Սիրո օրենքը՝ սրտերում
«Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն» (ԵՐԵՄԻԱ 31։33)։
1, 2. ա) Ի՞նչ ենք այժմ քննարկելու։ բ) Ինչպե՞ս Եհովան դրսևորեց իր ներկայությունը Սինա սարում։
ՆԱԽՈՐԴ երկու հոդվածներից իմացանք, որ երբ Մովսեսը իջավ Սինա սարից, նրա դեմքը ճառագայթներ էր արձակում, որոնք արտացոլում էին Եհովայի փառքը։ Խոսեցինք նաև այն քողի մասին, որով Մովսեսը ծածկում էր իր երեսը։ Այժմ քննենք այս բաներին առնչվող մի թեմա, որն այսօր կարևոր է քրիստոնյաների համար։
2 Լեռան վրա Մովսեսը Եհովայից հրահանգներ ստացավ։ Սինա լեռան մոտ հավաքված իսրայելացիները ականատես եղան Աստծու հիասքանչ երևույթին։ «Որոտումներ եւ կայծակներ էին լինում, եւ մի թանձր ամպ կար սարի վերայ, եւ շատ սաստիկ փողի ձայն, եւ բանակի մէջ եղած բոլոր ժողովուրդը զարհուրեց։ .... Եւ Սինայ սարը բոլորովին ծխում էր, որովհետեւ Եհովան նորա վերայ իջաւ կրակով, եւ նորա ծուխը հնոցի ծուխի պէս էր դուրս գալիս, եւ բոլոր սարը սաստիկ դողում էր» (Ելից 19։16–18)։
3. Ո՞ւմ միջոցով Եհովան տվեց Տասը պատվիրանները Իսրայելին, և ժողովուրդն ի՞նչ հասկացավ։
3 Եհովան հրեշտակի միջոցով խոսեց ժողովրդի հետ՝ տալով նրանց օրենքներ՝ Տասը պատվիրանները (Ելից 20։1–17)։ Ուստի, ոչ մի կասկած չէր կարող լինել, որ այդ օրենքները Ամենազորի կողմից էին։ Աստված դրանք գրեց քարե տախտակների վրա, այն տախտակների, որոնք Մովսեսը «կոտրատեց», երբ իսրայելացիներին տեսավ ոսկե հորթ պաշտելիս։ Սակայն Եհովան դարձյալ գրեց պատվիրանները քարի վրա։ Այս անգամ, երբ Մովսեսն իջնում էր լեռից՝ իր հետ բերելով սալիկները, նրա դեմքը ճառագայթներ էր արձակում։ Այսպես բոլորը կհասկանային, որ այդ օրենքները վիթխարի նշանակություն ունեն (Ելից 32։15–19; 34։1, 4, 29, 30)։
4. Տասը պատվիրաններն ինչո՞ւ մեծ կարևորություն ունեին։
4 Քարե տախտակները, որոնց վրա գրված էին Տասը պատվիրանները, տեղադրված էին ուխտի տապանակի մեջ, որը գտնվում էր խորանի, իսկ հետագայում՝ տաճարի Սրբությունների Սրբություն բաժանմունքում։ Այդ օրենքները պարունակում էին Մովսիսական օրենքի ուխտի առանցքային սկզբունքները և հիմք ստեղծեցին Իսրայել ազգի աստվածապետական կառավարման համար։ Դրանք ապացույց էին, որ Իսրայելը առանձնահատուկ՝ ընտրյալ ժողովուրդ էր Եհովայի համար։
5. Ինչպե՞ս էին Աստծու օրենքներն արտացոլում նրա սերը Իսրայելի հանդեպ։
5 Այդ օրենքները շատ բան բացահայտեցին Եհովայի մասին և հատկապես իր ժողովրդի հանդեպ ունեցած նրա սիրո մասին։ Ի՜նչ թանկարժեք նվեր էին այդ օրենքները նրա՛նց համար, ովքեր հնազանդվեցին դրանց։ Մի աստվածաշնչագետ գրել է. «Մարդու կողմից երբևէ կազմված ոչ մի բարոյական համակարգ իր արժեքավորությամբ չի կարող գերազանցել կամ գոնե մոտավորապես հավասար լինել Աստծու այդ տասը խոսքերին»։ Մովսիսական օրենքի վերաբերյալ Եհովան ասաց. «Եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերից, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։ Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կ’լինիք» (Ելից 19։5, 6)։
