ԳԼՈՒԽ 4
Զգուշացիր նենգավոր սրտից
1, 2. Ինչո՞ւ է դժվար իմանալ, թե ինչ վիճակում է մեր փոխաբերական սիրտը։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ մի օր՝ վաղ առավոտյան, երբ դեռ անկողնում ես, կրծքավանդակումդ սուր ցավ ես զգում և սկսում ես հևալ։ Մտածում ես. «Չլինի՞ թե ինֆարկտ է»։ Հասկանում ես, որ այդ ցավն անտեսելը կարող է աղետալի լինել։ Իմաստուն կլինի անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ուստի շտապ օգնություն ես կանչում, որպեսզի մասնագետի կողմից բուժօգնություն ստանաս։ Բժիշկը էլեկտրասրտագրիչի միջոցով քննում է քեզ։ Չէ՞ որ արագ ախտորոշումից ու բուժումից է կախված քո կյանքը։
2 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր փոխաբերական սրտի մասին։ Դժվար է իմանալ, թե իրականում ինչ վիճակում է այն։ Աստվածաշունչը հետևյալն է ասում. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի։ Ո՞վ կարող է հասկանալ նրան» (Երեմ. 17։9)։ Մեր սիրտը կարող է խաբել մեզ, հավատացնել, թե հոգևորապես առողջ ենք։ Մինչդեռ ուրիշները կարող են հակառակը տեսնել և մտահոգվել։ Իսկ մենք ինչո՞ւ ենք խաբվում։ Քանի որ մեր մեղավոր հակումները, ինչպես նաև Սատանան ու իր աշխարհը սքողում են իրողությունը։ Երեմիայի և Հուդայի ժողովրդի օրինակը քննելով՝ կարող ենք զգուշանալ մեր նենգավոր սրտից։
3. Այսօր մարդիկ ինչե՞րն են իրենց համար աստված դարձնում։
3 Հուդայի բնակիչների մեծամասնության սիրտը հոգևորապես ախտահարված էր։ Նրանք, առանց խղճի խայթ զգալու, թողել էին միակ ճշմարիտ Աստծուն և քանանացիների աստվածներին էին երկրպագում։ Եհովան կոչ արեց այդ հավատուրացներին. «Ո՞ւր են քո աստվածները, որ քեզ համար շինեցիր։ Թող վեր կենան, եթե կարող են աղետի ժամանակ փրկել քեզ, որովհետև քո աստվածները քո քաղաքների թվի չափ եղան» (Երեմ. 2։28)։ Ինչ խոսք, մենք չենք երկրպագում կեղծ աստվածների, սակայն հետաքրքիր է, թե ըստ մի բառարանի՝ ինչպես է սահմանվում «աստված» բառը։ Այն կարող է նշանակել պաշտամունքի անձ կամ առարկա, որը կարևորագույնն է համարվում մեկի համար։ Աշխարհում շատ մարդիկ իրենց կյանքում առաջնահերթություն են տալիս կարիերային, առողջությանը, ընտանիքին և նույնիսկ իրենց կենդանիներին։ Ուրիշներն էլ մեծ կարևորություն են տալիս սպորտին, աստղերին, տեխնիկային, ճանապարհորդելուն և ավանդույթներին։ Հանուն դրանց շատերը զոհում են Արարչի հետ իրենց փոխհարաբերությունները։ Արդյոք հնարավո՞ր է, որ ճշմարիտ քրիստոնյան վտանգի իր հոգևոր առողջությունը, ինչպես Հուդայի ժողովուրդը Երեմիայի օրերում։
ՆԵՆԳԱՎՈՐ ՍԻՐՏԸ ԿԱՐՈՂ Է ԽԱԲԵԼ
4. Որքանո՞վ էր անկեղծ ժողովուրդը, որն ասում էր. «Ո՞ւր է Եհովայի խոսքը. թող կատարվի»։
