Հոգ տանելու մեջ ընդօրինակո՞ւմ ես Եհովային
«ՁԵՐ ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Ինչպիսի՜ ջերմ հորդոր։ Եհովա Աստված հետաքրքրվում է իր ծառաներից յուրաքանչյուրով, և մենք կարող ենք ապահով զգալ նրա ձեռքերում։
Հենց այդպիսի հոգատարություն պետք է զարգացնենք և դրսևորենք ուրիշների հանդեպ։ Սակայն քանի որ անկատար ենք, պետք է զգուշանանք որոշ ծուղակներից, որոնց մեջ գուցե հայտնվենք ուրիշների հանդեպ անհատական հետաքրքրություն ցուցաբերելիս։ Նախքան այդ ծուղակներից մի քանիսի մասին խոսելը եկեք տեսնենք, թե ինչպես է Եհովան հոգ տանում իր ծառաներին։
Սաղմոսերգու Դավիթը, Եհովային համեմատելով հովվի հետ, ասաց. «Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ. իմ անձին հանգիստ է տալիս.... Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես» (Սաղմոս 23։1–4)։
Լինելով հովիվ՝ Դավիթը շատ լավ հասկանում էր, թե ինչ է նշանակում հոգ տանել հոտին։ Հովիվը պաշտպանում է իր ոչխարներին գիշատիչներից՝ առյուծից, գայլից, արջից։ Նա այնպես է անում, որ հոտը չցրվի, փնտրում է կորած ոչխարին, գրկած տանում է հոգնած գառնուկին, բուժում է հիվանդ ու վնասված կենդանուն, հոտին ամեն օր տանում է ջուր խմելու։ Այս ամենը չի նշանակում, թե հովիվը հսկում է ոչխարների ամեն մի քայլը։ Ոչխարներն ազատ են, բայցև պաշտպանված։
Եհովան իր ժողովրդին հենց այդպես է հոգ տանում։ Պետրոս առաքյալը բացատրեց. «Դուք Աստծու զորությամբ պահպանվում եք»։ Այստեղ «պահպանվել» թարգմանված բառը բառացի նշանակում է «հսկողության տակ լինել» (1 Պետրոս 1։5)։ Անկեղծ հոգատարությունից մղված՝ Եհովան միշտ հսկում է մեզ և պատրաստ է օգնության ձեռք մեկնել, երբ էլ որ խնդրենք նրան։ Բայցևայնպես, Աստված մեզ ազատ կամքով է ստեղծել, ուստի նա չի միջամտում մեր բոլոր գործերին ու որոշումներին։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այս հարցում։
Ընդօրինակեք Աստծուն երեխաներին հոգ տանելու մեջ
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են»։ Հետևաբար, ծնողները պետք է պաշտպանեն և հոգ տանեն իրենց երեխաներին (Սաղմոս 127։3)։ Դա նշանակում է, որ ծնողները պետք է քաջալերեն երեխաներին արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները և հաշվի առնեն դրանք նրանց հետ գործ ունենալիս։ Եթե ծնողները փորձեն վերահսկել իրենց երեխաների ամեն մի քայլը՝ լիովին անտեսելով նրանց ցանկությունները, դա նման կլինի այն բանին, որ հովիվը շղթա գցի ոչխարի վզին ու փորձի հսկել կենդանու ամեն շարժումը։ Ոչ մի հովիվ այդպես չի վերաբերվի իր հոտին, և, անշուշտ, Եհովան այդպես չի վերաբերվում մեզ։
Մարիկոնa խոստովանում է. «Տարիներ շարունակ երեխաներիս ասում էի՝ «այսպե՛ս արա», «այդպես մի՛ արա»։ Կարծում էի, որ դրանով կատարում եմ իմ ծնողական պարտականությունը։ Ես չէի գովում նրանց և չէի հաղորդակցվում նրանց հետ այնպես, ինչպես որ պետք է»։ Մարիկոյի դուստրը կարող էր հեռախոսով ժամեր շարունակ զրուցել իր ընկերուհիների հետ, այնինչ մոր հետ զրույցը երկար չէր տևում։ Մարիկոն շարունակում է. «Հետո ես մի բան հասկացա։ Երբ աղջիկս զրուցում էր ընկերուհիների հետ, օգտագործում էր կարեկցանք ցույց տվող արտահայտություններ, օրինակ՝ «այո, ես համաձայն եմ», «ես էլ եմ այդպես կարծում»։ Նրա հետ խոսելիս սկսեցի օգտագործել այդպիսի բառեր, որպեսզի աղջիկս իր սիրտը բացեր ինձ, և շուտով մեր զրույցները դարձան ավելի երկար ու հաճելի»։ Տեսնում ենք, թե որքան կարևոր է լավ հաղորդակցությունը. այն լինում է փոխադարձ և ոչ թե միակողմանի։
Ծնողները պետք է մղեն երեխաներին արտահայտելու իրենց զգացմունքներն ու ցանկությունները, իսկ երեխաներն էլ պետք է հասկանան, որ ծնողների հոգատարությունը պաշտպանություն է իրենց համար։ Աստվածաշունչը երեխաներին խորհուրդ է տալիս հնազանդվել ծնողներին, այնուհետև նշում է դրա պատճառը. «Որպեսզի քեզ համար լավ լինի, և դու երկար ապրես երկրի վրա» (Եփեսացիներ 6։1, 3)։ Այն երեխաները, ովքեր լիովին համոզված են, որ ծնողներին լսելը օգուտներ է բերում, հեշտությամբ են հնազանդվում։
Եհովայի հոտին հոգ տանելու մեջ
Եհովայի սիրառատ հոգատարությունը վառ կերպով երևում է քրիստոնեական ժողովում։ Որպես ժողովի գլուխ՝ Հիսուս Քրիստոսը պատվիրում է երեցներին, որ հոգ տանեն իր հոտին (Հովհաննես 21։15–17)։ «Վերակացու» թարգմանված հունարեն բառը կապ ունի մի բայի հետ, որը նշանակում է «ուշադիր հսկել»։ Բացատրելով, թե ինչպես պետք է դա անել՝ Պետրոսը երեցներին ասում է. «Հովվե՛ք Աստծու հոտը, որ ձեր հոգածության տակ է, ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ, ոչ թե տիրապետելով նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են, այլ հոտին օրինակ լինելով» (1 Պետրոս 5։2, 3)։
Այո՛, երեցների գործը նման է հովիվների գործին։ Քրիստոնյա երեցները պետք է օգնեն ժողովի հոգևորապես թույլ անդամներին և ուղղեն նրանց, որպեսզի նրանց կյանքը համապատասխանի արդար չափանիշներին։ Երեցները պատասխանատու են ժողովի հոգևոր գործունեությունը կազմակերպելու համար. նրանք միջոցներ են ձեռնարկում՝ հանդիպումներն անցկացնելու և ժողովում կարգուկանոն պահպանելու (1 Կորնթացիներ 14։33)։
Սակայն Պետրոսի վերոհիշյալ խոսքերը մեր ուշադրությունը հրավիրում են նաև մի վտանգի վրա. երեցները գուցե «տիրապետեն» ժողովի վրա։ Օրինակ՝ դա կարող է արտահայտվել այն բանով, որ նրանք ոչ անհրաժեշտ կանոններ սահմանեն։ Պարտավորված զգալով պաշտպանելու հոտը՝ երեցները գուցե ծայրահեղության մեջ ընկնեն։ Արևելյան երկրների ժողովներից մեկում երեցները կանոններ էին սահմանել, թե ինչպես միմյանց բարևել Թագավորության սրահում, օրինակ՝ թե ով պետք է առաջինը բարևի. նրանք մտածում էին, որ այդ կանոնները կնպաստեն ժողովի խաղաղությանը։ Իհարկե, այդ երեցները լավ մղումներ ունեին, բայց արդյո՞ք դրանով ընդօրինակում էին Եհովային՝ նրա հոտին հոգ տանելու մեջ։ Հատկանշական է Պողոսի մտածելակերպը, որը երևում է նրա հետևյալ խոսքերից. «Բանն այն չէ, որ մենք տիրապետում ենք ձեր հավատի վրա, այլ մենք համագործակիցներ ենք ձեր ուրախության համար, քանի որ ձեր հավատի շնորհիվ է, որ դուք կանգնած եք» (2 Կորնթացիներ 1։24)։ Եհովան վստահում է իր ժողովրդին։
