Պատանիներ, որոնք ուրախացնում են Եհովայի սիրտը
Ուսումնասիրության այս հոդվածները գրվել են հատկապես պատանի Եհովայի վկաների համար։ Մենք նրանց քաջալերում ենք ուշադիր կերպով ուսումնասիրել այս նյութը և ակտիվ մասնակցություն ունենալ, երբ այս թեման քննարկվի ժողովի «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ։
«Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։
1, 2. ա) Բացատրիր, թե արդյոք աշխարհի բաների հանդեպ հրապուրանք զգալը նշանակում է, որ դու չես համապատասխանում քրիստոնյայի կոչմանը (Հռովմայեցիս 7։21)։ բ) Ի՞նչ սովորեցիր Ասափի դեպքից (տե՛ս շրջանակը, էջ 13)։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ եկել ես խանութ՝ հագուստ գնելու։ Հագուստեղենը դիտելիս ուշադրությունդ իսկույն գրավում է մի զգեստ։ Գույնն ու ձևը կարծես թե հենց քո ուզածն են, գնապիտակից էլ պարզ երևում է, որ շատ ձեռնտու գնում կլիներ։ Բայց ահա սկսում ես ավելի ուշադիր նայել։ Ի զարմանս քեզ՝ տեսնում ես, որ այդ հագուստը ծայրերում մաշված է, իսկ կարն անփույթ է արված։ Հագուստը, թեև դուրեկան տեսք ունի, պատրաստված է անորակ կտորից։ Կգնեի՞ր այդպիսի ցածրորակ ապրանքը։
2 Այս նկարագրությունը համեմատիր հետևյալ իրավիճակի հետ, որին քրիստոնյա պատանին կարող է հանդիպել իր կյանքում։ Այն ամենը, ինչ կա այս աշխարհում, առաջին հայացքից բավական գեղեցիկ կարող է թվալ, ճիշտ այնպես, ինչպես այն հագուստը։ Օրինակ՝ քո համադասարանցիները գուցե գնում են երեկոների, որտեղ հաճելի ժամանակ են անցկացնում, օգտագործում են թմրանյութեր, ալկոհոլ, ժամադրվում են՝ առանց լուրջ մտադրությունների, կամ էլ դեռ չամուսնացած՝ սեռական հարաբերությունների մեջ մտնում։ Երբեմն քեզ չի՞ հրապուրում նման կենսաձևը։ Փափագո՞ւմ ես գոնե համտես անել նրանց, այսպես կոչված, ազատությունը։ Եթե այո, ապա մի շտապիր եզրակացնել, թե քո սիրտը չար է, և չես համապատասխանում քրիստոնյայի կոչմանը։ Հենց Աստվածաշունչն է ասում, որ աշխարհը կարող է շատ հրապուրիչ լինել, ընդ որում նույնիսկ այնպիսի անհատի համար, ով ցանկանում է Աստծո հավանությանն արժանանալ (Բ Տիմոթէոս 4։9բ, 10ա)։
3. ա) Աշխարհային նպատակներ հետապնդելն ինչո՞ւ է անիմաստ։ բ) Ինչպե՞ս է մի քրիստոնյա արտահայտվում աշխարհային նպատակների անիմաստ լինելու վերաբերյալ։
3 Իսկ այժմ, ինչպես որ հագուստ ընտրելու դեպքում, փորձիր ավելի մոտիկից նայել աշխարհին։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ որակ ունի իրերի այս համակարգի «կտորն» ու «կարվածքը»։ Աստվածաշունչն ասում է, որ «աշխարհքը անցնում է» (Ա Յովհաննէս 2։17)։ Աշխարհի առաջարկած ցանկացած հաճույք լավագույն դեպքում ժամանակավոր է լինում։ Բացի այդ, անաստված վարքուբարքը թանկ է նստում ու միանգամայն պարզ է, որ այն ձեռք բերելը «շահավետ» չէ։ Մի քրիստոնյա ստիպված եղավ տանել այն ամենը, ինչ նա անվանեց «սխալ ապրած ջահելության բերած ցավեր»։ Նա ասում է. «Աշխարհը քո աչքին կարող է երևալ շատ հմայիչ ու հրապուրիչ։ Աշխարհն ուզում է, որ դու հավատաս, թե կարող ես վայելել իր առաջարկած զվարճությունները, ընդ որում՝ առանց ցավի։ Սակայն դա պարզապես անհնար է։ Աշխարհը կօգտագործի քեզ, իսկ հետո մի կողմ կշպրտի»։a Ինչո՞ւ քո երիտասարդ տարիները վատնես նման «ցածրորակ» ապրելակերպի վրա։
