Աստվածաշնչի գիրք համար 24. Երեմիա
Գրողը՝ Երեմիա
Գրվելու վայրը՝ Հուդա ու Եգիպտոս
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 580թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 647–580թթ.
1. Ե՞րբ և ումի՞ց Երեմիան նշանակում ստացավ։
ԵՐԵՄԻԱ մարգարեն ապրել է անհանգիստ ու վտանգավոր ժամանակներում։ Մ.թ.ա. 647թ.-ին՝ Հուդայի աստվածավախ թագավոր Հովսիայի իշխանության 13-րդ տարում, նա նշանակում է ստանում Եհովայից։ Տաճարի վերանորոգման ընթացքում գտնվում է Եհովայի Օրենքի գիրքը ու ընթերցվում թագավորի համար։ Հովսիան ձեռքից եկածն անում է, որպեսզի Օրենքում գրվածը գործի դրվի, սակայն ընդամենը կարողանում է ժողովրդին ժամանակավորապես հետ դարձնել կռապաշտությունից։ Հովսիայի պապը՝ Մանասեն, որն իշխել էր 55 տարի, և հայրը՝ Ամոնը, որն ընդամենը երկու տարի թագավորելուց հետո սպանվել էր, ամբարիշտ թագավորներ էին եղել. նրանք ժողովրդին դրդել էին անբարո խրախճանքների և գարշելի ծիսակատարությունների, ու ժողովուրդը սկսել էր խունկ ծխել «երկնքի թագուհուն» և մարդկային զոհեր մատուցել դիվային աստվածներին։ Մանասեն Երուսաղեմը լցրել էր անմեղ արյունով (Երեմ. 1։2; 44։19; 2 Թագ. 21։6, 16, 19–23; 23։26, 27)։
2. Ի՞նչ նշանակում էր ստացել Երեմիան, և իրադարձություններով հարուստ ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում նրա մարգարեությունը։
2 Երեմիայի նշանակումը հեշտ չէր։ Եհովայի անունից նա պետք է կանխագուշակեր աղետների մասին, որոնք անհավատալի էին թվում. Հուդան ու Երուսաղեմը ամայանալու էին, Եհովայի փառահեղ տաճարը հրի էր մատնվելու, իսկ ժողովուրդը գերության էր տարվելու։ Երուսաղեմում Երեմիան մարգարեություն էր անելու քառասուն տարի՝ ամբարտավան թագավորներ Հովաքազի, Հովակիմի, Հովաքինի (Քոնիա) ու Սեդեկիայի օրոք (Երեմ. 1։2, 3)։ Ավելի ուշ Եգիպտոսում նա պետք է մարգարեանար հրեա փախստականների կռապաշտության մասին։ Երեմիան իր գիրքն ավարտել է մ.թ.ա. 580-ին։ Այսպիսով՝ գրքում ընդգրկված իրադարձություններով հարուստ ժամանակահատվածը կազմում է 67 տարի (Երեմ. 52։31)։
3. ա) «Երեմիա» գրքի կանոնականությունն ու վավերականությունը ինչպե՞ս էին հաստատվում եբրայեցիների ժամանակներում։ բ) Քրիստոնեական Հունարեն Գրություններում գրքի կանոնականության ու վավերականության ի՞նչ ապացույցներ կան։
3 Եբրայերենում այս մարգարեի և նրա գրքի անունը հնչում է Յիրմեյահ, կամ՝ Յիրմեյահու, որն, ըստ երևույթին, նշանակում է «Եհովան բարձրացնում է» կամ «Եհովան ազատում է [ակներևաբար՝ արգանդից]»։ Գիրքը հանդիպում է Եբրայերեն Գրությունների բոլոր ցուցակներում, և նրա կանոնականությունը կասկածներ չի հարուցում։ Երեմիայի կյանքի օրոք նրա կողմից ասված մի շարք մարգարեությունների ապշեցուցիչ կատարումները լիովին հաստատում են գրքի վավերականությունը։ Բացի այդ, Երեմիայի անունը բազմիցս հիշատակված է Քրիստոնեական Հունարեն Գրություններում (Մատթ. 2։17, 18; 16։14; 27։9)։ Հիսուսը քաջատեղյակ էր «Երեմիա» գրքին։ Դա երևում է նրանից, որ մի անգամ տաճարը առևտրականներից մաքրելիս նա ասաց խոսքեր, որոնք վերցված էին Երեմիա 7։11 և Եսայիա 56։11 համարներից (Մարկ. 11։17; Ղուկ. 19։46)։ Հիսուսի համարձակությունն ու քաջությունը տեսնելով՝ ոմանք նույնիսկ մտածել են, թե նա Երեմիան է (Մատթ. 16։13, 14)։ Երեմիայի մարգարեությունը նոր ուխտի վերաբերյալ (Երեմ. 31։31–34) հիշատակվել է Պողոսի կողմից Եբրայեցիներ 8։8–12 և 10։16, 17 համարներում։ Իսկ գրելով «ով պարծենում է, թող Եհովայով պարծենա»՝ Պողոսը մեջբերել է Երեմիա 9։24 համարը (1 Կորնթ. 1։31)։ Հայտնություն 18։21-ում ավելի վառ կերպով է նկարագրվում Երեմիայի բերած օրինակը Բաբելոնի անկման մասին (Երեմ. 51։63, 64)։
4. Հնագիտությունն ինչպե՞ս է թիկունք կանգնում «Երեմիա» գրքի վավերականությանը։
4 Հնագիտությունը նույնպես թիկունք է կանգնում «Երեմիա» գրքի վավերականությանը։ Օրինակ՝ բաբելոնյան մի տարեգրությունում նշվում է, որ Նաբուգոդոնոսորը մ.թ.ա. 617-ին զավթեց Երուսաղեմը, գերի վերցրեց թագավորին (Հովաքինին) և նրա փոխարեն թագավոր նշանակեց նրան, ում ցանկացավ (Սեդեկիային) (24։1; 29։1, 2; 37։1)a։
5. ա) Ի՞նչ է հայտնի Երեմիայի մասին։ բ) Ի՞նչ կարելի է ասել նրա գրելաոճի մասին։
5 Երեմիայի մասին մեզ ավելի շատ բան է հայտնի, քան որևէ այլ մարգարեի, բացառությամբ Մովսեսի։ Երեմիան շատ բան է գրել իր, իր զգացումների և հույզերի մասին, որոնք վկայում են նրա անվախության ու քաջության, ինչպես նաև նրա խոնարհության ու մեղմության մասին։ Երեմիան եղել է ոչ միայն մարգարե, այլև քահանա, Աստվածաշնչի գրքերի գրող ու վստահելի պատմիչ։ Նրա հայրը քահանա Քեղկիան էր Անաթոթ քահանայական քաղաքից, որը գտնվում էր Երուսաղեմից դեպի հյուսիս՝ «Բենիամինի երկրում» (1։1)։ Երեմիայի գրելաոճը հստակ է, ուղիղ և դյուրըմբռնելի։ Գիրքը հարուստ է առակներով ու պատկերավոր օրինակներով և գրված է թե՛ արձակ և թե՛ չափածո ոճով։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. Ինչպե՞ս է շարադրված մարգարեության նյութը։
6 Նյութը շարադրված է ոչ թե ժամանակագրական, այլ թեմատիկ կարգով։ Այդ պատճառով հաճախ փոխվում է գործողությունների ժամանակն ու իրավիճակը։ Գրքի վերջում՝ 52-րդ գլխում, հանգամանորեն նկարագրվում է Երուսաղեմի ու Հուդայի ավերումը։ Այդ նկարագրությունը ոչ միայն ցույց է տալիս, թե ինչպես կատարվեցին մարգարեության մանրամասները, այլև լավ հիմք է ստեղծում աստվածաշնչյան հաջորդ՝ «Ողբ» գրքի համար։
7. Երեմիան ինչպե՞ս մարգարե դարձավ, ու Եհովան ինչո՞ւմ վստահեցրեց նրան։
7 Եհովան Երեմիային մարգարե է նշանակում (1։1–19)։ Արդյոք Երեմիան մարգարե է նշանակվում, քանի որ ի՞նքն է այդպես ցանկանում, թե՞ պատճառն այն է, որ նա քահանայական ընտանիքից է։ Եհովան բացատրում է. «Դեռ որովայնում քեզ չստեղծած՝ ես գիտեի քեզ, և դու դեռ արգանդից դուրս չեկած՝ ես սրբացրի քեզ։ Ազգերի մարգարե քեզ նշանակեցի»։ Այդ նշանակումը Եհովայից է։ Արդյոք Երեմիան պատրաստակամորե՞ն է ընդունում այն։ Նա խոնարհաբար փորձում է հրաժարվել՝ ասելով. «Դեռ պատանի եմ»։ Եհովան նրան վստահեցնում է. «Ահա իմ խոսքերը քո բերանում դրեցի։ Տե՛ս, այսօր քեզ ազգերի և թագավորությունների վրա եմ նշանակել, որպեսզի արմատախիլ անես ու քանդես, կործանես ու ավերես, կառուցես ու տնկես»։ Երեմիան չպետք է վախենա։ «Նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև «ես քեզ հետ եմ,— ասում է Եհովան,— որ ազատեմ քեզ»» (1։5, 6, 9, 10, 19)։
8. ա) Երուսաղեմն ինչո՞ւմ է անհավատարիմ դարձել։ բ) Եհովան ինչպե՞ս աղետ կբերի։
8 Երուսաղեմ՝ անհավատարիմ կին (2։1–6։30)։ Ի՞նչ լուր է Եհովան հայտնում Երեմիային։ Երուսաղեմը մոռացել է իր առաջին սերը։ Նա լքել է Եհովային՝ կենաց ջրի Աղբյուրին, և մարմնավաճառությամբ է զբաղվում օտար աստվածների հետ։ Ընտիր կարմիր որթատունկից նա փոխվել է ու դարձել «օտար որթատունկի վայրի ընձյուղներ» (2։21)։ Նրա հագուստի քղանցքներում անմեղ աղքատների հոգիների արյան հետքեր կան։ Նույնիսկ մարմնավաճառ Իսրայելը Հուդայից ավելի արդար է։ Աստված հորդորում է այդ դավաճան որդիներին հետ դառնալ, քանի որ նա է իրենց ամուսինն ու տերը։ Սակայն նրանք նման են դավաճան կնոջ։ Նրանք կկարողանան վերադառնալ, եթե հեռացնեն իրենց նողկալի բաները և թլփատեն իրենց սրտերը։ «Սիոնի ճանապարհը ցույց տվող նշան դրեք», քանի որ Եհովան հյուսիսից աղետ է բերելու (4։6)։ Կոտորած կոտորածի վրա։ Եհովայի դատաստանն իրագործողը կգա, ինչպես առյուծը՝ մացառուտից, ինչպես այրող քամին՝ անապատում, և մրրիկի պես սլացող կառքերով։
9. ա) Ի՞նչ խոսք ունի Երեմիան կամակոր Երուսաղեմի համար։ բ) Խաղաղության համար նրանց աղաղակը ի՞նչ օգուտ ունի։
9 Շրջեք Երուսաղեմում։ Ի՞նչ եք տեսնում։ Միայն հանցանք և անհավատարմություն։ Ժողովուրդը ուրացել է Եհովային, և նրա խոսքերը Երեմիայի բերանում կրակ են դառնալու, որ սպառեն նրանց ասես փայտ։ Ինչպես որ նրանք լքել են Եհովային՝ օտար աստծու ծառայելու համար, այդպես էլ նա կստիպի նրանց օտարների ծառայելու մի երկրում, որն իրենցը չէ։ Կամակորնե՛ր։ Նրանք աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում։ Ի՜նչ սարսափելի է։ Մարգարեներն ու քահանաները սուտ են մարգարեանում։ «Իսկ իմ ժողովրդին դա դուր է գալիս»,— ասում է Եհովան (5։31)։ Հյուսիսից չարիք է գալիս, այդուհանդերձ «նրանք փոքրից մինչև մեծը՝ բոլորն էլ անազնիվ շահի հետևից են ընկնում»։ Նրանք ասում են. ««Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է», մինչդեռ խաղաղություն չկա» (6։13, 14)։ Բայց կողոպտիչը հանկարծակի է հասնելու։ Եհովան Երեմիային մետաղ գնահատող է կարգել, սակայն խարամից ու «մերժված արծաթից» բացի, ոչինչ չկա։ Նրանք անուղղելի չար են։
10. Երուսաղեմն ինչո՞ւ նույն բաժնին կարժանանա, ինչ Սելովն ու Եփրեմը։
10 Նախազգուշացում, որ տաճարը պաշտպանություն չի տալու (7։1–10։25)։ Երեմիան Եհովայից խոսք է ստանում, որը պետք է ազդարարի տաճարի դռների մոտ։ Նա բղավում է նրանց, ովքեր ներս են մտնում այդ դռներով, թե պարծենում են Եհովայի տաճարով և միևնույն ժամանակ ճնշում են որբին և անմեղ արյուն են թափում, ուրիշ աստվածների հետևից են գնում, գողանում են, սպանում, շնություն են գործում, սուտ երդում են տալիս ու զոհեր են մատուցում Բահաղին։ Կեղծավորնե՛ր։ Նրանք Եհովայի տունը «ավազակների որջ են դարձրել»։ Նրանք պետք է հիշեն, թե Եհովան ինչ է արել Սելովի հետ։ Նույն բանը նա կանի Հուդայի տան հետ։ Նա դեն կնետի նրան, ինչպես որ դեն նետեց հյուսիսում ապրող Եփրեմին (Իսրայելին) (Երեմ. 7։4–11; 1 Սամ. 2։12–14; 3։11–14; 4։12–22)։
11. Ինչո՞ւ է անօգուտ աղոթել Հուդայի համար։
11 Անօգուտ է աղոթել Հուդայի համար։ Ժողովուրդը զոհաբերության բլիթներ է թխում «երկնքի թագուհու» համար։ Իսկապես, «սա այն ազգն է, որը չհնազանդվեց իր Աստված Եհովայի ձայնին և խրատ չընդունեց։ Հավատարմությունն անհայտացել է» (Երեմ. 7։18, 28)։ Հուդան գարշելի կուռքեր է դրել Եհովայի տանը և իր որդիներին ու դուստրերին կրակի մեջ այրել է Տոֆեթի բարձունքներում, որը Հիննոմի հովտում է։ Այն կկոչվի «սպանության հովիտ», և նրանց մեռած մարմինները կերակուր կդառնան երկնքի թռչունների ու գազանների համար (7։32)։ Ուրախության ու ցնծության ձայն չի լսվի Հուդայում և Երուսաղեմում։
12. Խաղաղության փոխարեն՝ ի՞նչ է սպասում Հուդային ու նրա որդեգրած աստվածներին։
12 Նրանք խաղաղության և ապաքինվելու ժամանակին հուսացին, բայց ահա սարսափ է։ Ժողովրդի համառությունը կհանգեցնի միայն ցիրուցան, բնաջինջ լինելուն ու ողբի։ Եհովան «կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր»։ Իսկ այն աստվածների մեջ, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, ոգի չկա։ Դրանք ունայնություն են, ծաղրանքի արժանացած գործեր, որոնք կվերանան (10։10–15)։ Եհովան երկրի բնակիչներին պարսատիկի քարերի նման դուրս կնետի։ Լսե՛ք։ Մեծ դղրդոց է գալիս հյուսիսի երկրից, որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի վայր դարձնի։ Մարգարեն ընդունում է, որ «մարդու ճանապարհը իր ձեռքում չէ», և աղոթում է, որ Եհովան ուղղի իրեն, որպեսզի ոչնչի չվերածվի (10։23)։
13. Ինչո՞ւ է Երեմիային արգելվում աղոթել Հուդայի համար, ու վտանգի ժամանակ Եհովան ինչպե՞ս է զորացնում մարգարեին։
13 Ուխտադրուժները անիծված են (11։1–12։17)։ Հուդան Եհովայի հետ կապած ուխտի խոսքերը դրժել է։ Ժողովուրդը զուր է օգնության կանչում։ Երեմիան չպետք է աղոթի Հուդայի համար, քանի որ Եհովան «կրակ է վառել», որից բռնկվել է երբեմնի սաղարթախիտ ձիթենին (11։16)։ Անաթոթի՝ այն քաղաքի բնակիչները, որտեղ ապրում է Երեմիան, դավ են նյութում, որ սպանեն նրան։ Մարգարեն դիմում է Եհովային, որ զորացնի ու օգնի իրեն։ Եհովան խոստանում է վրեժ առնել Անաթոթից։ Երեմիան հարցնում է. «Ինչո՞ւ է ամբարիշտների ճանապարհը հաջողվում»։ Եհովան նրան վստահեցնում է. «Ես արմատախիլ կանեմ այդ [անհնազանդ] ազգին.... ու կկործանեմ» (12։1, 17)։
14. ա) Ի՞նչ օրինակներով է Եհովան ցույց տալիս, որ Երուսաղեմն անուղղելի է, և որ ժողովրդի դեմ դատաստանն անխուսափելի է։ բ) Ի՞նչ է լինում Երեմիայի հետ, երբ նա ուտում է Եհովայի խոսքերը։
14 Երուսաղեմը անուղղելի է և դատապարտված է (13։1–15։21)։ Երեմիան պատմում է, թե ինչպես Եհովան պատվիրեց իրեն կտավե գոտի կապել մեջքին ու հետո թաքցնել Եփրատի մոտ՝ ժայռի խոռոչում։ Երբ Երեմիան եկավ, որ փորի ու հանի գոտին, այն արդեն փտել էր, «ոչ մի բանի պիտանի չէր»։ Այդպես Եհովան օրինակի միջոցով ցույց տվեց իր վճռականությունը «փտեցնել Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի սահման չունեցող հպարտությունը» (13։7, 9)։ Նրանք կհարբեն, ու նա կկոտրի նրանց՝ իրար զարկելով, ասես գինիով լցված մեծ սափորների։ «Կարո՞ղ է արդյոք քուշեցին իր մորթը փոխել, կամ ընձառյուծը՝ իր մորթի բծերը» (13։23)։ Նույն ձևով էլ Երուսաղեմն է անուղղելի։ Երեմիան չպետք է աղոթի այս ժողովրդի համար։ Նույնիսկ եթե Մովսեսն ու Սամուելը Եհովայի առջև կանգնեն, որ բարեխոսեն նրա համար, նա չի լսի, քանի որ վճռել է կործանման մատնել Երուսաղեմը։ Եհովան զորացնում է Երեմիային, որ դիմադրի իրեն նախատողներին։ Երեմիան գտնում և ուտում է Եհովայի խոսքերը, որոնք նրա համար «ուրախություն և նրա սրտին ցնծություն են լինում» (15։16)։ Հիմա դատարկ կատակների ժամանակը չէ, այլ ժամանակն է վստահելու Եհովային, որը խոստացել է Երեմիային պղնձե ամուր պարիսպ դարձնել ժողովրդի դեմ։
15. ա) Որքա՞ն լուրջ են Երեմիայի ապրած ժամանակները, և Եհովայի ո՞ր պատվերն է դա ընդգծում։ բ) Ժողովուրդն ինչպե՞ս է իմանալու Եհովայի անունը, և ինչո՞ւ նրանց մեղքը չի կարող ծածկված լինել Եհովայից։
15 Եհովան ձկնորսներ ու որսորդներ կուղարկի (16։1–17։27)։ Քանի որ ավերումն անխուսափելի է, Եհովան պատվիրում է Երեմիային. «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ ու աղջիկներ մի՛ ունեցիր» (16։2)։ Հիմա ո՛չ լացուկոծ անելու, ո՛չ ժողովրդի հետ խնջույք անելու ժամանակն է, քանի որ Եհովան երկրից նետելու է նրանց։ Հետո Եհովան խոստանում է ուղարկել ձկնորսների և որսորդների, որ որսա նրանց, ու երբ նա անի դա, «նրանք պիտի իմանան, որ նրա անունը Եհովա է» (16։16, 21)։ Հուդայի մեղքը երկաթե գրչով գրված է ժողովրդի սրտերի վրա, այո՛, ադամանդե գրչածայրով։ «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի», բայց Եհովան կարող է քննել սրտերը։ Ոչ ոք չի կարող խաբել նրան։ Հավատուրացները «թողեցին կենդանի ջրի աղբյուրին՝ Եհովային» (17։9, 13)։ Եթե Հուդան շաբաթ օրը սուրբ չպահի, Եհովան նրա դարպասների մեջ կրակ կվառի, ու այն կլափի աշտարակները։
16. Բրուտի ու նրա կավե անոթների օրինակով Եհովան ի՞նչ է ցույց տալիս։
16 Բրուտն ու կավը (18։1–19։15)։ Եհովան պատվիրում է Երեմիային բրուտի տուն իջնել։ Այնտեղ նա տեսնում է, թե ինչպես է բրուտը կոտրված կավե ամանից մի ուրիշ աման պատրաստում, ինչպիսին որ ինքն ուզում է։ Այնուհետև Եհովան հայտարարում է, որ նա Իսրայելի տան Բրուտն է ու ի զորու է ավերելու և շինելու։ Հետո Երեմիային ասում է, որ բրուտի կուժը տանի Հիննոմի հովիտ և այնտեղ Եհովայի անունից աղետ հայտարարի, քանի որ մարդիկ այդ վայրը անմեղների արյունով են լցրել՝ իրենց որդիներին են վառել կրակի մեջ՝ Բահաղի համար ողջակեզ անելով։ Երեմիան պետք է կոտրի կուժը որպես խորհրդանիշ այն բանի, որ Եհովան կկոտրի Երուսաղեմը և Հուդայի բնակիչներին։
17. Ի՞նչ դժվարությունների է բախվում Երեմիան, սակայն արդյոք դա ստիպո՞ւմ է նրան լռել։
17 Հալածանքը չի լռեցնում Երեմիային (20։1–18)։ Տաճարի գլխավոր վերակացու Փասուրը, լսելով Երեմիայի խիզախ քարոզչությունը, բարկանում է ու նրան կոճղի մեջ դնում մի գիշերով։ Ազատվելուց հետո Երեմիան կանխագուշակում է, որ Փասուրը գերի պիտի գնա Բաբելոն ու այնտեղ մեռնի։ Վշտացած այն բանից, որ ծաղրի ու նախատինքի առարկա է դարձել՝ Երեմիան որոշում է չքարոզել։ Սակայն չի կարողանում լռել։ Եհովայի խոսքը նրա սրտում «վառվող կրակի պես է դարձել՝ ոսկորների մեջ պահված», այնպես որ նա չի կարողանում չխոսել։ Թեև նա անիծում է իր ծնված օրը, սակայն բացականչում է. «Գովերգե՛ք Եհովային, գովաբանե՛ք Եհովային, որովհետև նա աղքատի հոգին ազատեց չարագործների ձեռքից» (20։9, 13)։
18. Երեմիան ինչի՞ մասին է տեղեկացնում Սեդեկիային։
18 Եհովայի բարկությունը իշխանների դեմ (21։1–22։30)։ Պատասխանելով Սեդեկիայի հարցին՝ Երեմիան տեղեկացնում է նրան քաղաքի դեմ Եհովայի ցասման մասին. Բաբելոնի թագավորը կպաշարի քաղաքը, և այն կկործանվի համաճարակից, սրից, սովից ու կրակից։ Սեղումը (Հովաքազ) կմեռնի գերության մեջ, Հովակիմին կթաղեն, ինչպես էշին են թաղում, և նրա որդի Քոնիան (Հովաքին) դուրս կնետվի Հուդայից ու կմահանա Բաբելոնում։
19. Երեմիան ի՞նչ է մարգարեանում «արդար ընձյուղի» մասին, և ի՞նչ է ցույց տրվում «թզով լի երկու զամբյուղի» օրինակով։
19 Հույս «արդար ընձյուղի» հանդեպ (23։1–24։10)։ Եհովան խոստանում է կեղծ հովիվներին փոխարինել իսկական հովիվներով և Դավթի տոհմից «արդար ընձյուղ» տալ, որը «իշխելու է իբրև թագավոր, խոհեմությամբ է վարվելու և երկրի վրա արդարադատություն ու արդարություն է գործադրելու»։ Ի՞նչ է նրա անունը։ «Նա կկոչվի՝ «Եհովան մեր Արդարությունն է»»։ Նա կհավաքի ցիրուցան եղած մնացորդին (23։5, 6)։ Եթե մարգարեները Եհովայի հետ մտերիմ հարաբերությունների մեջ լինեին, ապա նրա խոսքերը լսել կտային ժողովրդին և նրանց հետ կդարձնեին իրենց չար ճանապարհից։ Բայց Եհովան ասում է, որ «իր ժողովուրդը թափառում է նրանց ստի.... պատճառով» (23։22, 32)։ Երեմիան տեսնում է «թզով լի երկու զամբյուղ»։ Լավ ու վատ թզերի օրինակով նա ցույց է տալիս, որ հավատարիմ մնացորդը կունենա Աստծու բարեհաճությունը ու կվերադառնա իր երկիր, իսկ մյուս խմբին աղետալի վախճան է սպասում (24։1, 5, 8–10)։
20. Եհովան ինչպե՞ս է օգտագործում Բաբելոնին որպես իր ծառա, և ի՞նչ է նրան սպասում։
20 Եհովան դատական գործ ունի ազգերի դեմ (25։1–38)։ Այս գլխում ամփոփվում են այն դատաստանները, որոնց մասին ավելի մանրամասնորեն խոսվում է 45–49-րդ գլուխներում։ Երեք զուգահեռ մարգարեությունների միջոցով Եհովան այժմ աղետներ է ազդարարում երկրի բոլոր ազգերին։ Նաբուգոդոնոսորը կոչվում է Եհովայի ծառա, որը ամայացնելու է Հուդան ու շրջակա ազգերը, «և այս ազգերը յոթանասուն տարի Բաբելոնի թագավորին կծառայեն»։ Հետո կգա Բաբելոնի հերթը, ու այն «դարեդար ամայի կլինի» (25։1–14)։
21. Ո՞վ պետք է խմի Եհովայի բարկության բաժակից։ Ի՞նչ կլինի արդյունքը։
21 Երկրորդ մարգարեությունը Եհովայի բարկության գինու բաժակի մասին է։ Երեմիան պետք է վերցնի այս բաժակը ու տա ազգերին, և «նրանք կխմեն, կճոճվեն և խելացնորի պես իրենց կպահեն» իրենց վրա եկող կործանման պատճառով։ Նախ կխմեն Երուսաղեմն ու Հուդան։ Հետո բաժակը կգնա Եգիպտոս, հետ կգա փղշտացիների երկիր, կգնա հակառակ կողմում գտնվող Եդոմ, հետո դեպի հյուսիս՝ Տյուրոս, մոտիկ և հեռու երկրներ ու «երկրի երեսի վրա եղող մյուս բոլոր թագավորություններ»։ «Իսկ նրանցից հետո պիտի խմի Սիսակի թագավորը»։ Նրանք կխմեն, կփսխեն և կընկնեն։ Ոչ ոք անպատիժ չի մնա (25։15–29)։
22. Ի՞նչ մեծ աղետի միջոցով է արտահայտվելու Եհովայի բորբոքված բարկությունը։
22 Երեմիայի երրորդ մարգարեությունը շատ պոետիկ է։ «Եհովան բարձր տեղից առյուծի պես մռնչալու է.... երկրի բոլոր բնակիչների դեմ»։ Աղմուկ, աղետ, ուժգին մրրիկ։ «Այդ օրը Եհովայի կողմից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն»։ Նրանց վրա սուգ չեն անի, նրանց չեն թաղի։ Նրանք հողի երեսին գոմաղբ կդառնան։ Կեղծ հովիվները կմորթվեն հոտի մեծերի հետ։ Փրկություն չկա նրանց համար։ Լսե՛ք, թե ինչպես են նրանք ողբում։ Եհովան «կործանում է նրանց արոտները.... բորբոքված բարկության պատճառով» (25։30–38)։
23. ա) Ի՞նչ դավ են նյութում Երեմիայի դեմ, ինչպե՞ս է նա պաշտպանվում, և նրան ազատելիս ի՞նչ նախադեպերի մասին են հիշում։ բ) Երեմիան ինչպե՞ս է ցույց տալիս բաբելոնյան մոտալուտ լուծը, ու Հանանիայի մասին ո՞ր մարգարեությունն է կատարվում։
23 Երեմիան արդարացվում է (26։1–28։17)։ Իշխաններն ու ժողովուրդը դավ են նյութում, որ մահվան մատնեն Երեմիային։ Նա պաշտպանվում է։ Մարգարեն բացատրում է, որ Եհովայի խոսքերն է ասում։ Եթե նրանք սպանեն իրեն, անմեղ արյուն կթափեն։ Երեմիային արդարացնում են։ Երեցները նրա գործը քննարկելիս հիշում են Միքիա և Ուրիա մարգարեների հետ տեղի ունեցածը։ Այնուհետև Եհովան պատվիրում է Երեմիային կապեր ու լուծեր պատրաստել, դրանք պարանոցի վրա դնել, ապա ուղարկել շրջակա ազգերին որպես խորհրդանիշ այն բանի, որ ծառայելու են Բաբելոնի թագավորին կառավարիչների երեք սերնդի ընթացքում։ Կեղծ մարգարեներից մեկը՝ Հանանիան, հակառակվում է Երեմիային։ Նա հայտարարում է, որ Բաբելոնի լուծը կկոտրվի երկու տարվա ընթացքում, և որպես ապացույց՝ կոտրում է փայտե լուծը։ Եհովան կրկնում է իր մարգարեությունը՝ պատվիրելով Երեմիային երկաթե լուծեր պատրաստել ու կանխագուշակել, որ Հանանիան այդ տարի մեռնելու է։ Եվ այդպես էլ լինում է։
24. ա) Բաբելոնում գերության մեջ գտնվողներին ի՞նչ է ասում Երեմիան։ բ) Եհովան ո՞ւմ հետ է նոր ուխտ կապելու, և ի՞նչ առումով է այն նախորդից ավելի մեծ լինելու։
24 Մխիթարություն Բաբելոնում գերության մեջ գտնվողների համար (29։1–31։40)։ Հեքոնիայի (Հովաքին) հետ Բաբելոն գերի տարվածներին Երեմիան նամակ է գրում՝ ասելով, որ հաստատվեն այնտեղ, քանի որ Եհովան նրանց հետ կբերի միայն 70 տարի հետո։ Եհովան պատվիրում է Երեմիային մի գրքի մեջ գրել նրանց վերադարձի մասին խոսքերը։ Եհովան կկոտրի նրանց լուծը, և «նրանք կծառայեն իրենց Աստված Եհովային և իրենց թագավոր Դավթին, որին ես [Եհովաս] նրանց վրա կդնեմ» (30։9)։ Ռաքելը պետք է զսպի իր ձայնը, որ լաց չլինի, որովհետև նրա որդիները «կվերադառնան թշնամու երկրից» (31։16)։ Իսկ հիմա Եհովան շատ քաջալերական վստահեցում է տալիս։ Նա Հուդայի և Իսրայելի տների հետ նոր ուխտ կկապի։ Սա շատ ավելի մեծ ուխտ կլինի, քան այն մեկը, որ նրանք խախտել են։ Եհովան իր օրենքը կգրի շատ խորը՝ նրանց ներսում՝ սրտերի վրա։ «Ես նրանց Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»։ Փոքրից մինչև մեծը պիտի ճանաչեն Եհովային, և նա կների նրանց անօրենությունը (31։31–34)։ Նրանց քաղաքը կվերաշինվի և սուրբ կլինի Եհովայի համար։
