Ճշմարտությունը Արմագեդոնի մասին
«Նորանք դեւերի ոգիք են, որ.... գնում են երկրի.... թագաւորների մօտ.... Եւ ժողովեցին նորանց այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 16։14, 16; «Արարատ» թարգմանություն)։
«ԱՐՄԱԳԵԴՈՆԸ» տեղի, կամ՝ վայրի անուն է։ Սակայն դա, ամենայն հավանականությամբ, չի եղել որևէ աշխարհագրական վայր Երկիր մոլորակի վրա։
Այդ դեպքում ո՞րն է «Արմագեդոն» բառի իսկական իմաստը։ Ինչո՞ւ է այն այդքան հաճախ զուգակցվում այնպիսի իրադարձության հետ, ինչպիսին պատերազմն է։
Հավաքվել են մի վայրում, որը կոչվում է Արմագեդոն
«Արմագեդոն» բառը ծագում է Աստվածաշնչի բնագրի եբրայերեն «Հար-Մագեդոն» բառից, որը թարգմանվում է «Մեգիդոյի լեռ»։ Թեև այսպիսի լեռ իրականում գոյություն չի ունեցել, սակայն «Մեգիդո» անունով վայր եղել է։ Այն գտնվում է երկու կարևոր ճանապարհների խաչմերուկում՝ այն տարածքի հյուսիս-արևմտյան մասում, որը ժամանակին զբաղեցրել է հին Իսրայել ազգը։ Շատ վճռական մարտեր այդ կողմերում են տեղի ունեցել։ Այդ պատճառով էլ «Մեգիդո» անունը զուգակցվում է պատերազմի հետa։
Սակայն Մեգիդո վայրը հետաքրքրական է ոչ թե այն պատճառով, թե ինչ ճակատամարտեր են տեղի ունեցել այնտեղ, այլ թե ինչու են դրանք տեղի ունեցել։ Մեգիդոն մտնում էր Ավետյաց երկրի մեջ, որը Եհովա Աստված տվեց իսրայելացիներին (Ելք 33։1; Հեսու 12։7, 21)։ Նա խոստացավ նրանց, որ կպաշտպանի թշնամիներից, և այդպես էլ արեց (2 Օրենք 6։18, 19)։ Օրինակ՝ Մեգիդոյի մոտ էր, որ Եհովան իսրայելացիներին պաշտպանեց քանանացի թագավոր Հաբինի և նրա զորագլուխ Սիսարայի զորքերից (Դատավորներ 4։14–16)։
Այսպիսով՝ «Հար-Մագեդոն», կամ՝ «Արմագեդոն» բառն ունի կարևոր խորհրդանշական իմաստ։ Այն զուգակցվում է հակամարտության հետ՝ երկու հզոր ուժերի բախման հետ։
«Հայտնություն» գրքում մարգարեացվում է, որ մոտ ապագայում Սատանայի և նրա դևերի դրդմամբ՝ մարդկային կառավարությունները իրենց զորքերը մեկտեղ են հավաքելու՝ նպատակ ունենալով ձեռնարկել հանդուգն ոտնձգություն Աստծու ժողովրդի նկատմամբ։ Աստված ջախջախելու է նրանց. միլիոնավոր զոհեր են լինելու (Հայտնություն 19։11–18)։
Ինչո՞ւ է Աստված այդպես անելու, եթե նա «ողորմած է, արագ չի բարկանում և լի է սիրառատ բարությամբ» (Նեեմիա 9։17)։ Նրա գործելակերպը հասկանալու համար հարկավոր է նախ իմանալ հետևյալ երեք հարցերի պատասխանները. 1) ո՞վ է սկսելու պատերազմը, 2) ինչո՞ւ է Աստված մղելու այդ պատերազմը, 3) ինչո՞վ է ավարտվելու հակամարտությունը երկրագնդի և նրա բնակիչների համար։
1. Ո՞Վ Է ՍԿՍԵԼՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Արմագեդոն պատերազմը ագրեսիայի դրսևորում չէ Աստծու կողմից։ Այդ պատերազմում Աստված լավ մարդկանց պաշտպանելու է հարստահարողներից։ Ագրեսորները «ողջ բնակեցված երկրի թագավորներն են»՝ աշխարհի ղեկավարները։ Ինչո՞ւ են նրանք հարձակվում։ Թատրոնում տիկնիկ խաղացնող դերասանի նման՝ Սատանան կառավարություններին և նրանց զորքերին դրդելու է իրենց բոլոր միջոցներով հարձակվելու Եհովա Աստծու երկրպագուների վրա (Հայտնություն 16։13, 14; 19։17, 18)։
