Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
ԻՆՉՊԵ՞Ս բազմակին տղամարդը և Եհովայի վկաների հակառակորդը դարձավ Վկա։ Ի՞նչը մղեց հիսունական հովվին փոխելու իր հավատալիքները։ Ի՞նչն օգնեց մի կնոջ, որը դաժան մանկություն է ունեցել, հաղթահարելու զզվանքի զգացումը սեփական անձի հանդեպ և մոտենալու Աստծուն։ Ինչո՞ւ հեվի մետալ երաժշտության սիրահարը դարձավ կրոնական ծառայող։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։
«Ես ավելի լավ ամուսին եմ դարձել» (ՌԻԳՈԲԵՐ ՈՒԵՏՈ)
ԾՆՎԵԼ Է՝ 1941թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԲԵՆԻՆ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ, ԲԱԶՄԱԿԻՆ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Կոտոնուում, որը Բենինի մեծ քաղաքներից է։ Դաստիարակվել եմ կաթոլիկ ընտանիքում, բայց հազվադեպ էի գնում եկեղեցի։ Մեր կողմերում ապրող շատ կաթոլիկներ բազմակին էին, քանի որ օրենքը չէր արգելում բազմակնությունը։ Ես ինքս չորս կին ունեի։
Երբ 1970-ականներին հեղափոխություն սկսվեց, կարծում էի, որ երկրի վիճակը կլավանա։ Ոգևորված՝ մխրճվեցի հեղափոխական գործունեության մեջ։ Սկսեցի զբաղվել քաղաքականությամբ։ Հեղափոխականները չէին սիրում Եհովայի վկաներին, որովհետև նրանք քաղաքական հարցերում չեզոք էին։ Ուրիշների հետ ես էլ էի հալածում նրանց։ Երբ 1976թ.-ին Վկա միսիոներներին արտաքսեցին երկրից, վստահ էի, որ նրանք այլևս չեն վերադառնա։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Հեղափոխությունը ավարտվեց 1990թ.-ին։ Ի զարմանս ինձ՝ Վկա միսիոներները շուտով վերադարձան։ Սկսեցի մտածել. «Գուցե Աստված այս մարդկանց հե՞տ է»։ Այդ ժամանակ փոխել էի աշխատանքս։ Իմ նոր աշխատակիցներից մեկը Եհովայի վկա էր, և նա անմիջապես սկսեց պատմել իր հավատալիքների մասին։ Աստվածաշնչից մի քանի համարներ ցույց տվեց, որտեղ ասվում էր, որ Եհովան սիրո և արդարության Աստված է (2Օրենք 32։4; 1 Հովհաննես 4։8)։ Այդ հատկությունները գրավեցին ինձ։ Ես ուզում էի ավելի շատ բան իմանալ Եհովայի մասին, ուստի ընդունեցի Աստվածաշունչ ուսումնասիրելու նրա առաջարկը։
Շուտով սկսեցի հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Ես անչափ տպավորվեցի՝ տեսնելով նրանց մեջ տիրող անկեղծ սերը։ Վկաները ռասայական կամ սոցիալական խտրականություն չէին դնում։ Որքան շփվում էի նրանց հետ, այնքան համոզվում էի, որ այդ մարդիկ Հիսուսի ճշմարիտ հետևորդներն են (Հովհաննես 13։35)։
Ես հասկացա, որ եթե ուզում եմ ծառայել Եհովային, պետք է թողնեմ կաթոլիկ եկեղեցին։ Ինձ համար հեշտ չէր դա անել, քանի որ անհանգստանում էի, թե ինչ կասեն մարդիկ։ Երկար ժամանակ անցավ, մինչև որ Եհովայի օգնությամբ քաջություն հավաքեցի և դուրս եկա եկեղեցուց։
Մեկ այլ մեծ փոփոխություն էլ կար, որ պետք է անեի։ Աստվածաշնչի ուսումնասիրությունից հասկացա, որ Աստված չի ընդունում բազմակնությունը (Ծննդոց 2։18–24; Մատթեոս 19։4–6)։ Նրա աչքում միայն առաջին ամուսնությունս էր ընդունելի։ Այդ պատճառով էլ օրինականացրի այն և բաժանվեցի իմ մյուս կանանցից, բայց նաև հոգ տարա, որ նրանք նյութապես ապահովված լինեն։ Ժամանակի ընթացքում նրանցից երկուսը դարձան Եհովայի վկա։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Չնայած կինս չդարձավ Եհովայի վկա, սակայն հարգում է Եհովային ծառայելու իմ որոշումը։ Երկուսս էլ զգում ենք, որ ավելի լավ ամուսին եմ դարձել։
Ես կարծում էի, որ քաղաքականության միջոցով կարող եմ օգնել մարդկանց, բայց այդ ջանքերը ապարդյուն էին։ Այժմ գիտեմ, որ մարդկանց խնդիրների միակ լուծումը Աստծու Թագավորությունն է (Մատթեոս 6։9, 10)։ Երախտապարտ եմ Եհովային, որ ցույց տվեց, թե ինչպես կարող եմ իսկական երջանկություն վայելել։
«Հեշտ չէր փոխվել» (ԱԼԻՔՍ ԼԵՄՈՍ ՍԻԼՎԵ)
ԾՆՎԵԼ Է՝ 1977թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԻՍՈՒՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՎԻՎ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Իտու քաղաքի ծայրամասում (Սան Պաուլու նահանգ)։ Քաղաքի այս մասում տարածված էր հանցագործությունը։
Ես տաքարյուն էի, շուտ բռնկվող, անբարո կյանք էի վարում։ Ավելին, զբաղվում էի թմրադեղերի առևտրով։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ նման ապրելակերպը ինձ կա՛մ բանտ կտանի, կա՛մ գերեզման։ Ուստի թողեցի այդպիսի կյանքը։ Դարձա հիսունական եկեղեցու անդամ, իսկ հետագայում նույնիսկ նշանակվեցի հովիվ։
Զգում էի, որ ծառայելով եկեղեցում՝ իսկապես կարող եմ օգնել մարդկանց։ Ես նույնիսկ կրոնական հաղորդում էի վարում տեղական ռադիոյով, և ժամանակի ընթացքում հայտնի անձնավորություն դարձա։ Աստիճանաբար, սակայն, հասկացա, որ եկեղեցին մտահոգված չէ իր անդամների բարօրությամբ, իսկ Աստծուն փառք բերելը է՛լ ավելի քիչ է հետաքրքրում նրան։ Ինձ համար ակնհայտ էր, որ եկեղեցու միակ նպատակը փող հավաքելն է։ Ուստի որոշեցի դուրս գալ եկեղեցուց։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, անմիջապես նկատեցի, որ նրանք տարբերվում են մյուս կրոններից։ Հստակ ընդգծվում էր երկու բան. առաջին՝ Եհովայի վկաները ոչ միայն խոսում էին Աստծու և մերձավորի հանդեպ սիրո մասին, այլև դրսևորում էին այդ սերը։ Երկրորդ՝ նրանք չէին զբաղվում քաղաքականությամբ և չէին մասնակցում պատերազմների (Եսայիա 2։4)։ Այս երկու բաները համոզեցին ինձ, որ գտել եմ ճշմարիտ կրոնը՝ հավիտենական կյանքի տանող նեղ ճանապարհը (Մատթեոս 7։13, 14)։
Ես հասկացա, որ եթե ուզում եմ հաճելի լինել Աստծուն, պետք է մի քանի լուրջ փոփոխություն կատարեմ իմ կյանքում՝ ավելի շատ ուշադրություն դարձնեմ ընտանիքիս և խոնարհություն զարգացնեմ։ Հեշտ չէր փոխվել, բայց Եհովայի օգնությամբ կարողացա։ Ճիշտ է, կինս ինձնից շուտ էր սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել, սակայն լուրջ հոգևոր քայլեր արեց միայն այն ժամանակ, երբ տեսավ իմ կատարած փոփոխությունները։ Շուտով երկուսս էլ հասկացանք, որ ուզում ենք դառնալ Եհովայի վկա։ Մենք մկրտվեցինք նույն օրը։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Մենք երեք երեխա ունենք և ուրախ ենք, որ կարող ենք օգնել նրանց մտերմանալու Եհովայի հետ։ Ես երջանիկ ընտանիք ունեմ։ Շնորհակալ եմ Եհովային, որ ինձ ձգել է դեպի ճշմարտությունը, որը գտնվում է Աստվածաշնչում՝ իր Խոսքում։ Այն իսկապես ի զորու է փոխելու մարդու կյանքը։ Ես դրա կենդանի ապացույցն եմ։
