Մատթեոս
Քրիստոս արգելում է անխորհրդաբար դատելը։ Իր տունը վէմի վերայ շինող մարդի առակը։
7 Մի դատէք, որ չ’դատուիք: 2 Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կ’չափուի ձեզ: 3 Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում, 4 Կամ ի՞նչպէս կ’ասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. եւ ահա քո աչքի մէջ գերան կայ: 5 Կե՛ղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կ’տաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու: 6 Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. որ նորանց կոխ չ’տան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն:
7 Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ: 8 Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. եւ դուռը թակողին կ’բացուի: 9 Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան: 10 Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կ’տայ նորան: 11 Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. ո՞րքան աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կ’տայ նորանց, որ խնդրում են իրանից:
12 Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները: 13 Նեղ դռնովը ներս մտէք. որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները: 14 Քանի*՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները:
15 Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են: 16 Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք*. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ: 17 Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում: 18 Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել: 19 Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում: 20 Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք* նորանց:
21 Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է: 22 Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք: 23 Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ:
24 Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կ’նմանեցնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ: 25 Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չ’կործանուեցաւ. որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր: 26 Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կ’նմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ: 27 Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր:
28 Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ: 29 Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս: