Հարության հույսը. ի՞նչ նշանակություն ունի այն քեզ համար
«Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» (ՍԱՂՄՈՍ 145։16)։
1–3. Ոմանք ի՞նչ հույս են փայփայում ապագայի հանդեպ։ Բացատրիր։
ԻՆՆԱՄՅԱ Քրիստոֆերը իր եղբոր, մորեղբոր, մորաքրոջ և նրանց երկու երեխաների հետ միասին առավոտյան ծառայում էր տնետուն Մանչեսթրի (Անգլիա) մոտակայքում։ «Արթնացե՛ք» պարբերագիրը, որ լույս է տեսնում այս պարբերագրին զուգահեռ, պատմում է, թե հետո ինչ տեղի ունեցավ. «Ճաշից հետո նրանք գնացին մոտակա Բլեկպուլ քաղաքի՝ ծովափնյա մի հանգստավայրի տեսարժան վայրերը դիտելու։ Վեցն էլ այն 12 անհատների մեջ էին, որոնք մահացան ավտովթարից. ոստիկանությունը այդ վթարն անվանեց «իսկական հոլոքոստ»»։
2 Այս ողբերգության նախորդ օրը՝ երեկոյան, Քրիստոֆերի ընտանիքը ներկա էր ժողովի Գրքի ուսումնասիրությանը, որտեղ քննարկվում էր մահվան թեման։ Նրա հայրը պատմում է. «Քրիստոֆերը շատ մտածկոտ տղա էր։ Այդ երեկոյան նա շատ պարզ արտահայտվեց նոր աշխարհի և ապագայի հանդեպ իր ունեցած հույսի մասին»։ Այնուհետև, մինչ քննարկումը շարունակվում էր, Քրիստոֆերը հանկարծ ասաց. «Եհովայի Վկա լինելու օգուտներից մեկն այն է, որ թեև մահը ցավ է պատճառում, սակայն մենք գիտենք, որ մի օր կրկին կհանդիպենք երկրի վրա»։ Ներկաներից ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ խոսքերը խորապես կտպավորվեին իր հիշողության մեջ»։a
3 Այդ դեպքից տարիներ առաջ՝ 1940 թ.–ին, Ֆրանց անունով ավստրիացի մի Վկա դատապարտվեց մահապատժի գիլիոտինի միջոցով, քանի որ վճռել էր հավատարիմ մնալ Եհովային։ Բեռլինում գտնվող կալանավայրից Ֆրանցն իր մորը գրեց. «Ես գիտեմ, որ եթե [զինվորական] երդում տայի, մահվան արժանի մեղք գործած կլինեի։ Իսկ դա իմ կողմից մեծ սխալ կլիներ։ Ես հարություն առնելու հույս չէի ունենա։ ....Բայց հիմա, սիրելի՛ մայրիկ և իմ բոլոր եղբայրներ ու քույրեր, այսօր հայտնեցին իմ դատավճիռը, սակայն թող դա ձեզ չվախեցնի. ինձ մահվան դատապարտեցին և վաղը առավոտյան գլխատելու են։ Աստված ինձ զորացնում է, ինչպես որ միշտ զորացրել է անցյալի ճշմարիտ քրիստոնյաներին։ .... Եթե դուք ամուր մնաք մինչև մահ, մենք կրկին կհանդիպենք հարությունից հետո։ .... Մինչ հանդիպում»։b
4. Ի՞նչ ազդեցություն թողեցին այդ դեպքերը քեզ վրա, և ի՞նչ ենք քննարկելու այժմ։
4 Թե՛ Քրիստոֆերի և թե՛ Ֆրանցի համար հարության հույսը մեծ նշանակություն ուներ։ Այն իրական էր նրանց համար։ Անշուշտ, մեր սրտերը հուզմունքով են լցվում, երբ կարդում ենք այդպիսի դեպքերի մասին։ Եհովայի հանդեպ մեր երախտագիտությունը խորացնելու և հարության հանդեպ մեր հույսը ամրացնելու համար եկեք տեսնենք, թե ինչու է հարություն լինելու, և թե այս բանի իմացությունն ինչպես պետք է ազդի անձամբ մեզ վրա։
Երկրային հարության տեսիլքը
5, 6. Ի՞նչ է բացահայտում Հովհաննես առաքյալի կողմից Յայտնութիւն 20։12, 13 համարներում արձանագրված տեսիլքը։
