19 սեպտեմբերի, շաբաթ
Սրտանց ներեք ու մխիթարեք նրան (2 Կորնթ. 2։7)։
Եհովան չի հանդուրժում լուրջ մեղքը։ Ոմանք գուցե մտածեն. «Քանի որ Եհովան գթասիրտ է, պետք է թույլ տա չզղջացող անձանց ընկերակցել ժողովի հետ»։ Բայց Եհովայի գթասրտությունը այդպես չի դրսևորվում։ Նա ամենաթող չէ և երբեք չի ցածրացնում իր չափանիշները (Հուդա 4)։ Գթասրտության դրսևորում չէր լինի այն, որ Եհովան թույլ տար չզղջացողներին մնալ ժողովում, քանի որ դա վտանգի տակ կդներ ամբողջ ժողովը (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։33)։ Կորնթոսի ժողովի մասին արձանագրությունից սովորում ենք նաև, որ Եհովան չի ցանկանում՝ որևէ մեկը կործանվի։ Հնարավորության դեպքում նա ուզում է փրկել բոլորին։ Նա գթասրտություն է դրսևորում այն մարդկանց հանդեպ, ովքեր փոխում են իրենց մտածելակերպն ու գործերը և ցանկանում են վերականգնել իր հետ լավ հարաբերությունները (Եզեկ. 33։11; 2 Պետ. 3։9)։ Դրա համար էլ, երբ մեղք գործած անհատը զղջաց և վերջ դրեց իր սխալ ընթացքին, Եհովան Պողոս առաքյալի միջոցով բացատրեց կորնթացի քրիստոնյաներին, որ պետք է ներեն այդ մարդուն և հետ ընդունեն նրան։ w24.08, էջ 17, պրբ. 7; էջ 18-19, պրբ. 14-15
20 սեպտեմբերի, կիրակի
Եթե իմ այս եղբայրներից անգամ ամենափոքրի համար արեցիք, ուրեմն ինձ համար արեցիք (Մատթ. 25։40)։
Ոչխարների ու այծերի մասին առակից տեսնում ենք, որ Հիսուսը կդատի մարդկանց այն բանի հիման վրա, թե արդյոք թիկունք են կանգնել իր օծյալ եղբայրներին (Մատթ. 25։31-46)։ Նա կդատի մարդկանց «մեծ նեղության» ընթացքում՝ անմիջապես Արմագեդոնից առաջ (Մատթ. 24։21)։ Ինչպես հովիվն է զատում ոչխարներին այծերից, այնպես էլ Հիսուսը իր օծյալ հետևորդներին հավատարմորեն աջակցողներին կառանձնացնի նրանցից, ովքեր այդպես չեն վարվել։ Մարգարեացվել է, որ Եհովայի նշանակած Դատավորը՝ Հիսուսը, արդարությամբ է դատելու (Ես. 11։3, 4)։ Նա ուշադրություն է դարձնում մարդկանց վարվելակերպին, մտածելակերպին և խոսքերին, այդ թվում՝ այն բանին, թե ինչպես են նրանք վերաբերվում իր օծյալ եղբայրներին (Մատթ. 12։36, 37)։ Քրիստոսն իմանալու է, թե ովքեր են թիկունք կանգնել իր օծյալ եղբայրներին և նրանց կատարած գործին։ Իսկ նրա եղբայրներին թիկունք կանգնելու ամենակարևոր կերպերից մեկը քարոզչական գործում նրանց աջակցելն է։ w24.09, էջ 20-21, պրբ. 3-4
21 սեպտեմբերի, երկուշաբթի
Ստուգեք ամեն ինչ (1 Թեսաղ. 5։21)։
Մեր իմացածի ճշգրտությունը ստուգելու համար կարող ենք փորձել պարզել, թե մեր ունեցած կասկածների վերաբերյալ ինչ է ասում Աստվածաշունչը։ Պատկերացնենք մի երիտասարդի, ով վստահ չէ, որ Աստված արժևորում է իրեն։ Նա չպետք է պարզապես ապրի այդ կասկածով։ Ճիշտ կլինի, որ նա «ստուգի ամեն ինչ»՝ ջանալով հասկանալ, թե ինչ է Եհովան մտածում այդ մասին։ Աստվածաշունչը կարդալով՝ մենք ասես լսում ենք, թե ինչպես է Եհովան խոսում մեզ հետ։ Բայց որևէ կոնկրետ հարցի վերաբերյալ նրա տեսակետը իմանալու համար պետք է հավելյալ ջանքեր գործադրենք։ Ընթերցելիս հարկավոր է կենտրոնանալ այն համարների վրա, որոնք կօգնեն գտնել մեզ հուզող հարցի պատասխանը։ Մենք կարող ենք տվյալ թեմայի վերաբերյալ փնտրտուքներ անել՝ օգտվելով Եհովայի կազմակերպության տրամադրած ուսումնասիրության գործիքներից (Առակ. 2։3-6)։ Կարևոր է նաև աղոթել, որ Աստված ուղղորդի մեզ և օգնի գտնել մեր հարցի հետ կապված իր տեսակետը։ Այնուհետև կարող ենք փնտրել աստվածաշնչյան սկզբունքներ և այնպիսի տեղեկություններ, որոնք կիրառելի են մեր իրավիճակում։ w24.10, էջ 25, պրբ. 4-5