Հակոբոս
Պէտք է հակառակիլ ցանկութիւնների և կռիւների, և չ’վստահիլ աշխարհային գործերի յաջողութեանը. այս կեանքը անստոյգ է։
4 Ո՞րտեղից են պատերազմունքներ եւ կռիւներ ձեր միջումը. չէ՞ որ այստեղից է, այսինքն ցանկութիւններիցը որ պատերազմում են ձեր անդամներումը: 2 Ցանկանում էք եւ չ’ունիք. սպանում էք եւ նախանձում էք եւ չէք կարողանում հասնել. պատերազմում էք՝ կռվում էք, բայց չ’ունիք, որովհետեւ չէք խնդրում: 3 Խնդրում էք եւ չէք առնում, որովհետեւ չար կերպով էք խնդրում, որ ձեր ցանկութիւններումը վատնէք: 4 Շնացողներ, չ’գիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ: 5 Կամ թէ կարծում էք Սուրբ Գիրքը պարա՞պ տեղն է ասում, Նախանձով փափաքում է հոգին որ բնակուած է մեզանում. 6 Բայց աւելի շնորհք է տալիս. նորա համար ասում է. Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս: 7 Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից: 8 Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ: Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ: 9 Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն: 10 Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա կ’բարձրացնէ ձեզ:
11 Իրար մի բամբասէք, եղբարք. իր եղբօրը բամբասողը կամ եղբօրը դատողը օրէնքն է դատում. արդ՝ եթէ օրէնքը դատում ես, էլ օրէնքի կատարող չես այլ դատաւոր: 12 Մէկն է օրէնսդիրը [եւ դատաւորը] որ կարող է փրկել եւ կորցնել. դու ո՞վ ես որ ուրիշին դատում ես:
13 Ահա, ով դուք, որ ասում էք, թէ Այսօր եւ էգուց գնանք այսինչ քաղաքը, եւ այնտեղ մի տարի լինենք եւ վաճառենք եւ շահինք. 14 Դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը. 15 Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում. փոխանակ որ պէտք էր ասէիք, Եթէ Տէրը կամենայ եւ ապրենք, այս բանը կամ այն բանը կ’անենք: 16 Բայց հիմա պարծենում էք ձեր ամբարտաւանութիւնումը. ամեն այդպիսի պարծանքը չարութիւն է: 17 Արդ ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է: