Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Հայտնություն» գրքից (մաս 2)
ԱՊԱԳԱՅՈՒՄ ի՞նչ կպատահի նրանց, ովքեր ծառայում են Եհովա Աստծուն և նրանց, ովքեր չեն երկրպագում նրան։ Իսկ ի՞նչ է սպասվում Սատանային և իր դևերին։ Ի՞նչ օրհնություններ կստանա հնազանդ մարդկությունը Քրիստոսի Հազարամյա իշխանության ընթացքում։ Այս և մի շարք այլ կարևոր հարցերի պատասխանները տրվում են Հայտնություն 13։1–22։21 համարներումa։ Այս գլուխներն ընդգրկում են 16 տեսիլքներից վերջին 9–ը, որոնք տեսել է Հովհաննես առաքյալը մոտավորապես առաջին դարի վերջին։
Հովհաննեսը գրեց. «Երջանիկ է նա, ով բարձրաձայն կարդում է այս մարգարեության խոսքերը, նաև նրանք, ովքեր լսում են և ովքեր պահում են նրա մեջ գրվածները» (Հայտն. 1։3; 22։7)։ Եթե կարդանք և կիրառենք այն, ինչ գրված է «Հայտնություն» գրքում, ապա կմղվենք ծառայելու Աստծուն, կզորացնենք մեր հավատը Եհովայի և իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի նկատմամբ ու ապագայի պայծառ հույս ձեռք կբերենքb (Եբր. 4։12)։
ԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ՅՈԹ ԳԱՎԱԹՆԵՐԸ ԹԱՓՎՈՒՄ են
Հայտնություն 11։18–ում կարդում ենք. «Ազգերը զայրացան, և եկավ [Աստծու] զայրույթը և նշանակված ժամանակը.... որ կործանես նրանց, ովքեր կործանում են երկիրը»։ Բացատրելու համար, թե ինչու է Աստծու զայրույթը գալիս, 8–րդ տեսիլքը նկարագրում է «մի վայրի գազանի.... որ տասը եղջյուր և յոթ գլուխ ուներ» (Հայտն. 13։1)։
9–րդ տեսիլքում Հովհաննեսը տեսնում է. «Գառը կանգնած էր Սիոն լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի.... Սրանք գնվեցին մարդկանց միջից» (Հայտն. 14։1, 4)։ Այնուհետև հնչում են հրեշտակների ազդարարությունները։ Հաջորդ տեսիլքում Հովհաննեսը տեսնում է «յոթ հրեշտակների՝ յոթ պատուհասներով»։ Ակներևաբար, Եհովան պատվիրում է այս հրեշտակներին «Աստծու բարկության յոթ գավաթները» թափել Սատանայի աշխարհի վրա։ Գավաթները լցված են դատաստանական պատգամներով և նախազգուշացումներով, որոնք Աստված կիրականացնի (Հայտն. 15։1; 16։1)։ Այս երկու տեսիլքները մանրամասն տեղեկություններ են պարունակում դատաստանների մասին, որոնք կապ ունեն երրորդ «վայի» և յոթերորդ փողը փչելու հետ (Հայտն. 11։14, 15)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
13։8 — Ի՞նչ է «Գառան կյանքի գիրքը»։ Դա խորհրդանշական գիրք է, որի մեջ գրված են միայն նրանց անունները, ովքեր իշխում են Հիսուս Քրիստոսի հետ երկնային Թագավորության մեջ։ Ընդգրկված են նաև երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաների անունները, ովքեր երկնային կյանքի հույսն են փայփայում։
13։11–13 — Ինչպե՞ս է վայրի գազանը, որը երկու եղջյուր ունի, վիշապի նման գործում և երկնքից կրակ իջեցնում երկրի վրա։ Այն փաստը, որ երկու եղջյուր ունեցող գազանը՝ անգլո–ամերիկյան աշխարհակալ ուժը, խոսում է վիշապի նման, ցույց է տալիս, որ նա դաժան է, սպառնում է և ստիպում ազգերին ընդունելու իր իշխանությունը։ Նա երկնքից կրակ է իջեցնում երկրի վրա այն իմաստով, որ ձևացնում է, թե իսկական մարգարե է՝ հայտարարելով, որ 20–րդ դարի երկու համաշխարհային պատերազմների ժամանակ հաղթանակ է տարել «չար ուժերի»՝ իրենց թշնամիների և կոմունիզմի դեմ։
16։17 — Ի՞նչ է «օդը», որի մեջ թափվեց յոթերորդ գավաթը։ «Օդը» խորհրդանշում է դիվային մտածելակերպը՝ «ոգին [մտայնություն], որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ»։ Սատանայի աշխարհին պատկանող յուրաքանչյուր ոք շնչում է այդ թունավոր օդը (Եփես. 2։2)։
Դասեր մեզ համար