5 Հիսուս Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում կատարվելիք իրադարձությունների վերաբերյալ տեսիլքում Հովհաննես առաքյալը տեսավ, թե ինչպես է տեղի ունենում երկրային հարությունը։ «Տեսայ մեռելները մեծ եւ փոքր,— նշում է նա,— եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին» (Յայտնութիւն 20։12, 13)։ Բոլոր նրանք, ովքեր գտնվում են հադեսում (շեոլում)՝ մարդկության համընդհանուր գերեզմանում, «մեծ» թե «փոքր», անկախ նախկինում իրենց ունեցած դիրքից կամ պաշտոնից, դուրս կգան։ Նրանք, ովքեր մահացել են ծովում, այդ ժամանակ նույնպես կյանքի կվերադառնան։ Այս հրաշալի իրադարձությունը Եհովայի նպատակի մի մասն է կազմում։
6 Քրիստոսը սկսելու է իր Հազարամյա Իշխանությունը այն բանով, որ Սատանային կապելու է և անդունդն է գցելու։ Այդ ժամանակահատվածում Սատանան չի կարողանա մոլորեցնել ո՛չ հարություն առնողներից և ո՛չ էլ մեծ նեղությունը վերապրած մարդկանցից որևէ մեկին, քանի որ նա գործելու ազատությունից զրկված է լինելու (Յայտնութիւն 20։1–3)։ Գուցե հազար տարին քեզ երկար թվա, սակայն իրականում Եհովան այն դիտում է «ինչպէս մէկ օր» (Բ Պետրոս 3։8)։
7. Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում մարդիկ ինչի՞ հիման վրա կդատվեն։
7 Ըստ տեսիլքի՝ Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը դատաստանի ժամանակ է լինելու։ Հովհաննես առաքյալը գրեց. «Տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։ .... Ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան» (Յայտնութիւն 20։12, 13)։ Ուշադրություն դարձրու, որ դատաստանը չի գործադրվելու այն բանի հիման վրա, թե ինչ է արել կամ ինչ չի արել անհատը նախքան իր մահը (Հռովմայեցիս 6։7)։ Այն կապ ունի «գրքեր[ի]» հետ, որոնք դեռ պիտի բացվեն։ Գործերը, որ անհատը կկատարի գրքերի բովանդակությանը ծանոթանալուց հետո, հիմք կծառայեն վճռելու համար, թե արդյոք նրա անունը կգրվի ‘կյանքի գրքում’, թե՝ ոչ։
‘Կյանքի հարություն’ կամ ‘դատաստանի հարություն’
8. Ի՞նչ երկու հեռանկար կա հարություն առնողների առջև։
8 Հովհաննեսի տեսիլքի սկզբում Հիսուսը նկարագրվում է որպես «դժոխքի [հադեսի] եւ մահի բանալիները» ունեցող մեկը (Յայտնութիւն 1։18)։ Նա Եհովայի կողմից նշանակված է ծառայելու որպես ‘կյանքի առաջնորդ’, և նրան իշխանություն է տրված դատելու «կենդանիներին եւ մեռելներին» (Գործք 3։15; Բ Տիմոթէոս 4։1)։ Ինչպե՞ս է նա անելու դա։ Կյանքի վերադարձնելով նրանց, ովքեր քնած են մահվան քնով։ «Մի զարմանաք,— ասաց նա բազմությանը, որին քարոզում էր,— որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան»։ Այնուհետև ավելացրեց. «Նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը» (Յովհաննէս 5։28–30)։ Ուրեմն՝ ի՞նչ ապագա է սպասում հնում ապրած հավատարիմ տղամարդկանց ու կանանց։
9. ա) Հարության միջոցով կյանքի վերադառնալով՝ ի՞նչ կսովորեն շատերը։ բ) Ի՞նչ հսկայածավալ կրթական գործ է իրականացվելու։
