Մեր ընթերցողները հարցնում են
Խելամիտ կլինի՞, որ քրիստոնյան դիմի հոգեբույժի
Տարբեր երկրների հաշվետվությունները ցույց են տալիս, որ այս «վերջին օրերում» շատացել է այն մարդկանց թիվը, ովքեր ունեն էմոցիոնալ ու հոգեկան հիվանդություններ (2 Տիմոթեոս 3։1)։ Քրիստոնյաները կարեկցում են այն հավատակցին, որը տառապում է այդպիսի հիվանդությամբ։ Այդուհանդերձ, նրանք գիտակցում են, որ անհատը ինքնուրույն պետք է որոշի՝ դիմե՞լ բժշկի, թե՞ ոչ, և եթե որոշում է դիմել, ապա ինչ բուժում պետք է ստանալa։ Ի վերջո, «յուրաքանչյուր մարդ իր սեփական բեռն է կրելու» (Գաղատացիներ 6։5)։ Որոշ մարդիկ, ովքեր տառապում են շիզոֆրենիայով, երկբևեռ խանգարումով, խոր դեպրեսիայով, սևեռուն վիճակների նևրոզով, ինքնախեղումով և այլ հոգեկան խանգարումներով, որակյալ բուժում ստանալուց հետո շարունակել են ապրել նորմալ կյանքով։
Մի շարք երկրներում մարդիկ հաճախ անմիջապես դիմում են բժշկի օգնությանը։ Սակայն պետք է նշել, որ շատ դեպքերում անհատը չի տառապում լուրջ հոգեկան հիվանդությամբ։ Պարզապես նրա կյանքում ինչ–որ մի իրավիճակ է ստեղծվել, որը դժվարանում է հաղթահարել։ Նման դեպքերում մեզ կարող է օգնել Աստվածաշունչը (Սաղմոս 119։28, 143)։ Իր Խոսքի միջոցով Եհովան մեզ տալիս է իմաստություն, սթափ մտածելու կարողություն և ճշգրիտ գիտելիքներ, որոնք էլ ամրացնում են մեզ մտային և էմոցիոնալ առումով (Առակաց 2։1; Եբրայեցիներ 13։6)։ Ուժեղ սթրեսի պատճառով հնարավոր է, որ Աստծու հավատարիմ ծառաները անմիտ բաներ խոսեն (Յոբ 6։2, 3)։ Հակոբոս 5։13–16 համարները այդպիսի անհատներին հորդորում են օգնության և խորհուրդների համար դիմել երեցներին։ Քրիստոնյան հնարավոր է հոգևորապես թուլանա կամ ընկճվի անփոփոխ հանգամանքների և սթրեսի պատճառով, կամ գուցե զգա, որ իր հետ անարդարացիորեն են վարվում (Ժողովող 7։7; Եսայիա 32։2; 2 Կորնթացիներ 12։7–10)։ Այդպիսի անհատին կօգնեն երեցները, ովքեր «յուղով կօծեն նրան», այսինքն՝ Աստվածաշնչից որևէ մխիթարական խորհուրդ կտան և «աղոթք կանեն նրա վրա»։ Արդյո՞ւնքը։ «Հավատով արված աղոթքը կլավացնի հիվանդին, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան [ուժ կտա հաղթահարելու ընկճվածությունը և Աստծու կողմից լքված լինելու զգացումը]»։
Իսկ ի՞նչ անել, եթե, չնայած երեցների կողմից տրված հոգևոր օգնությանը, անհատի հոգեկան ապրումները շարունակվում են, և նա մնում է ընկճված վիճակում։ Ոմանք որոշում են բժշկական ընդհանուր հետազոտություն անցնել, քանի որ էմոցիոնալ և հոգեկան ապրումների պատճառը կարող է լինել առողջական ինչ–որ խնդիր (համեմատի՛ր Առակաց 14։30; 16։24; 1 Կորնթացիներ 12։26)։ Որոշ դեպքերում բուժում ստանալուց հետո անհատի էմոցիոնալ վիճակը բարելավվում էb։ Բայց եթե առողջական ոչ մի խնդիր չի հայտնաբերվում, բժիշկը գուցե խորհուրդ տա նրան դիմել հոգեբույժի։ Սակայն այդ որոշումը պետք է կայացնի անհատը, իսկ ուրիշները չպետք է քննադատեն նրան (Հռոմեացիներ 14։4)։
