Քա՛ջ եղիր. Եհովան քեզ հետ է
«Քա՛ջ եղիր.... քո Աստված Եհովան քեզ հետ է» (ՀԵՍՈՒ 1։9)։
1, 2. ա) Դժվարությունները հաղթահարելու համար ո՞ր հատկությունների կարիքն ունենք։ բ) Ինչպե՞ս կսահմանես հավատը։ Բացատրիր օրինակով։
ԵՀՈՎԱՅԻՆ ծառայելը ուրախություն է բերում։ Այդուհանդերձ, մենք էլ մյուս մարդկանց պես բախվում ենք դժվարությունների։ Գուցե «հանուն արդարության չարչարվենք» էլ (1 Պետ. 3։14; 5։8, 9; 1 Կորնթ. 10։13)։ Դժվարությունները հաղթահարելու համար մենք հավատի ու քաջության կարիք ունենք։
2 Իսկ ի՞նչ է հավատը։ Պողոս առաքյալը գրեց. «Հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբր. 11։1)։ «Լիակատար համոզվածություն» թարգմանված հունարեն արտահայտությունը հնում հաճախ էր օգտագործվում գործարար փաստաթղթերում։ Այն նշանակում էր ապագայում ինչ-որ բան ստանալու երաշխիք։ Նմանապես նրանք, ովքեր հավատում են, որ Աստված իրականացնելու է իր խոստումները, ստանում են երաշխիք, որ կտեսնեն Եհովայի խոստումների կատարումը։ Մենք լիովին համոզված ենք սրանում։
3, 4. ա) Ի՞նչ է քաջությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ հավատ ու քաջություն ունենալ։
3 Աստվածաշնչի մի բառարանում ասվում է, որ քաջությունը «այն հոգևոր, էմոցիոնալ և բարոյական ուժն է, որի շնորհիվ մարդը դժվարությունների ժամանակ և վտանգավոր իրավիճակներում խոսում ու գործում է առանց վախի» (The New Interpreter’s Dictionary of the Bible)։ Քաջ մարդը ուժեղ է, վճռական, պատրաստ է ընդունելու դժվարությունները (Մարկ. 6։49, 50; 2 Տիմոթ. 1։7)։
4 Երբեմն գուցե զգանք, որ ավելի շատ հավատի ու քաջության կարիք ունենք։ Աստվածաշնչում խոսվում է Եհովայի բազում հավատարիմ ծառաների մասին, ովքեր հավատի և քաջության լավ օրինակներ են։ Ուստի ավելի շատ հավատ ու քաջություն ունենալու համար մենք պետք է ընդօրինակենք նրանց։ Քննենք այդ հավատարիմներից մի քանիսի օրինակը։
ԵՀՈՎԱՆ ՀԵՍՈՒԻ ՀԵՏ ԷՐ
5. Հաջողության հասնելու համար ի՞նչ էր անհրաժեշտ Հեսուին։
5 Եկեք մտովի տեղափոխվենք անցյալ՝ մեզանից 3500 տարի առաջ։ Քառասուն տարի է, ինչ իսրայելացիները Եհովայի հզոր ձեռքով ազատվել են Եգիպտոսի լծից։ Ժողովրդին առաջնորդում է 120 տարեկան Մովսեսը։ Նա բարձրանում է Նաբավ լեռը, այնտեղից դիտում Ավետյաց երկիրը, այնուհետև մահանում հենց այդ լեռան վրա։ Մովսեսին հաջորդում է Հեսուն, որը «լի է իմաստության ոգով» (2 Օրենք 34։1–9)։ Շուտով իսրայելացիները սկսելու են նվաճել Քանանի երկիրը։ Նրանց լավ առաջնորդելու համար Հեսուն աստվածային իմաստության կարիք ունի։ Նա պետք է հավատա Եհովային, լինի քաջ և ամուր (2 Օրենք 31։22, 23)։
6. ա) Ըստ Հեսու 23։6-ի՝ ո՞ր հարցում քաջության կարիք ունենք։ բ) Ի՞նչ ենք սովորում Գործեր 4։18–20, 5։29 համարներից։
6 Հեսուի դրսևորած իմաստությունը, քաջությունը և հավատը, անշուշտ, զորացրին իսրայելացիներին Քանանը նվաճելու տարիներին։ Բայց ժողովրդին քաջություն էր պետք ոչ միայն մարտի դաշտում կռվելու, այլև Աստծուն հնազանդվելու համար։ Իր կյանքի վերջում Հեսուն իսրայելացիներին ասաց. «Դուք պետք է շատ քաջ լինեք, որպեսզի պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ երբեք չշեղվեք դրանից աջ կամ ձախ» (Հեսու 23։6)։ Եհովային միշտ հնազանդվելու համար մենք նույնպես քաջության կարիք ունենք։ Օրինակ՝ մեզ քաջություն է պետք, երբ մարդիկ պահանջում են, որ Աստծու կամքին հակառակ վարվենք (կարդա՛ Գործեր 4։18–20; 5։29)։ Եթե աղոթենք Եհովային, որ առաջնորդի մեզ, և եթե վստահենք նրան, ապա նա կօգնի, որ քաջ լինենք։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԵՋ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼ
7. Ի՞նչ պետք է աներ Հեսուն, որ քաջ ու հաջողակ լիներ։
7 Ինչպես տեսնում ենք, Աստծու կամքը կատարելու համար քաջություն է պետք, իսկ այդ քաջությունը կարող ենք ստանալ նրա Խոսքից. պարզապես հարկավոր է այն ուսումնասիրել և սովորածը կիրառել։ Երբ Հեսուն նշանակվեց առաջնորդ, Եհովան նրան ասաց. «Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր, որ ամեն ինչ անես այն ամբողջ օրենքի համաձայն, որն իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրեց.... Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո բերանից, այլ օր ու գիշեր այն կարդա, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ. այդ ժամանակ քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես» (Հեսու 1։7, 8)։ Հեսուն հետևեց այս խորհրդին, և «նրա ճանապարհը հաջողակ եղավ»։ Եթե մենք նրա պես վարվենք, ապա քաջ և հաջողակ կլինենք Աստծուն ծառայելիս։
2013թ. տարվա խոսքն է. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր.... քո Աստված Եհովան քեզ հետ է» (Հեսու 1։9)
8. Ո՞րն է 2013թ. տարվա խոսքը, և այն ինչպե՞ս կարող է օգնել քեզ։
8 Անշուշտ, Հեսուն շատ զորացավ Եհովայի հետևյալ խոսքերից. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր։ Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս» (Հեսու 1։9)։ Եհովան նաև մեզ հետ է։ Ուստի եկեք ոչ մի փորձությունից «չսարսափենք ու չզարհուրենք»։ Հատկապես ուշագրավ են հետևյալ խոսքերը. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր.... Քո Աստված Եհովան քեզ հետ է»։ Հեսու 1։9-ի այս խոսքերը ընտրվել են որպես 2013թ. տարվա խոսք։ Այս խոսքերը, ինչպես նաև հավատարիմ ու քաջ ծառաների խոսքերն ու գործերը կզորացնեն մեզ ողջ տարվա ընթացքում։ Իսկ հիմա քննենք մի քանի հավատարիմների օրինակներ, ովքեր դրսևորել են մեծ հավատ ու քաջություն։
ՌԱԽԱԲԸ, ՀՌՈՒԹԸ
9. Ռախաբն ինչպե՞ս հավատ և քաջություն դրսևորեց։
9 Երբ Հեսուն երկու հետախույզ ուղարկեց Քանան, պոռնիկ Ռախաբը թաքցրեց նրանց, իսկ թշնամիներին ուղարկեց ուրիշ ուղղությամբ։ Իր հավատի ու քաջության համար Ռախաբն ու իր ընտանիքը կենդանի մնացին, երբ իսրայելացիները գրավեցին Երիքովը (Եբր. 11։30, 31; Հակ. 2։25)։ Անկասկած, Ռախաբը թողեց անբարո կյանքը, որպեսզի ունենա Եհովայի հավանությունը։ Այսօր էլ շատերից հավատ, քաջություն և բարոյական ուժ է պահանջվել, որպեսզի նման փոփոխություններ անեն իրենց կյանքում և արժանանան Եհովայի հավանությանը։
