Մտերմացիր աղոթքներ Լսողի հետ
ՇԱՏԵՐԸ, որ պնդում են, թե հավատում են Աստծուն, չեն կարողանում բացատրել, թե ինչու են հավատում։ Նրանք նաև չեն կարողանում բացատրել, թե ինչու են բազմաթիվ կրոններ ձախողվում կամ ինչու է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը։ Լավագույնը, որ նրանք կարող են անել, Աստծուն աղոթելն է՝ առանց հասկանալու, թե ով է նա։
Այդուհանդերձ, հնարավո՛ր է հասկանալ, թե ով է Աստված, հնարավո՛ր է ճանաչել ու սիրել նրան։ Իսկական հավատ ունենալու համար ապացույցներ են պետք (Եբրայեցիներ 11։1)։ Եթե իմանաս ճշմարտությունը Աստծու մասին, կկարողանաս մտերմանալ նրա հետ։ Դու կխոսես նրա հետ այնպես, ինչպես ընկերն է խոսում իր ընկերոջ հետ։ Հավանաբար քեզ կհետաքրքրեն այն մարդկանց օրինակները, ովքեր, Աստծու գոյությանը կասկածելով հանդերձ, աղոթել են նրան։
◼ Պատրիշան, որի խոսքերը մեջբերեցինք առաջին հոդվածում, ասում է. «Մի օր մոտ տասը ընկերներով հավաքված էինք, և խոսք բացվեց կրոնի մասին, նաև Եհովայի վկաների մասին։ Ընկերներիցս մեկն ասաց. «Գուցե Եհովայի վկաները ճի՞շտ են» (մինչ այդ նրանց պատմել էի, որ մի անգամ, երբ Եհովայի վկաները այցելեցին մեզ, ես տնից դուրս եկա, որպեսզի ներկա չլինեմ աթեիստ հորս ու նրանց միջև տեղի ունենալիք զրույցին)։
Մեկ ուրիշը պատասխանեց. «Լսե՛ք։ Եկեք գնանք նրանց հավաքույթին և ինքներս համոզվենք»։ Հենց այդպես էլ արեցինք։ Մենք թերահավատորեն էինք տրամադրված, բայց մեզնից ոմանք շարունակեցին հաճախել հավաքույթներին զուտ այն պատճառով, որ Եհովայի վկաները շատ բարեհամբույր էին։
Բայց մի կիրակի լսեցի մի բան, որը փոխեց տեսակետս։ Հռետորը բացատրեց տառապանքի պատճառը։ Մինչ այդ երբեք չէի մտածել, որ մարդը սկզբում կատարյալ է ստեղծվել, և որ մեղքն ու մահը լույս աշխարհ եկավ ու տարածվեց մեկ մարդու միջոցով։ Հռետորը նաև բացատրեց, թե ինչու էր անհրաժեշտ Հիսուսի մահը։ Դրա շնորհիվ մարդիկ կրկին լինելու են այնպիսին, ինչպիսին առաջին մարդն էրa (Հռոմեացիներ 5։12, 18, 19)։ Հանկարծ ամեն ինչ իր տեղն ընկավ. ամեն ինչ հասկացա։ Ես մտածեցի. «Իսկապես կա Աստված, որը հոգ է տանում մեր մասին»։ Շարունակեցի Աստվածաշունչ ուսումնասիրել և շուտով կյանքումս առաջին անգամ զգացի, որ կարող եմ աղոթել մեկին, ով իրական է»։
◼ Ալենը, որի խոսքերը նույնպես մեջբերվեցին առաջին հոդվածում, պատմում է. «Մի օր Եհովայի վկաները թակեցին մեր տան դուռը։ Նրանք կնոջս հետ խոսեցին երկրի վրա հավիտյան ապրելու մասին։ Դա կնոջս հետաքրքրեց, և նա նրանց ներս հրավիրեց։ Վկաների այցը բարկացրեց ինձ։ Եկվորներին թողնելով հյուրասենյակում՝ ես կնոջս տարա խոհանոց և ասացի. «Խելքդ գցե՞լ ես։ Ի՞նչ ես հավատում նման բաների»։
«Լավ, — ասաց կինս։— Դե գնա ու ինքդ նրանց ապացուցիր, որ սխալ են»։
Ինչ խոսք, ես չէի կարող որևէ բան ապացուցել։ Չնայած իմ վերաբերմունքին՝ նրանք բարյացակամ էին և ինձ տվեցին մի գիրք (գիրքն այն մասին էր, թե ինչպես է ծագել կյանքը՝ արարչությա՞մբ, թե՞ էվոլյուցիայով)։ Այնտեղ բերված փաստարկներն այնքան տրամաբանական էին, որ որոշեցի ավելի շատ բան իմանալ Աստծու մասին։ Սկսեցի Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել և կարճ ժամանակ անց հասկացա, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, խիստ տարբերվում է կրոնի մասին իմ նախկին պատկերացումներից։ Որքան ավելի շատ էի ճանաչում Եհովային, այնքան ավելի շատ էի կոնկրետ աղոթում։ Ես սխալ հայացքներ ունեի, ուստի աղոթեցի Աստծուն, որ օգնի ազատվելու դրանցից։ Համոզված եմ, որ նա պատասխանեց աղոթքներիս»։
◼ Էնդրյուն, որ ապրում է Անգլիայում, ասում է. «Ես ամեն ինչի մասին սեփական կարծիք ունեի, բացի այդ, խորապես հետաքրքրված էի գիտությամբ։ Մինչդեռ էվոլյուցիոն տեսությանը հավատում էի առանց որևէ ապացույց պահանջելու. ինձ համար բավարար էր այն, որ տարածված կարծիք կար այդ տեսության ապացուցված լինելու մասին։ Իսկ Աստծուն չէի հավատում, որովհետև աշխարհում վատ բաներ էին տեղի ունենում։
Բայց մեկ-մեկ ինքս ինձ ասում էի. «Եթե վերևում Աստված կա, ապա ի՞նչ նպատակով է նա մեզ ստեղծել։ Կամ ինչո՞ւ են հանցագործություններն այսքան տարածված, ինչո՞ւ են այսքան շատ պատերազմներ տեղի ունենում»։ Նեղն ընկնելիս երբեմն աղոթում էի և օգնություն խնդրում, բայց չգիտեի, թե ում եմ աղոթում։
Հետո մեկը կնոջս մի թերթիկ տվեց, որ կոչվում էր՝ «Կապրի՞ այս աշխարհը» (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։ Սա հենց այն հարցն էր, որի շուրջ հաճախ էի խորհրդածում։ Թերթիկը մղեց ինձ մտածելու Աստվածաշնչի շուրջ. «Գուցե արժե՞ քննել այն, ինչ ասվում է Աստվածաշնչում»։ Հետո, երբ արձակուրդում էի, մի մարդ տվեց ինձ «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքըb։ Երբ հասկացա, որ Աստվածաշունչը ներդաշնակ է գիտությանը, հասկացա նաև, որ պետք է ավելի լավ ծանոթանամ այդ գրքին։ Ուստի երբ Եհովայի վկաները առաջարկեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն, համաձայնվեցի։ Աստիճանաբար ավելի լավ հասկացա Եհովայի նպատակը, և նա ինձ համար դարձավ իրական անձնավորություն, որի հետ կարող եմ ազատորեն խոսել աղոթքի միջոցով»։
◼ Ջենը, որ ապրում է Լոնդոնում և մեծացել է բողոքականների ընտանիքում, պատմում է. «Հոգևորականների շրջանում տիրող կեղծավորությունը և մարդկային անվերջանալի տառապանքը տեսնելով՝ ես հիասթափվեցի կրոնից։ Թողեցի քոլեջը և փող վաստակելու համար սկսեցի երգել ու կիթառ նվագել։ Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի ապագա ամուսնուս՝ Փեթին։ Նա մեծացել էր կաթոլիկների ընտանիքում և ինձ պես հիասթափվել էր իր կրոնից։