13։1– 4, 18. «Վայրի գազանը», որը խորհրդանշում է մարդկային կառավարությունները, դուրս է գալիս «ծովից», այսինքն՝ մարդկային անհանգիստ մասսաների միջից (Ես. 17։12, 13; Դան. 7։2–8, 17)։ Սատանայի կողմից ստեղծված այս գազանի թիվը 666 է, որը ցույց է տալիս, թե որքան անկատար է նա։ Մենք միայն այն ժամանակ չենք ցանկանա հետևել և երկրպագել գազանին, ինչպես որ այսօր անում է մարդկությունը, երբ հասկանանք, թե ինչ է խորհրդանշում այն (Հովհ. 12։31; 15։19)։
13։16, 17. Հալածանքներից բացի, մենք գուցե դժվարություններ ունենանք առօրյա գործերում, ինչպես «գնել կամ վաճառելն է»։ Նույնիսկ այդ դեպքում չպետք է թույլ տանք, որ վայրի գազանը ազդեցություն ունենա մեր կյանքի վրա։ Մեր աջ ձեռքին կամ ճակատին «վայրի գազանի նշանն» ընդունելը կնշանակի, որ թույլ ենք տալիս նրան ազդել մեր մտածելակերպի ու գործերի վրա։
14։6, 7. Հրեշտակների ազդարարությունից սովորում ենք, որ պետք է Աստծու Թագավորության մասին բարի լուրը հռչակենք հրատապության ոգով։ Մենք պետք է օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ նրանք առողջ վախ զարգացնեն Աստծու հանդեպ և փառաբանեն նրան։
14։14–20. Երբ «երկրի բերքը»՝ փրկվողների հավաքը, ամբողջանա, հրեշտակը «Աստծու բարկության մեծ հնձանի մեջ» կգցի «երկրի որթատունկը»։ Այդ որթատունկը՝ Սատանայի ապականված աշխարհի կառավարությունները, իրենց չար «ողկույզների» հետ միասին հավիտյան կբնաջնջվեն։ Մենք պետք է վճռենք չընկնել «երկրի որթատունկի» ազդեցության տակ։
16։13–16. «Անմաքուր ներշնչյալ խոսքերը» խորհրդանշում են դիվային պրոպագանդան, որի նպատակն է այնպես անել, որ երկրի իշխանությունների վրա չազդեն Աստծու բարկության յոթ գավաթները, դեռ ավելին, որ իշխանությունները դուրս գան Եհովայի դեմ (Մատթ. 24։42, 44)։
16։21. Քանի որ այս աշխարհի վերջը մոտ է, Սատանայի չար համակարգի դեմ Եհովայի դատավճռի հռչակումը ներառում է Աստծու դատաստանի մասին ազդարարություններ, որոնք նման են կարկուտի։ Սակայն մարդկանց մեծամասնությունը շարունակելու է հայհոյել Աստծուն։
ՀԱՂԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԸ ԻՇԽՈՒՄ է
«Մեծ Բաբելոնը»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, Սատանայի չար աշխարհի գարշելի մասն է կազմում։ 11–րդ տեսիլքում նա նկարագրվում է որպես «մեծ պոռնիկ»՝ անբարո կին՝ «նստած ալ կարմիր մի վայրի գազանի վրա»։ Սակայն «տասը եղջյուր» ունեցող վայրի գազանը ամբողջությամբ կկործանի պոռնիկին, որի վրա վերջինս նստած է (Հայտն. 17։1, 3, 5, 16)։ Համեմատելով պոռնիկ կնոջը «մեծ քաղաքի» հետ՝ հրեշտակը ազդարարում է նրա անկումը և կոչ է անում Աստծու ժողովրդին «դուրս գալ նրա միջից»։ Մեծ քաղաքի կործանման վրա շատերն են ողբում։ Սակայն երկնքում ցնծություն է, քանի որ «Գառան հարսանիքն է» (Հայտն. 18։4, 9, 10, 15–19; 19։7)։ 13–րդ տեսիլքում «սպիտակ ձիու» վրա նստած ձիավորը գնում է ազգերի դեմ պատերազմելու։ Նա կործանում է Սատանայի ամբարիշտ աշխարհը (Հայտն. 19։11–16)։
Իսկ ի՞նչ կպատահի «վաղեմի օձին, որը Բանսարկուն և Սատանան է»։ Ե՞րբ նա կգցվի «կրակի լիճը»։ Հենց այդ մասին է խոսվում 14–րդ տեսիլքում (Հայտն. 20։2, 10)։ Վերջին երկու տեսիլքները նկարագրում են, թե ինչպիսին կլինի կյանքը Հազարամյակի ընթացքում։ Եվ քանի որ «հայտնությունն» արդեն ավարտվում է, Հովհաննեսը տեսնում է «կյանքի ջրի մի գետ, որ հոսում է գլխավոր փողոցի մեջտեղով», ինչպես նաև թե ինչպես են ոգին ու հարսը հրավիրում բոլոր նրանց, ովքեր «ծարավ են» (Հայտն. 1։1; 22։1, 2, 17)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
