ԳԼՈՒԽ 6
Ժողովուրդ, որը քարոզում է։ Թագավորության հոժարակամ աջակիցներ
1, 2. Ի՞նչ մեծ գործի մասին էր մարգարեացել Հիսուսը, և ի՞նչ կարևոր հարց է ծագում։
ՔԱՂԱՔԱԿԱՆ գործիչները հաճախ խոստումներ են տալիս, որոնք այդպես էլ չեն իրականանում։ Նույնիսկ այն գործիչները, ովքեր լավ մղումներ ունեն, երբեմն չեն կարողանում կատարել իրենց խոստումները։ Ուրախ ենք, սակայն, որ Մեսիական Թագավորության Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, միշտ իրականացնում է իր խոստումները։
2 1914-ին Թագավոր դառնալուց հետո նա պատրաստ էր իրագործելու այն, ինչ մարգարեացել էր մոտ 1900 տարի առաջ։ Նախքան մահանալը նա ասել էր. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով» (Մատթ. 24։14)։ Այս խոսքերի կատարումը թագավորական զորությամբ իր ներկայության նշանի մի մասն էր լինելու։ Սակայն ինչպե՞ս էր վերջին օրերում Թագավորը հոժարակամ քարոզիչների բանակ կազմելու, չէ՞ որ աշխարհում մարդիկ լինելու էին եսասեր ու անհավատ (Մատթ. 24։12; 2 Տիմոթ. 3։1–5)։ Այս հարցը կարևոր է, քանի որ առնչվում է բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին։
3. Ի՞նչ է երևում Հիսուսի խոսքերից, և որտեղի՞ց նրան այդ համոզվածությունը։
3 Կրկին ուշադրություն դարձրու Հիսուսի մարգարեական խոսքերին՝ «բարի լուրը կքարոզվի»։ Տեսնո՞ւմ ես այն վստահությունը, որ կա նրա խոսքերում։ Հիսուսը համոզված էր, որ վերջին օրերում կունենա հոժարակամ աջակիցներ։ Որտեղի՞ց նրան այդ համոզվածությունը։ Մինչև երկիր գալը նա տեսել էր, որ Եհովան վստահ է իր երկրպագուների պատրաստակամության վրա (Հովհ. 12։45; 14։9)։ Տեսնենք, թե ինչպես է Եհովան դրսևորել իր վստահությունը։
«Քո ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն»
4. Ի՞նչ հրավեր ստացան իսրայելացիները և ինչպե՞ս արձագանքեցին։
4 Հիշենք, թե ինչ եղավ, երբ պետք է կառուցվեր խորանը, որը երկրպագության կենտրոն էր լինելու Իսրայել ազգի համար։ Եհովան Մովսեսի միջոցով հրավիրեց ամբողջ ազգին աջակցել այդ գործին։ Մովսեսն ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով հոժար սիրտ ունի, թող Եհովայի համար նվիրաբերի ոսկի, արծաթ....»։ Ժողովրդի պատրաստակամությունն ապշեցնող է։ Չնայած որ արդեն բավական քանակությամբ նվիրաբերություն էր արվել, «Իսրայելի որդիները.... ամեն առավոտ դեռ կամավոր ընծաներ էին բերում»։ Ուստի Մովսեսը պատվիրեց, որ այլևս ոչինչ չբերեն (Ելք 35։5; 36։3, 6)։ Այո՛, իսրայելացիները արդարացրին Եհովայի վստահությունը։
5, 6. Համաձայն Սաղմոս 110։1–3 համարների՝ ի՞նչ ոգի են Եհովան և Հիսուսը ակնկալում տեսնել վերջին օրերում ապրող ճշմարիտ երկրպագուների մեջ։
5 Արդյոք Եհովան ակնկալո՞ւմ է նման պատրաստակամություն տեսնել վերջին օրերում ապրող իր ծառաների մեջ։ Անշո՛ւշտ։ Երկրի վրա Հիսուսի ծնվելուց ավելի քան 1000 տարի առաջ Եհովան ներշնչեց Դավթին գրել այն ժամանակների մասին, երբ Մեսիան սկսելու էր իշխել (կարդա՛ Սաղմոս 110։1–3)։ Թագավորը թշնամիներ էր ունենալու, ովքեր փորձելու էին պայքարել նրա դեմ։ Սակայն նա ունենալու էր նաև աջակիցների բանակ, ովքեր հոժարությամբ էին ծառայելու Թագավորին, ոչ թե հարկադրաբար։ Նույնիսկ երիտասարդները հոժար կամքով տրամադրելու էին իրենց։ Նրանց բազմությունը այնքան մեծ էր լինելու, որ կարելի է նրանց համեմատել ցողակաթիլների հետ, որ արշալույսին ծածկում են երկրի երեսը։a
6 Հիսուսը գիտեր, որ 110-րդ սաղմոսում գրված մարգարեությունը իր մասին է (Մատթ. 22։42–45)։ Ուստի բոլոր հիմքերն ուներ համոզված լինելու, որ կունենա հավատարիմ աջակիցներ, ովքեր պատրաստ կլինեն քարոզելու բարի լուրը ամբողջ աշխարհում։ Ի՞նչ են ցույց տալիս փաստերը։ Հաջողվե՞ց Թագավորին այս վերջին օրերում պատրաստակամ քարոզիչների մեծ բանակ կազմել։
Պարտականություն և առանձնաշնորհում
7. Գահակալվելուց հետո ի՞նչ քայլեր ձեռնարկեց Հիսուսը, որ իր հետևորդներին պատրաստի հսկայածավալ գործին։
7 Գահակալվելուց կարճ ժամանակ անց Հիսուսը քայլեր ձեռնարկեց իր հետևորդներին պատրաստելու այն հսկայածավալ գործին, որ դեռ պետք է արվեր։ Ինչպես իմացանք 2-րդ գլխից, 1914-ից մինչև 1919թ. սկզբները նա կատարեց մաքրելու և զտելու գործը (Մաղ. 3։1–4)։ Հետո՝ 1919-ին, նշանակեց հավատարիմ ծառային, որ առաջնորդի իր հետևորդներին (Մատթ. 24։45)։ Այդ ժամանակից ի վեր ծառան, հոգևոր սնունդ մատակարարելով, հրատարակություններում և համաժողովների ժամանակ սկսեց հատկապես մեծ շեշտ դնել քարոզչությանը մասնակցելու բոլոր քրիստոնյաների պարտականության վրա։
8–10. Ինչպե՞ս էին համաժողովները մղում մասնակցելու քարոզչական գործին։ Բեր օրինակ (տես նաև «Համաժողովներ, որոնք կոչ էին անում քարոզել» շրջանակը)։
8 Համաժողովներ։ Առաջնորդություն ստանալու ակնկալիքով 1919-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները հավաքվել էին Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ)։ Սեպտեմբերի 1–8-ը անցկացվում էր առաջին մեծ համաժողովը համաշխարհային պատերազմից հետո։ Երկրորդ օրը եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց մի ելույթ, որի ժամանակ, խոսքն ուղղելով ունկնդիրներին, ասաց. «Երկրի վրա քրիստոնյայի առաքելությունը.... Տիրոջ թագավորության լուրը հռչակելն է»։
9 Համաժողովի գլխավոր ելույթը, որը նույնպես ներկայացրեց եղբայր Ռադերֆորդը հինգերորդ օրը, վերնագրված էր «Կոչ համագործակիցներին», որը տպագրվեց նաև «Դիտարանում» «Թագավորության հռչակումը» վերնագրով։ Նա ասաց. «Բնական է, որ երբեմն քրիստոնյան հարցնում է ինքն իրեն. «Ինչո՞ւ եմ ես այստեղ՝ երկրի վրա»։ Պատասխանը հետևյալն է. «Տերը մեծահոգաբար քեզ դեսպան է նշանակել, որ աշխարհին տանես հաշտության աստվածային պատգամը։ Դա քո պարտքն է և առանձնաշնորհումը»»։