Մենք ապրում էինք մի լքված տան մեջ մեզ պես քոլեջը թողածների հետ, որոնք հետաքրքրված էին արևելյան կրոններով։ Մինչև ուշ գիշեր մենք թեժ բանավիճում էինք կյանքի իմաստի շուրջ։ Թեև ես ու Փեթը չէինք հավատում Աստծուն, կարծում էինք, որ պետք է ինչ-որ «կյանքի ուժ» լինի։
Հետո տեղափոխվեցինք հյուսիսային Անգլիա՝ երաժշտի աշխատանք գտնելու նպատակով։ Հենց այդ ժամանակ ծնվեց մեր որդին։ Մի գիշեր նա հիվանդացավ ու ես ակամա սկսեցի աղոթել Աստծուն, նրա՛ն, ում չէի հավատում։ Հետո այնպես եղավ, որ իմ ու Փեթի փոխհարաբերությունները վատացան, ու ես, վերցնելով երեխային, հեռացա նրանից։ Որոշեցի նորից աղոթել. այսպես էի մտածում. «Աղոթելը չի խանգարի. գուցե իրո՞ք ինչ-որ «պատասխան» ստանամ»։ Չգիտեի, որ այդ ժամանակ Փեթը նույնպես աղոթում էր։
Այդ նույն օրը ավելի ուշ երկու Եհովայի վկաներ թակեցին այն տան դուռը, որտեղ մնում էր Փեթը։ Զրույցի ընթացքում նրանք Փեթի հետ քննարկեցին մի քանի գործնական խորհուրդներ Աստվածաշնչից։ Փեթը զանգեց ինձ և հարցրեց, թե չէի ցանկանա իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Շուտով հասկացանք, որ Աստծուն հաճելի լինելու համար պետք է օրինականացնենք մեր ամուսնությունը, իսկ դա մեր աչքին շատ դժվար բան էր երևում, որովհետև մեր փոխհարաբերությունները շատ փխրուն էին։
Մենք ուզում էինք ավելին իմանալ աստվածաշնչյան մարգարեությունների կատարման, տառապանքի պատճառի և Աստծու Թագավորության մասին։ Աստիճանաբար հասկացանք, որ Աստված իրականում հոգ է տանում մարդկանց մասին, ուստի մեր սիրտը լցվեց նրա ասածներն անելու ցանկությամբ։ Ես ու Փեթը ամուսնացանք։ Աստծու տված իմաստությամբ մեր երեք երեխաներին մեծացրինք։ Համոզված ենք, որ Եհովան լսեց մեր աղոթքները»։
Ինքդ հավաստիացիր
Միլիոնավոր մարդկանց պես՝ այն մարդիկ, որոնց խոսքերը մեջբերեցինք այս հոդվածում, կուլ չգնացին կրոնական խաբեություններին և պարզեցին, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը։ Իսկ նկատեցի՞ր, որ Աստվածաշնչի վերաբերյալ ճշգրիտ հասկացողությո՛ւնը համոզեց նրանցից յուրաքանչյուրին, որ Եհովան իսկապես լսում է աղոթքները։
Կցանկանայի՞ր ինքդ հավաստիանալ, որ Աստված կա։ Եհովայի վկաները հաճույքով կօգնեն քեզ իմանալու ճշմարտությունը Եհովայի մասին և մտերմանալու նրա՝ «աղոթքներ Լսողի» հետ (Սաղմոս 65։2)։
[ծանոթագրություններ]
a Հիսուսի մահվան քավիչ արժեքի մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը (գլուխ 5)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 10-րդ էջի վրա]
«Աստիճանաբար ավելի լավ հասկացա Եհովայի նպատակը, և նա ինձ համար դարձավ իրական անձնավորություն, որի հետ կարող եմ ազատորեն խոսել աղոթքի միջոցով»
[նկար 9-րդ էջի վրա]
Իսկական հավատ ունենալու համար պետք է ունենալ ապացույցներ և Աստծու մասին ճշմարտությունն իմանալու ցանկություն