4 Ինչո՞ւ է Երեմիան ասում, որ նենգավոր սիրտն անհուսալի է։ Ուշադրություն դարձնենք համատեքստին։ Հրեաներն ասում էին. «Ո՞ւր է Եհովայի խոսքը. թող կատարվի» (Երեմ. 17։15)։ Բայց արդյո՞ք նրանք անկեղծ էին։ Հետաքրքիր է, որ «Երեմիա» գրքի այս գլուխը հետևյալ խոսքերով է սկսվում. «Հուդայի մեղքը երկաթե գրչով է գրված, ադամանդե գրչածայրով փորագրված է նրանց սրտերի տախտակների վրա»։ Հուդայի ամենամեծ սխալն այն էր, որ նա «իր հույսը մարդու վրա էր դնում և մարմինը իր ապավենն էր դարձնում և իր սիրտը հեռացնում էր Եհովայից»։ Նրանցից միայն քչերն էին ապավինում Աստծուն ու նրանից առաջնորդություն և օրհնություն ակնկալում (Երեմ. 17։1, 5, 7)։
5. Երեմիայի հայրենակիցներն ինչպե՞ս արձագանքեցին Եհովայի պատվերին։
5 Թե ինչ վիճակում էր ժողովրդի մեծամասնության սիրտը, երևում է այն բանից, թե նրանք ինչպես արձագանքեցին Աստծու պատվերին (կարդա՛ Երեմիա 17։21, 22)։ Օրինակ՝ շաբաթ օրը նրանք պետք է հանգստանային իրենց աշխատանքից և զբաղվեին հոգևոր գործերով։ Երեմիայի հայրենակիցները շաբաթ օրը չպետք է աշխատեին կամ զբաղվեին ոչ կարևոր գործերով։ Սակայն նրանք «չլսեցին և իրենց ականջը չխոնարհեցրին, այլ համառություն արեցին, որպեսզի չլսեն ու խրատ չընդունեն»։ Թեև գիտեին Աստծու օրենքը, բայց իրենց սեփական տեսակետն ունեին օրենքի հանդեպ. նրանք «ավելի կարևոր» գործեր ունեին անելու շաբաթ օրը (Երեմ. 17։23; Ես. 58։13)։
6, 7. ա) Ինչպե՞ս է հնարավոր, որ քրիստոնյան անտեսի հավատարիմ ծառայի տված խորհուրդը։ բ) Ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ ժողովի հանդիպումներին հաճախելու վրա։
6 Այսօր մենք շաբաթի օրենքի տակ չենք, սակայն կարող ենք դաս քաղել նրանից, թե մարդիկ ինչպես արձագանքեցին այդ օրենքին (Կող. 2։16)։ Անխոհեմ կլինի, եթե Աստծուն հաճեցնելու մեզ հարմար ձևն ընտրենք։ Ընդհակառակը՝ Աստծու կամքը կատարելու համար պետք է հրաժարվենք մեր եսասիրական ու աշխարհիկ նպատակներից։ Շատերն են Աստծու կամքը կատարելն իրենց կյանքում առաջին տեղը դրել, և դա նրանց թարմություն է պատճառել։ Սակայն կա մի բան, ինչից պետք է զգուշանանք։
7 Հնարավոր է՝ քրիստոնյան մտածի, թե այն, ինչ պատահեց Երեմիայի օրերում ապրող շատ մարդկանց, իր հետ չի պատահի. իր սիրտը երբեք չի խաբի իրեն։ Սակայն տեսնենք, թե ինչպես է դա հնարավոր։ Օրինակ՝ քրիստոնյան գուցե սկզբում մտածի. «Ես պետք է աշխատեմ։ Չէ՞ որ ընտանիքիս հոգսը իմ ուսերին է»։ Բայց հետո գուցե մտածի. «Որպեսզի եկամտաբեր և մշտական աշխատանք ունենամ, պետք է ուսումս շարունակեմ»։ Եվ քանի որ սա կարող է տրամաբանական թվալ, թերևս նա հետևյալ եզրահանգմանը գա. «Քանի որ ժամանակները փոխվել են, լավ աշխատանք ունենալու համար անհրաժեշտ է ուսումը շարունակել որևէ համալսարանում կամ քոլեջում»։ Տեսնում ենք, թե որքան հեշտությամբ կարող է անհատը սկսել անտեսել հավատարիմ և իմաստուն ծառայի տված խոհեմ խուրհուրդը բարձրագույն կրթություն ստանալու մասին և որպես հետևանք բաց թողնել քրիստոնեական հանդիպումները։ Այս հարցում ոմանք աստիճանաբար ընդունել են աշխարհի մտածելակերպն ու տեսակետը (Եփես. 2։2, 3)։ Ուստի շատ տեղին է Աստվածաշնչի այս զգուշացումը. «Թույլ մի՛ տուր, որ աշխարհը առնի քեզ իր կաղապարի մեջ»a (Հռոմ. 12։2, Phillips)։