Օրենք՝ գրված սրտում
6. Ո՞ր օրենքն է ավելի արժեքավոր քարի վրա գրված օրենքներից։
6 Այո՛, այդ աստվածային օրենքները մեծ արժեք ունեին։ Իսկ գիտե՞ս, որ օծյալ քրիստոնյաներն ունեն մի բան, որը շատ ավելի արժեքավոր է քարի վրա գրված օրենքներից։ Եհովան մարգարեացավ մի նոր ուխտի մասին, որը նման չէր լինելու Իսրայելի հետ կնքված Օրենքի ուխտին։ «Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն» (Երեմիա 31։31–34)։ Հիսուսը՝ նոր ուխտի Միջնորդը, իր հետևորդներին չտվեց օրենքների գրավոր ժողովածու։ Նա Եհովայի օրենքների մասին բանավոր խոսեց և իր խոսքերով ու գործերով դրանք հասցրեց աշակերտների մտքին ու սրտին։
7. «Քրիստոսի օրէնքը» նախևառաջ ո՞ւմ տրվեց, իսկ հետագայում ովքե՞ր ընդունեցին այդ օրենքը։
7 Այդ օրենքը կոչվում է ‘Քրիստոսի օրենք’։ Այն առաջին հերթին տրվեց ոչ թե իսրայելացիներին, ովքեր Հակոբի սերունդներն էին, այլ մի հոգևոր ազգի՝ «Աստուծոյ Իսրայէլին» (Գաղատացիս 6։2, 16; Հռովմայեցիս 2։28, 29)։ Աստծու Իսրայելը կազմված է սուրբ ոգով օծված քրիստոնյաներից։ Հետագայում բոլոր ազգերից նրանց սկսեցին միանալ «մեծ բազմության» անդամները, որոնք նույնպես ոչ մի ջանք չեն խնայում Եհովային երկրպագելու համար (Յայտնութիւն 7։9, 10; Զաքարիա 8։23)։ Լինելով մեկ հոտ մեկ հովվի ներքո՝ երկու խմբերն էլ ընդունում են «Քրիստոսի օրէնքը» և թույլ են տալիս, որ այն ղեկավարի իրենց բոլոր գործերը (Յովհաննէս 10։16)։
8. Ո՞րն էր Մովսիսական օրենքի և Քրիստոսի օրենքի միջև եղած տարբերությունը։
8 Ի տարբերություն իսրայելացիների, որոնք ծնված օրվանից կապված էին Մովսիսական օրենքին, քրիստոնյաները Քրիստոսի օրենքի տակ են մտնում կամավոր. մաշկի գույնը կամ ծննդավայրը նշանակություն չունի։ Նրանք սովորում են Եհովայի ու նրա ճանապարհների մասին և փափագում են կատարել նրա կամքը։ Աստծու օրենքն ‘իրենց ներսում’՝ ‘սրտի վրա’ ունենալով՝ օծյալ քրիստոնյաները Աստծուն չեն հնազանդվում զուտ այն պատճառով, որ նա կարող է պատժել իրեն չհնազանդվողներին, կամ այն պատճառով, որ իրենք պարտավորված են զգում դա անելու։ Նրանց հնազանդությունը հիմնված է ավելի կարևոր ու զորավոր բանի վրա։ «Ուրիշ ոչխարների» անդամները նույնպիսի հնազանդություն են ցուցաբերում, քանի որ Աստծու օրենքը նրանց սրտում է։
Օրենքներ, որ հիմնված են սիրո վրա
9. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ սերը Եհովայի օրենքների էությունն է։
9 Եհովայի բոլոր օրենքների ու կանոնների էությունը կարելի է ամփոփել մեկ բառի մեջ՝ սեր։ Սերը միշտ եղել է ու կլինի մաքուր երկրպագության կարևորագույն մասերից մեկը։ Երբ Հիսուսին հարցրեցին, թե որն է Օրենքի մեծագույն պատվիրանը, նա պատասխանեց. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը»։ Իսկ երկրորդ պատվիրանը հետևյալն էր. «Սիրիր քո ընկերին քո անձի պէս»։ Այնուհետև Հիսուսն ասաց. «Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը» (Մատթէոս 22։35–40)։ Այս խոսքերով Հիսուսը ցույց տվեց, որ ոչ միայն Օրենքն է Տասը պատվիրանների հետ մեկտեղ հիմնված սիրո վրա, այլև ամբողջ Եբրայերեն Գրությունները։
10. Որտեղի՞ց գիտենք, որ սերը հիմնարար տեղ է զբաղեցնում Քրիստոսի օրենքում։
10 Իսկ արդյո՞ք սերը Աստծու և մերձավորի հանդեպ նույնպիսի հիմնարար տեղ է զբաղեցնում այն օրենքում, որը քրիստոնյաների սրտում է։ Անկասկա՛ծ։ Քրիստոսի օրենքով շարժվելու համար հարկավոր է սրտանց սիրել Աստծուն, ինչպես նաև կատարել նոր պատվիրանը, այսինքն՝ անձնազոհ սեր դրսևորել։ Քրիստոնյաները պետք է սիրեն այնպես, ինչպես Հիսուսը. նա իր կյանքը պատրաստակամորեն տվեց հանուն ընկերների։ Նա իր աշակերտներին սովորեցրեց սիրել Աստծուն և սիրել միմյանց, ինչպես որ ինքը սիրեց նրանց։ Այն ուշագրավ սերը, որ քրիստոնյաները ցուցաբերում են միմյանց հանդեպ, գլխավոր բնորոշիչ առանձնահատկությունն է, որով կարելի է ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին (Յովհաննէս 13։34, 35; 15։12, 13)։ Հիսուսը նույնիսկ ասաց նրանց, որ սիրեն իրենց թշնամիներին (Մատթէոս 5։44)։
11. Ինչպե՞ս Հիսուսը սեր ցուցաբերեց Աստծու և մարդկանց հանդեպ։
11 Հիսուսը կատարյալ օրինակ թողեց սեր ցուցաբերելու մեջ։ Երկնքում լինելով հզոր ոգեղեն էակ՝ նա ուրախացավ, երբ իրեն հնարավորություն տրվեց իր Հոր շահերը երկրի վրա առաջ տանելու։ Բացի այն, որ Հիսուսն իր մարդկային կյանքը տվեց հանուն նրա, որ մարդիկ կարողանան հավիտյան ապրել, նա նաև ցույց տվեց, թե ինչպես պետք է ապրել։ Հիսուսը խոնարհ, բարի ու նրբազգաց էր և օգնում էր հոգսերով ծանրաբեռնվածներին ու ճնշվածներին։ Նաև «յաւիտենական կեանքի խօսքեր» հայտնեց՝ անխոնջաբար օգնելով մարդկանց, որ ճանաչեն Եհովային (Յովհաննէս 6։69)։
12. Ինչո՞ւ կարելի է ասել, որ սերը Աստծու հանդեպ և սերը մերձավորի հանդեպ անխզելիորեն կապված են իրար հետ։
12 Սերը Աստծու հանդեպ և սերը մերձավորի հանդեպ, փաստորեն, անխզելիորեն կապված են իրար հետ։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սէրն Աստուածանից է.... Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել» (Ա Յովհաննէս 4։7, 20)։ Եհովան սիրո թե՛ աղբյուրն է և թե՛ մարմնացումը։ Ամեն ինչ, որ նա անում է, անում է սիրուց մղված։ Մենք սիրում ենք, որովհետև ստեղծված ենք նրա պատկերով (Ծննդոց 1։27)։ Եթե սիրում ենք մերձավորին, ուրեմն սիրում ենք նաև Աստծուն։
Սիրել՝ նշանակում է հնազանդվել
13. Եթե ուզում ենք սիրել Աստծուն, առաջին հերթին ի՞նչ պիտի անենք։
13 Իսկ ինչպե՞ս կարող ենք սիրել Աստծուն, որին չենք կարող տեսնել։ Աստծուն սիրելու համար ամենակարևոր և առաջնահերթ քայլերից մեկը նրան ճանաչելն է։ Եթե մեկը անծանոթ է մեզ, մենք չենք կարող իսկապես սիրել կամ վստահել նրան։ Ուստի Աստծուն ճանաչելու նպատակով մենք Աստվածաշնչի էջերից հորդոր ենք ստանում, որ ընթերցենք Աստծու Խոսքը, աղոթենք և ընկերակցենք նրանց հետ, ովքեր արդեն գիտեն և սիրում են նրան (Սաղմոս 1։1, 2; Փիլիպպեցիս 4։6; Եբրայեցիս 10։25)։ Առանձնապես արժեքավոր են չորս Ավետարանները, որովհետև նրանք պատմում են, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան, որի հատկությունները Հիսուս Քրիստոսն արտացոլեց իր կյանքով և ծառայությամբ։ Աստծուն հնազանդվելու և նրան ընդօրինակելու մեր ցանկությունն է՛լ ավելի է ուժեղանում, երբ ճանաչում ենք նրան և երախտագիտության զգացում ենք ունենում մեր հանդեպ նրա ցուցաբերած սիրո համար։ Այո, սիրել Աստծուն՝ նշանակում է հնազանդվել նրան։
14. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստծու օրենքները ծանր չեն։
14 Եթե սիրում ենք ինչ–որ մեկին, ապա գիտենք, թե նա ինչ է սիրում և ինչ չի սիրում, և վարվում ենք համապատասխանաբար։ Մենք չենք ցանկանում տհաճություն պատճառել նրան։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է Աստուծոյ [հանդեպ] սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Աստծու պատվիրանները ծանր չեն և բազմաքանակ չեն։ Սերն է մեզ առաջնորդում։ Մենք կարիք չունենք մտապահելու բազմաթիվ կանոններ, որպեսզի մեր յուրաքանչյուր քայլը ճշտությա՛մբ կատարենք. Աստծու հանդեպ մեր սերն արդեն առաջնորդում է մեզ։ Եթե սիրում ենք Աստծուն, ապա մեզ հաճույք կպատճառի նրա կամքը կատարելը։ Այդպիսով մենք ձեռք կբերենք Աստծու հաճությունը, և նրա առաջնորդությանը հետևելը միշտ օգուտներ կբերի մեզ (Եսայիա 48։17)։
15. Ի՞նչն է մղում մեզ ընդօրինակելու Եհովային։ Բացատրեք։
15 Սերը Աստծու հանդեպ մղում է մեզ ընդօրինակելու նրա հատկությունները։ Եթե սիրում ենք ինչ–որ մեկին, ապա հիանում ենք նրա հատկություններով և ձգտում ենք նմանվել նրան։ Քննենք Եհովայի և Հիսուսի փոխհարաբերությունները։ Նրանք երկնքում միասին են եղել թերևս միլիարդավոր տարիներ։ Նրանց միջև խոր և մաքուր սեր գոյություն ունի։ Հիսուսն այնքա՛ն կատարելապես էր արտացոլում իր երկնային Հոր պատկերը, որ կարող էր աշակերտներին ասել. «Ինձ տեսնողը Հօրը տեսաւ» (Յովհաննէս 14։9)։ Եհովայի և նրա Որդու մասին գիտելիքներ ձեռք բերելով և մեր մեջ նրանց հանդեպ երախտագիտության զգացում ունենալով՝ մենք կցանկանանք նրանց նման լինել։ Սերը Եհովայի հանդեպ և Նրա սուրբ ոգին կօգնեն մեզ ‘հանել հին մարդն իր գործերով և հագնել նոր մարդը’ (Կողոսացիս 3։9, 10; Գաղատացիս 5։22, 23)։
