Լսեցե՛ք, թե ինչ է ոգին ասում
«Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» (ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 3։22)։
1, 2. Հիսուսի ո՞ր խորհուրդն է կրկնվում նրա պատգամներում, որոնք նա հղել էր «Յայտնութիւն» գրքում հիշատակված յոթ ժողովներին։
ԵՀՈՎԱՅԻ ծառաները պետք է ականջ դնեն այն խոսքերին, որ Հիսուս Քրիստոսը սուրբ ոգու առաջնորդությամբ ասաց յոթ ժողովներին, որոնց մասին խոսվում է Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքում։ Նա այդ ուղերձներից յուրաքանչյուրում հետևյալ խորհուրդը տվեց. «Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» (Յայտնութիւն 2։7, 11, 17, 29; 3։6, 13, 22)։
2 Մենք արդեն քննարկել ենք Հիսուսի պատգամները՝ ուղղված Եփեսոսի, Զմյուռնիայի և Պերգամոնի հրեշտակներին՝ վերակացուներին։ Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել նրա այն խոսքերից, որոնք նա սուրբ ոգով ասաց մյուս չորս ժողովներին։
Թյուատիրի հրեշտակին
3. Որտե՞ղ էր գտնվում Թյուատիրը, և ինչի՞ արտադրությամբ էր այդ քաղաքը հայտնի։
3 «Աստուծոյ Որդին» Թյուատիրի ժողովին թե՛ գովում է և թե՛ հանդիմանում (ընթերցեք Յայտնութիւն 2։18–29-ը)։ Թյուատիրը (այժմ՝ Ախիսար) կառուցվել էր Փոքր Ասիայի արևմտյան մասում՝ Գեդիզ (հնում՝ Հերմոս) գետի վտակներից մեկի ափին։ Քաղաքը հայտնի էր իր բազմաթիվ արհեստներով։ Ներկագործները իրենց համբավավոր մուգ կարմիր գույնը՝ ծիրանին, ստանալու համար օգտագործում էին տորոնի արմատներ։ Լիդիան, որը քրիստոնյա էր դարձել, երբ Պողոսը եկել էր Փիլիպպե (Հունաստան), «ծիրանավաճառ [«ծիրանի զգեստներ վաճառող», ԷԹ] [էր], Թիւատիր քաղաքիցը» (Գործք 16։12–15)։
4. Ինչո՞ւ Թյուատիրի ժողովը գովասանքի արժանացավ։
4 Հիսուսը գովեց Թյուատիրի ժողովին նրա լավ գործերի, սիրո, հավատի, տոկունության և ծառայության համար։ Նրանց ‘վերջին գործերը առաջիններից շատ էին’ (Արևմտ. Աստ.)։ Նույնիսկ եթե մինչև հիմա լավ համարում ենք ունեցել, երբեք չպետք է անհոգ լինենք բարոյական հարցերում։
5–7. ա) Ո՞վ էր ‘Հեզաբել կինը’, և նրա չար ազդեցության հետ կապված ի՞նչ պետք է անել։ բ) Քրիստոսի պատգամը՝ ուղղված Թյուատիրի ժողովին, աստվածավախ կանանց օգնում է որ ի՞նչ անեն։
5 Թյուատիրի ժողովը հանդուրժում էր կռապաշտությունը, կեղծ ուսուցումները և սեռական անբարոյությունը։ Ժողովում էր գտնվում ‘Հեզաբել կինը’. այս արտահայտության տակ թերևս կարելի է հասկանալ կանանց մի խումբ, որն ուներ Իսրայելի տասցեղ թագավորության չար թագուհի Հեզաբելի հատկությունները։ Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ Թյուատիրի ‘մարգարեուհիները’ փորձում էին քրիստոնյաներին ներքաշել համքարության աստվածների ու աստվածուհիների պաշտամունքի և այնպիսի տոնակատարությունների մեջ, որոնց ժամանակ ուտում էին կուռքերին զոհաբերված կերակուրներ։ Թո՛ղ որ ոչ մի ինքնակոչ մարգարեուհի չփորձի ուղղության տալ ժամանակակից քրիստոնեական ժողովի անդամներին։
6 Քրիստոսը մտադիր էր Հեզաբել կնոջը հիվանդության անկողնու մեջ գցել և նրա հետ շնացողներին էլ՝ մեծ նեղությունների մեջ, եթե նրանք չապաշխարեին նրան հատուկ գործերից։ Վերակացուները երբեք չպետք է հանդուրժեն նման վնասաբեր ուսուցումներն ու ազդեցությունը, և ոչ մի քրիստոնյա չպետք է պոռնկություն անի թե՛ հոգևոր և թե՛ ուղղակի իմաստով, ինչպես նաև զբաղվի կռապաշտությամբ՝ անձամբ համոզվելու համար, որ «սատանայի խորութիւնները» ամբողջությամբ չար են։ Եթե ականջ ենք դնում Հիսուսի նախազգուշացմանը, ապա ‘այն, որ ունենք, կպահենք [‘հաստատուն կպահենք’, ԱՆԹ]’, և մեղքը չի պարուրի մեզ։ Հարություն առած օծյալները, քանի որ մերժել են անաստված գործերը, կիրքը, նպատակները, ստանում են «իշխանութիւն.... ազգերի վերայ» և հետագայում Քրիստոսի հետ միասին կփշրեն այդ ազգերին։ Մեր օրերում ժողովներն ունեն խորհրդանշական աստղեր, իսկ օծյալները, երբ հարություն առնեն երկնքում, կունենան «առաւօտեան պայծառ աստղը»՝ Փեսան, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը (Յայտնութիւն 22։16)։
7 Թյուատիրի ժողովին նախազգուշացում տրվեց չհանդուրժել հավատուրաց կանանց չար ազդեցությունը։ Քրիստոսի պատգամը, որը սուրբ ոգու առաջնորդությամբ նա հղեց ժողովներին, օգնում է այսօրվա աստվածավախ կանանց պահպանելու Աստծո կողմից իրենց տրված դիրքը։ Նրանք չեն փորձում իշխանություն բանեցնել տղամարդկանց վրա կամ էլ եղբայրներին ներքաշել հոգևոր կամ բառացի պոռնկության մեջ (Ա Տիմոթէոս 2։12)։ Փոխարենը՝ այդպիսի կանայք օրինակ են թողնում բարի գործեր անելու և հանուն Աստծո փառաբանության ծառայելու մեջ (Սաղմոս 68։11, ՆԱ; Ա Պետրոս 3։1–6)։ Եթե ժողովը պահում է այն, ինչ ունի՝ մաքուր ուսմունքները, բարձր բարոյականությունը և Թագավորության շահերին ծառայելու առանձնաշնորհումը, ապա Քրիստոսը նրան կօրհնի, և ոչ թե կդատապարտի։
Սարդեսի հրեշտակին
8. ա) Որտե՞ղ էր գտնվում Սարդեսը, և ի՞նչ մանրամասնություններ են հայտնի այդ քաղաքի մասին։ բ) Ինչո՞ւ էր Սարդեսի ժողովը օգնության կարիք զգում։
8 Սարդեսի ժողովը շուտափույթ օգնության կարիք ուներ, քանի որ հոգևորապես մեռած էր (ընթերցեք Յայտնութիւն 3։1–6-ը)։ Սարդեսը, որ Թյուատիրից գրեթե 50 կիլոմետր հարավ էր գտնվում, զարգացած քաղաք էր։ Քաղաքը, որտեղ մի ժամանակ ապրում էր մոտ 50 000 մարդ, հարստացել էր առևտրի, հողի բարձր բերքատվության և բրդյա հագուստեղենի ու գորգերի արտադրության շնորհիվ։ Ըստ պատմաբան Հովսեպոսի՝ մ.թ.ա. առաջին դարում Սարդեսում հրեական մեծ համայնք կար։ Քաղաքի ավերակների մեջ հայտնաբերվել են մի ժողովարան և եփեսացիների Արտեմիս աստվածուհուն նվիրված մի տաճար։
9. Ի՞նչ պետք է անենք, եթե մեր ծառայությունը մեխանիկորեն ենք կատարում։
