Ավետիսներ Ապոկալիպսիսից
«Տեսայ երկնքի մէջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու [«հռչակելու», ՆԱ] երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին» (Յայտնութիւն 14։6)։
1. Թեև Եհովայի վկաներն ընդունում են Ապոկալիպսիս (Հայտնություն) գրքի ներշնչված լինելը, ինչո՞ւ նրանց չի կարելի անվանել «աշխարհի կործանումն ավետող» կամ «ապոկալիպտիկ» աղանդ։
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ իրենց դեմ ուղղված մեղադրանքների՝ Եհովայի վկաները «աշխարհի կործանումն ավետող» (ապոկալիպտիկ) կամ «բոթաբեր» աղանդ չեն։ Այնուամենայնիվ, նրանք Ապոկալիպսիսը (Հայտնությունը) ընդունում են որպես Աստծո ներշնչյալ Խոսքի մի մաս։ Ճիշտ է, գիրքը պարունակում է չարերի դեմ ուղղված դատապարտական խոսքեր, սակայն Աստծո ծառաներն իրենց հանրային վկայության ժամանակ շեշտը դնում են ոչ թե դրա, այլ Աստվածաշնչում, այդ թվում նաև Ապոկալիպսիսում կամ Հայտնության մեջ տրված հրաշալի հույսի վրա և ոչ մի դեպքում ոչինչ չեն ավելացնում մարգարեական խոսքերին ու ոչ էլ պակասեցնում են նրանցից (Յայտնութիւն 22։18, 19)։
Ավետիսն ազդարարողներ
2. Եհովայի վկաները Աստվածաշնչից ո՞ր մեջբերումներն են հաճախ օգտագործում իրենց ծառայության ընթացքում։
2 Եհովայի վկաները հաճախ են մեջբերում Հիսուսի արտասանած հետևյալ խոսքերը՝ ընդունելով այն որպես իրենց հանրային քարոզչության հիմք. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի [«ազդարարվի», ՆԱ, ծանոթ.] ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։ Իսկ ի՞նչ է «արքայութեան այս Աւետարանը»։ Վկաներից շատերն այս հարցին կպատասխանեն՝ մեջբերելով Հայտնություն գրքի 20–րդ և 21–րդ գլուխները, որոնք վերաբերում են Քրիստոսի Հազարամյա թագավորությանը, նրա թագավորական կառավարությանը և մարդկային հասարակությանը, որտեղ մահ, սուգ և ցավ ‘այլևս չեն լինելու’ (Յայտնութիւն 20։6; 21։1, 4)։
3. Եհովայի վկաների հանրային ծառայությունը ինչի՞ հետ է համեմատվում։
3 Որպես այդ բարի լուրն ազդարարողներ՝ Եհովայի վկաներն իրականում խորհրդանշական մունետիկներն են երկնային մի լրաբերի, որի առաքելությունը նույնպես նկարագրված է Հայտնություն գրքում. «Եւ տեսայ երկնքի մէջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու («հռչակելու») երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին» (Յայտնութիւն 14։6)։ «Յաւիտենական աւետիս»–ը բովանդակում է այն հայտարարությունը, որ «ամբողջ տիեզերքի թագաւորութիւնը [կամ իշխանությունը] եղաւ մեր Տիրոջը եւ իր Օծեալինը» և որ հասավ Եհովայի «ժամանակը՝ ....ոչնչացնելու երկրի կործանիչներին» (Յայտնութիւն 11։15, 17, 18)։ Իսկապես, մի՞թե սա բարի լուր չէ։
Հայտնության մեջ մեզ համար պահված լուրերը
4. ա) Հայտնության առաջին գլուխը ո՞ր հիմնական ճշմարտություններն է պարունակում։ բ) Ի՞նչ է պահանջվում նրանցից, ովքեր ցանկանում են օգուտներ քաղել «աւետիսից»։
