Ճշմարտությունը որքանո՞վ է թանկ ձեզ համար
«Կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 8։32)։
1. Ի՞նչ իմաստով են Պիղատոսն ու Հիսուսը օգտագործել «ճշմարտություն» բառը։
«Ի՞ՆՉ Է ճշմարտութիւնը»։ Երբ Պիղատոսը տվեց այս հարցը, նրան, ըստ երևույթին, հետաքրքրում էր ճշմարտությունն առհասարակ։ Իսկ Հիսուսը ուղղակի ասել էր. «Ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ» (Յովհաննէս 18։37, 38)։ Հունարեն բնագրից երևում է, որ Հիսուսը «ճշմարտություն» բառը որոշիչ հոդով է ասել։ Նա նկատի ուներ Աստծո՛ ճշմարտությունը։
Աշխարհի վերաբերմունքը ճշմարտության հանդեպ
2. Հիսուսի ո՞ր խոսքերից է երևում ճշմարտության արժեքը։
2 Պողոսն ասաց. «Բոլորը չէ, որ հաւատ ունեն» (Բ Թեսաղոնիկեցիս 3։2)։ Նույն միտքը կարելի է ասել ճշմարտության մասին։ Շատ մարդիկ գիտակցաբար մերժում են Աստվածաշնչի ճշմարտությունը նույնիսկ այն դեպքում, երբ այն ճանաչելու հնարավորություն են ունենում։ Բայց ճշմարտությունը շա՜տ թանկ է։ Հիսուսն ասաց. «Կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (Յովհաննէս 8։32)։
3. Խաբուսիկ ուսուցումների վերաբերյալ ո՞ր նախազգուշացմանը պետք է ուշադրություն դարձնենք։
3 Պողոս առաքյալն ասաց, որ չպետք է ճշմարտությունը փնտրենք մարդկային փիլիսոփայություններում և ավանդություններում (Կողոսացիս 2։8, ԱԹ)։ Նման գաղափարներն իսկապես խաբուսիկ են։ Պողոսը զգուշացրեց եփեսացի քրիստոնյաներին, որ դրանց ականջ դնելու դեպքում նրանք հոգևոր իմաստով կնմանվեին երեխաների, «որոնք տարուբերւում.... են վարդապետութեան բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայութեամբ, որոնք խորամանկութեամբ, խաբելով մոլորեցնում են» (Եփեսացիս 4։14)։ Մեր օրերում ‘մարդկանց խաբեբայությունը’ պրոպագանդվում է նրանց կողմից, ովքեր ընդդիմանում են Աստծո ճշմարտությանը։ Ըստ «Նոր բրիտանական հանրագիտարանի»՝ պրոպագանդան «սիստեմատիկ ջանքերի գործադրումն է՝ վերահսկելու մարդկանց համոզմունքները, տեսակետները, գործողությունները»։ Նրանց պրոպագանդան հմտորեն աղավաղում է ճշմարտությունը և սուտը ներկայացնում ճշմարտության տեսքով։ Հակառակ նման խորամանկ ճնշումներին՝ մենք պետք է ջանասիրաբար ուսումնասիրենք Գրությունները, որպեսզի գտնենք ճշմարտությունը։
Քրիստոնյաներն ու աշխարհը
4. Ովքե՞ր կարող են ձեռք բերել ճշմարտությունը, և ի՞նչ պետք է անեն նրանք։
4 Հիսուս Քրիստոսն իր աշակերտների համար Եհովային աղոթեց. «Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է» (Յովհաննէս 17։17)։ Այդ մարդիկ պետք է սրբացվեին, այսինքն՝ առանձնացվեին Եհովային ծառայելու և նրա անունն ու Թագավորությունը հռչակելու նպատակով (Մատթէոս 6։9, 10; 24։14)։ Ամեն մարդ չէ, որ ունի Եհովայի ճշմարտությունը, բայց ովքեր փնտրում են այդ պարգևը, գտնում են այն՝ անկախ իրենց ազգությունից, ռասայից կամ մշակույթից։ Պետրոս առաքյալն ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35)։
5. Ինչո՞ւ են քրիստոնյաները հաճախակի հալածվում։
5 Քրիստոնյաներն ամենուր տարածում են Աստվածաշնչի ճշմարտությունը, բայց բոլորը չէ, որ ընդունում են այն։ Հիսուսը նախապես ասել էր. «Ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք» (Մատթէոս 24։9)։ Մեկնաբանելով այս համարը՝ իռլանդացի հոգևորական Ջոն Քոթերը 1817 թ.–ին գրեց. «Նրանք [քրիստոնյաները] ջանում էին քարոզչության միջոցով բարելավել մարդկանց կյանքը, բայց դա վերջիններիս մեջ երախտագիտության փոխարեն ատելություն էր առաջացնում, և նրանք հալածում էին աշակերտներին, որոնց քարոզչությամբ բացահայտվում էին նրանց թերությունները»։ Նման հալածողները չեն ընդունում «ճշմարտութեան սէրը, որպէսզի փրկուեն»։ Այս պատճառով էլ «Աստուած նրանց [է ուղարկում] զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրէնութեան մէջ» (Բ Թեսաղոնիկեցիս 2։10, 11)։
6. Ի՞նչ ցանկություններ չպետք է քրիստոնյան իր մեջ մշակի։
6 Քրիստոնյաներն ապրում են թշնամանքով լի աշխարհում, ուստիև Հովհաննես առաքյալը հորդորում է նրանց. «Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ.... Այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից» (Ա Յովհաննէս 2։15, 16)։ Ասելով «այն ամէնը»՝ Հովհաննեսը ոչ մի բացառություն չի անում։ Այդ իսկ պատճառով մենք չպետք է մեր մեջ ցանկություն մշակենք աշխարհի առաջարկած որևէ բանի հանդեպ, ինչը կարող է շեղել մեզ ճշմարտությունից։ Հովհաննեսի խորհրդին հետևելը մեծ ազդեցություն կթողնի մեր կյանքի վրա։ Ինչպե՞ս։
7. Ինչպե՞ս են արձագանքում ազնվասիրտ մարդիկ, երբ իմանում են ճշմարտությունը։
7 2001 թ. ընթացքում Եհովայի վկաները, ամբողջ աշխարհում ամեն ամիս անցկացնելով Աստվածաշնչի ավելի քան չորս ու կես միլիոն տնային ուսումնասիրություն, առանձին մարդկանց ու խմբերի սովորեցրել են, թե ինչ է պահանջում Աստված։ Արդյունքում՝ 263 431 մարդ մկրտվել է։ Այդ մարդիկ, բարձր գնահատելով ճշմարտության լույսը, թողել են վատ ընկերակցություններն ու անբարո, Աստծուն անպատվող սովորությունները, որ այդքան տարածված են աշխարհում։ Նրանք իրենց մկրտությունից ի վեր շարունակում են ապրել համաձայն Եհովայի չափանիշների, որոնք նախատեսված են բոլոր քրիստոնյաների համար (Եփեսացիս 5։5)։ Դու է՞լ ես այդքան թանկ գնահատում ճշմարտությունը։
Եհովան հոգ է տանում մեր մասին
8. Ինչպե՞ս է Եհովան արձագանքում մեր նվիրմանը, և ինչո՞ւ է իմաստության դրսևորում նախևառաջ Թագավորությունը փնտրելը։
8 Չնայած այն բանին, որ մենք անկատար ենք՝ Եհովան ողորմածաբար ընդունում է մեր նվիրումը՝ ասես խոնարհվելով, որպեսզի մեզ դեպի իրեն ձգի։ Սրանով նա մեզ մղում է վեհ նպատակների ու ցանկությունների (Սաղմոս 113։6–8)։ Եհովան մեզ թույլ է տալիս անձնական հարաբերություններ ունենալ իր հետ և խոստանում է հոգալ մեր մասին, եթե շարունակենք նախևառաջ փնտրել Աստծո Թագավորությունը և Նրա արդարությունը։ Եթե այսպես վարվենք ու հոգևորապես պահպանենք մեզ, ապա «այդ ամենքը կ’տրուի» (Մատթէոս 6։33, ԱԹ)։