10. Ինչպե՞ս Հռութը սկսեց երկրպագել Եհովային և ի՞նչ օրհնություններ ստացավ դրա համար։
10 Հռութը, որը մովաբացի էր, ապրել է Հեսուից հետո։ Քանի որ նա իսրայելացու կին էր եղել, հավանաբար որոշ բաներ գիտեր Եհովայի մասին։ Նրա սկեսուրը՝ Նոյեմին, որոշեց Մովաբից վերադառնալ Իսրայել՝ Բեթլեհեմ քաղաք։ Ճանապարհին Նոեմին հորդորեց Հռութին վերադառնալ իր ժողովրդի մոտ, բայց վերջինս ասաց. «Մի՛ խնդրիր, որ թողնեմ քեզ ու հետ դառնամ.... Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի» (Հռութ 1։16)։ Ժամանակի ընթացքում Հռութը ամուսնացավ Նոեմիի ազգական Բոոսի հետ, ծնեց որդի ու դարձավ Դավթի և Հիսուսի նախամայրը։ Այո՛, Եհովան օրհնում է նրանց, ովքեր հավատ ու քաջություն են դրսևորում (Հռութ 2։12; 4։17–22; Մատթ. 1։1–6)։
ՇԱՏԵՐԸ ՎՏԱՆԳԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ
11. Ինչպե՞ս Հովիադան ու Հովսաբեեն քաջություն դրսևորեցին, և ի՞նչ արդյունքներ դա բերեց։
11 Մեր հավատն ամրանում է, և մենք ավելի քաջ ենք դառնում, երբ տեսնում ենք, որ Աստված նրանց հետ է, ովքեր Աստծու շահերը և հավատակիցների բարօրությունը վեր են դասում սեփական շահերից։ Այդպիսի ծառաներից էին քահանայապետ Հովիադան և նրա կին Հովսաբեեն։ Երբ Օքոզիա թագավորը մահացավ, նրա մայր Գոթողիան սպանեց ամբողջ թագավորական սերնդին, բացի Օքոզիայի որդի Հովասից, և զավթեց գահը։ Հովիադան և Հովսաբեեն, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, հասցրել էին թաքցնել Հովասին։ Նրան գաղտնի պահեցին վեց տարի։ Յոթերորդ տարում Հովիադան Հովասին թագավոր հռչակեց, իսկ Գոթողիային սպանել տվեց (2 Թագ. 11։1–16)։ Հետագայում, երբ Հովաս թագավորը սկսեց վերանորոգել տաճարը, Հովիադան աջակցեց նրան։ Նա մահացավ 130 տարեկանում։ Հովիադային թաղեցին թագավորների մոտ, «որովհետև նա բարիք էր գործել Իսրայելում ճշմարիտ Աստծու և նրա տան համար» (2 Տար. 24։15, 16)։ Հովիադայի և նրա կնոջ քաջ գործերի շնորհիվ պահպանվեց Դավթի արքայական գիծը, որը տանելու էր դեպի Մեսիան։
12. Ինչպե՞ս Աբդիմելեքը քաջություն դրսևորեց։
12 Աբդիմելեքը, որը ներքինի էր Սեդեկիա թագավորի տանը, իր կյանքը վտանգի ենթարկեց Երեմիայի համար։ Հուդայի իշխանները մարգարեին անհիմն կերպով մեղադրեցին ապստամբություն հրահրելու մեջ, և թագավորը Երեմիային հանձնեց նրանց ձեռքը։ Իշխանները նրան գցեցին ցեխով լի ջրամբարը, որպեսզի նա այնտեղ մեռնի (Երեմ. 38։4–6)։ Աբդիմելեքը Սեդեկիային խնդրեց, որ Երեմիային հանել տա ջրամբարից, թեև այդ քայլով նա իրեն վտանգավոր վիճակի մեջ էր դնում, որովհետև շատերը ատում էին Երեմիային։ Սեդեկիան համաձայնվեց և 30 մարդ տվեց Աբդիմելեքին։ Եհովան Երեմիայի միջոցով Աբդիմելեքին հավաստիացրեց, որ նա կենդանի կմնա Երուսաղեմի պաշարման ժամանակ (Երեմ. 39։15–18)։ Այո՛, Աստված վարձատրում է նրանց, ովքեր անվախորեն իր կամքն են անում։
13. Երեք հրեաներն ինչպե՞ս քաջություն դրսևորեցին, և նրանց օրինակն ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