Պաշտպանություն «չարից»
4, 5. ա) Մահվանից առաջ ի՞նչ խնդրեց Հիսուսը Եհովայից։ բ) Ինչո՞ւ էր այդ խնդրանքը տեղին։
4 Գիտակցելով, որ իրերի այս համակարգում ոչ մի «որակյալ» բան չկա՝ պատանի Եհովայի վկաները ձգտում են հեռու մնալ աշխարհի հետ բարեկամություն անելուց (Յակոբոս 4։4)։ Իսկ դու նույնպես հավատարի՞մ ես այս հարցում։ Եթե այո, ապա արժանի ես գովասանքի։ Ճիշտ է, հեշտ բան չէ դիմակայել հասակակիցների ճնշմանը և տարբերվել նրանցից, բայց դու օգնության աղբյուր ունես։
5 Պատահական չէ, որ մահվանից առաջ Հիսուսը Եհովային աղոթել էր, որ իր աշակերտներին ‘պահի չարից’ (Յովհաննէս 17։15)։ Նա գիտեր, որ իր հետևորդների համար, անկախ տարիքից, հեշտ չէր լինելու անարատություն պահելը։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ, ինչպես Հիսուսն ասաց, իր աշակերտները բախվելու էին մի հզոր, անտեսանելի թշնամու՝ ‘չարին’՝ Բանսարկու Սատանային։ Աստվածաշունչն ասում է, որ այս չար ոգեղեն արարածը «գոռոզ [«մռնչող», Արևմտ. Աստ.] առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5։8)։
6. Որտեղի՞ց գիտենք, որ Սատանան բոլորովին էլ չի կարեկցում երեխաներին։
6 Սատանան ողջ պատմության ընթացքում ամենադաժան փորձանքների է ենթարկել մարդկանց՝ սադիստական հաճույք ստանալով դրանից։ Կարելի է հիշել այն սարսափելի դժբախտությունները, որ նա պատճառեց Հոբին ու նրա ընտանիքին (Յոբ 1։13–19; 2։7)։ Գուցե հիշում ես Սատանայի դաժանության կնիքը կրող դեպքեր, որոնք տեղի են ունեցել հենց քո ապրած տարիներին։ Նա այս ու այն կողմ է գնում՝ որոնելով, թե ում կուլ տա, ընդ որում ոչ մի կաթիլ գթասրտություն չունի նաև երեխաների հանդեպ։ Օրինակ՝ մ.թ. առաջին դարի սկզբում Հերովդեսը ծրագրեց սպանել Բեթլեհեմի բոլոր այն տղա երեխաներին, որոնք երկու տարեկան էին կամ ավելի փոքր (Մատթէոս 2։16)։ Ըստ ամենայնի, Սատանան էր, որ Հերովդեսին դրդեց այդ քայլին. Բանսարկուն ցանկանում էր սպանել այն երեխային, որը մի օր դառնալու էր Աստծո խոստացած Մեսիան ու Աստծո դատաստանն էր բերելու իր գլխին (Ծննդոց 3։15)։ Հստակ է, որ Սատանան ամենևին էլ չի սիրում երեխաներին։ Նրա միակ ցանկությունն է կործանել հնարավորին չափ շատ մարդկանց։ Եվ այս փաստը առավել ակնհայտ է մեր օրերում, քանի որ Սատանան դուրս է նետվել երկնքից դեպի երկիր և «մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Յայտնութիւն 12։9, 12)։
7. ա) Ինչո՞վ է ցայտուն Եհովայի ու Սատանայի տարբերությունը։ բ) Ինչպիսի՞ն է Եհովայի տեսակետը քո՝ կյանքից հաճույք ստանալու վերաբերյալ։
