-
Ինչո՞ւ արժե ապրել2014 Արթնացե՛ք | ապրիլ
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Ինչո՞ւ արժե ապրել
ՉՆԱՅԱԾ Դիանանa խելացի, ընկերասեր ու շփվող աղջիկ է, սակայն նրա հմայիչ արտաքինի հետևում թաքնված է քայքայիչ հուսահատություն, որի պատճառով նա օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ շարունակ անարժեքության զգացում է ունենում։ «Մի օր անգամ չի լինում, որ չմտածեմ ինքնասպանության մասին,— ասում է նա։— Կարծում եմ, որ առանց ինձ մարդկանց համար կյանքն ավելի լավը կլինի»։
«Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ինքնասպանության փորձ է անում 200 հոգի, ինքնասպանության մասին մտածում է 400 հոգի, բայց ինքնասպանություն է գործում մեկը» («THE GAZETTE», ԿԱՆԱԴԱ, ՄՈՆՐԵԱԼ)։
Դիանան ասում է, որ երբեք ինքնասպան չի լինի։ Սակայն երբեմն նա ապրելու մեջ իմաստ չի տեսնում։ Նա ասում է. «Իմ ամենամեծ ցանկությունը ինչ-որ պատահարից մահանալն է։ Մահն ինձ համար ոչ թե թշնամի է, այլ ընկեր»։
Շատերին են ծանոթ Դիանայի զգացումները։ Ոմանք գուցե մտածել են կամ նույնիսկ փորձել են ինքնասպանություն գործել։ Մասնագետներն ասում են, որ ինքնասպանության փորձ անողներից շատերը իրականում չեն ցանկանում վերջ դնել իրենց կյանքին, այլ ընդամենը ուզում են վերջ դնել իրենց տառապանքին։ Նրանք կարծում են, թե մահանալու հիմնավոր պատճառ ունեն, ուստի պարզապես անհրաժեշտ է, որ նրանք ապրելու հիմնավոր պատճառ գտնեն։
Քննենք երեք պատճառ, թե ինչու արժե ապրել։
a Անունը փոխված է։
-
-
1 Քանի որ հանգամանքները փոխվում են2014 Արթնացե՛ք | ապրիլ
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ
1 Քանի որ հանգամանքները փոխվում են
«Ամեն կողմից ճնշված ենք, բայց նեղ դրության մեջ չենք, շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք» (2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 4։8)։
Ինքնասպանությունն անվանում են «ժամանակավոր խնդրի հավերժական լուծում»։ Որքան էլ դժվար լինի հավատալ, ամենածանր իրավիճակը, նույնիսկ այնպիսին, որը դու ի վիճակի չես փոխելու, գուցե ժամանակավոր լինի և անսպասելիորեն փոխվի դեպի լավը (տե՛ս «Նրանց հանգամանքները փոխվեցին» շրջանակը)։
Եթե իրավիճակդ առայժմ չի փոխվում, փորձիր քո ներկա խնդիրներին նորերը չավելացնել՝ մտահոգվելով վաղվա օրվա մասին։ Հիսուսն ասաց. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6։34)։
Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե անհնար է, որ հանգամանքներդ փոխվեն։ Ենթադրենք՝ անբուժելի հիվանդություն ունես կամ գուցե հուսահատվել ես մեկ այլ պատճառով, օրինակ՝ ամուսնալուծության կամ հարազատի մահվան։
Նույնիսկ նման դեպքերում կարող ես ինչ-որ բան փոխել. քո վերաբերմունքը իրավիճակի հանդեպ։ Եթե սովորես իրավիճակն ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, իրերին դրական տեսանկյունից կնայես (Առակներ 15։15)։ Նաև ավելի հավանական է, որ միջոցներ կփնտրես տոկալու տվյալ իրավիճակում և ծայրահեղ քայլերի չես դիմի։ Այդպիսով՝ կկարողանաս որոշ չափով վերահսկել իրավիճակը՝ փոխելով քո վերաբերմունքը (Հոբ 2։10)։
ՀԻՇԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հնարավոր չէ մեկ քայլով բարձրանալ լեռը, դա պետք է անել քայլ առ քայլ։ Նույնը կարելի է ասել նաև քեզ հանդիպող բազմաթիվ խնդիրների մասին, որքան էլ դրանք մեծ թվան։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ԱՅՍՕՐ։ Իրավիճակիդ մասին խոսիր որևէ մեկի հետ, օրինակ՝ ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամի, որը կարող է օգնել քեզ այդ հարցի վերաբերյալ ավելի հավասարակշռված տեսակետ ունենալու (Առակներ 11։14)։
-
-
2 Քանի որ հնարավոր է օգնություն ստանալ2014 Արթնացե՛ք | ապրիլ
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ
2 Քանի որ հնարավոր է օգնություն ստանալ
«Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 ՊԵՏՐՈՍ 5։7)։
Մահը գուցե ցանկալի դառնա այն ժամանակ, երբ թվա, թե ոչինչ չես կարող անել իրավիճակը փոխելու համար։ Քննենք մի քանի միջոց, որոնք կարող են օգնել քեզ։
Աղոթքը։ Աղոթքը պարզապես թեթևացում ստանալու միջոց չէ, ոչ էլ վերջին քայլն է, որին մարդը դիմում է՝ ծայրահեղ հուսահատության մեջ ընկնելով։ Աղոթքը զրույց է Եհովա Աստծու հետ, որը հոգ է տանում քո մասին։ Նա ցանկանում է, որ դու պատմես իրեն քո մտահոգությունների մասին։ Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22)։
