Եհովան հայտնում է, թե շուտով ինչ «պետք է տեղի ունենա»
«Հայտնություն՝ Հիսուս Քրիստոսի կողմից, որ Աստված տվեց նրան, որպեսզի ցույց տա իր ծառաներին այն բաները, որոնք շուտով պետք է տեղի ունենան» (ՀԱՅՏՆ. 1։1)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Հսկա արձանի ո՞ր մասն է ներկայացնում անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։
Հովհաննեսն ինչպե՞ս է նկարագրում անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի և Միավորված ազգերի կազմակերպության միջև կապը։
Ինչպե՞ս են Դանիելն ու Հովհաննեսը նկարագրում մարդկային կառավարությունների կործանումը։
1, 2. ա) Դանիելի ու Հովհաննեսի մարգարեությունները ի՞նչ անելու հնարավորություն են տալիս մեզ։ բ) Ի՞նչ են ներկայացնում գազանի առաջին վեց գլուխները։
ԴԱՆԻԵԼԻ և Հովհաննեսի մարգարեությունները համեմատելով՝ կարողանում ենք հասկանալ ներկա և ապագա համաշխարհային բազում իրադարձությունների նշանակությունը։ Ի՞նչ կարող ենք սովորել՝ զուգահեռ անցկացնելով գազանի մասին Հովհաննեսի տեսիլքի, տասը եղջյուր ունեցող ահեղ գազանի մասին Դանիելի արձանագրության ու հսկա արձանի վերաբերյալ Դանիելի մեկնության միջև։ Եվ այս մարգարեությունների հստակ հասկացողությունը ի՞նչ անելու պետք է մղի մեզ։
2 Անդրադառնանք գազանի մասին Հովհաննեսի տեսիլքին (Հայտն., գլ. 13)։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածում, գազանի առաջին վեց գլուխները ներկայացնում են Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, Մարա-Պարսկաստանը, Հունաստանն ու Հռոմը։ Բոլորն էլ ատելություն դրսևորեցին կնոջ սերնդի նկատմամբ (Ծննդ. 3։15)։ Հովհաննեսի տեսիլքը գրվելուց հետո Հռոմը՝ վեցերորդ գլուխը, դարեր շարունակ գերիշխող տերություն էր հանդիսանում։ Ի վերջո, Հռոմին պետք է փոխարիներ յոթերորդ գլուխը։ Ո՞րն էր լինելու այդ աշխարհակալ տերությունը և ինչպե՞ս էր վերաբերվելու կնոջ սերնդին։
ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԶՈՐԱՆՈՒՄ ԵՆ
3. Ո՞ւմ է ներկայացնում տասը եղջյուր ունեցող զարհուրելի գազանը, և ի՞նչ են ներկայացնում տասը եղջյուրները։
3 Մենք կարող ենք իմանալ, թե ում է ներկայացնում Հայտնության 13-րդ գլխի գազանի յոթերորդ գլուխը՝ Հովհաննեսի տեսիլքը համեմատելով տասը եղջյուր ունեցող զարհուրելի գազանի մասին Դանիելի տեսիլքի հետa (կարդա՛ Դանիել 7։7, 8, 23, 24)։ Դանիելի տեսած գազանը ներկայացնում է հռոմեական աշխարհակալ ուժը (տե՛ս 12-րդ և 13-րդ էջի աղյուսակը)։ Մ.թ. հինգերորդ դարում Հռոմեական կայսրությունը սկսեց մասնատվել։ Ահեղ գազանի գլխից դուրս եկած տասը եղջյուրները ներկայացնում են այդ կայսրությունից առաջ եկած թագավորությունները։
4, 5. ա) Ի՞նչ արեց փոքր եղջյուրը։ բ) Ո՞ւմ է ներկայացնում գազանի յոթերորդ գլուխը։
