Դանիել
7 Բաբելոնի թագավոր Բաղդասարի+ իշխանության առաջին տարում Դանիելը, իր անկողնում պառկած, տեսիլքներ տեսավ երազում:+ Նա գրի առավ երազը՝+ մանրամասն նկարագրելով այն, ինչ տեսել էր: 2 Դանիելն արձանագրեց.
«Գիշերը ես տեսիլքներ էի տեսնում. երկնքի չորս քամիները ալեկոծում էին մեծ ծովը:+ 3 Ծովից չորս հսկա գազաններ+ դուրս եկան, որոնք տարբերվում էին մեկը մյուսից:
4 Առաջինը առյուծի էր նման+ և արծվի թևեր ուներ:+ Ես տեսա, թե ինչպես նրա թևերը պոկվեցին, նա բարձրացվեց երկրից ու մարդու պես երկու ոտքի վրա կանգնեցվեց, և նրան մարդու սիրտ տրվեց:
5 Երկրորդ գազանը արջի էր նման:+ Նա բարձրացվել էր մի կողմի վրա, և նրա երախում՝ ատամների մեջ, երեք կողոսկր կար: Նրան ասվեց. «Վե՛ր կաց, շատ մի՛ս կեր»:+
6 Դրանից հետո ես մեկ այլ գազան տեսա, որն ընձառյուծի էր նման,+ սակայն մեջքին թռչնի չորս թև ուներ: Այդ գազանը չորս գլուխ ուներ,+ և նրան իշխանություն տրվեց ղեկավարելու:
7 Դրանից հետո գիշերվա տեսիլքներում չորրորդ գազանին տեսա, որը սարսափազդու և զարհուրելի էր ու արտասովոր ուժ ուներ: Նա երկաթե մեծ ատամներ ուներ, ամեն ինչ խժռում ու ջարդուփշուր էր անում, իսկ ինչ մնում էր, տրորում էր ոտքերով:+ Նա տարբերվում էր նախորդ գազաններից և տասը եղջյուր ուներ: 8 Մինչ ուշադիր նայում էի այդ եղջյուրներին, մեկ ուրիշ՝ փոքր եղջյուր+ հայտնվեց դրանց մեջտեղը, և նախորդ եղջյուրներից երեքը պոկվեցին դրա առաջ: Այս եղջյուրը մարդու աչքերի պես աչքեր ուներ, նաև պոռոտախոս* բերան:+
9 Հետո տեսա, որ գահեր դրվեցին, և Հինավուրցը+ նստեց իր գահին:+ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր,+ իսկ գլխի մազերը մաքուր բրդի պես էին: Նրա գահը ասես բոցավառ կրակ լիներ, և գահի անիվները՝ բորբոքված կրակ:+ 10 Նրա գահից կրակե մի գետ էր բխում:+ Հազար հազարավորներ ծառայում էին նրան, և բյուր բյուրավորներ* կանգնած էին նրա առաջ:+ Դատարանը+ սկսեց դատավարությունը,* և գրքեր բացվեցին:
11 Ես շարունակեցի նայել, որովհետև լսում էի, թե ինչ մեծ-մեծ խոսքեր է ասում եղջյուրը:+ Եվ տեսա, որ գազանը սպանվեց, և նրա մարմինը գցվեց կրակն ու ոչնչացվեց: 12 Իսկ մյուս գազաններից+ իշխանությունը խլվեց, և նրանց կյանքը երկարացվեց մի ժամանակով ու ժամանակահատվածով:
13 Հետո գիշերվա տեսիլքներում տեսա, որ երկնքի ամպերով գալիս էր մարդու որդու նման մեկը:+ Նրան թույլ տրվեց մոտենալ Հինավուրցին,+ և նա մոտ բերվեց նրան: 14 Նրան տրվեց իշխանություն,+ պատիվ+ ու թագավորություն, որպեսզի տարբեր լեզուներով խոսող բոլոր ժողովուրդներն ու ազգերը ծառայեն նրան:+ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը վերջ չի ունենա, և նրա թագավորությունը չի կործանվի:+
15 Իմ՝ Դանիելիս տեսած տեսիլքները վախեցրին ինձ, ու ներսս տակնուվրա եղավ:+ 16 Ես մոտեցա կանգնածներից մեկին ու հարցրի, թե ինչ նշանակություն ունի այս ամենը, և նա բացատրեց:
17 «Այդ չորս հսկա գազանները+ չորս թագավորներ են, որոնք երկրից են դուրս գալու:+ 18 Սակայն թագավորությունը Ամենաբարձրյալի սրբերը+ կստանան+ և դրան կտիրեն+ հավիտյան, այո՛, հավիտյանս հավիտենից»:
19 Հետո ես ցանկացա ավելին իմանալ չորրորդ գազանի մասին, որը տարբերվում էր մյուս բոլորից, խիստ ահազդու էր, երկաթե ատամներ ուներ, պղնձե ճանկեր, և որը ամեն ինչ խժռում ու ջարդուփշուր էր անում, իսկ ինչ մնում էր, տրորում էր ոտքերով:+ 20 Ցանկացա իմանալ նաև նրա գլխի տասը եղջյուրների+ և այն եղջյուրի մասին, որը դուրս եկավ, որի առաջ երեք եղջյուր ընկավ,+ և որն աչքեր ու պոռոտախոս բերան ուներ և մյուսներից ավելի մեծ էր երևում:
21 Այնուհետև տեսա, որ այդ եղջյուրը սրբերի դեմ պատերազմ սկսեց: Նա հաղթում էր նրանց,+ 22 մինչև որ եկավ Հինավուրցը,+ և հօգուտ Ամենաբարձրյալի սրբերի՝+ դատավճիռ կայացվեց, ու մինչև որ հասավ որոշված ժամանակը, որ սրբերը տիրեն թագավորությանը:+
23 Ահա թե ինչ ասաց նա. «Չորրորդ գազանը չորրորդ թագավորությունն է, որը ի հայտ է գալու երկրի վրա, և որը տարբերվելու է մյուս բոլոր թագավորություններից: Այն խժռելու է ողջ երկիրը, կոխկրտելու է և ջարդուփշուր է անելու այն:+ 24 Իսկ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որոնք այդ թագավորությունից են ելնելու: Նրանցից հետո մեկ ուրիշն է հայտնվելու, որը տարբերվելու է այդ տասից և նվաստացնելու է երեք թագավորների:+ 25 Նա խոսելու է Բարձրյալի դեմ+ և շարունակ հալածելու է Ամենաբարձրյալի սրբերին: Նա մտադիր է լինելու փոխել ժամանակներն ու օրենքը, և սրբերը նրա ձեռքն են տրվելու մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ:*+ 26 Բայց դատարանը կսկսի դատավարությունը, ու այդ թագավորին կզրկեն իշխանությունից, որպեսզի նա կործանվի և իսպառ ոչնչացվի:+
27 Թագավորությունը, իշխանությունն ու ողջ երկնքի տակ եղող թագավորությունների փառքը տրվեցին Ամենաբարձրյալի սրբերից կազմված ժողովրդին:+ Նրանց թագավորությունը հավիտենական թագավորություն է,+ և բոլոր տերությունները կծառայեն ու կհնազանդվեն նրանց»:
28 Ահա սա էր իմ՝ Դանիելիս տեսածն ու լսածը: Մտքերս ինձ այն աստիճան տագնապեցրին, որ գունատվեցի: Սակայն այդ ամենը ես պահեցի սրտումս»: