Պե՞տք է երեխան սովորի Աստծու մասին
«Մեր կրոնը բավականաչափ ունակ է ատել սովորեցնելու համար, սակայն բավականաչափ ունակ չէ սիրել սովորեցնելու համար» (ՋՈՆԱԹԱՆ ՍՎԻՖԹ, ԱՆԳԼԻԱՑԻ ԳՐՈՂ)։
ՍՎԻՖԹԸ այս միտքն արտահայտեց 18-րդ դարում, սակայն այսօր էլ շատերը կհամաձայնվեն նրա հետ։ Գրողի խոսքերի իմաստն այն է, որ մարդիկ ճշգրիտ գիտելիքներ չունեն կրոնի վերաբերյալ։ Ուստի ոմանք կարծում են, թե ծնողը չպետք է իրավունք ունենա սովորեցնելու իր երեխային Աստծու մասին։ Նրանք ասում են, որ կրոնական ընտանիքում մեծացող երեխան այս կամ այն կերպ զրկվում է կյանքի բարիքներից։
Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ Հետևյալ պնդումներից որո՞նք են ավելի տրամաբանական։
● Ծնողը իրավունք չունի սովորեցնելու իր երեխային Աստծու մասին։
● Ծնողը պետք է սպասի, մինչև երեխան մեծանա, և հետո միայն նրա հետ կրոնական թեմաներ քննարկի։
● Ծնողը պետք է իր հավատալիքների մասին խոսի երեխայի հետ, երբ նա դեռ փոքր է։ Նրա մեծանալուն զուգահեռ ծնողը պետք է երեխային հորդորի ինքնուրույն տրամաբանել նման հարցերի շուրջ։
● Երեխան, առանց որևէ առարկության, պետք է ընդունի ծնողի համոզմունքները։
Կրոնը վնասո՞ւմ է երեխային
Անկասկած, ոչ մի հոգատար ծնող չի ցանկանում վնասել իր զավակին։ Այդ դեպքում հիմնավո՞ր են այն մարդկանց պնդումները, թե ծնողը չպետք է իրավունք ունենա սովորեցնելու իր երեխային Աստծու մասին։ Ի՞նչ են ասում մասնագետները։ Տասնամյակներ շարունակ նրանք մանրամասնորեն ուսումնասիրել են, թե ինչ ազդեցություն են թողնում ծնողի կրոնական համոզմունքները երեխայի վրա։ Ի՞նչ եզրակացության են նրանք եկել։
Մասնագետները կարծում են, որ կրոնը չի վնասում երեխային։ Ընդհակառակը՝ այն նպաստում է նրա զարգացմանը։ 2008թ.-ին «Սոշլ սայնս ռիսրչ» հանդեսումa հրապարակված մի հաշվետվության մեջ նշվում է. «Կրոնը ամրապնդում է մայր-երեխա և հայր-երեխա փոխհարաբերությունը»։ Այնտեղ նաև ասվում է. «Կրոնը և հոգևոր բաները, ըստ ամենայնի, կարևոր դեր են խաղում բազմաթիվ երեխաների կյանքում և էական նշանակություն ունեն ընտանեկան փոխհարաբերություններում» (Social Science Research)։ Նկատեք, որ սա շատ նման է Հիսուսի հետևյալ խոսքերին. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն պնդման մասին, թե ծնողը պետք է սպասի, մինչև երեխան մեծանա և հետո միայն սովորեցնի Աստծու և կրոնի մասին։ Այս տեսակետն անտեսում է հետևյալ փաստը. երեխայի ուղեղը նման է դատարկ դույլի։ Ծնողն ընտրության առաջ է կանգնած. ինչո՞վ լցնել այդ «դույլը»։ Նա կարող է այն լցնել իր նախընտրած բարոյական սկզբունքներով ու համոզմունքներով կամ էլ թույլ տալ, որ տնից դուրս երեխայի միտքն ու սիրտը ընկնի զանազան գաղափարների տարափի տակ։
Ո՞րն է պատասխանը
Պատմությունը փաստում է, որ կրոնը կարող է անհանդուրժողականություն և ատելություն սերմանել մարդկանց մեջ։ Ի՞նչ կարող է անել ծնողը, որ իր երեխայի վրա չկատարվեն Ջոնաթան Սվիֆթի խոսքերը։ Ինչպե՞ս նա կարող է սովորեցնել երեխային այնպիսի համոզմունքներ, որոնք օգնում են սիրել ուրիշներին։
Այս հարցի պատասխանը կստանանք, եթե իմանանք, թե՝ 1) ինչ պետք է սովորի երեխան, 2) ով պետք է սովորեցնի նրան և 3) ուսուցողական որ մեթոդն է ամենալավը։
[ծանոթագրություն]
a Այս ուսումնասիրությունը հիմնված է այն տեղեկության վրա, որը ստացվել է Միացյալ Նահանգներում ապրող ավելի քան 21000 երեխաներից, ինչպես նաև նրանց ծնողներից և ուսուցիչներից։