Պատրա՛ստ եղեք Եհովայի օրվան
«Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ» (ՄԱՏԹԷՈՍ 24։44)։
1. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի Եհովայի օրը։
ԴԱ ԿԼԻՆԻ պայքարի ու ցասման, նեղության ու տառապանքի, ավերման ու խավարի օր։ Եհովայի «մեծ եւ ահեղ օրը» անկասկած գալու է իրերի այս ամբարիշտ համակարգի վրա, ճիշտ ինչպես Ջրհեղեղը խորտակեց Նոյի օրերի ամբարիշտ աշխարհը։ Այդ օրից խուսափել հնարավոր չի լինի։ Սակայն, «ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կ’փրկուի» (Յովէլ 2։30–32; Ամովս 5։18–20)։ Աստված ոչնչացնելու է իր թշնամիներին ու փրկելու է իր ժողովրդին։ Հրատապության զգացումով՝ Սոփոնիա մարգարեն ազդարարում է. «Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է» (Սոփոնիա 1։14)։ Սակայն ե՞րբ է Աստծո այս դատաստանն իրականություն դառնալու։
2, 3. Ինչո՞ւ է կարևոր, որ պատրաստվենք Եհովայի օրվան։
2 «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը»,— ասաց Հիսուսը (Մատթէոս 24։36, ԷԹ)։ Քանի որ չգիտենք ճշգրիտ ժամը, հույժ կարևոր է, որ ականջ դնենք 2004 թ. տարվա խոսքին. «Արթո՛ւն կացեք.... պատրա՛ստ եղեք» (Մատթէոս 24։42, 44, ԱՆԹ)։
3 Հիսուսը, շեշտելով, թե որքան անսպասելի կերպով պատրաստ եղողները կփրկվեն, իսկ մյուսները կթողնվեն, ասաց. «Երկու հոգի կ’լինին արտումը. մէկը կ’առնուի՝ եւ մէկը կ’թողուի։ Եւ երկու հոգի մի ջաղացում կ’աղան՝ մէկը կ’առնուի եւ մէկը կ’թողուի» (Մատթէոս 24։40, 41)։ Այդ վճռական պահին ի՞նչ վիճակում կլինենք անձամբ մենք։ Պատրա՞ստ կլինենք, թե՞ այդ օրը մեզ անակնկալի կբերի։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում ներկայումս։ Եհովայի օրվան պատրաստ լինելու համար մենք պետք է խուսափենք մի տրամադրվածությունից, որը տարածված է ամենուր, դիմադրենք որոշակի՝ անցանկալի հոգևոր վիճակի մեջ ընկնելուն ու հեռու մնանք որոշ կենսաձևերից։
Խուսափենք անհոգությունից
4. Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեին Նոյի օրերի մարդիկ։
4 Ուշադրության առնենք Նոյի օրերը։ Աստվածաշնչում ասվում է. «Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար» (Եբրայեցիս 11։7)։ Տապանը, ըստ ամենայնի, անսովոր կառույց էր ու բավական նկատելի։ Նոյը նաև ‘արդարության քարոզիչ’ էր (Բ Պետրոս 2։5)։ Սակայն ո՛չ Նոյի տապան շինելը, ո՛չ էլ նրա քարոզչությունը իր օրերի մարդկանց չմղեցին գործերի։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք «ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում»։ Այդ մարդիկ, որոնց քարոզում էր Նոյը, այնքան զբաղված էին անձնական գործերով ու հաճույքներով, որ «չ’գիտացին [«ուշադրություն չդարձրեցին», ՆԱ], մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ» (Մատթէոս 24։38, 39)։
5. Ի՞նչ մտայնություն ունեին Սոդոմի բնակիչները Ղովտի օրերում։
5 Նման իրավիճակ էր տիրում նաև Ղովտի օրերում։ Գրությունները պատմում են. «Ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին։ Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց» (Ղուկաս 17։28, 29)։ Երբ հրեշտակները նախազգուշացրին Ղովտին, որ կործանում է սպասվում, նա իր փեսաներին հայտնեց այդ մասին։ «Բայց նա կատակ անողի պէս էր երեւում» նրանց (Ծննդոց 19։14)։
6. Ո՞ր մտայնությունից պետք է խուսափենք։