13 Մ.թ.ա. 7-րդ դարում երեք հրեա երիտասարդներ համոզվեցին, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր քաջություն և հավատ են դրսևորում։ Նաբուգոդոնոսոր թագավորը հավաքեց Բաբելոնի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանցից պահանջեց, որ երկրպագեն մի հսկա ոսկե արձանի։ Ով չերկրպագեր, գցվելու էր կրակով բորբոքված հնոցը։ Երեք հրեաները հարգալից տոնով Նաբուգոդոնոսորին ասացին. «Աստված, որին մենք ծառայում ենք, կարող է փրկել մեզ։ Կրակով բորբոքված հնոցից ու քո ձեռքից նա կփրկի մեզ, բայց եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք ծառայի և քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագի» (Դան. 3։16–18)։ Դանիել 3։19–30-ում վառ կերպով նկարագրվում է, թե ինչպես ազատվեցին այս երեք հրեաները։ Մեզ գուցե երբևէ չսպառնա կրակով բորբոքված հնոցը, այդուհանդերձ մեր անարատությունը այս կամ այն ձևով կարող է փորձվել։ Կարող ենք վստահ լինել, որ Աստված կօրհնի մեզ, եթե դրսևորենք հավատ ու քաջություն։
14. Դանիելն ինչպե՞ս քաջություն դրսևորեց, և ի՞նչ եղավ արդյունքում։
14 Դանիելը հավատ և քաջություն դրսևորեց, երբ նրա թշնամիները համոզեցին Դարեհ թագավորին ստորագրել մի գրություն, որի համաձայն՝ ով որ երեսուն օրվա ընթացքում, բացի թագավորին դիմելուց, խնդրանքով դիմի որևէ աստծու կամ մարդու, պետք է գցվի առյուծների գուբը։ «Դանիելը, հենց որ իմացավ, որ գրությունը ստորագրվել է, մտավ իր տուն։ Նրա վերնասենյակի այն պատուհանները, որոնք նայում էին Երուսաղեմին, բաց էին։ Նա շարունակեց ծնկի գալ, աղոթել ու գովաբանել իր Աստծուն օրը երեք անգամ, ինչպես որ առաջ էր կանոնավորաբար անում» (Դան. 6։6–10)։ Քաջ Դանիելը հայտնվեց առյուծների գուբում, բայց Եհովան ազատեց նրան (Դան. 6։16–23)։
15. ա) Հավատի ու քաջության ի՞նչ օրինակ են Ակյուղասն ու Պրիսկիղան։ բ) Ի՞նչ են նշանակում Հիսուսի այն խոսքերը, որ գրված են Հովհաննես 13։34-ում, և բազմաթիվ քրիստոնյաներ ինչպե՞ս են այդպիսի սեր դրսևորել։
15 Աստվածաշունչն ասում է, որ Ակյուղասն ու Պրիսկիղան Պողոսի «կյանքը փրկելու համար իրենց գլուխը վտանգեցին» (Գործ. 18։2; Հռոմ. 16։3, 4)։ Նրանք իսկապես քաջ էին և վարվեցին Հիսուսի հետևյալ խոսքերի համաձայն. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար» (Հովհ. 13։34)։ Մովսիսական օրենքում էլ էր նման պատվիրան գրված. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես» (Ղևտ. 19։18)։ Այդ դեպքում ինչո՞վ էր «նոր» Հիսուսի պատվիրանը։ Այն «նոր» էր այն իմաստով, որ հարկավոր էր պատրաստ լինել Հիսուսի պես նույնիսկ սեփական կյանքը տալու դիմացինի համար։ Բազմաթիվ քրիստոնյաներ անվախորեն «վտանգել են իրենց գլուխը», որպեսզի իրենց հավատակիցները չենթարկվեն դաժան վերաբերմունքի կամ չսպանվեն թշնամիների կողմից (կարդա՛ 1 Հովհաննես 3։16)։
16, 17. Հավատի ի՞նչ փորձությունների միջով են անցել քրիստոնյաները առաջին դարում և մեր օրերում։