25. Ինչպե՞ս է ընդգծվում այն, որ Իսրայելը անպայման վերականգնվելու է, և ի՞նչ լուր է պարունակում Եհովայի խոսքը։
25 Եհովայի ուխտը Դավթի հետ ուժի մեջ է մնում (32։1–34։22)։ Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի վերջին պաշարման ժամանակ Երեմիան կալանքի տակ է։ Սակայն որպես նշան, որ Եհովան անպայման վերականգնելու է Իսրայելը, Երեմիան Անաթոթում մի արտ է գնում և մուրհակները մի կավե անոթի մեջ է դնում։ Եհովայի խոսքը բարի լուր է պարունակում. Հուդան ու Երուսաղեմը նորից կուրախանան, և Եհովան կկատարի Դավթի հետ կնքած իր ուխտը։ Բայց Սեդեկիային նախազգուշացում է տրվում, որ Բաբելոնի թագավորը կրակով կայրի այդ քաղաքը, իսկ նա գերության կգնա Բաբելոն։ Վա՜յ ծառաներ ունեցողներին, ովքեր համաձայնել են ազատ արձակել նրանց, բայց դրժել են այդ ուխտը։
26. Եհովան ի՞նչ է խոստանում Ռեքաբյաններին և ինչո՞ւ։
26 Եհովայի խոստումը Ռեքաբին (35։1–19)։ Հովակիմ թագավորի օրերում Եհովան Երեմիային ուղարկում է Ռեքաբյանների մոտ։ Նրանք ապաստան են գտել Երուսաղեմում բաբելոնացիների առաջին արշավի ժամանակ։ Երեմիան նրանց գինի է առաջարկում, որ խմեն։ Նրանք հրաժարվում են իրենց նախահայր Հովնադաբի պատվերի պատճառով, որը նա տվել էր ավելի քան 250 տարի առաջ։ Որքա՜ն է նրանց ընթացքը տարբերվում անհավատարիմ Հուդայի ընթացքից։ Եհովան խոստանում է. «Ռեքաբի որդի Հովնադաբից իմ առաջ կանգնողը երբեք չի պակասի» (35։19)։
27. Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջանում նորից գրի առնելու մարգարեության խոսքերը։
27 Երեմիան նորից է գրում գիրքը (36։1–32)։ Եհովան Երեմիային պատվիրում է գրել մարգարեության բոլոր խոսքերը, որ տրվել են նրան մինչ այդ օրը։ Երեմիան թելադրում է այդ խոսքերը Բարուքին, որը ծոմապահության օրը բարձրաձայն կարդում է դրանք Եհովայի տանը։ Հովակիմ թագավորը մարդ է ուղարկում գիրքը բերելու և լսելով մի մասը՝ բարկացած կտրում է այն ու գցում կրակը։ Նա հրաման է տալիս ձերբակալել Բարուքին և Երեմիային, բայց Եհովան թաքցնում է նրանց։ Հետո Երեմիային ասում է մի ուրիշ փաթույթ վերցնել ու գրի առնել նախկին խոսքերը։
28. ա) Ինչի՞ մասին է Երեմիան համառորեն մարգարեանում։ բ) Աբդիմելեքի վարվելակերպը ինչո՞վ է տարբերվում իշխանների վարվելակերպից։
28 Երուսաղեմի վերջին օրերը (37։1–39։18)։ Արձանագրությունը նորից վերադառնում է Սեդեկիայի իշխանության օրերին։ Թագավորը խնդրում է Երեմիային աղոթել Եհովային Հուդայի համար։ Մարգարեն հրաժարվում է՝ ասելով, որ Երուսաղեմի կործանումը անխուսափելի է։ Երեմիան փորձում է գնալ Անաթոթ, բայց նրան բռնում են որպես դասալիքի, ծեծում են ու շատ օրերով բանտարկում։ Հետո Սեդեկիան մարդ է ուղարկում նրա հետևից։ Եհովայից խոսք կա՞։ Իհա՛րկե, կա։ «Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու» (37։17)։ Բարկանալով, որ Երեմիան համառորեն կործանման մասին է մարգարեանում՝ իշխանները նրան գցում են ցեխոտ ջրամբարի մեջ։ Եթովպացի Աբդիմելեքը, որը ներքինի է ծառայում թագավորի տանը, բարեխոսում է նրա համար, ու Երեմիան փրկվում է տանջամահ լինելուց։ Սակայն նա կալանքի տակ է մնում Պահակների գավիթում։ Սեդեկիան կրկին մարդ է ուղարկում, որ Երեմիային բերի իր մոտ, բայց նրան ընդամենը մի բան է ասվում. եթե չհանձնվի Բաբելոնի թագավորին, նրան գերության կտանեն, իսկ Երուսաղեմը կկործանվի (38։17, 18)։
29. Ի՞նչ աղետ է այժմ գալիս Երուսաղեմի վրա, և ի՞նչ է լինում Երեմիային ու Աբդիմելեքին։
29 Երուսաղեմի պաշարումը տևում է 18 ամիս, և հետո՝ Սեդեկիայի 11-րդ տարում, քաղաքի պարիսպը ճեղքվում է։ Թագավորը փախուստի է դիմում իր ռազմիկների հետ, բայց բռնվում է։ Նրա որդիներին ու իշխանավորներին մորթում են նրա աչքի առաջ, իսկ նրան կուրացնում են և շղթաներով տանում Բաբելոն։ Քաղաքը այրում են կրակով և ավերակների վերածում։ Բոլորը, բացի մի քանի աղքատներից, գերի են տարվում Բաբելոն։ Նաբուգոդոնոսորի հրամանով Երեմիային ազատ են արձակում Պահակների գավիթից։ Ազատվելուց առաջ մարգարեն Աբդիմելեքին ասում է, որ Եհովան խոստացել է ազատել նրան, որովհետև ապավինել է իրեն (39։18)։