«Ինձ մաքրված, առույգ ու առողջ եմ զգում» (ՎԻԿՏՈՐԻԱ ԹՈՆԳ)
ԾՆՎԵԼ Է՝ 1957թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՈՒՆԵՑԵԼ Է ԴԱԺԱՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Նյուքասլ քաղաքում (Նոր Հարավային Ուելս նահանգ)։ Մեր ընտանիքի յոթ երեխաներից ամենամեծը ես էի։ Հայրս ալկոհոլիկ էր, իսկ մայրս՝ մի դաժան ու անողորմ կին։ Նա ինձ ծեծում էր ու վիրավորում ամենավերջին խոսքերով։ Միշտ ասում էր, որ ես անպետքի մեկն եմ ու տանջվելու եմ դժոխքի կրակներում։ Այդ սպառնալիքները սարսափեցնում էին ինձ։
Մորիցս ստացած կապտուկների ու վնասվածքների պատճառով հաճախ դպրոց չէի գնում։ Երբ 11 տարեկան էի, պետությունը վերցրեց ինձ ծնողներիցս ու իր խնամքի տակ առավ, իսկ հետագայում ուղարկեց մենաստան։ 14 տարեկանում փախա մենաստանից։ Չէի ուզում վերադառնալ տուն։ Իմ տունը դարձան Սիդնեյի Քինգս Քրոս արվարձանի փողոցները։
Փողոցային կյանքը շուտով իր դռները լայն բացեց իմ առաջ. թմրանյութեր, ալկոհոլ, պոռնկագրություն, մարմնավաճառություն։ Այս ամենը անվտանգ չէր։ Մի դեպք իսկապես վախեցրեց ինձ։ Ես մնում էի գիշերային ակումբի տնօրենին պատկանող բնակարանում։ Մի երեկո երկու տղամարդ այցելեց նրան։ Նա ուղարկեց ինձ ննջասենյակ, բայց ես ակամա լսեցի նրանց խոսակցությունը։ Ակումբի տնօրենը մտադիր էր ինձ վաճառելու այս մարդկանց։ Վերջիններս ինձ պետք է թաքցնեին բեռնանավում և տանեին Ճապոնիա՝ բարում աշխատեցնելու համար։ Խուճապահար դուրս ցատկեցի պատշգամբից և փախա։
Ես գտա Սիդնեյ այցելած մի մարդու, բացատրեցի իմ իրավիճակը՝ հույս ունենալով, որ ինձ մի քիչ փող կտա։ Նա ինձ հրավիրեց այնտեղ, ուր ինքն էր մնում, որպեսզի ցնցուղ ընդունեմ և մի բան ուտեմ։ Այնպես ստացվեց, որ ես նրանից այլևս չհեռացա։ Մեկ տարի անց մենք ամուսնացանք։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, ներսս տակնուվրա եղավ։ Բարկությամբ լցվեցի՝ իմանալով, որ Սատանան է չարության պատճառը, քանի որ ինձ միշտ ասում էին, որ Աստված է մեղավոր մեր տառապանքների համար։ Մեծ թեթևություն զգացի, երբ իմացա, որ նա մարդկանց չի պատժում դժոխքում, մի ուսմունք, որ սարսափեցնում էր ինձ իմ ամբողջ կյանքում։
Ես շատ էի տպավորվել այն բանից, որ Եհովայի վկաներն ապրում են իրենց հավատի համաձայն, Աստվածաշնչի չափանիշներով։ Ինձ հետ հեշտ չէր լեզու գտնել, բայց Վկաները միշտ սիրով ու հարգանքով էին վերաբերվում։
Ամենից դժվարը անարժեքության զգացումի դեմ պայքարելն էր։ Ես զզվում էի ինքս ինձնից, և այդ զգացումը երկար տարիներ չէր անցնում նույնիսկ Եհովայի վկա դառնալուց հետո։ Իրոք սիրում էի Եհովային, բայց համոզված էի, որ նա երբեք չի կարող սիրել ինձ նման մեկին։
Մկրտվելուց 15 տարի անց վերջապես սկսեցի այլ կերպ մտածել։ Մի ելույթի ընթացքում, որն անցկացվում էր Եհովայի վկաների Թագավորության սրահում, հռետորը կարդաց Հակոբոս 1։23, 24 համարները։ Այստեղ Աստծու Խոսքը նմանեցվում էր մի հայելու, որի միջոցով կարող ենք ինքներս մեզ նայել Եհովայի աչքերով։ Սկսեցի մտածել՝ արդյոք նայում եմ ինձ այնպես, ինչպես Եհովան։ Սկզբում չէի ուզում նրա աչքերով նայել ինձ, քանի որ զգում էի, որ արժանի չեմ նրա սիրուն։