4 Հայտնության առաջին գլխում Եհովան ներկայացվում է որպես «Ալֆան եւ.... Օմեղան.... նա, որ Է, որ Էր եւ որ գալու է. Ամենակալը»։ Իսկ նրա Որդի Հիսուս Քրիստոսը կոչվում է «հավատարիմ վկան, որ անդրանիկն է մեռելների միջից եւ իշխանը երկրի թագաւորների»։ Այդ նույն գլխում Հիսուսը նկարագրվում է նաև որպես մեկը, «որ սիրեց մեզ եւ արձակեց մեր մեղքերի կապանքները իր արեամբ» (Յայտնութիւն 1։5, 8)։ Այս կերպով, գրքի առաջին տողերն արդեն պարունակում են փրկության տանող հիմնական ճշմարտությունները։ «Երկրի վրայ բոլոր ազգերը եւ լեզուները» միայն այն դեպքում կօգտվեն այս ավետիսից, եթե ընդունեն Եհովայի գերիշխանությունը, հավատ ընծայեն Հիսուսի թափված արյանն ու Եհովայի կողմից նրա հարություն առնելուն և ճանաչեն նրան որպես երկիրը կառավարելու համար Աստծու կողմից արդեն հաստատված Իշխան (Սաղմոս 2։6—8)։
5. Ինչպե՞ս է Հիսուսը պատկերված Հայտնության երկրորդ և երրորդ գլուխներում։
5 Հաջորդ երկու գլուխներում Հիսուսը պատկերված է որպես երկրի վրա գտնվող իր աշակերտներից բաղկացած ժողովների երկնային սիրալիր Վերակացու։ Մ.թ. առաջին դարում Փոքր Ասիայի քրիստոնեական յոթ ժողովներին ուղղված ձեռագիրը և՛ քաջալերանքի խոսքեր է պարունակում, և՛ հստակ խորհուրդներ, որոնք կիրառելի են մինչև օրս։ Այդ պատգամները սկսվում են այսպիսի խոսքերով՝ «գիտեմ քո գործերը» կամ՝ «տեսայ քո գործերը, նեղությունը» (Յայտնութիւն 2։2, 9)։ Այո՛, Քրիստոսին ճշգրտորեն հայտնի էր, թե ինչ էր կատարվում իր աշակերտներից բաղկացած ժողովներում։ Նա գովեց նրանցից մի քանիսին իրենց ցուցաբերած սիրո, հավատի, ծառայության մեջ ներդրած ջանքերի, համբերատարության և իր անունն ու խոսքը հավատարմորեն պահելու համար։ Ուրիշներին՝ հանդիմանեց, քանի որ թույլ էին տվել, որ իրենց սերը Եհովայի և նրա Որդու հանդեպ սառչի, կամ էլ ընկել էին սեռային անբարոյության, կռապաշտության կամ հավատուրաց աղանդավորության գիրկը։
6. Չորրորդ գլխում նկարագրված տեսիլքը մարդկանց ի՞նչ է հայտնում։
6 ,Չորրորդ գլխում նկարագրվում է Եհովա Աստծո երկնային գահի ցնցող տեսիլքը, Եհովայի փառավոր ներկայությունը՝ իր փայլատակումներով, և ապագայում նրա օգտագործելիք երկնային կառավարչական համակարգը։ Թագակիր կառավարիչները, որոնց աթոռները շրջապատում են տիեզերքի կենտրոնական գահը, մեծարանքով խոնարհվում են Եհովայի առջև ու հայտարարում. «Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն» (Յայտնութիւն 4։11)։
7. ա) Հրեշտակը երկրի բնակիչներին ի՞նչ անելու է հորդորում։ բ) Ո՞րն է մեր կողմից իրագործվող կրթական ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը։
7 Այս տեսիլքն արդյոք նշանակություն ունի՞ մեր օրերում ապրող մարդկանց համար։ Անկասկա՛ծ։ Եթե նրանք ցանկանում են ապրել Հազարամյա թագավորության ներքո, ապա պետք է ականջ դնեն «երկնքի մէջ թռչող» հրեշտակի կոչին. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան, որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը» (Յայտնութիւն 14։6, 7)։ Եհովայի վկաների կողմից իրագործվող Աստվածաշնչի կրթական ծրագրի հիմնական նպատակներից մեկը «երկրի վրա բոլոր ազգերին եւ լեզուներին» օգնելն է, որպեսզի ճանաչեն ու երկրպագեն Եհովային, ընդունեն նրա արարչագործությունը և իրենց կամքով հպատակվեն նրա արդար գերիշխանությանը։