17։16; 18։9, 10 — Ինչո՞ւ են «երկրի թագավորները» ողբում իրենց կործանման վրա։ Իրականում նրանք եսասեր են։ Մեծ Բաբելոնի կործանումից հետո երկրի թագավորները, ակներևաբար, հասկանում են, թե որքան շահավետ էր պոռնիկ կնոջ հետ իրենց համագործակցությունը։ Պոռնիկ կինը քողարկում էր նրանց վատ գործերը։ Վերջինս նաև օգնում էր նրանց հավաքագրել երիտասարդներին պատերազմելու համար։ Դեռ ավելին, նա կարևոր դեր էր խաղում մարդկանց՝ իր ենթակայության տակ պահելու հարցում։
19։12 — Ինչո՞ւ բացի Հիսուսից, ոչ ոք չգիտի նրա անհայտ անունը։ Այս անունը, ինչպես գրված է Եսայիա 9։6–ում, հավանաբար նշանակում է դիրք և առանձնահատուկ պարտականություններ, որը Հիսուսը ունի Տիրոջ օրվա ընթացքում։ Ոչ ոք չգիտի այս անունը, միայն Հիսուսն է հասկանում, թե ինչ է նշանակում նման բարձր դիրք ունենալը։ Սակայն Հիսուսը այս առանձնաշնորհումներից մի քանիսը տալիս է նաև իր հարս դասակարգին և նրա վրա գրում է իր «նոր անունը» (Հայտն. 3։12)։
19։14 — Ովքե՞ր են ուղեկցելու Հիսուսին Արմագեդոնի ժամանակ։ Երկնային զորքերի մեջ, որոնք Աստծու պատերազմի ժամանակ միացած են լինելու Հիսուսին, կլինեն հրեշտակները, ինչպես նաև օծյալները, որոնք արդեն ստացել են իրենց երկնային վարձատրությունը (Մատթ. 25։31, 32; Հայտն. 2։26, 27)։
20։11–15 — Ո՞ւմ անուններն են գրված «կյանքի գրքում»։ Այս գրքում գրված են նրանց անունները, ովքեր հավիտենական կյանք կստանան. օծյալ քրիստոնյաները, մեծ բազմության անդամները և Աստծու արդար ու հավատարիմ ծառաները, որոնք հարություն կառնեն (Գործ. 24։15; Հայտն. 2։10; 7։9)։ Իսկ նրանց անունները, ովքեր կյանքի կվերադառնան անարդարների հարության ժամանակ, կգրվեն «կյանքի գրքում» միայն այն դեպքում, երբ վարվեն «այդ գրքերում գրվածների» համաձայն. դրանք կլինեն հրահանգներ, որոնք կտրվեն նրանց Հազարամյակի ընթացքում։ Սակայն նրանց անունները չեն գրվելու չջնջվող թանաքով։ Օծյալների անունները հավիտյան կգրվեն գրքում, երբ վերջիններս մինչև մահ հավատարիմ մնան (Հայտն. 3։5)։ Իսկ նրանց անունները, ովքեր ապրելու են երկրի վրա, կմնան հավիտյան գրված, երբ նրանք անցնեն վերջնական փորձությունը, որը կլինի Հազարամյակի վերջում (Հայտն. 20։7, 8)։
Դասեր մեզ համար
17։3, 5, 7, 16. «Վերին իմաստությունը» օգնում է մեզ հասկանալու «կնոջ ու [ալ կարմիր] վայրի գազանի առեղծվածը» (Հակ. 3։17)։ Այս խորհրդանշական վայրի գազանը իր գործունեությունը սկսեց որպես Ազգերի լիգա և ավելի ուշ դարձավ Միավորված ազգերի կազմակերպություն։ Այս առեղծվածը հասկանալը պետք է մղի մեզ նախանձախնդրորեն քարոզելու Աստծու Թագավորության բարի լուրը և հռչակելու Եհովայի դատաստանի օրվա մասին։
21։1–6. Մենք լիովին կարող ենք վստահ լինել, որ կանխագուշակված այն օրհնությունները, որոնք կկատարվեն Թագավորության ներքո, իրականություն կդառնան։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանց վերաբերյալ ասվում է. «Կատարվեցի՛ն»։
22։1, 17. «Կյանքի ջրի գետը» ներկայացնում է Եհովայի նախաձեռնած միջոցները, որոնք նա նախատեսել է հնազանդ մարդկությանը մեղքից ու մահից ազատելու համար։ Այդ ջուրն այսօր էլ հասանելի է։ Եկեք ոչ միայն երախտագիտությամբ ընդունենք «կյանքի ջրից վերցնելու» հրավերը, այլև այն ուրիշներին էլ բաժանենք։
[ծանոթագրություններ]
a Հայտնություն 1։1–12։17 համարների քննարկման համար տե՛ս «Ուշագրավ մտքեր «Հայտնություն գրքից» (մաս 1–ին) հոդվածը, «Դիտարանի» 2009 թ. հունվարի 15–ի համարում։
b «Հայտնություն» գրքի համար առ համար քննարկումը տե՛ս «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը (արևմտ.)։
[նկար 5–րդ էջի վրա]
Ի՜նչ հիասքանչ օրհնություններ է վայելելու հնազանդ մարդկությունը Թագավորության ներքո