7 Ի տարբերություն Սատանայի, որը «մեծ բարկութիւն ունի»՝ Եհովան գթառատ ողորմություն ունի (Ղուկաս 1։78)։ Նա սիրո մարմնացում է։ Այս չքնաղ հատկությունն այնքան է բնորոշ մեր Արարչին, որ Աստվածաշունչը նրա մասին ասում է. «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Ի՜նչ մեծ տարբերություն իրերի այս համակարգի աստծո և այն Աստծո միջև, որին երկրպագելու պատիվը դու ունես։ Սատանան փնտրում է կուլ տալու նպատակով, մինչդեռ Եհովան «չէ կամենում որ կորչողներ լինեն» (Բ Պետրոս 3։9)։ Աստծո համար թանկագին է յուրաքանչյուր մարդու կյանքը, այդ թվում՝ քո։ Երբ Եհովան իր Խոսքի միջոցով հորդորում է քեզ աշխարհի մաս չլինել, դրանով նա չի փորձում սահմանափակել քո ազատությունը կամ խանգարել քեզ՝ կյանքից հաճույք ստանալու (Յովհաննէս 15։19)։ Ընդհակառակը՝ նա քեզ պահում է չարից։ Քո երկնային Հայրն ուզում է, որ շատ ու շատ ավելի լավ բաներ ստանաս, քան այս աշխարհի անցողիկ հաճույքները։ Նա ցանկանում է, որ դու ձեռք բերես «յաւիտենական»՝ ճշմարիտ կյանքը դրախտային երկրի վրա (Ա Տիմոթէոս 6։17–19)։ Եհովան ուզում է, որ դու երջանիկ լինես, դրա համար էլ քաջալերում է քեզ ձգտել այդ նպատակին (Ա Տիմոթէոս 2։4)։ Բայց նա մի յուրահատուկ բան էլ է առաջարկում։ Ի՞նչ։
«Սիրտս ուրախացրու»
8, 9. ա) Ի՞նչ նվեր կարող ես տալ Աստծուն։ բ) Հոբի հետ պատահածից ինչպե՞ս է երևում, որ Սատանան անարգում է Եհովային։
8 Երբևէ տվե՞լ ես նվեր քո մտերիմ ընկերոջը ու տեսել, թե ինչպես է նրա դեմքը շողշողում ուրախությունից և երախտագիտության զգացումից։ Հավանաբար բավական ժամանակ և ջանք է պահանջվել քեզնից, որպեսզի համապատասխան նվեր գտնես։ Իսկ այժմ խորհիր հետևյալ հարցի շուրջ. «Ի՞նչ նվեր կարող ես տալ քո Ստեղծիչին՝ Եհովա Աստծուն»։ Սակայն այս միտքը գուցե անհեթեթ թվա. ի՞նչ կարող է ակնկալել Ամենազոր Աստվածը մարդ արարածից։ Ի՞նչ կարող ես տալ Նրան, որ նա դեռևս չունենա։ Աստվածաշունչը պատասխանում է. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։
9 Ինչպես հավանաբար գիտես Աստվածաշնչի քո ուսումնասիրությունից, Բանսարկու Սատանան է, որ անարգում է Եհովային։ Նա պնդում է, որ Աստծուն ծառայություն մատուցողները դա անում են ոչ թե նրա հանդեպ սիրուց մղված, այլ եսասիրական նկատառումներով։ Ըստ նրա՝ բավական է նրանք դժվարությունների մեջ ընկնեն, անմիջապես կլքեն ճշմարիտ երկրպագությունը։ Ուշադրություն դարձրու, թե Սատանան ինչ ասաց Եհովային արդար Հոբի վերաբերյալ. «Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. եւ տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ» (Յոբ 1։10, 11)։
10. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Սատանան անարատության վերաբերյալ հարց է բարձրացրել ոչ միայն Հոբի, այլև ուրիշների առնչությամբ։ բ) Ինչպե՞ս ես դու ներգրավված գերիշխանության հարցի լուծման մեջ։