Մի քանի օր անց Աստվածաշնչում մի համար կարդացի, որն արմատապես փոխեց կյանքս։ Այդ համարը Եսայիա 1։18-ն էր, որում Եհովան ասում է. «Եկեք պարզենք մեր հարաբերությունները.... Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան»։ Կարծես Եհովան ինձ ասում էր. «Վի՛կի, արի պարզենք մեր հարաբերությունները։ Ես գիտեմ քեզ, գիտեմ քո մեղքերը, գիտեմ քո սիրտը... և ես սիրում եմ քեզ»։
Այդ գիշեր չկարողացա քնել։ Դեռ կասկածում էի, որ Եհովան կարող է սիրել ինձ։ Բայց երբ սկսեցի մտածել փրկանքի՝ Հիսուսի քավիչ զոհի մասին, հասկացա, որ Եհովան երկար ժամանակ համբերել է և բազմաթիվ կերպերով ցույց է տվել իր սերը իմ հանդեպ։ Իսկ ես, փաստորեն, նրան ասում էի. «Քո սերը այնքան մեծ չէ, որ ինձ էլ բաժին հասնի։ Քո Որդու զոհը բավարար չէ, որ քավի իմ մեղքերը»։ Ես կարծես Եհովայի տված նվերը՝ փրկանքը, դեն էի նետում։ Սակայն երբ խորհրդածեցի փրկանքի մասին, վերջապես սկսեցի զգալ, որ Եհովան սիրում է ինձ։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես ինձ մաքրված, առույգ ու առողջ եմ զգում։ Ամուսնուս հետ փոխհարաբերություններս լավացել են։ Ուրախ եմ, որ իմ օրինակով կարող եմ օգնել ուրիշներին։ Այսօր առավել քան երբևէ մտերիմ եմ Եհովայի հետ։
«Դա իմ աղոթքի պատասխանն էր» (ՍԵՐԳԵՅ ԲՈՏԱՆԿԻՆ)
ԾՆՎԵԼ Է՝ 1974թ.
ԵՐԿԻՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԵՎԻ ՄԵՏԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնվել եմ Վոտկինսկում՝ հայտնի կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու ծննդավայրում։ Մեր ընտանիքն աղքատ էր։ Տան մթնոլորտը միշտ լարված էր լինում, քանի որ հայրս հարբեցող էր, թեև բազմաթիվ դրական հատկություններ ուներ։
Ես այնքան էլ լավ չէի սովորում դպրոցում, և տարիների ընթացքում իմ մեջ թերարժեքության բարդույթ առաջացավ։ Դարձա ինքնամփոփ և սկսեցի չվստահել մարդկանց։ Դպրոցը ինձ համար իսկական փորձությունն էր։ Երբ ուսուցիչը ինձ հարց էր տալիս, հաճախ չէի կարողանում նույնիսկ տարրական բաները բացատրել, ինչը ուրիշ ժամանակ խնդիր չէր ինձ համար։ Երբ ավարտեցի ութերորդ դասարանը, իմ առաջադիմության թերթիկում գրվեց. «Ունի սահմանափակ բառապաշար, չի կարողանում մտքերն արտահայտել»։ Այս խոսքերը ջախջախեցին ինձ և խորացրին անարժեքության զգացումս։ Սկսեցի մտածել, թե որն է կյանքիս իմաստը։
Դեռահաս տարիքում սկսեցի ոգելից խմիչքներ օգտագործել։ Սկզբում հաճույք էի ստանում, բայց երբ չափից շատ էի խմում, խիղճս տանջում էր։ Կյանքս անիմաստ էր թվում։ Ինձ ավելի ճնշված էի զգում և երբեմն օրերով դուրս չէի գալիս տնից։ Սկսեցի մտածել ինքնասպանության մասին։
Երբ դարձա 20 տարեկան, գտա մի նոր, բայց ժամանակավոր հանգստացնող միջոց՝ հեվի մետալ երաժշտությունը։ Այս երաժշտությունը նոր ուժեր հաղորդեց ինձ։ Սկսեցի փնտրել նրանց, ովքեր լսում էին այն։ Մազերս երկարացրի, ականջներս ծակեցի, հագնվում էի իմ սիրած երաժիշտների պես։ Աստիճանաբար դարձա անտարբեր, անպատասխանատու և ագրեսիվ. հաճախ էի վիճում հարազատներիս հետ։