30. Հուդայում մնացած ժողովուրդը ինչպե՞ս է մերժում Երեմիայի խորհուրդը, ու Եգիպտոսում Երեմիան կործանման ի՞նչ դատաստանի մասին է հայտնում։
30 Վերջին իրադարձությունները Մասփայում ու Եգիպտոսում (40։1–44։30)։ Երեմիան մնում է Մասփայում Գոդողիայի հետ, որին բաբելոնացիները կառավարիչ են նշանակել մնացած ժողովրդի վրա։ Երկու ամիս անց Գոդողիային սպանում են։ Ժողովուրդը գալիս է Երեմիայի մոտ՝ խորհուրդ հարցնելու, և նա հայտնում է նրանց Աստծու խոսքը՝ ասելով, որ նա արմատախիլ չի անի նրանց։ Նրանք չպետք է վախենան Բաբելոնի թագավորից։ Բայց եթե գնան Եգիպտոս, կմեռնեն։ Այդուհանդերձ, ժողովուրդը գնում է Եգիպտոս՝ իր հետ տանելով Երեմիային ու Բարուքին։ Տափնասում (Եգիպտոս) Երեմիան հայտնում է կործանման մասին Եհովայի դատաստանը. Բաբելոնի թագավորը իր գահը կդնի Եգիպտոսում։ Իսրայելացիների համար անօգուտ է երկրպագել Եգիպտոսի աստվածներին և կրկին զոհեր մատուցել «երկնքի թագուհուն»։ Մի՞թե նրանք մոռացել են, թե ինչպես Եհովան ամայացրեց Երուսաղեմը կռապաշտության պատճառով։ Եհովան աղետ կբերի նրանց վրա Եգիպտոսի երկրում, ու նրանք չեն վերադառնա Հուդա։ Որպես նշան՝ Եհովան Վափառ փարավոնին մատնում է թշնամիների ձեռքը։
31. Ի՞նչ վստահեցում է տրվում Բարուքին։
31 Բարուքի բաժինը (45։1–5)։ Լսելով, որ Երեմիան նորից ու նորից կործանման մասին է մարգարեանում՝ Բարուքը տագնապահար է լինում։ Նրան ասվում է նախևառաջ մտածել Եհովայի շինիչ ու կործանարար գործերի մասին՝ իր համար «մեծամեծ բաներ փնտրելու» փոխարեն (45։5)։ Այդ ողջ աղետից նա փրկվելու է։
32. Ո՞ւմ դեմ է գալու «Եհովայի սուրը»։
32 Եհովայի սուրը ազգերի դեմ (46։1–49։39)։ Երեմիան պատմում է Կարքեմիշում և այլ վայրերում Եգիպտոսի վրա Բաբելոնի հաղթանակների մասին։ Ազգերը բնաջինջ կլինեն, իսկ Հակոբը կմնա, բայց անպատիժ չի թողնվի։ «Եհովայի սուրը» կգա փղշտացիների, հպարտ Մովաբի ու պարծենկոտ Ամմոնի դեմ, Եդոմի ու Դամասկոսի դեմ, Կեդարի ու Հասորի դեմ (47։6)։ Էլամի աղեղը կկոտրվի։
33. ա) Ի՞նչ կլինի ոսկե բաժակին՝ Բաբելոնին։ բ) Հետևաբար, ի՞նչ պետք է անի Աստծու ժողովուրդը։
33 Եհովայի սուրը Բաբելոնի դեմ է (50։1–51։64)։ Եհովան խոսում է Բաբելոնի մասին։ Այդ մասին հարկավոր է պատմել ազգերի մեջ։ Ոչինչ չպետք է ծածկել։ Բաբելոնը գրավվել է, իսկ նրա աստվածները ամաչել են։ Հարկավոր է փախչել նրա միջից։ Դարբնի մուրճը, որը փշրել է ողջ երկրի ազգերին, ինքն է կոտրվել։ «Հանդուգնը», որի պատճառով զրկանք են կրում Իսրայելն ու Հուդան, պետք է իմանա, որ Զորքերի Տեր Եհովան է նրանց Փրկագնողը։ Բաբելոնը ոռնացող կենդանիների համար բնակատեղի կդառնա։ «Աստծու կողմից կործանված Սոդոմի ու Գոմորի [պես].... այնտե՛ղ էլ մարդ չի բնակվի» (50։31, 40)։ Բաբելոնը ոսկե բաժակ է եղել Եհովայի ձեռքին, որով նա հարբեցրել է ազգերին, բայց հանկարծակի նա վայր է ընկել ու կոտրվել։ Ողբացե՛ք նրա վրա։ Եհովան արթնացրել է մարերի թագավորների ոգին, որ ավերակների վերածի նրան։ Բաբելոնի զորեղ ռազմիկները դադարել են կռվելուց։ Նրանք կանանց պես են դարձել։ Բաբելոնի դստերը կալսելու են կալի նման։ «Նրանք կքնեն դարեդար և չեն արթնանա»։ Ծովը վեր է ելել Բաբելոնի վրա, ու նրա ալիքների շատությունից այն ծածկվել է։ «Դո՛ւրս եկ նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, և ամեն մարդ թող ազատի իր հոգին Եհովայի բորբոքված բարկությունից» (51։39, 45)։ Բաբելոնից աղաղակի ու մեծ կոտորածի ձայն է լսվում։ Նրա պատերազմի զենքերը կկոտրվեն, որովհետև Եհովան հատուցող Աստված է։ Նա անպայման կհատուցի։
34. Ինչպե՞ս է պատկերավոր կերպով ցույց տրվում Բաբելոնի անկումը։
34 Երեմիան Սարայիային պատվիրում է գնալ Բաբելոն ու բարձրաձայն կարդալ նրա դեմ ուղղված մարգարեության այս խոսքերը։ Հետո Սարայիան գրքին մի քար պետք է կապի ու Եփրատի մեջ նետի։ «Եվ կասես. «Ահա այսպես կընկղմվի Բաբելոնը ու երբեք չի բարձրանա այն աղետի պատճառով, որ բերելու եմ նրա վրա»» (51։61–64)։
35. Ինչի՞ մասին է հետո պատմվում։
35 Արձանագրություն Երուսաղեմի անկման մասին (52։1–34)։ Այս արձանագրության մեջ գրեթե բառ առ բառ կրկնվում է այն, ինչ արդեն իսկ շարադրված է 2 Թագավորներ 24։18–20; 25։1–21, 27–30-ում։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
36. ա) Քաջության ու նախանձախնդրության ի՞նչ օրինակ է Երեմիան։ բ) Բարուքը, Ռեքաբյաններն ու Աբդիմելեքը ի՞նչ առումով են լավ օրինակ մեզ համար։
