«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
1. Ինչպե՞ս է Աստվածաշունչը մատնացույց անում իր Հեղինակին, և ի՞նչ գիտելիքներ են պահված նրանում։
«ԱՄԲՈՂՋ գիրքը ներշնչված է Աստծուց»։ 2 Տիմոթեոս 3։16 համարում արձանագրված այս խոսքերը մատնացույց են անում Աստծուն, որի անունը Եհովա է, որպես Հեղինակի, որի ներշնչմամբ գրի է առնվել Աստվածաշունչը։ Ի՜նչ ուրախություն և բավականության զգացում է պարգևում ներշնչված Գիրքն ընթերցելը։ Այն ճշգրիտ գիտելիքների գանձարան է։ Այս գրքում են պահված «Աստծու մասին գիտելիքները», որոնք բոլոր ժամանակներում որոնել ու թանկ են համարել արդարություն սիրող մարդիկ (Առակ. 2։5)։
2. Ինչպե՞ս էին Մովսեսը, Դավիթը և Սողոմոնը վերաբերվում Աստծու իմաստությանը։
2 Այդպիսի մարդկանցից էր Մովսեսը, որին Աստված նշանակեց նորակազմ Իսրայելի առաջնորդ։ Նա ասաց, որ Աստծու խոսքերը թարմացնող են, «ցողի պես կշաղեն, ինչպես մեղմ անձրևը՝ խոտի վրա, և հորդառատ անձրևը՝ բույսերի վրա»։ Մեկ այլ որոնող էր Դավիթը՝ քաջ ռազմիկ և Եհովայի անվան ջատագով, որն աղոթեց. «Սովորեցրո՛ւ ինձ, ո՛վ Եհովա, քո ճանապարհը։ Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ»։ Ավելի ուշ գիտելիքներ փնտրեց խաղաղասեր Սողոմոնը, որը կառուցեց երկրի վրա եղած ամենակարևոր շինություններից մեկը՝ Եհովայի տունը Երուսաղեմում։ Նա թանկ էր գնահատում Աստծու իմաստությունը, որի մասին գրեց. «Իմաստություն ձեռք բերելն ավելի լավ է, քան արծաթ ձեռք բերելը, և նրանից ստացած շահույթը ավելին է, քան ոսկուց ստացածը։ Այն ավելի թանկ է, քան մարջանները, և այն բոլոր բաները, որ թանկ են քեզ համար, չեն կարող հավասարվել նրան» (2 Օրենք 32։2; Սաղ. 86։11; Առակ. 3։14, 15)։
3. Ի՞նչ կշիռ են տալիս Աստվածաշնչին Հիսուսը և Աստված։
3 Հիսուսը՝ Աստծու Որդին, շատ բարձր էր գնահատում Աստծու խոսքը։ Նա ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է»։ Իսկ իր հետևորդներին ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 17։17; 8։31, 32)։ Իրոք, զորեղ ազդեցություն ունի այն խոսքը, որ Հիսուսը ստացավ իր Հորից։ Այն Աստծու խոսքն է։ Երբ Հիսուսը մահացավ, հարություն առավ, երկինք համբարձվեց ու նստեց Աստծու աջ կողմը, այլ բաներ բացահայտեց իր Հոր խոսքի մասին, օրինակ՝ հրաշալի կերպով նկարագրեց այն օրհնությունները, որ Աստված թափելու է մարդկության վրա դրախտային երկրում։ Դրանից հետո Աստված Հովհաննես առաքյալին պատվիրեց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։ Ներշնչված Աստվածաշնչի բոլոր խոսքերը «հավատարիմ են ու ճշմարիտ» և անսահման օրհնություններ են բերում նրանց, ովքեր հետևում են դրանց (Հայտն. 21։5)։
4. Ինչի՞ համար է ներշնչված Գիրքը օգտակար։
4 Իսկ ինչպե՞ս կարող ենք ստանալ այդ օրհնությունները։ Պատասխանն իմանալու համար կարդանք Պողոսի խոսքերը՝ գրված 2 Տիմոթեոս 3։16, 17 համարներում. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար»։ Փաստորեն, Աստծու կողմից ներշնչված Գիրքը օգտակար է ճշմարիտ ուսմունքներ, ճիշտ վարվելակերպ սովորեցնելու, մեր մտածելակերպը և ապրելակերպը ուղղելու համար։ Դրանից բացի, այն հանդիմանում ու խրատում է մեզ, ինչի շնորհիվ կարողանում ենք խոնարհաբար քայլել ճշմարտության ու արդարության մեջ։ Եթե թույլ տանք, որ Սուրբ Գիրքը սովորեցնի մեզ, կդառնանք «Աստծու համագործակիցը» (1 Կորնթ. 3։9)։ Այսօր ավելի մեծ պատիվ չկա, քան կատարել Աստծու հանձնարարած գործը և լինել Աստծու մարդ՝ «լիովին իրազեկ, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար»։
ԱՄՈՒՐ ՀԻՄՔ ՀԱՎԱՏԻ ՀԱՄԱՐ
5. Ի՞նչ է հավատը, և ինչպե՞ս այն կարելի է ձեռք բերել։
5 Աստծու համագործակիցը լինելու համար անհատը պետք է հավատ ունենա։ Բայց հավատը չպետք է շփոթել դյուրահավատության հետ, որը տարածված է այսօր։ Շատերը կարծում են, որ որոշակի հավատալիքներ ունենալը բավական է՝ կրոնական, փիլիսոփայական կամ էվոլյուցիայի վերաբերյալ։ Սակայն Աստծու մարդը պետք է «շարունակի այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսում է, ամուր բռնել առողջ խոսքերի օրինակը» (2 Տիմոթ. 1։13)։ Նրա հավատը պետք է լինի իրական ու կենդանի, քանի որ «հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն»։ Դրա հիմքում պետք է ընկած լինի ամուր համոզվածությունն այն բանում, որ Աստված գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր հաճեցնում են իրեն (Եբր. 11։1, 6)։ Այսպիսի հավատ կարելի է ձեռք բերել միմիայն Աստծու Խոսքի ջանադիր ուսումնասիրության միջոցով։ Այդ հավատը հիմնված է Աստվածաշնչի, դրա Հեղինակի՝ Եհովայի ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ խոր սիրո վրա։ Գոյություն ունի միայն մեկ կենդանի հավատ, ինչպես որ գոյություն ունի մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոս, և մեկ Աստված ու բոլորի Հայրը՝ Եհովան (Եփես. 4։5, 6)։
6. Ինչպիսի՞ն է իսկական հավատը։
6 Մենք պետք է իմանանք, թե ինչ է Աստծու Խոսքը, ինչպես է այն հայտնվել, որքանով է հեղինակավոր, ինչ նպատակ ունի և ինչպես է օգնում արդարությամբ վարվելու։ Որքան լավ հասկանանք աստվածաշնչյան հրաշալի պատգամը, այնքան մեծ կլինի մեր հավատը։ Մենք Աստվածաշունչը և նրա Հեղինակին այնքան ջերմագին կսիրենք, որ ոչինչ չի կարողանա խեղդել մեր մեջ հավատն ու սերը։ Աստվածաշունչը, նաև Հիսուս Քրիստոսի խոսքերը ամուր հիմք են մեր հավատի համար։ Իսկական հավատը դիմանում է ամեն տեսակ փորձությունների, նեղությունների, հալածանքների, գայթակղությունների, որոնք այնքան շատ են այս անաստված աշխարհում, որում գերիշխում են նյութապաշտական ոգին և փիլիսոփայական գաղափարները։ Հավատը հաղթանակած դուրս կգա ամեն բանից և ցնծությամբ կմտնի Աստծու արդար նոր աշխարհ։ «Մեր հավատով մենք հաղթեցինք աշխարհին» (1 Հովհ. 5։4)։
7. Ի՞նչ վարձատրություն է բերում աստվածաշնչյան իմաստությունը։
7 Հավատ ձեռք բերելու և այն պահպանելու համար մենք պետք է սեր զարգացնենք Աստծու Խոսքի հանդեպ։ Սուրբ Գիրքը մարդկությանը տրված Աստծու գերազանց պարգևն է, որի մեջ պահվում են հոգևոր գանձեր, որոնց իմաստության խորությունը անհատակ է։ Այդ գիրքը մարդկանց կրթելու և նրանց արդարության մղելու այնպիսի զորություն ունի, որ ուրիշ ոչ մի գիրք չունի։ Աստծու Խոսքի խոր ուսումնասիրությունը կմղի մեզ Պողոս առաքյալի նման բացականչելու. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները»։ Ծանոթանալ ներշնչված Գրքին և նրա Հեղինակին նշանակում է գնալ անվերջ ուրախության ու բավականության ուղիով (Հռոմ. 11։33; Սաղ. 16։11)։
ԵՀՈՎԱ. ԱՍՏՎԱԾ, ՈՐՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ
8. ա) Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք, որ Եհովան ուզում է հաղորդակցվել։ բ) Ինչո՞վ է նա տարբերվում դիվային աստվածներից։
8 Խոսելով Եհովայի անվան փառքի մասին՝ Դավիթը բացականչեց. «Դու մեծ ես ու զարմանահրաշ գործեր ես անում, դո՛ւ ես Աստված, միայն դո՛ւ» (Սաղ. 86։10)։ Եհովան շատ «զարմանահրաշ գործեր» է արել մարդկության համար, օրինակ՝ տվել է մեզ իր Խոսքը։ Դա ցույց է տալիս, որ Եհովան Աստված է, որն ուզում է հաղորդակցվել։ Նա սիրով բացահայտում է իր մտքերը հանուն իր ստեղծած էակների բարօրության։ Որքա՜ն շնորհակալ պետք է լինենք, որ մեր Ստեղծիչը անտարբեր տիրակալ չէ, որը առեղծվածային է և չի արձագանքում արդարություն սիրող մարդկանց կարիքներին։ Ինչպես որ նոր աշխարհում է լինելու, այսօր էլ Եհովան բնակվում է նրանց հետ, ովքեր հավատ ու սեր են դրսևորում նրա հանդեպ, և որպես բարի Հայր՝ իր հետաքրքրասեր երեխաներին լավ բաներ է ասում (Հայտն. 21։3)։ Մեր երկնային Հայրը նման չէ դիվային աստվածների, որոնք ներկայացվում են վախազդու և համր կուռքերի միջոցով։ Մետաղից ու քարից պատրաստված աստվածները հայրական զգացմունքներ չեն տածում իրենց՝ մթության մեջ խարխափող երկրպագուների հանդեպ։ Նրանք ոչ մի լավ բան չեն կարող ասել։ «Ճիշտ դրանց նման պիտի լինեն դրանք սարքողները» (Սաղ. 135։15–19, 1; 1 Կորնթ. 8։4–6)։
9. Ի՞նչ տեղեկություն ենք ստանում վերևից՝ Աստծուց։
9 Եհովան «ողորմած ու գթառատ Աստված է, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6)։ Սիրառատ բարությունից մղված է, որ նա մարդկանց առատորեն բացահայտել է ճշմարտությունը և իմաստուն խորհուրդներ տվել այն մասին, թե ինչպես ապրել, նաև տվել է մարգարեություններ, որոնք լուսավորում են դեպի ապագա օրհնությունները տանող մեր ճանապարհը։ «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4)։ Վերևից՝ երկնքից է գալիս այն վստահարժան տեղեկությունը, որ ուսուցանվում է ներքևում ապրող մարդկանց (Հովհ. 8։23)։