6 Ինչպես Նոյի ու Ղովտի օրերն էին, «այնպէս,— ասաց Հիսուսը,— կ’լինի եւ մարդի Որդու գալուստը» (Մատթէոս 24։39; Ղուկաս 17։30)։ Իսկապես, այսօր շատերն են անհոգություն դրսևորում։ Մենք պետք է աչալուրջ լինենք, որ չվարակվենք նման մտայնությամբ։ Սխալ բան չկա համեղ կերակուր վայելելու և չափավոր ոգելից խմիչքներ օգտագործելու մեջ։ Նաև, ամուսնությունը Աստծո կողմից հաստատված կառույց է։ Սակայն եթե նման բաներին առաջնահերթ կարևորություն տանք և հոգևոր հետաքրքրությունները երկրորդ պլան մղենք, ապա կարո՞ղ ենք ասել, որ անձամբ մենք պատրաստ ենք Եհովայի ահեղ օրվան։
7. Ի՞նչ կարևոր հարց պետք է տանք ինքներս մեզ, նախքան որևէ գործ կձեռնարկենք և ինչո՞ւ։
7 Պողոս առաքյալն ասաց. «Ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չ’ունեցողների պէս լինէին» (Ա Կորնթացիս 7։29–31)։ Մենք միայն սահմանափակ ժամանակ ունենք Թագավորության քարոզչության գործը, որ Աստծո կողմից է մեզ հանձնարարված, իր ավարտին հասցնելու համար (Մատթէոս 24։14)։ Պողոսը նույնիսկ ամուսնացածներին կոչ է անում չտարվել միմյանցով այնքան, որ Թագավորության շահերը երկրորդ տեղ մղվեն իրենց կյանքում։ Միանգամայն պարզ է, որ Պողոսը խորհուրդ էր տալիս հանդես բերել այնպիսի մտայնություն, որը հակառակ է անհոգությանը։ Հիսուսն ասաց. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք» (Մատթէոս 6։33)։ Երբ որևէ որոշում ենք կայացնում կամ ինչ–որ գործ ձեռնարկում, խիստ կարևոր է, որ ինքներս մեզ հարցնենք. «Ինչպե՞ս դա կազդի այն բանի վրա, որ շարունակեմ Թագավորության շահերն առաջին տեղում դնել իմ կյանքում»։
8. Եթե առօրյա գործերը դարձել են մեր հետաքրքրության գլխավոր առարկան, ի՞նչ պետք է անենք։
8 Ի՞նչ կարող ենք անել, եթե տեսնում ենք, որ այնքան ենք խորամուխ եղել առօրյա գործերի մեջ, որ հոգևոր հետաքրքրություններն արդեն դուրս են մղվում մեր կյանքից։ Քի՞չ են տարբերությունները մեր կենսակերպի ու մեր հարևանների կենսակերպի միջև, որոնք չունեն ճշգրիտ գիտելիքներ Սուրբ Գրությունների վերաբերյալ և Թագավորության քարոզիչներ չեն։ Եթե այո, ապա հարկ կա, որ դա աղոթքի թեմա դարձնենք։ Եհովան կարող է օգնել մեզ ճիշտ մտածելակերպ ունենալ (Հռովմայեցիս 15։5; Փիլիպպեցիս 3։15)։ Նա կարող է օգնել, որ Թագավորության շահերը միշտ առաջին տեղում դնենք, անենք այն, ինչ ճիշտ է, և կատարենք այն, ինչ պարտավոր ենք անել նրա առջև (Հռովմայեցիս 12։2; Բ Կորնթացիս 13։7)։
Դիմադրենք հոգևոր նիրհին
9. Համաձայն Յայտնութիւն 16։14–16-ի՝ ինչո՞ւ է կարևոր դիմադրել հոգևոր նիրհին։
9 Հենց այն մարգարեությունը, որ հիշատակում է «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի»՝ Արմագեդոնի մասին, զգուշացնում է, որ ոմանք գուցե արթուն չմնան։ «Ահա գալիս եմ գողի նման,— ասում է Տեր Հիսուս Քրիստոսը,— երանի նորան որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է. որ մերկ ման չ’գայ, եւ նորա ամօթանքը չ’տեսնեն» (Յայտնութիւն 16։14–16)։ Այստեղ հիշատակված «հանդերձները» վերաբերում են այն բանին, ինչը մեզ բնորոշում է որպես Եհովայի քրիստոնյա վկաների։ Դրա մեջ մտնում են Թագավորության քարոզչության գործը և մեր քրիստոնեական վարքը։ Եթե աստիճանաբար անգործունյա դառնանք՝ սկսենք քնել, ապա գուցե մնանք առանց մեր քրիստոնեական հանդերձների։ Դա ամոթալի է ու վտանգավոր։ Մենք պետք է դիմադրենք հոգևոր նիրհի կամ թմրածության մեջ ընկնելուն։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