Գառը պատվի է արժանի
8. ա) Հիսուսն ինչպե՞ս է պատկերված Հայտնության 5–րդ և 6–րդ գլուխներում։ բ) Ավետիսը լսող բոլոր մարդիկ ինչի՞ մասին են տեղեկանում այս գլուխներում տրված տեսիլքից։
8 Հաջորդ՝ 5–րդ և 6–րդ գլուխներում Հիսուս Քրիստոսը ներկայացված է որպես մի Գառ, որն արժանի է բացելու յոթ կնիքով կնքված մի գիրք, որտեղ պատկերավոր լեզվով բացահայտվում են մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները (համեմատիր Յովհաննէս 1։29)։ Այս խորհրդանշական Գառանն են ուղղվում երկնային ձայները. «Արժանի ես առնելու այդ գիրքը եւ բաց անելու դրա կնիքները, քանի որ մորթուեցիր եւ գնեցիր մեզ Աստծու համար, քո արիւնով, բոլոր ցեղերից եւ լեզուներից ու հեթանոսների բազմութիւններից։ Եւ նրանց թագաւորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծուն, որպէսզի թագաւորեն երկրի վրայ» (Յայտնութիւն 5։9, 10)։ Այս տեսիլքը բացահայտում է, որ Հիսուսի թափված արյան հիման վրա ընտրվելու էին տարբեր ծագում ունեցող մարդիկ, որպեսզի նրա հետ լինեն երկնքում և «որպէսզի թագաւորեն երկրի վրայ» (համեմատիր Յայտնութիւն 1։5, 6)։ Իսկ Հայտնության հետագա գլուխներից տեղեկանում ենք նրանց սահմանափակ թվի մասին։
9. Քրիստոսն ինչպե՞ս է ներկայացված Հայտնության 6–րդ գլխում։
9 Մեկ այլ տեսիլքում Հիսուսը ներկայացված է սպիտակ ձիու վրա նստած և թագադրված հեծյալի տեսքով, որը «դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար»։ Ի ուրախություն մեզ՝ նա վերացնելու է Ապոկալիպսիսի մյուս երեք ձիավորներով խորհրդանշված աղետների հետևանքները. ձիավորներ, որոնց կատաղի սլացքը 1914 շրջադարձային տարուց ի վեր մարդկությանը բերել է պատերազմներ, սով և մահ (Յայտնութիւն 6։1—8, ԱԹ)։ Իսկ Եհովայի վկաները ուսուցանում են մարդկության փրկության և Եհովայի հոյակապ նպատակների առաջխաղացման գործում Քրիստոսի՝ Աստծո Գառան կատարած անզուգական դերի մասին։
10. ա) Ի՞նչ կարևոր տեղեկություն է պարունակվում 7–րդ գլխում։ բ) Քրիստոսն ինչպե՞ս է արտահայտվում նրանց մասին, ովքեր Թագավորություն են ստանալու։
10 Հայտնության 7–րդ գլուխը իրոք որ ավետիսներ է բովանդակում։ Միայն Հայտնություն գիրքն է, որ մեզ տալիս է Հիսուսի կողմից «փոքրիկ հօտ» կոչվածների թիվը, որոնք Թագավորություն են ստանում Գառան Հոր կողմից (Ղուկաս 12։32; 22։28—30)։ Եհովա Աստված սուրբ հոգով կնքում է նրանց (Բ Կորնթացիս 1։21, 22)։ Սուրբ հոգով նրանց կնքվելը հաստատում է նաև Հովհաննես առաքյալը, որին տրվեց Հայտնությունը. «Լսեցի, որ կնքուածների թիւը հարիւր քառասունչորս հազար է» (Յայտնութիւն 7։4)։ Այս թվին դարձյալ հանդիպում ենք գրքի հետագա գլուխներից մեկում. այդպիսով հաստատվում է ամբողջական կազմը նրանց, ովքեր ‘գնված են երկրի բնակիչների միջից’, որպեսզի Գառան հետ միասին իշխեն երկնային Սիոն լեռան վրա (Յայտնութիւն 14։1—4, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ., ծանոթ.)։ Թեև այս թվի վերաբերյալ քրիստոնեական աշխարհի եկեղեցիներն անորոշ և ոչ համոզիչ մեկնաբանություններ են տալիս, այնուամենայնիվ, ուշագրավ է Աստվածաշնչի մեկնաբան Էթելբերտ Բուլինգըրի կարծիքը. «Սա մի պարզ իրականության ձևակերպում է. որոշակի մի թիվ հակադրվում է նույն գլխում նշված անորոշ մի թվի հետ»։
11. ա) Ի՞նչ ավետիսներ են բովանդակվում 7–րդ գլխում։ բ) Ի՞նչ հեռանկարներ են բացված «մեծ բազմության» առջև։
11 Բուլինգըրն այստեղ ի՞նչ անորոշ թվի մասին է խոսում։ Հովհաննես առաքյալը նույն գլխի 9–րդ համարում գրում է. «Դրանից յետոյ տեսայ մի մեծ բազմութիւն, – որին թիւ չկար, – բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից (Յայտնութիւն 7։9)։ Իսկ ովքե՞ր են կազմում այս մեծ բազմությունը, ի՞նչ դիրք են գրավում Աստծո առաջ, և ապագայում ի՞նչ է սպասվում նրանց։ Այս հարցերի պատասխանները, որոնք գտնվում են հենց նույն՝ Հայտնություն գրքում, ուրախության պատճառ են երկրի բնակիչների համար։ 7–րդ գլխի շարունակության մեջ կարդում ենք. «Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը»։ Քրիստոսի թափված արյանը հավատ ընծայելով՝ նրանք կպաշտպանվեն «մեծ նեղութեան» ընթացքում։ Քրիստոսը «կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրներ. եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը» (Յայտնութիւն 7։14—17, ԱԹ)։ Այո՛, մեր օրերում ապրող միլիոնավոր մարդիկ կարող են համալրել այն անթիվ բազմության շարքերը, որը վերապրելու է իրերի այս չար համակարգի կործանումից։ Դառնալով Թագավոր Հիսուս Քրիստոսի Հազարամյա իշխանության երկրային հպատակները՝ նրանք կառաջնորդվեն դեպի հավիտենական կյանք։ Մի՞թե սրանք ավետիսներ չեն։
«Ճշմարիտ եւ արդար են նրա դատաստանները»
12, 13. ա) Ի՞նչ մարգարեություններ են տրվում 8—19 գլուխներում։ բ) Ինչո՞ւ ազնիվ մարդկանց չպիտի սարսափեցնեն այս մարգարեությունները։
12 Նշենք, որ հիմնականում 8—19 գլուխների բովանդակությունն է պատճառը, որ Ապոկալիպսիսը կամ Հայտնությունը սարսափելի աղետներ նախագուշակող գիրք է համարվում։ Այդ գլուխները պարունակում են ահազդու, մեղադրական լուրեր (խորհրդանշված շեփորներով, պատուհասներով և Աստծո ցասման սկավառակներով), որոնք ուղղված են Սատանային պատկանող իրերի համակարգի մասը կազմող տարբեր տարրերի դեմ։ Աստծո դասաստաններն ի կատար են ածվելու նախ՝ կեղծ կրոնի («Մեծն Բաբելոնի»), ապա՝ կատաղի գազաններով պատկերված քաղաքական համակարգերի նկատմամբ (Յայտնութիւն 13։1, 2; 17։5—7, 15, 16)։a
13 Վերոհիշյալ գլուխներում նկարագրվում է երկնքի մաքրվելը՝ Սատանան ու իր դևերը նետվում են երկրի շրջակայքը։ Միայն այս իրադարձությամբ է տրվում 1914 թ.–ից սկսած, երկրագնդի վրա հասած աննախադեպ աղետների տրամաբանական բացատրությունը (Յայտնութիւն 12։7—12)։ Նույն գլուխներում այլաբանական լեզվով նկարագրվում է նաև Սատանային պատկանող իրերի այս չար համակարգի վերահաս կործանումը (Յայտնութիւն 19։19—21)։ Արդյոք այս դրամատիկ իրադարձությունները պիտի սարսափեցնե՞ն ազնիվ մարդկանց։ Ո՛չ, քանի որ Աստծո դատաստաններն իրականացվելիս երկնային բազմությունը բացականչում է. «Ալէլուիա՜, փրկութի՜ւն եւ փա՜ռք եւ պատի՜ւ եւ զօրութի՜ւն մեր Աստծուն, որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նրա դատաստանները» (Յայտնութիւն 19։1, 2)։
14, 15. ա) Ինչպե՞ս է արդարությամբ կործանվելու իրերի ներկա համակարգը։ բ) Հայտնություն գրքի այս մասը ինչո՞ւ է ազնիվ մարդկանց համար ուրախության աղբյուր հանդիսանում։
14 Իրերի արդար համակարգը հաստատելու համար Եհովան բնաջնջելու է երկիրը ապականողներին (Յայտնութիւն 11։17, 18; 19։11—16; 20։1, 2)։ Սակայն մարդկային արարածներից ոչ մեկը և ոչ մի պետություն սա անելու իշխանությունը կամ զորությունը չունեն։ Միայն Եհովան և իր նշանակած Թագավոր ու Դատավոր Հիսուս Քրիստոսը կարող են արդարությամբ այն ի կատար ածել (Բ Թեսաղոնիկեցիս 1։6—9)։
15 Ինչպես հստակորեն ցույց է տալիս Հայտնություն գիրքը, Եհովան մտադիր է իրերի ներկա չար համակարգին վերջ դնել։ Այս իրողությունը ուրախության աղբյուր պիտի լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր «հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար» (Եզեկիել 9։4)։ Եվ նրանք պիտի հասկանան, թե որքան հրատապ է ուշադրություն դարձնել ավետիսը հռչակող հրեշտակի կոչին. «Վախեցէ՛ք Աստծուց.... որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը. եւ երկրպագեցէ՛ք երկնքի եւ երկրի եւ ծովի ու ջրերի աղբիւրների Արարչին» (Յայտնութիւն 14։7)։ Մեր փափագն է, որ նման աստվածավախ մարդիկ երկրպագեն և ծառայեն Եհովային նրա Վկաների հետ միասին, ‘որոնք պահում են Աստծո պատվիրանները և վկայում են Հիսուսին’ (Յայտնութիւն 12։17)։
Հազարամյա փառավոր թագավորությունը
16. ա) Քրիստոնեական աշխարհի եկեղեցիներն ինչո՞ւ են մերժել Հազարամյակի հույսը։ բ) Եհովայի վկաներն ինչո՞ւ են հավատում, որ ստանալու են տիպար աղոթքի պատասխանը։
16 Հազարամյակի հույսն ունենալու սուրբգրային հիմքը Հայտնության 20—22 գլուխների բովանդակությունն է։ Փաստորեն, Աստվածաշնչի միայն վերջում է, որ հիշատակվում է հազարամյա մի ժամանակաշրջանի մասին, որը սկիզբ է դնելու հավիտենական երջանկությանը երկնքում և երկրի վրա։ Քրիստոնեական աշխարհի եկեղեցիները մերժել են այս հույսը։ Քանի որ նրանց ուսմունքի համաձայն արդարները գնում են երկինք, իսկ ամբարիշտները՝ դժոխք, հետևաբար, երկրային դրախտի գաղափարն ինքնըստինքյան վերանում է։ Հիսուսի տիպար աղոթքում ներկայացված խնդրանքը՝ «քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛», քրիստոնեական աշխարհի եկեղեցիներ հաճախող մարդկանց մեծամասնության համար իմաստազրկվել է (Մատթէոս 6։10)։ Բայց ոչ Եհովայի վկաների համար։ Նրանք հաստատ հավատում են, որ Եհովա Աստված երկիրը չստեղծեց «դատարկ, այլ բնակուելու համար» (Եսայիա 45։12, 18)։ Ուստի, հին մարգարեությունը, տիպար աղոթքը և Հայտնության տված Հազարամյակի հույսը լրացնում են մեկը մյուսին։ Հիսուսն իր Հազարամյա թագավորության ընթացքում հոգ է տանելու, որ Եհովայի կամքը կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։
17. Ինչի՞ց ելնելով «հազար տարի» արտահայտությունը պետք է բառացի հասկանանք։