10 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սատանան հարց առաջ քաշեց ոչ միայն Հոբի նվիրվածության վերաբերյալ, այլև Աստծուն ծառայություն մատուցող մյուս բոլոր անհատների, այդ թվում՝ քո։ Նա, փաստորեն, նկատի ուներ առհասարակ բոլոր մարդկանց, երբ Եհովային ասաց. «Մարդս [ոչ թե կոնկրետ Հոբը, այլ ցանկացած մարդ] իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ» (Յոբ 2։4)։ Զգո՞ւմ ես արդյոք, որ դու էլ ես ներգրավված այս հույժ կարևոր հարցում։ Ինչպես Առակաց 27։11–ում է գրված, Եհովան ասում է, որ կա մի բան, որը դու կարող ես տալ իրեն, և այդ դեպքում նա հիմքեր կունենա՝ պատասխան տալու իրեն անարգողին՝ Սատանային։ Կարո՞ղ ես պատկերացնել. Տիեզերքի Գերիշխանը առաջարկում է քեզ մասնակցություն ունենալ բոլոր ժամանակների կարևորագույն հարցին պատասխան տալու մեջ։ Ի՜նչ մեծ պատասխանատվություն և ինչպիսի՜ պատիվ։ Կարո՞ղ ես անել այն, ինչ Եհովան խնդրում է քեզնից։ Հոբը կարողացավ (Յոբ 2։9, 10)։ Այդպես արեցին նաև Հիսուսը և անցյալում ապրած անհամար ուրիշներ, այդ թվում՝ շատ երիտասարդներ (Փիլիպպեցիս 2։8; Յայտնութիւն 6։9)։ Դու էլ կարող ես։ Սա այնպիսի հարց է, որ հնարավոր չէ չեզոք մնալ։ Քո գործերով դու ցույց ես տալիս, որ կա՛մ նպաստում ես, որ Սատանան անարգի Եհովային, կա՛մ էլ՝ որ Աստված պատասխան տա նրան։ Ի՞նչը կընտրես։
Եհովան հոգում է քո մասին
11, 12. Տարբերություն կա՞ Աստծո համար, թե կծառայես արդյոք իրեն, թե՝ ոչ։ Բացատրիր։
11 Իսկապե՞ս Եհովայի համար նշանակություն ունի, թե ինչ ընտրություն կանես։ Մի՞թե արդեն բավական թվով մարդիկ չեն ապացուցել իրենց հավատարմությունն Աստծո հանդեպ, ինչի շնորհիվ նա կարող է արժանի պատասխան տալ Սատանային։ Ճիշտ է, Բանսարկուն պնդել էր, թե Եհովայի երկրպագուներից և ոչ մեկը չի ծառայում Աստծուն սիրուց մղված. պնդում, որի սուտ լինելն արդեն փաստվել է։ Սակայն Եհովան ուզում է, որ գերիշխանության հարցում դու նրա կողմը բռնես, քանի որ նա քո մասին անհատապես հոգ է տանում։ Հիսուսն ասաց. «Ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի» (Մատթէոս 18։14)։
12 Պարզ է, որ Եհովային հետաքրքրում է քո ընտրած ճանապարհը։ Ավելին՝ քո քայլերով դու կարող ես ազդել նրա վրա։ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ Եհովան խոր զգացմունքներ ունի և անտարբեր չի մնում մարդկանց լավ կամ վատ գործերի հանդեպ։ Օրինակ՝ երբ իսրայելացիներն անընդհատ հակառակվում էին Եհովային, վերջինս իրեն ‘նեղացած’ էր զգում (Սաղմոս 78։40, 41)։ Նոյի օրերում տեղի ունեցած Ջրհեղեղից առաջ, երբ «շատացել էր մարդկանց չարութիւնը», Եհովան «իր սրտի մէջ տրտմեց» (Ծննդոց 6։5, 6)։ Մի պահ մտածիր, թե ինչ է դա նշանակում։ Եթե դու սխալ ընթացք բռնեիր, ապա քո Ստեղծիչին ցավ կպատճառեիր։ Սա չի նշանակում, թե Աստված թույլ է կամ էլ զգացմունքների ազդեցության տակ է գործում։ Ոչ, պարզապես նա սիրում է քեզ և հետաքրքրված է քո բարօրությամբ։ Եվ երբ ճիշտ քայլեր ես անում, Եհովայի սիրտը ուրախությամբ է լցվում։ Նա ուրախ է ոչ միայն այն պատճառով, որ ևս մեկ պատասխան ունի տալու Սատանային, այլ նաև, որ այժմ կարող է պարգևատրել քեզ, և նա ուզում է դա անել (Եբրայեցիս 11։6)։ Ի՜նչ սիրառատ Հայր ունես դու հանձին Եհովա Աստծո։
Առատ օրհնություններ՝ այժմ
13. Ինչպե՞ս է, որ ծառայելով Եհովային՝ այսօր իսկ կարող ենք օրհնություններ վայելել։
