«Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր»
«Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր.... Քո Աստված Եհովան քեզ հետ է» (ՀԵՍՈՒ 1։7–9)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ենոքն ու Նոյը ինչպե՞ս քաջություն դրսևորեցին։
Հավատի ու քաջության ինչպիսի՞ օրինակ են թողել հնում ապրած որոշ կանայք։
Փոքրերի դրսևորած քաջության ո՞ր օրինակներն են տպավորում քեզ։
1, 2. ա) Երբեմն ի՞նչ է հարկավոր ճիշտն անելու համար։ բ) Ի՞նչ ենք քննելու։
ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ երկչոտության և վախկոտության հակառակն է։ Քաջ անհատը ուժեղ է, խիզախ ու համարձակ։ Նույնիսկ առօրյայում ճիշտն անելու համար երբեմն քաջություն է հարկավոր։
2 Աստվածաշնչում կարդում ենք որոշ անհատների մասին, ովքեր շատ դժվար իրավիճակներում անվախորեն են վարվել։ Ուրիշները քաջություն են դրսևորել այնպիսի հանգամանքներում, որոնցում Եհովայի ծառաները հայտնվում են ամեն օր։ Ի՞նչ կարող ենք սովորել քաջության հարցում օրինակ թողած անհատներից։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ քաջ լինել։
ՔԱՋ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՏՎԱԾ ԱՇԽԱՐՀՈՒՄ
3. Ի՞նչ կանխագուշակեց Ենոքը անաստված մարդկանց մասին։
3 Ջրհեղեղից առաջ քաջություն էր հարկավոր ամբարիշտ մարդկանց Եհովայի մասին վկայություն տալու համար։ Այդուհանդերձ, «Ենոքը, որ Ադամից հետո յոթերորդն էր», խիզախորեն հայտնեց հետևյալ մարգարեական լուրը. «Ահա Եհովան եկավ իր բյուրավոր սուրբ հրեշտակներով, որպեսզի դատաստան տեսնի բոլորի հետ և դատապարտի բոլոր անաստվածներին իրենց աստվածամերժ գործերի և բոլոր այն սարսափելի խոսքերի համար, որ անաստված մեղավորները խոսեցին նրա դեմ» (Հուդա 14, 15)։ Ենոքը խոսում էր անցյալ ժամանակով, ասես այդ մարգարեությունն արդեն կատարվել էր։ Դա ցույց էր տալիս, որ այն անպայման իրականանալու էր։ Եվ իրոք, անաստված մարդիկ ոչնչացվեցին համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ։
4. Ինչպիսի՞ հանգամանքներում Նոյը «Աստծու հետ քայլեց»։
4 Ջրհեղեղը եղավ մ.թ.ա. 2370թ.-ին՝ Ենոքի մարգարեական ծառայության ավարտից ավելի քան 650 տարի անց։ Այդ ընթացքում ծնվեց Նոյը, ընտանիք կազմեց և իր որդիների հետ տապան շինեց։ Անհնազանդ հրեշտակները ֆիզիկական մարմիններ էին հագել, ամուսնացել էին գեղեցիկ աղջիկների հետ ու նեֆիլիմներ ծնել։ Մարդկանց չարությունը շատացել էր, ու երկիրը լցվել էր բռնությամբ (Ծննդ. 6։1–5, 9, 11)։ Չնայած այս ամենին՝ Նոյը «ճշմարիտ Աստծու հետ քայլեց» ու խիզախորեն վկայություն տվեց որպես «արդարության քարոզիչ» (կարդա՛ 2 Պետրոս 2։4, 5)։ Այս վերջին օրերում մենք էլ պետք է այդպիսի քաջություն ունենանք։
ՆՐԱՆՔ ՀԱՎԱՏ ՈՒ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑԻՆ
5. Ինչպե՞ս Մովսեսը հավատ ու քաջություն դրսևորեց։