Սեր, որ դրսևորվում է գործերով
16. Քարոզչության և ուսուցման գործին մասնակցելով՝ ինչպե՞ս ենք փաստում Աստծու և մերձավորի հանդեպ մեր սերը։
16 Մենք քրիստոնյաներ ենք ու քանի որ սիրում ենք Աստծուն և մերձավորին, ցանկանում ենք մասնակցել Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։ Այս գործն անելով՝ արժանանում ենք Եհովա Աստծու բարեհաճությանը, որը «կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Այդպիսով կարող ենք ուրախություն ստանալ՝ օգնելով մարդկանց, որ իրենց սրտերում գրված լինի Քրիստոսի օրենքը։ Ի՜նչ մեծ հաճույք է տեսնել, թե ինչպես են նրանք փոխում իրենց ներքին անձնավորությունը, որպեսզի արտացոլեն Եհովայի հատկությունները (Բ Կորնթացիս 3։18)։ Այո, ուրիշներին օգնելը՝ ճանաչելու Աստծուն, ամենալավ նվերն է, որ կարող ենք տալ նրանց։ Ովքեր համաձայնվում են Եհովայի հետ ընկերություն անելու, կարող են ամբողջ հավիտենության մեջ մտերիմ հարաբերությունների մեջ լինել նրա հետ։
17. Ինչո՞ւ է խելամիտ սեր զարգացնել Աստծու և մերձավորի ու ոչ թե նյութական բաների հանդեպ։
17 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ նյութական բաներին շատ կարևոր տեղ են հատկացնում և նույնիսկ սիրում են դրանք։ Բայց նյութականը հավիտենական չէ։ Նյութական բաները կարող են գողացվել կամ փչանալ (Մատթէոս 6։19)։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։16, 17)։ Այո, Եհովան հավիտյան կմնա, նույնպես էլ հավիտյան կմնան նրանք, ովքեր սիրում և ծառայում են նրան։ Հետևաբար, մի՞թե ավելի խելամիտ չէ սեր զարգացնել Աստծու և մարդկանց հանդեպ, քան աշխարհային բաների ետևից ընկնել, որոնք լավագույն դեպքում միայն ժամանակավոր են։
18. Ինչպե՞ս մի միսիոներ անձնազոհ սեր դրսևորեց։
18 Ովքեր սեր են զարգացնում իրենց մեջ, պատիվ են բերում Եհովային։ Ահա Սենեգալում որպես միսիոներ ծառայող Սոնյայի օրինակը։ Նա Աստվածաշունչ էր ուսումնասիրում Հայդի անունով մի կնոջ հետ, որն իր անհավատ ամուսնուց վարակվել էր ՄԻԱՎ–ով։ Վերջինիս մահից հետո Հայդին մկրտվեց, բայց շուտով նրա առողջությունը վատացավ, և նա պառկեց հիվանդանոցում ՁԻԱՀ–ի ախտորոշումով։ Սոնյան պատմում է. «Հիվանդանոցի աշխատակիցներն ամեն ինչ անում էին նրան օգնելու համար, բայց նրանք թվով քիչ էին։ Ժողովից հրավիրվեցին կամավորներ՝ հիվանդանոցում հոգալու Հայդիի կարիքները։ Երկրորդ գիշերն էր արդեն, որ նա հիվանդանոցում էր, և ես նստած էի նրա անկողնու մոտ (ես նրան խնամեցի