Մարկոս
Քրիստոսը անարգվում է իր քաղաքակիցներից։ Աշակերտներին իշխանութիւն է տալիս դեւեր հանելու։ Նորան Յովհաննէս Մկրտիչն են կարծում մեռելներից յարութիւն առած։ Հինգ հացի և երկու ձկան հրաշքը։ Քրիստոսը ման է գալիս ծովի վերայ, և բժշկում բազմաթիւ հիւանդների։
6 Եւ այն տեղից դուրս գնաց, եկաւ իր հայրենիքը. եւ նորա աշակերտները նորա ետեւից գնում էին: 2 Եւ որովհետեւ շաբաթ էր սկսեց ժողովարանի մէջ սովորեցնել. եւ շատերը լսելով զարմանում էին եւ ասում. Սորան ո՞րտեղից այս բաները, կամ սա ի՞նչ իմաստութիւն է՝ որ տրուած է սորան, որ այսպիսի զօրութիւններ էլ են լինում սորա ձեռովը: 3 Չէ՞ որ սա է հիւսը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը, եւ չէ՞ որ դորա քոյրերը այստեղ մեզ մօտ են. եւ նորա վերայ գայթակղում էին: 4 Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգ չէ, բայց միայն իր հայրենիքի եւ իր ազգականների եւ իր տան մէջ: 5 Եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զօրութիւն անել. բայց միայն մի քանի հիւանդների վերայ ձեռք դրաւ եւ բժշկեց: 6 Եւ նորանց անհաւատութեան համար զարմանում էր: Եւ ման էր գալիս չորս կողմի գիւղերը եւ սովորեցնում:
7 Եւ տասնեւերկուսին իր մօտ կանչեց, եւ սկսեց նորանց երկու երկու ուղարկել, եւ նորանց իշխանութիւն էր տալիս պիղծ ոգիների վերայ: 8 Եւ նորանց պատուիրում էր, որ ճանապարհի համար ոչինչ վեր չ’առնեն, բայց միայն մի գաւազան. ոչ պարկ, ոչ հաց, ոչ պղնձէ փող գօտիի մէջ. 9 Այլ հողաթափ հագնեն. եւ երկու հանդերձ չ’հագնէք ասեց: 10 Եւ նորանց ասում էր. Որ տուն որ մտնէք, այնտեղ մնացէք, մինչեւ որ այնտեղից դուրս գնաք: 11 Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, եւ ձեզ ականջ էլ չ’դնեն, այնտեղից դուրս գալիս՝ ձեր ոտների տակի փոշին թօթափեցէք, նորանց վկայութիւն լինելու համար: Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի եւ Գոմորի համար աւեի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին:
12 Եւ նորանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն: 13 Եւ շատ դեւեր էին հանում, եւ շատ հիւանդներին իւղով օծում էին՝ եւ նորանց բժշկում էին:
14 Եւ Հերովդէս թագաւորը լսեց, (որովհետեւ նորա անունը յայտնի եղաւ.) եւ ասում էր, թէ Յովհաննէս Մկրտիչը մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով: 15 Ուրիշներն ասում էին, թէ Եղիան է. ուրիշներն էլ ասում էին թէ Մարգարէ է, կամ թէ մարգարէներից մէկի պէս: 16 Եւ երբոր Հերովդէսը լսեց, ասեց. Սա Յովհաննէսն է՝ որի գլուխը ես կտրեցի. նա մեռելների միջից յարութիւն է առել:
17 Որովհետեւ Հերովդէսն ինքն ուղարկեց, Յովհաննէսին բռնեց եւ նորան կապեց բանտի մէջ իր եղբօր՝ Փիլիպպոսի կին Հերովդիայի համար, որ կին էր առել նորան: 18 Որովհետեւ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր, թէ Օրէնք չէ քեզ՝ քո եղբօր կինն ունենալ: 19 Եւ Հերովդիան նորա դէմ ոխ էր պահում, եւ ուզում էր սպանել նորան, եւ չէր կարողանում: 20 Որովհետեւ Հերովդէսը Յովհաննէսից վախենում էր՝ նորան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նորան. եւ նորանից լսելով՝ շատ բան էր անում, եւ քաղցրութիւնով լսում էր նորան: 21 Եւ մի յարմար օր պատահելով, երբոր Հերովդէսը իր ծննդի օրը ընթրիք էր տալիս իր նախարարներին եւ զօրապետներին եւ Գալիլեացիների մեծամեծներին. 22 Եւ երբոր իսկ Հերովդիայի աղջիկը մտաւ՝ պարեց, եւ Հերովդէսին եւ նորա հետ նստածներին հաճոյ եղաւ. թագաւորն ասեց աղջկանը. Խնդրիր ինձանից ինչ որ ուզես, եւ ես կ’տամ քեզ: 23 Եւ երդում արաւ նորան՝ թէ ինչ բան որ դու խնդրես ինձանից, կ’տամ քեզ, մինչեւ իմ թագաւորութեան կէսը: 24 Նա էլ դուրս գնաց ասեց իր մօրը, Ի՞նչ խնդրեմ. եւ նա էլ ասեց, Յովհաննէս Մկրտչի գլուխը: 25 Եւ իսկոյն շտապելով թագաւորի մօտ գնաց, խնդրեց եւ ասեց. Կամենում եմ որ հէնց հիմա սկուտեղի վերայ տաս ինձ Յովհաննէս Մկրտչի գլուխը: 26 Եւ թագաւորը շատ տրտմեց. բայց իր երդմունքի եւ կանչուած մարդկանց համար չ’կամեցաւ անարգել նորան: 27 Եւ թագաւորը շուտով դահիճ ուղարկեց եւ հրամայեց նորա գլուխը բերել. նա էլ գնաց գլուխը կտրեց բանտի մէջ: 28 Եւ նորա գլուխը սկուտեղով բերաւ եւ աղջկանը տուաւ նորան, աղջիկն էլ տուաւ իր մօրը: 29 Եւ երբոր նորա աշակերտները լսեցին, եկան նորա մարմինը վեր առան եւ գերեզմանի մէջ դրին:
30 Եւ առաքեալները Յիսուսի մօտ ժողովուեցան, եւ պատմեցին նորան բոլորը՝ թէ՛ ինչ որ արել էին, թէ՛ ինչ որ սովորեցրել էին: 31 Եւ նա ասեց նորանց. Դուք առանձին անապատ տեղ եկէք, եւ մի քիչ հանգիստ առէք. որովհետեւ եկող եւ գնացողները շատ էին, եւ հաց ուտելու էլ ժամանակ չ’ունէին: 32 Եւ նաւով առանձին անապատ տեղ գնացին: 33 Եւ ժողովուրդները տեսան նորանց որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նորան. եւ ամեն քաղաքներից ոտով այնտեղ էին վազում, եւ նորանից առաջ եկան եւ նորա մօտ հավաքուեցան: 34 Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ շատ ամբոխ տեսաւ, եւ նորանց վերայ գթաց. որովհետեւ հովիւ չ’ունեցող ոչխարների պէս էին, եւ սկսեց նորանց շատ բաներ սովորեցնել: 35 Եւ երբոր արդէն շատ ժամանակ էր անցել, նորա աշակերտները մօտ եկան եւ ասեցին, թէ Այս տեղը անապատ է, եւ ժամանակն էլ արդեն ուշ: 36 Արձակիր դորանց, որ չորս կողմի շէները եւ գիւղերը գնան իրանց համար հաց առնեն. որովհետեւ այստեղ ուտելու բան չ’ունին: 37 Նա էլ պատասխանեց եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. նորանք էլ ասեցին նորան, Գնա՞նք երկու հարիւր դահեկանի հաց առնենք, եւ դորանց տանք որ ուտեն: 38 Նա էլ նորանց ասեց. Քանի՞ հատ հաց ունիք. գնացէք եւ տեսէք. երբ որ գիտացին, նորան ասեցին. Հինգ, եւ երկու ձուկ: 39 Եւ հրամայեց նորանց՝ որ ամենքը գունդ գունդ կանանչ խոտի վերայ նստեն: 40 Եւ դաս դաս նստեցին, հարիւր հարիւր՝ եւ յիսուն յիսուն: 41 Եւ այն հինգ հացը եւ երկու ձուկն առած դէպի երկինքը նայեց՝ օրհնեց կտրեց հացերը, եւ իր աշակերտներին տուաւ որ գցեն նորանց առաջը. եւ այն երկու ձուկը բաժանեց ամենին: 42 Եւ ամենքը կերան եւ կշտացան: 43 Եւ փշրանքներից տասնեւերկու կողով լիքը վեր առան, եւ ձկներիցն էլ: 44 Եւ հացը ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին:
45 Եւ շուտով ստիպեց իր աշակերտներին, որ նաւը մտնեն, եւ առաջ այն կողմը՝ Բեթսայիդա գնան, մինչեւ որ ինքը ժողովուրդին արձակէ: 46 Եւ նորանցից բաժանուելով, վեր ելաւ սարը աղօթք անելու: 47 Եւ երբոր իրիկուն եղաւ, նաւը ծովի մէջտեղն էր, եւ ինքն մինակ ցամաքումը: 48 Եւ տեսաւ նորանց, որ նաւելիս ալէկոծվում էին, որովհետեւ քամին ներհակ էր նորանց. եւ գիշերուայ չորրորդ պահին ծովի վերայ գնալով՝ նորանց մօտ եկաւ, եւ ուզում էր նորանցից անցնել: 49 Նորանք էլ, երբոր տեսան ծովի վերայ գնալիս՝ կարծեցին թէ աչքի երեւոյթ բան լինի, եւ աղաղակ բարձրացրին: 50 Որովհետեւ ամենքը նորան տեսան՝ եւ շփոթուեցան. եւ շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ, մի վախենաք: 51 Եւ վեր ելաւ նաւը նորանց մօտ՝ եւ քամին դադարեց, եւ իրանց մէջ խիստ չափազանց ապշել էին, եւ զարմանում էին. 52 Որովհետեւ այն հացի վերայ էլ չ’իմացան. որովհետեւ նորանց սիրտը թմրած էր:
53 Եւ այն կողմն անցնելով, Գեննեսարէթի երկիրը եկան, եւ խարիսխը գցեցին: 54 Եւ երբոր նորանք նաւիցը դուրս եկան, այն տեղացիք շուտով ճանաչեցին նորան: 55 Եւ գաւառի կողմերը վազելով՝ սկսեցին հիւանդներին մահիճներով բերել, որտեղ որ լսում էին՝ թէ այնտեղ է: 56 Եւ որտեղ որ մտնում էր՝ գիւղեր թէ քաղաքներ թէ ագարակներ, հիւանդներին հրապարակների մէջ էին դնում, եւ նորան աղաչում էին որ գոնէ հանդերձի ծայրին դպչեն. եւ որոնք որ դպան նորան, փրկուեցան: