Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ էին մարդիկ աստվածաշնչյան ժամանակներում ասֆալտն օգտագործում որպես շաղախ
▪ Բաբելոնյան աշտարակաշինության հետ կապված Աստվածաշնչում ասվում է, որ «աղյուսը [շինարարների] համար որպես քար էր ծառայում, իսկ ասֆալտը՝ որպես շաղախ» (Ծննդոց 11։3)։
Բնության մեջ կա ասֆալտ։ Այն առաջանում է նավթից։ Միջագետքը հարուստ է բնական ասֆալտով, որը ինքն իրեն դուրս է գալիս երկրի մակերես և խտանում։ Այդ մածուցիկ նյութի օգտակարությունը նկատվել է դեռևս աստվածաշնչյան ժամանակներում։ Ասֆալտը «լավ շինանյութ էր թրծված աղյուսներով շենքեր կառուցելու համար»,— ասվում է մի աշխատությունում։
«Արքիոլոջի» հանդեսում տպագրված մի հոդվածում պատմվում է մի այցելության մասին, որ վերջերս կատարվեց Միջագետքի վաղեմի Ուր քաղաքի զիկկուրատներից մեկը։ «Այրված աղյուսների մեջ մինչև հիմա կարելի է նշմարել ասֆալտի շաղախ։ Ասֆալտը Իրաքի հսկայական նավթային դաշտերի առաջին բարիքներից է, որ մարդիկ սկսել են օգտագործել,— պատմում է հոդվածագիրը։— Այն մածուցիկ սև նյութը, որն այսօր տարածաշրջանում անկայունության և բռնության պատճառ է, մի ժամանակ բառացիորեն շաղախել է այս քաղաքակրթությունը։ Ասֆալտը, որ օգտագործել են որպես շաղախ և հարթեցնող նյութ, տիղմից պատրաստված շումերական փխրուն աղյուսները անջրանցիկ է դարձրել, ինչի շնորհիվ դրանք պահպանվել են հազարամյակներ» (Archaeology)։
Ի՞նչ «թուղթ» են օգտագործել աստվածաշնչյան ժամանակներում
▪ Այս հարցը ինքնաբերաբար ծագում է, երբ ընթերցում ենք Աստվածաշնչի գրողներից մեկի՝ Հովհաննեսի հետևյալ խոսքերը. «Թեպետ շատ բան ունեմ ձեզ ասելու, սակայն չեմ ուզում դա անել թղթով ու թանաքով» (2 Հովհաննես 12)։
Հունարեն խարտես բառը, որ այստեղ թարգմանված է «թուղթ», վերաբերում է ջրային բույս պապիրուսից պատրաստված թղթին։ Մի աշխատությունում բացատրվում է, թե հնում պապիրուսի ցողուններից ինչպես են գրելու թերթեր պատրաստել. «Ցողունները, որոնց երկարությունը երբեմն հասնում էր տասը ֆուտի [3մ], կեղևազրկում էին, երկարությամբ նեղ կտրում, կտրված մասերով կազմում շերտեր, որոնք ցանցաձև դնում էին իրար վրա ու կպցնում։ Ստացված թերթերը փայտե մուրճով ծեծում էին և քերիչով հարթեցնում»։
Հնագետները Եգիպտոսում և Մեռյալ ծովի շրջանում գտել են բազմաթիվ պապիրուսե արձանագրություններ։ Որոշ պապիրուսներ թվագրվում են Հիսուսի և նույնիսկ ավելի հին ժամանակներով։ Շատ հնարավոր է՝ հենց այսպիսի նյութի վրա են աստվածաշնչային նամակներ գրել, օրինակ, առաքյալները։
[նկար 11-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Spectrumphotofile/ photographersdirect.com
© FLPA/David Hosking/age fotostock