10. Ինչո՞ւ է Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունն օգնում մեզ հոգևորապես արթուն մնալ։
10 Աստվածաշունչը բազմիցս խորհուրդ է տալիս արթուն և զգաստ մնալ։ Օրինակ՝ Ավետարանները հիշեցնում են մեզ՝ «արթուն կացէք» (Մատթէոս 24։42; 25։13; Մարկոս 13։35, 37), «պատրաստ կացէք» (Մատթէոս 24։44), «զգուշացէք, արթուն կացէք» (Մարկոս 13։33), «պատրաստ եղէք» (Ղուկաս 12։40)։ Պողոս առաքյալը այն բանից հետո, երբ հայտնեց, որ Եհովայի օրն անսպասելիորեն կգա այս աշխարհի վրա, իր հավատակիցներին հորդորում է. «Չը քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։6)։ Աստվածաշնչի վերջին գրքում՝ փառաբանված Հիսուս Քրիստոսը շեշտում է իր գալստյան հանկարծակիությունը՝ ասելով. «Ահա շուտով գալիս եմ» (Յայտնութիւն 3։11; 22։7, 12, 20)։ Եբրայեցի մարգարեներից շատերը նույնպես խոսել են Եհովայի դատաստանի մեծ օրվա մասին ու նախազգուշացրել (Եսայիա 2։12, 17; Երեմիա 30։7; Յովէլ 2։11; Սոփոնիա 3։8)։ Հոգևորապես արթուն մնալու հարցում մենք շատ մեծ օգնություն կստանանք՝ ամեն օր կարդալով Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, և խորհրդածելով ընթերցածի շուրջ։
11. Ինչո՞ւ է Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն կատարելը խիստ կարևոր հոգևորապես արթուն մնալու համար։
11 Այո՛, մենք հոգևորապես արթուն կմնանք, եթե ջանասիրաբար Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն կատարենք՝ օգտագործելով ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ մատուցած սուրբգրային հրատարակությունները (Մատթէոս 24։45–47)։ Սակայն, որպեսզի անձնական ուսումնասիրությունն օգտավետ լինի, հարկավոր է աստիճանաբար ավելի խոր թեմաներ քննել, ու դա անել հետևողականորեն (Եբրայեցիս 5։14–6։3)։ Մենք պետք է կանոնավորաբար հոգևոր պինդ կերակուր ընդունենք։ Բայց մեր օրերում դրա համար ժամանակ գտնելը գուցե դժվար է (Եփեսացիս 5։15, 16)։ Սակայն բավական չէ Աստվածաշունչ ու նրա վրա հիմնված գրականություն կարդալ միայն այն ժամանակ, երբ մեզ հարմար է։ Կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն կատարելը շատ ու շատ կարևոր է, եթե ուզում ենք ‘առողջ լինել հավատում’ ու արթուն մնալ (Տիտոս 1։13)։
12. Ինչպե՞ս են քրիստոնեական հանդիպումներն ու համաժողովները օգնում մեզ պայքարել հոգևոր նիրհի դեմ։
12 Քրիստոնեական հանդիպումներն ու համաժողովները նույնպես օգնում են մեզ պայքարել հոգևոր նիրհի դեմ։ Ինչպե՞ս։ Այն կրթության միջոցով, որ մենք ստանում ենք։ Մի՞թե այդ հավաքույթների ժամանակ մեզ կանոնավորաբար հիշեցումներ չեն տրվում Եհովայի օրվա մոտ լինելու մասին։ Ամեն շաբաթ անցկացվող քրիստոնեական հանդիպումները նաև հնարավորություններ են ստեղծում միմյանց ‘սիրո և բարի գործերի գրգռելու’։ Դա նպաստում է հոգևորապես արթուն մնալուն։ Զարմանալի չէ, որ մեզ պատվեր է տրվում կանոնավորաբար հավաքվել՝ ‘տեսնելով, որ օրը մոտենում է’ (Եբրայեցիս 10։24, 25)։
13. Ինչպե՞ս է քրիստոնեական ծառայությունն օգնում մեզ հոգևորապես արթուն մնալ։
13 Քրիստոնեական ծառայության մեջ սրտանց մասնակցություն ունենալը նույնպես օգնում է, որ արթուն մնանք։ Ի՞նչն է մեզ ավելի լավ օգնում մեր մտքում վառ պահելու ժամանակների նշաններն ու նրանց նշանակությունը, եթե ոչ այդ մասին մարդկանց հետ խոսելը։ Իսկ երբ տեսնում ենք, որ նրանք, ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, հոգևորապես աճում են և սկսում իմացածի համապատասխան գործել, մեր իսկ հրատապության զգացումն ավելի է սրվում։ Պետրոս առաքյալն ասաց. «Ձեր մտքերը գօտեպնդեցէ՛ք՝ արթուն կեցած» (Ա Պետրոս 1։13, ԱԱ)։ ‘Ամեն ժամանակ Տիրոջ գործում ավելի առաջանալը’ հրաշալի միջոց է հոգևոր ընդարմացումի դեմ (Ա Կորնթացիս 15։58)։