10 Այս պատմական ելույթի ժամանակ էր, որ եղբայր Ռադերֆորդը հայտարարեց նոր ամսագրի՝ «Ոսկե դարի» (այժմ՝ «Արթնացե՛ք») լույսընծայման մասին, որը օգնելու էր ընթերցողներին տեսնել, որ մարդկության միակ հույսը Թագավորությունն է։ Հետո նա հարցրեց, թե ներկաներից ովքեր են ցանկանում բաժանել այս ամսագիրը։ Համաժողովի վերաբերյալ հաշվետվության մեջ ասվում է. «Տեսարանը հոգեցունց էր։ Բոլոր 6000 ներկաները մեկ մարդու պես ոտքի կանգնեցին»։b Ակնհայտ էր՝ Թագավորը ուներ աջակիցներ, ովքեր պատրաստ էին հռչակել նրա Թագավորությունը։
11, 12. Ի՞նչ էր ասվում 1920թ. «Դիտարանում» այն մասին, թե երբ էր Հիսուսի մարգարեացած գործը իրականացվելու։
11 Հրատարակություններ։ «Դիտարանի» էջերում Հիսուսի մարգարեացած գործի, այսինքն՝ Թագավորության բարի լուրի քարոզչության կարևորությունը ավելի ու ավելի պարզ էր երևում։ Նկատի առնենք որոշ օրինակներ 1920-ականների սկզբների հրատարակություններից։
12 Որպես Մատթեոս 24։14-ում արձանագրված մարգարեության կատարում՝ ինչի՞ մասին էր քարոզվելու։ Ե՞րբ էր դա լինելու։ 1920թ. հուլիսի 1-ի «Դիտարանում»՝ «Թագավորության ավետիսը» վերնագրով հոդվածում, բացատրվում էր, թե ինչ լուր պետք է քարոզվեր։ Այնտեղ ասվում էր. «Այս բարի լուրը վերաբերում է հին համակարգի վախճանին և Մեսիական Թագավորության հաստատմանը»։ Հոդվածում նաև հստակ պատասխանվում էր, թե երբ էր այդ գործն իրականացվելու։ «Այս լուրը պետք է քարոզվի Մեծ պատերազմի [Առաջին համաշխարհային պատերազմի] և «մեծ նեղության» միջև ընկած ժամանակահատվածում»։ Ուստի հոդվածը ընդգծում էր. «Հիմա է ժամանակը.... հռչակելու բարի լուրը քրիստոնյա աշխարհով մեկ»։
13. Ինչպե՞ս 1921թ. «Դիտարանը» բոցավառեց օծյալ քրիստոնյաների հոժարակամության ոգին։
13 Արդյոք Աստծու ժողովուրդը հարկադրաբա՞ր է անելու Հիսուսի մարգարեացած գործը։ Բոլորովի՛ն։ 1921թ. մարտի 15-ի «Դիտարանում» «Քաջ եղեք» հոդվածը դիմում էր օծյալ քրիստոնյաներին՝ նրանց մեջ հոժարակամության ոգին բոցավառելով։ Նրանց հորդոր էր տրվում հետևյալ հարցերի միջոցով ինքնաքննություն անել. «Մի՞թե մեծ առանձնաշնորհում չէ ինձ համար այս գործին մասնակցելը։ Այն իմ պարտականությունը չե՞մ համարում»։ Հոդվածը շարունակում էր. «Համոզված ենք, որ երբ այդպես ես վերաբերվում [համարում ես առանձնաշնորհում], նմանվում ես Երեմիային, ում սրտում Տիրոջ խոսքը «կրակի պես դարձավ՝ ոսկորների մեջ պահված», այնպես որ նա չէր կարողանում չխոսել» (Երեմ. 20։9)։ Այս ջերմ քաջալերանքը արտացոլում էր այն վստահությունը, որ Եհովան և Հիսուսն ունեն Թագավորության հավատարիմ աջակիցների հանդեպ։
14, 15. 1922-ին «Դիտարանը» ի՞նչ հորդորեց օծյալ քրիստոնյաներին։