Եվ այսպես, երեցները սուրբգրային հիմքեր չունեցող կանոններ չեն սահմանում։ Բացի այդ, հոգատար երեցները ուրիշի անձնական բնույթի տեղեկությունները չեն հայտնում մյուսներին։ Նրանք չեն մոռանում աստվածաշնչյան հետևյալ խորհուրդը. «Գաղտնիքը ուրիշին մի յայտնիր» (Առակաց 25։9)։
Պողոս առաքյալը օծյալ քրիստոնյաների ժողովը նմանեցրեց մարդու մարմնին։ Նա գրեց. «Աստված կազմեց մարմինը.... որպեսզի բաժանություն չլինի մարմնի մեջ, այլ որ նրա անդամները նույն հոգածությունն ունենան մեկը մյուսի նկատմամբ» (1 Կորնթացիներ 12։12, 24–26)։ «Նույն հոգածությունն ունենան մեկը մյուսի նկատմամբ» թարգմանված հունարեն արտահայտությունը բառացի նշանակում է «անհանգստանալ մեկը մյուսով»։ Քրիստոնեական ժողովի անդամները պետք է անչափ հետաքրքրված լինեն իրարով (Փիլիպպեցիներ 2։4)։
Իսկ ինչպե՞ս կարող են ճշմարիտ քրիստոնյաները «անհանգստանալ միմյանցով»։ Նրանք կարող են աղոթել ժողովի անդամների համար, ինչպես նաև գործնական օգնություն ցույց տալ կարիքավորներին։ Դրա շնորհիվ կարող ենք տեսնել ուրիշների լավ հատկությունները։ Քննարկենք, թե ինչպես է Թադատակա անունով մի եղբոր հանդեպ նման հոգատարություն դրսևորվել։ Նա մկրտվեց 17 տարեկանում և միակն էր ընտանիքում, որ ծառայում էր Եհովային։ Թադատական պատմում է. «Ժողովի ընտանիքներից մեկը հաճախ հրավիրում էր ինձ ճաշի և հավաքույթների։ Գրեթե ամեն օր առավոտյան դպրոցի ճանապարհին մտնում էի նրանց տուն, որպեսզի քննարկեինք օրվա խոսքը։ Ինձ խորհուրդներ էին տալիս, թե ինչպես լուծեմ դպրոցում առաջացող պրոբլեմները, և մենք միասին աղոթում էինք դրանց մասին։ Այդ ընտանիքից ես սովորեցի, թե ինչ է նշանակում «տալ»»։ Այժմ Թադատական կիրառում է իր սովորածը՝ ծառայելով Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։
Ուրիշների հանդեպ հետաքրքրություն դրսևորելու հետ կապված՝ Պողոս առաքյալը նշեց մի վտանգի մասին։ Նա գրեց, որ մի քանի կանայք «բամբասողներ և ուրիշների գործերին խառնվողներ [են], խոսում են այնպիսի բաներ, որ չպետք է խոսեն» (1 Տիմոթեոս 5։13)։ Թեև տեղին է հետաքրքրվել մյուսներով, այնուամենայնիվ պետք է զգուշանալ նրանց անձնական գործերին խառնվելուց։ Ուրիշների հանդեպ ավելորդ հետաքրքրությունը կարող է արտահայտվել այն բանով, որ «խոսենք այնպիսի բաներ, որ չպետք է խոսենք», օրինակ՝ քննադատական խոսքեր ասենք։
Լավ կլինի հիշել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ինքն է որոշում, թե ինչպես կազմակերպի իր գործերը, ինչ ուտի և ինչպես հանգստանա։ Աստվածաշնչյան սկզբունքների սահմաններում յուրաքանչյուրն ազատ է որոշելու, թե ինքը ինչ կանի։ Պողոսը հռոմեացի քրիստոնյաներին հորդորեց. «Եկեք այլևս չդատենք մեկս մյուսիս.... Եկեք հետամուտ լինենք այն բաներին, որոնք խաղաղություն են բերում և նպաստում են միմյանց կերտելուն» (Հռոմեացիներ 14։13, 19)։ Մենք պետք է անկեղծ հոգատարություն ցույց տանք ժողովի անդամների հանդեպ ոչ թե խառնվելով նրանց գործերին, այլ պատրաստ լինելով օգնելու նրանց։ Երբ նման կերպով միմյանց հոգ ենք տանում, սերն ու միությունը ծաղկում են ընտանիքում և ժողովում։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկար 19–րդ էջի վրա]
Քաջալերեք երեխաներին արտահայտվել՝ գովելով ու կարեկցելով նրանց