Հեռու մնանք հոգևորապես վնասակար կենսաձևերից
14. Համաձայն Ղուկաս 21։34–36-ի՝ ո՞ր կենսաձևերի դեմ է Հիսուսը նախազգուշացնում։
14 Իր ներկայության վերաբերյալ տված մեծ մարգարեության մեջ Հիսուսը մեկ ուրիշ բանի մասին նախազգուշացրեց։ Նա ասաց. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ. որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։ Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկաս 21։34–36)։ Հիսուսը ճշգրտորեն նշեց այն կենսաձևերը, որ մարդիկ ընդհանուր առմամբ ունեն. նրանք չարաշահում են սնունդը, հարբում են և վարում են այնպիսի կյանք, որը անհանգստություններ է բերում։
15. Ինչո՞ւ պետք է խուսափենք սննդի ու ոգելից խմիչքների հարցում չափն անցնելուց։
15 Չափից ավելի ուտելն ու ոգելից խմիչքներ գործածելը չեն ներդաշնակվում աստվածաշնչային սկզբունքների հետ, հետևաբար դրանցից հարկավոր է խուսափել։ «Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ» (Առակաց 23։20)։ Սակայն հոգևոր առողջությունը վտանգելու համար պարտադիր չէ, որ անհատը ուտելու ու ոգելից խմիչք գործածելու հարցում հասնի այդ աստիճանին։ Նման ապրելակերպը կարող է նրան քնկոտ ու ծույլ դարձնել արդեն մինչև այդ։ «Ծոյլի հոգին փափաքում է եւ չ’ունի»,— ասվում է աստվածաշնչային մի առակում (Առակաց 13։4)։ Նման անհատը գուցե ցանկանա կատարել Աստծո կամքը, բայց նրա փափագը մնում է չիրագործված իր անփութաջանության պատճառով։
16. Ինչպե՞ս կարող ենք խուսափել այն բանից, որ ընտանիքին վերաբերող անհանգստությունները չծանրաբեռնեն մեզ։
16 Որո՞նք են ‘ապրուստի հոգսերը’, որոնց մասին Հիսուսը նախազգուշացրեց։ Դրանց մեջ մտնում են անձնական խնդիրները, ընտանիքին նյութապես ապահովելը և նման այլ հարցեր։ Ի՜նչ անխոհեմություն կլինի, եթե թույլ տանք դրանց ծանրաբեռնել մեզ։ «Ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ մէկ կանգուն աւելացնել»,— հարցրեց Հիսուսը։ Նա իր ունկնդիրներին կոչ արեց. «Հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ»։ Եթե Թագավորության շահերը կյանքում առաջին տեղը դնենք ու վստահ լինենք, որ Եհովան կհոգա մեր կարիքները, ապա մեր անհանգստությունները չափավոր կլինեն, ու մենք արթուն կմնանք (Մատթէոս 6։25–34)։
17. Ինչպե՞ս նյութական հետապնդումները կարող են անհանգստության աղբյուր լինել։
17 Անհանգստություններ կարող են լինել նաև նյութական հետապնդումների պատճառով։ Օրինակ՝ ոմանք բարդացնում են իրենց կյանքը՝ ապրելով ոչ իրենց միջոցների համեմատ։ Ուրիշները հրապուրվում են արագ հարստանալու պլաններով ու վտանգավոր ֆինանսական ներդրումներով։ Մյուսների համար էլ ֆինանսական հաջողությունների հասնելու նպատակով կրթություն ստանալը որոգայթ է դառնում։ Ճիշտ է, որոշակի կրթությունը կարող է օգնել անհատին, որ աշխատանք գտնի։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ձգտելով բարձրագույն կրթություն ստանալ, ինչը շատ ժամանակ է խլում, ոմանք իրենք իրենց հոգևորապես վնասել են։ Որքա՜ն վտանգավոր է նման իրավիճակներում հայտնվելը, այն դեպքում երբ Եհովայի օրը մոտենում է։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ» (Ա Տիմոթէոս 6։9)։
