Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Գործեր» գրքից
«ԳՈՐԾԵՐ» գիրքը պարունակում է մանրամասն տեղեկություններ քրիստոնեական ժողովի հաստատման և նրա հետագա զարգացման մասին։ Այն գրել է բժիշկ Ղուկասը։ Նա աշխույժ կերպով նկարագրում է քրիստոնյաների գործունեությունը, որն ընդգրկում է 28 տարի՝ 33 թ.–ից մինչև 61 թվականը։
«Գործեր» գրքի առաջին մասը հիմնականում պատմում է Պետրոս առաքյալի, իսկ վերջին մասը՝ Պողոս առաքյալի գործունեության մասին։ «Մենք» և «մեզ» դերանունների միջոցով Ղուկասը ցույց է տալիս, որ ինքը ներկա է եղել որոշ դեպքերի։ Ուշադրություն դարձնելով «Գործեր» գրքի պատգամին՝ մենք է՛լ ավելի բարձր կգնահատենք Աստծու գրավոր Խոսքի և սուրբ ոգու զորությունը (Եբր. 4։12)։ Այս գիրքը նաև կմղի մեզ անձնազոհ լինել և կկերտի մեր հավատը։
ՊԵՏՐՈՍԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է «ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ»
Սուրբ ոգին ստանալուց հետո առաքյալները համարձակ վկայություն են տալիս։ Պետրոսն օգտագործում է «երկնքի թագավորության բանալիները», որպեսզի բաց անի գիտելիքներ ստանալու և Թագավորություն մտնելու հնարավորության դուռը հրեաների ու «նրա խոսքը ընդունած» պրոզելիտների առջև (Մատթ. 16։19; Գործ. 2։5, 41)։ Հալածանքը աշակերտներին ցրում է տարբեր կողմեր, բայց դա նպաստում է քարոզչական գործի ընդլայնմանը։
Լսելով, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը՝ Երուսաղեմում գտնվող առաքյալները Պետրոսին և Հովհաննեսին ուղարկում են այնտեղ։ Օգտագործելով երկրորդ բանալին՝ Պետրոսը սամարացիների առջև բացում է Թագավորություն մտնելու հնարավորության դուռը (Գործ. 8։14–17)։ Հավանաբար այն տարում, երբ Հիսուսը հարություն է առնում, տարսոնացի Սողոսի կյանքում ապշեցուցիչ փոփոխություն է տեղի ունենում. նա դառնում է քրիստոնյա։ 36 թ.–ին Պետրոսը կիրառում է երրորդ բանալին, և սուրբ ոգու ձրի պարգևը թափվում է ուրիշ ազգերի անթլփատ մարդկանց վրա (Գործ. 10։45)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։44–47; 4։34, 35 — Ինչո՞ւ էին հավատացյալները վաճառում իրենց ունեցվածքը և բաժանում ստացված գումարը։ Շատերը, որ դարձել էին հավատացյալ, եկել էին հեռավոր վայրերից և բավականաչափ մթերք չունեին Երուսաղեմում ավելի երկար մնալու համար։ Այդուհանդերձ, նրանք ցանկանում էին մնալ, որպեսզի ավելի շատ սովորեն իրենց նոր հավատի մասին և քարոզեն ուրիշներին։ Այդ մարդկանց օգնելու համար որոշ քրիստոնյաներ վաճառեցին իրենց ունեցվածքը և գումարը բաժանեցին կարիքավորներին։
4։13 — Արդյո՞ք Պետրոսը և Հովհաննեսը անգրագետ էին։ Ո՛չ։ Նրանց անվանեցին «անուսում և սովորական» մարդիկ, որովհետև նրանք չէին կրթվել ռաբունական դպրոցներում։
5։34–39 — Ինչպե՞ս կարող էր Ղուկասն իմանալ, թե ինչ ասաց Գամաղիելը Սինեդրիոնի փակ նիստի ժամանակ։ Դա կարող էր լինել առնվազն երեք կերպով։ Ղուկասը այդ մասին տեղեկացել էր՝ 1) Պողոսից՝ Գամաղիելի նախկին աշակերտից, 2) Սինեդրիոնի բարյացակամ անդամներից մեկից, որը, օրինակ, կարող էր լինել Նիկոդեմոսը, 3) աստվածային ներշնչմամբ։
7։59 — Ստեփանոսը Հիսուսի՞ն էր աղոթում։ Ո՛չ։ Անհատը պետք է երկրպագի, հետևաբար աղոթի միայն Եհովա Աստծուն (Ղուկ. 4։8; 6։12)։ Անշուշտ, Ստեփանոսը միշտ Եհովային աղոթել էր Հիսուսի անունով (Հովհ. 15։16)։ Սակայն այս դեպքում նա տեսիլք տեսավ, որտեղ «մարդու Որդին կանգնած էր Աստծու աջ կողմում» (Գործ. 7։56)։ Լիովին հասկանալով, որ Հիսուսը մահացածներին հարություն տալու զորություն ունի՝ Ստեփանոսը դիմեց և ոչ թե աղոթեց Հիսուսին ու խնդրեց նրան պահպանել իր ոգին (Հովհ. 5։27–29)։