10. Ի՞նչ լեզուներով է Եհովան հաղորդակցվել և ինչո՞ւ։
10 Եհովան ոչ մի անգամ տեղեկություններ չի հայտնել անհասկանալի լեզվով։ Նա մարդկանց հետ միշտ հաղորդակցվել է հասկանալի լեզվով, որով խոսում էին իր հավատարիմ վկաները (Գործ. 2։5–11)։ Ադամի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի ու եբրայեցի մարգարեների հետ նա խոսել է այն լեզվով, որը տրվել էր մարդկությանը ի սկզբանե, և որը այսօր հայտնի է որպես հին եբրայերեն։ Այս լեզուն գործածական էր այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ այն հասկանում էին։ Այն դեռ հասկանալի էր տարսոնացի Սողոսի օրերում։ Նրա հետ հարություն առած Հիսուսը հենց եբրայերենով խոսեց (Գործ. 26։14)։ Իսկ երբ գերության մեջ գտնվող իսրայելացիների շրջանում տարածվեց արամերենը, որով խոսում էին քաղդեացիները, Աստված որոշ բաներ նրանց հայտնեց այդ լեզվով, քանի որ մարդիկ հասկանում էին այն (Եզր. 4։8–6։18; 7։12–26; Դան. 2։4բ–7։28)։ Հետագայում, երբ հունարենը դարձավ միջազգային լեզու, ու Եհովայի վկաներից շատերը այդ լեզվով էին խոսում, Աստված հոգ տարավ, որ իր պատգամները գրի առնվեն ու փոխանցվեն հունարենով։ Աստվածաշնչում գրի առնված խոսքերը Եհովայինն են, որոնք տրվել են կենդանի լեզվով երկրի վրա ապրող խոնարհ, ճշմարտությունը սիրող մարդկանց բարօրության համար։
11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան է ստեղծել բոլոր լեզուները։
11 Եհովան է ստեղծել միտքը և խոսքի օրգանները՝ լեզուն, բերանը, կոկորդը, որոնց շնորհիվ ստեղծվում է խոսքային հնչյունների զանազանությունը։ Ուստի կարելի է ասել, որ Եհովան է ստեղծել բոլոր լեզուները։ Լեզուների վրա ունեցած նրա իշխանությունը դրսևորվեց, երբ նա հրաշք գործեց Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ (Ելք 4։11; Ծննդ. 11։6–9; 10։5; 1 Կորնթ. 13։1)։ Եհովայի համար անհայտ լեզու չկա։ Նա ոչ միայն մարդկանց տվել է առաջին լեզուն՝ եբրայերենը, այլև ստեղծել է միտք ու խոսքի օրգաններ և հիմք դրել արամերեն, հունարեն ու մյուս մոտ 6800 լեզուների համար, որոնցով այսօր խոսում են մարդիկ։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ
12, 13. ա) Ինչպե՞ս է Եհովան հեշտությամբ հաղորդակցվում։ բ) Բեր օրինակներ։
12 Ինչ լեզու էլ, որ Եհովան օգտագործել է հաղորդակցվելիս, միշտ խոսել է ճշմարտության լեզվով, ոչ թե կրոնական խորհրդապաշտությամբ։ Այդ լեզուն պարզ է ու հասկանալի (Սոփ. 3։9)։ Մարդը հեշտությամբ է ընկալում եռաչափ պատկերը, որն ունի երկարություն, լայնություն ու բարձրություն և գոյություն ունի որոշակի ժամանակահատվածում։ Ուստի անտեսանելի բաների մասին պատմելիս Աստված օգտագործում է պատկերներ, որոնք մարդկային ուղեղը կարող է ընկալել։ Օրինակ՝ նա նախագծեց խորանը, որը հետագայում Մովսեսը կառուցեց անապատում։ Պողոսը, սուրբ ոգուց ներշնչված, եռաչափ խորհրդանիշներ օգտագործեց այդ խորանը նկարագրելիս, որ բացատրի երկնային փառահեղ հասկացությունները (Եբր. 8։5; 9։9)։
13 Մեկ ուրիշ օրինակ։ Եհովան, որը ոգի է, բառացի իմաստով երկնքում չի նստում գահանման աթոռի վրա։ Սակայն իր մասին խոսելիս նա այդպիսի տեսանելի խորհրդանիշ է օգտագործում, որպեսզի մարդկանց համար, որ կապված են տեսանելի պատկերներին, հասկանալի լինի. երբ նա սկսում է երկնային դատավարությունը, դա նման է այն բանին, որ երկրի վրա թագավորը դատավարությունը սկսում է՝ նստելով իր գահին (Դան. 7։9–14)։
ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎՈՂ ԼԵԶՈՒ
14, 15. Ինչո՞ւ է Աստվածաշունչը, ի տարբերություն փիլիսոփայական աշխատությունների, հեշտությամբ թարգմանվում այլ լեզուներով։ Բեր օրինակ։
14 Քանի որ Աստվածաշունչը գրվել է մատչելի և հասկանալի լեզվով, ժամանակակից լեզուներից շատերով հնարավոր է պարզ ու ճշգրիտ թարգմանել նրանում նկարագրված խորհրդանիշներն ու գործողությունները։ Բոլոր այդ թարգմանություններում պահպանված է ճշմարտության սկզբնական ուժն ու զորությունը։ Ցանկացած լեզվում հասարակ բառերը՝ ձի, պատերազմ, պսակ, գահ, ամուսին, կին, երեխաներ, ունեն հստակ նշանակություն։ Դա լիովին տարբերվում է մարդկանց կողմից գրված փիլիսոփայական աշխատություններից, որոնք հաճախ հնարավոր չէ ճշգրտորեն թարգմանել։ Դրանցում օգտագործված բարդ արտահայտություններն ու տերմինները հաճախ անհնար է թարգմանել այլ լեզվով։