8. ա) Քրիստոնյան ինչո՞վ չպետք է պարծենա։ բ) Ինչո՞ւ Աստծու գործերից տեղյակ լինելը բավական չէ նրան ճանաչելու համար։
8 Առաջին դարում որոշ քրիստոնյաներ հարուստ էին և գուցե նշանավոր։ Նույնը կարող ենք ասել այսօրվա մեր հավատակիցներից ոմանց մասին։ Նրանք ի՞նչ կարծիք պետք է ունենան իրենց մասին, և մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց։ Այս հարցերի պատասխանը Եհովան տալիս է մեզ Երեմիայի միջոցով (կարդա՛ Երեմիա 9։23, 24)։ Հարստությամբ և դիրքով պարծենալու փոխարեն՝ իմաստուն կլինի, եթե անհատն ընդունի, որ ամենաարժեքավոր բանը Տիեզերքի Գերիշխանին ճանաչելն է (1 Կորնթ. 1։31)։ Իսկ ի՞նչ է նշանակում ճանաչել Եհովային։ Երեմիայի օրերում մարդիկ գիտեին Աստծու անունը։ Նրանք նաև տեղյակ էին, թե ինչպես է նա փրկել իրենց նախահայրերին Կարմիր ծովի մոտ, Ավետյաց երկիր մտնելիս, դատավորների օրերում և հավատարիմ թագավորների իշխանության ժամանակ։ Սակայն իրականում նրանք չէին ճանաչում Եհովային և հավատ չունեին նրա հանդեպ։ Դա երևում է ժողովրդի հետևյալ խոսքերից. «Ես անմեղ եմ մնացել։ [Աստծու] բարկությունը անշուշտ հետ է դարձել ինձանից» (Երեմ. 2։35)։
Ինչո՞ւ պետք է զգուշանանք նենգավոր սրտից։ Ինչպե՞ս կարող ենք քննել մեր սիրտը և իմանալ, թե սրտեր Քննողը ինչ է տեսնում այնտեղ։
ԻՆՉՊԵՍ Է ԵՀՈՎԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՄԵԶ
9. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ հնարավոր է փոխել մեր սրտի վիճակը, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
9 Հրեաները, որոնց Երեմիան հայտնում էր Աստծու պատգամը, պետք է փոխեին իրենց սրտի վիճակը։ Դա հնարավոր էր անել, որովհետև նրանց, ովքեր պիտի վերադառնային գերությունից, Աստված ասաց. «Նրանց մի սիրտ կտամ, որպեսզի ճանաչեն ինձ, որ ես Եհովան եմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը, որովհետև.... դեպի ինձ կդառնան» (Երեմ. 24։7)։ Նման փոփոխություն հնարավոր է անել նաև այսօր։ Մենք կարող ենք բարելավել մեր փոխաբերական սրտի վիճակը։ Դա անելու համար երեք բան է անհրաժեշտ. խորությամբ ուսումնասիրել Աստծու խոսքը, հասկանալ, թե ինչպես է Աստված ներգործում մեր կյանքում և կիրառել այն ամենը, ինչ սովորում ենք նրա մասին։ Ի տարբերություն Երեմիայի օրերում ապրող հրեաների՝ մենք պիտի թույլ տանք, որ սրտեր Քննողը ստուգի մեր սիրտը։ Նաև ինքներս կարող ենք իմանալ մեր սրտի վիճակը՝ այն քննելով Աստվածաշնչի լույսի ներքո և ուշադրություն դարձնելով, թե ինչ է արել Եհովան հօգուտ մեզ (Սաղ. 17։3)։ Որքա՜ն իմաստուն է այսպես վարվելը։
