Ելք
31 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ահա ես ընտրել եմ* Բեսելիելին՝+ Հուրի որդի Ուրիի որդուն՝ Հուդայի ցեղից:+ 3 Ես նրան կլցնեմ իմ ոգով՝ տալով իմաստություն, հասկացողություն ու գիտելիք, որ տիրապետի ամեն տեսակ արհեստի 4 և կարողանա գեղարվեստական ձևավորում անել, աշխատել ոսկով, արծաթով ու պղնձով, 5 քարեր մշակել ու տեղադրել+ և փայտից ամեն տեսակ իրեր պատրաստել:+ 6 Իսկ նրան օգնելու համար նշանակել եմ Օհոլիաբին՝+ Աքիսամայի որդուն, որ Դանի ցեղից է: Ես իմաստություն կտամ բոլոր նրանց, ովքեր արհեստավարժ են,* որպեսզի պատրաստեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ՝+ 7 հանդիպման վրանը,+ Վկայության տապանակն+ ու դրա կափարիչը,+ վրանի կահկարասին, 8 սեղանն+ ու դրա պիտույքները, մաքուր ոսկուց ճրագակալն ու դրա բոլոր պիտույքները,+ խնկարկության սեղանը,+ 9 ողջակեզի զոհասեղանն+ ու դրա բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը,+ 10 նուրբ մանվածքով հագուստները, Ահարոն քահանայի սուրբ հանդերձանքը, նրա որդիների քահանայական ծառայության հանդերձանքը,+ 11 ինչպես նաև օծման յուղն ու սրբարանի անուշահոտ խունկը:+ Նրանք կանեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ»:
12 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 13 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Անպատճառ պահեք Շաբաթի մասին իմ տված օրենքը,+ քանի որ դա սերնդեսերունդ նշան է իմ ու ձեր միջև: Այն ձեզ կհիշեցնի, որ ես՝ Եհովաս, ընտրել եմ ձեզ, որ իմ հատուկ ժողովուրդը լինեք:* 14 Դուք պետք է պահեք Շաբաթը, որովհետև այն սուրբ է:+ Ով որ պղծի Շաբաթը, պետք է մահվան մատնվի: Նա, ով այդ օրը գործ անի, պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+ 15 Վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր:+ Այն սուրբ է Եհովայի համար: Ով որ Շաբաթ օրը գործ անի, պետք է մահվան մատնվի: 16 Իսրայելացիները պետք է պահեն Շաբաթը. այն պետք է պահեն սերնդեսերունդ: Դա տևական ուխտ է: 17 Իմ ու իսրայելացիների միջև այն նշան է դարեդար,+ քանի որ վեց օրում ես՝ Եհովաս, ստեղծեցի երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեցի ու սկսեցի հանգստանալ»»:+
18 Երբ Աստված Սինա լեռան վրա Մովսեսի հետ խոսելը վերջացրեց, նրան տվեց Վկայության երկու տախտակները՝+ այն քարե տախտակները, որոնց վրա գրել էր իր մատով:+