Այդուհանդերձ, պետք է գործնական իմաստություն դրսևորել և չմոռանալ աստվածաշնչային սկզբունքների մասին (Առակաց 3։21; Ժողովող 12։13)։ Բուժման տարբեր մեթոդներ կան՝ սկսած լայն տարածում գտած բուժման ձևերից մինչև նատուրոպաթիան (բուժում բնական նյութերով), ակուպունկտուրան (ասեղնաբուժություն) և հոմեոպաթիան (նմանաբուժություն)։ Բացի այդ, հոգեբանական խնդիրներով զբաղվում են տարբեր մասնագետներ։ Օրինակ՝ հոգեվերլուծաբանները փորձում են իմանալ հիվանդի արտասովոր վարքագծի կամ ցավագին ապրումների պատճառները՝ քննելով նրա անցյալը։ Իսկ բիհևիորիստները փորձում են սովորեցնել հիվանդներին վարքի նոր ձևեր դրսևորել։ Որոշ հոգեբույժներ էլ այն կարծիքին են, որ հոգեկան հիվանդությունների մեծ մասը պետք է բուժել դեղամիջոցներով, մինչդեռ մյուսները առաջարկում են հատուկ սննդակարգ պահել և վիտամիններ օգտագործելc։
Հիվանդները և նրանց ընտանիքի անդամները պետք է զգուշություն ցուցաբերեն բուժման ձև ընտրելիս (Առակաց 14։15)։ Պրոֆեսոր Փոլ Մըքհագը, որը Ջոնս Հոբկինսի անվան բժշկական համալսարանի հոգեբուժության և բիհևիորիստական գիտությունների ամբիոնի վարիչն է, ասում է. «Բժշկության մեջ հոգեբուժությունը դեռևս զարգացած ոլորտ չէ։ Բուժման մեթոդների արդյունավետությունն ապացուցված չէ, որովհետև առնչվում ենք ամենաբարդ պրոցեսի՝ մտածելու ունակության և վարքի դրսևորման խանգարումների հետ»։ Նման իրավիճակում հեշտ է խաբվել, քանի որ նույնիսկ լավ միտումներից մղված՝ բժիշկը կարող է հիվանդին այնպիսի բուժում նշանակել, որն ավելի շատ կվնասի, քան կօգնի։
Բացի հոգեբույժներից ու հոգեբաններից, որոնք մասնագիտական կրթություն են ստացել և որակավորում ունեն, կան նաև այնպիսի մարդիկ, որոնք մասնագետներ չեն և չունեն որակավորումներ, բայց ներկայանում են որպես խորհրդատուներ ու թերապևտներ՝ բուժելով հիվանդին՝ առանց որևէ մեկի հսկողության։ Այսպիսի բժիշկներին վստահելով՝ շատերը մեծ գումարներ են ծախսել։
Նույնիսկ եթե ընտրել ենք փորձառու հոգեբույժի, միևնույն է, պետք է որոշ բաներ հաշվի առնենք։ Օրինակ՝ ինչպես որ բժշկի կամ վիրաբույժի դիմելիս, ուզում ենք հավաստիանալ, որ նա հաշվի կառնի Աստվածաշնչի վրա հիմնված մեր տեսակետը, այնպես էլ լավ կլինի խորհրդակցել այնպիսի հոգեբույժի հետ, ով կհարգի մեր կրոնական համոզմունքները։ Շատ քրիստոնյաներ, չնայած հոգեկան և էմոցիոնալ դժվարություններին, ջանում են «ունենալ այն նույն մտածելակերպը, որը Քրիստոս Հիսուսն ուներ» (Հռոմեացիներ 15։5)։ Նրանց հետաքրքրում է, թե Աստվածաշնչի նկատմամբ ինչ վերաբերմունք ունի այն անձնավորությունը, որը բուժելու է իրենց։ Կան հոգեբույժներ, ովքեր այն կարծիքին են, թե որոշ աստվածաշնչային հավատալիքներ, որոնք որոշակի «սահմանափակումներ» են դնում մարդկանց վրա, անիմաստ են և վտանգավոր են հոգեկան առողջության համար։ Նրանք գուցե խորհուրդ տան անել այնպիսի բաներ, որոնք դատապարտում է Աստվածաշունչը, ինչպես օրինակ՝ հոմոսեքսուալիզմը և ամուսնական անհավատարմությունը։
Բուժման այսպիսի մեթոդները հակասում են Քրիստոսի մասին ճշմարտությանը և համարվում են այս աշխարհի «փիլիսոփայության և դատարկ խաբեության» մի մասը (Կողոսացիներ 2։8)։ Պողոս առաքյալը դրանք անվանեց «հակասություններ, որ գոյություն ունեն «գիտություն» կոչվածի մեջ» (1 Տիմոթեոս 6։20)։ Աստվածաշնչում հստակ գրված է. «Չկայ իմաստութիւն, չկայ հանճար, չկայ նաեւ մի խորհուրդ Տիրոջ դէմ» (Առակաց 21։30)։ Այն հոգեբույժները, որոնք «չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար», «վատ ընկերակցություն» են մեզ համար։ Մեր հոգեկան վիճակը կայունացնելու փոխարեն՝ նրանք կարող են «ապականել օգտակար սովորությունները» (Եսայիա 5։20; 1 Կորնթացիներ 15։33)։
Ուստի քրիստոնյան, եթե հոգեբույժի օգնության կարիք է զգում, պետք է հաշվի առնի նրա մասնագիտական պատրաստվածությունը, համբավը և աստվածաշնչային սկզբունքների հանդեպ նրա ունեցած վերաբերմունքը։ Պետք է ծանրութեթև անի նաև առաջարկված բուժման հնարավոր կողմնակի ազդեցությունները։ Եթե հոգեկան վիճակի հետ կապված խնդիր ունեցող քրիստոնյան ինքնուրույն չի կարող դա անել, գուցե նրան օգնի հոգևորապես հասուն ընկերը կամ հարազատներից որևէ մեկը։ Նա կարող է դիմել նաև ժողովի երեցների օգնությանը, եթե չի կարողանում կողմնորոշվել բուժման մեթոդի ընտրության հարցում։ Ամեն դեպքում, վերջնական որոշումը պետք է կայացնի հիվանդը (կամ ծնողները, կամ ամուսինները միասին)d։
[ծանոթագրություններ]
a Երբեմն եթե անհատին աշխատանք են առաջարկում, հնարավոր է խնդրեն նրան հոգեբուժական հետազոտություն անցնել։ Անհատն անձամբ է որոշում համաձայնվել, թե ոչ։ Պետք է հաշվի առնել, որ հոգեբուժական հետազոտությունը տարբերվում է հոգեկան հիվանդությունների բուժման մեթոդներից։
b Տե՛ս «Դիտարանի» 1990 թ. մարտի 1–ի համարում «Հաղթահարել դեպրեսիան» հոդվածը (անգլ.)։
c Որոշ դեղամիջոցներ կարող են դրական ազդեցություն ունենալ հիվանդի վրա։ Սակայն դրանք պետք է նշանակի փորձառու հոգեբույժը, քանի որ դեղերի սխալ չափաքանակը կարող է կողմնակի ազդեցություն թողնել հիվանդի վրա։
d Տե՛ս «Դիտարանի» 1988 թ. հոկտեմբերի 15–ի համարում «Երբ քրիստոնյան հոգեկան խանգարումներ ունի» հոդվածը (անգլ.)։
Այսօր բժշկության ոլորտում մարդիկ մեծ նվաճումների են հասել։ Այդուհանդերձ, շատ հիվանդություններ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտային, դեռևս անբուժելի են, և իրերի այս համակարգում պետք է ընդամենը համակերպվել ու տոկալ (Հակոբոս 5։11)։ «Հավատարիմ և իմաստուն ծառան», երեցները և ժողովի անդամները կարեկցանք են դրսևորում այդ անհատների նկատմամբ ու աջակցում են նրանց։ Եհովայի զորությամբ նրանք կարողանում են դիմանալ և սպասել այն հրաշալի ժամանակներին, երբ այլևս հիվանդություններ չեն լինի (Մատթեոս 24։45; Սաղմոս 41։1–3; Եսայիա 33։24)։