10, 11. ա) Ինչո՞ւ Եհովան պատվիրեց Երեմիային գնալ բրուտի տուն։ բ) Ինչի՞ հիման վրա է Եհովան ձևավորում մարդուն։
10 Սատանան ստիպում է բոլոր մարդկանց նույն կերպարանքը ստանալ՝ ձևավորելով նրանց միևնույն կաղապարի մեջ։ Իսկ Աստված յուրաքանչյուրի հանդեպ անհատական մոտեցում է ցույց տալիս։ Սա պարզ է դառնում այն բանից, թե Երեմիան ինչ տեսավ բրուտի տանը, երբ Աստված նրան ուղարկեց այնտեղ։ Բրուտը աշխատում էր ճախարակի վրա։ Երբ այն կավե ամանը, որը նա պատրաստում էր, վնասվեց, այդ կավից մի ուրիշ աման պատրաստեց (կարդա՛ Երեմիա 18։1–4)։ Ինչո՞ւ Եհովան պատվիրեց Երեմիային գնալ ու նայել, թե ինչպես է աշխատում բրուտը։ Ի՞նչ կարող ենք սովորել դրանից։
11 Եհովան Երեմիային ու Իսրայելին ուզում էր ցույց տալ, որ բոլոր ազգերն ու ժողովուրդները իր իշխանության տակ են, և որ նա կարող է նրանց ձևավորել այնպես, ինչպես ինքն է ուզում։ Իսկ ինչպե՞ս է Աստված ձև տալիս «կավին»։ Ի տարբերություն բրուտի՝ Եհովան չի սխալվում և քմահաճորեն չի որոշում քանդել իր պատրաստածը։ Ամեն բան կախված է մարդու արձագանքից, թե ինչպես Աստված կձևավորի նրան (կարդա՛ Երեմիա 18։6–10)։
12. ա) Ինչպե՞ս արձագանքեց Հովակիմը, երբ Եհովան փորձեց ձևավորել նրան։ բ) Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հովակիմի օրինակից։
12 Եհովան մարդկանց ձևավորում է հիմնականում Աստվածաշնչի միջոցով։ Աստված ձևավորում է մարդուն՝ ելնելով այն բանից, թե ինչպես է վերջինս արձագանքում իր Խոսքին։ Քննենք Հովակիմ թագավորի օրինակը, որպեսզի տեսնենք, թե Երեմիայի օրերում ինչպիսի մտածելակերպ էր ձևավորվել։ Օրենքը պահանջում էր. «Չխաբես վարձու աշխատողին»։ Սակայն հենց թագավորը խախտեց այդ օրենքը։ Նա շահագործեց իր իսկ ժողովրդին. աշխատեցնելով նրանց առանց վարձի՝ իր համար «ընդարձակ տուն» կառուցել տվեց (2 Օրենք 24։14; Երեմ. 22։13, 14, 17)։ Աստված իր խոսքի միջոցով փորձեց ձևավորել Հովակիմին՝ նրա մոտ ուղարկելով իր մարգարեներին։ Սակայն թագավորը հետ չկանգնեց իր նենգավոր սրտի ցանկություններից։ Նա ասաց՝ «չեմ հնազանդվի», և շարունակեց ընթանալ այն ուղով, որով ընթանում էր դեռ երիտասարդությունից։ Դրա համար էլ Աստված ասաց. «[Հովակիմին] կթաղեն, ինչպես էշին են թաղում, քաշելով կտանեն ու Երուսաղեմի դարպասներից դուրս կնետեն» (Երեմ. 22։19, 21)։ Ուստի, իրոք որ, անմտություն կլինի ասելը. «Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ»։ Այսօր Աստված մարգարեներ չի ուղարկում, բայց առաջնորդում է մեզ իր հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով։ Այդ ծառան օգնում է մեզ ոչ միայն հասկանալու Աստվածաշնչի սկզբունքները, այլև կիրառելու։ Դրանք կարող են վերաբերել մեր առօրյա կյանքին, օրինակ՝ հագուստին ու հարդարանքին կամ հարսանիքների և այլ խնջույքների ժամանակ պարերին ու երաժշտությանը։ Իսկ մենք թույլ կտա՞նք, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ։
13, 14. ա) Երուսաղեմի բնակիչներից ոմանք ի՞նչ մղումներով ազատ արձակեցին իրենց ծառաներին։ բ) Ինչի՞ց պարզ դարձավ, թե ինչ կար նրանց սրտում։
13 Քննենք մեկ ուրիշ օրինակ։ Բաբելոնացիները Սեդեկիային Հուդայի վրա թագավոր նշանակեցին, և նա նրանց ենթակայության տակ պետք է լիներ։ Սակայն հետագայում նա հակառակվեց Եհովայի խորհրդին և ապստամբեց Բաբելոնի դեմ (Երեմ. 27։8, 12)։ Ուստի բաբելոնացիները պաշարեցին Երուսաղեմը։ Այդ ժամանակ ինչպե՞ս վարվեց Սեդեկիան։ Նա և իր իշխանները մտածեցին, որ եթե սկսեն պահել Օրենքը, կշահեն Աստծու բարեհաճությունը։ Տեղյակ լինելով, որ Օրենքը պահանջում է յոթերորդ տարում ազատ արձակել եբրայեցի ծառաներին՝ Սեդեկիան ուխտ կնքեց, որ կազատի նրանց ստրկությունից (Ելք 21։2; Երեմ. 34։14)։ Հենց որ թշնամիները շրջապատեցին Երուսաղեմը, նրանք հանկարծ հիշեցին, որ պետք է պահեն Աստծու Օրենքը (կարդա՛ Երեմիա 34։8–10)։
14 Որոշ ժամանակ անց եգիպտական զորքը օգնության հասավ Երուսաղեմին, և բաբելոնացիները հետ քաշվեցին (Երեմ. 37։5)։ Այժմ ինչպե՞ս կվարվեին նրանք, ովքեր իրենց ծառաներին ազատ էին արձակել։ Նրանք մտքափոխ եղան և ստիպեցին նրանց նորից իրենց ծառայել (Երեմ. 34։11)։ Փաստորեն երբ հրեաները վտանգի տակ էին, սկսեցին պահել Օրենքը՝ մտածելով, թե դրանով կփոխհատուցեն իրենց անհնազանդության դիմաց։ Իսկ երբ այդ վտանգն անցավ, նրանք հետ դարձան իրենց նախկին ընթացքին։ Նրանք ձևացնում էին, թե շարժվում են Օրենքի ոգով, սակայն նրանց գործերից պարզ դարձավ, թե իրականում ինչ կար իրենց սրտում. նրանք չէին ուզում հետևել Օրենքին և թույլ տալ, որ Աստծու խոսքը ձևավորի իրենց։
Ի՞նչ գործնական դասեր կարող ենք քաղել բրուտի օրինակից։ Ինչպե՞ս է Եհովան ձևավորում մեզ այսօր։
ԹՈՒՅԼ ՏՈՒՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՁԵՎԱՎՈՐԻ ՔԵԶ
15. Ինչպիսի՞ «կավ» ենք ուզում լինել Եհովայի ձեռքում։ Բե՛ր օրինակ։
15 Եհովայի համաշխարհային կազմակերպության միջոցով մենք սովորել ենք աստվածաշնչյան սկզբունքներ, որոնց շնորհիվ կարող ենք իմանալ, թե ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝ գուցե մենք գիտենք, թե ինչպես պետք է վարվել, եթե եղբայրներից մեկի բնավորությունը մեզ նյարդայնացնում է (Եփես. 4։32)։ Գուցե ընդունում ենք, որ այս հարցի վերաբերյալ Աստվածաշնչի տված խորհուրդը ճիշտ է ու իմաստուն։ Սակայն մենք ինչպիսի՞ «կավ» կլինենք Եհովայի ձեռքում։ Թույլ կտա՞նք, որ նա ձևավորի մեզ։ Եթե մեր սիրտը «փափուկ» է, ապա կդառնանք ավելի լավը։ Մեծ բրուտը կձևավորի մեզ, և մենք իր համար կդառնանք պիտանի անոթներ (կարդա՛ Հռոմեացիներ 9։20, 21; 2 Տիմոթեոս 2։20, 21)։ Սեդեկիայի օրերի մարդկանց և Հովակիմի մտավիճակն ունենալու փոխարեն՝ մենք պետք է ձգտենք Եհովայի կողմից ձևավորվել պատվավոր նպատակի համար։
16. Ի՞նչ կարևոր ճշմարտություն գիտեր Երեմիան։
16 Ինչպիսի՞ն էր Երեմիայի արձագանքը, երբ Եհովան ձևավորում էր նրան։ Նա ասաց. «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին»։ Ուստի աղաչեց Աստծուն. «Ուղղի՛ր ինձ, ո՛վ Եհովա» (Երեմ. 10։23, 24)։ Իսկ դու, երիտասա՛րդ, կընդօրինակե՞ս Երեմիային։ Հավանաբար դեռ շատ որոշումներ պետք է կայացնես կյանքում։ Որոշ երիտասարդներ ուզում են իրե՛նք ուղղություն տալ իրենց քայլերին։ Իսկ դու կփնտրե՞ս Աստծու առաջնորդությունը, երբ որոշումներ կայացնելու առաջ կանգնես։ Երեմիայի պես՝ խոնարհաբար կընդունե՞ս, որ մարդիկ չեն կարող ուղղություն տալ իրենց քայլերին։ Հիշիր, որ եթե փնտրես Եհովայի առաջնորդությունը, նա կձևավորի քեզ։
17-19. ա) Ինչո՞ւ Երեմիան երկար ճանապարհ անցավ։ բ) Երեմիայի հնազանդությունը ինչպե՞ս փորձվեց։ գ) Ո՞րն էր Երեմիային տրված հանձնարարության իմաստը։
17 Երեմիան պետք է հնազանդ լիներ Աստծուն, երբ կատարում էր իր հանձնարարությունը։ Եթե Երեմիայի փոխարեն լինեիր, կընդունեի՞ր Եհովայի բոլոր հրահանգները։ Օրինակ՝ մի անգամ Եհովան Երեմիային ասաց, որ մի կտավե գոտի վերցնի ու կապի իր մեջքին։ Հետո պատվիրեց նրան գնալ Եփրատ գետի մոտ։ Եթե քարտեզում նայես, կնկատես, որ Երուսաղեմից Եփրատ ընկած ճանապարհը մոտավորապես 500 կիլոմետր է։ Հասնելով այնտեղ՝ նա պետք է այդ գոտին թաքցներ ժայռի խոռոչում և վերադառնար Երուսաղեմ։ Որոշ ժամանակ անց Աստված ասաց, որ նա նորից գնա այնտեղ ու գոտին վերցնի (կարդա՛ Երեմիա 13։1–9)։ Ընդհանուր հաշվով Երեմիան մոտ 2000 կիլոմետր ճանապարհ անցավ։ Աստվածաշնչի քննադատները չեն կարողանում հավատալ, որ Երեմիան այդքան ճանապարհ է կտրել–անցել, քանի որ դա մի քանի ամիս կպահանջեր նրանիցb (Եզր. 7։9)։ Սակայն Եհովան հենց դա էր պահանջել Երեմիայից, և նա այդպես էլ վարվեց։
18 Պատկերացրու, թե ինչպես է մարգարեն անցնում Հուդայի լեռներով ու անապատներով, որպեսզի հասնի Եփրատ։ Եվ այդ ամենը զուտ այն բանի համար, որ թաքցնի կտավե գոտին։ Նրա երկար բացակայությունը պետք է որ շարժեր նրա հարևանների հետաքրքրասիրությունը։ Երբ նա վերադարձավ, նրանք հավանաբար նկատեցին, որ կտավե գոտին չկա։ Հետո Աստված պատվիրեց մարգարեին երկրորդ անգամ անցնել այդ երկար ճանապարհը և հետ բերել գոտին, որն արդեն փտել էր և «ոչ մի բանի պիտանի չէր»։ Երեմիան կարող էր մտածել. «Եվ այս ամենը միայն սրա՞ համար։ Ոչ մի իմաստ չեմ տեսնում սրանում»։ Սակայն քանի որ նա թույլ էր տվել, որ Աստված ձևավորի իրեն, նա այդպես չարձագանքեց։ Գանգատվելու փոխարեն՝ նա արեց իրեն տրված բոլոր պատվերները։
