Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Հովհաննես» և «Հուդա» նամակներից
ՀՈՎՀԱՆՆԵՍ առաքյալը իր երեք նամակները գրել է, հավանաբար, 98 թ.–ին Եփեսոսում։ Դրանք ներշնչյալ Գրությունների վերջին գրքերից են։ Առաջին երկու նամակները քաջալերում են քրիստոնյաներին շարունակ քայլել լույսի մեջ և պայքարել աստիճանաբար գլուխ բարձրացնող հավատուրացության դեմ։ Երրորդ նամակում Հովհաննեսը խոսում է ճշմարտության մեջ քայլելու մասին, ինչպես նաև քրիստոնյաներին խրախուսում է համագործակցել։
Հիսուսի եղբայրը՝ Հուդան, հավանաբար 65 թ.–ին Պաղեստինից նամակ է գրում իր հավատակիցներին։ Նա զգուշացնում է ամբարիշտներից, որոնք սողոսկել են ժողով, և ասում է, թե ինչպես դիմադրել վատ ազդեցություններին։ Եթե ուշադրություն դարձնենք Հովհաննեսի երեք նամակներին և Հուդայի նամակին, կկարողանանք միշտ ամուր հավատ ունենալ՝ չնայած խոչընդոտներին (Եբր. 4։12)։
ՇԱՐՈՒՆԱԿ ՔԱՅԼԵՔ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ, ՍԻՐՈ ՄԵՋ ԵՎ ՀԱՎԱՏՈՎ
Հովհաննեսը առաջին նամակը գրում է բոլոր նրանց, ովքեր միության մեջ են Քրիստոսի հետ։ Նա խորհուրդներ է տալիս քրիստոնյաներին, որոնք կօգնեն նրանց դիմադրելու հավատուրացությանը, կառչած մնալու ճշմարտությանն ու արդարությանը։ Առաքյալը շեշտում է, որ հարկավոր է շարունակ քայլել լույսի մեջ, սիրո մեջ և հավատով։
«Եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ [Աստված] է լույսի մեջ,— գրում է Հովհաննեսը,— ապա միմյանց բաժնեկից ենք լինում»։ Քանի որ Աստված սիրո Աղբյուրն է, առաքյալն ասում է. «Եկեք շարունակենք սիրել իրար»։ «Աստծու [հանդեպ] սերը» մղում է մեզ «պահելու նրա պատվիրանները», ուստի մենք հաղթում ենք աշխարհին Եհովա Աստծու, նրա Խոսքի և նրա Որդու հանդեպ «մեր հավատի» շնորհիվ (1 Հովհ. 1։7; 4։7; 5։3, 4)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։2; 4։10 — Ինչպե՞ս է Հիսուսը «հաշտության զոհ»։ Հիսուսը իր կյանքը տվեց որպես հաշտության զոհ այն իմաստով, որ նա բավարարեց կատարյալ արդարության պահանջը։ Այդ զոհաբերության հիման վրա Աստված ողորմություն է ցուցաբերում և ներում է նրանց մեղքերը, ովքեր հավատ են ընծայում Հիսուսին (Հովհ. 3։16; Հռոմ. 6։23)։
2։7, 8 — Հովհաննեսը ո՞ր պատվիրանն անվանեց և՛ «հին», և՛ «նոր»։ Նա նկատի ուներ եղբայրական անձնազոհ սեր դրսևորելու մասին պատվիրանը (Հովհ. 13։34)։ Առաքյալը այն «հին» է անվանում, որովհետև Հիսուսը այդ պատվիրանը տվել էր «1 Հովհաննես» նամակը գրվելուց ավելի քան 60 տարի առաջ։ Այսպիսով՝ հավատացյալները իրենց քրիստոնեական կյանքի հենց «սկզբից» ունեին այդ պատվիրանը։ Պատվիրանը «նոր» է այն իմաստով, որ ավելին է նշանակում, քան «ընկերոջը անձի պես սիրելը». այն նշանակում է անձնազոհ սեր դրսևորել մերձավորի հանդեպ (Ղեւտ. 19։18; Հովհ. 15։12, 13)։
3։2 — Ի՞նչը «չի հայտնվել» օծյալ քրիստոնյաներին, և ո՞ւմ նրանք «կտեսնեն այնպես, ինչպես որ կա»։ Նրանց չի հայտնվել այն, թե ինչպիսին կլինեն իրենք, երբ հարություն առնեն երկինք և ոգեղեն մարմին ստանան (Փիլիպ. 3։20, 21)։ Այդուհանդերձ, նրանք գիտեն, որ «երբ [Աստված] հայտնվի, [նրանք] նրա նման կլինեն, որովհետև կտեսնեն նրան այնպես, ինչպես որ կա», այսինքն՝ որպես «Ոգու» (2 Կորնթ. 3։17, 18)։
5։5–8 — Ինչպե՞ս են ջուրը, արյունը և ոգին վկայում, որ «Հիսուսն է Աստծու Որդին»։ Ջուրը վկա էր, որովհետև երբ Հիսուսը մկրտվեց ջրում, Եհովան անձամբ հայտնեց, որ հավանում է իր Որդուն (Մատթ. 3։17)։ Հիսուսի արյունը, կամ՝ կյանքը, որը որպես «համապատասխան փրկանք տրվեց բոլորի համար», նույնպես վկայեց, որ նա է Աստծու Որդին (1 Տիմոթ. 2։5, 6)։ Իսկ սուրբ ոգին վկայեց, որ Հիսուսն Աստծու Որդին է, երբ այն իջավ նրա վրա մկրտության ժամանակ, և Հիսուսը՝ զորացած, «շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և Բանսարկուից բոլոր հարստահարվածներին բուժելով» (Հովհ. 1։29–34; Գործ. 10։38)։
Դասեր մեզ համար
2։9–11; 3։15. Եթե քրիստոնյան թույլ է տալիս, որ ինչ–որ բան կամ ինչ–որ մեկը հանգցնի իր եղբայրական սերը, ուրեմն նա քայլում է հոգևոր խավարի մեջ՝ չիմանալով, թե ուր է գնում։
ՇԱՐՈՒՆԱԿ «ՔԱՅԼԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Հովհաննեսն իր երկրորդ նամակը սկսում է հետևյալ խոսքերով. «Ես՝ երեցս՝ ընտրյալ տիկնոջը և նրա զավակներին»։ Նա իր ուրախությունն է հայտնում, որ «[տիկնոջ] զավակներից ոմանք քայլում են ճշմարտության մեջ» (2 Հովհ. 1, 4)։
Առաքյալը հորդորում է սեր զարգացնել, ապա գրում է. «Սա է սերը, որ մենք շարունակենք նրա պատվիրանների համաձայն քայլել»։ Հովհաննեսը նաև զգուշացնում է «խաբեբայից և հակաքրիստոսից» (2 Հովհ. 5–7)։
Սուրբգրային հարց և պատասխան
1– 13 — Ո՞վ է «ընտրյալ տիկինը»։ Հնարավոր է՝ Հովհաննեսը իր նամակը գրել է մի կնոջ, որին կոչել են «Կիրիա». այս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «տիկին»։ Կամ էլ առաքյալը այլաբանորեն այդ բառի տակ նկատի է ունեցել կոնկրետ մի ժողով՝ հալածողներին մոլորության մեջ գցելու նպատակով։ Այս դեպքում տիկնոջ զավակները ներկայացնելու էին այդ ժողովի անդամներին, իսկ նրա «քրոջ զավակները»՝ մեկ այլ ժողովի անդամներին։
Դասեր մեզ համար
2– 4. «Ճշմարտությունը» Աստվածաշնչում արձանագրված քրիստոնեական ուսմունքների ամբողջությունն է։ Մեր փրկության համար շատ կարևոր է իմանալ այն և կառչած մնալ դրան (3 Հովհ. 3, 4)։
8–11. Եթե չենք ուզում կորցնել Աստծու և Հիսուս Քրիստոսի տված «անարժան բարությունը, ողորմությունը և խաղաղությունը», ինչպես նաև հավատակիցների հետ ունեցած ջերմ ընկերակցությունը, մենք պետք է հոգևոր առումով «զգույշ լինենք մեր անձերի համար» և մերժենք նրանց, ովքեր «չեն մնում Քրիստոսի ուսմունքի մեջ» (2 Հովհ. 3)։
ԵՂԵՔ «ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ.... ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Երրորդ նամակը Հովհաննեսը գրում է իր ընկեր Գայոսին։ «Երախտագիտություն հայտնելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, որ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել»,— ասում է նա (3 Հովհ. 4)։
Առաքյալը գովում է Գայոսին, որովհետև նա, «հավատարմությամբ գործելով», աջակցել է այցելած եղբայրներին։ Հովհաննեսը գրում է. «Մենք պարտավոր ենք այսպիսիներին հյուրասիրությամբ ընդունել, որպեսզի գործակիցներ լինենք ճշմարտության մեջ» (3 Հովհ. 5–8)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
11 — Ինչո՞ւ են ոմանք վատ վարք դրսևորում։ Հոգևորապես թույլ լինելով՝ ոմանք չեն ճանաչում Աստծուն և չեն գնահատում նրա հատկությունները։ Քանի որ բառացիորեն չեն տեսնում նրան, այդ մարդիկ կարծում են, թե Աստված չի տեսնում, թե ինչ են իրենք անում (Եզեկ. 9։9)։
14 — Ովքե՞ր են «ընկերները»։ «Ընկերներ» բառն այստեղ ավելին է նշանակում, քան միայն «մտերիմներ»։ Հովհաննեսը նկատի ունի հավատակիցներին առհասարակ։
Դասեր մեզ համար
4. Ժողովի հասուն քրիստոնյաները մեծապես ուրախանում են՝ տեսնելով, որ նոր անդամները «շարունակում են ճշմարտության մեջ քայլել»։ Ծնողները ևս մեծ ուրախություն են ստանում, երբ իրենց հաջողվում է օգնել երեխաներին դառնալու Եհովայի ծառաներ։
5–8. Շրջագայող վերակացուները, միսիոներները, բեթելցիները և ռահվիրաները, սիրելով իրենց եղբայրներին ու Եհովային, փութաջանորեն ծառայում են իրենց հավատակիցներին։ Նրանք ընդօրինակման արժանի հավատ են դրսևորում և արժանի են մեր սիրուն և աջակցությանը։
9–12. Մենք պետք է նմանվենք հավատարիմ Դեմետրիոսին և ոչ թե շատախոս Դիոտրեփեսին, որը զրպարտիչ էր։
«ՊԱՀԵ՛Ք ՁԵԶ ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈ ՄԵՋ»
Հուդան ասում է, որ ժողով սողոսկածները «տրտնջացողներ են, որ դժգոհում են կյանքում իրենց բաժին ընկածից և վարվում են իրենց ցանկությունների համեմատ»։ Նրանք «ամբարտավան բաներ են խոսում ու երեսպաշտություն են անում» (Հուդա 4, 16)։
Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները դիմադրել վատ ազդեցություններին։ «Սիրելինե՛ր,— գրում է Հուդան,— ձեր միտքը բերեք այն խոսքերը, որ նախապես հայտնել են ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալները»։ Նա ավելացնում է. «Պահե՛ք ձեզ Աստծու սիրո մեջ» (Հուդա 17–21)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
3, 4 — Ինչո՞ւ է Հուդան հորդորում քրիստոնյաներին «ծանր պայքար մղել հավատի համար»։ Որովհետև «անաստված մարդիկ էին սողոսկել» ժողով։ Այդ մարդիկ «Աստծու անարժան բարությունը որպես արդարացում էին օգտագործում իրենց անառակ վարքի համար»։
20, 21 — Ինչպե՞ս կարող ենք «պահել մեզ Աստծու սիրո մեջ»։ Մենք կարող ենք դա անել երեք կերպով՝ 1) մեր անձերը կառուցելով մեր «սրբագույն հավատի վրա»՝ ջանասիրաբար ուսումնասիրելով Աստծու Խոսքը և եռանդորեն մասնակցելով քարոզչական գործին, 2) աղոթելով «սուրբ ոգով», այսինքն՝ նրա ազդեցությանը ներդաշնակ և 3) հավատ ընծայելով Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությանը, որը հավիտյան ապրելու հնարավորություն է տալիս (Հովհ. 3։16, 36)։
Դասեր մեզ համար
5–7. Կարո՞ղ են ամբարիշտները խուսափել Եհովայի դատաստանից։ Հուդայի նշած երեք նախազգուշական օրինակները ցույց են տալիս, որ դա անհնար է։
8–10. Մենք պետք է հետևենք Միքայել հրեշտակապետի օրինակին՝ հարգանք դրսևորելով աստվածապետական իշխանության հանդեպ։
12. Հավատուրացները, որ ձևացնում են, թե սիրում են մեզ, նույնքան վտանգավոր են մեր հավատի համար, որքան որ ջրի տակ թաքնված ժայռերը՝ նավերի և լողորդների համար։ Կեղծ ուսուցիչները գուցե առատաձեռն թվան, բայց նրանք իրականում նման են անջուր ամպերի, որովհետև հոգևորապես դատարկ են։ Այդ մարդիկ ուշ աշնան անպտուղ, մեռած ծառեր են։ Նրանք կործանվում են, ինչպես արմատախիլ եղած ծառերը։ Իմաստուն կլինի խուսափել հավատուրացներից։
22, 23. Ճշմարիտ քրիստոնյաները ատում են չարը։ Ջանալով հավիտենական կործանման կրակից փրկել «կասկածներ ունեցողներին»՝ ժողովի հասուն անդամները, հատկապես երեցները նրանց հոգևորապես օգնում են։
[նկարներ 28–րդ էջի վրա]
Ջուրը, ոգին և արյունը վկայում են, որ «Հիսուսն է Աստծու Որդին»