5 Հավատի ու քաջության հարցում հրաշալի օրինակ է թողել Մովսեսը (Եբր. 11։24–27)։ Մ.թ.ա. 1513–1473թթ.-ին Աստված նրա միջոցով իսրայելացիներին դուրս բերեց Եգիպտոսից և առաջնորդեց անապատում։ Սկզբում Մովսեսին թվում էր, թե չի կարող կատարել այդ նշանակումը, սակայն, ի վերջո, ստանձնեց այն (Ելք 6։12)։ Նա և իր եղբայր Ահարոնը կրկին ու կրկին գնացին Եգիպտոսի բռնակալ փարավոնի մոտ ու քաջաբար հայտնեցին այն տասը պատուհասների մասին, որոնցով Եհովան պատվազուրկ արեց եգիպտական աստվածներին ու ազատեց իր ժողովրդին (Ելք, գլուխ 7–12)։ Մովսեսը հավատ ու քաջություն դրսևորեց, քանի որ Աստված միշտ աջակցում էր նրան, ինչպես որ մեզ այսօր (2 Օրենք 33։27)։
6. Եթե իշխանությունները հարցաքննեն մեզ, ինչպե՞ս կկարողանանք քաջությամբ վկայություն տալ։
6 Մենք պետք է Մովսեսի պես քաջ լինենք, քանի որ Հիսուսն ասաց. «Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին։ Սակայն երբ նրանք մատնեն ձեզ դատարաններին, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, քանի որ այդ ժամին կտրվի ձեզ այն, ինչ որ պետք է խոսեք, որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր ոգին է խոսելու ձեր միջոցով» (Մատթ. 10։18–20)։ Եթե իշխանությունները հարցաքննեն մեզ, Եհովայի ոգին կօգնի հավատով ու քաջությամբ հարգալից վկայություն տալու (կարդա՛ Ղուկաս 12։11, 12)։
7. Ինչո՞ւ էր Հեսուն քաջ ու հաջողակ։
7 Մովսեսի հետնորդը՝ Հեսուն, կանոնավորաբար ուսումնասիրելով Աստծու Օրենքը, կերտեց իր հավատը և լցվեց քաջությամբ։ Մ.թ.ա. 1473թ.-ին Իսրայելը պատրաստ էր մտնելու Ավետյաց երկիր։ «Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր»,— պատվիրեց Աստված նրան։ Եթե Հեսուն Օրենքին ներդաշնակ վարվեր, իմաստությամբ կգործեր ու հաջողության կհասներ։ «Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր,— ասվեց Հեսուին,— քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս» (Հեսու 1։7–9)։ Որքա՜ն պետք է որ այս խոսքերը զորացրած լինեին Հեսուին։ Եվ իրոք, Աստված նրա հետ էր, քանի որ ընդամենը վեց տարում՝ մինչև մ.թ.ա. 1467թ., ժողովուրդը գրավեց Ավետյաց երկրի մեծ մասը։
ԿԱՆԱՅՔ, ՈՎՔԵՐ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑԻՆ
8. Հավատի ու քաջության ի՞նչ օրինակ է թողել Ռախաբը։
8 Դարերի ընթացքում եղել են բազմաթիվ կանայք, ովքեր քաջաբար թիկունք են կանգնել ճշմարիտ երկրպագությանը։ Օրինակ՝ Երիքովում բնակվող պոռնիկ Ռախաբը հավատ դրսևորեց Աստծու հանդեպ՝ քաջաբար թաքցնելով իսրայելացի երկու հետախույզներին ու սխալ ուղղությամբ ուղարկելով քաղաքի թագավորի մարդկանց։ Երբ իսրայելացիները գրավեցին Երիքովը, Ռախաբին ու նրա ընտանիքին ողջ թողեցին։ Այդ կինը վերջ դրեց իր մեղավոր ընթացքին, սկսեց հավատարմորեն երկրպագել Եհովային ու դարձավ Մեսիայի նախամայրը (Հեսու 2։1–6; 6։22, 23; Մատթ. 1։1, 5)։ Որքա՜ն նա օրհնվեց իր հավատի ու քաջության համար։
9. Դեբորան, Բարակն ու Հայելը ինչպե՞ս քաջություն դրսևորեցին։