Դասեր մեզ համար
1։8. Եհովայի երկրպագուների համաշխարհային քարոզչական գործը չի կարող կատարվել առանց սուրբ ոգու օգնության։
4։36–5։11. Կիպրոսցի Հովսեփին տվեցին «Բառնաբաս» անունը, որը նշանակում է «մխիթարության որդի»։ Առաքյալները նրան անվանեցին «Բառնաբաս» թերևս այն պատճառով, որ նա ջերմ սիրտ ուներ, բարի էր և օգնում էր ուրիշներին։ Մենք պետք է նմանվենք նրա՛ն և ոչ թե Անանիային ու Սափիրային, որոնք դիմեցին խաբեության, կեղծավորության և խորամանկության։
9։23–25. Քարոզչությունը շարունակելու նպատակով թշնամիներից խուսափելը վախկոտության նշան չէ։
9։28–30. Որոշ թաղամասերում կամ որոշ անհատների վկայություն տալը կարող է վտանգավոր լինել ֆիզիկական, բարոյական և հոգևոր առումով։ Ուստի խոհեմությունը կօգնի մեզ ճիշտ կողմնորոշվել, թե որտեղ և երբ ենք քարոզում։
9։31. Համեմատաբար խաղաղ ժամանակներում պետք է ջանանք ամրացնել մեր հավատը ուսումնասիրության և խորհրդածության միջոցով։ Դա կօգնի մեզ քայլել Եհովայի վախով, կիրառել մեր սովորածը և ծառայության մեջ եռանդուն լինել։
ՊՈՂՈՍԻ ԵՌԱՆԴՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Մ.թ. 44–ին Ագաբոսը գալիս է Անտիոք, ուր Բառնաբասն ու Պողոսը մարդկանց ուսուցանում են «մի ամբողջ տարի»։ Ագաբոսը կանխագուշակում է «մեծ սով», որը տեղի է ունենում երկու տարի անց (Գործ. 11։26–28)։ «Երուսաղեմում օգնություն ցույց տալու գործը ամբողջությամբ կատարելուց հետո» Բառնաբասն ու Պողոսը վերադառնում են Անտիոք (Գործ. 12։25)։ 47 թ.–ին՝ Պողոսի դարձի գալուց մոտ 12 տարի անց, նրանք սուրբ ոգուց ուղարկվում են միսիոներական շրջագայության (Գործ. 13։1–4)։ 48 թ.–ին վերադառնում են Անտիոք, «որտեղ իրենց անձերը Աստծու անարժան բարությանն էին հանձնել» (Գործ. 14։26)։
Ինը ամիս անց Պողոսը (հայտնի է նաև Սողոս անունով) որպես իր ուղեկցի ընտրում է Շիղային և սկսում երկրորդ շրջագայությունը (Գործ. 15։40)։ Ճանապարհին նրան են միանում Տիմոթեոսն ու Ղուկասը։ Վերջինս մնում է Փիլիպպեում, իսկ Պողոսը շարունակում է ճանապարհը և գնում Աթենք, հետո՝ Կորնթոս, որտեղ հանդիպում է Ակյուղասին և Պրիսկիղային։ Մեկ տարի և վեց ամիս նա մնում է այս քաղաքում (Գործ. 18։11)։ Տիմոթեոսին և Շիղային թողնելով Կորնթոսում՝ Պողոսը, իր հետ վերցնելով Ակյուղասին և Պրիսկիղային, 52 թ. սկզբին նավարկում է դեպի Ասորիք (Գործ. 18։18)։ Ակյուղասն ու Պրիսկիղան առաքյալի հետ գնում են մինչև Եփեսոս, որտեղ և բնակություն են հաստատում։
Ասորիքի Անտիոքում որոշ ժամանակ մնալուց հետո Պողոսը 52 թ.–ին ձեռնարկում է երրորդ շրջագայությունը (Գործ. 18։23)։ Եփեսոսում «Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում է ու հաղթանակում» (Գործ. 19։20)։ Պողոսը մոտ երեք տարի մնում է այնտեղ (Գործ. 20։31)։ 56 թ. Պենտեկոստեին Պողոսն արդեն Երուսաղեմում է։ Ձերբակալվելուց հետո նա անվախորեն վկայություն է տալիս իշխանություններին։ Հռոմում առաքյալը երկու տարով տնային կալանքի է ենթարկվում (59–61 թթ.)։ Այնտեղից նա կարողանում է քարոզել Թագավորությունը և սովորեցնել «Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (Գործ. 28։30, 31)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
14։8–13 — Լյուստրայի բնակիչները ինչո՞ւ էին «Բառնաբասին Զևս կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես»։ Ըստ հունական դիցաբանության՝ Զևսը աստվածների ղեկավարն էր, իսկ նրա որդին՝ Հերմեսը, հայտնի էր իր ճարտասանությամբ։ Քանի որ Պողոսը առաջնորդություն էր վերցրել խոսելու մեջ, լյուստրացիները նրան կոչեցին Հերմես, իսկ Բառնաբասին՝ Զևս։
16։6, 7 — Ինչո՞ւ սուրբ ոգին արգելեց Պողոսին և նրա ընկերակիցներին քարոզել Ասիա պրովինցիայում և Բյութանիայում։ Քարոզիչները քիչ էին, ուստի սուրբ ոգին նրանց առաջնորդեց դեպի ավելի պտղաբեր տարածքներ։
18։12–17 — Ինչո՞ւ պրոկոնսուլ Գալլիոնը չմիջամտեց, երբ մարդիկ սկսեցին ծեծել Սոսթենեսին։ Հնարավոր է՝ Գալլիոնը կարծում էր, որ Սոսթենեսը Պողոսի դեմ դուրս եկած ամբոխի առաջնորդն է, հետևաբար ստանում է այն, ինչին արժանի է։ Այնուամենայնիվ, այս միջադեպը դրական ավարտ ունեցավ այն իմաստով, որ Սոսթենեսը քրիստոնեություն ընդունեց։ Ավելի ուշ Պողոսը Սոսթենեսի մասին խոսեց որպես «մեր եղբոր» (1 Կորնթ. 1։1)։
18։18 — Ի՞նչ ուխտ էր արել Պողոսը։ Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ Պողոսը «ուխտաւորի ուխտ» էր արել (Թուոց 6։1–21)։ Սակայն Աստվածաշնչում չի նշվում, թե ինչ ուխտ էր դա։ Դեռ ավելին, Գրություններում ոչինչ չի ասվում այն մասին, թե արդյոք Պողոսն այդ ուխտն արել էր նախքան դարձի գալը կամ դրանից հետո, կամ թե արդյոք նա նոր էր սկսել, թե արդեն ավարտում էր իր ուխտը։ Ամեն դեպքում, նման ուխտ անելը մեղք չէր։
Դասեր մեզ համար
12։5–11. Մենք կարող ենք աղոթել և պետք է աղոթենք մեր եղբայրների համար։
12։21–23; 14։14–18. Հերովդեսը ուրախությամբ ընդունեց այն փառքը, որը պետք է տրվեր միայն Աստծուն։ Որքա՜ն են նրանից տարբերվում Պողոսն ու Բառնաբասը, ովքեր առանց հապաղելու և ակնհայտ ձևով մերժեցին անհարկի փառաբանությունն ու պատիվը։ Եհովայի ծառայության մեջ ինչ հաջողության էլ որ հասնենք, մենք չպետք է ցանկանանք արժանանալ փառքի։
14։5–7. Խոհեմությունը կարող է օգնել մեզ ծառայության մեջ ակտիվ մնալ (Մատթ. 10։23)։
14։22. Քրիստոնյաները սպասում են նեղությունների։ Նրանք չեն փորձում խույս տալ դրանցից՝ հավատի հարցում զիջումներ անելով (2 Տիմոթ. 3։12)։
16։1, 2. Երիտասարդ քրիստոնյաները ծառայության մեջ և ժողովում պետք է եռանդուն լինեն, ինչպես նաև ձգտեն Եհովայի օգնությամբ բարի անուն ստեղծել։
16։3. Չխախտելով Աստվածաշնչի սկզբունքները՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ ընդունեն բարի լուրը (1 Կորնթ. 9։19–23)։
20։20, 21. Տնետուն քարոզչությունը մեր ծառայության գլխավոր ձևերից է։
20։24; 21։13. Աստծու հանդեպ անարատություն պահելը ավելի կարևոր է, քան սեփական կյանքը պահպանելը։
21։21–26. Մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու լավ խորհուրդը։
25։8–12. Այսօր քրիստոնյաները կարող են օգտվել և պետք է օգտվեն առկա իրավաբանական հնարավորություններից՝ «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» համար (Փիլիպ. 1։7)։
26։24, 25. Մենք պետք է հռչակենք «ճշմարտության ու ողջամտության խոսքեր», չնայած որ «դրանք հիմարություն են ֆիզիկական մարդու համար» (1 Կորնթ. 2։14)։
[նկար 30–րդ էջի վրա]
Ե՞րբ Պետրոսը օգտագործեց «թագավորության բանալիները»
[նկար 31–րդ էջի վրա]
Համաշխարհային քարոզչական գործը չի կարող կատարվել առանց սուրբ ոգու օգնության