9 Երբ վաղեմի հավատարիմ ծառաները հարության միջոցով կյանքի վերադառնան, կտեսնեն, որ այն խոստումները, որոնց վստահում էին, իրականություն են դարձել։ Որքա՜ն հետաքրքիր կլինի նրանց համար իմանալ, թե ով է Աստծու կնոջ Սերունդը, որի մասին հիշատակվում է Աստվածաշնչի առաջին մարգարեության մեջ՝ Ծննդոց 3։15–ում։ Որքա՜ն կուրախանան նրանք՝ լսելով, որ այս խոստացված Մեսիան՝ Հիսուսը, հավատարիմ է մնացել մինչև մահ և այդպիսով իր կյանքը տվել է որպես քավիչ զոհաբերություն (Մատթէոս 20։28)։ Հարություն առածներին դիմավորողները մեծ ուրախություն կապրեն՝ օգնելով նրանց հասկանալ, որ այս զոհաբերությունը Եհովայի անարժան բարության և ողորմածության արտահայտումներից է։ Երբ հարություն առածները իմանան, թե Աստծու Թագավորությունը ինչ է անում երկրի առնչությամբ Եհովայի նպատակը իրականացնելու համար, նրանք անշուշտ փառաբանության սրտաբուխ խոսքեր կուղղեն Եհովային։ Նրանք բազմաթիվ հնարավորություններ կունենան իրենց նվիրվածությունը ցույց տալու իրենց սիրառատ երկնային Հոր և նրա Որդու հանդեպ։ Բոլոր ապրողներն էլ ուրախությամբ կմասնակցեն հսկայածավալ կրթական գործին, որն անհրաժեշտ է ուսուցանելու համար կյանքի վերադարձող միլիոնավոր մարդկանց, որոնք նույնպես կարիք կունենան ընդունելու Աստծու տված փրկանքը։
10, 11. ա) Հազարամյակը ի՞նչ հնարավորություններ կտա երկրի բոլոր բնակիչներին։ բ) Ի՞նչ ազդեցություն պետք է դա թողնի մեզ վրա։
10 Հարություն առած Աբրահամը մեծապես կմխիթարվի՝ վայելելով կյանքը այն ‘քաղաքի’ իշխանության ներքո, որին ինքը սպասում էր (Եբրայեցիս 11։10)։ Ի՜նչ ոգևորություն կապրի հավատարիմ Հոբը, երբ իմանա, որ իր կյանքի օրինակը զորացրել է Եհովայի մյուս ծառաներին, որոնց անարատությունը փորձվել է շատ անգամներ։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե Դանիելը որքան կցանկանա իմանալ, թե ինչպես են կատարվել այն մարգարեությունները, որոնք նա գրի է առել ներշնչման ներքո։
11 Իսկապես, բոլոր նրանք, ովքեր կապրեն արդար նոր աշխարհում՝ վերապրելով մեծ նեղությունից կամ հարություն առնելով, շատ բան կունենան սովորելու երկրի ու նրա բնակիչների առնչությամբ Եհովայի ունեցած նպատակի մասին։ Հավիտյան ապրելու և ողջ հավիտենականության ընթացքում Եհովային փառաբանելու հեռանկարի շնորհիվ հազարամյա կրթական ծրագիրը մեծ ուրախություն կպատճառի մարդկանց։ Սակայն ամենակարևորը այն է, թե ինչ կանենք անձամբ մենք՝ սովորելով ‘գրքերում’ եղածը։ Կկիրառե՞նք արդյոք մեր սովորածը։ Արդյոք կխորհե՞նք և սրտանց կընդունե՞նք այն կարևոր տեղեկությունները, որոնք կզորացնեն մեզ, որ կարողանանք հակառակվել Սատանայի՝ ճշմարտությունից մեզ հեռացնելու վերջին փորձին։
12. Ի՞նչը կօգնի յուրաքանչյուր մարդու լիարժեքորեն մասնակցել կրթական ծրագրին, ինչպես նաև երկիրը դրախտի վերածելու գործին։
12 Չպետք է մոռանալ այն հրաշալի օրհնությունների մասին, որ կստանան մարդիկ, երբ Քրիստոսի քավիչ զոհաբերության օգուտները կիրառվեն նրանց առնչությամբ։ Հարության միջոցով կյանքի վերադարձած անհատները չեն ունենա այն հիվանդությունները կամ ֆիզիկական արատները, որ կան այսօր (Եսայիա 33։24)։ Կատարյալ առողջություն ունենալու հեռանկարի, ինչպես նաև առողջ մարմին ունենալու շնորհիվ նոր աշխարհի բոլոր բնակիչները կկարողանան լիարժեքորեն մասնակցել հարություն առած միլիարդավոր մարդկանց կյանքի ճանապարհը սովորեցնելու գործին։ Այդ բնակիչները նաև կմասնակցեն երբևիցե երկրի վրա կատարվելիք ամենամեծ գործին՝ ամբողջ երկրագունդը դրախտի վերածելուն, որը փառք կբերի Եհովային։
13, 14. Ո՞րն է լինելու Սատանայի նպատակը վերջին փորձությունն իրականացնելիս, և մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ հնարավորություն կունենա։
13 Երբ Սատանան անդունդից ազատ արձակվի վերջնական փորձությունը իրականացնելու համար, նա մեկ անգամ ևս կփորձի մոլորեցնել մարդկանց։ Համաձայն Յայտնութիւն 20։7–9-ի՝ բոլոր ‘մոլորված ազգերը’, կամ՝ մարդկանց խմբերը, որոնք կընկնեն Սատանայի չար ազդեցության տակ, կստանան իրենց կործանման դատաստանը. «Երկնքիցը կրակ [կիջնի] Աստուածանից եւ [կլափի] նորանց»։ Կործանվածների թվում եղած այն անհատների համար, ովքեր հարություն առած կլինեն Հազարամյակի ընթացքում, այս կործանումը կլինի դատաստանի հարություն։ Եվ հակառակը՝ հարություն առած այն անհատները, ովքեր կպահեն իրենց անարատությունը, հավիտենական կյանքի պարգևը կստանան։ Նրանց հարությունը իսկապես կլինի ‘կյանքի հարություն’ (Յովհաննէս 5։29)։
14 Ինչպե՞ս կարող է հարության հույսը մխիթարել մեզ նույնիսկ այսօր։ Իսկ որ ավելի կարևոր է, ի՞նչ պետք է անենք մենք այժմ՝ վստահ լինելու համար, որ ապագայում կստանանք հարության բերած օգուտները։
Ինչ դասեր կարող ենք սովորել
15. Ինչպե՞ս կարող է հարության հույսը օգնել քեզ այժմ։
15 Հնարավոր է՝ վերջերս մահացել է քո սիրելիներից մեկը, և դու ձգտում ես հարմարվել այն մեծ փոփոխությանը, որ բերել է նման կորուստը։ Հարության հույսը քեզ օգնում է ներքին հանգստություն և ուժ ձեռք բերել, որը չունեն նրանք, ովքեր չգիտեն ճշմարտությունը։ «Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ,— մխիթարեց Պողոսը թեսաղոնիկեցիներին,— որ չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին» (Ա Թեսաղոնիկեցիս 4։12)։ Պատկերացնո՞ւմ ես քեզ նոր աշխարհում՝ հարությանը ականատես լինողների թվում։ Կարող ես մխիթարվել՝ մտածելով այն մասին, որ կրկին կհանդիպես քո սիրելիներին։
16. Ի՞նչ զգացումներ թերևս ունենաս, երբ հարություն առնես։
16 Հնարավոր է, որ քեզ վրա զգում ես Ադամի ըմբոստության հետևանքները, որ գուցե արտահայտվում են ինչ–որ հիվանդությամբ։ Թույլ մի տուր, որ ընկճվածությունդ պատճառ լինի մոռանալու, որ հույս ունես անձամբ հարություն առնելու և նոր աշխարհում առողջ ու առույգ ապրելու։ Այդ ժամանակ, երբ բաց անես աչքերդ և տեսնես ուրախությունից փայլող դեմքեր, որոնք քեզ հետ միասին ցնծում են քո հարության համար, անկասկած, շնորհակալություն կհայտնես Աստծուն նրա սիրառատ բարության համար։
17, 18. Ի՞նչ երկու դասեր պետք է սովորենք։
17 Իսկ այժմ տեսնենք, թե ինչ երկու դասեր պետք է սովորենք։ Առաջին՝ կարևոր է, որ այսօր իսկ ամբողջ սրտով ծառայենք Եհովային։ Ընդօրինակելով մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր անձնազոհ կյանքով մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք Եհովային և մեր դրացուն։ Եթե հակառակության կամ հալածանքի պատճառով կորցնում ենք մեր կենսուրախությունն ու ազատությունը, պետք է վճռենք ամուր մնալ հավատի մեջ՝ անկախ նրանից, թե ինչ փորձությունների կբախվենք։ Եթե անգամ հակառակորդները մեզ մահ են սպառնում, հարության հույսը մխիթարում և զորացնում է մեզ հավատարիմ մնալու Եհովային ու նրա Թագավորությանը։ Այո՛, Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործի մեջ եռանդուն լինելով՝ կարող ենք հույս ունենալ, որ կստանանք այն հավիտենական օրհնությունները, որ Եհովան պահել է արդարների համար։
18 Երկրորդ դասը կապ ունի այն բանի հետ, թե ինչպես ենք հաղթահարում անկատար մարմնի ցանկությունները։ Հարության հույսի մասին գիտելիքները և Եհովայի անարժան բարության համար գնահատանքը ավելի վճռական են դարձնում մեզ, որ հավատի մեջ ամուր մնանք։ «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է,— զգուշացրեց Հովհաննես առաքյալը։— Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։15–17)։ Աշխարհի հրապուրանքը, որ արտահայտվում է նյութապաշտությամբ, մեզ քիչ գրավի, եթե մենք այն համեմատենք «իսկական կյանք[ի]» հետ (Ա Տիմոթէոս 6։17, 18, 19 ՆԱ)։ Եթե անբարոյություն գործելու գայթակղության առաջ կանգնենք, վճռականորեն կմերժենք դա անել։ Մենք գիտակցում ենք, որ եթե շարունակենք Եհովային տհաճ վարք դրսևորել ու մահանանք Արմագեդոնից առաջ, կլինենք այն մարդկանց թվում, ովքեր հարություն չեն առնելու։
19. Ի՞նչ անզուգական առանձնաշնորհման մասին չպետք է մոռանանք։
19 Բացի այդ, մենք երբեք չպետք է մոռանանք, որ անզուգական առանձնաշնորհում ունենք ուրախացնելու Եհովայի սիրտը հիմա և հավիտյան (Առակաց 27։11)։ Մինչև մահ հավատարիմ լինելով կամ մինչև այս չար համակարգի վերջը անարատ մնալով՝ մենք ցույց ենք տալիս Եհովային, թե տիեզերական գերիշխանության հարցում ում կողմն ենք դիրք բռնում։ Ի՜նչ ուրախություն կլինի ապրել դրախտ–երկրում՝ լինի դա մեծ նեղությունից վերապրելու թե հարություն առնելու միջոցով։
Մեր ցանկություններին գոհացում կտրվի
20, 21. Ի՞նչը մեզ կօգնի հավատարիմ մնալ, եթե նույնիսկ հարության վերաբերյալ անպատասխան հարցեր ունենք։ Բացատրիր։
