Կենսագրություն
«Ես ոչինչ էլ չէի փոխի»
Պատմում է Գլադիս Ալենը
Երբեմն ինձ հարցնում են. «Եթե կարողանայիր նորից ապրել քո կյանքը, ի՞նչ կփոխեիր»։ Անկեղծորեն կարող եմ ասել. «Ոչինչ էլ չէի փոխի»։ Բացատրեմ, թե ինչու եմ այդպես կարծում։
Հազար ինը հարյուր քսանինը թվականի ամռանը, երբ ես երկու տարեկան էի, մի զարմանահրաշ բան տեղի ունեցավ։ Հորս՝ Մեթյու Ալենին առաջարկել էին «Այժմ ապրող միլիոնավոր մարդիկ մահ չեն տեսնելու» վերնագրով գրքույկը՝ հրատարակված Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների կողմից, ինչպես կոչվում էին այն ժամանակ Եհովայի վկաները։ Գրքույկից ընդամենը մի քանի էջ կարդալուց հետո հայրս բացականչեց. «Ես այսպիսի հրաշալի բան երբեք չեմ կարդացել»։
Դրանից կարճ ժամանակ անց Աստվածաշունչն ուսումնասիրողների հրատարակած ուրիշ նյութեր էլ ձեռք բերեց հայրս։ Ինչ որ նա սովորում էր այդ գրականությունից, անմիջապես պատմում էր բոլոր հարևաններին։ Սակայն մեր գյուղական շրջանում Եհովայի վկաների ժողով չկար։ Գիտակցելով քրիստոնյաների հետ կանոնավորաբար հաղորդակցվելու անհրաժեշտությունը՝ 1935 թ.–ին մեր ընտանիքը տեղափոխվեց Օրանգեվիլ (Օնտարիո, Կանադա), քանի որ այնտեղ ժողով կար։
Այն ժամանակ երեխաներին չէին խրախուսում հաճախել ժողովի հանդիպումներին. նրանք սովորաբար խաղում էին բակում, մինչև որ հանդիպումն ավարտվեր։ Դա հորս դուր չէր գալիս։ Նա մտածում էր. «Եթե հանդիպումները ծառայում են իմ օգտին, ապա պետք է որ երեխաներիս օգտին էլ ծառայեն»։ Չնայած որ նա նոր էր սկսել հաճախել հանդիպումներին, հորդորում էր մեզ (եղբորս՝ Բոբին, քույրերիս՝ Էլլային ու Ռուբիին, և ինձ), որ մեծահասակների հետ մենք էլ ներկա գտնվեինք հանդիպումներին. մենք այդպես էլ վարվեցինք։ Շուտով մյուս Վկաների երեխաներն էլ սկսեցին հաճախել հանդիպումներին։ Այդպիսով՝ ժողովի հանդիպումներին ներկա գտնվելը և մեկնաբանություններ տալը մեր կյանքում շատ կարևոր տեղ գտան։
Հայրս սիրում էր Աստվածաշունչը։ Նա Աստվածաշնչի պատմությունների հրաշալի բեմականացումներ էր պատրաստում մեզ համար։ Դրանց օգնությամբ նա մեր մանուկ սրտերում կարևոր դասեր էր դրոշմում, որոնք մինչև հիմա հիշում եմ մեծ քնքշությամբ։ Հիշում եմ՝ դրանցից մեկն այն մասին էր, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր հնազանդվում են իրեն։
Նաև հայրս մեզ սովորեցնում էր Աստվածաշնչի օգնությամբ պաշտպանել մեր հավատը։ Մենք դա խաղի ձևով էինք անում։ Ահա այսպես. հայրս ասում էր. «Ես հավատում եմ, որ մահանալուց հետո երկինք եմ բարձրանալու։ Դե հիմա ինձ ապացուցեք, որ այդպես չէ»։ Համաբարբառի օգնությամբ ես ու Ռուբին սուրբգրային համարներ էինք փնտրում, որպեսզի հերքեինք այդ ուսմունքը։ Երբ կարդում էինք մեր գտած համարները, հայրս ասում էր. «Շատ հետաքրքիր է, բայց դուք ինձ չհամոզեցիք»։ Ուստի կրկին սկսում էինք փնտրտուքներ կատարել։ Երբեմն ժամեր էր անցնում, մինչև հորս հարցերին սպառիչ պատասխաններ կտայինք։ Դրա շնորհիվ ես ու Ռուբին վարժվեցինք մեր համոզմունքները բացատրելու ու հավատը պաշտպանելու մեջ։