Կարծում էի, թե հեվի մետալը ինձ երջանիկ կդարձնի, սակայն ճիշտ հակառակն էր տեղի ունենում։ Այդ երաժշտությունը ինձ դարձնում էր բոլորովին ուրիշ անձնավորություն։ Շուտով ինձ դավաճանված զգացի, երբ իմ սիրած երաժիշտների մասին մի քանի վատ բաներ իմացա։
Նորից սկսեցի մտածել ինքնասպանության մասին, այս անգամ՝ լրջորեն։ Միակ բանը, որ ինձ հետ էր պահում, այն միտքն էր, թե ինչպես իմ մահը կազդի մորս վրա։ Նա ինձ շատ էր սիրում և շատ բան էր արել ինձ համար։ Ես ահավոր վիճակում էի. չէի ուզում ապրել, բայց չէի էլ կարողանում վերջ տալ կյանքիս։
Մի քիչ ցրվելու համար սկսեցի ռուս դասական գրականություն կարդալ։ Մի պատմվածք կարդացի, որում գլխավոր հերոսը ծառայում էր եկեղեցում։ Հանկարծ իմ մեջ ուժգին ցանկություն առաջացավ ինչ-որ բան անելու Աստծու և մարդկանց համար։ Սրտանց աղոթեցի Աստծուն, մի բան, որ նախկինում երբեք չէի արել։ Աղաչեցի նրան ցույց տալ, թե ինչպես կարող եմ կյանքս իմաստով լցնել։ Այդ աղոթքի ընթացքում զարմանալի թեթևություն զգացի։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, ավելի զարմանալի էր։ Ընդամենը երկու ժամ անց Եհովայի վկաներից մեկը թակեց դուռս և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Համոզված եմ, որ դա իմ աղոթքի պատասխանն էր։ Դա իմ նոր՝ երջանիկ կյանքի առաջին օրն էր։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Չնայած շատ դժվար էր, սակայն դեն նետեցի այն ամենը, ինչ կապված էր հեվի մետալ երաժշտության հետ։ Այնուամենայնիվ, այդ երաժշտությունը դեռ երկար ժամանակ դուրս չէր գալիս գլխիցս։ Ամեն անգամ, երբ քայլում էի այն տեղերով, որտեղ այդ երաժշտությունն էր հնչում, անմիջապես հիշում էի անցյալս։ Ես չէի ուզում, որ այդ տհաճ հիշողությունները խառնվեն այն աստվածաշնչյան ճշմարտություններին, որոնք արմատ էին գցում իմ մտքում ու սրտում, ուստի գիտակցաբար խուսափում էի այդ վայրերից։ Ամեն անգամ երբ միտքս էր գալիս անցյալս, ջերմեռանդորեն աղոթում էի և զգում էի «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։7)։
Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ իմացա, որ քրիստոնյաները պարտավոր են իրենց հավատի մասին պատմել ուրիշներին (Մատթեոս 28։19, 20)։ Համոզված էի, որ երբեք չեմ կարողանա դա անել։ Միևնույն ժամանակ այն, ինչ սովորում էի, սիրտս լցնում էր մեծ ուրախությամբ, և ես հոգեկան անդորր էի զգում։ Հասկանում էի, որ ուրիշները նույնպես կարիք ունեն իմանալու աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Չնայած որ վախենում էի, սկսեցի պատմել իմ սովորածի մասին։ Զարմանքով նկատեցի, որ ուրիշների հետ խոսելը ինձ ավելի շատ է լցնում վստահության զգացումով։ Բացի այդ, նոր համոզմունքներս ամրապնդվում էին իմ սրտում։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես այժմ ամուսնացած եմ և շատ երջանիկ եմ։ Անչափ ուրախ եմ, որ օգնել եմ մի քանիսին, այդ թվում նաև քրոջս ու մորս՝ սովորելու Աստվածաշնչի մասին։ Աստծուն ծառայելը և ուրիշներին նրա մասին սովորեցնելը իրական իմաստ է հաղորդել կյանքիս։