14 Ինչպե՞ս էին քրիստոնյաները Թագավորության լուրը հասցնելու մարդկանց։ «Ծառայությունը կարևոր է» վերնագրով մի կարճ, բայց ազդեցիկ հոդվածում, որը լույս տեսավ 1922թ. օգոստոսի 15-ի «Դիտարանում», օծյալ քրիստոնյաներին հորդոր էր տրվում ակտիվորեն մասնակցել գործին՝ «հրատարակությունները մարդկանց բաժանել, տնից տուն գնալով՝ նրանց հետ խոսել, վկայություն տալ ու ասել, որ երկնային թագավորությունը մոտ է»։
15 Պարզ էր, որ 1919-ից ի վեր Քրիստոսը իր հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով պարբերաբար ընդգծել է, որ երկրի վրա քրիստոնյայի պարտականությունն ու առանձնաշնորհումը Թագավորության լուրը հռչակելն է։ Ինչպե՞ս են Աստվածաշունչ ուսումնասիրողները արձագանքել Թագավորության քարոզչությանը մասնակցելու հորդորին։
«Հավատարիմները կամավորներ պիտի լինեն»
16. Ինչպե՞ս էին ընտրված երեցներից ոմանք վերաբերվում այն հորդորին, որ բոլորը պետք է մասնակցեն ծառայությանը։
16 1920-ականներին և 30-ականներին ոմանք չէին ընդունում այն միտքը, որ բոլոր օծյալ քրիստոնյաները պետք է մասնակցեն ծառայությանը։ 1927թ. նոյեմբերի 1-ի «Դիտարանը» ներկայացնում էր իրավիճակը. «Այսօր եկեղեցում [ժողովում] կան մարդիկ, ովքեր երեցի պատասխանատու դիրք են զբաղեցնում.... [և] հրաժարվում են հորդորել իրենց եղբայրներին մասնակցել ծառայությանը, ինչին իրենք էլ չեն մասնակցում.... Նրանք արհամարհում են ու ծաղրում Աստծու, նրա Թագավորի ու Թագավորության մասին տնից տուն մարդկանց քարոզելու հորդորը»։ Հոդվածում հստակ ասվում էր. «Ժամանակն է, որ հավատարիմները նշան դնեն նրանց վրա և հեռու մնան այդպիսիներից, նաև ասեն, որ հաջորդ անգամ չեն ընտրի նրանց երեցի պատասխանատու դիրքի համար»։c
17, 18. Ինչպե՞ս արձագանքեցին ժողովները տրված առաջնորդությանը, և ինչպե՞ս են Աստծու միլիոնավոր ծառաներ արձագանքել վերջին հարյուր տարվա ընթացքում։
17 Ուրախալի է, որ ժողովներում մեծ մասամբ դրականորեն արձագանքեցին հավատարիմ ծառայից ստացված այս առաջնորդությանը։ Նրանք Թագավորության լուրը քարոզելը առանձնաշնորհում ու պատիվ համարեցին։ 1926թ. մարտի 15-ի «Դիտարանում» հետևյալն էր ասվում. «Հավատարիմները կամավորներ կլինեն.... որ հայտնեն այս լուրը մարդկանց»։ Այդ հավատարիմ ծառաները վարվեցին Սաղմոս 110։3-ի մարգարեական խոսքերի համաձայն և փաստեցին, որ Մեսիական Թագավորի հոժարակամ աջակիցներ են։
18 Վերջին 100 տարիների ընթացքում միլիոնավոր մարդիկ հոժար կամքով տրամադրել են իրենց՝ կատարելու Թագավորության քարոզչության գործը։ Հաջորդ մի քանի գլուխներում կքննարկենք, թե ինչպես են նրանք իրականացրել այն, այսինքն՝ ինչ մեթոդներ ու գործիքներ են օգտագործել և ինչ արդյունքների են հասել։ Բայց նախ տեսնենք, թե ինչու են նրանք հոժարակամորեն մասնակցում ծառայությանը, չնայած որ ապրում են մի աշխարհում, որտեղ մարդիկ միայն իրենց մասին են մտածում։ Միաժամանակ լավ կլինի հարցնենք ինքներս մեզ. «Իսկ ես ինչո՞ւ եմ բարի լուրը քարոզում մարդկանց»։
«Շարունակեք նախ թագավորությունը.... փնտրել»