Հաղթահարում եմ մարդավախությունը
Չնայած ընտանիքում ու ժողովի հանդիպումներին ստացած հրաշալի կրթությանը՝ պետք է խոստովանեմ, որ ինձ համար քրիստոնյա դառնալու ճանապարհին որոշ խանգարող հանգամանքներ կային։ Ինչպես շատ երիտասարդների, ինձ ևս դուր չէր գալիս մյուսներից տարբերվելը, հատկապես համադասարանցիներից։ Այդ տարիքում իմ հավատը փորձվեց ծառայության մի ձևով, որը հայտնի էր «ինֆորմացիոն երթ» անվանումով։
Երթի նպատակը հետևյալն էր՝ մի խումբ քույրեր ու եղբայրներ պետք է դանդաղ քայլերով անցնեին քաղաքի գլխավոր փողոցներով՝ ձեռքերում ցուցանակներ։ Մեր քաղաքի բնակիչների թիվը մոտ 3 000 էր, և գրեթե բոլորը միմյանց ճանաչում էին։ Ինֆորմացիոն երթերից մեկի ժամանակ ես քայլում էի շարքի վերջից, իսկ իմ ցուցանակի վրա գրված էր. «Կրոնը թակարդ է և խաբեբայություն»։ Համադասարանցիներիցս մի քանիսը, ինձ նկատելով, անմիջապես շարվեցին իմ ետևից և սկսեցին երգել Կանադայի հիմնը. «Աստված փրկիչն է թագավորի»։ Ինչպե՞ս դիմագրավեցի այդ փորձությունը։ Ես աղերսալից աղոթքով ուժ խնդրեցի Եհովայից, որպեսզի կարողանամ շարունակել երթը։ Երբ ի վերջո երթն ավարտվեց, շտապեցի Թագավորության սրահ, որ հանձնեմ ցուցանակս ու վերադառնամ տուն։ Սակայն պատասխանատու եղբայրներից մեկն ասաց, որ նախապատրաստվում է ուրիշ երթ, որի համար ցուցանակակիր է հարկավոր։ Այսպիսով ես նորից դուրս եկա երթի՝ այս անգամ ավելի աղերսագին աղոթելով, ինչպես մինչ այդ երբեք չէի աղոթել։ Այդ ընթացքում համադասարանցիներս հոգնել էին քայլելուց ու տուն էին գնացել։ Այդ տեսնելուն պես՝ զորության աղերսանքներս փոխարինվեցին շնորհակալության աղոթքների (Առակաց 3։5)։
Մենք միշտ սրտաբաց ընդունելություն ենք ցույց տվել լիաժամ քարոզիչներին։ Նրանք շատ կենսուրախ էին, ուստի նրանց հյուրընկալելը շատ հաճելի էր։ Ես հիշում եմ, որ ծնողներս միշտ խոսում էին մեզ հետ լիաժամ ծառայության մասին՝ ներկայացնելով այն որպես կյանքի ամենավեհ նպատակ։
Ի պատասխան նրանց հորդորին՝ 1945 թ.–ին լիաժամ ծառայություն սկսեցի։ Հետագայում տեղափոխվեցի քրոջս՝ Էլլայի մոտ։ Նա Լոնդոնում (Օնտարիո) ծառայում էր որպես ռահվիրա։ Այնտեղ ես ծանոթացա ծառայության մի նոր ձևի, որին մասնակցելն ինձ համար անհնարին բան էր թվում։ Անցնելով սեղանից սեղան՝ քարոզիչները սրճարանների այցելուներին «Դիտարան» և «Մխիթարություն» (այժմ՝ «Արթնացե՛ք») պարբերագրերի առանձին համարներ էին առաջարկում։ Բարեբախտաբար, այդ ծառայությունն անցկացվում էր միայն շաբաթ օրերին՝ կեսօրից հետո, այնպես որ ես ամբողջ շաբաթ Եհովայից քաջություն էի խնդրում, որպեսզի կարողանայի մասնակցել դրան։ Իհարկե, դա հեշտ չէր ինձ համար, սակայն իմ ջանքերը վարձատրվեցին։