15 Աստվածաշնչի լեզվի ուժը անգերազանցելի է։ Անգամ երբ Աստված իր դատավճիռներն էր հայտնում անհավատ մարդկանց, նա ոչ թե փիլիսոփայական լեզու էր օգտագործում, այլ ամենօրյա կյանքից վերցված խորհրդանիշներ։ Դա երևում է, օրինակ, Դանիել 4։10–12 համարներից։ Ինքնագոհ հեթանոս թագավորի թագավորությունը խորհրդանշաբար ներկայացվում է ծառով, ու հետո ասվում է, թե ինչ է լինելու այդ ծառին, և ճշգրտորեն կանխագուշակվում են հետագա դեպքերը։ Այս ամենը հստակորեն թարգմանվել է այլ լեզուներով։ Եհովան սիրով տեղեկություններ է հաղորդել մարդկանց նրանց հասկանալի ձևով, որպեսզի «ճշմարիտ գիտելիքները» շատանան։ Որքա՜ն է դա օգնում հասկանալու մարգարեությունների նշանակությունը «վերջի ժամանակում» (Դան. 12։4)։
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ
16. Ինչպե՞ս կարելի է բացատրել Եհովայի հաղորդակցման միջոցը։
16 Գուցե հարց առաջանա. «Ինչպե՞ս են պատգամները փոխանցվել»։ Հարցին կարելի է պատասխանել՝ ժամանակակից կյանքից մի օրինակ բերելով։ Հաղորդակցության կապը ներառում է 1) հաղորդակցության աղբյուր, 2) հաղորդիչ, 3) միջոց, որով պետք է անցնի հաղորդագրությունը, 4) ընդունիչ և 5) լսող։ Իսկ եթե խոսենք հեռախոսային կապի մասին, ապա այն ներառում է 1) բաժանորդ, որը զանգում է, 2) հեռախոսահաղորդիչ, որը տեղեկությունը վերածում է էլեկտրոնային իմպուլսների, 3) հեռախոսալարեր, որոնցով անցնում են այդ իմպուլսները, 4) ընդունիչ, որը իմպուլսները վերածում է ձայների, և 5) լսող։ Նման մի բան տեղի է ունենում երկնքում. 1) Եհովա Աստված ասում է տեղեկությունը, 2) հաճախ այդ տեղեկությունը փոխանցում է նրա Խոսքը՝ Աստծու Ներկայացուցիչը՝ Հիսուս Քրիստոսը, 3) Աստծու սուրբ ոգին՝ նրա գործուն ուժը՝ որպես տեղեկությունը փոխանցող միջոց, այն հասցնում է երկիր, 4) երկրի վրա ապրող Աստծու մարգարեն ընդունում է տեղեկությունը և 5) հայտնի է դարձնում այն Աստծու ժողովրդին։ Այսօր կարևոր տեղեկություն փոխանցելու համար երբեմն լրաբեր են ուղարկում։ Եհովան նույնպես երբեմն նախընտրել է ոգեղեն պատգամաբերների, կամ՝ հրեշտակների միջոցով երկնքից լուր ուղարկել իր երկրային ծառաներին (Գաղ. 3։19; Եբր. 2։2)։
ԻՆՉՊԵՍ Է ԱՍՏՎԱԾ ՆԵՐՇՆՉԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ
17. Հունարեն ո՞ր բառն է թարգմանվում «Աստծու շունչ», և ինչպե՞ս է այդ բառի նշանակությունը օգնում հասկանալու, թե ինչ կերպով է Աստված ներշնչել իր ծառաներին։
17 «Ներշնչված է Աստծուց» արտահայտությունը թարգմանվել է հունարեն թեոպնեուստոս բառից, որը նշանակում է «Աստծու շունչ» (2 Տիմոթ. 3։16)։ Աստված իր սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժը ներշնչում էր իր հավատարիմ ծառաներին՝ մղելով նրանց կազմել ու գրի առնել Սուրբ Գիրքը։ Այսպես նա ներշնչեց Աստվածաշնչի գրությունը։ Գրելու ընթացքում մարգարեների և այլ հավատարիմ ծառաների մտքի վրա ներգործում էր Աստծու գործուն ուժը։ Դա նշանակում է, որ նրանք Աստծուց հաղորդագրություններ էին ստանում, այդ թվում նաև տեսիլքներ, որոնք ամուր կերպով դաջվում էին նրանց հիշողության մեջ։ «Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետ. 1։21; Հովհ. 20։21, 22)։
18. Որքա՞ն խոր տպավորություն են թողել Աստծու կողմից ներշնչված պատգամները նրանց վրա, ովքեր ստացել են դրանք։
18 Անկախ այն բանից՝ այս մարդիկ արթուն էին և լիովին գիտակից վիճակում, թե քնած էին ու երազ էին տեսնում, Աստծու ոգին ներշնչում էր նրանց վերևից ուղարկված հաղորդագրություններ։ Մարգարեն պետք է այդ պատգամները բանավոր կերպով հայտներ ուրիշներին։ Երբ Մովսեսը և այլ հավատարիմ մարգարեներ հարություն առնեն, նրանք կարող են հաստատել իրենց գրվածքների պահպանված կրկնօրինակների ճշգրտությունը, քանի որ հնարավոր է, որ նրանց վերաստեղծված ուղեղը հիշի հնում տրված այդ հաղորդագրությունները։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը այնքան էր տպավորվել այլակերպության տեսիլքից, որ ավելի քան 30 տարի հետո դեռ կենդանի ձևով խոսեց այդ մեծավայելուչ փառքի մասին (Մատթ. 17։1–9; 2 Պետ. 1։16–21)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԵՎ ՆՐԱ «ՄԱՏԸ»
