Ովքե՞ր կամ ի՞նչ են հրեշտակները
Աստվածաշնչի պատասխանը
Հրեշտակները այնպիսի էակներ են, որոնք զորությամբ և ունակություններով գերազանցում են մարդկանց (2 Պետրոս 2:11)։ Նրանք բնակվում են երկնքում՝ ոգեղեն ոլորտում, որը նյութական տիեզերքի սահմաններից դուրս է, և որտեղ բնակվում են կյանքի ավելի բարձր տեսակները (1 Թագավորներ 8:27; Հովհաննես 6:38)։ Այդ պատճառով նրանք նաև կոչվում են ոգիներ (1 Թագավորներ 22:21; Սաղմոս 18:10)։
Որտեղի՞ց են առաջ եկել հրեշտակները
Հրեշտակներին ստեղծել է Աստված Հիսուսի միջոցով, որին Աստվածաշունչը կոչում է «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը»։ Այն մասին, թե Հիսուսն ինչ դեր է ունեցել արարչագործության մեջ, Աստծու Խոսքում ասվում է. «[Հիսուսի] միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի բաները», այդ թվում՝ հրեշտակները (Կողոսացիներ 1:13–17)։ Հրեշտակները չեն ամուսնանում և սերունդ առաջ չեն բերում (Մարկոս 12:25)։ «Ճշմարիտ Աստծու [այդ] որդիներից» յուրաքանչյուրը անհատապես է ստեղծվել (Հոբ 1:6)։
Հրեշտակները ստեղծվել են շատ վաղուց՝ նախքան երկրի արարումը։ Երբ Աստված արարում էր երկիրը, հրեշտակները «բարձրաձայն գովաբանություն էին անում» (Հոբ 38:4–7)։
Քանի՞ հրեշտակ կա
Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե քանի հրեշտակ կա, սակայն այն ցույց է տալիս, որ նրանց թիվը շատ մեծ է։ Օրինակ՝ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ հարյուր միլիոնավոր հրեշտակների (Հայտնություն 5:11, ծնթ.)։
Հրեշտակները անուն ունե՞ն և անձնավորությո՞ւն են
Այո՛։ Աստվածաշնչում նշված է երկու հրեշտակի անուն՝ Միքայել և Գաբրիել (Դանիել 12:1; Ղուկաս 1:26)։a Որոշ հրեշտակներ էլ, թեև չեն հայտնել իրենց անունը, բայց չեն ժխտել, որ անուն ունեն (Ծննդոց 32:29; Դատավորներ 13:17, 18)։
Հրեշտակները անձնավորություններ են։ Նրանք կարող են հաղորդակցվել իրար հետ (1 Կորնթացիներ 13:1)։ Նրանք ունեն մտածելու ունակություն, ինչի շնորհիվ կարող են գովաբանել Աստծուն (Ղուկաս 2:13, 14)։ Հրեշտակները ճիշտ կամ սխալ վարվելու ազատություն ունեն, ինչպես երևում է այն դեպքից, երբ նրանցից ոմանք, միանալով Բանսարկու Սատանային, մեղք գործեցին և ըմբոստացան Աստծու դեմ (Մատթեոս 25:41; 2 Պետրոս 2:4)։
Հրեշտակների մեջ դասակարգումներ կա՞ն
Այո՛։ Ամենահզոր և ամենամեծ իշխանությունն ունեցող հրեշտակը Միքայել հրեշտակապետն է (Հուդա 9; Հայտնություն 12:7)։ Սերովբեները բարձրակարգ հրեշտակներ են, որոնք կանգնած են Եհովայի գահի մոտ (Եսայիա 6:2, 6)։ Քերովբեները նույնպես բարձր դիրք ունեցող հրեշտակներ են, որոնք առանձնահատուկ պարտականություններ են կատարում։ Օրինակ՝ երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին Եդեմի պարտեզից, քերովբեները սկսեցին պահպանել դրա մուտքը (Ծննդոց 3:23, 24)։
Հրեշտակները օգնո՞ւմ են մարդկանց
Այո՛։ Աստված իր հավատարիմ հրեշտակների միջոցով այսօր օգնում է մարդկանց։
Աստված հրեշտակների միջոցով առաջնորդում է իր ծառաներին, երբ նրանք քարոզում են Թագավորության մասին բարի լուրը (Հայտնություն 14:6, 7)։ Այդ առաջնորդությունը օգուտներ է բերում թե՛ քարոզողներին և թե՛ նրանց, ովքեր լսում են բարի լուրը (Գործեր 8:26, 27)։
