Նոր աշխարհ Աստծո խոստման համաձայն
Աստծո գրավոր Խոսքը՝ Աստվածաշունչը, մեզ հետևյալ հույսն է տալիս. «Նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։
Ի՞նչ է ‘նոր երկինքը’։ Աստվածաշնչում երկինքը հաճախ իշխանությանն է մատնանշում (Գործք 7։49)։ ‘Նոր երկինքը’ մի նոր կառավարություն է, որը պետք է ղեկավարի ամբողջ երկրին։ Այդ կառավարությունը նոր է նախ այն իմաստով, որ փոխարինելու է ներկա կառավարություններին, և ապա՝ որ այդ կառավարությունը մի նոր քայլ է Աստծո նպատակն իրագործելու մեջ։ Այս ‘երկինքը’ հենց այն Թագավորությունն է, որի մասին Հիսուսը մեզ սովորեցրեց աղոթել (Մատթէոս 6։10)։ Քանի որ այդ Թագավորության Հիմնադիրն Աստված է, որը երկնքում է բնակվում, ուստի այն կոչվում է «երկնքի արքայութիւն» (Մատթէոս 7։21)։
Ի՞նչ է ‘նոր երկիրը’։ Այդ ‘երկիրը’ նոր մոլորակ չէ, քանի որ Աստվածաշնչում հստակ կերպով ասվում է, որ երկիրը պիտի հավիտյան գոյատևի և բնակեցված լինի մարդկանցով։ ‘Նոր երկիրը’ մարդկային մի նոր հասարակություն է։ Նոր է այն իմաստով, որ չար մարդիկ կոչնչացվեն (Առակաց 2։21, 22)։ Բոլոր նրանք, ովքեր այդ հասարակության մի մասը կկազմեն, պիտի պատվեն Արարչին ու հնազանդվեն նրան՝ ապրելով նրա պահանջների համաձայն (Սաղմոս 22։27)։ Բոլոր ազգերին պատկանող մարդիկ հրավիրվում են ծանոթանալու այդ պահանջներին և արդեն այսօր իրենց կյանքը համապատասխանեցնելու դրանց հետ։ Իսկ դուք այդպես վարվո՞ւմ եք։
Աստծո նոր աշխարհում բոլորը կհարգեն նրա իշխանությունը։ Աստծո հանդեպ սերը մղո՞ւմ է ձեզ հնազանդվելու նրան (Ա Յովհաննէս 5։3)։ Ակընհա՞յտ է դա ձեր տանը, աշխատանքի վայրում կամ դպրոցում։ Երևո՞ւմ է դա ձեր ապրելակերպից։
Այդ նոր աշխարհում մարդկային հասարակությունը միաբանված երկրպագելու է ճշմարիտ Աստծուն։ Իսկ դուք երկրպագո՞ւմ եք երկնքի ու երկրի Արարչին։ Ձեր երկրպագությունն իրո՞ք ձեզ միավորում է բոլոր ազգերին, բոլոր ռասաներին ու բոլոր լեզուներին պատկանող ձեր հավատակիցների հետ (Սաղմոս 86։9, 10; Եսայիա 2։2–4; Սոփոնիա 3։9)։
[17–րդ էջի վրայի շրջանակը]
Այն Աստված, որ խոստանում է այս ամենը
Նա Արարիչն է ֆիզիկական երկնքի ու Երկիր մոլորակի։ Հենց նրա՛ն Հիսուս Քրիստոսն անվանեց «միայն ճշմարիտ Աստուած» (Յովհաննէս 17։3)։
Մարդկանց մեծամասնությունը պաշտում է իրենց իսկ ստեղծած աստվածներին։ Միլիոնավոր մարդիկ ծնկի են գալիս անկենդան պատկերների առջև։ Մյուսները մեծարում են մարդկային հաստատությունները, նյութապաշտական փիլիսոփայությունները կամ էլ իրենց անձնական ցանկությունները։ Նույնիսկ նրանցից շատերը, ովքեր պնդում են, թե իրենց երկրպագությունը հիմնված է Աստվածաշնչի վրա, չեն պատվում այն անձնավորության անունը, որին Աստվածաշունչն անվանում է «ճշմարիտ Աստուած» (Երեմիա 10։10)։
Իր մասին Արարիչն ասում է. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը» (Եսայիա 42։5, 8)։ Աստվածաշնչի բնագիր լեզուներում այս անունը հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Հիսուս Քրիստոսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։
Ինչպիսի՞ անձնավորություն է ճշմարիտ Աստված։ Նա իր մասին խոսում է որպես «ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» Աստծո, որն անպատիժ չի թողնում նրանց, ովքեր գիտակցաբար ոտնահարում են իր պատվիրանները (Ելից 34։6, 7)։ Պատմությունը փաստել է այս նկարագրության ճշմարտացիությունը։
Պետք է սրբացնել կամ սուրբ համարել ինչպես Աստծո անունը, այնպես էլ այդ անունը կրող անձնավորությանը։ Որպես Արարիչ և Տիեզերքի Գերիշխան՝ նա արժանի է, որ մենք հնազանդվենք ու բոլորանվեր երկրպագություն մատուցենք նրան։ Անձամբ դուք այդպես վարվո՞ւմ եք։
«Նոր երկնքի եւ նոր երկրի» բերած փոփոխությունները
Դրախտի վերածված երկիր Ղուկաս 23։43
Ամեն ազգի, ռասայի ու լեզվի պատկանող, սիրով միավորված մարդկանցից կազմված համաշխարհային հասարակություն Յովհաննէս 13։35; Յայտնութիւն 7։9, 10
Համընդհանուր խաղաղություն, իրական ապահովություն բոլորի համար Սաղմոս 37։10, 11; Միքիա 4։3, 4
Հաճելի աշխատանք, սննդի առատություն Եսայիա 25։6; 65։17, 21–23
Ոչ մի հիվանդություն, վիշտ ու մահ Եսայիա 25։8; Յայտնութիւն 21։1, 4
Ողջ մարդկությունը՝ միաբանված ճշմարիտ Աստծուն երկրպագելու մեջ Յայտնութիւն 15։3, 4
Կլինե՞ք մի մասը
Աստված չի կարող ստել (Տիտոս 1։2)։
Եհովան հայտարարում է. «Իմ.... խօսքը.... պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։11)։
Եհովան ‘նոր երկինքն ու նոր երկիրը’ արդեն ստեղծում է։ Երկնային կառավարությունն արդեն գործում է։ «Նոր երկրի» հիմքն արդեն դրվել է։
‘Նոր երկնքի և նոր երկրի’ հրաշալի օրհնությունները նկարագրելուց հետո «Յայտնութիւն» գիրքը նշում է Աստծո՝ հենց իր՝ Տիեզերքի Գերիշխանի խոսքերը. «Ահա ամեն բան նոր եմ անում»։ Որից հետո Գերիշխանն ավելացնում է. «Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են» (Յայտնութիւն 21։1, 5)։
Կենսական հարց է առաջ գալիս. «Մեր կյանքում կատարո՞ւմ ենք հարկ եղած փոփոխությունները, որպեսզի արժանի լինենք համարվելու «նոր երկնքի» կողմից ղեկավարվող «նոր երկրի» մի մասը»։