4 Վայրագ գազանի գլխից դուրս եկած եղջյուրներից, կամ՝ թագավորություններից չորսի մասին հատուկ կերպով է հիշատակվում։ Մեկ ուրիշ եղջյուր, «որը փոքր էր», կոտրեց երեքին։ Դա կատարվեց այն ժամանակ, երբ Բրիտանիան, որը նախկինում Հռոմեական կայսրության մի փոքր մասն էր, առաջադեմ դարձավ։ Մինչև 17-րդ դարը Բրիտանիան համեմատաբար աննշան ուժ էր։ Հռոմեական կայսրության մյուս երեք տարածաշրջանները՝ Իսպանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան շատ ավելի ազդեցիկ էին։ Բրիտանիան մեկ առ մեկ «կոտրեց» այդ ուժերին, ինչի պատճառով նրանք այլևս ազդեցիկ դիրք չունեին։ 18-րդ դարի կեսերին Բրիտանիան համաշխարհային բեմահարթակում սկսել էր գերիշխող ուժ դառնալ։ Այդուհանդերձ, այն դեռևս չէր դարձել գազանի յոթերորդ գլուխը։
5 Թեև Բրիտանիան ազդեցիկ տերություն դարձավ, Հյուսիսային Ամերիկայում նրա գաղութները անկախացան։ Սակայն Բրիտանիան թույլ տվեց Միացյալ Նահանգներին հզորանալ և նույնիսկ պաշտպանեց իր ռազմածովային ուժերով։ Երբ 1914թ.-ին սկսվեց Տիրոջ օրը, Բրիտանիան արդեն կառուցել էր պատմության մեջ ամենամեծ կայսրությունը, և Միացյալ Նահանգները դարձել էր երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ արդյունաբերական պետությունըb։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան առանձնահատուկ համագործակցություն սկսեցին։ Հայտնվեց գազանի յոթերորդ գլուխը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ Ինչպե՞ս այդ գլուխը վերաբերվեց կնոջ սերնդին։
6. Յոթերորդ գլուխը ինչպե՞ս վերաբերվեց Աստծու ժողովրդին։
6 Տիրոջ օրը սկսվելուց կարճ ժամանակ անց յոթերորդ գլուխը հարձակում գործեց Աստծու ժողովրդի՝ երկրի վրա մնացած Քրիստոսի եղբայրների վրա (Մատթ. 25։40)։ Հիսուսը ցույց տվեց, որ իր ներկայության ընթացքում սերնդի մնացորդը ակտիվ գործունեություն էր ծավալելու երկրի վրա (Մատթ. 24։45–47; Գաղ. 3։26–29)։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը պատերազմ մղեց այդ սրբերի դեմ (Հայտն. 13։3, 7)։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այն ճնշման ենթարկեց Աստծու ժողովրդին, արգելեց նրա հրատարակություններից մի քանիսը ու հավատարիմ ծառա դասակարգի ներկայացուցիչներին բանտ գցեց։ Գազանի յոթերորդ գլուխը միառժամանակ գրեթե դադարեցրեց քարոզչական գործը։ Եհովան կանխատեսել էր այս տագնապալի իրադարձությունը ու այդ մասին հայտնել Հովհաննեսին։ Աստված նաև ասել էր, որ սերնդի երկրորդական մասը վերակենդանանալու էր ու ընդլայնելու էր հոգևոր գործունեությունը (Հայտն. 11։3, 7–11)։ Եհովայի ժամանակակից ծառաների պատմությունը փաստում է, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել։
ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՈՒԺԸ ԵՎ ԵՐԿԱԹԵ ՈՒ ԿԱՎԵ ՈՏՆԱԹԱԹԵՐԸ
7. Ի՞նչ կապ գոյություն ունի գազանի յոթերորդ գլխի ու հսկա արձանի միջև։
