Քրիստոնյաները արտացոլում են Եհովայի փառքը
«Երանի՜ ձեր աչքերին, որովհետև տեսնում են, և երանի՜ ձեր ականջներին, որովհետև լսում են» (ՄԱՏԹԷՈՍ 13։16, ԱՆԹ)։
1. Ի՞նչ հարց է առաջանում՝ կապված նրա հետ, թե ինչպես իսրայելացիներն արձագանքեցին, երբ տեսան Մովսեսին։
ՍԻՆԱ սարի ստորոտում հավաքված իսրայելացիները բոլոր հիմքերն ունեին մոտենալու Եհովային։ Չէ՞ որ նա էր մեծ ձեռքով նրանց հանել Եգիպտոսի լծի տակից։ Աստված հոգում էր նրանց կարիքները՝ անապատում սնունդ և ջուր տալով։ Եհովան էր, որ նրանց հաղթանակ տվեց իրենց վրա հարձակված ամաղեկացիների նկատմամբ (Ելից 14։26–31; 16։2–17։13)։ Հավաքված լինելով Սինա լեռան մոտ՝ իսրայելացիներն այնքան էին վախեցել որոտումներից և կայծակներից, որ դողում էին։ Ավելի ուշ նրանք տեսան, որ Սինա սարից իջնող Մովսեսի երեսն արտացոլում է Եհովայի փառքը։ Բայց փոխանակ հիացում և երախտագիտություն արտահայտելու՝ նրանք ետ քաշվեցին։ Իսրայելացիները «վախեցան [Մովսեսին] մօտենալու» (Ելից 19։10–19; 34։30)։ Ինչո՞ւ նրանք վախեցան նայել Եհովայի՝ իրենց համար այդքան շատ բարի գործեր արած Աստծու փառքի արտացոլումին։
2. Հավանաբար ինչո՞ւ իսրայելացիները վախեցան, երբ տեսան Աստծու փառքը, որ արտացոլում էր Մովսեսը։
2 Հավանաբար, իսրայելացիների վախը հիմնականում կապ ուներ այն դեպքերի հետ, որ տեղի էին ունեցել նախկինում։ Երբ նրանք գիտակցաբար չհնազանդվեցին Եհովային՝ ոսկե հորթ պատրաստելով, Աստված նրանց պատժեց (Ելից 32։4, 35)։ Ինչ–որ բան սովորեցի՞ն նրանք Եհովայի տված խրատից և գնահատանք ցուցաբերեցի՞ն դրա համար։ Ոչ, մեծամասնությունը այդպես չվարվեց։ Մովսեսն իր կյանքի վերջում հիշատակեց ոսկե հորթի հետ կապված միջադեպը, ինչպես նաև իսրայելացիների կողմից ցուցաբերված անհնազանդության այլ դեպքեր։ Նա ժողովրդին ասաց. «Եհովայ Աստուծոյ հրամանին անհնազանդութիւն արիք, եւ նորան չ’հաւատացիք եւ նորա խօսքին մտիկ չ’արիք։ Դուք անհնազանդութիւն էք անում Եհովային՝ ձեզ ճանաչած օրիցս» (Բ Օրինաց 9։15–24)։
3. Դեմքը քողով ծածկելու հետ կապված՝ ի՞նչ էր անում Մովսեսը։
3 Ուշադրություն դարձրու, թե ինչպիսին էր Մովսեսի արձագանքը, երբ նա տեսավ իսրայելացիների վախը։ Կարդում ենք. «Մովսէսը վերջացրեց նորանց հետ խօսելը եւ իր երեսին քօղ էր դրել։ Բայց Մովսէսը Եհովայի առաջին նորա հետ խօսելու [համար խորան] մտնելիս մինչեւ դուրս գալը քօղը վեր էր առնում եւ դուրս էր գալիս ու իրան պատուիրուածը ասում էր Իսրայէլի որդիներին։ Եւ Իսրայէլի որդիքը Մովսէսի երեսը տեսնում էին, որ Մովսէսի երեսի մորթը լուսափայլ էր. եւ Մովսէսն իր երեսը քօղով ծածկում էր՝ մինչեւ [Եհովայի] հետ խօսելու մտնելը» (Ելից 34։33–35)։ Ինչո՞ւ էր Մովսեսը քողով ծածկում դեմքը։ Ի՞նչ կարող ենք սովորել դրանից։ Այս հարցերի պատասխանները կարող են օգնել մեզ արժևորել Եհովայի հետ ունեցած մեր հարաբերությունները։
Բաց թողնված հնարավորություններ
4. Ի՞նչ բացատրություն տվեց Պողոս առաքյալն այն բանին, որ Մովսեսը քողով ծածկում էր դեմքը։