19. Ի՞նչ է Աստծու մատը, և ի՞նչ է այդ մասին գրված Աստվածաշնչում։
19 Մարդիկ գրում են մատների օգնությամբ։ Հնում գրել են փետրագրչով, իսկ այսօր՝ գրչով, տպագրամեքենայով կամ համակարգչի ստեղնաշարով։ Եվ հեղինակը հենց նա է, ում մատների միջոցով ստեղծվում է որևէ բան։ Իսկ գիտեի՞ր արդյոք, որ Աստված էլ մատ ունի։ Դա այդպես է, քանի որ Հիսուսը Աստծու ոգու մասին խոսել է որպես նրա «մատի»։ Երբ Քրիստոսը բուժեց մի դիվահար մարդու, այնպես որ նա սկսեց խոսել ու տեսնել, կրոնական հակառակորդները անարգական խոսքեր ասացին այն զորության վերաբերյալ, որով Հիսուսը բուժեց այդ մարդուն։ Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Հիսուսը նրանց ասաց. «Եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն իսկապես հասել է ձեզ» (Մատթ. 12։22, 28)։ Իսկ Ղուկասի Ավետարանի համաձայն՝ նման մի իրավիճակում Հիսուսն ասաց. «Եթե Աստծու մատով եմ հանում դևերին, ապա Աստծու թագավորությունը հասել է ձեզ վրա» (Ղուկ. 11։20)։ Դեռևս վաղ ժամանակներում, երբ Եգիպտոսի քրմերը ստիպված էին ընդունել, որ այդ պատուհասները Ամենակարող Աստծու զորության դրսևորումն են, ասացին. «Դա Աստծո՛ւ մատն է» (Ելք 8։18, 19)։
20. Ինչպե՞ս էր գործում Աստծու «մատը», և ի՞նչ էր լինում արդյունքում։
20 «Մատ» բառի նման գործածությունը օգնում է հասկանալու, որ «Աստծու մատը» մեծ զորություն ունի և վերաբերում է նրա ոգուն, որի միջոցով գրի է առնվել Աստվածաշունչը։ Սուրբ Գրքում ասվում է, որ «Աստծու մատով» գրվեցին Տասը պատվիրանները քարե երկու տախտակների վրա (Ելք 31։18; 2 Օրենք 9։10)։ Երբ մարդիկ գրում էին Աստվածաշնչի գրքերը, Աստծու փոխաբերական մատը, կամ՝ ոգին ուղղություն էր տալիս նրանց ձեռքում եղած փետրագրչին։ Աստծու սուրբ ոգին անտեսանելի է, բայց գործում է զարմանալիորեն։ Նրա գործողության տեսանելի ու նշմարելի արդյունքը եղավ այն, որ մարդիկ ստացան անգին պարգև՝ Աստծու Խոսքը, որը ճշմարտությունն է՝ Նրա Աստվածաշունչը։ Ոչ մի կասկած չկա, որ Աստվածաշնչի Հեղինակը Եհովա Աստված է՝ ինֆորմացիայի երկնային Աղբյուրը։
ՍԿՍՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ
21. ա) Ինչպե՞ս սկսվեց Սուրբ Գրքի գրությունը։ բ) Ինչպե՞ս Եհովան հոգ տարավ, որ գրվածը պահպանվի։
21 Ինչպես արդեն նշվեց, Եհովան Մովսեսին «տվեց Վկայության երկու տախտակները՝ այն քարե տախտակները, որոնց վրա Աստծու մատով էր գրված» (Ելք 31։18)։ Հետաքրքիր է, որ տախտակների վրա գրված Տասը պատվիրաններում ութ անգամ օգտագործվել է Աստծու անունը՝ Եհովա։ Նույն տարում՝ մ.թ.ա. 1513-ին, Եհովան պատվիրեց Մովսեսին սկսել արձանագրություններ կատարել։ Այդպես սկսվեց Սուրբ Գրքի գրությունը (Ելք 17։14; 34։27)։ Աստված նաև պատվիրեց Մովսեսին «ուխտի տապանակ», կամ՝ «վկայության տապանակ» պատրաստել, որը գեղեցիկ զարդարված մի սնդուկ էր, և դրա մեջ էին պահվում երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին արժեքավոր հաղորդագրություններ Աստծու կողմից (Ելք 25։10–22; 1 Թագ. 8։6, 9)։ Եհովան Մովսեսին տվեց տապանակի, նաև խորանի նախագծերը, որի մեջ պետք է դնեին տապանակը։ Բացի այդ, Եհովան արհեստավոր ու շինարար Բեսելիելին «լցրեց Աստծու ոգով, որպեսզի նա իմաստություն, հասկացողություն ու գիտելիք ունենա և հմուտ լինի ամեն տեսակ արհեստում» և որպեսզի իր գործը կատարի Աստծու ծրագրածի համաձայն (Ելք 35։30–35)։
22. ա) Ո՞վ է Սուրբ Գրքի Հեղինակը, և որքա՞ն է տևել այդ գրքի գրությունը։ բ) Ովքե՞ր են գրի առել Աստվածաշունչը, և ի՞նչ է հայտնի այդ մարդկանց մասին։
22 Բացահայտելով իր նպատակները՝ Աստված «բազում առիթներով և բազմաթիվ կերպերով խոսեց» երկարատև ժամանակահատվածի ընթացքում (Եբր. 1։1)։ Գրողները նրա Խոսքը գրի են առել մ.թ.ա. 1513թ.-ից մինչև մ.թ. մոտ 98թ., այսինքն՝ մոտ 1610 տարիների ընթացքում։ Հեղինակը՝ Եհովա Աստված, մոտ 40 գրագիրների, կամ՝ քարտուղարների միջոցով է դա արել։ Նրանք բոլորը եբրայեցիներ էին՝ այն ազգից, որին վստահվեցին «Աստծու սրբազան պատգամները» (Հռոմ. 3։2)։ Նրանց թվում էին ութ քրիստոնյա հրեաներ, որոնք անձամբ կամ առաքյալների միջոցով ճանաչում էին Հիսուսին։ Նախաքրիստոնեական ժամանակներում գրի առնված աստվածաշնչյան գրքերում նախապես վկայվել էր Մեսիայի, կամ՝ Քրիստոսի գալստի մասին (1 Պետ. 1։10, 11)։ Աստվածաշունչը գրած մարդիկ՝ սկսած Մովսեսից մինչև Հովհաննես առաքյալը, հասարակության տարբեր խավերից են եղել, բայց բոլորը թիկունք են կանգնել Եհովայի գերիշխանությանը և նրա նպատակների մասին հռչակել են երկրի վրա։ Նրանք գրել են Եհովայի անունից ու նրա ոգու զորությամբ (Երեմ. 2։2, 4; Եզեկ. 6։3; 2 Սամ. 23։2; Գործ. 1։16; Հայտն. 1։10)։
23. Աստվածաշունչը գրողներից մի քանիսը ի՞նչ փաստաթղթերից են օգտվել, և ինչպե՞ս են այդ փաստաթղթերից արված քաղվածքները դարձել Աստվածաշնչի մի մասը։
23 Այդ գրողներից մի քանիսը իրենց արձանագրությունների մեջ ընդգրկել են քաղվածքներ փաստաթղթերից, որոնք կազմվել են իրենցից առաջ ապրած ականատեսների կողմից։ Այդ ականատեսներից ոչ բոլորն են ներշնչված եղել։ Օրինակ՝ Մովսեսը հավանաբար «Ծննդոց» գրքի որոշ հատվածներ գրելիս օգտվել է ականատեսների պատմածներից, իսկ Սամուելը «Դատավորներ» գիրքը գրելիս է թերևս այդպես վարվել։ Հիմնականում այսպես է արել նաև Երեմիան «1 Թագավորներ» ու «2 Թագավորներ» գրքերը գրելիս, իսկ Եզրասը՝ «1 Տարեգրություն» և «2 Տարեգրություն» գրքերը կազմելիս։ Սուրբ ոգին առաջնորդել է այս մարդկանց և ուղղություն տվել, թե հին փաստաթղթերից որ հատվածներն է հարկավոր ընդգրկել Աստվածաշնչի մեջ՝ այդպիսով հաստատելով արդյունքում կազմված գրքերի վավերականությունը։ Հին փաստաթղթերից քաղվածքներ անելու ժամանակից սկսած՝ գրքերը համարվել են Սուրբ Գրքի մի մասը (Ծննդ. 2։4; 5։1; 2 Թագ. 1։18; 2 Տար. 16։11)։
24, 25. ա) Ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում Աստվածաշունչը։ բ) Բեր հետաքրքիր փաստեր աղյուսակից։
24 Ի՞նչ հերթականությամբ են գրվել Աստվածաշնչի 66 գրքերը։ Ի՞նչ ժամանակահատված են դրանք ընդգրկում։ Նկարագրելով, թե ինչպես են արարվել երկինքն ու երկիրը, թե ինչպես է պատրաստվել երկիրը մարդու բնակության համար՝ «Ծննդոց» գիրքը ներկայացնում է մարդկության պատմության սկիզբը՝ մ.թ.ա. 4026թ.-ին առաջին մարդու արարումից սկսած։ Այնուհետև Աստվածաշնչում նկարագրվում են կարևոր իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել մինչև մ.թ.ա. 443թ. և դրանից կարճ ժամանակ հետո։ Ապա պատմությունը մեզ մոտ 400 տարի առաջ է տանում՝ նկարագրելով մ.թ.ա. 3թ. իրադարձությունները մինչև մ.թ. մոտ 98թ.։ Հետևաբար, պատմության տեսանկյունից Աստվածաշունչը ընդգրկում է 4123 տարիների ժամանակահատված։
25 13-րդ էջի աղյուսակը օգնում է պատկերացնելու, թե ովքեր են եղել Աստվածաշունչը գրողները, և թե ինչ հերթականությամբ են գրվել աստվածաշնչյան գրքերը։
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ. ՄԵԿ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ
26. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սուրբ Գիրքը մեկ ամբողջություն է։
26 «Ծննդոց» գրքից մինչև «Հայտնություն» Սուրբ Գիրքը մեկ ամբողջական գիրք է, մեկ գրադարան, որի գրությունը ներշնչվել է մեկ Գերագույն Հեղինակի կողմից։ Այս գիրքը չի կարելի բաժանել երկու մասի՝ մտածելով, որ մի մասը մյուսից պակաս կարևոր է։ Եբրայերեն Գրությունները և Քրիստոնեական Հունարեն Գրությունները մեկ ամբողջություն են։ Դրանք լրացնում են իրար՝ կազմելով աստվածային ճշմարտության մեկ գիրք։ Աստվածաշնչի 66 գրքերը միասին Սուրբ Գրքի մեկ գրադարան են կազմում (Հռոմ. 15։4)։
27. Ինչո՞ւ ճիշտ չէ ասել «Հին Կտակարան» և «Նոր Կտակարան»։
27 Այսօր ընդունված է Աստծու Խոսքը բաժանել երկու մասի և առաջին մասը՝ «Ծննդոց»-ից մինչև «Մաղաքիա», անվանում են «Հին Կտակարան», իսկ երկրորդ մասը՝ «Մատթեոս»-ից մինչև «Հայտնություն», անվանում են «Նոր Կտակարան»։ Սակայն նման բաժանումը սխալ է։ «Արարատ» թարգմանության մեջ 2 Կորնթացիներ 3։14 համարում գրված է. «Հին Կտակարանի կարդացմունք»։ Սակայն առաքյալը այս համարում նկատի չի ունեցել Եբրայերեն Գրությունները ամբողջությամբ։ Նա նաև նկատի չի ունեցել, որ ներշնչված քրիստոնեական գրվածքները «նոր կտակարան [ուխտ]» են կազմում։ Առաքյալը խոսում է Օրենքի ուխտի մասին, որը գրել էր Մովսեսը Հնգամատյանում, և որը նախաքրիստոնեական Սուրբ Գրքի միայն մի մասն է։ Այդ պատճառով հաջորդ համարում նա գրել է. «Երբոր Մովսէսին կարդում են»։ Ժամանակակից թարգմանություններից շատերում հունարեն բառը, որ «Արարատ» թարգմանության մեջ թարգմանվել է «կտակարան», փոխանցվում է «ուխտ» և «պայմանագիր» բառերով (Մատթ. 26։28; 2 Կորնթ. 3։6, ՆԱ, ԱՆԹ, ԷԹ)։