9 Քրիստոսը Սարդեսի ժողովի հրեշտակին ասաց. «Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին. ունե՞նք արդյոք հոգևորապես արթուն անձնավորության հեղինակություն, բայց իրականում քնած ենք քրիստոնեական առանձնաշնորհումների առումով, մեխանիկորեն ենք ծառայություն կատարում, և այն հոգևոր տեսակետից «մեռնելու մօտ [է]»։ Այդ դեպքում կարիք ունենք ‘հիշելու, թե ինչպես ընդունեցինք և լսեցինք’ Թագավորության պատգամը, և պետք է նոր լիցքով կատարենք մեր սուրբ ծառայությունը։ Անտարակույս, մենք պետք է սկսենք ամբողջ սրտով մասնակցություն ունենալ քրիստոնեական հանդիպումներին (Եբրայեցիս 10։24, 25)։ Քրիստոսը Սարդեսի ժողովին նախազգուշացրեց. «[Եթե] չ’արթնանաս՝ ես կ’գամ քեզ վերայ գողի պէս. եւ չես իմանալ թէ որ ժամում քեզ մօտ կ’գամ»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Բոլորս էլ շուտով հաշիվ ենք տալու։
10. Նույնիսկ այնպիսի կացության մեջ, ինչպիսին որ Սարդեսի ժողովում էր, ի՞նչ կարելի է միանգամայն հիմնավոր ձևով ասել մի քանի քրիստոնյաների մասին։
10 Նույնիսկ այնպիսի կացության մեջ, ինչպիսին որ Սարդեսի ժողովում էր, կարող են լինել ոմանք, ովքեր ‘իրենց հանդերձները չեն կեղտոտում, և ովքեր սպիտակներով ման են գալիս Քրիստոսի հետ, որովհետև արժանի են’։ Նրանք բարձր են պահում քրիստոնյայի անունը՝ անարատ մնալով այս աշխարհի բարոյական կամ կրոնական աղտերից (Յակոբոս 1։27)։ Այդ պատճառով էլ Հիսուսը ‘նրանց անունը կյանքի գրքից չի ջնջի, և կդավանի նրանց իր Հոր ու հրեշտակների առաջ’։ Քրիստոսի հարս դասակարգը համարվելու է արժանի՝ քայլելու նրա հետ, և նրան սպիտակ, լուսափայլ բեհեզ է տրվելու, որ հագնի. բեհեզը խորհրդանշում է Աստծո սրբերի արդար գործերը (Յայտնութիւն 19։8)։ Երկնային ծառայության մեջ նրանց հրաշալի առանձնաշնորհումներ են սպասում, և դա մղում է նրանց հաղթելու աշխարհին։ Օրհնություններ են ունենալու նաև նրանք, ովքեր երկրային հավիտենական կյանքի հույս ունեն։ Նրանց անունները նույնպես գրվում են կյանքի գրքում։
11. Ի՞նչ պետք է անենք, եթե հոգևոր առումով աստիճանաբար քնկոտ ենք դառնում։
11 Մեզանից ոչ ոք չէր ցանկանա հայտնվել այնպիսի հոգևոր վիճակում, ինչպիսին որ Սարդեսի ժողովում էր տիրում։ Սակայն ի՞նչ կարող ենք անել, եթե նկատում ենք, որ հոգևոր առումով աստիճանաբար քնկոտ ենք դառնում։ Հանուն մեր բարօրության՝ մենք պետք է անհապաղ քայլերի դիմենք։ Ենթադրենք, սկսել ենք Աստծուն տհաճ գործեր անել կամ ավելի քիչ հաճախել հանդիպումներին, ավելի քիչ քարոզել։ Նման դեպքերում պետք է ջերմեռանդորեն աղոթենք Եհովային՝ օգնություն խնդրելով նրանից (Փիլիպպեցիս 4։6, 7, 13)։ Եթե ամեն օր Աստվածաշունչ կարդանք, ուսումնասիրենք այն, ինչպես նաև օգտվենք «հավատարիմ և իմաստուն տնտեսի» հրատարակություններից, ապա կկարողանանք հոգևորապես արթուն մնալ (Ղուկաս 12։42–44)։ Մենք նման կլինենք Սարդեսի ժողովի այն անդամներին, ովքեր Քրիստոսի հավանությանն էին արժանացել, և օրհնություն կհանդիսանանք մեր հավատակիցների համար։
Ֆիլադելֆիայի հրեշտակին
12. Ինչպե՞ս կնկարագրեիք կրոնական կացությունը Ֆիլադելֆիայում։
12 Հիսուսը գովեց Ֆիլադելֆիայի ժողովին (ընթերցեք Յայտնութիւն 3։7–13-ը)։ Ֆիլադելֆիան (այժմ՝ Ալաշեհիր) գինեգործության բարգավաճ կենտրոն էր Փոքր Ասիայի արևմտյան մասում։ Նրա գլխավոր աստվածությունը գինեգործության աստված Դիոնիսոսն էր։ Ֆիլադելֆիացի հրեաները ակներևաբար փորձում էին համոզել հրեա քրիստոնյաներին պահելու Մովսիսական օրենքի որոշ կանոններ կամ էլ վերադառնալ դրան, բայց՝ ապարդյուն։
13. Ինչպե՞ս է Քրիստոսն օգտագործել «Դաւիթին բանալին»։
13 Քրիստոսը «Դաւիթին բանալին ունի» (Արևմտ. Աստ.). սրանով նրան է վստահվել Աստծո Թագավորության հետ կապված բոլոր հարցերի լուծումը և նրա բոլոր հավատարիմ ծառաներին ղեկավարություն ցույց տալը (Եսայիա 22։22; Ղուկաս 1։32)։ Հիսուսն այդ բանալին օգտագործեց, որպեսզի Թագավորության հետ կապված առանձնաշնորհումներ տար հին Ֆիլադելֆիայի ու այլ վայրերի քրիստոնյաներին ու հնարավորություններ ստեղծեր նրանց համար։ 1919 թ.–ից սկսած՝ նա «հավատարիմ և իմաստուն տնտեսի» առջև «մեծ եւ արդիւնաւոր դուռ» է բացել Թագավորության բարի լուրը քարոզելու համար, և այդ դուռը ոչ մի հակառակորդ չի կարող փակել (Ա Կորնթացիս 16։9; Կողոսացիս 4։2–4)։ Անշուշտ, այդ դուռը, որից մտնելով կարելի է Թագավորության հետ կապված առանձնաշնորհումներ ստանալ, փակ է նրանց առջև, ովքեր «սատանայի ժողովքից» են, քանի որ այդ անձնավորությունները հոգևոր իսրայելացիներ չեն։
14. ա) Ի՞նչ խոստացավ Հիսուսը Ֆիլադելֆիայի ժողովին։ բ) Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ ‘փորձության ժամին’ ընկնելուց։
14 Հիսուսը ֆիլադելֆիացի քրիստոնյաներին հետևյալ խոստումը տվեց. «Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր, ես էլ քեզ կ’պահեմ այն փորձութեան ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վերայ, որ փորձէ երկրի երեսի վերայ բնակողներին»։ Քարոզչությունը պահանջում է այնպիսի տոկունություն, ինչպիսին որ Հիսուսն ուներ։ Թշնամիները երբեք չկարողացան կոտրել նրա ոգին. Հիսուսը շարունակեց իր Հոր կամքն իրագործել։ Այդ իսկ պատճառով Աստված Քրիստոսին հարություն տվեց երկնային անմահ կյանքի։ Եթե վճռականորեն շարունակենք երկրպագել Եհովային ու բարի լուրը քարոզելով աջակցենք Թագավորությանը, ապա փորձության ներկա ժամանակամիջոցում՝ ‘փորձության ժամին’, չենք ընկնի։ Մենք ‘կպահենք [‘ամուր կբռնենք’, Արևմտ. Աստ.] այն, ինչ որ ունենք’ Քրիստոսից՝ ձգտելով ավելի շատ բան անել հանուն Աստծո Թագավորության շահերի։ Այդպես վարվելով՝ օծյալները կարժանանան երկնային կյանքի անգին պսակին, իսկ նրանց հավատարիմ ուղեկիցները կստանան հավիտենական կյանք երկրի վրա։
15. Ի՞նչ է պահանջվում նրանցից, ովքեր կլինեն որպես ‘սյուներ Աստծո տաճարում’։