13 Միայն ապագայում չէ, որ Աստծուն ծառայող անձանց օրհնություններ են սպասում։ Շատ պատանի Եհովայի վկաներ մեծ ուրախություն և բավականություն են ստանում հենց մեր օրերում, և դա բնական է։ Սաղմոսերգուն գրեց. «Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը» (Սաղմոս 19։8)։ Եհովան ցանկացած մարդուց ավելի լավ գիտի, թե ինչն է օգտակար մեզ համար։ Եսայիա մարգարեի միջոցով նա ասաց. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։17, 18)։
14. Աստվածաշնչյան սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել քեզ խուսափելու այն ցավերից, որ բերում է պարտք վերցնելը։
14 Աստվածաշնչի սկզբունքներով ապրելը կօգնի քեզ, որ շատ ցավերից ու հոգեկան տանջալից ապրումներից խուսափես։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ դրամի հանդեպ սեր ունեցողները «իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Քո հասակակիցներից ինչ–որ մեկն անձնական փորձով զգացե՞լ է այս համարի ճշմարտացիությունը։ Որոշ երիտասարդ տղաներ ու աղջիկներ ծանր պարտքերի մեջ են ընկել, քանի որ մտածել են, թե իրենք պետք է ունենան հայտնի ֆիրմայի ամենավերջին հագուստը և տեխնիկայի վերջին նորույթները։ Եթե քեզ ծանրաբեռնես նման պարտքերով, որոնք հարկ կլինի վճարել տարիներ շարունակ, ընդ որում՝ բարձր տոկոսներով, ապա կարելի է ասել, որ յուրօրինակ ստրկության մեջ կընկնես (Առակաց 22։7)։
15. Ինչպե՞ս են աստվածաշնչյան սկզբունքները պաշտպանում քեզ այն ցավերից, որ բերում է սեռական անբարոյականությունը։
15 Քննարկենք նաև սեռական անբարոյականության հարցը։ Ամեն տարի ամբողջ աշխարհում բազմաթիվ չամուսնացած դեռահաս աղջիկներ են հղիանում։ Նրանցից ոմանք ոչ միայն չեն ցանկանում երեխա ունենալ, այլև ի վիճակի չեն նրան մեծացնելու։ Ուրիշները դիմում են արհեստական վիժման և արդյունքում իրենց խիղճն իրենց հանգիստ չի տալիս։ Կան նաև տղաներ ու աղջիկներ, որոնք վարակվում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ, օրինակ՝ ՁԻԱՀ–ով։ Իսկ Եհովային ճանաչող մարդու համար ամենածանր հետևանքն այն կլինի, որ Աստծո հետ իր փոխհարաբերությունները կվնասվենb (Գաղատացիս 5։19–21)։ Աստվածաշունչը միանգամայն իրավացիորեն ասում է. «Փախէք պոռնկութիւնիցը» (Ա Կորնթացիս 6։18)։
Ծառայիր երջանիկ Աստծուն
16. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ցանկանում է, որ դու վայելես քո երիտասարդությունը։ բ) Ինչո՞ւ է Եհովան քեզ առաջնորդություն տալիս։
16 Աստվածաշունչը Եհովային նկարագրում է որպես երջանիկ Աստծո։ Նա ուզում է, որ դու էլ երջանիկ լինես։ Աստծո Խոսքն ասում է. «Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը» (Ժողովող 11։9)։ Այդուհանդերձ, Եհովան, ներկա պահից ավելի հեռուն տեսնելով ու ընդունակ լինելով կանխատեսել թե՛ ճիշտ և թե՛ սխալ քայլերի հետևանքները, քեզ հորդորում է. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում» (Ժողովող 12։1)։
17, 18. Ինչպե՞ս է մի դեռահաս քրիստոնյա արտահայտել իր ուրախությունը Եհովային ծառայելու հետ կապված, և ինչպե՞ս կարող ես դու էլ գտնել նման ուրախություն։