16 Հիսուսի պես՝ առաջին դարի քրիստոնյաները համարձակորեն երկրպագում էին միայն Եհովային (Մատթ. 4։8–10)։ Նրանք հրաժարվում էին խունկ վառել Հռոմի կայսրի պատվին (տե՛ս 10-րդ էջի նկարը)։ Դանիել Մանիքսը գրել է. «Շատ քիչ քրիստոնյաներ ուրացան, թեև խնկի զոհասեղանը, որի վրա կրակ կար, նրանց հարմարության համար դրված էր արենայում։ Բանտարկյալից պահանջվում էր ընդամենը մի պտղունց խունկ գցել կրակի մեջ, և նա կստանար զոհաբերության վկայականը ու ազատ կարձակվեր։ Նաև նրան մանրամասնորեն բացատրում էին, որ խունկ գցելով՝ ինքը չի երկրպագում կայսրին, այլ պարզապես ընդունում է կայսրի՝ որպես հռոմեական պետության ղեկավարի, աստվածային լինելը։ Բայց գրեթե ոչ մի քրիստոնյա չօգտվեց այդ հնարավորությունից» (Those About to Die)։
17 Նացիստական համակենտրոնացման ճամբարներում գտնվող քրիստոնյաներին նացիստները բազմիցս առաջարկեցին ստորագրել Եհովայից հրաժարվելու մասին փաստաթուղթ և ազատություն ձեռք բերել։ Շատ քչերը դա արեցին։ Իսկ երբ Ռուանդայում պատերազմ էր, ազգությամբ տուտսի և հուտու Վկաները, մահվան սպառնալիքի ներքո, պաշտպանեցին իրար։ Այդպիսի փորձությունների միջով անցնելու համար անհրաժեշտ են քաջություն և հավատ։
ՀԻՇԻՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՔԵԶ ՀԵՏ Է
18, 19. Հավատի և քաջության մասին սուրբգրային ո՞ր օրինակները կարող են օգնել մեզ քարոզչական գործում։
18 Այսօր մենք առանձնաշնորհում ունենք անելու մեծագույն հանձնարարությունը, որ Աստծու ծառաները երբևէ ստացել են՝ քարոզել Թագավորության մասին լուրը և պատրաստել աշակերտներ (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Մենք երախտապարտ ենք Եհովային Հիսուսի անզուգական օրինակի համար։ Քրիստոսը «շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկ. 8։1)։ Նրա պես՝ մենք հավատի և քաջության կարիք ունենք բարի լուրը քարոզելու համար։ Աստծու օգնությամբ մենք կարող ենք լինել Նոյի պես, որն անվախորեն արդարություն էր քարոզում անաստված մարդկանց (2 Պետ. 2։4, 5)։
19 Քարոզչական գործում կարևոր է նաև աղոթելը։ Առաջին դարում քրիստոնյաները հալածանքի ժամանակ աղոթեցին Եհովային, որ «համարձակությամբ քարոզեն նրա խոսքը» (կարդա՛ Գործեր 4։29–31)։ Եթե վախ ես զգում տնետուն քարոզելիս, աղոթիր Եհովային, և նա քեզ կտա ավելի մեծ հավատ ու քաջությունa (կարդա՛ Սաղմոս 66։19, 20)։
20. Ի՞նչ աջակցություն ունեն Եհովայի ծառաները։
20 Այսպիսի անաստված աշխարհում դժվար է ընթանալ Աստծու ճանապարհով։ Բայց մենք աջակիցներ ունենք։ Աստված մեզ հետ է։ Մեզ հետ է նաև նրա Որդին՝ ժողովի գլուխը։ Բացի այդ, ամբողջ աշխարհում մենք ունենք յոթ միլիոն հավատակիցներ։ Եկեք նրանց հետ միասին շարունակենք հավատ դրսևորել և հռչակել բարի լուրը՝ մտքում պահելով 2013թ. տարվա խոսքը. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր.... քո Աստված Եհովան քեզ հետ է» (Հեսու 1։9)։
a Քաջության և հավատի մասին ավելի շատ օրինակների համար տե՛ս «Դիտարան», 2012, փետրվարի 15, «Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր» հոդված։