15 Քրիստոսն ավելացնում է. «Ով որ յաղթում է սիւն կ’անեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը.... եւ նորա վերայ կ’գրեմ իմ Աստուծոյ անունը, այն նոր Երուսաղէմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը»։ Օծյալ վերակացուները պետք է թիկունք կանգնեն ճշմարիտ երկրպագությանը։ Նրանք պետք է շարունակեն պահպանել իրենց արժանավորությունը՝ լինելու «նոր Երուսաղէմի» անդամներ՝ քարոզելով Աստծո Թագավորության մասին և հոգևորապես մաքուր մնալով։ Սա անհրաժեշտ է, եթե նրանք ցանկանում են երկնային՝ փառքով լի տաճարում լինել որպես սյուներ ու կրել Աստծո քաղաքի անունը՝ որպես երկնային քաղաքացիներ, և Քրիստոսի անունը՝ որպես նրա հարս։ Անշուշտ, նրանք պետք է ունենան նաև այնպիսի ականջ, որը լսում է, «ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։
Լավոդիկեի հրեշտակին
16. Ի՞նչ է հայտնի Լավոդիկեի մասին։
16 Քրիստոսը հանդիմանեց Լավոդիկեի ինքնագոհ ժողովին (ընթերցեք Յայտնութիւն 3։14–22)։ Լավոդիկեն գտնվում էր Եփեսոսից մոտ 150 կիլոմետր դեպի արևելք՝ Լյուկոս գետի արգավանդ հողերով հարուստ հովտում։ Այստեղ էին հատվում առևտրական գլխավոր ճանապարհները։ Այս ամենը նպաստում էր, որ քաղաքը արդյունաբերական ու ֆինանսական տեսանկյունից խիստ բարգավաճող կենտրոն լիներ։ Այս տարածաշրջանում սև բրդից պատրաստված հագուստեղենը հայտնի էր ամենուրեք։ Քաղաքում էր գտնվում նաև հանրահայտ բժշկական դպրոցը, որտեղ, ըստ ամենայնի, պատրաստվում էր աչքի դեղ՝ հայտնի «փռյուգիական փոշի» անվանումով։ Ասկլեպիոսը՝ բժշկության աստվածը, քաղաքի գլխավոր աստվածություններից էր։ Ամենայն հավանականությամբ, բնակչության զգալի մաս էին կազմում հրեաները, որոնցից մի քանիսը, ըստ երևույթին, բավական հարուստ էին։
17. Ինչի՞ համար լավոդիկեցիները հանդիմանություն ստացան։
17 Լավոդիկեի ժողովին նրա ‘հրեշտակի’ միջոցով դիմելիս Հիսուսը հեղինակավոր ձևով է խոսում՝ որպես ‘հավատարիմ և ճշմարիտ Վկա, Աստծո արարածների Սկիզբ’ (Կողոսացիս 1։13–16)։ Նա լավոդիկեցիներին հանդիմանում էր այն բանի համար, որ հոգևոր առումով ‘ոչ ցուրտ [«սառն», ԷԹ] էին, ոչ տաք’։ Քանի որ նրանք «գաղջ» էին, Քրիստոսը մտադիր էր ‘փսխել’ նրանց իր բերանից։ Լավոդիկեի ժողովի անդամների համար դժվար չէր կռահել նրա այս խոսքի իմաստը։ Հարևան Հերապոլիս քաղաքում տաք ջրերի աղբյուրներ կային, իսկ Կողոսայի ջուրը սառն էր։ Սակայն քանի որ Լավոդիկեի ջուրը բավական հեռվից էր գալիս, այն, ըստ երևույթին, արդեն գոլ վիճակում էր հասնում քաղաք։ Ջուրը ճանապարհի մի մասն անցնում էր ջրանցքով։ Լավոդիկեի մոտ ջուրն անցնում էր հատուկ բացված անցք ունեցող մեծ քարերի միջով, որոնք ամուր միացված էին իրար։
18, 19. Ինչպե՞ս կարող են ներկայիս քրիստոնյաները օգնություն ստանալ, ինչպես որ ստացան լավոդիկեցիները։