Հրեշտակները օգնում են, որ քրիստոնեական ժողովը զերծ մնա չար մարդկանց կողմից ապականվելուց (Մատթեոս 13:49)։
Հրեշտակները առաջնորդում և պաշտպանում են Աստծու հավատարիմ ծառաներին (Սաղմոս 34:7; 91:10, 11; Եբրայեցիներ 1:7, 14)։
Շուտով հրեշտակները, պատերազմելով Հիսուս Քրիստոսի հետ, կվերացնեն ամբարշտությունը և ազատագրում կբերեն մարդկանց (2 Թեսաղոնիկեցիներ 1:6–8)։
Յուրաքանչյուր մարդ պահապան հրեշտակ ունի՞
Թեև հրեշտակները հոգ են տանում Աստծու ծառաների հոգևոր բարօրության մասին, դա չի նշանակում, որ Աստված յուրաքանչյուր քրիստոնյայի համար պահապան հրեշտակ է նշանակելb (Մատթեոս 18:10)։ Հրեշտակները Աստծու ծառաներին չեն պաշտպանում ամեն փորձությունից կամ գայթակղությունից։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ հաճախ փորձության ժամանակ Աստված ելք է տալիս՝ օժտելով անհատին իմաստությամբ և զորացնելով, որ կարողանա տոկալ (1 Կորնթացիներ 10:12, 13; Հակոբոս 1:2–5)։
Սխալ կարծիքներ հրեշտակների վերաբերյալ
Սխալ կարծիք։ Բոլոր հրեշտակները բարի են։
Փաստ։ Աստվածաշունչը խոսում է «ոգեղեն չար ուժերի» և «մեղք գործած հրեշտակների» մասին (Եփեսացիներ 6:12; 2 Պետրոս 2:4)։ Այդ չար հրեշտակները դևեր են, որոնք միացան Սատանային և ըմբոստացան Աստծու դեմ։
Սխալ կարծիք։ Հրեշտակները անմահ են։
Փաստ։ Չար հրեշտակները, այդ թվում՝ Բանսարկու Սատանան կործանվելու են (Հուդա 6)։
Սխալ կարծիք։ Մահանալուց հետո մարդիկ հրեշտակ են դառնում։
Փաստ։ Հրեշտակները Աստծու կողմից արարված առանձին ստեղծագործություններ են և ոչ թե հարություն առած մարդիկ (Կողոսացիներ 1:16)։ Այն մարդիկ, ովքեր հարություն են առնում, որ ապրեն երկնքում, Աստծուց անմահության պարգև են ստանում (1 Կորնթացիներ 15:53, 54)։ Նրանք հրեշտակներից ավելի բարձր դիրք են ունենում (1 Կորնթացիներ 6:3)։
Սխալ կարծիք։ Հրեշտակները մարդկանց ծառայելու համար են ստեղծված։
Փաստ։ Հրեշտակները հնազանդվում են Աստծու պատվերներին և ոչ թե մարդկանց (Սաղմոս 103:20, 21)։ Անգամ Հիսուսն ասաց, որ օգնության համար Աստծուն կդիմի և ոչ թե անմիջականորեն հրեշտակներին (Մատթեոս 26:53)։
Սխալ կարծիք։ Մենք կարող ենք աղոթել հրեշտակներին օգնության համար։
Փաստ։ Աղոթքը մեր երկրպագության մի մասն է, ինչը միայն Եհովա Աստծուն պետք է մատուցենք (Հայտնություն 19:10)։ Մենք միայն Աստծուն պետք է աղոթենք և դա պետք է անենք Հիսուսի միջոցով (Հովհաննես 14:6)։
a Աստվածաշնչի որոշ թարգմանություններում Եսայիա 14:12-ում գործածված «Արուսյակ» բառը ոմանց կարծիքով՝ այն հրեշտակի անունն է, որը դարձավ Բանսարկու Սատանա։ Սակայն այս համարում եբրայերեն բնագրում գործածված բառն նշանակում է «փայլող»։ Համատեքստից երևում է, որ այս բառը վերաբերում է ոչ թե Սատանային, այլ Բաբելոնի արքայական տոհմին, որին Աստված պետք է նվաստացներ նրա ամբարտավանության համար (Եսայիա 14:4, 13–20)։ Երբ Բաբելոնի արքայական տոհմը տապալվեց, «փայլող» բառը նրա նկատմամբ կիրառվեց որպես ծաղրանք։
b Որոշ մարդկանց կարծիքով՝ Պետրոսի՝ բանտից ազատ արձակվելու մասին պատմությունը ցույց է տալիս, որ նա ունեցել է պահապան հրեշտակ (Գործեր 12:6–16)։ Սակայն ասելով «[Պետրոսի] հրեշտակը»՝ աշակերտները, հնարավոր է, սխալմամբ ենթադրել են, որ իրենց մոտ Պետրոսին ներկայացնող մի պատգամաբեր հրեշտակ է եկել և ոչ թե Պետրոսը։