36 Այս ներշնչված մարգարեությունը օգտակար է և կերտիչ։ Ուշադրության է արժանի մարգարեի քաջությունը։ Նա անվախորեն հռչակում էր մի լուր, որը խորթ էր իր երկրի անօրեն ժողովրդին։ Նա մերժում էր չարակամ մարդկանց ընկերակցությունը։ Գիտակցելով Եհովայի պատգամը տարածելու հրատապությունը՝ նա անմնացորդ նվիրված էր այդ գործին ու երբեք չէր դադարում քարոզելուց։ Աստծու խոսքը նրա համար ոսկորների մեջ պահված կրակի պես էր և նրա սրտի ցնծությունն ու ուրախությունն էր (Երեմ. 15։16–20; 20։8–13)։ Թող որ մենք էլ նախանձախնդրորեն քարոզենք Եհովայի խոսքը։ Թող որ մենք էլ հավատարմորեն աջակցենք Աստծու ծառաներին, ինչպես որ Բարուքն աջակցեց Երեմիային։ Մեզ համար հրաշալի օրինակներ են Ռեքաբյանների անկեղծ հնազանդությունն ու հալածվող մարգարեի հանդեպ Աբդիմելեքի ցուցաբերած հոգատարությունը (36։8–19, 32; 35։1–19; 38։7–13; 39։15–18)։
37. «Երեմիա» գրքին ուշադրություն դարձնելը ինչպե՞ս է ամրացնում մեր հավատը Եհովայի մարգարեությունների հուսալիության հանդեպ։
37 Եհովայի կողմից Երեմիային հաղորդված խոսքը ապշեցուցիչ կատարում ունեցավ։ Դա, ինչ խոսք, ամրացնում է մեր հավատն այն բանի հանդեպ, որ Եհովայի մարգարեությունները միշտ կատարվում են։ Նկատի առնենք, օրինակ, այն մարգարեությունները, որոնք կատարվել են Երեմիայի կյանքի օրոք. Սեդեկիայի գերեվարումն ու Երուսաղեմի կործանումը (21։3–10; 39։6–9), Սեղում (Հովաքազ) թագավորի գահընկեց լինելն ու գերության մեջ նրա մահը (Երեմ. 22։11, 12; 2 Թագ. 23։30–34; 2 Տար. 36։1–4), Քոնիա (Հովաքին) թագավորի գերի տարվելը Բաբելոն (Երեմ. 22։24–27; 2 Թագ. 24։15, 16) և մարգարեությունը հնչելուց մեկ տարի չանցած՝ կեղծ մարգարե Հանանիայի մահը (Երեմ. 28։16, 17)։ Այս և մյուս մարգարեությունները կատարվել են ճիշտ այնպես, ինչպես Եհովան նախապես ասել էր։ Եհովայի՝ ավելի ուշ շրջանի մարգարեներն ու ծառաները նույնպես Երեմիայի մարգարեությունը համարել են վստահարժան և օգտակար։ Դանիելը, օրինակ, Երեմիայի գրվածքներից եզրակացրեց, որ Երուսաղեմի ամայացումը տևելու էր 70 տարի, իսկ Եզրասը ժողովրդի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ 70 տարվա վերջում Երեմիայի խոսքերը կատարվեցին (Դան. 9։2; 2 Տար. 36։20, 21; Եզր. 1։1; Երեմ. 25։11, 12; 29։10)։
38. ա) Ո՞ր ուխտի մասին է ընդգծվում Երեմիայի մարգարեությունում, որի մասին նաև խոսեց Հիսուսը։ բ) Թագավորության ի՞նչ հույսի մասին է խոսում Երեմիան։
38 Այն երեկո, երբ Հիսուսն իր աշակերտների հետ հաստատեց Տիրոջ ընթրիքը, ցույց տվեց, որ Երեմիայի մարգարեությունը նոր ուխտի վերաբերյալ կատարվում է։ Նա խոսեց իր արյան հիման վրա նոր ուխտի մասին, որի միջոցով ներվելու էին աշակերտների մեղքերը, և նրանք դառնալու էին Եհովայի հոգևոր ազգը (Ղուկ. 22։20; Երեմ. 31։31–34)։ Սուրբ ոգուց ծնվածների հետ, որոնք նոր ուխտի մասնակիցներ են, Քրիստոսը Թագավորության ուխտ է կնքում, որպեսզի իր հետ իշխեն երկնքում (Ղուկ. 22։29; Հայտն. 5։9, 10; 20։6)։ Երեմիայի մարգարեության մեջ մի քանի անգամ խոսվում է այս Թագավորության մասին։ Հանդիմանելով անհավատ Երուսաղեմին՝ մարգարեն ցույց է տալիս, որ դեռևս հույս կա. «Ահա օրեր են գալիս,— ասում է Եհովան,— երբ ես Դավթի համար մի արդար ընձյուղ եմ վեր հանելու. նա իշխելու է իբրև թագավոր, խոհեմությամբ է վարվելու և երկրի վրա արդարադատություն ու արդարություն է գործադրելու»։ Այդ թագավորի անունն է՝ «Եհովան մեր Արդարությունն է» (Երեմ. 23։5, 6)։
39. Մնացորդի վերադարձը Բաբելոնից, ինչի մասին մարգարեացել էր Երեմիան, ինչո՞ւմ է վստահեցնում մեզ։
39 Կրկին Երեմիան խոսում է վերականգնման մասին։ «Նրանք կծառայեն իրենց Աստված Եհովային և իրենց թագավոր Դավթին, որին ես նրանց վրա կդնեմ»,— գրում է նա (Երեմ. 30։9)։ Ի վերջո, նա բարի լուր է հայտնում՝ ասելով, թե ինչ է Եհովան կանխագուշակել Իսրայելի և Հուդայի վերաբերյալ։ «Այն օրերում և այն ժամանակ [Եհովան] Դավթի համար մի արդար ընձյուղ կաճեցնի», որ շատացնի նրա սերունդը և որ «իր գահի վրա թագավորություն անող որդի» լինի (Երեմ. 33։15, 21)։ Հրեաների մնացորդը վերադարձավ Բաբելոնից։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ արդար «ընձյուղի» Թագավորությունը արդարություն և իրավունք կհաստատի ողջ երկրի վրա (Ղուկ. 1։32)։
[ծանոթագրություն]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 326, 480 (անգլ.)։