19. Ինչո՞ւ ենք հետևում «նախ Թագավորությունը փնտրեք» հորդորին։
19 Հիսուսը հորդորեց իր հետևորդներին «շարունակել նախ թագավորությունը.... փնտրել» (Մատթ. 6։33)։ Ինչո՞ւ ենք մենք հետևում այդ խոսքին։ Քանի որ հասկանում ենք Թագավորության կարևորությունը, որը Աստծու նպատակի առանցքն է։ Ինչպես տեսանք նախորդ գլխում, սուրբ ոգին աստիճանաբար ոգևորիչ ճշմարտություններ բացահայտեց Թագավորության մասին։ Երբ այդ անգին ճշմարտությունները հասնում են մեր սրտին, մենք մղվում ենք նախ Թագավորությունը փնտրել։
20. Ինչպե՞ս է թաքցված գանձի մասին Հիսուսի առակը ցույց տալիս, թե ինչպես էին նրա հետևորդները արձագանքելու նախ Թագավորությունը փնտրելու հորդորին։
20 Հիսուսը գիտեր, թե ինչպես են իր հետևորդները արձագանքելու նախ Թագավորությունը փնտրելու հորդորին։ Նկատի առնենք թաքցված գանձի մասին նրա պատմած առակը (կարդա՛ Մատթեոս 13։44)։ Արտում աշխատելիս հողագործը հանկարծ գտնում է թաքցված գանձ և անմիջապես հասկանում է դրա արժեքը։ «Նա ուրախությունից գնում, վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը»։ Ի՞նչ ենք սովորում դրանից։ Երբ գտնում ենք Թագավորության ճշմարտությունը և հասկանում ենք դրա արժեքը, մենք ուրախությամբ անում ենք ցանկացած զոհողություն, որպեսզի Թագավորությունը մեր կյանքում զբաղեցնի իր արժանի տեղը՝ գլխավորը, առաջինը։d
21, 22. Ինչպե՞ս են Թագավորության հավատարիմ աջակիցները ցույց տվել, որ նախ Թագավորությունն են փնտրում։
21 Թագավորության հավատարիմ աջակիցները ոչ միայն խոսքով, այլև գործով են ցույց տալիս, որ նախ Թագավորությունն են փնտրում։ Նրանք նվիրում են իրենց կյանքը, ունակությունները և միջոցները Թագավորության քարոզչության գործին։ Շատերը մեծ զոհողություններ են արել, որպեսզի լիաժամ ծառայեն։ Այս բոլոր քարոզիչները անձամբ են զգացել, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր Թագավորությունը առաջին տեղում են դնում։ Նկատի առնենք մի օրինակ։
22 Էյվերի և Լովինյա Բրիստոուները 1920-ականների վերջերից սկսեցին ծառայել որպես գրքեր տարածողներ (ռահվիրաներ) Միացյալ Նահանգների հարավում։ Տարիներ անց Լովինյան ասաց. «Ես ու Էյվերին, միասին ռահվիրա ծառայելով, շատ երջանիկ տարիներ ենք անցկացրել։ Շատ անգամ եղել է, որ չենք իմացել, թե ինչով ենք վառելանյութ և սննդամթերք գնելու։ Բայց ամեն անգամ Եհովան ինչ-որ կերպ միշտ հոգում էր մեր մասին։ Մենք ուղղակի շարունակում էինք ծառայել և միշտ ունեցել ենք այն, ինչի կարիքը եղել է»։ Լովինյան պատմեց նաև մի դեպք, որ տեղի է ունեցել, երբ նրանք ծառայում էին Փենսակոլայում (Ֆլորիդա)։ Նրանց փողը և ունեցած մթերքը վերջանալու վրա էր, երբ մի օր տուն վերադառնալիս իրենց մեքենա-տնակի դռան առաջ տեսան մթերքով լի երկու մեծ տոպրակ։ Դրանց վրա մի գրություն կար՝ «Սիրով՝ Փենսակոլայի ժողովից»։ Հետ նայելով լիաժամ ծառայության մեջ անցկացրած տասնամյակներին՝ նա ասում էր. «Եհովան երբեք մեզ չի թողել։ Մենք միշտ վստահել ենք նրան ու երբեք հուսախաբ չենք եղել»։