Ես սովորեցի տարածել «Մխիթարություն» պարբերագրի հատուկ համարներ նացիստական համակենտրոնացման ճամբարներում մեր եղբայրների կրած հալածանքների մասին։ Սովորեցի առաջարկել դրանք հատկապես կանադացի հայտնի բիզնեսմենների կամ մեծ ընկերությունների ղեկավարների։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ քանի դեռ Եհովայից ենք ակնկալում զորություն, նա պաշտպանում է մեզ։ Ինչպես ասում էր հայրս, Եհովան օրհնում է նրանց, ովքեր հնազանդվում են իրեն։
Ընդունում եմ Քվեբեկում ծառայելու հրավերը
1940 թ. հուլիսի 4–ին Եհովայի վկաների գործունեությունն արգելվեց Կանադայում։ Հետագայում արգելքը հանվեց, սակայն հալածանքները դեռ շարունակվում էին հռոմեա–կաթոլիկական Քվեբեկ նահանգում։ Մեր եղբայրների հանդեպ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով հատուկ քարոզարշավ կազմակերպվեց, որի ժամանակ տարածեցինք բավականին խիստ բառերով գրված մի թերթիկ՝ «Քվեբեկի բուռն ատելությունն Աստծո ու Քրիստոսի հանդեպ խայտառակություն է ամբողջ Կանադայի համար» վերնագրով։ Նաթան Նորը՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկը, Մոնրեալ քաղաքի հարյուրավոր ռահվիրաների հետ հանդիպում ունեցավ։ Այդ հանդիպման նպատակն էր՝ բացատրել ռահվիրաներին, թե որն է այն գործի նշանակությունը, որ պետք է կատարեին նրանք։ Եղբայր Նորն ասաց, որ եթե մենք՝ ռահվիրաներս, համաձայնեինք մասնակցել այդ քարոզարշավին, պետք է պատրաստ լինեինք ձերբակալության և բանտարկության։ Այդպես էլ եղավ։ Մի որոշ ժամանակահատվածում ինձ 15 անգամ բանտարկեցին։ Ամեն անգամ ծառայության գնալիս մեզ հետ վերցնում էինք ատամի խոզանակն ու սանրը, որոնք անշուշտ մեզ պետք կգային, եթե գիշերը ձերբակալության մեջ անցկացնեինք։
Քարոզարշավի մեծ մասը սկզբում կատարում էինք գիշերվա ժամերին, որպեսզի հնարավորին չափ աննկատելի լինեինք։ Մեծ քանակությամբ թերթիկներ ես դնում էի պայուսակիս մեջ, և այն կախում պարանոցիցս՝ վերարկուիս տակից։ Թերթիկներով լի պայուսակս բավականին ուռուցիկ էր, որի պատճառով թվում էր, թե հղի եմ։ Այդպիսի արտաքինն ինձ օգնում էր, երբ մարդկանցով լեփ–լեցուն տրամվայով ուղևորվում էի քարոզչական տարածք։ Երբեմն պատահում էր, որ քաղաքավարի պարոններն իրենց տեղն առաջարկում էին ինձ՝ իբրև «հղի կնոջ»։
Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք թերթիկները տարածել ցերեկվա ժամերին։ Երեք–չորս բնակարաններում թերթիկ թողնելուց հետո անցնում էինք հաջորդ տարածքին։ Հիմնականում հաջողությամբ էր ավարտվում ամեն բան։ Բայց եթե եկեղեցու քահանան իմանար, որ մենք այնտեղ քարոզում ենք, անախորժությունը պատրաստ էր։ Մի անգամ քահանաներից մեկը 50–60 հոգանոց մի ամբոխի հրահրել էր պոմիդորներ ու ձվեր շպրտել մեզ վրա։ Մենք ապաստան գտանք մեր քույրերից մեկի տանը և անկողին չլինելու պատճառով գիշերը հատակին քնեցինք։
