ԴԱՍ 05
Աստվածաշունչը Աստծու ուղերձն է մեզ
Եհովան մի հրաշալի նվեր է տվել մեզ։ Այդ նվերը Աստվածաշունչն է, որը կազմված է 66 փոքր գրքերից։ Գուցե մտածես. «Ինչպե՞ս է գրվել Աստվածաշունչը։ Ո՞վ է այդ գրքի հեղինակը»։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար քննենք, թե ինչպես է Աստծու Խոսքը հասել մեզ։
1. Եթե մարդիկ են գրել Աստվածաշունչը, ապա ինչո՞ւ ենք ասում, որ Աստված է դրա հեղինակը
Այն գրել են մոտ 40 տարբեր մարդիկ ավելի քան 1 600 տարիների ընթացքում՝ սկսած մ. թ. ա. 1513 թ.-ից մինչև մ. թ. 98 թ.։ Թեև այն գրողները եղել են տարբեր ծագում ունեցող մարդիկ, սակայն Աստվածաշնչի բոլոր մասերը ներդաշնակ են։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Բանն այն է, որ Աստվածաշնչի հեղինակը Աստված է (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Աստվածաշունչը գրողները ոչ թե իրենց մտքերն են արձանագրել, այլ «Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված»a (2 Պետրոս 1։21)։ Աստված իր սուրբ ոգու միջոցով ներշնչել կամ մղել է այդ մարդկանց գրելու իր մտքերը (2 Տիմոթեոս 3։16)։
2. Ովքե՞ր կարող են օգուտներ քաղել Աստվածաշնչից
«Ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» պատկանող մարդիկ կարող են օգուտներ քաղել այն բարի լուրից, որը գրված է Աստվածաշնչում (կարդա Հայտնություն 14։6)։ Աստված հոգ է տարել, որ Աստվածաշունչը հասանելի լինի բազմաթիվ լեզուներով։ Պատմության մեջ ոչ մի գիրք այնքան շատ լեզուներով չի թարգմանվել, որքան Աստվածաշունչը։ Այսօր այն հասանելի է գրեթե բոլորին՝ անկախ իրենց բնակության վայրից և լեզվից։
3. Ինչպե՞ս է Եհովան հոգ տարել, որ Աստվածաշունչը հասնի մեզ
Աստվածաշունչը գրվել է այնպիսի նյութերի վրա, ինչպիսիք են կաշին և պապիրուսը, որոնք ժամանակի ընթացքում քայքայվում են։ Սակայն շատ մարդիկ, ովքեր գնահատել են Աստվածաշունչը, ճշգրտությամբ արտագրել են այն։ Չնայած շատ ազդեցիկ մարդիկ փորձել են ոչնչացնել Աստվածաշունչը, սակայն եղել են նաև մարդիկ, որոնք իրենց կյանքի գնով պատրաստ են եղել պաշտպանելու այն։ Եհովան թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարի իրեն հաղորդակցվել մեզ հետ։ Աստվածաշնչում ասվում է. «Մեր Աստծու խոսքը մնալու է հավիտյան» (Եսայիա 40։8)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Աստված ինչպես է ներշնչել որոշ տղամարդկանց գրելու Աստվածաշունչը, ինչպես է պահպանել այն և ինչպես է հասանելի դարձրել մարդկությանը։
4. Աստվածաշունչը բացահայտում է իր հեղինակին
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Այնուհետև կարդացեք 2 Տիմոթեոս 3։16 և քննարկեք հետևյալ հարցերը։
Եթե Աստվածաշունչը մարդիկ են գրել, ինչո՞ւ է այն կոչվում Աստծու Խոսք։
Քո կարծիքով՝ խելամի՞տ է հավատալ, որ Աստված կարող էր մարդկանց փոխանցել իր մտքերը։
5. Աստվածաշունչը ենթարկվել է հարձակումների
Եթե Աստվածաշունչը Աստծուց է, ապա տրամաբանական է ակնկալել, որ նա կպահպաներ այն։ Մարդկության պատմության ընթացքում շատ ազդեցիկ մարդիկ փորձել են ոչնչացնել Աստվածաշունչը, իսկ կրոնական առաջնորդները փորձել են թաքցնել այն, որ ոչ մեկի հասանելի չլինի։ Սակայն շատ մարդիկ հակառակության ու մահվան սպառնալիքի տակ պահպանել են Աստվածաշունչը։ Այդ մարդկանցից մեկի հետ ծանոթանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։
Այս տեղեկությունները մղո՞ւմ են քեզ կարդալու Աստվածաշունչը։ Ինչո՞ւ ես այդպես ասում։
Կարդացեք Սաղմոս 119։97 և քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչն է մղել շատերին թարգմանել և կրկնօրինակել Աստվածաշունչը՝ չնայած իրենց կյանքին սպառնացող վտանգներին։
6. Գիրք բոլորի համար
Աստվածաշունչը աշխարհում ամենաշատ թարգմանված և տարածված գիրքն է։ Կարդացեք Գործեր 10։34, 35 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ է Աստված ուզում, որ իր Խոսքը այդքան շատ լեզուներով թարգմանվի և տարածվի։
Աստվածաշնչի վերաբերյալ ո՞ր փաստը ամենաշատը հետաքրքրեց քեզ։
Երկրագնդի բնակչության գրեթե
100%-ին
Աստվածաշունչը հասանելի է
իրեն հասկանալի լեզվով
Այն հասանելի է ավելի քան
3 000
լեզուներով
մասնակի կամ ամբողջությամբ
5 000 000 000
Աստվածաշունչը իր տպաքանակով գերազանցել է
ցանկացած այլ գրքի
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչը ընդամենը մարդկանց կողմից գրված հին գիրք է»։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։
Ի՞նչն է փաստում, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Նա հոգ է տարել, որ այն հասանելի լինի գրեթե բոլոր մարդկանց։
Վերհիշենք
Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով՝ Աստված է ներշնչել մարդկանց գրելու իր Խոսքը։
Աստվածաշնչի պահպանման, թարգմանության և տարածման հետ կապված ո՞ր փաստն է հատկապես տպավորում քեզ։
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Աստված այդքան ջանքեր է թափել քեզ հետ հաղորդակցվելու համար։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Կարդա Աստվածաշնչի պատմության մասին՝ սկսած հին ձեռագրերից մինչև ժամանակակից թարգմանություններ։
«Ինչպես է Աստվածաշունչը հասել մեզ» («Արթնացե՛ք», 2008 թ. հունվար–մարտ)
Իմացիր, թե ինչպես է Աստվածաշունչը պահպանվել՝ չնայած երեք մեծագույն վտանգներին։
«Աստվածաշունչ. ինչպես է այն պահպանվել» («Դիտարան» № 4, 2016)
Տես, թե ինչ վտանգների են ենթարկվել մարդիկ, որպեսզի թարգմանեն Աստվածաշունչը։
Աստվածաշունչը բազմիցս արտագրել են ու թարգմանել։ Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ դրա բովանդակությունը չի փոխվել։
«Արդյո՞ք Աստվածաշունչը աղավաղվել կամ փոփոխության է ենթարկվել» (վեբ հոդված)
a Սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է։ Դա կքննարկենք 7-րդ դասում։