Համբերությամբ սպասեցեք
ԱՅՆ հովիվը, որն ամեն անգամ «գա՜յլ» է բղավում, բայց պարզվում է, որ ոչ մի գայլ էլ չկա, հաջորդ նրա հերթական կանչը անպատասխան կմնա։ Նմանապես շատերն այսօր այլևս ուշադրություն չեն դարձնում Եհովայի օրվա մոտ լինելու ահազանգին, քանի որ բազմաթիվ նախազգուշացումներ են լսել, որոնք իրականում կեղծ են դուրս եկել։ Այն փաստը, որ շատերը չեն տարբերում ճիշտ զգուշացումը կեղծից և, հետևաբար, չեն արձագանքում նրան, ծառայում է Աստծու մեծ թշնամու՝ Սատանայի շահերին, որն իբր «լուսոյ հրեշտակ» է (Բ Կորնթացիս 11։14)։
Ինքնագոհությունը վտանգավոր է նույնիսկ նրանց համար, ովքեր վաղուց են ծառայում Եհովային։ Ինչո՞ւ։ Եկեք քննարկենք առաջին դարում Պետրոս առաքյալի տված նախազգուշացումը։
Հեռատես եղեք
Աստծու ներշնչմամբ գրված Պետրոսի երկրորդ նամակը հիշեցում է ինչպես վաղեմի քրիստոնյաների, այնպես էլ մեզ համար։ Նա գրում է. «Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում յիշեցման համար» (Բ Պետրոս 3։1)։ Անհանգստանալու ի՞նչ հիմք ունի Պետրոսը։ Նա հատուկ նշում է ծաղրողների առկայության մասին, որոնց ծաղրանքը Աստծո ծառաների ապրած ժամանակաշրջանում վնաս էր հասցնում հրատապության զգացողությանը։ Հիմա է ծաղրողների ձեռքով խաբվելուց զգուշանալու ժամանակը։ Այսպիսով՝ Պետրոսը շտապեց իր ընթերցողներին ‘հիշեցնել սուրբ մարգարէների կողմից նախապէս ասուած պատգամները’ (Բ Պետրոս 3։2; Գործք 3։22, 23)։ Ի՞նչ էին ասել նրանք։
Եհովայի հավատարիմ ծառաները բազմիցս ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպես են Աստծո դատավճիռները վերջ դրել չարությանը։ Պետրոսն իր ընթերցողներին հիշեցնում է Նոյի օրոք տեղի ունեցած ջրհեղեղը, որն Աստծո միջամտությունն էր, երբ երկիրը լի էր անօրինությամբ։ Ջրի այդ հեղեղումը ազդու կերպով այն ժամանակվա աշխարհը կործանեց։ Սակայն Աստված Նոյին և նրա ընտանիքին ու «ամեն մարմին» ներկայացնող կենդանիներին տապանի մեջ պահպանեց։ Աստվածաշնչի հաղորդագրության ճշտության մասին են վկայում տարբեր ժողովուրդների լեգենդներըa (Ծննդոց 6։19; Բ Պետրոս 3։5, 6)։
Պետրոսը նշում է, որ ոմանք ‘մոռացութեան են տուել’ Աստծու վերոհիշյալ միջամտությունը։ Ոմանք էլ հետագայում ինքնավստահ են դառնում ծաղրողների ազդեցության ներքո։ Իսկ մենք երբեք չպետք է անտեսենք այն ամենը, ինչը որ Եհովան արդեն կատարել է։ Պետրոսը հայտնում է մեզ. «Այժմ երկինք եւ երկիր պահուած են այդ նոյն խօսքով, վերապահուած են կրակին դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար» (Բ Պետրոս 3։7)։ Այո՛, Աստված դարձյալ պիտի միջամտի։
Աստված չի ուշացնում
Հազարամյակներ են անցել։ Սակայն ինչո՞ւ է Աստված այդքան երկար սպասում մարդկության խնդիրները լուծելու համար։ Պետրոսը կրկին ուշադրությունը կենտրոնացնում է մի այլ փաստի վրա՝ ասելով. «Այս եւս ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը՝ ինչպէս հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպէս մէկ օր» (Բ Պետրոս 3։8)։ Ժամանակի վերաբերյալ Եհովայի տեսակետը տարբերվում է մերինից։ Հավիտենական Աստծու համար Ադամի ստեղծման օրից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը մեկ շաբաթ էլ չի կազմում։ Սակայն, ինչպիսին էլ որ լինի մեր տեսակետը ժամանակի վերաբերյալ, յուրաքանչյուր անցնող հազարամյակ և յուրաքանչյուր օր մեզ ավելի է մոտեցնում Եհովայի նպատակի իրագործմանը։
«Թեյնիկի գլխին կանգնելիս ջուրը չի եռա» ասացվածքը նշանակում է, որ անհամբեր ինչ–որ բանի սպասելը կարծես թե դանդաղեցնում է նրա տեղի ունենալը։ Սակայն Պետրոսը խորհուրդ է տալիս ‘սպասել եւ հասնել ջանալով [«հիշել», ՆԱ] Տիրոջ օրուայ գալստեան’ մասին (Բ Պետրոս 3։12)։ Բայց ինչպե՞ս կարող ենք այնպիսի վերաբերմունք մշակել, որը արթուն կպահի մեր գիտակցությունը Աստծո միջամտության մոտ լինելու հարցում։
Գործերը խոսքերից ավելի բարձր են հնչում
Պետրոսն ուշադրություն է հրավիրում գործերի և արարքների վրա։ Նա հիշատակում է «սուրբ վարմունքը», ինչպես նաև «աստուածապաշտ ընթացքը» (Բ Պետրոս 3։11)։ Այդ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։
Աստծո ճշմարիտ ծառան նրան հաճելի կերպով է վարվում։ Այդպիսի երկրպագուի հավատը արտացոլվում է նրա վարքի մեջ, ինչը և նրան տարբերում է այն անհատներից, ովքեր լոկ խոսքերով են արտահայտում Աստծու և նրա նպատակների նկատմամբ իրենց հավատը։ Միգուցե նկատել եք, որ Եհովայի վկաներն ուրիշներից տարբերվում են իրենց քարոզչական գործունեությամբ։ Նրանք այցելում են մարդկանց տները և նրանց ուշադրությունը հրավիրում Աստվածաշնչում արձանագրված Աստծո խոստումների վրա։ Նրանք իրենց ունեցած հույսի և համոզմունքների մասին քարոզում են նաև ամենուրեք, որտեղ որ մարդկանց հանդիպելիս լինեն։
Ուրիշների հետ իր հավատի մասին խոսող Վկան այդ կերպով զորացնում և ամրացնում է իր համոզմունքները։ Արտահայտվելը ուժեղացնում է տպավորություններն ու միևնույն ժամանակ ներքին ուրախություն և բավարարվածություն պատճառում։ Մենք նույնպես հաճեցնում ենք Եհովային՝ Աստծո Թագավորության բարի լուրը հայտարարելով։ Գիտենք, որ ‘անարդար չէ Աստուած, որ մոռանայ մեր գործերը եւ սէրը, որ ցոյց ենք տալիս իր անունով’, ինչպես հայտարարեց Պետրոսի եղբայրակից Պողոս առաքյալը (Եբրայեցիս 6։10; Հռովմայեցիս 10։9, 10)։
Ինչպիսի՞ն է ներկա այս չար համակարգի վերջին օրերի ընթացքում Թագավորության բարի լուրի տարածման մասին հոգ տանելու հետևանքը։ Այժմ հարյուր հազարավոր անկեղծ անհատներ սովորում են, թե ինչպես կարելի է մտերմանալ Եհովայի հետ, նրա անարժան բարությունից օգուտ քաղել և, երկրային դրախտում հավիտենական կյանքի հեռանկարն ունենալով, իսկական երջանկություն գտնել։
Նախապես տեղյակ դարձած
Չնայած Աստվածաշնչից գիտենք, որ Եհովա Աստված խառնվելու է մարդկանց գործերին իր որոշած ժամանակին, սակայն պետք է ուշադիր լինենք Պետրոսի տված մի այլ նախազգուշացման հանդեպ. «Նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէ՛ք, որ անառակ մոլորութեամբ տարուած՝ չկորցնէք ձեր վստահութիւնը» (Բ Պետրոս 3։17)։
Եհովան, անշուշտ, նախապես գիտեր, որ ամուր հավատի պակասի պատճառով անհատը կարող է հուսալքվել Աստծու միջամտության թվացող ուշացումից։ Նա գիտեր նաև, որ անհավատների ազդեցությունը կարող է այլասերել իր ծառաներին կամ, առնվազն, քայքայել նրանց այն համոզմունքը, թե Աստծո անվան սրբացումը մոտ է։ Որքան ողբալի կլիներ կորցնել հաստատակամությունը այս վերջին օրերում։
Այժմ Եհովայի խոստումներին կասկածելու կամ նրանց հանդեպ անվստահություն տածելու ժամանակը չէ (Եբրայեցիս 12։1)։ Ավելի շուտ, այսօր ժամանակն է զարգացնելու մեր երախտագիտությունը այն բանի հանդեպ, թե ինչ բերեց Եհովայի համբերատարությունը, որն է՝ փրկության հեռանկար միլիոնավոր անհատների համար, որոնք միջազգային մեծ բազմության անդամներն են դառնում և անհամբերությամբ սպասում գալիք մեծ նեղությունը վերապրելուն (Յայտնութիւն 7։9, 14)։ Պետրոսը կոչ արեց. «Աճեցէ՛ք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտութեամբ։ Նրան փա՜ռք թէ՛ այժմ եւ թէ՛ մինչեւ յաւիտենութեան օրը» (Բ Պետրոս 3։18)։
«Պահենք մենք մեզ Աստծու սիրով»
Թագավորության մասին քարոզելը և երկրպագության համար քրիստոնեական հավաքույթներին կանոնավոր հաճախելը, ինչպես նաև Աստծո Խոսքի ուսումնասիրությունը մեզ համար պաշտպանություն են հանդիսանում։ Այսպիսով՝ ժամանակ չենք ունենա ներկա չար համակարգի վատթար պայմանների մասին չափից դուրս մտահոգվելու։ Վախն ու անհանգստությունը ճշմարիտ քրիստոնյաների կյանքում մեծ տեղ չեն զբաղեցնում (Ա Կորնթացիս 15։58)։ Որքան ավելի զբաղված լինենք Եհովային ծառայելով, այնքան ժամանակն ավելի շուտ կանցնի։
Հուդան, որը Պետրոսի հասակակիցն էր և, միաժամանակ Հիսուսի արյունակից եղբայրը, հորդորում է մեզ. «Սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յավիտենական կեանքի համար» (Յուդա 20, 21)։ Նկատի առեք դրական մտավիճակի կարևորությունը, որը մշակվում է անդադար աղոթելու շնորհիվ (Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։ Նա շարունակում է. «Եւ երկմիտներուն ողորմեցէ՛ք։ Եւ ոմանք վախով ազատեցէք՝ կրակէն յափշտակելով զանոնք, ատելով մարմնէն աղտոտուած հանդերձն ալ» (Յուդա 22, 23, Արևմտահայերեն թարգմանություն)։ Որքա՜ն անհրաժեշտ է միմյանց քաջալերել այս դժվարին ժամանակներում։ Որքա՜ն կարևոր է չընկնել փորձության մեջ և չօգտագործել այս ձգձգված «փրկութեան օրը»՝ որպես պատրվակ ‘անառակ’ վարքի, որն այնքան տարածված է այսօրվա բարոյապես քայքայված աշխարհում (Յուդա 4; Բ Կորնթացիս 6։1, 2)։
Ուշադիր լինելով Պետրոսի, Պողոսի և Հուդայի սիրալիր խորհուրդների նկատմամբ և Աստծու ծառայության մեջ ակտիվորեն զբաղված լինելով՝ կարող եք համբերատարությամբ սպասել այն օրվան, երբ Եհովան կմիջամտի։ Արդյոք կսպասե՞ք։
Մի երկմտեք ձեր տեղանքում ապրող Վկաների հետ կապ հաստատել, որպեսզի նրանցից օգնություն ստանաք Ստեղծչի խոստացյալ հավիտենական կյանքի խոստումի հանդեպ ձեր հավատն ամրացնելու համար։ Տեղեկացեք, թե ինչ է անհրաժեշտ աշխարհածավալ քարոզչական գործունեությանը մասնակցելու համար, որն այլևս երբեք չի կրկնվելու, և որն ավարտված կլինի մոտեցող մեծ նեղության ժամանակ (Մարկոս 13։10)։ Այսպիսով՝ Աստծո խոստացած արդար նոր աշխարհում ապրելու հեռանկարը կունենաք, որի մասին խոստանում է Եհովան (Բ Պետրոս 3։13)։ Ուշադրություն դարձրեք նրա հիշեցումներին։ Համբերե՛ք և գործե՛ք։
[ծանոթագրություն]
a Հաճեցեք նայել «Աստվածաշունչը Աստծո՞ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը, էջ 116, տպագրված է «Դիտարան» ընկերության կողմից։
[նկար 7–րդ էջի վրա]
Հիմա՛ ձեռք բերեք Աստծու խոստացած Դրախտի մասին գիտությունը
[նկար 5–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Գայլ. Animals/Jim Harter/Dover Publications, Inc., երիտասարդ հովիվ. Children: A Pictorial Archive from Nineteenth-Century Sources/Grafton/Dover Publications, Inc.