Քվեբեկում ռահվիրաների մեծ պահանջ կար ֆրանսախոս մարդկանց քարոզելու համար։ Ուստի 1958–ի դեկտեմբերին քրոջս՝ Ռուբիի հետ սկսեցինք ֆրանսերեն սովորել։ Ավելի ուշ նշանակում ստացանք՝ մեր նահանգի մի քանի շրջաններում քարոզելու, որտեղ բնակիչները ֆրանսախոս էին։ Մեր ստացած նշանակումներից ամեն մեկը յուրովի նպաստեց, որ ծառայության հարուստ փորձ ձեռք բերենք։ Մի տարածքում երկու տարի շարունակ օրական 8 ժամ քարոզեցինք տնետուն, բայց ոչ մի լսող ականջ չգտանք։ Տանտերերը պարզապես մոտենում էին դռանը ու իջեցնում շերտավարագույրները։ Սակայն մենք չէինք հուսալքվում։ Այսօր այդ քաղաքում երկու բարգավաճող ժողով է գործում։
Եհովայի պաշտպանությունը՝ կյանքի բոլոր ուղիներում
1965 թ.–ին հատուկ ռահվիրայական ծառայություն սկսելու հնարավորություն ստեղծվեց։ Նշանակումներից մեկի ժամանակ մենք առիթ ունեցանք ավելի խորությամբ հասկանալու Պողոս առաքյալի՝ Ա Տիմոթէոս 6։8–ում արձանագրված խոսքերի էությունը. «Եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք»։ Մեր կարիքները հոգալու համար մենք չափազանց քիչ գումար ունեինք։ Հարկավոր էր որոշակի գումար առանձնացնել վառելանյութի, տան վարձի ու էլեկտրաէներգիայի համար, ինչպես նաև սննդամթերք գնելու։ Այդ ամենի համար անհրաժեշտ գումարը մի կողմ դնելուց հետո մյուս ծախսերի համար մեզ մնում էր ընդամենը 25 ցենտ։
Վառելանյութի համար բավականաչափ գումար չունենալու պատճառով մենք ստիպված էինք վառարանը վառել միայն օրվա մի քանի ժամի՝ գիշերը։ Իսկ դա նշանակում է, որ ննջասենյակում օդի ջերմաստիճանը 15°C–ից չէր անցնում, իսկ հաճախ նույնիսկ ավելի ցածր էր լինում։ Ռուբին Աստվածաշունչ էր ուսումնասիրում մի կնոջ հետ։ Մի անգամ մեզ հյուր եկավ նրա որդին։ Տուն վերադառնալով՝ նա իր մորն ասել էր, թե մենք ցրտից սառչում ենք։ Այդ ժամանակից ի վեր նրա մայրը ամսական 10 դոլլար էր ուղարկում մեզ, որպեսզի կարողանայինք վառելանյութ գնել և վառարանը միացած թողնել ամբողջ օրը։ Մենք ոչնչից մեզ զուրկ չէինք զգում։ Ճիշտ է, հարուստ չէինք, սակայն միշտ ունեինք այն, ինչ անհրաժեշտ էր մեզ։ Իսկ դրանից ավել ցանկացած բան դիտում էինք որպես պարգև։ Որքան ճշմարիտ են Սաղմոս 37։25–ում արձանագրված խոսքերը. «Ես.... չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ»։
Չնայած ամեն տեսակ դժվարություններին՝ ինձ հաճույք էր պատճառում տեսնել, թե այն անհատները, որոնց հետ ես Աստվածաշունչ էի ուսումնասիրում, ինչպես են ընդունում ճշմարտության գիտությունը։ Հատկապես ուրախալի էր այն, որ նրանցից մի քանիսը հետագայում լիաժամ ծառայություն սկսեցին։
Հաջողությամբ դիմագրավում ենք նոր փորձությունները