9. Ո՞վ է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան», և ինչպե՞ս է Եհովան այդ ծառայի միջոցով հոգ տանում մեր մասին։
9 Հիսուս Քրիստոսն ընտրեց իր 12 առաքյալներին ու դրեց հիմքն այն ժողովի, որը բաղկացած էր լինելու օծյալ քրիստոնյաներից։ Նրանք սկսեցին կոչվել «Աստծու Իսրայէլ» (Գաղատացիս 6։16; Յայտնութիւն 21։9, 14)։ Այս ժողովն ավելի ուշ բնութագրվեց որպես «Աստծու եկեղեցի»՝ «սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» (Ա Տիմոթէոս 3։15)։ Ժողովի անդամները Հիսուսի կողմից նկարագրվեցին որպես ‘հավատարիմ և իմաստուն ծառա’ ու «հաւատարիմ եւ իմաստուն տնտես»։ Այդ հավատարիմ ծառան, ինչպես Հիսուսն ասաց, պատասխանատու էր լինելու նրա համար, որ քրիստոնյաներն «իր ժամին կերակուր» ստանան (Մատթէոս 24։3, 45–47; Ղուկաս 12։42)։ Առանց ֆիզիկական կերակուրի մենք սովամահ կլինենք։ Նույն ձևով էլ՝ եթե չսնվենք հոգևորապես, ապա հոգևոր առումով կթուլանանք ու կմահանանք։ Հետևաբար՝ ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ գոյությունը ևս մեկ ապացույց է, որ Եհովան հոգ է տանում մեր մասին։ Թող որ միշտ գնահատենք այդ ‘ծառայի’ միջոցով տրված արժեքավոր կերակուրները (Մատթէոս 5։3)։
10. Ինչո՞ւ է կարևոր, որ միշտ ներկա լինենք հանդիպումներին։
10 Հոգևորապես սնվելու մեջ է մտնում անձնական ուսումնասիրություն կատարելը, քրիստոնյաների հետ շփվելը և ժողովի հանդիպումներին հաճախելը։ Ճշգրտորեն հիշո՞ւմ եք, թե ինչ եք կերել վեց ամիս կամ նույնիսկ վեց շաբաթ առաջ։ Հավանաբար՝ ոչ։ Բայց ինչ էլ որ կերել եք, դա ձեր օրգանիզմին անհրաժեշտ է եղել։ Հնարավոր է, որ այդ ժամանակվանից մինչև հիմա նման կերակուր էլի եք կերել։ Նույնը կարելի է ասել մեր քրիստոնեական հանդիպումների միջոցով տրվող հոգևոր կերակուրի մասին։ Միգուցե չհիշենք հանդիպումների ժամանակ ասված ամեն մանրամասնություն, միգուցե նմանատիպ մտքեր հաճախակի ենք լսում։ Այդուհանդերձ, դրանք կազմում են հոգևոր կերակուր՝ կենսական մեր բարօրության համար։ Ժողովները միշտ ժամանակին մատակարարում են բարձրարժեք հոգևոր սնունդ։
11. Ի՞նչ պետք է անենք քրիստոնեական հանդիպումներին։
11 Քրիստոնեական ժողովներ հաճախելը, մյուս կողմից, պատասխանատվություն է դնում մեզ վրա։ Քրիստոնյաներին քաջալերանք է տրվում ‘խրախուսել միմյանց’՝ «սիրոյ և բարի գործերի յորդորելով»։ Եթե նախապատրաստվում, հաճախում և մասնակցում ենք քրիստոնեական բոլոր հանդիպումներին, ապա դրանով ամրապնդում ենք մեր հավատը ու հորդորում մյուսներին (Եբրայեցիս 10։23–25)։ Ինչպես մանուկներն են քմահաճորեն վերաբերվում կերակուրին, այնպես էլ ոմանք քմահաճ վերաբերմունք են ցուցաբերում հոգևոր կերակուրի հանդեպ, ուստիև հարկ է լինում նրանց մշտապես խրախուսել, որ հոգևորապես սնվեն (Եփեսացիս 4։13)։ Սիրո դրսևորում է անհրաժեշտության դեպքում նման խրախուսանք ցուցաբերելը, ինչը կօգնի այդ մարդկանց՝ դառնալու հասուն քրիստոնյաներ։ Վերջիններիս մասին Պողոս առաքյալը գրեց. «Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ [«որոնք իրենց ըմբռնողականությունը, գործի դնելով, մարզել են բարին ու չարը զանազանելու համար», ՆԱ]» (Եբրայեցիս 5։14)։
Հոգ ենք տանում մեր մասին հոգևոր առումով
12. Մեր՝ ճշմարտության մեջ մնալու հարցում ո՞վ է վերջնական պատասխանատվություն կրում։ Բացատրեք։
12 Մեր կողակիցը կամ ծնողները կարող են քաջալերել մեզ, որ մնանք ճշմարտության ճանապարհին։ Նման ձևով ժողովի երեցները կարող են հովվել մեզ, քանի որ իրենց հոգածության ներքո գտնվող հոտի անդամներից ենք (Գործք 20։28)։ Այո՛, մենք ցանկանում ենք ապրել ճշմարտության մեջ, բայց ո՞վ է վերջնական պատասխանատվություն կրում այդ ցանկությունն իրագործելու համար։ Մենք ինքներս։ Դա ճիշտ է և՛ այն ժամանակ, երբ հանգիստ պայմաններում ենք ապրում, և՛ այն ժամանակ, երբ դժվարություններ ենք ունենում։ Խորհենք մի այսպիսի դեպքի շուրջ։
13, 14. Նկատի ունենալով գառնուկի հետ պատահածը՝ ինչպե՞ս կարող ենք անհրաժեշտ հոգևոր օգնությունը ստանալ։
13 Շոտլանդիայում գառներն արոտավայրում արածում էին։ Նրանցից մեկը գնաց դեպի բլրակի եզրը և ընկավ ներքևում գտնվող ժայռաբեկորի վրա։ Գառը չվնասվեց, բայց վախեցած էր ու չէր կարողանում վեր բարձրանալ։ Նա սկսեց մայել։ Լսելով նրա սրտաճմլիկ ձայնը՝ մայրը նույնպես սկսեց մայել, մինչև որ հովիվը եկավ ու ետ բերեց գառնուկին։
14 Ուշադրություն դարձրեք, թե դեպքերն ինչ հերթականությամբ դասավորվեցին. գառնուկը մայում էր օգնություն ստանալու համար, նրա մայրը նույնպես սկսեց մայել, և նրանց ձայնը լսելով՝ հովիվն անմիջապես գործողությունների դիմեց։ Եթե մատղաշ անասունն ու նրա մայրը կարող են զգալ վտանգը և անմիջապես օգնություն խնդրել, ապա չպե՞տք է մենք էլ նույն կերպ վարվենք, երբ հոգևորապես սայթաքում կամ անսպասելիորեն բախվում ենք Սատանայի աշխարհի հարուցած վտանգներին (Յակոբոս 5։14, 15; Ա Պետրոս 5։8)։ Իհա՛րկե պետք է այդպես վարվենք, մանավանդ եթե փորձ չունենք, կամ դեռ երիտասարդ ենք, կամ էլ համեմատաբար վերջերս ենք ընդունել ճշմարտությունը։
Աստծո առաջնորդությանը հետևելը երջանկություն է բերում
15. Ի՞նչ զգացումներ ապրեց մի կին, երբ սկսեց շփվել քրիստոնեական ժողովի հետ։
15 Տեսնենք, թե ինչ արժեք ունի աստվածաշնչյան գիտելիքներ ստանալը, և թե դրա շնորհիվ ի՛նչ հոգեկան անդորր են ունենում նրանք, ովքեր ծառայում են ճշմարտության Աստծուն։ 70–ամյա մի կին, որն իր ողջ կյանքում հաճախել էր անգլիկան եկեղեցի, համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Շուտով նա իմացավ, որ Աստծո անունը Եհովա է, և մյուսների հետ «ամեն» էր ասում տեղի Թագավորության սրահում հնչող սրտաբուխ աղոթքների վերջում։ Զգացումներով լի՝ նա ասաց. «Դուք Աստծուն չեք ներկայացնում այնպես, իբր թե նա շատ հեռու է մեզ պես մահկանացուներից։ Ընդհակառակը՝ նա կարծես թե գտնվում է հենց մեր մեջ, ինչպես սիրելի ընկեր։ Ես նման բան չեմ տեսել նախկինում»։ Ըստ երևույթին, այս կինը երբեք չի մոռանա ճշմարտության՝ իր վրա թողած առաջին տպավորությունը։ Թող որ մենք էլ երբեք չմոռանանք, թե որքան թանկ էր մեր սրտին ճշմարտությունը, երբ դեռ նոր–նոր էինք ընդունել այն։
16. ա) Ի՞նչ կարող է պատահել, եթե փող ձեռք բերելը դարձնենք գլխավոր նպատակ։ բ) Ինչպե՞ս կարող ենք իսկական երջանկություն գտնել։
16 Շատերը կարծում են, թե որքան շատ փող ունենան, այնքան ավելի երջանիկ կլինեն։ Բայց եթե փող աշխատելը դարձնենք կյանքի գլխավոր նպատակ, ապա հնարավոր է «բազում ցաւերի», այլ կերպ ասած՝ գլխացավանքների մեջ ընկնենք (Ա Տիմոթէոս 6։10)։ Պատկերացրեք, թե քանի–քանիսներն են վիճակախաղի տոմսեր գնում, փողերը ծախսում խաղատներում կամ, առանց երկար մտածելու, խաղում արժեթղթի շուկայում՝ երազելով մեծ գումարներ շահել։ Հազվադեպ են իրականանում նրանց հույսերը։ Եվ հաճախ նույնիսկ հենց այդ շահողները հայտնաբերում են, որ միանգամից ձեռք բերված հարստությունը երջանկություն չի բերում։ Հարատև երջանկությունը բխում է Եհովայի կամքը կատարելուց, ինչպես նաև Եհովայի սուրբ ոգու առաջնորդությամբ ու հրեշտակների օգնությամբ քրիստոնեական ժողովի հետ համագործակցելուց (Սաղմոս 1։1–3; 84։4, 5; 89։15)։ Երբ անում ենք այս ամենը, ապա հնարավոր է՝ անսպասելի օրհնություններ վայելենք։ Բայց արդյո՞ք ճշմարտությունն այնքան թանկ է ձեզ համար, որ նման օրհնություններ ունենաք։
17. Պետրոսի ո՞ր հատկության մասին է վկայում այն, որ նա իջևանեց կաշեգործ Սիմոնի տանը։
17 Քննարկենք Պետրոս առաքյալի հետ պատահածը։ 36 թ.–ին նա միսիոներական ճանապարհորդություն կատարեց դեպի Սարոնի հարթավայր։ Նա իջևանեց Լիդդայում, որտեղ բժշկեց անդամալույծ Ենեային, ու շարունակեց ճանապարհը դեպի ծովային նավահանգիստ Հոպպե։ Այնտեղ նա հարություն տվեց Այծեմնիկին։ Գործք 9։43–ում ասվում է. «Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ»։ Առանձնապես աչքի չընկնող այս համարը երևան է հանում, թե Հոպպեում ծառայելիս ի՛նչ անկանխակալ վերաբերմունք էր Պետրոսը ցուցաբերում տեղացիների հանդեպ։ Ինչպե՞ս։ Աստվածաշնչագետ Ֆրեդերիկ Ֆարարը գրում է. «Բանավոր [Մովսիսական] օրենքին խստորեն հետևող ոչ մի մարդ չէր իջևանի կաշեգործի տանը։ Բոլոր կարծրամիտ օրինականների համար պիղծ ու զզվելի էր մնալ նման արհեստով զբաղվող մարդու տանը, քանի որ վերջինս ամեն օր գործ էր ունենում տարբեր կենդանիների կաշիների ու լեշերի և դրանց հետ առնչվող նյութերի հետ»։ Նույնիսկ եթե Սիմոնի ծովափնյա տունը իր կաշեգործարանի հարևանությամբ չէր գտնվում, միևնույն է՝ նա «մի արհեստ ուներ, որին մարդիկ զզվանքով էին նայում. արհեստ, որը գցում էր բոլոր նրանց արժանապատվությունը, ովքեր որոշում էին զբաղվել դրանով» (Գործք 10։6)։
18, 19. ա) Ինչո՞ւ էր Պետրոսը զարմացել իր տեսած տեսիլքից։ բ) Ինչպե՞ս Պետրոսն անսպասելիորեն օրհնվեց։
18 Պետրոսն անկանխակալ մտայնություն ուներ։ Նա ընդունեց Սիմոնի հյուրընկալությունը և նրա տանը Աստծուց անսպասելի առաջնորդություն ստացավ։ Նա տեսիլք տեսավ, որտեղ պատվեր ստացավ ուտել անմաքուր արարածներ (ըստ հրեական օրենքների)։ Պետրոսը հրաժարվեց՝ ասելով, որ ինքը ‘երբեք պիղծ կամ անմաքուր բան չի կերել’։ Նրան երեք անգամ ասվեց. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»։ Հասկանալի է, թե ինչու «Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքն ի՛նչ է» (Գործք 10։5–17; 11։7–10)։
19 Պետրոսը չգիտեր, որ նախորդ օրը Կեսարիայում՝ 50 կմ հեռու, Կոռնելիոս անունով մի ոչ հրեա մարդու նույնպես տեսիլք էր տրվել։ Եհովայի հրեշտակը պատվիրել էր Կոռնելիոսին մարդ ուղարկել Պետրոսի ետևից, որը կաշեգործ Սիմոնի տանն էր մնում։ Կոռնելիոսն իր ծառաներին ուղարկեց, և Պետրոսը նրանց հետ եկավ Կեսարիա։ Այստեղ նա քարոզեց Կոռնելիոսին, նրա ազգականներին և ընկերներին։ Այս մարդիկ դարձան առաջին անթլփատ ոչ հրեա հավատացյալները, ովքեր՝ որպես Թագավորության ժառանգակիցներ, ստացան սուրբ ոգին։ Նրանք բոլորն էլ, չնայած անթլփատ լինելուն, մկրտվեցին։ Սա մյուս ազգերի մարդկանց, որոնց հրեաները անմաքուր էին համարում, հնարավորություն տվեց դառնալու քրիստոնեական ժողովի անդամներ (Գործք 10։1–48; 11։18)։ Ինչպիսի՜ յուրահատուկ առանձնաշնորհում Պետրոսի համար։ Եվ այս ամենն այն պատճառով, որ նա թանկ էր գնահատում ճշմարտությունը, ուստի հնազանդվեց Եհովայի առաջնորդությանը և գործերով դրսևորեց իր հավատը։
20. Երբ ճշմարտությանը առաջնային տեղ ենք հատկացնում մեր կյանքում, Աստծո կողմից ի՞նչ աջակցություն ենք ստանում։
20 Պողոսը կոչ է անում. «Ապրենք ճշմարտության համաձայն, սիրով և հետզհետե աճենք Քրիստոսի հետ մեր միության մեջ, որովհետև նա՛ է գլուխը» (Եփեսացիս 4։15, ԱՆԹ)։ Այո՛, ճշմարտությունն այսօր իսկ մեզ կբերի չտեսնված երջանկություն, եթե նրան առաջնային տեղ հատկացնենք մեր կյանքում և թույլ տանք, որ Եհովան իր սուրբ ոգու միջոցով ուղղի մեր քայլերը։ Նաև հիշենք, որ ավետարանչական գործում մեզ օգնում են սուրբ հրեշտակները (Յայտնութիւն 14։6, 7; 22։6)։ Ի՜նչ մեծ պատիվ է մեզ համար նման աջակցություն ունենալը այն գործում, որ Եհովան է մեզ հանձնարարել։ Եթե անարատություն պահենք, ապա հնարավորություն կունենանք ողջ հավիտենության մեջ փառաբանել Եհովային՝ ճշմարտության Աստծուն։ Մի՞թե սրանից ավելի թանկագին բան կա (Յովհաննէս 17։3)։
Ի՞նչ սովորեցինք
• Ինչո՞ւ շատերը չեն ընդունում ճշմարտությունը։
• Ի՞նչ տեսակետ պետք է ունենան քրիստոնյաները Սատանայի աշխարհում եղած բաների հանդեպ։
• Ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենանք հանդիպումների նկատմամբ և ինչո՞ւ։
• Մեր հոգևորին հոգ տանելու համար ի՞նչ պատասխանատվություն ենք կրում։
[քարտեզ/նկար 18–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՄԵԾ ԾՈՎ
ՍԱՐՈՆԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ
Կեսարիա
Հոպպե
Լիդդա
Երուսաղեմ
[նկար]
Հետևելով Աստծո առաջնորդությանը՝ Պետրոսն անսպասելի օրհնություններ քաղեց
[թույլտվությամբ]
Map: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկար 13–րդ էջի վրա]
Հիսուսը վկայեց ճշմարտության մասին
[նկար 15–րդ էջի վրա]
Ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր կերակուրը կենսական է մեր բարօրության համար