Դու կարող ես հենց այսօր աղոթել Աստծուն։ Դիմիր նրան Եհովա անունով և սրտանց խոսիր նրա հետ (Սաղմոս 62։8)։ Նա ուզում է, որ դու իր ընկերը դառնաս (Եսայիա 55։6; Հակոբոս 2։23)։ Աղոթքը հաղորդակցության միջոց է, որից կարող ես օգտվել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։
Ըստ Ինքնասպանությունների կանխարգելման գծով ամերիկյան ֆոնդի՝ «ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել, որ ինքնասպան լինող մարդկանց մեծամասնությունը՝ 90 կամ ավելի տոկոսը, ունեցել են մտային խանգարումներ։ Սակայն հաճախ այդ խանգարումները չեն ախտորոշվել կամ չեն բուժվել»։
Քեզ սիրող մարդիկ։ Քո կյանքը արժեք ունի ուրիշների համար, այդ թվում ընտանիքիդ անդամների և ընկերներիդ, որոնք արդեն փաստել են, որ սիրում են քեզ։ Քո կյանքը կարևորում են նաև այնպիսի մարդիկ, որոնց գուցե երբևէ չես հանդիպել։ Օրինակ՝ Եհովայի վկաները ծառայության ժամանակ երբեմն հանդիպում են խոր վշտի մեջ գտնվող մարդկանց։ Այդ անհատներից ոմանք ասել են, որ շատ անհուսալի վիճակում են եղել և ցանկացել են վերջ դնել իրենց կյանքին։ Եհովայի վկաները նման մարդկանց օգնելու բացառիկ հնարավորություն են ունենում, երբ քարոզում են տնից տուն։ Հիսուսի նման՝ նրանք սիրում են իրենց մերձավորին։ Նրանք սիրում են նաև քեզ (Հովհաննես 13։35)։
Մասնագետների օգնությունը։ Եթե անհատն ունենում է ինքնասպանության մասին մտքեր, հաճախ դա ցույց է տալիս, որ նա ունի հուզական խանգարում, օրինակ՝ տառապում է դեպրեսիայով։ Հարկ չկա ամաչելու, եթե այդպիսի խնդիր ունես, ինչպես որ չէիր ամաչի, եթե որևէ այլ հիվանդություն ունենայիր։ Որոշ մասնագետներ դեպրեսիան համեմատում են հարբուխի հետ։ Ինչպես որ հարբուխի դեպքում է, դեպրեսիայով նույնպես կարող է հիվանդանալ ցանկացած մարդ։ Սակայն իմացիր, որ դեպրեսիան հնարավոր է բուժելa։
ՀԻՇԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Սովորաբար, հնարավոր չի լինում ինքնուրույն դուրս գալ խոր դեպրեսիվ վիճակից։ Սակայն եթե օգնություն ստանաս, կկարողանաս հաղթահարել այդ խնդիրը։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ԱՅՍՕՐ։ Գտիր փորձառու բժշկի, որը բուժում է մտային խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։
a Եթե շարունակ ունենում ես ինքնասպանության մասին մտքեր, օգտվիր օգնության տարբեր միջոցներից, օրինակ՝ կարող ես զանգահարել ինքնասպանության կանխարգելման թեժ գիծ կամ դիմել հոգեբանական օգնության կենտրոն։ Այնտեղ աշխատում են այնպիսի մասնագետներ, որոնք կարող են աջակցություն ցույց տալ քեզ։
-
-
3 Քանի որ հույս կա2014 Արթնացե՛ք | ապրիլ
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ
3 Քանի որ հույս կա
«Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (ՍԱՂՄՈՍ 37։11)։
Աստվածաշունչն ասում է, որ մարդու կյանքը «տագնապներով լի» է (Հոբ 14։1)։ Այսօր բոլորին էլ պատահում են մեծ ու փոքր դժբախտություններ։ Սակայն կան մարդիկ, որ անհույս վիճակում են և ավելի լավ ապագայի հույս չունեն։ Դու է՞լ ես նման իրավիճակում։ Եթե այո, ապա քեզ կարող է մխիթարել այն հույսը, որն Աստված իր Խոսքի միջոցով տալիս է ողջ մարդկությանը.
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովա Աստված հրաշալի ապագա է պատրաստել մեզ համար (Ծննդոց 1։28)։
Եհովա Աստված խոստանում է, որ մեր երկիրը դրախտի կվերածի (Եսայիա 65։21–25)։
Այդ խոստումը անշուշտ կկատարվի։ Հայտնություն 21։3, 4-ում ասվում է.
«Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։
Այդ հույսը լոկ պատրանք չէ։ Եհովա Աստված նպատակ ունի իրականություն դարձնելու այն, և դրա համար նա ունի և՛ զորություն, և՛ ցանկություն։ Աստվածաշնչյան այս հույսը վստահարժան է և հիմք է տալիս համոզվածությամբ ասելու, որ արժե՛ ապրել։
ՀԻՇԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ժամանակ առ ժամանակ հույզերդ գուցե տակն ու վրա լինեն։ Սակայն աստվածաշնչյան հույսը կարող է օգնել քեզ հավասարակշռություն պահելու։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ԱՅՍՕՐ։ Կարող ես իմանալ, թե ապագայի ինչ իրական հույս է տալիս Աստվածաշունչը։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն քեզ այդ հարցում։ Դու կարող ես դիմել նրանց կամ լրացուցիչ տեղեկություններ գտնել jw.org/hy-armn վեբ կայքումa։
a Առաջարկ։ Այցելիր jw.org/hy-armn կայք, ապա ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ բաժինը։ Այնտեղ փնտրիր «դեպրեսիա» կամ «ինքնասպանություն» բառերը՝ ավելի շատ տեղեկություն գտնելու համար։
-