9 Հեսուի մահից հետո՝ մ.թ.ա. մոտ 1450թ.-ին, Իսրայելում դատավորներն էին ղեկավարում։ Քանանի թագավոր Հաբինը 20 տարի հարստահարում էր իսրայելացիներին։ Աստված Դեբորա մարգարեուհու միջոցով Բարակ դատավորին մղեց քայլեր ձեռնարկելու։ Բարակը Թաբոր լեռան վրա հավաքեց 10000 տղամարդկանց և պատրաստվեց պատերազմելու Հաբինի զորագլուխ Սիսարայի դեմ, որն իր զորքով և 900 մարտակառքով մտել էր Կիսոն հեղեղատ։ Երբ իսրայելացիները լեռան վրայից իջան, Աստված մի հեղեղ տեղաց, որի պատճառով ռազմի դաշտը ճահճի վերածվեց, և մարտակառքերը չկարողացան առաջ շարժվել։ Բարակի մարդիկ հաղթանակ տարան, ու «Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ»։ Սիսարան ապաստան գտավ Հայելի վրանում, սակայն վերջինս սպանեց նրան, երբ նա քնած էր։ Բարակին ուղղված Դեբորայի մարգարեական խոսքերի համաձայն՝ այս հաղթանակի փառքը կնոջ տրվեց՝ Հայելին։ Քանի որ Դեբորան, Բարակն ու Հայելը քաջաբար գործեցին, Իսրայելը «քառասուն տարի հանգստացավ» (Դատ. 4։1–9, 14–22; 5։20, 21, 31)։ Բազում տղամարդիկ և կանայք նմանատիպ հավատ ու խիզախություն են դրսևորել։
ՄԵՐ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՔԱՋՈՒԹՅԱՄԲ ԼՑՆԵԼ
10. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մեր խոսքերը կարող են քաջությամբ լցնել ուրիշներին։
10 Մեր խոսքերը կարող են քաջությամբ լցնել մեր հավատակիցներին։ Մ.թ.ա. 11-րդ դարում Դավիթ թագավորը իր որդի Սողոմոնին ասաց. «Քա՛ջ եղիր, զորացի՛ր և գործի՛ անցիր։ Մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, որովհետև Եհովա Աստվածը՝ իմ Աստվածը, քեզ հետ է։ Նա քեզ չի լքի ու չի թողնի, մինչև որ չավարտվեն Եհովայի տանը ծառայության համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները» (1 Տար. 28։20)։ Սողոմոնը քաջաբար գործեց ու Եհովայի համար Երուսաղեմում մի փառահեղ տաճար կառուցեց։
11. Քաջ իսրայելացի աղջկա խոսքերն ի՞նչ ազդեցություն ունեցան մի մարդու կյանքի վրա։
11 Մ.թ.ա. տասներորդ դարում մի քաջ իսրայելացի աղջկա խոսքերի շնորհիվ բորոտ մարդը օրհնվեց։ Աղջկան գերի էր վերցրել մի հրոսակախումբ, ու նա դարձել էր ասորիների բանակի զորագլուխ Նեեմանի ծառան։ Այդ մարդը բորոտությամբ էր տառապում։ Իմանալով, թե Եհովան Եղիսեի միջոցով ինչ հրաշքներ է արել՝ աղջիկը Նեեմանի կնոջն ասաց, որ եթե նրա ամուսինը գնա Իսրայել, Աստծու մարգարեն կբուժի նրան։ Նեեմանը գնաց, հրաշքով բուժվեց ու դարձավ Եհովայի երկրպագու (2 Թագ. 5։1–3, 10–17)։ Եթե երիտասարդ ես ու այդ աղջկա պես սիրում ես Աստծուն, նա կարող է քեզ քաջությամբ լցնել, որ վկայություն տաս ուսուցիչներիդ, համադասարանցիներիդ և ուրիշներին։
12. Եզեկիա թագավորի խոսքերն ի՞նչ ազդեցություն ունեցան իր հպատակների վրա։
12 Վտանգավոր իրավիճակում ճիշտ ընտրված խոսքերը կարող են դիմացինին քաջությամբ լցնել։ Երբ մ.թ.ա. ութերորդ դարում ասորիները դուրս եկան Երուսաղեմի դեմ, Եզեկիա թագավորը իր հպատակներին ասաց. «Քա՛ջ եղեք ու զորացե՛ք։ Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք Ասորեստանի թագավորից և նրա հետ եղող բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրա հետ եղողները։ Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ մեր Աստված Եհովան է, որ օգնի մեզ ու մեր պատերազմները մղի»։ Ի՞նչ ազդեցություն ունեցան թագավորի խոսքերը։ «Ժողովուրդը սիրտ առավ Հուդայի Եզեկիա թագավորի խոսքերից» (2 Տար. 32։7, 8)։ Երբ հալածանքի ենք ենթարկվում, նման խոսքերը մեզ և ուրիշ քրիստոնյաներին կարող են է՛լ ավելի մեծ քաջությամբ լցնել։
13. Աքաաբ թագավորի տան վերակացու Աբդիան ինչպե՞ս քաջություն դրսևորեց։
13 Երբեմն քաջություն ենք դրսևորում՝ տեղեկություններ չհայտնելով։ Մ.թ.ա. տասներորդ դարում Աքաաբ թագավորի տան վերակացու Աբդիան քաջաբար Եհովայի հարյուր մարգարեների «հիսուն-հիսուն թաքցրեց քարայրերում», որպեսզի չար Հեզաբել թագուհու հրամանով նրանք չսպանվեն (1 Թագ. 18։4)։ Աստվածավախ Աբդիայի պես՝ մեր ժամանակներում Եհովայի բազում հավատարիմ ծառաներ քաջաբար պաշտպանել են իրենց հավատակիցներին՝ հակառակորդներին նրանց մասին տեղեկություններ չհայտնելով։
ԵՍԹԵՐ ՔԱՋ ԹԱԳՈՒՀԻՆ
14, 15. Եսթեր թագուհին ինչպե՞ս հավատ ու քաջություն դրսևորեց, և արդյունքն ի՞նչ եղավ։
14 Եսթեր թագուհին մեծ հավատ ու քաջություն դրսևորեց, երբ մ.թ.ա. հինգերորդ դարում պարսկական կայսրությունում ապրող հրեաների կյանքը վտանգի էր ենթարկված չար Համանի ծրագրած ցեղասպանության պատճառով։ Հասկանալի է, թե ինչու էին նրանք ողբում, ծոմ պահում և, անկասկած, ամբողջ սրտով աղոթում (Եսթ. 4։1–3)։ Եսթեր թագուհին շատ մտահոգ էր։ Նրա զարմիկ Մուրթքեն նրան ուղարկեց հաստատված օրենքի պատճենը, որի նպատակն էր կործանել հրեաներին, ու պատվիրեց, որ գնա թագավորի մոտ և նրա բարեհաճությունն աղերսելով՝ խնդրի հրեաների համար։ Սակայն ցանկացած մարդ, ով առանց կանչվելու գնում էր թագավորի մոտ, մահվան էր մատնվում (Եսթ. 4։4–11)։
15 Այդուհանդերձ, Մուրթքեն Եսթերին ասաց. «Եթե այս ժամանակ լուռ մնաս.... ազատագրումը ուրիշ տեղից կգա.... Եվ ո՞վ գիտի, գուցե հենց այս ժամանակի համար ես դու թագուհի դարձել»։ Եսթերը Մուրթքեին ասաց, որ հավաքի Շուշանում եղող հրեաներին և իր համար ծոմ պահեն։ «Ես էլ.... ծոմ կպահեմ,— ասաց նա,— իսկ հետո կմտնեմ թագավորի մոտ, թեև դա օրենքի դեմ է, և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ» (Եսթ. 4։12–17)։ Եսթերը քաջությամբ գործեց, և նրա անունը կրող գրքից իմանում ենք, որ Աստված ազատագրեց իր ժողովրդին։ Մեր օրերում օծյալ քրիստոնյաներն ու նրանց ընկերակիցները նման քաջություն են դրսևորում փորձությունների ժամանակ, և «աղոթքներ Լսողը» միշտ նեցուկ է կանգնում նրանց (կարդա՛ Սաղմոս 65։2; 118։6)։
«ՔԱՋԱՑԻ՛Ր»
16. Հիսուսը ի՞նչ օրինակ է թողել փոքրերին։
16 Մի անգամ՝ մ.թ. առաջին դարում, 12-ամյա Հիսուսը տաճարում «ուսուցիչների մեջ նստած՝ լսում ու հարցեր էր տալիս»։ Իսկ «բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով» (Ղուկ. 2։41–50)։ Թեև Հիսուսը փոքր էր, սակայն բավականաչափ հավատ ու քաջություն ուներ, որպեսզի տարիքով մեծ ուսուցիչներին տաճարում հարցեր տար։ Հիսուսի օրինակը հիշելը կօգնի քրիստոնեական ժողովի երեխաներին առիթը բաց չթողնելու և «պատասխան տալու ամեն մարդու, ով իրենցից բացատրություն կպահանջի իրենց մեջ եղած հույսի համար» (1 Պետ. 3։15)։
17. Հիսուսն ինչո՞ւ հորդորեց իր աշակերտներին քաջ լինել, և ինչո՞ւ մենք դրա կարիքն ունենք։