19 Երկրորդ ճամփորդությունից հետո էր միայն, որ Աստված բացատրեց Երեմիային այդ ամենի իմաստը։ Դրա միջոցով Երեմիան հող պատրաստեց, որ ժողովրդին հայտնի Աստծու այս խիստ լուրը. «Այս չար ժողովուրդը, որը չի ուզում հնազանդվել իմ խոսքերին, որը իր սրտի կամակորությամբ է քայլում և օտար աստվածների հետևից է գնում նրանց ծառայություն անելու և նրանց առաջ խոնարհվելու համար, այդ գոտու պես պիտի լինի, որը ոչ մի բանի պիտանի չէ» (Երեմ. 13։10)։ Ի՜նչ ազդեցիկ ձևով է Եհովան սովորեցնում իր ժողովրդին։ Եհովայի հանդեպ Երեմիայի անկեղծ հնազանդությունը նույնիսկ չնչին թվացող հարցերում մեծ դեր ունեցավ, որ նա հասնի մարդկանց սրտերին (Երեմ. 13։11)։
20. Ինչո՞ւ ոմանք գուցե քննադատեն քեզ, բայց ինչո՞ւմ կարող ես վստահ լինել։
20 Այսօր Աստված քրիստոնյաներին չի պատվիրում քայլել հարյուրավոր կիլոմետրեր։ Սակայն գուցե հարևաններդ ու ընկերներդ քեզ տարօրինակ համարեն քո քրիստոնեական ընթացքի համար։ Նրանք հնարավոր է՝ քննադատեն քեզ այն հարցերում, թե ինչպիսի հագուստ և հարդարանք ունես, ինչ վերաբերմունք ունես կրթության և կարիերա ստեղծելու հանդեպ, և թե ինչ տեսակետ ունես ալկոհոլի վերաբերյալ։ Երեմիայի պես՝ հաստատակամորեն կկատարե՞ս Աստծու պատվերները։ Եթե թույլ տաս, որ Աստված ձևավորի քո սիրտը, կկարողանաս հիանալի վկայություն տալ։ Ընդունելով և հնազանդվելով Աստծու առաջնորդությանը, որը նա տալիս է իր Խոսքի և հավատարիմ ու իմաստուն ծառայի միջոցով՝ հարատև օգուտներ կքաղես։ Նենգավոր սրտով առաջնորդվելու փոխարեն՝ ընդօրինակիր Երեմիային։ Թույլ տուր, որ Աստված ձևավորի քեզ, և թող որ քեզանից պատրաստի մի անոթ, որը հավիտյան պիտանի կլինի նրան։
Ինչո՞ւ է կարևոր պայքարել Սատանայի, մեր անկատար սրտի և աշխարհի կողմից եկող ճնշումների դեմ։
a Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ այս համարն այսպես ենք կարդում. «Մի՛ հարմարվեք այս աշխարհին»։ Իսկ ծանոթագրության մեջ ավելացվում է. «Շատ տեղին է, որ այստեղ «հարմարվել» բայը կրավորական սեռով է գրված, որովհետև դա մատնանշում է, որ այդ գործողությունը կարող է կատարվել ենթագիտակցաբար։ Բայցևայնպես.... այն կարող է նաև գիտակցաբար կատարվել։ Սակայն շատ հավանական է, որ այդ գործողությունը կատարվում է և՛ գիտակցաբար, և՛ ենթագիտակցաբար» (NET Bible, 2005)։
b Ոմանք պնդում են, որ Աստված Երեմիային հանձնարարեց գնալ ոչ թե Եփրատ գետի մոտ, այլ ավելի մոտիկ տեղ։ Ինչո՞ւ։ Գիտնականներից մեկն ասում է. «Քննադատության միակ նպատակն այն է, որ «ազատեն» մարգարեին Երուսաղեմից դեպի Եփրատ ընկած ճանապարհը երկու անգամ անցնելուց»։