18. Նյութապաշտական կենսաձևից խուսափելու համար ո՞ր կարողությունը պետք է մշակենք։
18 Նյութապաշտական կենսաձևից խուսափելու համար խիստ կարևոր է, որ անհատը որոշումներ կայացնելիս մշակի ճիշտն ու սխալը տարբերելու կարողություն։ Այդ կարողությունը կարելի է ձեռք բերել՝ կանոնավորաբար սնվելով ‘հասուն մարդկանց համար եղող պինդ կերակրով’ (ԷԹ) և մեր ‘զգայարանները վարժողությամբ կրթելով’ (Եբրայեցիս 5։13, 14)։ Սխալ քայլերից կարող ենք նաև խուսափել, եթե հավաստիանանք, թե ինչին է հարկավոր ավելի մեծ կարևորություն տալ, երբ որոշում ենք, թե ինչն է մեզ համար առաջնայինը (Փիլիպպեցիս 1։10)։
19. Եթե նկատում ենք, որ շատ քիչ ժամանակ ունենք հոգևոր նպատակների համար, ի՞նչ պետք է անենք։
19 Նյութապաշտական կենսաձևը կարող է կուրացնել մեզ՝ գրեթե կամ բոլորովին ժամանակ չթողնելով հոգևորի համար։ Ինչպե՞ս կարող ենք ինքնաքննություն կատարել, որը կօգնի մեզ խուսափել նման կենսաձևից։ Մենք կարիք ունենք աղոթքով քննելու, թե ինչպես ու ինչ չափով կարող ենք պարզեցնել մեր կյանքը։ Հին Իսրայելի Սողոմոն թագավորն ասաց. «Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ» (Ժողովող 5։12)։ Ոչ անհրաժեշտ իրերի մասին հոգալը բավական ժամանակ ու ջա՞նք է խլում։ Որքան շատ բան ունենանք, այնքան ավելի շատ բան կունենանք պահպանելու, ապահովագրելու և անվտանգության միջոցներ ձեռնարկելու։ Մեր օգտին չէ՞ր ծառայի, եթե, ազատվելով որոշ իրերից, պարզեցնեինք մեր կյանքը։
Անենք ամեն ինչ, որ պատրաստ լինենք
20, 21. ա) Ինչո՞ւմ է մեզ վստահեցնում Պետրոս առաքյալը Եհովայի օրվա վերաբերյալ։ բ) Ի՞նչ ‘վարք’ պետք է շարունակ դրսևորենք, որպեսզի պատրաստ լինենք Եհովայի օրվան։
20 Ինչպես Նոյի օրերի համար սահմանված ժամանակը սպառվեց, այնպես էլ կսպառվի իրերի ներկա համակարգի ժամանակը։ Պետրոս առաքյալը վստահեցնում է մեզ. «Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին»։ Ո՛չ այլաբանական երկինքը՝ ամբարիշտ կառավարությունները, ո՛չ էլ այլաբանական երկիրը՝ Աստծուց օտարացած մարդկությունը, չեն վերապրի Աստծո այրող բարկությունը։ Նշելով, թե ինչպես կարող ենք պատրաստ լինել այդ օրվան՝ Պետրոսը բացականչում է. «Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։ Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել» (Բ Պետրոս 3։10–12)։
21 Քրիստոնեական հանդիպումներին հաճախելը ու բարի լուրի քարոզչությանը մասնակցելը նույնպես մտնում է ‘սուրբ և աստվածապաշտ վարքի’ մեջ։ Թող որ դրանք կատարենք՝ մղված սրտանց նվիրվածությունից Աստծուն, մինչ համբերատար սպասում ենք Եհովայի մեծ օրվան։ Եկեք ‘ջանք անենք, որ անբիծ և անարատ գտնվենք Աստծո առաջ խաղաղության մեջ’ (Բ Պետրոս 3։14)։
Հիշո՞ւմ ես
• Ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք Եհովայի օրվան։
• Եթե առօրյա գործերը դարձել են մեր հետաքրքրության գլխավոր առարկան, ի՞նչ պետք է անենք։
• Ի՞նչը կօգնի մեզ դիմադրելու հոգևոր նիրհին։
• Ի՞նչ վնասակար կենսաձևերից պետք է հեռու մնանք և ինչո՞ւ։
[նկարներ 20–րդ և 21–րդ էջերի վրա]
Նոյի օրերում ապրող մարդիկ ուշադրություն չդարձրեցին մոտալուտ դատաստանի վերաբերյալ նախազգուշացումներին։ Իսկ դո՞ւ
[նկար 23–րդ էջի վրա]
Կարո՞ղ ես պարզեցնել կյանքդ, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենաս հոգևոր նպատակների համար