17 Այսօր շատ պատանիներ մեծ ուրախություն են գտնում Եհովայի ծառայության մեջ։ 15–ամյա Լինան ասում է. «Ես կարող եմ գլուխս բարձր քայլել։ Իմ մարմինն առողջ է, քանի որ չեմ ծխում և թմրանյութեր չեմ օգտագործում։ Ես արժեքավոր առաջնորդություն եմ ստանում ժողովում, որն օգնում է ինձ դիմադրել Սատանայի սարսափելի ճնշմանը։ Դեմքս պայծառ է, որովհետև բարերար ընկերակցություն եմ վայելում Թագավորության սրահում։ Իսկ ամենակարևորը՝ երկրի վրա հավիտյան ապրելու չքնաղ հեռանկարն ունեմ»։
18 Ինչպես Լինան, շատ քրիստոնյա պատանիներ պայքար են մղում հանուն իրենց հավատի, և դա ուրախություն է բերում իրենց։ Նրանք գիտակցում են, որ իրենց կյանքը՝ երբեմն լի դժվարություններով, իրական իմաստ և հավաստի ապագա ունի։ Ուրեմն շարունակիր ծառայել Աստծուն, որն ամեն ինչ անում է քո բարօրության համար։ Ուրախացրու նրա սիրտը, և նա իր հերթին քո սիրտը կլցնի ուրախությամբ այժմ և հավիտյան (Սաղմոս 5։11)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Ճշմարտությունը ետ վերադարձրեց իմ կյանքը» հոդվածը «Արթնացե՛ք»–ի 1996 թ. հոկտեմբերի 22–ի համարում (ռուս.)։
b Մխիթարական է իմանալ, որ եթե անհատը զղջում է կատարածի համար, դադարում է այդպես վարվել և խոստովանում է իր մեղքերը, Եհովան ներում է նրան. «նա շատ ներող է» (Եսայիա 55։7)։
Հիշո՞ւմ ես
• Ի՞նչ վտանգների է ենթարկում քեզ ‘չարը’՝ Սատանան։
• Ինչպե՞ս կարող ես ուրախացնել Եհովայի սիրտը։
• Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան հոգ է տանում քո մասին։
• Որո՞նք են այն օրհնությունները, որ բերում է Եհովային ծառայելը։
[շրջանակ/նկար 13–րդ էջի վրա]
Արդար մարդ, որը «քիչ էր մնացել», որ «սահէր»
Ասափը հայտնի ղևտացի երաժիշտ էր Եհովայի տաճարում, որը գտնվում էր հին Իսրայելում։ Նա նույնիսկ գրեց երգեր, որոնք երգվում էին հանրային երկրպագության ժամանակ։ Սակայն, չնայած իր եզակի առանձնաշնորհումներին, նա մի պահ հրապուրվեց իր հասակակիցների անաստված վարքուբարքով։ Նրանք թեև խախտում էին Աստծո օրենքները, բայց կարծես թե անպատիժ էին մնում։ «Քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր»,— ավելի ուշ խոստովանեց Ասափը։— Նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս» (Սաղմոս 73։2, 3)։
Հետո Ասափը գնաց Աստծո տաճար և աղոթք արեց իրեն հուզող խնդրի վերաբերյալ։ Այստեղ հոգևորապես թարմանալով՝ նա հասկացավ, որ Եհովան ատում է չարությունը, ու երբ ժամանակը գա, թե՛ ամբարիշտ և թե՛ արդար մարդիկ ինչ որ ցանել են, այն էլ կհնձեն (Սաղմոս 73։17–20; Գաղատացիս 6։7, 8)։ Իրոք, չարերը ‘սահելու տեղում’ են գտնվում։ Վերջիվերջո նրանք կընկնեն, երբ Եհովան կործանի այս ամբարիշտ համակարգը (Յայտնութիւն 21։8)։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Եհովան ամեն ինչ անում է քո բարօրության համար, մինչդեռ Սատանայի նպատակն է քեզ կուլ տալ
[նկար 16–րդ էջի վրա]
Շատ պատանիներ կյանքում ամենամեծ ուրախությունը ստանում են, երբ հավատակիցների հետ միասին ծառայում են Եհովային