7 Ի՞նչ կապ գոյություն ունի գազանի յոթերորդ գլխի ու հսկա արձանի միջև։ Բրիտանիան, հետևաբար նաև նրանից սկզբնավորված Միացյալ Նահանգները առաջացել են Հռոմեական կայսրությունից։ Իսկ արձանի ոտնաթաթերի մասին ասվում է, որ դրանք երկաթի ու կավի խառնուրդ են (կարդա՛ Դանիել 2։41–43)։ Այս նկարագրությունը համապատասխանում է այն ժամանակին, երբ յոթերորդ գլուխը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, առաջավոր էր դառնալու։ Ինչպես որ կավից ու երկաթից պատրաստված կառույցն ավելի թույլ է, քան միայն երկաթիցը, այնպես էլ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժն ավելի թույլ է, քան այն ուժը, որից առաջ է եկել։ Ինչո՞ւ։
8, 9. ա) Յոթերորդ աշխարհակալ ուժը ինչպե՞ս երկաթանման զորություն դրսևորեց։ բ) Ի՞նչ է խորհրդանշում ոտնաթաթերի կավը։
8 Երբեմն գազանի յոթերորդ գլուխը երկաթանման հատկանիշներ է դրսևորել։ Օրինակ՝ այն փաստեց իր զորությունը՝ հաղթելով Առաջին համաշխարհային պատերազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես ակնհայտ դարձավ նրա երկաթանման զորությունըc։ Պատերազմից հետո յոթերորդ գլուխը դեռևս ժամանակ առ ժամանակ դրսևորում էր երկաթանման հատկանիշներ։ Սակայն հենց սկզբից երկաթը խառնված էր կավի հետ։
9 Եհովայի ծառաները երկար ժամանակ ձգտել են հասկանալ արձանի ոտնաթաթերի սիմվոլիկ նշանակությունը։ Դանիել 2։41-ը երկաթի ու կավի խառնուրդը նկարագրում է որպես մեկ «թագավորություն», ոչ թե մի քանի։ Ուստի կավը խորհրդանշում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի իշխանության ոլորտում առկա այն տարրերը, որոնք նրան երկաթե Հռոմեական կայսրությունից ավելի թույլ են դարձնում։ Կավը «մարդկային սերունդն» է, կամ՝ հասարակ ժողովուրդը (Դան. 2։43)։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ տերության մեջ քաղաքացիական իրավունքները պաշտպանելու արշավների, արհմիությունների, տարբեր շարժումների միջոցով, որոնց նպատակն է անկախություն ձեռք բերել, հասարակ ժողովուրդը թուլացնում է այդ ուժը՝ թույլ չտալով նրան գործել երկաթանման զորությամբ։ Հակառակ գաղափարախոսությունների, ինչպես նաև այն պատճառով, որ ընտրությունների ժամանակ թեկնածուն հաղթում է ձայների ոչ մեծ տարբերությամբ (այդ ամենը ցույց է տալիս, որ չկա ճնշող մեծամասնություն, որը թիկունք կկանգնի որևէ հստակ քաղաքականության), նույնիսկ հայտնի ղեկավարները չեն ունենում բավական աջակցություն ժողովրդի կողմից, որ վարեն իրենց քաղաքականությունը։ Դանիելը կանխագուշակեց. «Թագավորությունը մասամբ հզոր է լինելու, մասամբ՝ դյուրաբեկ» (Դան. 2։42; 2 Տիմոթ. 3։1–3)։
10, 11. ա) Ի՞նչ է լինելու «ոտնաթաթերին»։ բ) Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել ոտնաթաթերի մատների թվի վերաբերյալ։
10 21-րդ դարում Բրիտանիան և Միացյալ Նահանգները շարունակում են իրենց առանձնահատուկ համագործակցությունը՝ հաճախ միասին գործելով միջազգային ասպարեզում։ Հսկա արձանի ու գազանի մասին մարգարեությունները հաստատում են, որ ապագայում որևէ այլ աշխարհակալ ուժ չի փոխարինի Անգլո-Ամերիկային։ Այս վերջին աշխարհակալ տերությունը գուցեև ավելի թույլ է, քան այն ուժը, որը ներկայացված էր երկաթե սրունքներով, սակայն ինքնիրեն չի վերանալու։