Այսօր, երբ որոշ երկրներում մեծ շեշտ է դրվում խոսքի և դավանանքի ազատության վրա, այն միտքը, թե կառավարությունները փորձելու են ճնշել որևէ կրոնական ուղղության և նույնիսկ վերացնել այն, կարող է անհավանական թվալ։ Սակայն նման բաներ եղել են 20-րդ դարում և այսօր էլ կանb։ Բայցևայնպես, առնվազն երկու կարևոր հանգամանք կա, որոնցով նախկինում տեղի ունեցած ճնշումները տարբերվում են այն հարձակումից, որ լինելու է Արմագեդոնին։ Առաջին՝ հարձակումը տեղի է ունենալու ամբողջ աշխարհում։ Երկրորդ՝ Եհովա Աստված շատ ավելի սուր է արձագանքելու, քան մինչ այդ արել է (Երեմիա 25։32, 33)։ Աստվածաշունչը այդ բախումն անվանում է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմ»։
2. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՍՏՎԱԾ ՄՂԵԼՈՒ ԱՅԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Եհովան իր երկրպագուներին սովորեցնում է լինել խաղաղ և սիրել թշնամիներին (Միքիա 4։1–3; Մատթեոս 5։43, 44; 26։52)։ Ուստի նրանք զենք չեն վերցնի և պաշտպանի իրենց, երբ այդ դաժան հարձակումը սկսվի։ Եթե Աստված չմիջամտի, ապա թշնամիները կարող են վերացնել իր ծառաներին երկրի երեսից, և հարցականի տակ կդրվի Եհովայի հեղինակությունը։ Եթե ագրեսորներին հաջողվի բնաջնջել Աստծու ժողովրդին, կստացվի, որ Եհովան չի սիրում իր ծառաներին, անարդար է և անզոր։ Իսկ դա պարզապես անհնար է (Սաղմոս 37։28, 29)։
Աստված չի ուզում, որ որևէ մեկը կործանվի, ուստի հստակ հայտնում է բոլորին, թե ինչպես կարող են փրկվել (2 Պետրոս 3։9)։ Սուրբ Գրքում արձանագրված պատմական դեպքերի միջոցով Եհովան հիշեցնում է, թե ինչպես է անցյալում արժանի հակահարված տվել նրանց, ովքեր հարձակվել են իր ժողովրդի վրա (2 Թագավորներ 19։35)։ Աստվածաշունչը նաև զգուշացնում է, որ ապագայում, երբ Սատանան և նրա երկրային «խաղատիկնիկները» հարձակվեն Աստծու ժողովրդի վրա, Աստված դարձյալ միջամտելու է և հակահարված է տալու նրանց։ Փաստորեն, Աստծու Խոսքը վաղուց կանխագուշակել է, որ Եհովան վերացնելու է չարերին (Առակներ 2։21, 22; 2 Թեսաղոնիկեցիներ 1։6–9)։ Այդ ժամանակ հարձակում գործողները չեն էլ կասկածելու, որ ձեռնոց են նետել հենց Ամենակարող Աստծուն (Եզեկիել 38։21–23)։
3. ԻՆՉՈ՞Վ Է ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ԱՅՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Արմագեդոնի շնորհիվ փրկվելու են միլիոնավոր կյանքեր։ Արմագեդոնը, փաստորեն, երկրի վրա խաղաղավետ ժամանակաշրջանի արշալույսն է (Հայտնություն 21։3, 4)։
«Հայտնություն» գիրքը պատմում է «մի մեծ բազմության» մասին, «որը ոչ ոք չի կարող հաշվել» և որը փրկվելու է (Հայտնություն 7։9, 14)։ Աստծու առաջնորդությամբ այդ մարդիկ երկրի պայմանները դարձնելու են դրախտային, այնպիսին, ինչպիսին որ Եհովան ի սկզբանե նպատակադրել էր։
Իսկ ե՞րբ է լինելու Արմագեդոն պատերազմը։
[ծանոթագրություններ]
a Տեղանքը պատերազմին զուգակցելը նոր բան չէ։ Օրինակ՝ ճապոնական Հիրոսիմա քաղաքը, որը հիմնահատակ ավերվեց ատոմային ռումբի պայթյունից, այսօր միջուկային պատերազմի սպառնալիքի խորհրդանիշ է։
b Հոլոքոստը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է որևէ կառավարություն փորձում վերացնել որևէ կրոնական կամ էթնիկ խմբի։ Նախկին ԽՍՀՄ-ում կրոնական խմբերը նույնպես դաժանորեն հալածվել են (տե՛ս «Դիտարանի» 2011թ. մայիսի 1-ի համարի «Խաղաղ ժողովուրդը պաշտպանում է իր բարի անունը» հոդվածը)։
[նկար 6-րդ էջի վրա]
Եհովան պաշտպանել է իր ժողովրդին անցյալում
[նկար 7-րդ էջի վրա]
Եհովան պաշտպանելու է իր ժողովրդին Արմագեդոն պատերազմի ժամանակ