20 Մենք քննարկեցինք հարության թեման, սակայն շատ հարցեր անպատասխան մնացին։ Օրինակ՝ ի՞նչ կարգավիճակում են լինելու նրանք, ովքեր մինչև մահանալը ամուսնացած են եղել (Ղուկաս 20։34, 35)։ Արդյո՞ք մարդիկ հարություն կառնեն այնտեղ, որտեղ մահացել են։ Հարություն առնողները իրենց ընտանիքի բնակավայրի մո՞տ կյանքի կվերադառնան։ Հարությանը վերաբերող դեռ շատ ու շատ հարցեր կան։ Այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք Երեմիայի խոսքերը. «Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։ Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը» (Երեմիայի Ողբերը 3։25, 26)։ Եհովայի նշանակած ժամանակին մեր բոլոր հարցերին գոհացուցիչ պատասխան կտրվի։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել դրանում։
21 Խորհենք սաղմոսերգուի ներշնչյալ խոսքերի շուրջ, որ նա ուղղեց Եհովային. «Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» (Սաղմոս 145։16)։ Տարիքի հետ փոխվում են մեր ցանկությունները։ Այն, ինչի մասին երազում էինք երեխա ժամանակ, այժմ մեր երազանքը չէ։ Կյանքի հանդեպ մեր տեսակետի վրա ազդում է այն, թե ինչ ենք տեսնում կյանքում, և թե ինչ հույսեր ունենք։ Այնուամենայնիվ, ինչ պատշաճ ցանկություններ էլ որ ունենանք նոր աշխարհում, Եհովան անպայման կբավարարի դրանք։
22. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեծ հիմքեր ունենք փառաբանելու Եհովային։
22 Այժմ մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է, որ հավատարիմ մնանք Եհովային։ «Արդ տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի» (Ա Կորնթացիս 4։2)։ Մենք Աստծու Թագավորության փառահեղ բարի լուրի ‘տնտեսներն’ ենք։ Բարի լուրը բոլոր մարդկանց հայտնելու գործում ջանասեր լինելով՝ կարող ենք մնալ կյանքի առաջնորդող ճանապարհի վրա։ Սակայն երբեք մի մոռացիր, որ բոլորիս էլ «ժամանակ եւ դիպուած» կարող է պատահել (Ժողովող 9։11)։ Ամուր կառչիր հարության փառահեղ հույսին, որպեսզի անտեղի անհանգստություններ չունենաս այն բանի վերաբերյալ, թե ինչ կարող է պատահել կյանքում։ Վստահ եղիր, որ եթե հանկարծ իմանաս, թե մահանալու ես նախքան Քրիստոսի հազար տարվա իշխանությունը սկսվելը, կարող ես մխիթարվել՝ համոզված լինելով, որ հարություն կառնես։ Եհովայի նշանակած ժամանակին դու կկարողանաս կրկնել այն խոսքերը, որ Հոբն ուղղեց իր Արարչին. «Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան [կ]տայի»։ Փառք լինի Եհովային, որը շատ է ցանկանում կյանքի վերադարձնել բոլոր նրանց, ովքեր գտնվում են իր հիշողության մեջ (Յոբ 14։15)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս 1990 թ. օգոստոսի 8–ի «Արթնացե՛քը», էջ 20, 21, ռուս.։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները», էջ 662, անգլ.։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ եք
• Ինչի՞ հիման վրա մարդիկ կդատվեն Հազարամյակի ընթացքում։
• Ինչո՞ւ ոմանք կստանան ‘կյանքի հարություն’, իսկ ոմանք՝ ‘դատաստանի հարություն’։
• Ինչպե՞ս կարող է հարության հույսը մխիթարել մեզ այժմ։
• Սաղմոս 145։16–ը օգնում է, որ ի՞նչ մտածելակերպ ունենանք հարության մասին անպատասխան հարցերի վերաբերյալ։
[նկարներ 21–րդ էջի վրա]
Հարության հանդեպ հավատն ինչպե՞ս կարող է մեզ օգնել նույնիսկ հիմա