մինչև նրա մահը)։ Հերթապահ բժիշկն ասաց. «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ նույնիսկ հարազատներն են հրաժարվում իրենց ընտանիքի անդամից, երբ իմանում են, որ նա վարակվել է ՁԻԱՀ–ով։ Ինչո՞ւ դու, որ հարազատ չես, ուրիշ երկրից ես և նույնիսկ մաշկի ուրիշ գույն ունես, համաձայնվում ես քո կյանքը վտանգել»։ Ես բացատրեցի, որ Հայդին ինձ համար իրականում հարազատ քրոջ պես է, ասես մենք մի հորից ու մորից ծնված լինենք։ Փոխհարաբերություններ հաստատած լինելով իմ այս նոր քրոջ հետ՝ ես հաճույքով էի օգնում նրան»։ Բարեբախտաբար, Սոնյային ոչ մի վատ բան չպատահեց այն բանից, որ սիրառատորեն խնամում էր Հայդիին։
19. Աստծու օրենքը մեր սրտում ունենալով՝ ի՞նչ անելու հնարավորությունը չպետք է բաց թողնենք։
19 Եհովայի ծառաները անձնազոհ սիրո բազմաթիվ օրինակներ են թողել։ Աստծու ժողովուրդն այսօր չի բնորոշվում օրենքների գրավոր ժողովածուով։ Փոխարենը՝ մենք ականատես ենք Եբրայեցիս 8։10–ի կատարմանը. «Սա է այն ուխտը, որ կ’դնեմ Իսրայէլի տան հետ այս օրերից յետոյ, ասում է Տէրը. ես կ’տամ իմ օրէնքները նորանց մտքի մէջ եւ նորանց սրտերի վերայ կ’գրեմ նորանք. եւ նորանց կ’լինիմ Աստուած, եւ նորանք կ’լինին ինձ ժողովուրդ»։ Թող որ միշտ փայփայենք սիրո այն օրենքը, որ Եհովան գրել է մեր սրտի վրա, և ցանկացած հնարավորության դեպքում սեր դրսևորենք։
20. Քրիստոսի օրենքն ինչո՞ւ է անգին գանձ։
20 Ի՜նչ ուրախություն է ծառայել Աստծուն այսպիսի սեր դրսևորող համաշխարհային եղբայրության հետ միասին։ Այս անսեր աշխարհում Քրիստոսի օրենքը սրտում ունենալը մի անգին գանձ ունենալ է նշանակում։ Այդ գանձն ունեցողները վայելում են ոչ միայն Եհովայի, այլև համաշխարհային եղբայրության ջերմ սերը։ «Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ [«միաբանութեամբ», ԱԱ] բնակուեն»։ Թեպետ Եհովայի վկաները ապրում են տարբեր երկրներում, խոսում են տարբեր լեզուներով և սերում են տարբեր մշակույթներից, նրանց մեջ կրոնական այնպիսի միաբանություն է տիրում, որի նմանը չկա։ Եհովան հավանություն է տալիս այս միասնությանը։ Սաղմոսերգուն գրեց. «Տէրն այնտեղ [սիրո կապերով միացած ժողովրդի մեջ] պատրաստեց օրհնութիւն եւ կեանք մինչեւ յաւիտեան» (Սաղմոս 133։1–3)։
Կարո՞ղ եք պատասխանել
• Որքանո՞վ էին կարևոր Տասը պատվիրանները։
• Ո՞րն է սրտերում գրված օրենքը։
• ‘Քրիստոսի օրենքում’ ի՞նչ դեր է խաղում սերը։
• Ինչպե՞ս կարող ենք ցուցաբերել մեր սերը Աստծու և մերձավորի հանդեպ։
[նկար 25–րդ էջի վրա]
Իսրայելացիներն ունեին օրենքներ, որոնք գրված էին քարե տախտակների վրա
[նկարներ 26–րդ էջի վրա]
Աստծու օրենքը քրիստոնյաների սրտո՛ւմ է
[նկար 28–րդ էջի վրա]
Սոնյան սենեգալցի մի աղջնակի հետ 2004 թ. մարզային համաժողովին