11 Արդյոք ոտնաթաթերի մատների թիվը ունի՞ հատուկ նշանակություն։ Նկատի առնենք հետևյալը. այլ տեսիլքներում Դանիելը կոնկրետ թվեր է նշում։ Օրինակ՝ տարբեր կենդանիների եղջյուրների թիվը։ Այդ թվերը կարևոր են։ Սակայն երբ մարգարեն նկարագրում է արձանը, չի նշում մատների թիվը։ Ուստի կարելի է ասել, որ ոտնամատերի թիվը կարևոր չէ, ինչպես որ կարևոր չէ թևերի, ձեռնամատերի, սրունքների ու ոտնաթաթերի թիվը։ Սակայն Դանիելը հատուկ նշում է, որ ոտնաթաթերի մատները երկաթից ու կավից են։ Այս նկարագրությունից կարող ենք եզրակացնել, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժն է գերիշխող տերություն լինելու, երբ Աստծու Թագավորությունը խորհրդանշող «քարը» հարվածի արձանի ոտնաթաթերին (Դան. 2։45)։
ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿԱՆ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՂՋՅՈՒՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԶԱՆԸ
12, 13. Ի՞նչ է ներկայացնում երկու եղջյուր ունեցող գազանը, և ի՞նչ է նա անում։
12 Թեև անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը երկաթի ու կավի խառնուրդ է, այն տեսիլքները, որ Հիսուսը տվեց Հովհաննեսին, ցույց են տալիս, որ այս ուժը շարունակելու է կարևոր դեր ունենալ վերջին օրերում։ Ինչպե՞ս։ Հովհաննեսը մի տեսիլք տեսավ, որտեղ երկու եղջյուր ունեցող գազանը վիշապի պես էր խոսում։ Ի՞նչ է ներկայացնում այս տարօրինակ գազանը։ Այն երկու եղջյուր ունի, ուստի երկակի ուժ է։ Իրականում, առաքյալը կրկին տեսնում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, բայց հատուկ դերի մեջ (կարդա՛ Հայտնություն 13։11–15)։
13 Այս գազանը հորդորում է պատրաստել Հայտնություն 13։1-ում նկարագրված գազանի պատկերը։ Հովհաննեսը գրեց, որ գազանի պատկերը հայտնվելու էր, անհետանալու էր ու կրկին հայտնվելու էր։ Հենց այդպես եղավ այն կազմակերպության պարագայում, որի հիմնադրմանը նպաստեցին Բրիտանիան ու Միացյալ Նահանգները և որի նպատակն էր միավորել ու ներկայացնել աշխարհի թագավորություններըd։ Այս կազմակերպությունը հայտնվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո ու հայտնի էր Ազգերի լիգա անունով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին այն անհետացավ։ Այդ պատերազմի ընթացքում Աստծու ժողովուրդը հայտնում էր, որ ըստ «Հայտնություն» գրքի մարգարեության՝ գազանի պատկերը կրկին հայտնվելու էր։ Եվ այն իսկապես հայտնվեց, այս անգամ որպես Միավորված ազգերի կազմակերպություն (Հայտն. 17։8)։
14. Ի՞նչ իմաստով է գազանի պատկերը «ութերորդ թագավորը»։
14 Հովհաննեսը գազանի պատկերը ներկայացնում է որպես «ութերորդ թագավոր»։ Ի՞նչ իմաստով։ Նրա մասին չի ասվում, թե գազանի ութերորդ գլուխն է։ Նա ընդամենը այդ գազանի պատկերն է։ Նրա ունեցած զորությունը գալիս է անդամ-պետություններից, հատկապես իր գլխավոր աջակից անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժից (Հայտն. 17։10, 11)։ Բայց նա իշխանություն է ստանում գործելու որպես թագավոր, որպեսզի հատուկ հանձնարարություն կատարի, հանձնարարություն, որն առաջ կբերի պատմության մեջ շրջադարձային իրադարձությունների մի շղթա։
ԳԱԶԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՊՈՌՆԻԿԻՆ
15, 16. Ի՞նչ է ներկայացնում պոռնիկը, և ի՞նչ է տեղի ունենում այսօր։
15 Հովհաննեսի խոսքերի համաձայն՝ ալ կարմիր գազանի վրա, որը գազանի պատկերն է, մի խորհրդանշական պոռնիկ կին է նստած, որը իշխում է նրան։ Կնոջ անունը «Մեծ Բաբելոն» է (Հայտն. 17։1–6)։ Այս պոռնիկը տեղին ներկայացնում է բոլոր կեղծ կրոնները, որոնց գլխավոր մասը քրիստոնեական եկեղեցիներն են։ Կրոնական կազմակերպությունները իրենց օրհնությունն են տալիս գազանի պատկերին ու ջանում ազդեցություն բանեցնել նրա վրա։
16 Սակայն Տիրոջ օրվա ընթացքում Մեծ Բաբելոնը ականատես է լինում, թե ինչպես են ջրերը՝ այն ժողովուրդները, որոնք աջակցում են նրան, ցամաքում (Հայտն. 16։12; 17։15)։ Օրինակ՝ երբ գազանի պատկերը սկզբում հայտնվեց, քրիստոնեական եկեղեցիները՝ Մեծ Բաբելոնի ամենաազդեցիկ մասը, մեծ իշխանություն ունեին Արևմուտքում։ Բայց այսօր եկեղեցիներն ու նրանց ծառայողները կորցրել են շատ-շատերի հարգանքն ու աջակցությունը։ Իրականում, բազմաթիվ մարդիկ այն մտքին են, որ կրոնը պատճառ է լինում կոնֆլիկտների կամ նպաստում է դրանց։ Արևմուտքում ավելի ու ավելի շատ մարդիկ հանրայնորեն կոչ են անում վերջ դնել հասարակության վրա կրոնի ազդեցությանը։
17. Ի՞նչ է շուտով լինելու կեղծ կրոնին և ինչո՞ւ։
17 Այդուհանդերձ, կեղծ կրոնը աստիճանաբար չի վերանա։ Պոռնիկը, որը փորձում է թագավորներին իր կամքին ենթարկել, այնքան ժամանակ կշարունակի մնալ հզոր ուժ, մինչև որ Աստված իշխանություն ունեցողների սրտում մեկ միտք դնի (կարդա՛ Հայտնություն 17։16, 17)։ Եհովան Սատանայի համակարգի քաղաքական տարրերին, որոնց ներկայացուցիչը Միավորված ազգերի կազմակերպությունն է, շուտով կդրդի հարձակվելու կեղծ կրոնի վրա։ Նրանք կվերացնեն նրա ազդեցությունը ու կավերեն նրա հարստությունը։ Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ սա գուցե անհավանական թվար։ Այսօր պոռնիկը օրորվում է ալ կարմիր գազանի մեջքին։ Սակայն նա ոչ թե աստիճանաբար է ընկնելու գազանի վրայից, այլ նրան տապալելու են հանկարծակի ու դաժանորեն (Հայտն. 18։7, 8, 15–19)։
ԳԱԶԱՆՆԵՐԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆ
18. ա) Ի՞նչ է անելու գազանը և ի՞նչ արդյունքով։ բ) Ըստ Դանիել 2։44-ի՝ Աստծու Թագավորությունը ո՞ր թագավորությունները կկործանի (տե՛ս 17-րդ էջի շրջանակը)։
18 Կեղծ կրոնի ոչնչացումից հետո գազանը՝ Սատանայի երկրային քաղաքական համակարգը, մղված կլինի հարձակում գործելու Աստծու Թագավորության վրա։ Քանի որ երկրի թագավորները չեն կարող հասնել երկինք, իրենց ցասումը կթափեն երկրի վրա գտնվող այն անհատների վրա, ովքեր աջակցում են Աստծու Թագավորությանը։ Այն, ինչ կհաջորդի դրան, անխուսափելի կլինի (Հայտն. 16։13–16; 17։12–14)։ Դանիելը նկարագրում է այդ վերջնական պատերազմի մի երեսակը (կարդա՛ Դանիել 2։44)։ Հայտնություն 13։1-ում նշված գազանը, նրա պատկերն ու երկու եղջյուր ունեցող գազանը կկործանվեն։
19. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, և այժմ ի՞նչ անելու ժամանակն է։
19 Մենք ապրում ենք գազանի յոթերորդ գլխի իշխանության օրերում։ Մինչև գազանի ոչնչացումը նրա վրա նոր գլուխներ չեն հայտնվելու։ Անգլո-Ամերիկան է այն աշխարհակալ ուժը, որի օրոք կեղծ կրոնը արմատախիլ կլինի։ Դանիելի ու Հովհաննեսի մարգարեությունները կատարվել են ամենայն մանրամասնությամբ։ Կարող ենք վստահ լինել, որ շուտով տեղի կունենա կեղծ կրոնի կործանումը և Արմագեդոն պատերազմը։ Եհովան նախօրոք հայտնել է այս մանրամասները։ Ուշադրություն կդարձնե՞նք մարգարեական այդ նախազգուշացումներին (2 Պետ. 1։19)։ Հիմա՛ է Եհովայի կողմը բռնելու ու նրա Թագավորությանը աջակցելու ժամանակը (Հայտն. 14։6, 7)։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչում տասը թիվը հաճախ խորհրդանշում է ամբողջականություն, այս դեպքում՝ այն բոլոր թագավորությունները, որոնք առաջ են եկել Հռոմեական կայսրությունից։
b Թեև երկակի աշխարհակալ ուժի բաղկացուցիչ մասերը գոյություն են ունեցել 18-րդ դարից ի վեր, Հովհաննեսը նկարագրում է, որ այն հայտնվելու էր Տիրոջ օրվա սկզբում։ Իրականում, «Հայտնություն» գրքում արձանագրված տեսիլքների կատարումը տեղի է ունենում «Տիրոջ օրը» (Հայտն. 1։10)։ Յոթերորդ գլուխը սկսեց գործել որպես միավորված աշխարհակալ ուժ միայն Առաջին համաշխարհային պատերազմից սկսած։
c Կանխագուշակելով, թե պատերազմի ընթացքում ինչ սարսափելի ավերածություններ էր պատճառելու այս թագավորը՝ Դանիելը գրեց. «Նա կավերի զարմանալի [զարհուրելի] կերպով» (Դան. 8։24)։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները աննախադեպ մասշտաբի սարսափելի ավերածություն պատճառեց, երբ երկու ատոմային ռումբ գցեց անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի հակառակորդ երկրներից մեկի վրա։
d Տե՛ս «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը, էջ 240, 241, 253 (անգլ., ռուս.)։
[շրջանակ 17-րդ էջի վրա]
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «ԱՅՍ ԲՈԼՈՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Դանիել 2։44-ի մարգարեությունը նշում է, որ Աստծու թագավորությունը «փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին»։ Այս մարգարեությունը վերաբերում է միայն արձանի տարբեր մասերով ներկայացված թագավորություններին։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մարդկային մյուս կառավարությունների մասին։ Զուգահեռ մարգարեությունը, որը գտնվում է «Հայտնություն» գրքում, տալիս է ամբողջական պատկերը։ Այն հայտնում է, որ «Ամենակարող Աստծու մեծ օրը» «ողջ բնակեցված երկրի թագավորները» հավաքվելու են Եհովայի դեմ (Հայտն. 16։14; 19։19–21)։ Ուստի Արմագեդոնի ժամանակ կկործանվեն ոչ միայն արձանի թագավորությունները, այլև մյուս բոլոր մարդկային կառավարությունները։