28. Աստվածաշնչյան մարգարեությունների առնչությամբ ի՞նչ հավաստիացում է տրվում։
28 Այն տեղեկությունը, որ գրված ու պահպանված է Սուրբ Գրքում, չի կարելի աղավաղել (2 Օրենք 4։1, 2; Հայտն. 22։18, 19)։ Այս առնչությամբ Պողոս առաքյալը գրել է. «Բայց նույնիսկ եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ, մեր քարոզած բարի լուրից բացի, մեկ ուրիշ բան քարոզի ձեզ, թող անիծյալ լինի» (Գաղ. 1։8; տե՛ս նաև Հովհաննես 10։35)։ Եհովայի կողմից ասված բոլոր մարգարեությունները ճիշտ ժամանակին կկատարվեն. «Այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի այն, ինչ կամենում եմ, և կիրագործի այն, ինչի համար ուղարկել եմ նրան» (Ես. 55։11)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
29. Այս գրքում ի՞նչ համառոտ տեղեկություններ են բերվում աստվածաշնչյան յուրաքանչյուր գրքի համար։
29 Այս գրքի հաջորդ էջերում հերթով ուսումնասիրվում են Աստվածաշնչի 66 գրքերը։ Ներկայացվում է, թե ինչպես է գրվել յուրաքանչյուր գիրք, տեղեկություն է տրվում, թե ով և երբ է գրել այն ու երբեմն էլ նշվում է, թե ինչ ժամանակահատված է ընդգրկում տվյալ գիրքը։ Նաև ապացույցներ են բերվում յուրաքանչյուր գրքի վավերականության ու կանոնականության վերաբերյալ։ Այդպիսի ապացույցներից կարող են լինել Հիսուս Քրիստոսի խոսքերը կամ Աստծու ներշնչմամբ գրված գրքերի խոսքերը, որ գրի են առել Աստծու այլ ծառաներ։ Հաճախ գրքի վավերականությունը փաստվում է աստվածաշնչյան մարգարեությունների ճշգրիտ կատարումով կամ տվյալ գրքին բնորոշ առանձնահատկություններով՝ ներդաշնակությամբ, անկեղծությամբ։ Բերվում են լրացուցիչ փաստեր հնագիտական հայտնագործություններից կամ վստահելի պատմական աղբյուրներից։
30. Ինչպե՞ս է ներկայացված յուրաքանչյուր գրքի բովանդակությունը։
30 Յուրաքանչյուր գրքի բովանդակությունը ներկայացնելիս ջանքեր են թափվել, որ յուրաքանչյուր գրողի կարևոր պատգամը հստակ պատկերվի, որպեսզի ընթերցողի սիրտը խոր սիրով լցվի Սուրբ Գրքի ու նրա Հեղինակի՝ Եհովա Աստծու հանդեպ։ Այս սիրո շնորհիվ ընթերցողը ավելի շատ կգնահատի Աստծու Խոսքում գրի առնված կենդանի ուղերձը, որը գործնական է, ներդաշնակ ու գեղեցիկ։ Գրքի «Բովանդակությունը» վերնագրի տակ նյութը բաշխված է մեկ կամ մի քանի պարբերություններից կազմված ենթավերնագրերի։ Ճիշտ է, դա օգնում է ուսումնասիրության ժամանակ, սակայն չի նշանակում, որ աստվածաշնչյան գրքերը ինքնակամ կարելի է բաժանել ենթաբաժինների։ Աստվածաշնչի ամեն մի գիրք մեկ ամբողջություն է և Աստծու նպատակները հասկանալու հարցում մեծ ներդրում ունի։
31. ա) Ի՞նչ տեղեկություն է բերվում ցույց տալու համար, թե ինչով է օգտակար յուրաքանչյուր գիրք։ բ) Ի՞նչ կարևոր թեմա է ընդգծվում յուրաքանչյուր գրքի ուսումնասիրության ժամանակ։
31 Ամեն գրքի ուսումնասիրության վերջում նշվում է, թե ինչպես է այն «օգտակար սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթ. 3։16)։ Եթե Աստվածաշնչի ավելի ուշ գրողների կողմից կան Աստծուց ներշնչված վկայություններ մարգարեությունների կատարման վերաբերյալ, ապա դրանք քննվում են։ Ցույց է տրվում, թե ինչպես է յուրաքանչյուր գիրք նպաստել Աստվածաշնչի գլխավոր թեմայի զարգացմանը։ Աստվածաշունչը առասպելական գիրք չէ։ Այն պարունակում է շատ կարևոր տեղեկություն մարդկության համար։ «Ծննդոց» գրքից մինչև «Հայտնություն» Սուրբ Գիրքը վկայում է տիեզերքի Արարչի՝ Եհովա Աստծու նպատակի մասին, այն է՝ սրբացնել նրա անունը Թագավորության միջոցով, որի Թագավորը նրա Սերունդն է։ Հենց սրա վրա է հիմնված այն մարդկանց հրաշալի հույսը, ովքեր արդարություն են սիրում (Մատթ. 12։18, 21)։
32. Ի՞նչ տեղեկություններ են բերվում մեր գնահատանքը Աստվածաշնչի հանդեպ ավելացնելու համար։
32 66 գրքերի ուսումնասիրությունից հետո առանձին բաժնում լրացուցիչ տեղեկություններ են տրվում Աստվածաշնչի մասին։ Օրինակ՝ Ավետյաց երկրի աշխարհագրություն, աստվածաշնչյան իրադարձությունների ժամանակագրություն, Աստվածաշնչի թարգմանություններ, ինչպես նաև հնագիտական և այլ ապացույցներ, որ փաստում են Աստվածաշնչի վավերականությունը, ու նրա գրքերի կանոնականության ապացույցներ։ Ընդգրկված են նաև այլ կարևոր տեղեկություններ և աղյուսակներ։ Այս ամենը կօգնի մեզ ավելի շատ գնահատելու Աստվածաշունչը, որը բոլոր գրքերից ամենագործնականն է և օգտակարը։
33. Ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչի մասին, և ինչո՞ւ է օգտակար այն ուսումնասիրելը։
33 Երկնային Հեղինակը շատ բաներ է պատմել մարդկանց։ Բոլոր գործերում, որ նա արել է իր երկրային զավակների համար, արտացոլված է նրա խոր սերը և հայրական հոգատարությունը։ Աստվածաշնչյան փաստաթղթերի ի՜նչ հրաշալի ժողովածու է նա տվել մեզ։ Դա իրականում անգին մի գանձ է, Աստծուց ներշնչված տեղեկությունների մի գրադարան, որը իր խորությամբ և մասշտաբով գերազանցում է մարդու կողմից գրված ցանկացած գիրք։ Աստծու Խոսքի ժրաջան ուսումնասիրությունը «մարմնի համար հոգնեցուցիչ» չէ, հակառակը՝ այն անգնահատելի օգուտներ կբերի նրանց, ովքեր գիտեն «Եհովայի խոսքը», որը մնում է հավիտյան (Ժող. 12։12; 1 Պետ. 1։24, 25)։
[աղյուսակ 13-րդ էջի վրա]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՐՔԵՐԸ
(Ժամանակագրական հերթականությամբ)
Համար Անուն Ով է եղել Ինչ է գրել Գրությունն ավարտվել է
1. Մովսես Գիտնական, Մ. թ. ա. 1473 Ծննդոց; Ելք;
հովիվ, Ղևտական; Հոբ;
մարգարե, Թվեր;
առաջնորդ 2 Օրենք;
(հավանաբար նաև 91)
2. Հեսու Առաջնորդ մ.թ.ա. մոտ 1450 Հեսու
3. Սամուել Ղևտացի, մինչև Դատավորներ; Հռութ;
մարգարե մ.թ.ա. մոտ 1080 1 Սամուել
գրքի մի մասը
4. Գադ Մարգարե մ.թ.ա. մոտ 1040 1 Սամուել
գրքի մի մասը,
2 Սամուել (երկու
գրքերն էլ Նաթանի հետ)
5. Նաթան Մարգարե մ.թ.ա. մոտ 1040 Տե՛ս վերևում (Գադի հետ)
6. Դավիթ Թագավոր, Մ.թ.ա. 1037 Սաղմոսներ գրքի մեծ մասը
հովիվ,
երաժիշտ
7. Կորխի Սաղմոսներ գրքի մի մասը
որդիներ
8. Ասափ Երգիչ Սաղմոսներ գրքի մի մասը
9. Եման Իմաստուն մարդ Սաղմոս 88
10. Եթան Իմաստուն մարդ Սաղմոս 89
11. Սողոմոն Թագավոր, մ.թ.ա. մոտ 1000 Առակներ գրքի մեծ մասը,
շինարար, Երգերի երգը;
իմաստուն մարդ Ժողովող;
12. Ագուր Առակներ, գլուխ 30
13. Լեմուել Թագավոր Առակներ, գլուխ 31
14. Հովնան Մարգարե մ.թ.ա. մոտ 844 Հովնան
15. Հովել Մարգարե մ.թ.ա. մոտ 820(?) Հովել
16. Ամոս Հովիվ, մ.թ.ա. մոտ 804 Ամոս
մարգարե
17. Օսեե Մարգարե Մ.թ.ա. 745-ից հետո Օսեե
18. Եսայիա Մարգարե Մ.թ.ա. 732-ից հետո Եսայիա
19. Միքիա Մարգարե նախքան Միքիա
մ.թ.ա. 717-ը
20. Սոփոնիա Իշխան, նախքան Սոփոնիա
մարգարե մ.թ.ա. 648-ը
21. Նաում Մարգարե նախքան Նաում
մ.թ.ա. 632-ը
22. Ամբակում Մարգարե մ.թ.ա. մոտ 628(?) Ամբակում
23. Աբդիա Մարգարե մ.թ.ա. մոտ 607 Աբդիա
24. Եզեկիել Քահանա, մ.թ.ա. մոտ 591 Եզեկիել
մարգարե
25. Երեմիա Քահանա, մ.թ.ա. 580 1 Թագավորներ և
մարգարե 2 Թագավորներ; Երեմիա;
Ողբ
26. Դանիել Իշխան, մ.թ.ա. մոտ 536 Դանիել
կառավարիչ,
մարգարե
27. Անգե Մարգարե մ.թ.ա. 520 Անգե
28. Զաքարիա Մարգարե մ.թ.ա. 518 Զաքարիա
29. Մուրթքե Թագավորից հետո մ.թ.ա. մոտ 475 Եսթեր
երկրորդ անձը
30. Եզրաս Քահանա, մ.թ.ա. մոտ 460 1 Տարեգրություն և
գրագիր, 2 Տարեգրություն; Եզրաս
ղեկավարող
31. Նեեմիա Պալատական, Մ.թ.ա. 443-ից հետո Նեեմիա
կառավարիչ
32. Մաղաքիա Մարգարե Մ.թ.ա. 443-ից հետո Մաղաքիա
33. Մատթեոս Հարկահավաք, մ.թ. մոտ 41 Մատթեոս
առաքյալ
34. Ղուկաս Բժիշկ, մ.թ. մոտ 61 Ղուկաս; Գործեր
միսիոներ
35. Հակոբոս Վերակացու նախքան մ.թ. 62 Հակոբոս
(Հիսուսի
եղբայրը)
36. Մարկոս Միսիոներ մ.թ. մոտ 60–65 Մարկոս
37. Պետրոս Ձկնորս, մ.թ. մոտ 64 1 Պետրոս և
առաքյալ 2 Պետրոս
38. Պողոս Միսիոներ, մ.թ. մոտ 65 1 Թեսաղոնիկեցիներ և
առաքյալ 2 Թեսաղոնիկեցիներ;
վրանագործ Գաղատացիներ; 1 Կորնթացիներ և
2 Կորնթացիներ;
Հռոմեացիներ; Եփեսացիներ;
Փիլիպպեցիներ;
Կողոսացիներ;
Փիլիմոն; Եբրայեցիներ;
1 Տիմոթեոս և
2 Տիմոթեոս;
Տիտոս
39. Հուդա Աշակերտ մ.թ. մոտ 65 Հուդա
(Հիսուսի
եղբայրը)
40. Հովհաննես Ձկնորս, մ.թ. մոտ 98 Հայտնություն;
առաքյալ Հովհաննես; 1 Հովհաննես;
2 Հովհաննես և 3 Հովհաննես