ Դավիթ թագավորը (Սաղմոս 51։8, 11)։ Որքա՜ն ավելի լավ է ընդունել այն սիրառատ օգնությունը, որ Եհովան տալիս է երեցների միջոցով։