23. Ի՞նչ զգացումներ ունես Թագավորության ճշմարտությունների հանդեպ և ի՞նչ անելու վճռականությամբ ես լցված։
23 Բոլորս չենք կարող միևնույն չափով ծառայել, որովհետև մեր հանգամանքները տարբեր են։ Սակայն բոլորս էլ կարող ենք ծառայությունը առանձնաշնորհում համարել և ամբողջ հոգով քարոզել բարի լուրը (Կող. 3։23)։ Քանի որ Թագավորության ճշմարտությունները թանկ են մեզ համար, մենք ուզում ենք և պատրաստ ենք անելու ցանկացած զոհողություն, որպեսզի հնարավորինս լիարժեքորեն մասնակցենք գործին։ Իսկ դու վճռակա՞ն ես այս հարցում։
24. Ո՞րն է այս վերջին օրերում Թագավորության ամենամեծ նվաճումներից մեկը։
24 Անցած հարյուրամյակում Թագավորը կատարել է Մատթեոս 24։14-ում արձանագրված իր մարգարեական խոստումը։ Նա դա արել է առանց որևէ մեկին ստիպելու, որ աջակցեն Թագավորության քարոզչությանը։ Նրա հետևորդները, դուրս գալով այս եսասեր աշխարհից, հոժար կամքով տրամադրել են իրենց այդ գործին։ Ամբողջ աշխարհում բարի լուրի լայնամասշտաբ քարոզչությունը թագավորական զորությամբ Հիսուսի ներկայության նշանի մի մասն է և այս վերջին օրերում Թագավորության ամենամեծ նվաճումներից մեկը։
a Աստվածաշնչում ցողը ասոցացվում է առատության հետ (Ծննդ. 27։28; Միք. 5։7)։
b «Նրանց, ում վստահված է գործը» պամֆլետում բացատրվում էր. ««Ոսկե դարը» Թագավորության լուրի հետ մեկտեղ պետք է տարածել տնից տուն.... Բարի լուրը հայտնելուց հետո յուրաքանչյուր տանը հարկավոր է թողնել «Ոսկե դարի» մեկ օրինակ, անկախ այն բանից՝ տանտերը բաժանորդագրվել է, թե ոչ»։ Տարիներ շարունակ եղբայրներին հորդոր էր տրվում առաջարկել «Ոսկե դարի» և «Դիտարանի» բաժանորդագրություն։ 1940-ի փետրվարի 1-ից սկսած՝ Եհովայի ժողովուրդը սկսեց ոչ միայն բաժանել ամսագրի օրինակներ, այլև հաշվետվության մեջ նշել դրանց քանակը։
c Այդ ժամանակ երեցները ընտրվում էին դեմոկրատական կարգով, այսինքն՝ ժողովը քվեարկությամբ էր ընտրում երեցներին։ Ուստի ժողովի անդամները կարող էին չքվեարկել այն մարդկանց համար, ովքեր դեմ էին ծառայությանը։ Աստվածապետական կարգով երեց նշանակվելու մասին կխոսվի 12-րդ գլխում։
d Հիսուսը նման միտք ընդգծեց նաև վաճառականի մասին առակում, ով գեղեցիկ մարգարիտներ էր փնտրում։ Երբ նա գտնում է մի թանկարժեք մարգարիտ, վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն (Մատթ. 13։45, 46)։ Այս երկու առակներից նաև իմանում ենք, որ Թագավորության ճշմարտությունը գուցե տարբեր ձևով գտնենք. ոմանք պատահաբար են գտնում, ոմանք փնտրում են այն։ Բայց ամեն դեպքում մենք պատրաստ ենք ցանկացած զոհողություն անել Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում դնելու համար։