18 Լավոդիկեցիների պես անհատներն այսօր ո՛չ այնպես տաք են, որը դրական ազդեցություն է ունենում, ո՛չ էլ այնպես սառն են, որը թարմացնում է մարդուն։ Նրանք նման են գաղջ՝ գոլ ջրի, որը դուրս են թքում։ Հիսուսը չի ուզում, որ նման մարդիկ լինեն որպես իր խոսնակներ՝ ‘Քրիստոսի կողմից դեսպանություն անողներ’ (Արևմտ. Աստ.) (Բ Կորնթացիս 5։20)։ Եթե նրանք չզղջան, ապա կորցնելու են Թագավորության քարոզիչ լինելու իրենց առանձնաշնորհումը։ Լավոդիկեցիները ձգտում էին երկրային հարստության, բայց ‘չգիտեին, որ իրենք թշվառ, ողորմելի, աղքատ, կույր և մերկ են’։ Այսօր յուրաքանչյուր անհատ, ով նրանց պես հոգևորապես աղքատ, կույր և մերկ է, կարիք ունի Քրիստոսից գնելու փորձված հավատի «ոսկի», արդարության «սպիտակ հանդերձներ» և «դեղ», որ բարելավում է հոգևոր տեսողությունը։ Քրիստոնյա վերակացուները ուրախ են օգնելու նման մարդկանց գիտակցել սեփական հոգևոր կարիքները, ինչը կնպաստի, որ նրանք ‘հարստանան հավատով’ (Յակոբոս 2։5; Մատթէոս 5։3)։ Բացի այդ, վերակացուները պետք է օգնեն նրանց հոգևոր իմաստով իրենց աչքերին քսելու աչքի «դեղ», այսինքն՝ ընդունելու Հիսուսի ուսուցումները, խորհուրդները ու ապրել դրանց համապատասխան, ինչպես նաև ընդօրինակել նրան ու մտածել նրա պես։ Այս միջոցը կարող է նպաստել, որ անհատը չտարվի ‘մարմնի ցանկությամբ, աչքերի ցանկությամբ և այս կյանքի ամբարտավանությամբ [‘երկրային հարստությամբ հպարտանալով’, ԱՆԹ],’ (Ա Յովհաննէս 2։15–17)։
19 Հիսուսը հանդիմանում և խրատում է բոլոր նրանց, ում սիրում է։ Նրա ենթակայության ներքո եղող վերակացուները պետք է, քնքշություն ցուցաբերելով, նույնը անեն (Գործք 20։28, 29)։ Լավոդիկեցի քրիստոնյաները կարիք ունեին ‘ջանք անելու ու ապաշխարելու’, և նրանք դա կարող էին անել՝ փոփոխություններ կատարելով իրենց մտածողության ու ապրելակերպի մեջ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Սովորե՞լ ենք ապրել այնպիսի կյանքով, որը երկրորդ պլան է մղում մեր սուրբ ծառայությունը Աստծուն։ Եթե այդպես է, ուրեմն եկեք աչքի ‘դեղ գնենք Հիսուսից’, որպեսզի կարողանանք տեսնել, թե որքան կարևոր է եռանդուն ձևով նախևառաջ Թագավորությունը փնտրել (Մատթէոս 6։33)։
20, 21. Ովքե՞ր են մեր օրերում ճիշտ ձևով արձագանքում Հիսուսի ‘դուռ թակելուն’, և ի՞նչ հեռանկար է նրանց սպասում։
20 «Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ,— ասում է Քրիստոսը.— եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ»։ Հիսուսը հաճախ էր հոգևոր թեմաներով խոսում ուրիշների հետ սեղան նստած ժամանակ (Ղուկաս 5։29–39; 7։36–50; 14։1–24)։ Այսօր նա թակում է Լավոդիկեի ժողովի վիճակում գտնվող ժողովի դուռը։ Կբացե՞ն դուռը այդ ժողովի անդամները, կթարմացնե՞ն իրենց ջերմ կապվածությունը նրա հանդեպ, կընդունե՞ն նրան, թույլ կտա՞ն, որ ուսուցանի իրենց։ Եթե այո, ապա Քրիստոսը խնջույք կանի նրանց հետ, և դա նրանց հոգևոր մեծ օգուտներ կբերի։