17 Հիսուսը հորդորեց մարդկանց, որ «քաջ լինեն», «քաջանան» (Մատթ. 9։2, 22)։ Իր աշակերտներին նա ասաց. «Ահա ժամը գալիս է և արդեն եկել է, երբ դուք կցրվեք՝ ամեն մեկդ իր տունը, ու ինձ մենակ կթողնեք։ Սակայն ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։ Այս բաները ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։32, 33)։ Հիսուսի վաղ հետևորդների պես՝ մենք ատված ենք աշխարհի կողմից, բայց եկեք չնմանվենք աշխարհին։ Խորհելով Աստծու Որդու քաջության շուրջ՝ մենք ևս քաջությամբ կլցվենք, ինչը կօգնի մեզ անարատ մնալու այս աշխարհում։ Հիսուսը հաղթեց աշխարհին, նույնը կարող ենք անել և մենք (Հովհ. 17։16; Հակ. 1։27)։
«ՔԱ՛Ջ ԵՂԻՐ»
18, 19. Պողոս առաքյալն ինչպե՞ս ցույց տվեց, որ հավատ ու քաջություն ունի։
18 Պողոս առաքյալը բազում դժվարությունների էր բախվում։ Մի անգամ, եթե հռոմեացի զինվորները չփրկեին առաքյալին, Երուսաղեմի հրեաները նրան կտոր-կտոր կանեին։ Գիշերը «Տերը կանգնեց նրա կողքին ու ասաց. «Քա՛ջ եղիր, որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայություն տվեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»» (Գործ. 23։11)։ Պողոսը քաջությամբ լցվեց։
19 Նա անվախորեն հանդիմանեց «գերընտիր առաքյալներին», որոնք ուզում էին ապականել Կորնթոսի ժողովը (2 Կորնթ. 11։5; 12։11)։ Ի տարբերություն նրանց՝ Պողոսը կարող էր ապացուցել, որ առաքյալ է, քանի որ բանտարկվել էր, ծեծվել էր, ճամփորդելիս վտանգների էր ենթարկվել, բազում այլ դժվարություններ էր ունեցել, քաղցած ու ծարավ էր մնացել, անքուն գիշերներ էր անցկացրել և խորապես մտահոգված էր իր հավատակիցներով (կարդա՛ 2 Կորնթացիներ 11։23–28)։ Հավատի ու քաջության ինչպիսի՜ դրսևորում, և այդ ամենը վկայում էր Աստծու տված զորության մասին։
20, 21. ա) Օրինակով ցույց տուր, թե ինչու պետք է անդադար լցվենք քաջությամբ։ բ) Ո՞ր հանգամանքներում պետք է քաջություն դրսևորենք և ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
20 Ոչ բոլոր քրիստոնյաներն են դաժան հալածանքների ենթարկվելու։ Սակայն բոլորն էլ խիզախության կարիք ունեն, որպեսզի հաղթահարեն կյանքի դժվարությունները։ Տեսնենք մի օրինակ։ Բրազիլիայում ապրող մի երիտասարդ բանդայի անդամ էր։ Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ նա հասկացավ, որ պետք է փոփոխություններ անի իր կյանքում։ Բայց սովորաբար, երբ որևէ մեկը դուրս էր գալիս բանդայից, նրան սպանում էին։ Այդ երիտասարդը աղոթեց ու բանդայի պարագլխին Աստվածաշնչով ցույց տվեց, թե ինչու չի կարող մնալ նրանց հետ։ Առանց պատժամիջոցներ կիրառելու՝ երիտասարդին բաց թողեցին, ու նա դարձավ Թագավորության քարոզիչ։
21 Բարի լուրը քարոզելու համար նույնպես քաջություն է հարկավոր։ Քրիստոնյա պատանիներն այս հատկության կարիքն ունեն, որ դպրոցում պահեն իրենց անարատությունը։ Քաջություն է հարկավոր, որ անհատը գործատիրոջից թույլտվություն խնդրի համաժողովի ծրագրի բոլոր մասերին ներկա գտնվելու համար։ Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Ինչ դժվարությունների էլ որ բախվենք, Եհովան կլսի «հավատով արված [մեր] աղոթքը» (Հակ. 5։15)։ Եվ, ինչ խոսք, կտա իր սուրբ ոգին, որ մենք «քաջ լինենք և շատ զորանանք»։
[նկար 11-րդ էջի վրա]
Ենոքը քաջաբար քարոզեց անաստված աշխարհում
[նկար 12-րդ էջի վրա]
Հայելը խիզախ էր և անվախ