17 Հայտնության 20–րդ գլխի առաջին յոթ համարներում «Հազար տարի» արտահայտությունը հանդիպում է վեց անգամ։ Ուշագրավ է այն փաստը, որ այս արտահայտությունը երեք անգամ օգտագործվում է «ն» որոշյալ հոդով, ինչը ցույց է տալիս, որ այն վերաբերում է բառացի հազարամյակի, ոչ թե՝ երկար, անորոշ մի ժամանակահատվածի, ինչպես որ քրիստոնեական աշխարհի մեկնաբաններից շատերն են փորձում մեզ համոզել։ Իսկ ի՞նչ է տեղի ունենալու Հազարամյակի ընթացքում։ Նախևառաջ՝ Սատանան անգործության է մատնվելու (Յայտնութիւն 20։1—3, ԱԹ, համեմատիր Եբրայեցիս 2։14)։ Որքա՜ն հուսադրող է այս լուրը, այնպես չէ՞։
18. ա) Ինչո՞ւ է կարելի Հազարամյակը դատաստանի «օր» անվանել։ բ) Ի՞նչ է տեղի ունենալու Հազարամյակի ավարտին։
18 Քանի որ Հիսուսի թագավորակիցներին (ովքեր «նրա հետ պիտի թագավորեն հազար տարի») «իշխանութիւն տրուեց դատելու», հետևաբար, տվյալ ժամանակաշրջանը լինելու է նաև դատաստանի «օր»։ (Յայտնութիւն 20։4, 6; համեմատեք Գործք 17։31; Բ Պետրոս 3։8)։ Մահացածները հարություն են առնելու և «մեծ նեղութիւնից» փրկվածների հետ միասին արդարացիորեն դատվելու են՝ համաձայն այդ ընթացքում իրենց կատարած գործերի (Յայտնութիւն 20։12, 13)։ Իսկ հազար տարին լրանալուն պես Սատանան կարճ ժամանակով բաց է թողնվելու մարդկությանը վերջին անգամ փորձելու նպատակով, որից հետո իր դևերի և երկրի վրա իրեն հետևող ապստամբ մարդկանց հետ միասին հավիտենապես վերանալու է (Յայտնութիւն 20։7—10)։ Վերջնական փորձությունից անցած մարդկանց անունները անջնջելիորեն գրվելու են «կեանքի գրքում», իսկ այդ անհատները առաջնորդվելու են դեպի հավիտենական, երջանիկ կյանք՝ շարունակելով երկրպագել և ծառայել Եհովային երկրային դրախտում (Յայտնութիւն 20։14, 15; Սաղմոս 37։9, 29; Եսայիա 66։22, 23)։
19. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հայտնություն գրքի խոստումները անպայման կատարվելու են։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
19 Ահա թե ինչպիսին են Ապոկալիպսիս գրքում իրար հաջորդող ավետիսները։ Դրանք մարդկանց դատարկ խոստումներ չեն, ինչպես երևում է Հովհաննես առաքյալի խոսքերից. ««Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»։ Ապա ինձ ասաց. «Գրի՛ր. այս խօսքերը ճշմարիտ եւ վստահելի են»» (Յայտնութիւն 21։5)։ Իսկ ի՞նչ է հարկավոր անել այս ավետիսների իրագործման մեջ բաժին ունենալու համար։ Հայտնություն գիրքը պարունակում է բազմաթիվ խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են հաճեցնել Աստծուն։ Նման խորհուրդներին հետևելը մեզ անսահման երջանկություն կպարգևի ինչպես ներկայիս, այնպես էլ հավիտենական կյանքում, ինչը կտեսնենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Հայտնության ամբողջական բացատրության համար տես «Հայտնության փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից 1988 թ.–ին (անգլ.)։
Հարցեր կրկնողության համար
◻ Հայտնության 4—6 գլուխներում ի՞նչ հիմնական ճշմարտություններ ենք գտնում, որոնք ավետիսի կարևոր մասն են կազմում։
◻ Ի՞նչ ավետիսներ է բովանդակում Հայտնության 7–րդ գլուխը։
◻ Ինչո՞ւ ազնիվ մարդկանց չպիտի անհանգստացնեն Հայտնություն գրքում գրված մեղադրական լուրերը։
◻ Հազարամյակը ի՞նչ առումով է լինելու դատաստանի «օր»։
[նկար 20–րդ էջի վրա]
Թագավոր Հիսուս Քրիստոսը երկիրն ամբողջովին կմաքրի պատերազմից, սովից ու մահից։