21 Այսօր «այլ ոչխարները», այլաբանորեն, ներս են թողնում Հիսուսին, և այդ քայլը նրանց հավիտենական կյանքի է առաջնորդում (Յովհաննէս 10։16; Մատթէոս 25։34–40, 46)։ Քրիստոսը յուրաքանչյուր օծյալի, ով հաղթում է, կպարգևի ‘իր հետ իր աթոռի վրա նստելու’ առանձնաշնորհումը, ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էլ ‘հաղթեց ու նստեց իր Հոր հետ նրա աթոռին’։ Այո՛, հաղթանակող օծյալներին Հիսուսը խոստանում է մի մեծ պարգև՝ իր հետ նստել իր Հոր երկնային գահի աջ կողմում։ Իսկ այլ ոչխարներից նրանք, ովքեր հաղթում են, ակնկալում են մի հրաշալի տեղ ունենալ երկրի վրա Թագավորության իշխանության ներքո։
Դասեր՝ բոլորիս համար
22, 23. ա) Ինչպե՞ս կարող են բոլոր քրիստոնյաները օգուտ քաղել Հիսուսի խոսքերից՝ ուղղված յոթ ժողովներին։ բ) Ի՞նչ վճռականություն պետք է ունենանք։
22 Կասկած չկա, որ բոլոր քրիստոնյաներն էլ կարող են մեծ օգուտներ քաղել Հիսուսի՝ Փոքր Ասիայի յոթ ժողովներին ուղղած խոսքերից։ Քրիստոնյա սիրառատ երեցները, տեսնելով, թե ինչպես Հիսուսը, երբ տեղին էր, գովասանքի խոսքեր էր ասում, իրենք էլ մղվում են գովելու այն անհատներին ու ժողովներին, որոնք հոգևոր տեսակետից լավ վիճակում են։ Որտեղ հոգևոր թուլության նշաններ են նկատվում, երեցները հավատակիցներին օգնում են կիրառել սուրբգրային «դեղամիջոցները»։ Բոլորս էլ կարող ենք շարունակել օգուտներ քաղել Քրիստոսի՝ յոթ ժողովներին տված տարբեր խորհուրդներից, եթե ջերմեռանդորեն աղոթելով ու առանց հետաձգելու կիրառենք դրանք։a
23 Այս վերջին օրերում ժամանակը չէ ինքնագոհության, նյութապաշտության կամ էլ այնպիսի մի բանի, որի պատճառով գուցե զուտ ձևական ծառայություն մատուցենք Աստծուն։ Թող որ բոլոր ժողովները շարունակեն լույս տալ այն ճրագակալների պես, որոնք Հիսուսը պահում է իրենց տեղում։ Լինելով հավատարիմ քրիստոնյաներ՝ եկեք վճռենք միշտ ուշադիր լինել, երբ Քրիստոսը խոսում է, և լսենք, թե ինչ է ոգին ասում։ Եվ այդժամ մենք՝ որպես լուսակիրներ ի փառս Եհովայի, հարատև ուրախություն կվայելենք։
[ծանոթագրություն]
a Յայտնութիւն 2։1–3։22 համարների բացատրությունը տրվում է նաև «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գրքի 7–13-րդ գլուխներում (արևմտ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ո՞վ էր ‘Հեզաբել կինը’, և ինչո՞ւ աստվածավախ կանայք չեն ընդօրինակում նրան։
• Ի՞նչ կացություն էր տիրում Սարդեսի ժողովում, և ի՞նչ կարող ենք անել՝ չլինելու այդ ժողովի շատ քրիստոնյաների նման։
• Ի՞նչ խոստացավ Հիսուսը Ֆիլադելֆիայի ժողովին, և ինչպե՞ս են այդ խոստումները վերաբերում նաև մեր օրերին։
• Ինչո՞ւ լավոդիկեցիները հանդիմանություն ստացան, բայց ի՞նչ հեռանկար է սպասում եռանդուն քրիստոնյաներին։
[նկար 16–րդ էջի վրա]
Հարկավոր է խուսափել ‘Հեզաբել կնոջ’ չար ճանապարհներից
[նկարներ 18–րդ էջի վրա]
Հիսուսն իր հետևորդների առջև ‘մեծ դուռ’ բացեց դեպի Թագավորության առանձնաշնորհումները
[նկար 20–րդ էջի վրա]
Ընդունո՞ւմ ես Հիսուսին և լսո՞ւմ ես նրան