1970 թ.–ին մենք նոր նշանակում ստացանք ծառայելու Կորնուոլում (Օնտարիո)։ Կորնուոլ տեղափոխվելուց մոտ մեկ տարի անց մայրս հիվանդացավ։ Հայրս մահացել էր 1957–ին, ուստի մորս խնամեցինք ես և երկու քույրերս մինչև նրա մահը՝ 1972 թ.։ Հատուկ ռահվիրայության մեր համագործակիցները՝ Էլլա Լիսիցան և Աննա Կովալենկոն, քաջալերում և սիրալիր աջակցություն էին ցույց տալիս մեզ այդ դժվարին ժամանակներում։ Մեր բացակայության ժամանակ նրանք հոգ էին տանում մեր աշակերտների մասին, իրենց վրա էին վերցնում մեր պարտականությունները։ Որքա՜ն ճշմարիտ են Առակաց 18։24–ում արձանագրված խոսքերը. «Բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է»։
Ինչ խոսք, կյանքը լի է դժվարություններով։ Սակայն Եհովայի սիրալիր օգնության շնորհիվ ես կարողացել եմ դիմագրավել դրանք։ Մինչև օրս ուրախությամբ շարունակում եմ լիաժամ ծառայել։ Բոբը, որ մահացավ 1993 թ.–ին, ավելի քան 20 տարի անցկացրեց ռահվիրայական ծառայության մեջ, որից 10–ը իր կնոջ՝ Դոլի հետ։ Ավագ քույրս՝ Էլլան, որ մահացավ 1998–ի հոկտեմբերին, ռահվիրայական ծառայությանը նվիրեց 30–ից ավելի տարիներ. նա միշտ ռահվիրայական ոգի էր դրսևորում։ 1991–ին մյուս քրոջս՝ Ռուբիի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Սակայն նա այդ վիճակում էլ իր ողջ ուժը ներդնում էր բարի լուրի քարոզչության գործի մեջ։ Նա լավ հումորի զգացում ուներ և այն չկորցրեց մինչև մահ։ Ռուբին մահացավ 1999 թ. սեպտեմբերի 26–ի առավոտյան։ Չնայած որ քույրերս այսօր իմ կողքին չեն, սակայն ես ունեմ հոգևոր քույրեր ու եղբայրներ, որոնք օգնում են ինձ, որ ես չկորցնեմ կենսուրախությունս։
Ուրեմն՝ եթե նորից ապրեի իմ կյանքը, ի՞նչ կփոխեի։ Ես չեմ ամուսնացել, բայց ինձ համար իսկական օրհնություն են եղել իմ սիրելի ծնողները, եղբայրս ու քույրերս, ովքեր ճշմարտությունն իրենց կյանքում առաջին տեղն են դասել։ Ես սպասում եմ այն օրվան, երբ նորից կտեսնեմ նրանց հարության ժամանակ։ Արդեն հիմա, ասես, տեսնում եմ, թե ինչպես է հայրս առնում ինձ իր թևերի մեջ. մայրս ուրախությունից արտասվում է՝ տեսնելով, թե ինչպես ենք մենք քույրերով ողջագուրվում։ Էլլան, Ռուբին ու Բոբն էլ ցնծում են ուրախությունից։
Ես ուզում եմ իմ ողջ ուժն ու կորովը նվիրել Եհովային փառք ու պատիվ բերելու գործին։ Իրոք որ լիաժամ ռահվիրայական ծառայությունը հիանալի ընթացք է, որն իր հետ վարձատրություն է բերում։ Դա հիշեցնում է սաղմոսերգուի խոսքերն այն անհատների մասին, ովքեր ընթանում են Եհովայի ուղիներով. «Երանի՜ է քեզի ու քեզի լաւ պիտի ըլլայ» (Սաղմոս 128։1, 2, Արևմտ. Աստ.)։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Հայրս սիրում էր Աստվածաշունչը։ Նա հորդորում էր մեզ օգտագործել այն՝ մեր հավատը պաշտպանելու համար
[նկար 28–րդ էջի վրա]
Ձախից աջ՝ Ռուբին, ես, Բոբը, Էլլան, մայրս ու հայրս 1947 թվականին
[նկար 28–րդ էջի վրա]
Դիմացի շարքում՝ ձախից աջ՝ ես, Ռուբին և Էլլան մարզային համաժողովի ժամանակ՝ 1998–ին