4 Պողոս առաքյալը բացատրեց, որ Մովսեսի՝ իր դեմքը քողով ծածկելը կապ ուներ իսրայելացիների մտքի և սրտի վիճակի հետ։ Նա գրեց. «Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար.... Նորանց միտքը կուրացաւ» (Բ Կորնթացիս 3։7, 14)։ Որքա՜ն ցավալի էր դա։ Իսրայելացիները Եհովայի ընտրյալ ժողովուրդն էին, և Աստված ցանկանում էր, որ նրանք մոտենային իրեն (Ելից 19։4–6)։ Սակայն նրանք չկամեցան «մտիկ անել» Աստծու փառքի արտացոլմանը։ Փոխանակ սիրով լի նվիրվածությամբ իրենց սիրտն ու միտքը դարձնելու Եհովայի կողմը՝ նրանք, որոշ իմաստով, երես թեքեցին Եհովայից։
5, 6. ա) Ի՞նչ նմանություն կար առաջին դարի հրեաների և Մովսեսի օրերում ապրող իսրայելացիների միջև։ բ) Ի՞նչ տարբերություն կար Հիսուսին լսողների և չլսողների միջև։
5 Նմանատիպ վերաբերմունք դրսևորվեց մ.թ. առաջին դարում։ Այն ժամանակ, երբ Պողոսը քրիստոնյա էր դարձել, Օրենքի ուխտը փոխարինվել էր նոր ուխտով, որի միջնորդը Հիսուս Քրիստոսն էր՝ Մեծ Մովսեսը։ Թե՛ խոսքով և՛ թե գործով Հիսուսը կատարելապես արտացոլում էր Եհովայի փառքը։ Պողոսը հարություն առած Հիսուսի մասին գրեց, որ նա Աստծու փառքի արտացոլանքն է և նրա էության ճշգրիտ արտահայտությունը (Եբրայեցիս 1։3, ՆԱ)։ Ի՜նչ հրաշալի հնարավորություն ունեին հրեաները։ Նրանք կարող էին լսել այն խոսքերը, որ ասաց անձամբ Աստծու Որդին հավիտենական կյանքի մասին։ Ցավոք, մարդկանց մեծ մասը, ում Հիսուսը քարոզեց, ականջ չդրեց նրա ասածներին։ Հիսուսը այդ մարդկանց մասին մի մեջբերում արեց Եհովայի կողմից Եսայիային տրված մարգարեությունից. «Թանձրացաւ այս ժողովրդի սիրտը, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին, մի գուցէ աչքերով տեսնեն՝ եւ ականջներով լսեն՝ եւ սրտով իմանան, եւ ետ դառնան, եւ ես նորանց բժշկեմ» (Մատթէոս 13։15; Եսայիա 6։9, 10)։
6 Մեծ տարբերություն կար հրեաների և Հիսուսի աշակերտների միջև։ Վերջիններիս Հիսուսն ասաց. «Երանի՜ ձեր աչքերին, որովհետև տեսնում են, և երանի՜ ձեր ականջներին, որովհետև լսում են» (Մատթէոս 13։16, ԱՆԹ)։ Ճշմարիտ քրիստոնյաները փափագում են Եհովային ճանաչել և ծառայել նրան։ Նրանք հաճույքով են կատարում նրա կամքը, որը նա հայտնել է Աստվածաշնչում։ Ուստի կարելի է ասել, որ օծյալ քրիստոնյաները արտացոլում են Եհովայի փառքը նոր ուխտի հետ կապված իրենց ծառայությամբ։ Աստծու փառքը արտացոլում են նաև «ուրիշ ոչխարները» (Բ Կորնթացիս 3։6, 18, ԱՆԹ)։
Ինչու է բարի լուրը ծածկված
7. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ մարդկանց մեծամասնությունը մերժում է բարի լուրը։
7 Ինչպես տեսանք, և՛ Մովսեսի, և՛ Հիսուսի օրերում իսրայելացիների մեծամասնությունը իրենց առջև բացված եզակի հնարավորությունը մերժեց։ Նույն բանը տեղի է ունենում մեր օրերում։ Մարդկանց մեծ մասը մերժում է մեր քարոզած բարի լուրը։ Սա զարմանալի չպիտի լինի։ Պողոսը գրեց. «Եթէ մեր [քարոզած բարի լուրը] ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։ Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց» (Բ Կորնթացիս 4։3, 4)։ Բացի այն, որ Սատանան ինքն է ջանքեր թափում ծածկելու բարի լուրը՝ շատ մարդիկ իրենք են ծածկում իրենց դեմքը, որովհետև չեն ցանկանում տեսնել։
8. Ի՞նչն է փաստում, որ շատերը կուրացել են չիմացությունից, և ինչպե՞ս կարող ենք խուսափել այդ վտանգից։
8 Շատերի այլաբանական աչքերը կուրացել են չիմացությունից։ Աստվածաշունչն ազգերի մասին ասում է, որ նրանք «խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է» (Եփեսացիս 4։18)։ Նախքան քրիստոնյա դառնալը Պողոսը, որ Օրենքի գիտակ էր, այնպես էր կուրացել չիմացությունից, որ Աստծու ժողովը հալածում էր (Ա Կորնթացիս 15։9)։ Այդուհանդերձ, Եհովան ճշմարտությունը բացեց նրա առաջ։ Պողոսը պարզաբանում է. «Նորա համար ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար» (Ա Տիմոթէոս 1։16)։ Շատերը, որ Պողոսի պես մի ժամանակ հակառակվում էին Աստծու ճշմարտությանը, այժմ ծառայում են Նրան։ Սա հիմնավոր պատճառ է շարունակելու վկայել նույնիսկ նրանց, ովքեր հակառակություն են ցույց տալիս։ Իսկ մինչ վկայություն ենք տալիս, Աստծու Խոսքը կանոնավորաբար ուսումնասիրելով և ընթերցածը հասկանալով՝ մեզ պաշտպանած կլինենք չիմացությամբ ինչ–որ քայլեր անելուց, որոնք Եհովային տհաճություն են պատճառում։
9, 10. ա) Առաջին դարի հրեաներն ինչպե՞ս իրենց դրսևորեցին որպես անհատներ, որոնք չեն ցանկանում սովորել և հայացքների մեջ անթեք են։ բ) Կա՞ արդյոք այսպիսի նմանություն այսօրվա քրիստոնեական աշխարհում։ Բացատրեք։
9 Շատերի հոգևոր տեսողությունը մթագնել է, քանի որ նրանք չեն ուզում սովորել և իրենց հայացքների մեջ անթեք են։ Բազմաթիվ հրեաներ մերժեցին Հիսուսին և նրա ուսուցումները, որովհետև համառորեն կառչած էին մնում Մովսիսական օրենքից։ Իհարկե, բացառություններ կային։ Օրինակ՝ Հիսուսի հարությունից հետո «քահանաներից.... շատ բազմութիւն հնազանդվում էին հաւատին» (Գործք 6։7)։ Բայցևայնպես, Պողոսը հրեաների մեծամասնության մասին հետևյալը գրեց. «Մինչեւ այսօր երբոր Մովսէսին կարդում են, մի քօղ ընկած է նորանց սրտերի վերայ» (Բ Կորնթացիս 3։15)։ Պողոսը հավանաբար գիտեր, թե ինչ էր Հիսուսն ասել հրեա կրոնական առաջնորդներին. «Քննեցէք [«Քննում եք», ԱՆԹ, ծնթ.] գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են» (Յովհաննէս 5։39)։ Գրությունները, որ նրանք այդքան ուշադիր քննում էին, պետք է որ նրանց օգնած լինեին հասկանալու, որ Հիսուսը Մեսիան էր։ Այնինչ հրեաները սեփական գաղափարով էին առաջնորդվում, և նույնիսկ Աստծու հրաշագործ Որդին չկարողացավ նրանց տարհամոզել։
10 Նույնը կարելի է ասել շատ մարդկանց մասին, որ այսօր քրիստոնեական աշխարհի մեջ են։ Առաջին դարի հրեաների պես՝ նրանք «Աստուծոյ նախանձն ունին, բայց գիտութեամբ չէ» (Հռովմայեցիս 10։2)։ Ոմանք ուսումնասիրում են Աստվածաշունչը, բայց չեն ցանկանում հավատալ նրա միջում գրվածին։ Նրանք մերժում են ընդունել, որ Եհովան իր ժողովրդին ուսուցանում է օծյալ քրիստոնյաների իր «հավատարիմ և իմաստուն ծառա» դասակարգի միջոցով (Մատթէոս 24։45)։ Ի տարբերություն նրանց՝ մենք հասկանում ենք, որ Եհովան ուսուցանում է իր ժողովրդին և որ աստվածային ճշմարտությունների ըմբռնումը միշտ աստիճանական է եղել (Առակաց 4։18)։ Թույլ տալով Եհովային կրթել մեզ՝ մենք օրհնվում ենք նրա կամքի ու նպատակների վերաբերյալ գիտելիքներով։
11. Այն, որ մարդիկ հավատում են միայն նրան, ինչին ուզում են հավատալ, ինչպե՞ս է նպաստում, որ ճշմարտությունը ծածկված մնա իրենց համար։
11 Ուրիշները «կույր» են այն պատճառով, որ հավատում են միայն նրան, ինչին ուզում են հավատալ։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ մարդիկ ծաղրելու էին Աստծու ծառաներին և Հիսուսի ներկայության մասին նրանց քարոզած լուրը։ Պետրոս առաքյալը գրեց, որ «նորանք ուզում են այս բանը մոռանալ», այսինքն՝ այն, որ Աստված Նոյի օրերի աշխարհի վրա ջրհեղեղ բերեց (Բ Պետրոս 3։3–6)։ Նման կերպով՝ քրիստոնեություն դավանող բազմաթիվ մարդիկ ընդունում են, որ Եհովան ողորմած է, բարի և ներող։ Բայցևայնպես նրանք անտեսում կամ մերժում են այն փաստը, որ նա հանցավորին անպատիժ չի թողնում (Ելից 34։6, 7)։ Իսկ ճշմարիտ քրիստոնյաները անկեղծորեն ամեն ջանք թափում են, որ հասկանան, թե ինչ է իրականում ուսուցանում Աստվածաշունչը։
12. Ինչպե՞ս է ավանդությունը կուրացրել մարդկանց։
12 Եկեղեցու հաճախորդներից շատերին կուրացրել է ավանդությունը։ Իր օրերի կրոնական առաջնորդներին Հիսուսն ասաց. «Ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք» (Մատթէոս 15։6)։ Բաբելոնյան գերությունից վերադառնալով՝ հրեաները նախանձախնդրորեն վերականգնեցին ճշմարիտ երկրպագությունը։ Բայց քահանաները հետագայում հպարտ ու ինքնահավան դարձան։ Կրոնական տոները սկսեցին ձևական բնույթ կրել, զուրկ՝ Աստծու հանդեպ իսկական ակնածանքից (Մաղաքիա 1։6–8)։ Հիսուսի օրերում դպիրներն ու փարիսեցիները անհաշիվ ավանդություններ էին ավելացրել Մովսիսական օրենքին։ Հիսուսը բացահայտեց այդ մարդկանց իսկական դեմքը՝ նրանց անվանելով կեղծավորներ, որովհետև նրանք այլևս չէին տեսնում այն արդար սկզբունքները, որոնք ընկած էին Օրենքի հիմքում (Մատթէոս 23։23, 24)։ Ճշմարիտ քրիստոնյաները պետք է զգույշ լինեն, որ թույլ չտան մարդակերտ կրոնական ավանդություններին շեղել իրենց ճշմարիտ երկրպագությունից։
‘Անտեսանելիին տեսավ’
13. Ի՞նչ երկու կերպով Մովսեսը տեսավ Աստծու փառքի մի մասնիկը։
13 Լեռան վրա Մովսեսը Աստծուն խնդրեց ցույց տալ իր փառքը, և նա տեսավ Եհովայի փառքի արտացոլանքը։ Երբ նա մտնում էր խորան, դեմքը քողով չէր ծածկում։ Մովսեսը մեծ հավատի տեր մարդ էր և ցանկանում էր կատարել Աստծու կամքը։ Թեպետ նա հնարավորություն ստացավ տեսիլքում Եհովայի փառքից մի մասնիկ տեսնել, ինչ–որ իմաստով նա հավատի աչքերով արդեն տեսել էր Աստծուն։ Աստվածաշունչն ասում է, որ Մովսեսը «համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11։27; Ելից 34։5–7)։ Մովսեսը Աստծու փառքն արտացոլեց ոչ միայն այն ճառագայթներով, որ միառժամանակ ցոլում էին նրա դեմքից, այլ նաև այն ջանքերով, որ նա գործադրեց, որպեսզի իսրայելացիներին օգներ ճանաչելու և ծառայելու Եհովային։
14. Ինչպե՞ս է Հիսուսը տեսել Աստծու փառքը, և ի՞նչ էր նա հաճույքով անում։
14 Հիսուսը երկնքում Աստծու փառքը ուղղակիորեն տեսել է անհաշվելի ժամանակներ նույնիսկ նախքան տիեզերքի ստեղծվելը (Առակաց 8։22, 30)։ Այդ ամբողջ ժամանակաընթացքում խոր սիրո ու կապվածության հիման վրա նրանց միջև փոխհարաբերություններ զարգացան։ Եհովա Աստված դրսևորեց ամենից քնքուշ և գորովալից սերը բոլոր արարչագործություններից առաջինի հանդեպ։ Հիսուսն իր Կենսատուին պատասխանեց նույն զգացումներով (Յովհաննէս 14։31; 17։24)։ Հոր և Որդու միջև գոյություն ունեցող սերը կատարյալ էր։ Հիսուսը, ինչպես Մովսեսը, հաճույքով արտացոլում էր Եհովայի փառքը այն բաներով, ինչ սովորեցնում էր մարդկանց։
15. Ինչպե՞ս են քրիստոնյաները տեսնում Աստծու փառքը։
15 Մովսեսի և Հիսուսի պես՝ Աստծու՝ երկրի վրա գտնվող ժամանակակից վկաները փափագում են տեսնել Նրա փառքը։ Նրանք երես չեն դարձնում փառավոր բարի լուրից։ Պողոս առաքյալը գրեց. «Երբոր դէպի Տէրը կ’դառնան [նրա կամքն անելու համար], այն քօղը վեր կ’առնուի» (Բ Կորնթացիս 3։16)։ Մենք ուսումնասիրում ենք Գրությունները, քանի որ ցանկանում ենք կատարել Աստծու կամքը։ Մենք հիանում ենք այն փառքով, որն արտացոլված է Եհովայի Որդու և օծյալ Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի դեմքին, ու հետևում ենք վերջինիս օրինակին։ Մովսեսի և Հիսուսի նման՝ մենք օրհնվել ենք ծառայությամբ, այն է՝ ուսուցանել մարդկանց փառավոր Աստծու մասին, որին երկրպագում ենք։
16. Աստված ինչո՞ւ է մեզ օրհնել ճշմարտության իմացությամբ։
16 Հիսուսն աղոթեց. «Գոհանում եմ քեզանից, ով Հայր.... որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր» (Մատթէոս 11։25)։ Եհովան իր նպատակների և անձնավորության մասին հասկացողություն է տալիս նրանց, ովքեր անկեղծ և խոնարհ սիրտ ունեն (Ա Կորնթացիս 1։26–28)։ Մենք մտել ենք նրա պաշտպանության տակ, և նա մեզ սովորեցնում է, թե ինչն է օգտակար և թե ինչ անել երջանիկ և հաջող կյանք ունենալու համար։ Թող որ մենք Եհովային մոտենալու ոչ մի առիթ բաց չթողնենք և նրան երախտապարտ լինենք, որ բազմաթիվ հնարավորություններ է մեզ տվել իրեն լավ ճանաչելու համար։
17. Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել Եհովայի հատկությունները։
17 Պողոսը օծյալ քրիստոնյաներին գրեց. «Մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ տեսնելով [«Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման», ԱՆԹ] [և] նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք» (Բ Կորնթացիս 3։18)։ Անկախ նրանից՝ մեր հույսը երկնային է թե երկրային՝ ինչքան ավելի շատ ենք ճանաչում Եհովային՝ նրա հատկություններն ու անձնավորությունը, որոնց մասին գրված է Աստվածաշնչում, այնքան ավելի ենք նմանվում նրան։ Եթե երախտագիտությամբ խորհրդածենք Հիսուս Քրիստոսի կյանքի, ծառայության և ուսուցումների շուրջ, ապա Եհովայի հատկություններն ավելի լավ կարտացոլենք։ Ի՜նչ ուրախություն է իմանալ, որ մենք պատիվ ենք բերում մեր Աստծուն, որի փառքը ձգտում ենք արտացոլել։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ իսրայելացիները վախեցան տեսնել Աստծու փառքը, որ արտացոլում էր Մովսեսը։
• Ինչպե՞ս էր բարի լուրը ծածկված առաջին դարում և ինչպե՞ս է այն ծածկված մեր օրերում։
• Ինչպե՞ս ենք արտացոլում Աստծու փառքը։
[նկար 19–րդ էջի վրա]
Իսրայելացիները չկարողացան նայել Մովսեսի երեսին
[նկարներ 21–րդ էջի վրա]
Շատերը, որ Պողոսի պես մի ժամանակ հակառակվում էին Աստծու ճշմարտությանը, այժմ ծառայում են Նրան
[նկարներ 23–րդ էջի վրա]
Եհովայի ծառաները հաճույքով են արտացոլում Աստծու փառքը